Ձևույթ, իմաստային տեսակետից բառի անբաժանելի, այլևս չտրոհվող մասը, իմաստի ու ձևի տեսակետից լեզվի նվազագույն միավորը։
Բառն ու ձևույթը լեզվական տարբեր իրակություններ են, ունեն և՛ նման, և՛ տարբեր հատկանիշներ։ Նրանք նման են նրանով, որ լեզվի իմաստային (իմաստակիր) միավորներն են, ունեն որոշակի հնչույթային (հնչյունական) կազմ։
Բառերն ու ձևույթներն իրարից տարբերվում են նրանով, որ.
Ձևույթները բաժանվում են երկու տիպի՝ հիմնական և երկրորդական։
Հիմնական ձևույթը բառի նվազագույն, պարտադիր այն մասն է, որ պարունակում է բառի հիմնական բառական իմաստը։ Օրինակ՝ պտղաբանջարաբուծություն բառը կազմված է պտղ, բանջար, բուծ հիմնական ձևույթներից, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է բառի հիմնական ընդհանուր բառային իմաստը։
Հիմնական ձևույթները բառի բառային իմաստ պարունակող միավորներն են, որոնք հիմնականում հանդես են գալիս իբրև արմատներ` հնչյունափոխված կամ չհնչյունափոխված ձևերով։
Լեզվում ինքնուրույն գործածություն ունեցող ձևույթներն արմատական բառերն են, երբ արմատի և բառի բառային իմաստները համընկնում են, օրինակ` հայերեն բոլոր պարզ բառերը` սպիտակ, մարմին, դանդաղ, այգի և այլն։
Հիմնական ձևույթների մյուս մասը լեզվում ինքնուրույն գործածություն չունի։ Այդ կարգի միավորներն այն բառարմատներն են, որոնք ածանցման, բառաբարդման կամ մասնիկավորման շնորհիվ վեր են ածվում բառերի, օրինակ` վազ-ք - վազք, վազ-ել - վազել, հաց-թուխ - հացթուխ և այլն։
Երկրորդական են կոչվում այն ձևույթները, որոնք արտահայտում են բառակազմական (ածանցային) կամ ձևակազմական (քերականական) իմաստներ։ Դրանք բառի կամ բառերի տարրերը կամ մասերն են։
Երկրորդական ձևույթները բաժանվում են՝ քերականական (կամ իրահարաբերական) ձևույթների և բառակազմական (ածանցային) ձևույթների։ Բառակազմական ու քերականական ձևույթները զուրկ են բառային ինքնուրույն իմաստից։
Բառակազմական իմաստներ արտահայտող երկրորդական ձևույթներն ածանցներն են և կոչվում են երկրորդական բառակազմական ձևույթներ։ Երկրորդական բառակազմական ձևույթները կամ ածանցները, միանալով հիմնական ձևույթներին (բառին կամ արմատին), փոխում են նրանց իմաստները և կազմում են նոր բառեր։ Օրինակ՝ անհանդուրժողականություն բառը կազմված է հանդուրժ հիմնական ձևույթից և -ան, -ող, -ական, -ություն երկրորդական բառակազմական ձևույթներից՝ ածանցներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 701)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ձևույթ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.