Արգենտինա: երկիրն է Հարավային Ամերիկայում

Արգենտինա (իսպ.՝ Argentina, պաշտոնական անվանումը` Արգենտինայի Հանրապետություն (իսպ.՝ República Argentina, ), պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքի մեծությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մայրցամաքում (Բրազիլիայից հետո), ութերորդը՝ աշխարհում, իսկ բնակչության թվաքանակով երրորդն է Հարավային Ամերիկայում (Բրազիլիայից և Կոլումբիայից հետո)։ Կազմված է 24 վարչական միավորից՝ 23 պրովինցիայից և Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաքային շրջանից։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Արևմուտքից սահմանակից է Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մետր, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է ▲47 327 407 մարդ (2022):

Արգենտինայի Հանրապետություն
República Argentina
Արգենտինայի դրոշ
Դրոշ
Արգենտինայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
«Միասնությամբ և ազատությամբ»
Ազգային օրհներգ՝ Himno Nacional Argentino
Արգենտինայի դիրքը
Արգենտինայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Բուենոս Այրես
34°20′S, 58°30′W
Պետական լեզուներ Իսպաներեն
Կառավարում դաշնային Հանրապետություն
 -  Նախագահ Ալբերտո Ֆեռնանդես
 -  Փոխնախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներ
 -  Կաբինետի Պետ Սանտյագո Կաֆիերո
Անկախություն Իսպանիայից 
 -  Մայիսի Հեղափոխություն մայիսի 25 1810 
 -  Հայտարարում հուլիսի 9 1816 
 -  Ճանաչում 1821 (Իսպանիայից) 
 -  Ջրային (%) 1.1
Բնակչություն
 -  2014 նախահաշիվը 42,669,500 
 -  2010 մարդահամարը 40,117,096 
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $671.508 միլիարդ (18-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $17,062 (47-րդ)
ՀՆԱ (անվանական) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $212,702 միլիարդ (31-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $6,548 (66-րդ)
Ջինի (2003) 52.8 (բարձր
ՄՆԶԻ (2004) Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 0.863 (բարձր) (36-րդ)
Արժույթ Արգենտինյան պեսո (ARS)
Ժամային գոտի (ՀԿԺ-3)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ-3)
Ազգային դոմեն .ar
Հեռախոսային կոդ +54

Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թվականի մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից՝ շնորհիվ Խոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է, գտնվում է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդովան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի մարզիկների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլն։

Ստուգաբանություն

Երկրի անվանումը` «Արգենտինան», առաջացել է լատին․՝ argentum («արծաթ») բառից, որն իր հերթին առաջացել է «արգենտոս» (հուն․՝ ρργήντος, ավելի վաղ` հուն․՝ ἀργήεις) բառերից, ինչը նշանակում է «սպիտակ», «պայծառ»։ Արգենտինոս (Αργεντινός) բառը հունարենում ածական է, որը նշանակում է «արծաթագույն»։ Անվանումն առաջացել է այն բանից հետո, երբ Սեբաստիան Կաբոտն ընտրել է Ֆրանցիսկո դել Պուերտոյի ափում Խուան Դիաս դե Սոլիսի թողած արշավախումբը, որը Կաբոտին պատմել Է «Սպիտակ թագավորի» և Լա Պլատայից հյուսիս գտնվող Արծաթե լեռների մասին։ Կաբոտը հավատացել է լեգենդին և, թողնելով նախնական պլանը, Մագելան-Էլկանոյի արշավախմբի կողմից հայտնաբերված Մոլուքյան կղզիների ճանապարհին նավագնացության հետազոտության համար ձեռնամուխ է եղել արծաթի որոնմանը։ Բայց տեղեկատվությունը կեղծ էր. Լա Պլատայի ավազանում բացակայում են թանկարժեք մետաղների հանքավայրերը (ավելի ճիշտ` լեգենդի մեջ խոսվում էր Ինկերի կայսրության մասին), բայց արծաթի մասին լուրը պատճառ է դարձել երկիրն «Արգենտինա» անվանելուն։

Արգենտինա անվան առաջին օգտագործումը կարելի է վերագրել Մարտին դել Բարկո Սենտեներայի` 1602 թվականին հրատարակված «Արգենտինան և Ռիո դե Լա Պլատայի գրավումը» (իսպ.՝ La Argentina y conquista del Río de la Plata) պոեմին։ Թեև տարածաշրջանի այս անունը լայնորեն օգտագործվել է արդեն 18-րդ դարում, բայց 1776 թվականին երկիրը պաշտոնապես կոչվել է Ռիո դե Լա Պլատայի փոխարքայություն։ 1810 թվականի Մայիսյան հեղափոխությունից հետո ձևավորված Անկախ կառավարությունը «փոխարքայություն» անվանումը փոխարինել է «Միացյալ պրովինցիաներով»։

«Արգենտինա» անվանումը հայտնի է դարձել 1813 թվականի Արգենտինայի առաջին օրհներգում այն օգտագործելուց հետո, որում բազմաթիվ հիշատակումներ են եղել Արգենտինայի անկախության համար շարունակվող պատերազմի մասին։

Առաջին անգամ Արգենտինայի Հանրապետություն անվանումը պաշտոնապես արձանագրվել է 1826 թվականի Սահմանադրության մեջ։ 1859 թվականին Բուենոս Այրես պրովինցիայի` կոնֆեդերացիայի կազմ վերադառնալուց հետո երկիրն անվանափոխվել է Արգենտինական պետության։ Արգենտինայի Հանրապետություն անվանումը վերադարձվել է 1860 թվականի հոկտեմբերի 8-ի օրենքի ընդունումից հետո և պահպանվում է մինչև այժմ։

Աշխարհագրություն

   Հարևան բնակավայրեր   
    Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն  Բոլիվիա/Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն  Պարագվայ   Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն  Բրազիլիա 
 Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն  Չիլի  Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն   Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն  Ուրուգվայ 
        Ատլանտյան օվկիանոս 

Արգենտինան աշխարհի խոշորագույն երկրների տասնյակում է։ Այն զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավարևելյան մասը և Հրո երկիր կղզեխմբի արևելյան մասը։

Արևմուտքում սահմանակից է Չիլիին, հյուսիսում՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքում՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։

Ափերը քիչ են կտրատված, միայն Լա Պլատայի էստուարը 320 կիլոմետրով խրվում է ցամաքի մեջ։ Արգենտինայի տարածքը ձգված է միջօրեականի ուղղությամբ։ Նրա ամենամեծ երկարությունը հյուսիսից հարավ կազմում է 3,7 հազար կիլոմետր։ Ծովային սահմանների մեծ երկարությունը կարևոր դեր է խաղացել Արգենտինայի արտաքին տնտեսական կապերի զարգացման գործում։

Տարածքը 2.8 միլիոն կմ2 է (առանց Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիների, որոնք վիճարկվում են Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի կողմից)։ Այն Ղազախստանից մի փոքր է մեծ և ըստ տարածքի` աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։

Արգենտինայի բնությունը բազմազան է հյուսիսից հարավ մեծ երկարության և ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով։ Ըստ մակերեսի կառուցվածքի` երկիրը 63° արևմտյան երկայնությամբ բաժանվում է երկու կեսի` հարթավայրային` հյուսիսային և արևելյան, և բարձրադիր' արևմտյան և հարավային։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արգենտինայի ֆիզիկական քարտեզ

Արգենտինայի ողջ արևմտյան սահմանի երկայնքով անցնում է Անդերը՝ Արևմտյան կիսագնդի խոշորագույն լեռնային զանգվածը, որը հիմնականում ձևավորվել է ալպիական քաղաքակրթության ձևավորման ժամանակ։ Այն տարբերվում է երկրաբանական կառուցվածքի բարդությամբ և բազմազանությամբ։

Հյուսիս-արևմուտքում` երկրի հյուսիսային սահմանի և 28° հարավային լայնության միջև, ընկած է 3000-4000 մետր բարձրությամբ Պունա հսկայական փակ հրաբխային սարահարթը։ Արևելքից շրջապատող Պունու լեռներն ունեն մինչև 6500 մետր բարձրություն։ Նրանց պսակում են Նևադոսի ձյունածածկ գագաթները։

Հարավային Անդերը շեշտակի նեղացած է։ Ամենաբարձր կետին Անդերը հասնում է կենտրոնական մասում (32°-37° հարավային լայնության միջև), որտեղ գերակշռում են ռելիեֆի ալպյան սրածայր ձևերը։ Այստեղ բարձրանում են հաստ ձյան գագաթներով պսակված Հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթները՝ Ակոնկագուան (6962 մետր), Տուպունգատոն, Մերսեդարիոն։ Գույնզգույն լանջերն ու լեռների ձյան հանդերձանքով հողային ձևերի համադրությունն ապահովում է Անդերի լեռնային լանդշաֆտների առանձնահատուկ գեղեցկությունը։

Հյուսիսում` հյուսիսային սահմանից մինչև 29° հարավային լայնությունը, և մինչև Պարանա գետը, արևելքում տարածվում է Գրան Չակոյի հարթավայրը (25-50 մետր)` լցված բեկորային նյութով և ջրաբերակային նստվածքներով։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Սալտա
Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Ֆիցռոյ լեռը, Էլ Չալտեն գյուղ
Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 

Պարանայի և Ուրուգվայի գետամեջը հիմնականում հարթավայրային տարածք է` կազմված կարմիր ավազաքարերից և կրակավներից և ծածկված կավային ջրաբերուկի և դեղնահողի հաստ շերտով։ Տարածքի հյուսիսային մասը լավային սարահարթեր են, որոնք Բրազիլական բարձրավանդակի լավային սարահարթի մի մասն են։ Արգենտինական Միջագետքի կենտրոնական մասը հարթ ճահճացած ցածրավայրն է։ Իսկ հարավում բլրավետ դաշտավայրն է, որը կտրված է ավազաքարային թմբերով` կուչիլյասով։

Կլիմա

Արգենտինան գտնվում է երեք կլիմայական գոտում` արևադարձային, մերձարևադարձային և ամոք։ Ամռանը երկրի հարավում ցուրտ է. միջին ջերմաստիճանը նույնիսկ ամենատաք ամսին (հունվար) +15 °C է։ Հյուսիսում գտնվող Գրան Չակոյի արևադարձային շրջանն Արգենտինայում անվանում են «Շոգի բևեռ»։ Ամռանն օդը տաքանում է մինչև + 30 ... + 40 °C, իսկ ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է + 17 ... + 20 °C: Տարեկան տեղումների քանակը նվազում է արևելքից արևմուտք ընկած հարթավայրերում՝ 1400-1600-ից մինչև 100-300 միլիմետր, լեռներում այն կրկին աճում է։ Ամենից շատ տեղումներ են լինում Հարավային Անդերի արևելյան լանջերում (մինչև 2000 միլիմետր, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ տարեկան մինչև 5000 միլիմետր), իսկ հարթավայրային շրջաններից` Արգենտինայի հյուսիս-արևելքում գտնվող Էնտրե Ռիոսում՝ տարեկան մինչև 1600 միլիմետր։

Բնական ռեսուրսներ

Ռելիեֆի բազմազանության և երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ Արգենտինան ունի հարուստ հանքահումքային բազա արդյունաբերության զարգացման համար։ Բայց համաշխարհային մասշտաբի հանքաշերտեր (ինչպես Լատինական Ամերիկայի այլ երկրներում) այստեղ գրեթե չկան։ Արևմտյան շրջաններում կան հանքային օգտակար հանածոներ։ Երկիրն առանձնանում է ուրանի, մանգանի, պղնձի հանքաքարի, բերիլիումի պաշարներով։ Կան կապար-ցինկի, վոլֆրամի և երկաթի հանքաքարեր։ Ուրանային հանքաքարի պաշարներով Արգենտինան աշխարհի առաջատար երկրների տասնյակում է։

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներից առավել մեծ նշանակություն ունեն բնական գազն ու նավթը։ Հիմնական հանքավայրերը Պատագոնիայի պլատֆորմում, Անդերի միջլեռնային անցուղիներում (Նեուկեն, Մենդոզա, Սալտա նահանգներում) և Հրո երկրում սահմանափակվում են նստվածքային ժայռերով։ Արգենտինայի բնական գազի ստույգ պաշարները գնահատվում են 600 միլիարդ խորանարդ մետր։ Դրա արդյունահանումն աճել է (հատկապես Նեուկեն պրովինցիայում հանքավայրի բացմամբ)։ Պատագոնիայում կան շագանակագույն ածխի քիչ պաշարներ։

Արգենտինան առանձնանում է ոչ մետաղական հանածոների, այդ թվում` ծծմբի պաշարներով։ Բավականին շատ են շինարարական հումքի (մարմար, գրանիտ և այլն) հանքավայրերը։

Դրա հետ մեկտեղ տարածքի երկրաբանական ուսումնասիրությունն ընդհանուր առմամբ ցածր է։ Սակայն Արգենտինայի արդյունաբերության զարգացման հիմնական խնդիրներից մեկը ոչ այնքան հումքի առանձին տեսակների բացակայությունն է (թեև զգացվում է կոքսացող ածուխների, բոքսիտների, կալիումի աղերի և այլնի պակաս), որքան դրանց խիստ անբարենպաստ տեղաբաշխումը (հիմնականում ծայրամասերում, քիչ բնակեցված շրջաններում)։ Այսպես, օրինակ` Պատագոնիայում (երկրի տարածքի 30%-ը) նշվում է հանքային հումքի և վառելիքի, ջրային և անտառային ռեսուրսների հանքաղբյուրների զուգակցումը։ Այս շրջանին ներկայումս բաժին է ընկնում հանքարդյունաբերության արտադրանքի կեսը։ Սակայն այդ շրջանում բնակվում է երկրի բնակչության միայն 3 %-ը։

Տնտեսական զարգացման բնական հիմքը, առաջին հերթին, Արգենտինայի հարուստ հողային ռեսուրսներն են։ Հողային ֆոնդի կառուցվածքում գյուղատնտեսական հողերն զբաղեցնում են շուրջ 70 %-ը (բայց գերակշռում են արոտավայրերը)։ Հերկվել է Պամպա տարածքի զգալի մասը։ Ագրոկլիմայական ռեսուրսների բարենպաստ համադրությունը որոշել է ՄՌՇ-ում երկրի մասնագիտացումը հացահատիկային տնտեսության և բնական արոտավայրերում` անասնաբուծության վրա։

Արգենտինայի ջրային ռեսուրսների շարքում գլխավոր դերը պատկանում է գետերին։ Գետային ցանցն ավելի լավ է զարգացած հյուսիս-արևելքում, որտեղ ջրառատ երկու գետերը միախառնվում են Լա Պլատայի ընդհանուր գետաբերանում։ Պարանան Ամազոնից հետո Հարավային Ամերիկայում երկրորդն է` ըստ երկարության և ավազանի տարածքի։ Արգենտինայի խոշորագույն գետերը, ըստ սնուցման տիպի, անձրևային են։ Հիմնական տնտեսական հիդրոէներգետիկ ներուժը պատկանում է Պատագոնիայի` լեռներում սկիզբ առնող գետերին, ինչպես նաև Պարանայի և Ուրուգվայի ավազանի գետերին, թեպետ օգտագործվում է այդ ներուժի միայն մի փոքր մասը։

Բուսական աշխարհ

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Էլ Պալմարի ազգային պարկ, Էնտրե Ռիոս

Արգենտինայի բուսականությունն առանձնանում է մեծ բազմազանությամբ՝ արևադարձային անտառներից մինչև կիսաանապատային տարածքներ Պատագոնիայում և Պունայում։ Հյուսիսային Արգենտինական Միջագետքում աճում են մերձարևադարձային բազմատեսակ անտառներ։ Այստեղ հանդիպում են թանկարժեք բնափայտեր ունեցող շքածառը, սեդրոն, լապաչոն։ Հարավում գերակշռում է թփերով աճող բուսականությունը. ճահճացած տարածքները ծածկված են շամբիներով, եղեգներով, ջրաշուշաններով, իսկ բարձրադիր ու չոր տարածքները` հարուստ խոտածածկ ունեցող մարգագետիններով։ Կան ակացիայից, միմոզից, ջայլամի ծառերից բաղկացած նոսր անտառներ, իսկ գետերի ափերին` արմավենու պուրակներ։

Հարավի ուղղությամբ կան ավելի բաց խոտածածկ տարածքներ, Էնտրե Ռիոս պրովինցիայի հարավային մասը դառնում է հացահատիկային պրերիա և ներկայացնում անցումային շրջանը դեպի պամպա։ Հնդկացիների կեչուա լեզվից թարգմանաբար պամպա նշանակում է «փայտային բուսականությունից զուրկ»։ Խոնավ պամպայի անծայրածիր տափաստանային տարածությունները մի ժամանակ պատված էին բազմամյա բույսերով՝ փետրախոտով, մարգարտախոտով, վայրի կորեկով ու պիսակավոր գունավոր տարազգի բուսականությամբ։ Սակայն այստեղ բնական բուսականություն քիչ է մնացել, տարածքի զգալի մասը հերկվել է, իսկ երբեմնի այն ծածկած խոտածածկը, որն անասնապահության համար ծառայել է բնական կերային բազա, անասունների երկարատև արածեցման արդյունքում մոլախոտերի կողմից աղբակալվել է և կորցրել իր սկզբնական տեսքը։

Չոր պամպային բնորոշ է քսերոֆիլային բուսականությունը` ցածրահասակ ծառեր, փշոտ թփեր, կոշտ խոտաբույսեր։ Նմանատիպ բուսականությունը տարածված է նաև երաշտային արևմուտքում, միջլեռնային լողավազաններում, այնտեղ կոշտ հացահատիկների և քսերոֆիլ թփերի փնջերը փոխարինվում են կակտուսներով։

Արգենտինայում անտառներն զբաղեցնում են հողային ֆոնդի 12 %-ը։ Առավել արժեքավոր են Արգենտինական Միջագետքի և Խոնավ Անդերի փշատերև անտառները, ինչպես նաև Չակոյում գտնվող քեբրաչոյի անտառները։ Դրանց շահագործումը դժվար է, քանի որ գտնվում են հեռավոր շրջաններում, ուստի արհեստական անտառատնկման փորձեր են ձեռնարկվում ամենաբնակեցված շրջանում՝ Պամպայում։

Առավել յուրացված են Չակոյի անտառային ռեսուրսները, բայց այստեղ երկարատև շահագործման արդյունքում սուր է դրված դրանց պահպանության և վերականգնման հարցը։

Արգենտինայի ազգային ծաղիկն էրիթրինան է։

    Արգենտինայի անտառային տարածքները՝ երկրի ընդհանուր տարածքի համեմատությամբ, 2000-2020


Աղբյուրը՝ data.worldbank.org

Կենդանական աշխարհ

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արգենտինայի ազգային խորհրդանիշ թռչուն` Furnarius rufus

Արգենտինայի կենդանական աշխարհը թեև այնքան էլ հարուստ և բազմազան չէ, ինչպես Լատինական Ամերիկայի այլ երկրներում, բայց ունի բավական շատ էնդեմիկ տեսակներ։ Գրեթե բոլոր այդ կենդանիները բնակվում են Անդերում և դրա նախալեռներում, ինչպես նաև Պատագոնիայի քիչ բնակեցված շրջանում։ Պունա էկոտարածքում հանդիպում է մնացուկային ակնոցավոր արջը։

Պատագոնիայի բաց կիսանապատային տարածքներում և Չակոյի սավաննաներում տարածված է պուման։ Անդերում հանդիպում են նաև փափուկ բուրդ ունեցող վիկունյան և նուրբ արծաթափայլ մորթով շինշիլա։ Սակայն ինչպես նրանք, այնպես էլ մյուսները ենթարկվել են գրեթե ամբողջական ոչնչացման։ Շատ են կրծողները և զրահակիրները։ Չակոյում, Արգենտինական Միջագետքում, Պատագոնիայում լայնորեն տարածված են նուտրիաները, ջրասամույրները։

Ճահճուտներում և լճերում ամենուրեք բնակվում են ջրային թռչունները, որոնցից շատերն առանձնանում են իրենց վառ գույնով։ Ջրամբարների ափերին կարելի է տեսնել ֆլամինգո, ձկնկուլ։ Անտառներում կան կոլիբրիներ, որոնց թվում կան էնդեմիկ տեսակներ, օրինակ, այսպես կոչված, ճախրող զմրուխտը Պատագոնական Անդերում։ Արգենտինայում բնակվող Furnarius rufus թռչունը 1928 թվականին դարձել է երկրի ազգային խորհրդանիշներից մեկը։

Վալդես թերակղզին կենդանիների սեզոնային չուի կենտրոններից մեկն է։ Հունիսից մինչև դեկտեմբեր այստեղ լողալով ափ են հասնում հարավային հարթ կետերը, սեպտեմբերից մինչև մարտ-ապրիլ` մագելանյան պինգվինները և խոյադելֆինները, դեկտեմբերից մինչև մարտ` մոխրագույն դելֆինները։ Ողջ տարին այստեղ կարելի է հանդիպել պիսակավոր դելֆիններ, ծովափղեր, ծովառյուծներ, գուանակո, պատագոնական ճագարներ, նանդուներ, գորշ աղվեսներ և զրահակիրներ։

Պատմություն

16-րդ դարի սկզբին տարբեր էթնիկ խմբեր բնակվել են ներկայիս Արգենտինայի տարածքում, այդ թվում` թեուլչե (ներկայիս Պատագոնիայում), Rehuelches, Pampas, Matacos (Չակո, Սալտա և Տուկուման շրջաններում), Guaycures, Huerpes, Diaguitas, մապուչե (Նեուկենում, Ռիո Նեգրոյում, Չուբութում, Լա Պամպայում և Բուենոս Այրեսում), գուարանի (Էնտրե Ռիոսում, Կորիենտեսում, Միսիոնեսում) և այլն։

1535 թվականին Պեդրո դե Մենդոսան, լինելով արշավախմբի ղեկավար և ունենալով մեծ թվով ձիեր և պաշար, հիմնադրել է Սանտա Մարիա դել Բուեն Այրեի բերդը, որն այժմյան Արգենտինայի մայրաքաղաքն է։ 1776 թվականին կազմավորվել է Ռիո դե Լա Պլատայի փոխարքայությունը` Բուենոս Այրես մայրաքաղաքով, որի կազմում ընդգրկվել են Պարագվայը, Արգենտինան, Ուրուգվայը և Բոլիվիայի մի մասը։ 1805 և 1806 թվականներին բրիտանական զորքերը պարտություն են կրել Բուենոս Այրեսը նվաճելու փորձերում։ Խոշոր բուրժուազիան հեղափոխական շարժումը գլխավորել է 1810 թվականին, այդ շարժման հաղթանակի արդյունքում ձևավորվել են Ռիո դե Լա Պլատայի Միացյալ Պրովինցիաները։ 1810 թվականի մայիսի 25-ին քաղաքային խորհուրդը հայտարարել է փոխարքայության լուծարման և թագավոր Ֆեռնանդո 7-րդի կառավարման ներդրման մասին։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Հնդկական պատերազմներ, Ռուգենդաս

1816 թվականի մարտին Տուկումանում հավաքվել են մի քանի պրովինցիաների ներկայացուցիչներ։ Հուլիսի 9-ը հռչակվել է Իսպանիայից անկախության և Հարավային Ամերիկայի Միացյալ Պրովինցիաների (ավելի ուշ` Ռիո դե Լա Պլատայի Միացյալ Պրովինցիաներ) ստեղծման օր։ Թեև նոր պետության գլուխ է բարձրացել Գերագույն կառավարիչը, Կոնգրեսը չի կարողացել համաձայնության գալ պետական իշխանության ձևի վերաբերյալ։ Պատվիրակներից շատերը, մասնավորապես, Բուենոս Այրես քաղաքի և պրովինցիայի պատվիրակները, սահմանադրական միապետության կողմնակիցներ էին։ Նշված դիրքորոշումը, որն այնուհետև փոխվել է կենտրոնացված հանրապետական համակարգի օգտին, բախվել է ընդդիմության` ի դեմս այլ մարզերի պատվիրակների, որոնք պաշտպանում էին դաշնային պետական կառուցվածքի համակարգը։ Երկու խմբակցությունների միջև բանավեճը հանգեցրել է 1819 թվականի քաղաքացիական պատերազմի։

Գեներալ Խոսե Սան Մարտինը գլխավորել է իսպանացիներին հաղթած բանակը։ Սան Մարտինը զգալի ներդրում է ունեցել Արգենտինայի, Չիլիի և Պերուի անկախության համար մղվող պայքարում։

Հաշտությունը վերականգնվել է 1820 թվականին։ Այնուամենայնիվ, գլխավոր հարցը` կառավարման կայուն ձևի ստեղծումը, լուծում չի գտել։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Միացյալ Պրովինցիաները վերապրել է անիշխանության վիճակը, որին նպաստել է 1825-1827 թվականների` Բրազիլիայի դեմ պատերազմը։ Բրազիլիան տարածքային պահանջների պատճառով պարտություն է կրել Ուրուգվայի նկատմամբ։ Հակամարտության արդյունքում Ուրուգվայը դարձել է ինքնավար պետություն։

1833 թվականին Մեծ Բրիտանիան զբաղեցրել է Մալվինյան կղզիները։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Ավայի ճակատամարտ, Պարագվայի պատերազմ, 1868 թվական

Ռոսասի բռնապետական ռեժիմը տապալվել է 1852 թվականին գեներալ Խուստո Ուրկիսի ղեկավարությամբ, որն ավելի վաղ Էնտրե Ռիոսի նահանգապետն էր։ Ուրկիսի հաղթանակը ձեռք է բերվել Ուրուգվայի և Բրազիլիայի զորքերի օգնությամբ։ 1853 թվականին ընդունվել է Արգենտինայի Սահմանադրությունը, իսկ Ուրկիսը դարձել է Արգենտինայի Հանրապետության առաջին նախագահը։ Բուենոս Այրես նահանգը չի միացել Սահմանադրությանը և 1854 թվականին անկախություն է հռչակել։ Երկու պետությունների փոխադարձ թշնամանքը 1859 թվականին հանգեցրել է պատերազմի։ Արգենտինայի Հանրապետությունն արագորեն հաղթանակ է տարել, և նույն տարվա հոկտեմբերին Բուենոս Այրես նահանգը միացել է Սահմանադրությանը։ Սակայն շուտով այն դարձել է նոր` դաշնային կառավարության դեմ ուղղված ապստամբության կենտրոն։ Ապստամբությունը բռնկվել է 1861 թվականին։ Գեներալ Բարտոլոմե Միտրեի հրամանատարությամբ ապստամբները նույն տարվա սեպտեմբերին պարտություն են կրել ազգային բանակից։ Նոյեմբերի 5-ին հանրապետության նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Հաջորդ տարվա մայիսին Միտրեն Կոնգրեսի կողմից ընտրվել է նախագահի պաշտոնում, իսկ Բուենոս Այրեսը դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը։

Հաջորդ տասնամյակը նշանավորվել է Լաս Պամպասի նվաճմամբ, որը ներկայումս հայտնի է որպես Ռիո Նեգրո պրովինցիա։ Նվաճման ընթացքում վերացվել է աբորիգենների կողմից սպառնալիքը։ Այս, այսպես կոչված, Անապատի պատերազմը (1879-1880), գեներալ Խուլիո Ռոքի ղեկավարությամբ, ճանապարհ է բացել դեպի լայնածավալ տարածքներ, որոնք բարենպաստ են գյուղատնտեսության և անասնաբուծության զարգացման համար։ 1880 թվականին Ռոքը՝ Բուենոս Այրեսի բարձրացման հակառակորդը, ընտրվել է նախագահի պաշտոնում։ Նրա հաղթանակին հաջորդած տարիներին Բուենոս Այրեսն առանձնացվել է պրովինցիայից և հաստատվել որպես Արգենտինայի և դաշնային շրջանի մայրաքաղաք։ 1880 թվականին հաջորդած 50 տարվա ընթացքում Արգենտինան տնտեսական և սոցիալական զգալի հաջողությունների է հասել։ 20-րդ դարի սկզբին Արգենտինան դարձել է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը։ Արգենտինայի ժողովրդականությունն աճել է միլիոնավոր եվրոպացիների ժամանումով։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Խուան և Էվա Պերոնները

Արգենտինայում սոցիալական իրավիճակը կայուն է մնացել մինչև 1930 թվականը, երբ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, որի ընթացքում գահընկեց է արվել նախագահ Իպոլիտո Իրիգոյենը։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արգենտինայի նախագահ Իպոլիտո Իրիգոյենը

1946 թվականին Խուան Պերոնն ընտրվել է Արգենտինայի նախագահ։ Պերոնը և նրա կինը՝ Էվան (Էվիտան), որը ղեկավարել է սոցիալական ծրագրերի իրականացումը, ժողովրդական զանգվածների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելել։ 1952 թվականին Պերոնը նորից ընտրվել է նախագահ։ Հայտնի և ուժեղ կնոջ՝ Էվայի հետ նա խիստ տնտեսական բարեփոխումներ է իրականացրել։ Ծրագիրն ավելի մեծ ուշադրություն է դարձրել Արգենտինայի ինդուստրացմանը և ինքնորոշմանը, այն հավանության է արժանացել պահպանողական ազգայնականների և աշխատավորների ֆրակցիաների կողմից։ Պերոնի՝ պետությունն աշխարհականացնելու փորձերը հանգեցրել են Կաթոլիկ եկեղեցու հետ հակամարտության։ Պերոնի վարչակարգը տապալվել է 1955 թվականին։

Մի շարք ռազմական և քաղաքացիական կառավարությունների փոփոխությունից հետո Պերոնը 1973 թվականին վերադարձել է իշխանության, բայց մահացել է 1974 թվականին, նախագահի պաշտոնը զբաղեցրել է նրա երրորդ՝ քաղաքական փորձ չունեցող կինը՝ Իսաբելը, որը նրա հետ ընտրվել է փոխնախագահ։ Նրա կառավարման շրջանում Մոնտոներոս մարքսիստական ուղղության հեղափոխականները կազմակերպել են ահաբեկչություն, որն օգտագործվել է որպես 1976 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպիչների սանձ։ Այն ժամանակ բանակը սեփական «կեղտոտ պատերազմ» է կազմակերպել բոլոր նրանց դեմ, որոնց զինվորականները համարում էին «քայքայիչ տարրեր». հազարավոր արգենտինացիներ սպանվել են և հայտարարվել անհետ կորած:1981 թվականին գեներալ Վիդելայի փոխարեն, որին իշխանությունից հեռացրել էր Իսաբել Պերոնը, նախագահի պաշտոնն զբաղեցրել է գեներալ Ռոբերտո Վիոլան։ Չանցած մեկ տարի՝ նրան փոխարինել է գեներալ Լեոպոլդո Գալտյերին։

1982 թվականին «տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով» Գալտիերին արգենտինական բանակին հրաման է տվել վայրէջք կատարել Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներում, որոնք 1833 թվականից վերահսկվում էին Մեծ Բրիտանիայի կողմից։ Ի զարմանս զինվորականների կառավարության՝ Մեծ Բրիտանիան իր զորքերն ուղարկել է Հարավային Ատլանտիկա, և երեք ամիս անց արգենտինական զորակազմն անձնատուր է եղել։ Կղզիները վերադարձվել են Մեծ Բրիտանիային։ Գալտիերին հրաժարական է տվել, և շուտով՝ 1983 թվականին, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանության է եկել Ռադիկալ քաղաքացիական միության թեկնածու Ռաուլ Ալֆոնսինը։ 1989 թվականի մայիսին երկրի առաջնորդ է դարձել ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Կառլոս Սաուլ Մենեմը՝ խուստիսիալիստական (պերոնիստական) կուսակցության ղեկավարը։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Ֆոլկլենդյան պատերազմ

1991 թվականից Տնտեսության նախարար Դոմինգո Կավալյոն ակտիվորեն իրականացրել է տնտեսության ազատականացման և ազատ առևտրի զարգացման ծրագրեր։ Որպես նախագահ՝ Մենեմն արմատական փոփոխությունների է հասցրել արգենտինական տնտեսությունը, ինչպես նաև հաստատել է քաղաքական կայունություն։

1995 թվականին Մենեմը վերընտրվել Է Արգենտինայի նախագահ։ Մենեմի գլխավորած պերոնիստական կուսակցությունը նույնպես հաղթանակ է տարել Կոնգրեսի ընտրություններում և Պատգամավորների պալատում ստացել ամենաշատ ձայները։ Արգենտինան հետևում է թողել ռազմական բռնապետության մռայլ տարիները և անցել զարգացած ժողովրդավարական ազատությունների պայմաններին։ Նույն թվականին ընդդիմադիր կուսակցությունների ճնշման տակ տնտեսության նախարար Դոմինգո Կավալյոն թողել է իր պաշտոնը։ Դա առաջին ահազանգն էր, որը կանխագուշակել էր մոտալուտ «տնտեսական հրաշքի» համընդհանուր կոլլապսը։

2001 թվականին նախարար Կավալյոյի և նախագահ Մենեմի բարեփոխումները երկիրը բերել են տեխնիկական պարտազանցման։ Հիմնական պատճառներն էին տնտեսության աննախադեպ զարգացումը, շատ կտրուկ ազատականացումն օտարերկրյա ներդրումների վարչակարգում, ապակարգավորումը շուկաներում։ Արդյունքում օտարերկրյա ներդրումներից չափազանց մեծ կախվածություն է առաջացել։ Պեսո դոլարը 1:1 փոխարժեքով պեսոն դոլարի վերածելն առաջին հերթին, պահանջում էր մեծ ռեսուրսներ պահպանելու համար, երկրորդ՝ տնտեսությունը պակաս մրցունակ էր դարձնում հարևանների (Բրազիլիայի) համեմատությամբ։ Մեծ խնդիր էր նաև այն, որ ներդրումների և վարկերի մեծ մասը բնակչությանը (մոտ 70 %) տրամադրվում էր դոլարով, ինչը խիստ բարդացնում էր պեսոյի սահուն դևալյացիայի հնարավորությունը։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արգենտինական տնտեսական ճգնաժամ

Տեխնիկական պարտազանցումից հետո բանկերի վրա վարչական ճնշման լծակների բացակայությունը հանգեցրել է նրան, որ չի հաջողվել սահմանափակել պեսոյի վաճառքի ծավալները։ Արդյունքում պեսոն դոլարի փոխարկելու համար միջոցների պակասը կարող էր հանգեցնել պեսոյի ամբողջական արժեզրկման։ ԱՄՀ-ն մերժել է երկրին վարկավորման հարցում և բավականին կոշտ պայմաններ առաջադրել (առաջարկվող տարբերակներից մեկը տնտեսության դոլարականացումն էր, այսինքն՝ ազգային արժույթից ամբողջությամբ հրաժարվելը)։ Կարծիք կա, որ հենց ԱՄՀ-ն է էապես խորացրել ճգնաժամը, քանի որ հենց ԱՄՀ-ն էր ակտիվորեն պնդում բարեփոխումները, և կառավարությունը ստիպված էր դրանք կյանքի կոչել փոխառություններից կախվածության պատճառով։ Արդյունքում կառավարությունը բնակչության դոլարային ողջ խնայողությունները վերածել է պեսոյի 1:1,4 փոխարժեքով (~3 անգամ ավելի էժան, քան այդ ժամանակվա ընթացիկ փոխարժեքը)։ Օտարերկրյա բանկերը պարտավոր էին պեսոն հին փոխարժեքով (1:1) վճարել պարտազանցումից առաջ վերցված դոլարային վարկերը, ինչը հանգեցրել է բանկերի միագումար կորուստների (7-10 միլիարդ դոլար)։ Գործազրկությունը հասել է ճգնաժամային ցուցանիշի՝ 22-24 %։ Ճգնաժամը հանգեցրել է զանգվածային անկարգությունների և ջարդերի։

1920 թվականին Արգենտինան ճանաչել է Հայաստանի անկախությունը՝ բարելավելով հարաբերությունները և ստեղծելով նոր դիվանագիտական հարաբերություններ։ 1992 թվականի հունվարի 17-ին Արգենտինան և Հայաստանը վերահաստատել են դիվանագիտական կապերը։

2010 թվականին երկրում օրինականացվել են նույնասեռ ամուսնությունները։

Քաղաքականություն

Քաղաքական կառուցվածք

1853 թվականի Սահմանադրության համաձայն՝ երկրում գոյություն ունի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատում ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում։ Արգենտինան դաշնային հանրապետություն է, որը բաժանված է 23 նահանգի և 1 դաշնային մայրաքաղաքի շրջանի։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը

Պետության ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է չորս տարով։ Ներկայումս Արգենտինայի նախագահն Ալբերտո Ֆեռնանդեսն է, որը հաղթել է 2019 թվականի հոկտեմբերի 27-ին անցկացված նախագահական ընտրություններում և նույն թվականի դեկտեմբերի 10-ին ստանձնել պաշտոնը։

Նախարարների կաբինետի ղեկավարն Արգենտինայի վարչապետն է։ Բարձրագույն օրենսդիր մարմինն Ազգային Կոնգրեսն է, որը բաղկացած է Սենատից (72 մարդ) և Պատգամավորների պալատից (257 մարդ)։ Սենատի նախագահն զբաղեցնում է երկրի փոխնախագահի պաշտոնը։ Ներկայումս Սենատի նախագահը և փոխնախագահն Ամադո Բուդուն է։

Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 2 տարին մեկ։ Թարմացվում է սենատորների մեկ երրորդը և պատգամավորների կեսը։

Չնայած 1853 թվականի հռչակագրով Բուենոս Այրեսը մայրաքաղաքն է` քաղաքը պաշտոնական մայրաքաղաք է դարձել միայն 1880 թվականին, երբ այն առանձնացվել է Բուենոս Այրես նահանգից և դարձել առանձին վարչական միավոր։

Քաղաքական կուսակցություններ

Հիմնական քաղաքական կուսակցություններն են (2019 թվականի սեպտեմբերի տվյալներով)`

  • «Ճակատ հաղթանակի համար»` Հյուստիսիալիստական կուսակցության ձախակողմյան պերոնիստական խմբակցություն, 49 սենատոր, 105 պատգամավոր
  • «Քաղաքացիական արմատական միություն»` ձախ կենտրոնական, 7 սենատոր, 29 պատգամավոր
  • «Հանրապետական առաջարկ»` ձախ կենտրոնական, 4 սենատոր, 43 պատգամավոր
  • «Նոր այլընտրանքի համար միավորյալները»` ձախ կենտրոնական պերոնիստական, 4 սենատոր, 41 պատգամավոր
  • «Քաղաքացիական կոալիցիա»` սոցիալ-լիբերալ, 1 սենատոր, 7 պատգամավոր
  • «Պրոգրեսիստներ»` ձախ կենտրոնական կոալիցիա, 6 պատգամավոր
    • «Սոցիալիստական կուսակցություն»` ձախ, 3 սենատոր, 12 պատգամավոր
  • «Նախագիծ հարավ»` ռեժիսոր Ֆեռնանդո Սոլանասի ձախ կուսակցությունը, 1 սենատոր, 1 պատգամավոր
  • «Աշխատավորների ձախ ճակատ»` տրոցկիստական կուսակցության կոալիցիա, 7 պատգամավոր

Բացի դրանցից, կա ևս ավելի քան 20 օրինական կուսակցություն, որոշներն աննշան ներկայացուցչություն ունեն Սենատում և Պատգամավորների պալատում։

Արտաքին քաղաքականություն

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արգենտինայի դեսպանատուն ունեցող երկրների քարտեզ (երկրները նշված են կապույտ գույնով, իսկ Արգենտինան կանաչ գույնով):

Արգենտինան ՄԱԿ-ի, ԱՄՀ-ի, ԱՊԿ-ի, ԱՀԿ-ի, Մեծ քսանյակի, Մերկոսուրի անդամ է և Հարավամերիկյան ազգերի միության նախկին անդամ։

Հայ-արգենտինական հարաբերություններ

Հայ-արգենտինական հարաբերությունները նկարագրում են Հայաստանի և Արգենտինայի ներկայիս և պատմական հարաբերությունները։ Արգենտինայի հայկական համայնքն ամենախոշոր համայնքներից մեկն է ամբողջ Լատինական Ամերիկայում՝ մոտավորապես 120,000 անդամ։

1987 թվականի սեպտեմբերին Արգենտինայի նախագահ Ռաուլ Ալֆոնսոն ելույթով հանդես է եկել արգենտինացիների և հատկապես հայ համայնքի համար՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ 1995 թվականին նախագահ Կարլոս Մենեմը օրենք է ընդունել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2007 թվականի հունվարի 11-ին նախագահ Նեստոր Կիրշները օրենք է ստորագրել, որ Արգենտինան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Դիվանագիտական կապեր հաստատելուց հետո Արգենտինան և Հայաստանը ստորագրել են մի շարք երկկողմ համաձայնագրեր, ինչպիսիք են Համագործակցության համաձայնագիր երկու ազգերի միջև (1992 թվական), Համաձայնագիր ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության (1993 թվական), Համաձայնագիր առևտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ (1994 թվական), Համաձայնագիր գիտատեխնիկական համագործակցության մասին (1994 թվական), Համագործակցության համաձայնագիր միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ (1998 թվական), Համագործակցության համաձայնագիր մշակույթի և կրթության բնագավառներում (1998 թվական), Համաձայնագիր զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին (2002 թվական), սովորական անձնագրերի տերերի համար վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր (2011 թվական) և Տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (2014 թվական)։

Արգենտինան ունի դեսպանություն Երևանում։ Հայաստանն ունի դեսպանություն Բուենոս Այրեսում։

Ամերիկա-արգենտինական հարաբերություններ

Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Արգենտինայի հետ 1823 թվականին՝ Իսպանիայից վերջին անկախանալուց հետո։ Երկրների միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա, այդ թվում` տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և առևտրային կապերի զարգացումը։ Արգենտինայի կառավարությունն աջակցում է Միացյալ Նահանգներին ազգային և միջազգային անվտանգության ոլորտում՝ մասնակցելով խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային գործողություններին և խթանելով զանգվածային ոչնչացման զենքի չտարածելը։

Զինված ուժեր

Արգենտինայի զինված ուժերը բաղկացած է բանակից, նավատորմից և ավիացիայից։ Դրանք գտնվում են նախագահի հրամանատարության ներքո, որը գլխավոր հրամանատարն է և նրանց հարցերով զբաղվում է Պաշտպանության նախարարության միջոցով։

Զինվորական ծառայությունը կամավոր է։ Զորակոչային տարիքը 18-24 տարեկան է, զինվորական պարտականություն չկա։

Քաղաքներ

Վարչական բաժանում

Արգենտինան դաշնային և ներկայացուցչական հանրապետություն է, որի կազմում ներառված է 23 պրովինցիա և 1 ինքնավար մայրաքաղաքային շրջան։

№-ը քարտեզի վրա Պրովինցիաներ/Շրջան Վարչական կենտրոն Բնակչություն,
(2010 թվականի մարդահամար)
Տեղ Տարածք,
կմ2
Տեղ Միջին խտություն,
մարդ/կմ2
Տեղ
1 Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաք 2 890 151 4 200 24 14 450,76 1
2 Բուենոս Այրես պրովինցիա Լա Պլատա 15 625 084 1 307 571 1 50,80 3
3 Կատամարկա Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա 367 828 20 102 602 11 3,58 20
4 Չակո Ռեսիստենսիա 1 055 259 10 99 633 12 10,59 11
5 Չուբուտ Ռոսոն 509 108 18 224 686 3 2,27 22
6 Կորդովա Կորդովա 3 308 876 2 165 321 5 20,01 6
7 Կորրիենտես Կորրիենտես 992 595 11 88 199 16 11,25 10
8 Էնտրե Ռիոս Պարանա 1 235 994 7 78 781 17 15,69 7
9 Ֆորմոսա Ֆորմոսա 530 162 17 72 066 19 7,36 14
10 Խուխույ Սան Սալվադոր դե Խուխույ 673 307 14 53 219 20 12,65 8
11 Լա Պամպա Սանտա Ռոսա 318 951 22 143 440 8 2,22 23
12 Լա Ռիոխա Լա Ռիոխա 333 642 21 89 680 14 3,72 19
13 Մենդոսա Մենդոսա 1 738 929 5 148 827 7 11,68 9
14 Միսիոնես Պոսադաս 1 101 593 9 29 801 21 36,96 4
15 Նեուկեն Նեուկեն 551 266 16 94 078 13 5,86 17
16 Ռիո Նեգրո Վիեդմա 638 645 15 203 013 4 3,15 21
17 Սալտա Սալտա 1 214 441 8 155 488 6 7,81 12
18 Սան Խուան Սան Խուան 681 055 13 89 651 15 7,60 13
19 Սան Լուիս Սան Լուիս 432 310 19 76 748 18 5,63 18
20 Սանտա Կրուս Ռիո Գալյեգոս 273 964 23 243 943 2 1,12 24
21 Սանտա Ֆե Սանտա Ֆե 3 194 537 3 133 007 10 24,02 5
22 Սանտիագո դել Էստերո Սանտիագո դել Էստերո 874 006 12 136 351 9 6,41 15
23 Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ Ուշուայա 127 205 24 21 263 23 5,98 16
24 Տուկուման Սան Միգել դե Տուկուման 1 448 188 6 22 524 22 64,30 2
Ընդհանուր 40 117 096 2 780 092 14,43

Տնտեսություն

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Բուենոս Այրես
Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Սալտա

Արգենտինան արագ զարգացող ագրարային-ինդուստրիալ պետություն է։ 1990-ականների սկզբից երկիրն ակտիվորեն վարում է սեփականաշնորհման և արտասահմանյան կապիտալի ավելի լայն ներգրավման քաղաքականություն։ Mercosur-ի (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա) մուտքը զգալիորեն ընդլայնել է Արգենտինայի ներքին շուկան։ Արգենտինային բնորոշ է մշակող արդյունաբերության գերակշռությունը, իսկ դրանում գերիշխում է ծանր արդյունաբերությունը։ Սակայն ավանդական ճյուղերը` թեթև և, հատկապես, սննդի արդյունաբերությունը, առաջվա պես զբաղեցնում են կարևոր տեղ և ունեն արտահանման նշանակություն։

Այնուամենայնիվ, չմտածված բարեփոխումների անցկացման պատճառով 2001 թվականի տնտեսական ճգնաժամը հանգեցրել է սոցիալական լարվածության և պարտազանցման զգալի աճի (պետական պարտքի գումարն այդ պահին կազմել է 132 միլիարդ դոլար, ինչը պարտազանցումը խոշորագույնն Է դարձրել պատմության մեջ):

Արդյունաբերության տեղաբաշխմանը բնորոշ է տարածքային բարձր համակենտրոնացումը։ Ծանր արդյունաբերության արդյունաբերական ձեռնարկությունների զգալի մասը կենտրոնացած է Պարանայի ստորին ավազաններում, Բուենոս Այրեսի և Ռոսարիոյի միջև արդյունաբերական գոտում։ Արդյունաբերական արտադրանքի ավելի քան կեսն արտադրվում է Մեծ Բուենոս Այրեսում։

Նավթի արդյունահանմամբ երկիրը Լատինական Ամերիկայում չորրորդ տեղն է զբաղեցնում (Վենեսուելայից, Էկվադորից և Բրազիլիայից հետո)։ Արդյունահանումը լիովին բավարարում է երկրի կարիքները (պետական Enarsa, YPF և մասնավոր Bridas, Pluspetrol ընկերություններ), և պետությունը նավթի չի ներմուծում։

Արգենտինան ուրանի պաշարներով առաջատար երկրների տասնյակում է։ Երկիրը հայտնի է միջուկային էներգետիկայի և ուրանի արդյունաբերության ոլորտում իր գիտական մշակումներով (INVAP, Nucleoeléctrica Argentina):

Երկրի սև մետալուրգիան ամենահինն է մայրցամաքում, բայց հումքի պակասի պատճառով զարգանում է բավականին դանդաղ։ Հումքի մեծ մասը պետք է ներմուծել։

Գունավոր մետալուրգիայի ճյուղերից զարգացած են կապարի, ցինկի, պղնձի, ալյումինի արտադրությունը` սեփական և դրսից բերվող հումքի հիման վրա։

Մեքենաշինությունը ծանր արդյունաբերությունում առաջատար է արտադրանքի արժեքով։ Առավել զարգացած են տրանսպորտային մեքենաշինությունը (Արգենտինայում իրենց գործարաններն ունեն Ֆորդը, Քրայսլերը, Տոյոտան, Պեժոն և այլն), գյուղատնտեսական մեքենաշինությունը, սննդի արդյունաբերության համար սարքավորումների, էլեկտրատեխնիկայի արտադրությունը (IBM, Siemens գործարաններ)։ Տրանսպորտային մեքենաշինության առաջատարն է ավտոմոբիլաշինությունը (Բուենոս Այրես, Կորդովա), զարգացած են նավաշինությունն ու նավանորոգումը (Բուենոս Այրես, Էնսենադա), ավիաշինությունը (FAdeA, Aero Boero, Laviasa) և ուղղաթիռների արտադրությունը (Cicaré, AeroDreams) (Կորդովա, Բուենոս Այրես)։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Բուենոս Այրես

Արտահանման ճյուղերի շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մսամթերքի արտադրությունը՝ ավանդական և երկրի համար յուրահատուկ ճյուղը։ Արգենտինան դասվում է մսի, հիմնականում տավարի մսի և դրա արտահանողների ամենամեծ չափով արտադրողների թվին։ Սննդի արդյունաբերության այլ ճյուղերից արտահանման նշանակություն ունեն բուսական յուղերի արտադրությունը, վերջին տարիներին՝ սոյայի, ինչպես նաև ալրաղացման, ձեթի արդյունաբերությունն ու գինեգործությունը։ Ներքին շուկան կենտրոնացած է պտուղ-բանջարեղենի, պահածոների, շաքարի արդյունաբերության, ըմպելիքների արտադրության վրա։

Արգենտինայի գյուղատնտեսության տարբերակիչ առանձնահատկությունը Լատինական Ամերիկայի այլ երկրների համեմատ այն է, որ այն ոչ միայն լիովին ապահովում է իրեն սննդամթերքով, այլև արտահանում է այն (ընդ որում, գյուղատնտեսությամբ զբաղված է աշխատողների միայն 2 տոկոսը)։ Մեկ շնչի հաշվով պարենամթերքի սպառման ցուցանիշով երկիրը գերազանցում է տարածաշրջանի մյուս երկրներին (1-ին հորիզոնական)։ Գյուղատնտեսության և անասնաբուծության արտադրանքը տալիս է արտահանման եկամուտների ավելի քան 50 տոկոսը։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով Արգենտինան զբաղեցնում է 6-րդ տեղն աշխարհում, մեկ շնչի հաշվով մսի արտադրության ցուցանիշով՝ 5-րդը, իսկ դրա սպառման ցուցանիշով՝ առաջինը։ Միսն արգենտինացիների ազգային ուտեստն է։

Բուսաբուծության մեջ հիմնական տեղն ավանդաբար զբաղեցնում են արտահանման նշանակություն ունեցող հացահատիկային, ձիթատու և ծխախոտային մշակաբույսերը։ Ցորենի և ծխախոտի հավաքով Արգենտինան աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2012 թվականին երկիրը ցորենի արտահանման ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է 6-րդ տեղը (8,4 միլիոն տոննա)։ Բացի այդ, Արգենտինան ձվի, կաթի, գարու և ծխախոտի կարևորագույն արտահանողն է։

Արգենտինայում աշխատանքի վարձատրության միջին չափը, 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ, կազմում է 31 898 պեսո (401 000 դրամ)։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքի վարձատրության նվազագույն չափը կազմում է 16 875 պեսո (135 000 դրամ) և 14 512,5 պեսո (14% եկամտահարկը հանելուց հետո)։

    Արգենտինայում ՀՆԱ-ի աճը (տարեկան %), 2000-2021


Աղբյուրը՝ data.worldbank.org

Ապրանքների և ծառայությունների արտահանման դինամիկա

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2017 թվականին ապրանքների և ծառայությունների արտահանումը Արգենտինա կազմել է 71 միլիարդ ԱՄՆ դոլար (1-ին աղյուսակ).

Արգենտինայի ապրանքների և ծառայությունների արտահանումը (2002-2017)
Տարի Ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալ, միլիարդ ԱՄՆ դոլար Բացարձակ աճ, միլիարդ ԱՄՆ դոլար* Աճի տեմպ, %*
2002 27,737 -3,376 0,989
2003 33,084 5,347 1,019
2004 39,267 6,183 1,019
2005 46,198 6,931 1,018
2006 53,550 7,352 1,016
2007 65,162 11,612 1,022
2008 79,763 14,601 1,022
2009 65,133 -14,630 0,982
2010 80,209 15,076 1,023
2011 97,811 17,602 1,022
2012 88,656 -9,155 0,991
2013 33,084 5,347 1,019
2014 75,819 -4,871 0,994
2015 63,672 -12,147 0,984
2016 69,823 6,151 1,010
2017 71,275 1,452 1,002

Աղբյուր` Համաշխարհային բանկի կայք։

*` Ցուցանիշներն անցած տարվա համեմատ։

Այս աղյուսակները թույլ են տալիս եզրակացնել, որ հետազոտվող ժամանակաշրջանի առաջին կեսին ձևավորվել է տնտեսական աճի վերընթաց թրենդ, որը շարունակվել է 2002 թվականի երկրորդ կեսից մինչև 2008 թվականի չորրորդ եռամսյակը։ Դա 2002 թվականի հունվարին ընդունված «դոլարային պարիտետից հրաժարվելու և արգենտինական պեսոյի ազատ արժենշման մասին» հակաճգնաժամային միջոցառման արդյունքն էր, որը երկարացվել է ամեն տարի։ Ազգային արժույթի դևալվացիան փոխել է գնային հարաբերակցությունները հօգուտ տեղական արտադրության, իսկ ավելի ուշ մշակվել է տնտեսական պլան, որը ներառում է պետության՝ որպես տնտեսության վերահսկող մարմնի դերի ավելացում։

Այնուամենայնիվ, 2008-2009 թվականներին համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էապես դանդաղեցրել է ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների աճի տեմպերը։ Եթե 2008 թվականին աճը կազմել է 0,022 %, ապա 2009 թվականին եղած ճգնաժամի հետևանքների պատճառով այն նվազել է մինչև -0,018 %։

Սակայն հետճգնաժամային աշխուժացումը տեղի է ունեցել բավականին արագ։ 2003 թվականին սկսված վերաինդուստրացման գործընթացը խիստ կարգավորվում էր պետության կողմից, ինչը թույլ է տվել տնտեսությունը վերակողմնորոշել մրցունակ ագրոսֆերայի և արդյունաբերության զարգացման վրա։ Եվ արդեն 2010-2011 թվականներին աճի միջին տարեկան տեմպերը կազմել են ավելի քան 1,022 % (ինչը հետազոտվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշն է)։ Արտահանման ծավալի արժեքային ցուցանիշը 2011 թվականին կազմել է 97 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ն, համապատասխանաբար, դարձել է տնտեսության վերելքի ժամանակահատվածի պիկը։

Դրան հաջորդած 2012-2015 թվականների ռեցեսիան մեծապես պայմանավորված է Բրազիլիայի` Արգենտինայի հիմնական առևտրատնտեսական գործընկերոջ տնտեսական զարգացման տեմպերի անկմամբ։

Արգենտինայի նոր նախագահ Մաուրիսիո Մակրիի նշանակումը 2015 թվականին վերականգնել է ապրանքների և ծառայությունների արտահանման կասեցված ընդարձակման գործընթացը։ Նրա քաղաքականությունը Միացյալ Նահանգների հետ անմիջական մերձեցումն է, նա հանդես է գալիս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան դաշինքին և Եվրամիությանն անդամագրվելու օգտին, ինչով գրավում է տնտեսապես շահավետ առևտրային գործընկերներին։

Այսպիսով, ընդհանուր առմամբ 2002-2017 թվականներին ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալն աճել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Ցուցանիշի միջին ծավալը կազմել է 65,89 միլիարդ ԱՄՆ դոլար։

Արգենտինայի ապրանքների և ծառայությունների արտահանումը (2002-2017)
Տարի Ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալ, ՀՆԱ, % ՀՆԱ, միլիարդ ԱՄՆ դոլար
2002 28,4 97,724
2003 25,9 127,587
2004 23,9 164,658
2005 23,3 198,737
2006 23,0 232,557
2007 22,7 287,531
2008 22,1 361,558
2009 19,1 332,976
2010 19,0 423,627
2011 18,5 530,163
2012 16,2 545,982
2013 14,6 552,025
2014 14,4 526,320
2015 10,7 594,729
2016 12,6 554,861
2017 11,2 637,590

Աղբյուր` Համաշխարհային բանկի կայք։

Ըստ աղյուսակի՝ երկրի ՀՆԱ-ից ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը տարեցտարի նվազում է։ 2002 թվականին այն կազմել է մոտ 30 %, 2017 թվականին՝ ընդամենը 11 %։ Ցուցանիշները գտնվում են հակադարձ կախվածության մեջ․ որքան բարձր է ՀՆԱ-ի մակարդակը, այնքան ցածր է արտահանման մասնաբաժինը դրանում։

Մեկ շնչին բաժին ընկնող ապրանքների և ծառայությունների արտահանումն Արգենտինա 2017 թվականին կազմել է 1610 ԱՄՆ դոլար։

Ապրանքների և ծառայությունների ներմուծման դինամիկա

3-րդ աղյուսակի համաձայն՝ 2017 թվականին Արգենտինա ներմուծված ապրանքների և ծառայությունների գումարը կազմել է ավելի քան 87 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ապրանքների ներմուծմանը բաժին է ընկել ավելի քան 63 միլիարդ ԱՄՆ դոլար (72.8%), իսկ ծառայությունների ներմուծումը գերազանցել է 23 միլիարդ ԱՄՆ դոլարը (27,2%)։ Ընդհանուր ներմուծման աճի տեմպը, 2016 թվականի համեմատ, հավասար է 18%-ի. սա 2007-2017 թվականների աճի տեմպերի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Չնայած խիստ պրոտեկցիոնիստական միջոցներին և ներմուծման փոխարինման քաղաքականությանը՝ 2008 թվականին տեղի է ունեցել դրական ուղղությամբ (+27,4 %) ընդհանուր ներմուծման փոփոխություն, որն ուղեկցվել է 2009 թվականի հետագա անկմամբ (-27,2 %)՝ աշխարհում ծանր ճգնաժամային իրավիճակի պատճառով։

2010-2011 թվականներին կրկին նկատվել է ներմուծման ծավալի աճ՝ հակառակ երկիր ապրանքների և ծառայությունների ներմուծման վերահսկողությանը և պետության կողմից դրա արհեստական զսպմանը։ Դա բացատրվում է ներմուծման նկատմամբ Արգենտինայի արդյունաբերության ուժեղ կապվածությամբ։ Արդյունաբերական գնումների բաժինը կազմում է ներմուծման ընդհանուր ծավալի 85 %-ը, ընդ որում, երկիրը չի կարող հրաժարվել տվյալ հոդվածից, քանի որ արտադրողներն ի զորու չեն ապահովել ապրանքների մի մասն ինքնուրույն և անհրաժեշտ քանակով։

Հետագա տարիներին, բացառությամբ 2013 թվականի, նկատվում է հակառակ ուղղությամբ աճ՝ ներմուծման անընդհատ աճող սահմանափակումների պատճառով։ Այդ ժամանակաշրջանը տևում է ընդհուպ մինչև 2016 թվականին Արգենտինայի պարտավորությունների կատարումը, որոնք ԱՀԿ-ն սահմանել էր 2012 թվականին՝ Արգենտինայի խիստ ներմուծման միջոցների պատճառով ԵՄ երկրների և այլոց կոնսուլտացիայի խնդրանքով։ 2016 թվականի հունվարի 14-ին երկիրը հայտնել է առևտրային պահանջների կիրառման հետ կապված հանձնարարականների կատարման և ներմուծման նախնական երդվյալ հայտարարագրի (DJAI) մասին։

2017 թվականի վերելքն առաջին հերթին կապված է ներմուծման կարգավորման համակարգի պարզեցման, ոչ ավտոմատ լիցենզիաների կրճատման և դրանց գործողության ժամկետի երկարացման հետ։

Արգենտինայի ապրանքների և ծառայությունների ներմուծման ծավալը 2007-2017 թվականներին

Թվական Ապրանքների ներմուծման ծավալը, միլիարդ ԱՄՆ դոլար Ծառայությունների ներմուծման ծավալը, միլիարդ ԱՄՆ դոլար Ընդհանուր ներմուծման ծավալը, միլիարդ ԱՄՆ դոլար Ընդհանուր ներմուծման փոփոխություն՝ նախորդ տարվա համեմատ, %
2007 42,524 11,027 53,551
2008 54,596 13,646 68,242 +27,4
2009 37,146 12,536 49,682
2010 54,158 14,621 68,779 +38,4
2011 70,769 17,649 88,418 +28,6
2012 65,043 18,344 83,387
2013 71,292 19,009 90,301 +8,3
2014 62,898 18,038 80,936
2015 57,594 19,028 76,622
2016 53,504 20,992 74,496
2017 63,971 23,960 87,931 +18,0

Ապրանքների և ծառայությունների ներմուծման կառուցվածքը

Արգենտինայի ապրանքների ներմուծման հիմնական հոդվածները 2017 թվականին
Հիմնական ապրանքներ Ապրանքների ներմուծման ծավալը, միլիարդ ԱՄՆ դոլար Ապրանքների ընդհանուր ներմուծման տոկոսը, %
1 Վերգետնյա տրանսպորտի միջոցներ, բացի երկաթուղային տրանսպորտից և տրամվայից 13,194 20,6
2 Մեքենաներ, մեխանիկական սարքեր և դրանց մասեր 9,934 15,5
3 Էլեկտրական սարքավորումներ և դրանց մասեր 8,627 13,5
4 Հանքային վառելիք 5,461 8,5
5 Պլաստմասա և դրանցից պատրաստված արտադրանք 2,384 3,7
Արգենտինայի ծառայությունների ներմուծման հիմնական հոդվածները 2017 թվականին
Հիմնական ծառայություններ Ծառայությունների ներմուծման ծավալ, միլիարդ ԱՄՆ դոլար Ծառայությունների ընդհանուր ներմուծման տոկոս, %
1 Տուրիզմ 10,505 48,8
2 Տրանսպորտ 5,401 22,5
3 Այլ բիզնես ծառայություններ 2,909 12,1
4 Մտավոր սեփականության օգտագործման վճար 2,340 9,8
5 Հեռահաղորդակցման, համակարգչային և տեղեկատվական ծառայություններ 1,147 4,8

Երկրորդ պարտազանցում

Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ 2014 թվականին Արգենտինայի Հանրապետությունը տեխնիկական պարտազանցման վիճակում է հայտնվել երկրորդ անգամ՝ 21-րդ դարի սկզբից ի վեր։ Պատճառը 2014 թվականի հուլիսի 30-ի ուշ երեկոյան պարտատերերի մի մասի հանդեպ պարտքային պարտավորությունների մարման ժամկետն է եղել։ Պարտքերի չվճարման գումարը կազմել է 1,3 միլիարդ դոլար։

Սակայն Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները հերքել է պարտազանցման հայտարարությունը, իսկ երկրի տնտեսության նախարար Աքսել Կիսիլոֆը հայտարարել է, որ Արգենտինայի դեմ մեդիաարշավ է սկսվել, որը միտված է կասկած, խուճապ և վախ սերմանել, որոնք առաջացնում են «պարտազանցում»։

Տրանսպորտ

Արգենտինայի տրանսպորտային ենթակառուցվածքը համեմատաբար զարգացած է։ Ճանապարհների երկարությունը կազմում է 230 000 կիլոմետր (չհաշված մասնավոր գյուղական ճանապարհները), որից 72 000 կիլոմետրը՝ ասֆալտապատված, և 1575 կիլոմետրը՝ ճեպընթացիկ, որոնցից շատերը սեփականաշնորհված վճարովի ճանապարհներ են։ Վերջին տարիներին բազմաշերտ ճեպընթացիկ ճանապարհների երկարությունը կրկնապատկվել է։ Այժմ նրանք իրար են կապում մի քանի խոշոր քաղաքներ։ Առայժմ ավելի շատ նման ճանապարհներ շինարարության փուլում են։ Սակայն դրանք դեռևս բավարար չեն 2009 թվականի դրությամբ երկրում գրանցված 9,5 միլիոն ավտոմեքենայի բնականոն երթևեկությունը կազմակերպելու համար (1000-ից 240 մարդ)։

Երկաթուղիների ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 31,4 հազար կիլոմետր։ Հրո Երկիր պրովինցիայում է գտնվում աշխարհի ամենահարավային երկաթուղին (գնացքն աշխարհի եզրին է)։ Մի քանի տասնամյակ տրանսպորտային միջոցներից կրճատված լինելուց և անբավարար ենթակառուցվածքից հետո «Ferrocarriles Argentinos» երկաթուղային ընկերությունը 1992 թվականին սեփականաշնորհվել է, միջքաղաքային ուղևորափոխադրումների մեծ մասը փակ էր, իսկ հազարավոր կիլոմետր երկարությամբ ճանապարհներ (ներառված չէ վերը նշված ընդհանուր երկարությունը) ներկայումս չեն օգտագործվում։ Քաղաքամերձ երկաթուղային փոխադրումները Բուենոս Այրեսի շրջանում մինչև այժմ մեծ պահանջարկ ունեն, թեև դա մասամբ պայմանավորված է մետրոյով փոխադրման դյուրաշարժությամբ։ Մի շարք գծերի վրա ներկայումս վերսկսվում են միջքաղաքային փոխադրումները։

1913 թվականին բացված Բուենոս Այրեսի մետրոպոլիտենը դարձել է Լատինական Ամերիկայի և հարավային կիսագնդի առաջին մետրոպոլիտենը։ Այսօր այն արդեն ամենամեծը չէ Հարավային Ամերիկայում, բայց օրական 1,2 միլիոն ուղևոր տեղափոխվում է նրա՝ 87,3 կիլոմետր երկարություն ունեցող գծերով։

Արգենտինայում կա մոտ 11 000 կիլոմետր երկարությամբ ներքին ջրային ուղի, որով ավելի շատ բեռներ են տեղափոխվում, քան երկաթուղով։ Սա ներառում է ջրանցքների մի լայն ցանց, թեև Արգենտինան ունի բավարար քանակությամբ բնական ջրային ուղիներ, որոնցից առավել կարևոր նշանակություն ունեն Ռիո դե Լա Պլատա, Պարանա, Ուրուգվայ, Ռիո Նեգրու և Պարագվայ գետերի ջրային ուղիները։

«Aerolíneas Argentinas»-ը երկրի հիմնական ավիաընկերությունն է, որն ապահովում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային փոխադրումներ։ «Austral Lineas Aereas»-ը «Aerolíneas Argentinas»-ի` երթուղային ցանցով դուստր ընկերությունն է, որն ընդգրկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը։ «LADE»-ը ռազմաօդային ուժերի կողմից կառավարվող ավիաընկերություն է, որը սպասարկում է ներքին երթուղիների լայն ցանց։

Բնակչություն

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արգենտինայի բնակչության խտությունը՝ ըստ նահանգների

2001 թվականի դրությամբ՝ երկրի բնակչությունը կազմել է 36 260 130 մարդ, 2010 թվականի հուլիսին՝ 40 412 000 մարդ։ Այժմ այդ ցուցանիշով Արգենտինան Հարավային Ամերիկայում 3-րդն է, իսկ աշխարհում՝ 33-րդը։ Բնակչության միջին խտությունը կազմում է 13.3 մարդ/կմ2։ 2010 թվականին բնական աճը կազմել է 0.87 %, ծնելիությունը՝ 18.7/1000 մարդ, մահացությունը՝ 7.9/1000 մարդ։

Մինչև 15 տարեկան մարդիկ կազմում են ամբողջ բնակչության 24,9 %-ը, իսկ 65 տարեկանից բարձր անձինք՝ 10,6 %-ը։ Ըստ ուրբանիզացման մակարդակի՝ Արգենտինան Լատինական Ամերիկայում ամենաբարձրն է Ուրուգվայից հետո։

Գրան Չակոյի և Լա Պլատայի մեկուկես միլիոն հնդկացիական բնակչությունը, ինչպես նաև Պատագոնիայի 100 000 բնակչությունը գրեթե ամբողջությամբ բնաջնջվել է 16-րդ դարում իսպանական գաղութացման շրջանում և 19-րդ դարի վերջում պամպայի և Պատագոնիայի հողերի հետագա գրավման գործընթացում։ Արգենտինական ազգը ձևավորվել է 19-20-րդ դարերում եվրոպական բազմաթիվ ներգաղթյալներով։ Արգենտինացիների ավելի քան 85 %-ը պատկանում է սպիտակամորթների ռասային։ Հնդկական բնակչությունը (մապուչե, կոլլա, տոբա և այլն) կազմում է բնակչության 1,5%-ը, մնացածը հիմնականում մետիսներ են, ինչպես նաև մուլատներ։

Ներգաղթյալների ազգային կազմը բազմազան է։ Գերակշռել են Իսպանիայից եկած ներգաղթյալները (հիմնականում բասկերը և գալիսցիները) և իտալացիները (վերջինների հետնորդներն այժմ կազմում են երկրի բնակչության մոտ 1/3-ը), քիչ չեն ֆրանսիացիները, գերմանացիները, բրիտանացիները (ավելի շատ իռլանդացիները), լեհերը, չեխերը, խորվաթները, ուկրաինացիները, հրեաները, շվեյցարացիները, դանիացիները, հոլանդացիները, արաբները (1.3-3 միլիոն մարդ), լիտվացիները, հույները, հայերը։ Միայն 1880-1950 թվականներին Արգենտինա է տեղափոխվել ավելի քան 5 միլիոն ներգաղթյալ։ 20-րդ դարի վերջից Եվրոպայից ներգաղթն աստիճանաբար նվազել է (բացառություն են Ռումինիան և Ուկրաինան)։ Շատ ներգաղթյալներ եկել են Հարավային Ամերիկայի երկրներից՝ Բոլիվիայից, Պարագվայից, Պերուից, Չիլիից։ 2010 թվականի մարդահամարի համաձայն՝ Արգենտինայում բնակվել է 1 806 000 արտասահմանցի (երկրի բնակչության 4,5 %-ը), այդ թվում՝ Հարավային Ամերիկայի երկրների 81,5 տոկոսը և Եվրոպայի երկրների միայն 16,5 %-ը։

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Միսիոնես

Արգենտինան յուրացրել է շատ երկրների ու ժողովուրդների ավանդույթները, ինչն իր հետքն է թողել արգենտինացիների մշակույթի, կենցաղի ու բարքերի վրա։ Պետական քաղաքականությունը նպաստել է ներգաղթյալների արագ ձուլմանը։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և Կանադայի՝ Արգենտինայում չկան առանձին ազգությունների կոմպակտ բնակվելու շրջաններ, իսկ մարդահամարի անցկացման ժամանակ բացակայում է «երկրի ծագումը» սյունակը։ Երկրում գոյություն ունեցող օրենքով նրա տարածքում ծնված յուրաքանչյուր ոք համարվում է արգենտինացի։ Այսօր Արգենտինայում բնակչության թվաքանակի դինամիկան որոշվում է բնական աճով. դրա տեմպերը 1990-ական թվականների կեսերին 0,91 %-ն ամենացածրն են Լատինական Ամերիկայում և նվազման միտում ունեն (երկրում նկատվում է երկարաձիգ ժողովրդագրական ճգնաժամ)։ Դա արտացոլվում է նաև բնակչության տարիքային կառուցվածքի դինամիկայի վրա, որը փոխվում է դեպի երիտասարդ տարիքի (մինչև 15 տարեկան) մասնաբաժնի նվազեցում և մեծահասակների (ավելի քան 65 տարեկան) ավելացում։

Կյանքի սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արգենտինան առաջ է անցել Լատինական Ամերիկայի շատ երկրներից (կենսամակարդակով փոքր-ինչ զիջելով Չիլիին)։ Կյանքի միջին տևողությունը երկրում 77 տարեկանն է (73,5՝ տղամարդկանց շրջանում, 80՝ կանանց)։ ՄԻԱՎ-ով վարակվածների մասնաբաժինը մեծահասակների շրջանում (15-49 տարեկան) 0,5 % է։ Երկրի քաղաքներում այսօր բնակվում է ամբողջ բնակչության ավելի քան 87 %-ը, իսկ քաղաքային բնակչության ավելի քան 2/5-ը բաժին է ընկնում Բուենոս Այրեսին։ Շուրջ 12 միլիոն բնակիչ ունեցող Բուենոս Այրեսն աշխարհի խոշորագույն 10 ագլոմերացիաների թվում է։ Մյուս խոշոր քաղաքներն են Կորդովան (1,4 միլիոն բնակիչ), Ռոսարիոն (1,2 միլիոն), Մենդոսան (մոտ 0,9 միլիոն), Տուկուման (0,8 միլիոն)։

Հանցավորություն

    Արգենտինայում դիտավորյալ սպանությունների թիվը՝ 100 000 մարդու հաշվով, 2001-2020


Աղբյուրը՝ data.worldbank.org

Հայերն Արգենտինայում

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Բուենոս Այրեսից ժամանած հայերը ներգաղթյալների ազգային 26-րդ փառատոնի բացման շքերթին Օբերայում

Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին և ավելի ստվարացել հատկապես Առաջին (1914-1918) և Երկրորդ (1939-1945) համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվել է հայերի կյանքը Թուրքիայում, ապա նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում։ Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ են, մեծ մասամբ բնակվում էին Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում։ Ներկայումս Արգենտինայում բնակվում է 135 000 հայ։ Մեծ մասը (123 000) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 000)։ Հայկական համայնքներ կան նաև Արգենտինայի շատ այլ քաղաքներում։ Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը։

Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով վայրեր, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ։ Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթող։ Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։

Արգենտինահայ գաղութն ապրում է աշխույժ հասարակական կյանքով։ Այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, երիտասարդական և այլ միություններ ու ընկերություններ, երգչախմբեր («Կոմիտաս», «Արաքս»), պարախմբեր («Գայանե», «Նաիրի»), «Թաթուլ Ալթունյան» նվագախումբը։ Ճանաչված են հայ մշակույթի գործիչներ Լևոն Վարդապետյանը, Ժան Ալմուխյանը, Մարթա Վարդանյանը, Ալիսիա Թերզյանը, երգչուհիներ Վիկտորյա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, քանդակագործ Հակոբ Յարումյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Սարգիս Աշքյանը և շատ ուրիշներ։ Մեծ ճանաչում ունի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը (վերջին տարիներին ապրում է Միացյալ Նահանգներում)։ Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը, իսկ զինվորական ակադեմիայի հիմնադիր տնօրենը՝ հայազգի Յանոշ Ցեցը։

Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են շաբաթօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ։ Ներկայումս գործում է ամենօրյա 10 դպրոց, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան։

Բուենոս Այրեսում հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր։

Կրոն

Քրիստոնեությունը երկրի պետական կրոնն է։ 2017 թվականի տվյալներով՝ կաթոլիկները կազմում են բնակչության 77,1 %-ը, բողոքականները՝ 10,8 %-ը։ Բողոքականների մեծ մասը հոգեգալստականներ են (մոտ 3 միլիոն)։

Հրեաների թիվը 180 հազար է, մուսուլմաններինը՝ մոտ 500 հազար։ Իրենց ոչ կրոնական է համարում բնակչության մոտ 10 %-ը։

Մշակույթ

Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 
Արգենտինական տանգո

Տոներ

  • Հունվարի 15՝ Կառնավալ Արգենտինայում։
  • Փետրվարի 14՝ Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր)։
  • Մարտի 24՝ Ճշմարտության և օրենքի հիշատակի ազգային օր (Día Nacional de la Memoria por la Verdad y la Justicia): Վերջին դիկտատուրայի տխուր հիշողությունների օրը երկրում (1976)։
  • Ապրիլի 2՝ Անգլիացիների դեմ Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների համար մղված պատերազմների վետերանների և զոհվածների օր։ 2001 թվականից ապրիլի 2-ն Արգենտինայում նշվում է որպես պատերազմի վետերանների և զոհվածների օր։
  • Մարտի վերջ-ապրիլ
    • Կաթոլիկ սիրատենչ ուրբաթ (Մեծ ուրբաթ)։ Տոնի ամսաթիվը փոփոխական է յուրաքանչյուր տարվա համար։
    • Կաթոլիկ Զատիկ։ Տոնի ամսաթիվը փոփոխական է յուրաքանչյուր տարվա համար։
  • Մայիսի 1՝ Աշխատանքի տոն (Աշխատանքի օր)։
  • Մայիս ամսվա երրորդ շաբաթ օրը՝ Հայրերի օր։ Շնորհավորում են երեխաներ ունեցող բոլոր տղամարդկանց՝ ընտանիքի հետ ճաշելով կամ ընթրելով։ Երեխաները նվերներ են տալիս։
  • Մայիսի 25՝ Առաջին հեղափոխության տարեդարձը (1810 թվական) և Արգենտինայի առաջին անկախ կառավարության ընտրությունը։
  • Հունիսի 20՝ Արգենտինայի դրոշի օր։ Դրոշի օրն (Dia de la Bandera) Արգենտինայում նշվում է դրոշի դիզայներ Մանուել Բելգրանոյի մահվան օրը և համարվում է պաշտոնական օր։
  • Հուլիսի 9՝ Արգենտինայի անկախության օր։ 1816 թվականի հուլիսի 9-ին ընդունվել է Արգենտինայի Միացյալ Պրովինցիաների անկախության հռչակագիրը։ Այս ամսաթիվը համարվում է Արգենտինայի Հանրապետության ծննդյան օրը, և երկիրն այն նշում է որպես պաշտոնական տոն` Անկախության օր։
  • Օգոստոսի 17՝ Գեներալ Սան Մարտինի հիշատակի օրն Արգենտինայում։ Օգոստոսի 17-ին Արգենտինայում նշվում է համաժողովրդական տոն՝ Իսպանիայի գաղութարարներից (1810-1826 թվականներ) Արգենտինայի անկախության համար պայքարի հերոս գեներալ Խոսե դե Սան Մարտինի հիշատակի տարելիցը։
  • Սեպտեմբերի 11՝ Ուսուցչի օրն Արգենտինայում։ Սա շատ կարևոր իրադարձություն է ամբողջ երկրի համար։ Փաստացի Ուսուցչի օրն ամբողջ երկրում նշվում է որպես ազգային տոն։
  • Հոկտեմբեր ամսվա երկրորդ երկուշաբթի օրը՝ Ռասայի օրն Արգենտինայում (Día de la Raza), տոնը նվիրված է բնիկներին և Արգենտինայում բնակեցված ժողովուրդներին։
  • Հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը՝ Մայրերի օր։ Շնորհավորում են երեխաներ ունեցող բոլոր կանանց (մայրեր, հորաքույրներ, մորաքույրներ, տատիկներ, նախատատեր և այլք)՝ տալով նվերներ, ճաշելով ընտանիքի հետ։
  • Դեկտեմբերի 24/25՝ Սուրբ ծնունդ (ըստ Գրիգորյան օրացույցի)։ Սուրբ Ծնունդի և Ամանորի միջև Արգենտինայում մեծ տարբերություն չեն դնում, այս երկու տոնն էլ գրեթե նույն կերպ են նշում։ Որպես կանոն՝ Սուրբ Ծնունդն Արգենտինայում ընտանեկան տոն է։
  • Դեկտեմբերի 31/Հունվարի 1՝ Նոր Տարի։ Արգենտինայում այն այնքան էլ մեծ շուքով չի նշվում։ Հիմնականում Ամանորը դիմավորում են տանը՝ հարազատների ու մտերիմների շրջանում։ Այն, ինչպես նաև բազմաթիվ այլ տոներ, համարվում է նեղ ընտանեկան տոն։

Կրթություն

Արգենտինայում գրագիտության մակարդակը 97 % է։ 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր 8 մարդուց երեքն ունի միջին կամ ավելի բարձր մակարդակի կրթություն։

Դպրոց հաճախելը պարտադիր է 5-17 տարեկան երեխաների համար։ Արգենտինայի դպրոցական համակարգը կազմված է սկզբնական կրթությունից՝ 6 կամ 7 տարի տևողությամբ, և միջին կրթությունից՝ 5 կամ 6 տարի տևողությամբ։

Արգենտինայում բոլոր մակարդակների կրթությունն անվճար է, բացառությամբ կիսահամալսարանական կրթության։ Չնայած 1947 թվականից սկսած՝ գրագիտության աստիճանը մոտ էր կատարյալին, բայց 20-րդ դարի առաջին կեսին Արգենտինայի երիտասարդության մեծ մասը հնարավորություն չի ունեցել ստանալու յոթամյա կրթությունից բարձր մակարդակի կրթություն։ Միջին և բուհական մակարդակի անվճար կրթության պահանջարկը (1970-ական թվականներին) երբեմն գերազանցել է բյուջետային հնարավորությունները։ Համապատասխանաբար, պետական կրթական հաստատությունները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իջեցրել են կրթության որակը։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծել մասնավոր կրթության համար` չնայած այն անհավասարությանը, որն առաջացել է նրանց, ովքեր կարող էին իրենց թույլ տալ ստանալ մասնավոր կրթություն, և մնացած հասարակության միջև, քանի որ մասնավոր դպրոցները հիմնականում կրթաթոշակ չեն տրամադրում։ Մոտավորապես չորս դպրոցականից մեկը և վեց ուսանողից մեկը հաճախում է մասնավոր ուսումնական հաստատություն։

2016 թվականին կազմակերպված ֆորմալ կրթական համակարգին մասնակցել է 11,4 միլիոն մարդ, որոնցից 1,5 միլիոնը երկրի 85 համալսարաններից ուսանողներ էին։ Երկրում կա 38 պետական համալսարան։ Առավել նշանավոր համալսարաններն են Բուենոս Այրեսի համալսարանը, Կորդովայի ազգային համալսարանը, Լա Պլատայի ազգային համալսարանը, Ռոսարիոյի ազգային համալսարանը, Տեխնոլոգիական ազգային համալսարանը։ 1980-ական և 1990-ական թվականներին պետական համալսարանների ֆինանսավորման չափը կրճատվել է, որի հետևանքով իջել է կրթության որակը։

Առողջապահություն

Բժշկական սպասարկումը տրամադրվում է գործատուների և արհմիությունների (Obras Sociales), պետական ապահովագրության, պետական հիվանդանոցների և կլինիկաների համակցության կողմից ֆինանսավորվող կոմբինացիաների, ինչպես նաև կամավոր բժշկական ապահովագրության հաշվին։

Հանրային առողջապահության բարելավման վերաբերյալ կառավարության առաջին միջոցառումը կարելի է համարել Իսպանիայի փոխարքա Խուան Խոսե դե Վերտիսի կողմից բժշկական տրիբունալի ներմուծումը՝ 1780 թվականին գործող բժիշկների հսկողության համար։ Անկախության հռչակումից հետո բժշկական դպրոցներ են հիմնվել Բուենոս Այրեսի համալսարանում (1822 թվական) և Կորդովայի ազգային համալսարանում (1877 թվական)։ Այս և այլ դպրոցներում բժիշկների և բուժքույրերի նախապատրաստումը հնարավոր է դարձրել բժշկական կոոպերատիվների արագ զարգացումը, որոնք Խուան Պերոնի նախագահության ընթացքում վերածվել են պետության կողմից ֆինանսավորվող «Obras Sociales» կազմակերպության։ Այսօր նրանց թիվը գերազանցում է 300-ը (որից 200-ը վերաբերում է արհմիություններին), դրանք բուժօգնությամբ են ապահովում երկրի բնակչության կեսից ավելիին։ Պետական «INSSJP» (կամ «PAMI») կազմակերպությունը վճարում է գրեթե բոլոր՝ 5 միլիոն թոշակառուների բուժսպասարկումը։

Առողջապահության ծախսերը հասնում են երկրի ՀՆԱ-ի գրեթե 10 %-ին և մեծանում են 65 տարեկանից բարձր արգենտինացիների (1970 թվականին՝ 7%) մասնաբաժնի աճին համապատասխան։ Պետական և մասնավոր ծախսերը պատմականորեն բաշխվում են մոտավորապես հավասարաչափ։ Պետական միջոցները հիմնականում բաշխվում են «Obras Sociales»-ի միջոցով և հոսպիտալացվում մասնավոր և պետական կլինիկաներում։ Մասնավոր միջոցները հավասարապես բաժանվում են կամավոր բժշկական ապահովագրության և վերադիր ծախսերի։

Երկրում կա ավելի քան 150 000 հիվանդանոցային մահճակալ, 121 000 բժիշկ և 37 000 ատամնաբույժ (բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշները համեմատելի են զարգացած երկրների հետ)։ Բժշկական սպասարկման համեմատաբար ազատ հասանելիությունը պատմականորեն արտահայտվում է զարգացած երկրների հետ համեմատելի կառուցվածքում և մահացության ցուցանիշների առումով միտումներում։ 1953-2005 թվականներին սիրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացած մահացության տեսակարար կշիռն աճել է 20 %-ից մինչև 23 %, ուռուցքների հետևանքով՝ 14 %-ից մինչև 20 %, շնչառական համակարգի հիվանդությունների հետևանքով՝ 7 %-ից մինչև 14 %, մարսողական համակարգի հիվանդությունների (ոչ ինֆեկցիոն բնույթի) հետևանքով՝ 7 %-ից մինչև 11 %, կաթվածների հետևանքով՝ 7 %, տրավմաների հետևանքով՝ 6 %, ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով` 4 %։ Մնացած դեպքերը հիմնականում վերաբերում են դեմենցիային։ Մանկական մահերի բաժինը 1953-2005 թվականներին 19 տոկոսից նվազել է մինչև 3 տոկոս։

Մանուկների մահացությունը 1948-2008 թվականներին նվազել է 1000-ից մինչև 70։ Կյանքի միջին տևողությունը 60-ից հասել է 76 տարեկանի։ Թեև այդ ցուցանիշները ձեռնտու են միջին համաշխարհային երկրների ֆոնին, դրանք դեռևս փոքր-ինչ ցածր են զարգացած երկրների մակարդակից։ 2006 թվականին Արգենտինան այդ ցուցանիշով Լատինական Ամերիկայում զբաղեցրել է 4-րդ տեղը։

Գիտություն և տեխնոլոգիաներ

Արգենտինան աշխարհին տվել է բազմաթիվ հանրաճանաչ բժիշկներ, գիտնականներ և գյուտարարներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի երեք դափնեկիր։ Արգենտինացի բժիշկների ուսումնասիրությունները հանգեցրել են վերքերի բուժման, սրտի հիվանդությունների, քաղցկեղի որոշ ձևերի էական տեղաշարժերի։ Դոմինգո Լիոտան աշխարհում առաջին անգամ՝ 1969 թվականին, փոխպատվաստել է մարդու արհեստական սիրտ։ Ռենե Ֆավալորոն տեխնիկա է մշակել և աշխարհում առաջին անգամ իրականացրել աորտոկորոնար շունտավորում։ Ֆրանցիսկո դե Պեդրոն հորինել է արհեստական սրտի խթանիչը բարձրացնող ավելի հուսալի միջոց։

Գիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած լատինաամերիկացի առաջին դափնեկիր Բերնարդո Ուսայը հետազոտել է հիպոֆիզի դերը կենդանիների գլյուկոզի մակարդակի կարգավորման գործում։ Սեզար Միլշտեյնն իրականացրել է հակամարմինների լայնածավալ հետազոտություններ։ Լուիս Լելուարը հայտնաբերել է մարմնի կողմից էներգիայի կուտակման գործընթացը՝ գլյուկոզը փոխակերպելով գլիկոգենի, ինչպես նաև ածխաջրերի նյութափոխանակության մեջ որոշ հիմնարար միացություններ։ Բժիշկ Լուիս Ագոտեն մշակել է արյան փոխներարկման առաջին անվտանգ մեթոդը։ Էնրիկե Ֆինոչեթոն հորինել է մի շարք վիրաբուժական գործիքներ, ինչպիսիք են վիրաբուժական մկրատը, որը կրում է իր անունը («Ֆինոչեթոյի մկրատ»), և կողոսկրի վիրաբուժական բաժանիչը։

Արգենտինան զարգացնում է սեփական միջուկային ծրագիրը՝ փորձելով խուսափել արտասահմանյան տեխնոլոգիաների ամբողջական կախվածությունից։ 1957 թվականին կառուցվել է հետազոտական ռեակտոր, իսկ 1974 թվականին՝ Լատինական Ամերիկայում առևտրային առաջին ռեակտորը։ Արգենտինական տեխնոլոգիաների հետազոտմամբ զբաղվող միջուկային օբյեկտներ (INVAP) կառուցվել են Պերուում, Ալժիրում, Ավստրալիայում, Եգիպտոսում։ 1983 թվականին երկիրը ճանաչվել է միջուկային զենքի արտադրության կարևորագույն փուլ հանդիսացող զինագործական ուրանի արտադրության հնարավորություններով օժտված երկիր։ Սակայն այդ պահից Արգենտինան պարտավորվել Է միջուկային էներգիան օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով։ Որպես ԱՏԷՄԻԳ-ի Կառավարիչների խորհրդի անդամ՝ Արգենտինան հանդես է գալիս միջուկային զենքի չտարածման օգտին և աջակցում միջուկային անվտանգության գլոբալ ապահովմանը։

Խորվաթ գաղթական Խուան Վուչետիչը համարվում է ժամանակակից դակտիլոսկոպիայի (մատների դրոշմի հանելը) հիմնադիրը։ Գյուտարար Ռաուլ Պատերաս Պեսկարան մասնագիտացած է շարժիչաշինության, մեքենաշինության և ավիաշինության ոլորտներում, մասնավորապես, ուղղաթիռների նոր մոդելների ստեղծման գործում։ Հունգարական ծագմամբ արգենտինացի Լասլո Բիրոն առաջին անգամ կազմակերպել է ժամանակակից գնդիկավոր գրիչի զանգվածային արտադրությունը։ Էդուարդո Տաուրոզին հորինել է ներքին այրման ճոճանակաձև շարժիչը։ Խուան Մալդասենան լարերի տեսության զարգացման առաջատարներից մեկն է։ Արգենտինացիները Երկրի ուղեծիր են դուրս բերել մի շարք արհեստական արբանյակներ՝ ներառյալ «LUSAT-1» (1990 թվական), «Víctor-1» (1996 թվական), «PEHUENSAT-1» (2007 թվական), ինչպես նաև արգենտինական CONAE տիեզերական գործակալության «SAC» սերիայի արբանյակները։ Պիեռ Օժեի աստղադիտարանը Մենդոսա պրովինցիայի Մալարգուե քաղաքի մոտակայքում տիեզերական ճառագայթների առավել առաջավոր աստղադիտարանն է։ Արգենտինան Լատինական Ամերիկայի առաջին երկիրն է, որ օդ է բարձրացրել ռեակտիվ ինքնաթիռ (FMA I.Ae. 27 Pulqui):

Արգենտինայի պատվին է անվանվել 1901 թվականին հայտնաբերված (469) Արգենտինա աստերոիդը։

Զանգվածային լրատվության միջոցներ

Տպագիր հրատարակություններ

Տպագիր հրատարակությունների ոլորտը շատ զարգացած է և կախված չէ պետությունից։ Հրատարակվում է ավելի քան 200 թերթ։ Հիմնական ազգային թերթերը հրատարակվում են Բուենոս Այրեսում։ Ցենտրիստական «Clarín» թերթը Լատինական Ամերիկայի ամենազանգվածային հրատարակությունն է և երկրորդն է իսպանախոս աշխարհում։ Այլ համազգային թերթեր են «La Nación»-ը (աջ կենտրոնական, հրատարակվում է 1870 թվականից), «Página / 12»-ը (ձախ), «Ámbito Financiero»-ը (գործարարական պահպանողական), «Olé»-ը (մարզական), «Crónica»-ն (պոպուլիստական)։

Համեմատաբար մեծ տպաքանակով լույս է տեսնում օտարալեզու երկու թերթ՝ «Argentinisches Tageblatt» (գերմաներեն) և «Buenos Aires Herald» (անգլերեն, հրատարակվում է 1876 թվականից)։ Տարածաշրջանային հիմնական հրատարակություններ են «La Voz del Interior»-ը (Կորդովա), «Rio Negro»-ն (Հեներալ-Ռոքա), «Los Andes»-ը (Մենդոսա), «La Capital»-ը (Ռոսարիո), «El Tribuno» (Սալտա), «La Gaceta»-ը (Տուկուման)։ Ամսագրերի շարքում ամենամեծ տպաքանակով հրատարակվում է «Noticias»-ը։ Արգենտինական հրատարակչությունները, այդ թվում՝ «Atlántida»-ն, «Eudeba»-ն, «Emecé»-ն և այլն, իսպանական և մեքսիկական հրատարակչությունների հետ համարվում են իսպանալեզու։ «El Ateneo»-ն Լատինական Ամերիկայի գրախանութների խոշորագույն ցանցն է։

Ռադիո և հեռուստատեսություն

Արգենտինան ռադիոհաղորդման ցանցի ոլորտում ռահվիրա է։ 1920 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ին, «Sociedad Radio Argentina» ռադիոկայանը հայտարարել է. «Այժմ մենք հեռարձակում ենք Ռիխարդ Վագների` Բուենոս Այրեսի Կոլիզեո թատրոնում բեմադրված «Պարսիֆալ» օպերան»։ Քաղաքում միայն մոտ 20 տուն է ունեցել լսողության ռադիոընդունիչներ։ Երկրում առաջին ռադիոկայանը միակն է եղել մինչև 1922 թվականը, երբ սկսվել է «Radio Cultura»-ի հեռարձակումը։ 1925 թվականին Բուենոս Այրեսում և այլ քաղաքներում արդեն եղել է շուրջ 12 ռադիոկայան։ 1930-ական թվականներին Արգենտինայում սկսվել է ռադիոյի ոսկեդարը, որը լի է եղել էստրադային համերգների (վարյետե), նորությունների, «օճառային» օպերաների և սպորտային իրադարձությունների հեռարձակումներով։

Ներկայումս Արգենտինայում գործում է AM և 1150 FM ձայնածավալների 260 ռադիոկայան։ Երաժշտությունը և երիտասարդական ծրագրերը մեծ մասամբ FM ձևաչափով են։ Նորությունները, բանավեճերը և սպորտային հաղորդումները հիմք են հանդիսացել AM հեռարձակման։ Երկրում լայն տարածում ունի սիրողական ռադիոկապը։

Արգենտինայի հեռուստատեսային արդյունաբերությունն ընդարձակ է և բազմազան։ Ալիքները լայնորեն հեռարձակվում են Լատինական Ամերիկայում և ընդունվում ամբողջ երկրում։ Տեղական շատ ծրագրեր հեռարձակվում են այլ երկրների հեռուստատեսությամբ։ Օտարերկրյա արտադրողները նաև գնում են իրենց շուկաների ծրագրերին հարմարեցման իրավունքը։ Արգենտինայում գործում է համազգային հինգ հեռուստաալիք։ Բոլոր գավառների մայրաքաղաքներն ու խոշոր քաղաքներն ունեն առնվազն մեկ տեղական կայան։ Մալուխային և արբանյակային հեռուստաալիքների առկայությունն Արգենտինայում նման է Հյուսիսային Ամերիկային։ Արգենտինայի շատ մալուխային ցանցեր` «Utilísima Satelital», «TyC Sports», «Fox Sports en Español» (ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ համատեղ), «MTV Argentina», «Cosmopolitan TV», ինչպես նաև «Todo Noticias» լրատվական ցանցը, սպասարկում են ամբողջ իսպանախոս աշխարհը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 708 Արգենտինա: Ստուգաբանություն, Աշխարհագրություն, Պատմություն 

Tags:

Արգենտինա ՍտուգաբանությունԱրգենտինա ԱշխարհագրությունԱրգենտինա ՊատմությունԱրգենտինա ՔաղաքականությունԱրգենտինա Զինված ուժերԱրգենտինա ՔաղաքներԱրգենտինա Վարչական բաժանումԱրգենտինա ՏնտեսությունԱրգենտինա ՏրանսպորտԱրգենտինա ԲնակչությունԱրգենտինա ՄշակույթԱրգենտինա ԿրթությունԱրգենտինա ԱռողջապահությունԱրգենտինա Գիտություն և տեխնոլոգիաներԱրգենտինա Զանգվածային լրատվության միջոցներԱրգենտինա Տես նաևԱրգենտինա ԾանոթագրություններԱրգենտինա ԳրականությունԱրգենտինա Արտաքին հղումներԱրգենտինա2022ԱկոնկագուաԱտլանտյան օվկիանոսԲոլիվիաԲուենոս ԱյրեսԲրազիլիաԻսպաներենԿոլումբիաՀարավային ԱմերիկաՀրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներՄիջազգային հնչյունական այբուբենՈւրուգվայՉիլիՊատագոնիաՊարագվայՊարանա (գետ)Ֆոլկլենդյան կղզիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Որդանման ելունի բորբոքումՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԴավիթ ԱնհաղթԼենկթեմուրԵվրոպայի դրոշներԲնական թիվՋրածինՇաղկապԿարմիր գիրքԱվագ շաբաթԷպոսՉեխիաՉակերտներՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՍևրի պայմանագիրՈւզբեկստանՀանրային առողջությունԱստղՎերին ՈսկեպարԴանիել ՎարուժանՀայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկՐաֆֆիԱրյան շրջանառությունՀիսուսԳալակտիկաներՄեջքի ցավՎիտամինԼիտրՔամիԳլխուղեղի բորբոքումԴաշտանադադարՀարկՊատմություն Հայոց (Խորենացի)ՓորկապությունՀամակարգիչԵրաժշտությունՀովհաննես ԲաղրամյանՀայաստանի Ազգային ժողովՄեծ ՄհերՆահանջը առանց երգիԱծանցյալՀայկական մշակույթԱրյան ընդհանուր հետազոտությունՏերունական աղոթքԱնուղղակի խնդիրՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱվգուստ ՎայսմանՄակբայՀռիփսիմե ԽուրշուդյանՎանի թագավորությունԱմերիկաՔառօրյա պատերազմՇախմատՀայաստանի Կարմիր գիրքՋիլիզաՍիրտԶատկի ձուԹոքի քաղցկեղՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԳերճնշումԿրոնի հիվանդությունՀոգեբանությունԳլխուղեղի ուռուցքԴաունի համախտանիշՀայաստանի թռչունների ցանկԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀայկական ատոմային էլեկտրակայանԱմբրոքսոլԷվերեստՃողվածքԻսպանիաԳիսաստղԱրտաշեսյաններԴաշտանՀամակարգային կարմիր գայլախտ🡆 More