Վիտամին D-Ի Անբավարարություն

Վիտամին D-ի անբավարարություն կամ D հիպովիտամինոզ, հաճախ առաջանում է արևի ճառագայթների (մասնավորապես՝ ուլտրամանուշակագույն B ճառագայթների) անբավարար ազդեցության հետևանքով։ D վիտամինի հիպովիտամիոզ կարող է առաջանալ նաև սննդի մեջ վիտամին D-ի քիչ քանակի, ներծծման խանգարումների, ինչպես նաև նրա ակտիվ մետաբոլիտների փոխակերպման խանգարման դեպքում։ Վերջինս կարող է դիտվել լյարդի, երիկամների և ժառանգական խանգարումների դեպքում։ Վիտամին D-ի անբավարարությունը ախտահարում է ոսկրերի միներալիզացիան (հանքայնացումը)՝ հանգեցնելով ոսկրերի փափկեցման (օրինակ` ռախիտի երեխաների դեպքում)։ Այն կարող է նաև հանգեցնել մեծահասակների դեպքում օստեոպորոզի և օստեոմալյացիայի խորացման և բարձրացնել կոտրվածքների ռիսկը։ Մկանային թուլությունը նույնպես բնորոշ է վիտամին D-ի անբավարարությանը, որը մեծացնում է ընկնելու և կոտրվածքների առաջացման ռիսկը։

Վիտամին D-ի անբավարարություն
Տեսակֆիզիկալ նշան և հիվանդություն
Պատճառrs2282679?
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9268 և 268.9
ՀՄԴ-10E55
Վիտամին D-Ի Անբավարարություն Vitamin D deficiency Վիքիպահեստում

Արևի ուլտրամնուշակագույն B ճառագայթները վիտամին D-ի հզոր աղբյուր են։ Սաղմոնի, ծովատառեխի և թյունիկի ճարպերը հարուստ են վիտամին D-ով։ Կաթը, հացը, հյութերը և այլ առօրյա մթերքներ որոշ չափով հարստացվում են վիտամին D-ով։ Այժմ շատ վիտամինային կոմպլեքսներ պարունակում են տարբեր չափաբաժիններով վիտամին։

Դասակարգում

Վիտամին D-ի անբավարարությունը սովորաբար ախտորոշվում է արյան մեջ 25 հիդրօքսիվիտամին D-ի քանակության որոշմամբ։

  • Նորմալ՝ 30-100 նգ/մլ
  • Անբավարարություն՝ 20-29 նգ/մլ
  • արտահայտված անբավարարություն՝ 20 նգ/մլ

Վիտամին D-ի մակարդակը նորմայի նշված սահմաններում պահելը օգնում է կանխել ինչպես թերվիտամինոզի հետևանքով առաջացած կլինիկական դրսևորումները, այնպես էլ գերդոզավորման հետևանքով առաջացած թունավորման երևույթները։

Վիտամին D-Ի Անբավարարություն 
վիտամին D-ի մակարդակի և որոշ ոսկրային հիվանդությունների միջև կապը։
Վիտամին D-Ի Անբավարարություն 
Նորմալ ոսկոր և օստեոպորոզով ախտահարված ոսկոր

Ախտանիշներ

Վիտամին D-ի անբավարարությունը կարող է ընթանալ անախտանիշ, սակայն կարող է առաջացնել նաև մի շարք խնդիրներ, ներառյալ՝

  • Օստեոմալյացիա՝ ոսկրերի փափկացում, որը դիտվում է գերազանցապես մեծահասակների մոտ և բնութագրվում է պրոքսիմալ (մոտակա) մկանային թուլությամբ և ոսկրերի փխրունությամբ։
  • Օստեոպորոզ՝ ոսկրերի խտության նվազում և բարձր փխրունության
  • Կոտրվածքի բարձր ռիսկ
  • Ռախիտ՝ մանկական հիվանդություն, որը բնութագրվում է աճի դանդաղումով և երկար ոսկրերի ձևախախտումով։ Վիտամին D-ի անբավարարության առաջին նշանը կարող է համարվել գանգի ոսկրերի փափկեցումը կամ բարակումը։
  • Մկանային ցավեր կամ թուլություն
  • Մկանային ցնցումներ, որոնք պայմանավորված են իոնիզացված կալցիումի ցածր մակարդակով, ինչն էլ իր հերթին Վիտամին D-ի ցածր պարունակության հետևանք է։
  • Գլխապտույտ
  • Պերիօդոնտիտ, ոսկրի տեղային բորբոքում, որի հետևանքով կարող է դիտվել ատամի կորուստ
  • Պրեէկլամպսիա՝ գույություն ունի փոխկապակցվածություն վիտամին D-ի անբավարարության և հղիության ընթացքում պրեէկլամպսիայի զարգացման միջև։ Այս երկու վիճակների միջև ճշգրիտ կապը դեռևս պարզաբանված չէ։ Կնոջ օրգանիզմում վիտամին D-ի անբավարարությունն ազդում է երեխայի վրա ինչպես նախքան ծնվելը՝ հանգեցնելով ակնհայտ ոսկրային հիվանդությունների, այնպես էլ ծնվելուց հետո։
  • Դեպրեսիա. վիտամին D-ի անբավարարությունը համարվում է դեպրեսիայի ռիսկի գործոն։ Որոշ հետազոտություներ հայտնաբերել են, որ վիտամին D-ի ցածր մակարդակը կորելյացվում է դեպրեսիվ վիճակների հետ և դիտվում են դեպրեսիա ունեցող անձանց մոտ։
Վիտամին D-Ի Անբավարարություն 
Ռախիտով հիվանդ երեխա

Պաթոֆիզիոլոգիա

Վիտամին D-ի անբավարարությունը հաճախ պայմանավորված է լինում արևի ճառագայթների անբավարար ազդեցությամբ։ Մարդիկ, ովքեր ունեն մուգ մաշկ կամ մելանինի բարձր պարունակություն կարող են ունենալ վիտամին D-ի սինթեզի ցածր մակարդակ։ Մելանինը կլանում է արևի ուլտրամանուշակագույն B ճառագայթները և նվազեցնում է վիտամին D-ի առաջացումը։ Արևապաշտպան միջոցները նույնպես նվազեցնում են վիտամին D-ի սինթեզի մակարդակը։ Որոշ դեղամիջոցներ կարող են արագացնել վիտամին D-ի նյութափոխանակությունը՝ հանգեցնելով անբավարարության։ Լյարդի և երիկամների որոշ հիվանդությունների դեպքում խանգարվում է վիտամին D-ի ակտիվացումը՝ բերելով հիպովիտամինոզի։ Լյարդն անհրաժեշտ է վիտամին D-ն 25 հիդրօքսիվիտամին D-ի փոխակերպելու համար, որը ոչ ակտիվ մետաբոլիտ է, սակայն հանդիսանում է ակտիվ վիտամին D-ի նախանյութ։

Լյարդի հիվանդությունների դեպքում 25 հիդրօքսիվիտամին D-ի խանգարվում է՝ բերելով վիտամին D-ի անբավարարության։ Երիկամները պատասխանատու են 25 հիդրօքսիվիտամին D-ն 1,25 հիդրօքսիվիտամին D-ի փոխակերպման համար, որը համարվում է վիտամին D-ի ակտիվ ձևը։ Երիկամների հիվանդությունների դեպքում տուժում է 1,25 հիդրօքսիվիտամին D-ի՝ ակտիվ վիտամին D-ի առաջացումը։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ դիտվող մալաբսորբցիայի (թերներծծման) դեպքում կարող է խանգարվել վիտամին D-ի ներծծման պրոցեսը՝ հանգեցնելով անբավարարության։ Վիտամին D-ի հիպովիտամինոզը հանգեցնում է աղիներից կալցիումի ներծծման խանգարման, որի հետևանքով ակտիվանում են օստեոկլաստները, որոնք սկսում են քայքայել ոսկրային մատրիքսը։ Հիպոկալցեմիայի դեպքում կալցիումը ոսկրերից վերաբաշխվում է դեպի արյուն, ինչպես նաև կարող է առաջանալ երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմ, որը համարվում է օրգանիզմի պատասխան ռեակցիան կալցիումի մակարդակը բարձրացնելու համար։ Դա իրականացվում է երիկամների կողմից կալցիումի հետներծծումը բարձացնելու և ոսկրերից կալցիումի «լվացման»միջոցով։ Երկարատև լինելու դեպքում, սա կարող է հանգեցնել մեծահասակների դեպքում օստեոպորոզի, իսկ երեխաների դեպքում՝ ռախիտի։

Վիտամին D-Ի Անբավարարություն 
վիտամին D-ի սինթեզը

Ռիսկի գործոններ

Վիտամին D-ի անբավարարության բարձր ռիսկի խմբում են այն մարդիկ, ովքեր ունեն արևի ճառագայթների պակաս։ Դա կարող է պայմանավորված լինել կլիմայական առանձնահատկություններով, հագուստի հետ կապված սովորություններով, չափից շատ արևապաշտպան միջոցների կիրառմամբ։

Տարիք

Վիտամին D-ի անբավարարությունն ավելի շատ դիտվում է տարեց մարդկանց շրջանում՝ պայմանավորված մի քանի ռիսկի գործոնների զուգակցմամբ. արևի լույսի պակաս, սննդակարգում վիտամին D պարունակող քիչ սննդամթերք, մաշկի բարակություն։ Վերջինս հանգեցնում է արևի ճառագայթներից վիտամին D-ի քիչ կլանման։

Ճարպի քանակություն

Քանի որ վիտամին D1-ը (խոլեկալցիֆերոլ) և վիտամին D2-ը (էրգոկալցիֆերոլ) ճարպալույծ են նրանց ներծծման և օրգանիզմում պահեստավորման համար անհրաժեշտ է ճարպի որոշակի քանակություն։ Ինչքան ցածր է ճարպի քանակությունը, այնքան մեծ է D վիտամինային անբավարարության առաջացման ռիսկը. սա ճիշտ է հատկապես որոշ մարզիկների դեպքում, ովքեր ձգտում են լինել հնարավորինս նիհար։

Թերսնուցում

Թեև այժմ ռախիտը և օստեոմալյացիան հազվադեպ են դիտվում Մեծ Բրիտանիայում, այնուամենայնիվ ներգաղթյալների համայնքներում դիտվում են օստեոմալյացիայի «բռնկումներ» կանանց շրջանում, ովքեր թվում է թե բավականաչափ արևի ճառագայթման են ենթարկվում, սակայն կրում են տիպիկ արևելյան հագուստ։ Մաշկի մուգ գույնը և արևի լույսի պակասը չէին առաջացնում ռախիտ, քանի դեռ սննդակարգը չէր շեղվում արևելյան տիպիկ սննդակարգից, որը պարունակում է մեծ քանակությամբ միս, ձուկ, ձու և հացահատիկների քիչ քանակություն։ Արևոտ երկրներում, որտեղ ռախիտը դիտվում է ավելի բարձր տարիքի երեխաների մոտ, վիտամին D-ի անբավարարությունը կապում են սննդի մեջ կալցիումի անբավարար քանակի հետ։ Սա բնութագրական է հացահատիկային սննդակարգի համար։ ԱՄՆ-ում ռախիտը համարվում էր լուրջ առողջապահական խնդիր։ Դենվերում, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթները 20%-ով ուժեղ են քան ծովի մակարդակին, 1920-ականների վերջին 500 երեխաների 2/3-ը ունեին թեթև արտահայտված ռախիտ։ 20-րդ դարում ամերիկյան սննդակարգում կենդանական սպիտակուցների մասնաբաժնի բարձրացումը, համեմատաբար փոքր քանակությամբ վիտամիններով հարստացված կաթի հետ զուգակցմամբ, հանգեցրել է է ռախիտի դեպքերի կտրուկ նվազման։ Ուգանդայի հիվանդանոցներից մեկում կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ թերսնված և նորմալ սնվածությամբ երեխաների վիտամին D-ի մակարդակների միջև չկան նշանակալի տարբերություններ։ Երկու խմբերն էլ ռիսկի խմբում էին մաշկի մուգ գույնով պայմանավորված և երկու խմբերում էլ դիտվում էր վիտամին D-ի անբավարարաություն։ Այս հետազոտության մեջ սնման մակարդակը դեր չի ունեցել։

Գիրություն

Վիտամին D-ի անբավարարության ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ունեն հավելյալ քաշ կամ ճարպակալում՝ հիմնվելով մարմնի զանգվածի ինդեքսի վրա։ Այս երևույթների միջև կապը դեռ պարզ չէ։ Կան մի շարք գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ, օրինակ՝ որոշակի սննդակարգը կամ արևի ճառագայթումը։ Մյուս կողմից էլ վիտամին D-ն ճարպալույծ վիտամին է, հետևաբար նրա հավելյալ քանակները կարող են կուտակվել ճարպային հյուսվածքում և օգտագործվել ձմեռվա ընթացքում, երբ կա արևի լույսի պակաս։

Արևի ճառագայթում

Արևապաշտպան միջոցների կիրառումը տեսականորեն կարող է սահմանափակել մաշկում վիտամին D-ի սինթեզը շուրջ 95%-ով։ Գործնականում արևապաշտպան միջոցները կիրառվում են այնպես, որ ունենան վիտամին D-ի մակարդակի վրա աննշան ազդեցություն։ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում արևապաշտպան միջոցների քարոզչությունը հազիվ թե ազդել է վիտամին D-ի մակարդակի վրա։ Դրանց փոխարեն հագուստն ավելի արդյունավետ է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանման և վիտամին D-ի բնական սինթեզի ընկճման հարցում։ Հագուստները, որոնք ծածկում են մարմնի և մաշկի մեծ մասը և որոնց կրում են մշտապես, օրինակ՝ փարանջան, կորելյացվում են վիտամին D հիպովիտամինոզի հետ։

Հասարակածից հեռու գտնվող տարածաշրջաններն ունեն արևի լույսի քանակի և ինտենսիվության սեզոնային բարձր փոփոխականություն։ Միացյալ Թագավորությունում վիտամին D-ի ցածր մակարդակ երեխաների և դեռահասների շրջանում ավելի շատ դիտվում է ձմռանը, քան ամռանը։ Կենսակերպի այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխատանքը փակ տարածությունում և բացօթյա հանգիստը խաղում են կարևոր դեր։

Վիտամին D-ի անբավարարությունը կապված է ուրբանիզացիայի հետ։ Դա պայմանավորված է ինչպես օդի աղտոտմամբ, որն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, այնպես էլ, փակ տարածություններում աշխատող մարդկանց քանակի ավելացմամբ։ Տարեց մարդիկ, ընդհանուր առմամբ, ենթարկվում են ավելի քիչ ուլտրամանուշակագույն ճառագայթման՝ հոսպիտալիզացիաներով, անշարժությամբ և նստակյաց կենսակերպով պայմանավորված, ինչն էլ հանգեցնում է վիտամին D-ի անբավարարության։

Մաշկի մուգ գույն

Մաշկի բաց գունավորում ունեցող մարդկանց թույլ պիգմենտացիան կարող է հանգեցնել վիտամին D-ի բարձր մակարդակի, իսկ քանի որ մելանինը արգելափակում է արևի ճառագայթները, մաշկի մուգ գույն ունեցող անձանց անհրաժեշտ է վիտամին D-ի հավելյալ քանակություն հիպովիտամինոզից խուսափելու համար։

Թերներծծում

Վիտամին D-ի անբավարարությունը տարածված է ցելիակիայով, աղիների բորբոքային հիվանդությամբ, մուկովիսցիդոզի հետևանքով առաջացած ենթաստամոքսային գեղձի արտազատական (էկզոկրին) անբավարարությամբ, կարճ աղիքի համախտանիշով հիվանդների շրջանում։ Այս բոլոր դեպքերում դիտվում է թերներծծում։ Վիտամին D-ի անբավարարություն դիտվում է նաև այն վիրահատություններից հետո, որոնց դեպքում նվազում է աղիներից ներծծման պրոցեսը, ներառյալ քաշը նվազեցնող միջամտություններ։

Կրիտիկական հիվանդություն

Վիտամին D-ի անբավարարությունը կրիտիկական հիվանդությունների դեպքում զուգակցվում է բարձր մահացության հետ։ Մարդիկ, ովքեր նախքան ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելը ստացել են վիտամին D, ավելի քիչ հավանական է, որ կմահանան քան նրանք, ովքեր չեն ստացել։ Բացի այդ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ընթացքում հիվանդների մոտ նվազում է վիտամին D-ի մակարդակը։ Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլը) կամ կալցիտրիոլը կարող է նվազեցնել մահացության մակարդակը առանց նշանակալի կողմնակի էֆեկտների։

Ախտորոշում

Վիտամին D-ի մակարդակը որոշելու համար չափվում է 25 հիդրօքսիվիտամին D-ի կոնցենտրացիան արյան մեջ։ Վիտամին D-ի մեծ մասը փոխակերպվում է 25 հիդրօքսիվիտամին D-ի, տալով ճշգրիտ պատկերացում վիտամին D-ի մակարդակի վերաբերյալ։ 1,25 հիդրօքսիվիտամին D-ն սովորաբար չի կիրառվում վիտամին D-ի մակարդակը որոշոլու համար, քանի որ 1,25 հիդրօքսիվիտամին D-ի կոնցնետրացիան կարգավորվում է օրգանիզմի այլ հորմոնների միջոցով, օրինակ՝ պարաթիրեոիդ հորմոնի։ 1,25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը կարող է մնալ նորմալ անգամ երբ մարդու մոտ առկա է վիտամին D-ի դեֆիցիտ։

Շիճուկում 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակի որոշումը այն լաբորատոր թեստն է, որը կիրառվում է վիտամին D-ի անբավարարաությունը հայտնաբերելու համար։

Խելամիտ է համարվում նաև ռիսկի խմբում գտնվող անձանց նշանակել վիտամին D՝ առանց որոշելու արյան մեջ 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը, քանի որ վիտամին D-ի տոքսիկ ազդեցությունը միայն հազվադեպ է դիտվում։

Պոտենցիալ տոքսիկ են համարվում 25 հիդրօքսիվիտամին D-ի մշտական 200 նգ/մլ (500 նմոլ/Լ)-ից բարձր մակարդակները, չնայած այս խնդրի վերաբերյալ մարդկանցից ստացված տվյալները աղքատ են։ Վիտամին D-ի թունավոր ազդեցությունը սովորաբար դիտվում է հավելանյութերի ավելցուկային կիրառման դեպքում։ Ախտանիշները սովորաբար պայմանավորված են լինում հիպերկալցեմիայով, իսկ 25 հիդրօքսիվիտամին D-ի-ի մակարդակները սովորաբար լինում են 150նգ/մլ-ից (375 նմոլ/L) բարձր, թեև որոշ դեպքերում լինում են նաև նորմալ մակարդակներ։ Վիտամին D-ի մեծ դեղաչափեր ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում կալցիումի մակարդակի պարբերաբար հսկողություն։

Սքրինինգ

Ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների կանխարգելման կենտրոնի պաշտոնական ուղեցույցի, չկան բավականաչափ ապացույցներ այն մասին, որ վիտամին D-ի անբավարարության սքրինինգը օգտակար կամ շահավետ է այն անձանց դեպքում, ովքեր չեն մտնում ռիսկի խմբի մեջ կամ ասիմպտոմատիկ են։

Բուժում

2016 թվականի տվյալների համաձայն ԱՄՆ-ում և Կանադայում վիտամին D-ի օրական խորհուրդ տրվող դեղաչափը երեխաների դեպքում կազմում է 400 IU, մեծահասակների դեպքում՝ 600 IU, իսկ 70 տարին լրացածների դեպքում՝ 800 IU։ Կանադական մանկաբույժների ասոցիացիան խորհուրդ է տալիս հղի կամ կրծքով կերակրող կանանց օրական ընդունել 2000 IU վիտամին D, որպեսզի այն երեխաները ովքեր կերակրվում են բացառապես կրծքի կաթով օրական ստանան 400 IU վիտամին D, իսկ այն երեխաները, ովքեր բնակվում են հյուսիսային լայնության 55°-ից հյուսիս, օգոստոս ամսից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում ստանան օրական 800 IU։

Վիտամին D-ի անբավարարության բուժումը կախված է անբավարարության աստիճանից։ Բուժումն ընդգրկում է սկզբնական մեծ դեղաչափերով բուժման շրջան մինչև ցուցանիշների նորմային հասնելը, որին հաջորդում է ձեռք բերված մակարդակների պահպանման շրջանը։ Ինչքան ցածր է 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը նախքան բուժումը, այնքան բարձր է այն դեղաչափը, որն անհրաժեշտ է նորմային արագ հասնելու համար։

Սկզբնական բարձր դեղաչափերով բուժումը կարող է իրականացվել օրական կամ շաբաթական դեղաչափերով, ինչպես նաև կարող են կիրառվել մեկ կամ մի քանի միանվագ դեղաչափեր (հայտնի է նաև որպես «շթոս » թերապիա, գերմաներեն "Stoßen" բառից, որը նշանակում է «հրել»)։

Բուժման մոտեցումները տարբերվում են և չկա ընդունված միասնական մոտեցում այն բանի մասին, թե ինչպես է պետք հասնել վիտամին D-ի օպտիմալ մակարդակին։ Չնայած կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ վիտամին D3-ը ավելի լավ է բարձրացնում 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը, այլ ապացույցներ խոսում են այն մասին, որ վիտամին D2-ը և վիտամին D3-ը ունեն նույն ազդեցությունը 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակը պահելու գործում։

Վիտամին D-Ի Անբավարարություն 
Վիտամին D2-ի դեղահաբեր

Սկզբնական փուլ

Օրական, շաբաթական կամ ամսական դեղաչափ

Ռախիտի բուժման համար Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիան խորհուրդ է տալիս երեխաների բուժումը սկսել երկու-երեքամսյա բարձր դեղաչափային թերապիայով։ Այս դեպքում խոլեկալցիֆերոլի օրական դեղաչափը նորածինների դեպքում կազմում է 1000 IU, 1-12 ամսական երեխաների դեպքում 1000-5000 IU, իսկ մեկ տարեկանից բարձրերի դեպքում՝ 5000 IU։

Մեծահասակների դեպքում անհրաժեշտ են այլ դեղաչափեր։ 2008-2009 թվականների վերլուծությունն առաջարկում է 2-3 ամիս ընդունել օրական 1000 IU խոլեկալցիֆերոլ՝ վիտամին D-ի մակարդակը 10նգ/մլ-ով բարձրացնելու համար։ Ըստ մեկ այլ ուղեցույցի հաշվարկվում է խոլեկալցիֆերոլի հագեցման շաբաթական դեղաչափն ըստ մարմնի քաշի։

Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում ամբողջ բնակչության մոտ վիտամին D-ի օպտիմալ մակարդակի հասնելու համար վիտամին D-ի անբավարարությամբ և օստեոպորոզով հիվանդներին կամ բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց խորհուրդ է տրվում սկսել բուժումը միանվագ հագեցման դոզայով։ Դեղաչափը կազմում է շաբաթական 50000 IU 8 շաբաթվա ընթացքում 20 ng/mL-ից ցածր և շաբաթական 50000 IU 4 շաբաթվա ընթացքում 20-30 ng/mL ցուցանիշների դեպքում։ Հետագայում երկարաժամկետ համալրումը պետք է շարունակել ամսական 50000 IU դեղաչափով։

Մինչ այժմ չկան վիտամին D-ի ընդունման ռեժիմի վերաբերյալ վերջնական տվյալներ և դեղաչափերի միջև իդեալական ժամանակահատվածի հարցը մնում է վիճարկելի։ Ish-Shalom et al.-ը կատարել է հետազոտություն տարեց կանանց շրջանում և համեմատել է հետևյալ դեղաչափերի էֆեկտիվությունը և անվտանգությունը. օրական 1500 IU, շաբաթական 10500 IU և 28 օրը մեկ 45000 IU։ Դեղաչափերը տրվել են 2 ամիս շարունակ։ Նրանք եզրակացրին, որ արդյունքները նույնն են դիտվում վիտամին D-ի օրական, շաբաթական և ամսական կիրառման դեպքում։ Մեկ այլ հետազոտություն հրապարակվել է Takacs et al.-ում, որտեղ զեկուցվում էր օրական 1000 IU, շաբաթական 7000 IU, ամսական 30000 IU դեղաչափերի հավասար արդյունավետության մասին։ Այնուամենայնիվ, այս հետազոտությունների արդյունքները տարբերվում են Chel et al.-ի զեկույցից, որտեղ օրական դեղաչափը գնահատվում էր ավելի արդյունավետ, քան ամսականը։ De Niet et al-ի հետազոտության մեջ 60 հիվանդներ պատահականորեն բաժանվել են 2 խմբի։ Մի խումբը ստացել է օրական 2000 IU վիտամին D3, մյուսը՝ ամսական 50000 IU։ Նրանք զեկուցեցին, որ 2 դեղաչափերն ունեն նման էֆեկտիվություն, սակայն ամսական դեղաչափն ապահովում է վիտամին D-ի մակարդակի ավելի արագ նորմալացում։

Մեկ դեղաչափային բուժում

Մեկ դեղաչափային բուժումը կիրառվում է որպես այլընտրանք այն դեպքերում, երբ կա կասկած հիվանդի կողմից բուժմանը հետևելու հետ կապված։ Մեկ դեղաչափային բուժումը կարող է իրականացվել ներարկման միջոցով, սակայն սովորաբար կիրառվում է per oral (բերանացի) եղանակը։

Վիտամին D և սննդի ընդունում

Վիտամին D-ի ներծծման վրա ազդում է սննդի բաղադրությունը, մասնավորապես՝ ճարպի պարունակությունը։ Քանի որ վիտամին D-ն ճարպալույծ է, ենթադրվում է, որ վիտամին D-ի ներծծումը կբարելավվի, եթե հիվանդները տեղյակ լինեն, որ վիտամին D-ն պետք է ընդունել ճաշի ընթացքում։ Raimundo et al.-ը իրականացրել է տարբեր հետազոտություններ և հանգել այն եզրակացության, որ ճարպերով հարուստ սնունդը նպաստում է վիտամին D3-ի ներծծմանը։ Կլինիկական զեկույցում նշվում է, որ 17 հիվանդների մոտ 2-3 ամսվա ընթացքում դիտվել է 25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակի աճ 57%-ով, երբ նրանք սկսել են վիտամին D-ն ընդունել օրվա սննդի ամենամեծ չափաբաժնի հետ։ Մեկ այլ հետազոտություն, որին մասնակցում էին 152 առողջ կանայք և տղամարդիկ եզրահանգել է, որ այն սննդակարգերը, որոնք հարուստ են մոնոչհագեցած ճարպերով բարձրացնում են վիտամին D պարունակող հավելումների էֆեկտիվությունը, իսկ պոլիչհագեցած ճարպաթթուներ պարունակողները՝ նվազեցնում։ Cavalier E. et al.-ի իրականացրած մեկ այլ հետազոտությանը, մասնակցում էր 88 հիվանդ, ովքեր ընդունում էին 50000 IU վիտամին D՝ ճարպային լուծույթի մեջ լուծված (2 ամպուլաների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր 25000 IU (D‐CURE®, Laboratories SMB SA, Brussels, Belgium)) ճարպերի բարձր պարունակությամբ նախաճաշով կամ առանց նախաճաշի։ Հիվանդների երկու խմբերի միջև նշանակալի տարբերություն չի նկատվել։

Պահպանման փուլ

Մանկաբույժների Ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս ցանկալի արդյունքին հասնելուց հետո 400 IU պահպանողական դեղաչափ բոլոր տարիքային խմբերում։ Դեղաչափն անհրաժեշտ է կրկնապատկել անհաս նորածինների, մաշկի մուգ գույն ունեցող երեխաների, արևի սահմանափակ ճառագայթմամբ տարածքներում բնակվող երեխաների, գեր մարդկանց և որոշակի դեղամիջոցներ ստացող հիվանդների դեպքում։

Հատուկ դեպքեր

Երբեմն արյան մեջ կալցիումի անհրաժեշտ քանակությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինում վիտամին D-ի մեծ դեղաչափեր (անգամ մինչև օրական 100000 IU կամ 2.5 մգ)։ Դա կարող է դիտվել հարվահանաձև գեղձերի հեռացման (մեծ մասամբ դիալիզային հիվանդների դեպքում, ովքեր ունեն երրորդային հիպերպարաթիրեոիդիզմ) կամ հիպոպարաթիրեոիդիզմի դեպքում։ Լյարդի քրոնիկական հիվանդությունների կամ թերներծծման դեպքում նույնպես կարող են պահանջվել վիտամին D-ի մեծ դեղաչափեր (մինչև օրական 40000 IU կամ 1 մգ)։

Համաճարակաբանություն

D վիտամինային անբավարարությամբ բնակչության տոկոսը տատանվում է անբավարարաությունը սահմանող շեմից կախված։

ԱՄՆ-ի բնակչության

տոկոսը

Անբավարարության

սահմանում

Հետազոտություն Հղում
69.5% 25(OH)D <30 նգ/մլ Chowdury et al. 2014
77% 25(OH)D < 30 նգ/մլ Ginde et al. 2009
36% 25(OH)D < 20 նգ/մլ Ginde et al. 2009
6% 25(OH)D <10 նգ/մլ Ginde et al. 2009

25 հիդրօքսիվիտամին D-ի մակարդակի հետ կապված ուղեցույցները տարբեր մասնագետների մոտ տարբեր են և հավանաբար տատանումը հիմնված է այնպիսիս գործոնների վրա ինչպիսին է տարիքը։ Վիտամին D-ի անբավարարաության համաճարակաբանական հաշվարկները կախված են վիտամին D-ի խորհուրդ տրվող մակարդակից։

2011թ-ին բժշկության ինստիտուտը (Institute of Medicicne IOM) սահմանեց վիտամին D-ի ցուցանիշի ստորին սահմանը 20 նգ/մլ (50նմոլ/լ), մինչդեռ նույն տարում էնդոկրինոլոգների ասոցիացիան վիտամին D-ի բավարար մակարդակը սահմանեց 30նգ/մլ-ից սկսած։ 2011թ․-ի տվյալների համաձայն լաբորատորիաների մեծ մասն կիրառում էր 30 նգ/մլ ցուցանիշը։

Ըստ IOM -ի չափանիշների 1988-1994 թվականների ընթացքում D վիտամինային անբավարարություն է ունեցել ԱՄՆ-ի բնակչության 22%-ը, իսկ 2001-2004 թվականների ընթացքում՝ 36%, իսկ ըստ էնդոկրինոլոգների ասոցիացիայի ցուցանիշի 1988-1994 թվականներին՝ 55%, 2001-2004 թվականներին՝ 77%։

2011 թվականին հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնը կիրառեց IOM-ի ստանդարտները 2001-2006 թվականների ընթացքում NHANES-ի հավաքած տվյալների հիման վրա և հրապարակեց, որ այդ ընթացքւմ D վիտամինային անբավարարություն են ունեցել ԱՄՆ-ի բնակչության 32%-ը։

Պատմություն

1918-1920 թվականներին Էդվարդ Մելանբին հայտնաբերել է կապը ռախիտի առաջացման և սննդակարգի միջև։ 1921 թվականին Էլմեր Մակկոլումը որոշ ճարպերի մեջ հայտնաբերեց հակառախիտիկ նյութ, որը կարող է կանխել ռախիտի առաջացումը և քանի որ դա չորրորդ հայտնաբերված վիտամինն էր, այն անվանվեց վիտամին D։ 1928 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է հանձնվել Ադոլֆ Վինդաուսին, ով հայտնաբերել է 7-դեհիդրոխոլեստերոլը, որը համարվում է վիտամին D-ի նախանյութ։

Նախքան կաթնամթերքի վիտամին D-ով հարստացումը, ռախիտը լուրջ առողջապահական խնդիր էր համարվում։ 1930-ականներից սկսած ԱՄՆ-ում կաթի յուրաքանչյուր լիտրը հարստացվում էր վիտամին D-ի 10 միկրոգրամով (400 IU)։ Դա հանգեցրեց ռախիտի դեպքերի նշանակալի նվազման։

Հետազոտություն

Մի շարք հետազոտություններ ուղղված են եղել պարզելու, թե արդյոք վիտամին D-ի ցածր մակարդակները կարող են լինել այլ իրավիճակների պատճառ կամ հետևանք։

Որոշ փաստեր վկայում են այն մասին, որ D հիպովիտամինոզը որոշ քաղցկեղների դեպքում կարող է կապված լինել վատ ելքի հետ, բայց այդ փաստարկներն բավարար չեն քաղցկեղի դեպքում վիտամին D նշանակելու համար։ Քաղցկեղի զարգացման ռիսկի վրա վիտամին D-ն չունի նշանակալի ազդեցություն։ Այնուամենայնիվ, կարծես թե վիտամին D3-ը նվազեցնում է քաղցկեղից մահացութունը, սակայն կան կասկածներ այդ տվյալների հավաստիության հետ կապված։

Ենթադրվում է, որ վիտամին D-ի անբավարարաությունը դեր ունի լյարդի ոչ ճարպային հեպատոզի պաթոգենեզում։

Որոշ հետազոտություններ պնդում են, որ վիտամին D-ն դերակատարում ունի իմունիտետի մեջ և այն մարդիկ ովքեր ունեն D հիպովիտամինոզ կարող են խնդիրներ ունենալ վարակների որոշ տեսակների դեմ պայքարում։ Վիտամին D-ի անբավարարությունը կորելյացվում է նաև սիրտանոթային հիվանդությունների, տիպ 1 դիաբետի, տիպ 2 դիաբետի և որոշ քաղցկեղների հետ։

Որոշ վերլուծական հետազոտություններ կապ են գտել նաև վիտամին D-ի անբավարարության և պրեէկլամպսիայի միջև։

Ծանոթագրություններ

Tags:

Վիտամին D-Ի Անբավարարություն ԴասակարգումՎիտամին D-Ի Անբավարարություն ԱխտանիշներՎիտամին D-Ի Անբավարարություն ՊաթոֆիզիոլոգիաՎիտամին D-Ի Անբավարարություն Ռիսկի գործոններՎիտամին D-Ի Անբավարարություն ԱխտորոշումՎիտամին D-Ի Անբավարարություն ՍքրինինգՎիտամին D-Ի Անբավարարություն ԲուժումՎիտամին D-Ի Անբավարարություն ՀամաճարակաբանությունՎիտամին D-Ի Անբավարարություն ՊատմությունՎիտամին D-Ի Անբավարարություն ՀետազոտությունՎիտամին D-Ի Անբավարարություն ԾանոթագրություններՎիտամին D-Ի ԱնբավարարությունԱրևԵրիկամԺառանգական հիվանդություններԼյարդԿոտրվածքՈսկորՌախիտՕստեոպորոզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎիքիպեդիաՂազարոս ԱղայանԵրաժշտական գործիքներԿենդանիների հատկանիշների ցանկԱնտառՄարի ԱնտուանետԴաշտանային ցիկլԿրծքագեղձի քաղցկեղՈւղղանկյուն եռանկյունԵղիշե ԿիրակոսյանԱրևածաղիկԵկեղեցիՉինգիզ խանՀաստատուն բաղադրության օրենքԱյբուբենԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍևրի պայմանագիրՇախմատՀայ գրերի գյուտՍեռական հարաբերությունՏիպ 1 շաքարային դիաբետՀայաստանի բուհերի ցանկԴանիել ՎարուժանՄարմնի զանգվածի ինդեքսԽաչատուր ԱբովյանՍեռական բազմացումԿաուչուկներՊարբերական հիվանդությունԲուդդայականությունՅուպիտեր (մոլորակ)ԵղնջացանՍերմԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱզոտՏեսակարար ջերմունակությունՀայերենի այբուբենՍերգեյ ՓարաջանովՀաղպատի վանական համալիրՇունԲարդիԱրաբական խալիֆայությունԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայոց ցեղասպանության ճանաչումԱրմավիրՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄայրցամաքՄիքելանջելոԲուրգ (երկրաչափություն)ՍինուսիտՍպարտակի ապստամբությունՖրանսիաՓիլիսոփայությունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՄշակույթՄեր հայրենիքՏիգրանակերտ (մայրաքաղաք)ՄետրոնիդազոլԱրշակունիներԱպրիլի 17Վեներա (մոլորակ)Շիրակի մարզՀայկական մշակույթՀարավաֆրիկյան ՀանրապետությունԴելֆիններՀայաստանԳրիգոր ՆարեկացիԿիրճՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԲանաստեղծական կայուն ձևերՀաստ աղիքների բորբոքումՓոխաբերությունԱքբար ՄեծՀինդուիզմՍպիտակ ձին (պատմվածք)Եռանկյան միջնագիծԽնձորԱշխարհի երկրներն ըստ բնակչության🡆 More