Փիլիսոփայություն

Փիլիսոփայություն, գիտություն իմացության և կեցության ընդհանուր սկզբունքների և օրինաչափությունների մասին։ Ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։

Փիլիսոփայություն
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Փիլիսոփայություն
Օգյուստ Ռոդենի «Մտածողը» (ֆր.՝ Le Penseur) քանդակը, որ հաճախ համարվում է փիլիսոփայության խորհրդանիշը
Փիլիսոփայություն
Բուդդայական փիլիսոփա Հուիկեն՝ մտորումների մեջ։ Չինացի արվեստագետ Շի Քեի փորագրություն, 10-րդ դար
Փիլիսոփայություն
«Յուրաքանչյուր մարդ երբեմն զբաղվում է փիլիսոփայությամբ»
Ալմեյդա Ժունիորի «Գրքով աղջիկը» նկար, 19-րդ դար

«Փիլիսոփայություն» (հին հունարեն՝ φιλοσοφία) բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։

Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, որը գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։

Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին (կոսմոգոնիա, տիեզերագիտություն), աստվածների մասին (թեոգոնիա)։ Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին (գոյաբանություն), ճանաչողության ակունքների և սահմանների մասին (իմացաբանություն), մտածողության ձևերի և մեթոդների մասին (տրամաբանություն), մարդկային հոգու մասին (հոգեբանություն), բարոյականության էության (էթիկա) և գեղեցիկի մասին (էսթետիկա)։ Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների։

Փիլիսոփայության պատմության ընթացքում նրա խնդիրների թվում են եղել երկրի և հասարակության զարգացումը, ճանաչողության և մտածողության գործընթացների, նաև բարոյական արժեքների ուսումնասիրությունը։ Փիլիսոփայական հարցերի թվին են դասվում՝ «Կճանաչե՞նք աշխարհը», «Գոյություն ունի՞ Աստված», «Ի՞նչ է բարին», «Ո՞վ է մարդը», «Ի՞նչն է առաջնային. մատերիա՞ն, թե՞ գիտակցությունը» և այլ հարցեր։

Երբեմն փիլիսոփայությունը սահմանում են ավելի նեղ՝ որպես որոշակի ուսումնասիրման առարկա ունեցող գիտություն, սակայն այդպիսի մոտեցումն առարկության է արժանանում ժամանակակից փիլիսոփաների շրջանում, որոնք պնդում են, որ փիլիսոփայությունն ավելի շատ իրենից ներկայացնում է աշխարհայացք, գոյություն ունեցող ամեն ինչին ընդհանուր քննադատական մոտեցում, որը կիրառելի է յուրաքանչյուր օբյեկտի ու հայեցակարգի համար։ Այդ իմաստով, յուրաքանչյուր մարդ երբեմն զբաղվում է փիլիսոփայությամբ։

Փիլիսոփայությունը, փաստորեն, գոյություն ունի տարբեր փիլիսոփայական ուսմունքների տեսքով, որոնք կարող են հակասել, բայց դրա հետ մեկտեղ՝ լրացնել միմյանց։

Փիլիսոփայությունը ներառում է մի շարք ոլորտներ, սկսած՝ մետաֆիզիկայից, իմացաբանությունից, բարոյագիտությունից, էսթետիկայից, քաղաքական ու գիտության փիլիսոփայությունից մինչև՝ դիզայնի և կինոյի փիլիսոփայություն։

Ճանաչողության այն ոլորտները, որոնց համար ստացվում է մշակել պարզ և աշխատող մեթոդաբանություն, առանձնանում են փիլիսոփայությունից՝ որպես առանձին դիսցիպլիններ, օրինակ՝ ժամանակին փիլիսոփայությունից առանձնացել է ֆիզիկան, կենսաբանությունը, հոգեբանությունը։

Փիլիսոփայության էություն

Սոցիալալական էակը, նորմայում ունի համակարգված կենսական-պրակտիկ աշխարհընկալում։ Որպես կանոն, դա ձևավորվում է տարերայնորեն, հիմնվելով նախորդ սերունդների փորձի վրա։ Սակայն մարդն իր կյանքի ընթացքում կարող է հանդիպել խնդիրների, որնք իր աշխարհայացքը չի կարող հաղթահարել։ Դրանց լուծման համար, ինչպես՝ առանձին մարդու, այնպես էլ հասարակության մակարդակում, կարող է պահանջվել աշխարհին վերաբերվելու ավելի բարձր քննադատական-ռեֆլեկտիվ մակարդակ։ Այդ մակարդակում է գտնվում փիլիսոփայությունը։

Փիլիսոփայության կոնկրետ սահմանումը արդեն հանդիսանում է փիլիսոփայական բաց հարց։ Դա կապված է նրա հետ, որ փիլիսոփայության ուսումնասիրման առարկան կոնկրետացված չէ՝ փիլիսոփայություն ուսումնասիրում է ամեն ինչ, այդ թվում նաև իմացության մեթոդոլոգիան (իմացաբանության սահմաններում)։ Փիլիսոփայական տարբեր դպրոցներ, որոնք կազմավորվել են փիլիսոփայության գոյության ընթացքում, հաճախ տարբերվել են իրարից իմացության մեթոդոլոգիայով, և այդ կերպ, այդ դպրոցներից յուրաքանչյուրի ներսում կարելի է տալ փիլիսոփայության ինքնության յուրովի սահմանումը։ Այդ պատճառով փիլիսոփայության սահմանումը որոշակի իմաստով փոփոխվել է ժամանակի ընթացքում։

Մյուս կողմից, փիլիսոփայության մեջ կա մի կարևոր համախմբող սկզբունք՝ ցանկացած փիլիսոփայական դատողություն, ինչքան էլ անսպասելի լինեն դրա հետևանքները, կառուցվում է ռացիոնալ եղանակով՝ իմաստավորված, որոշակի մտածողական սկզբունքներով, օրինակ՝ տրամաբանությունը։ Դատողության ռացիոնալությունը տարբերում է փիլիսոփայական մտածողությունը դիցաբանական և կրոնական մտածողությունից, որոնք ենթադրում են սուպրանատուռալիզմն ու գերբնականը, այսինքն՝ իռացիոնալը։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ, օրինակ, կրոնի հետ զուգահեռ։ Ընդհակառակը, հանդիպել են իրավիճակներ, երբ որևէ կրոն ընդունվել է ինչ-որ փիլիսոփայական համակարգի նախադրյալ, և փիլիսոփայական ռացիոնալ գաղափարախոսությունը կիրառվել է գիտության այն ոլորտների զարգացման համար, որոնք չէին տարածվում այդ կրոնի կանոնների վրա։ Օրինակ՝ հին հնդկական փիլիսոփայությունը մեկնաբանել է Վեդաները, իսկ միջնադարյան եվրոպական փիլիսոփաները (Օգոստինոս Երանելի, Թովմա Աքվինացի և ուրիշներ) մեկնաբանեցին Աստվածաշունչը։ Տարածված են նաև այն դեպքերը, երբ փիլիսոփայական մտածողությունը կիրառվել է որևէ կրոնի արդարությունը, կամ ավելի ընդհանրացված՝ Աստծո գոյությունը ապացուցելու նպատկով։ Օրինակ՝ քրիստոնեության ջատագովները փորձում էին ռացիոնալ կերպով հիմնավորել այս կրոնը։

Տրամաբանությունից բացի՝ փիլիսոփայական մտածողության ևս մեկ վարվելաձև ապահովում է դրա ամբողջականությունը։ Փիլիսոփայական ցանկացած նոր ուղղություն, ցանկացած նոր գաղափար կամ փիլիսոփայական դպրոց իրեն համեմատում է իրեն նախորդող փիլիսոփայական համակարգերի հետ, ներկայացնելով դրանց քննադատական վերլուծություն՝ իր իսկ նոր համակարգի սահմաններում։ Օրինակ՝ Իմանուիլ Կանտի հայտնի աշխատությունը՝ «Զուտ բանականության քննադատություն»-ը, պարունակում է ռացիոնալիզմի ու էմպիրիզմի քննադատական վերլուծությունը։ Այս կերպ՝ տրամաբանությունն ու քննադատական վերլուծությունը հանդիսանում են փիլիսոփայական մտածողության հիմքն ու ապահովում են դրա ամբողջականությունը։

Դրա հետ մեկտեղ փիլիսոփայության հասկացության աղոտությունը հանդիսանում է դրա բնորոշ գիծը և առանձնացնում այն գիտություններից։ Եթե փիլիսոփաներին հաջողվում է նոր արդյունավետ իմացության մեթոդոլոգիայի մշակման շնորհիվ առաջընթաց ապրել, ապա այդ ոլորտը առանձնացվում է փիլիսոփայությունից և դառնում ինքնուրույն գիտական ճյուղ։ Այդպես, իմացության գիտական մեթոդոլոգիայի հաջողակ կիրառումը տարբեր կարգերի բնական օբյեկտներին փիլիսոփայությունից վերջնականապես առանձնացրեց բնական փիլիսոփայության ճյուղը, որը հետագայում բաժանվեց մի շարք բնական գիտություններիՕրինակ Իսահակ Նյուտոնը՝ գրել է իր հիմանական «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, իր սեփական պատկերացմամբ լինելով փիլիսոփա, իսկ ներկայումս նա հայտնի է որպես ֆիզիկոս ու մաթեմատիկոս։ Անգլալեզու ամբողջ գիտությունը առ այսօր փիլիսոփայության հետ «բարեկամական» կապեր է պահպանում, օրինակ՝ դրա բոլոր ճյուղերում բարձրագույն գիտական աստիճանը կրում է «Փիլիսոփայության դոկտոր» անվանումը (անգլ. Ph. D)։

Փիլիսոփայության բաժիններ

Փիլիսոփայություն 
Փիլիսոփայության դասական բաժանումն առարկաների՝ լրացված ժամանակակից բաժիններով

Փիլիսոփայության հասկացության հետագա կոնկրետացումն անցնում է դրա տարբեր բաժինների նկարագրմանը։ Փիլիսոփայությունը ստորաբաժանվում է երկու հիմնական չափումներով. ըստ ուսումնասիրման առարկայի և ըստ «տեսակների», այսինքն՝ բազմաթիվ դպրոցների ու հայեցակարգերի։

Առաջին եղանակն ընդգծում է փիլիսոփայության կիրառման ոլորտները։ Բնական է, որ այդպիսի բաժանումը կարելի է կատարել տարբեր ձևերով։ Այդպիսի սեգմենտացիայից ամենախոշորը հանդիսանում է փիլիսոփայության բաժանումն ըստ մետաֆիզիկայի (գոյության հարցերը), էպիսփեմոլոգիայի (իմացության հարցերը) և աքսիոլոգիայի (բարոյականության ու արժեքների հարցերը)։ Այլ, ավելի դասական ձևով, բացի վերը նշված 3 ոլորտներից՝ որպես առանձին առարկաներ ընդունվում են նաև տրամաբանությունը (փիլիսոփայական կանգուն գաղափարախոսության կատարելագործումը) ու փիլիսոփայության պատմությունը (անցյալի փիլիսոփայական դրույթների քննադատական վերլուծությունը)։ Արիստոտելի ժամանակ ի հայտ է գալիս փիլիսոփայության բաժանումը՝ տեսականի, պրակտիկի և բանաստեղծականի (ստեղծագործական)։

Երկրորդ եղանակը ընդգծում է փիլիսոփայական բազմաթիվ դպրոցներն ու մեթոդոլոգիաները։ Այդպիսի ամենախոշոր բաժանումը հանդիսանում է, մի սեգմենտի մեջ օրինակ ամբողջ արևմտյան փիլիսոփայության, այսինքն անտիկ փիլիսոփայության ու Արևմտյան Եվրոպայում ու ԱՄՆ-ում հետագայում ձևավորված բոլոր փիլիսոփայական դպրոցների ու ուղղությունների, ինչպիսիք են գերմանական կամ ֆրանսիական փիլիսոփայությունը, ներառումը։ Պատմականորեն, լեզվական ու տարածական արգելքների հետևանքով, բազմաթիվ փիլիսոփայական դպրոցներ հայտնվում էին կոնկրետ երկրների ու ժողովուրդների սահմաններում, ինչպիսիք են օրինակ՝ հին հունական, չինական կամ գերմանական փիլիսոփայությունը։ 17-րդ դարից սկսած, գլոբալիզացման աստիճանական զարգացման հետ զուգընթաց, ազգային ու աշխարհագրական տարբերությունները կորցրին իրենց կարևորությունը, և փիլիսոփայական տարբեր ուղղություններ, դառնալով միջազգային, ստանում էին աշխարհագրությանը և մշակույթին չամրագրված անվանումներ, ինչպիսիք են օրինակ՝ մարքսիզմը, էկզիստենցիալիզմը և ուրիշներ։ Դրա հետ միասին այսօր դեռ պահպանվում են որոշակի մշակութային-լեզվական տարբերություններ, որոնք ձևավորում են տարբեր փիլիսոփայական ուղղություններ։ Այդպիսի տարբերություններից կարևորագույնն է ժամանակակից փիլիսոփայության բաժանումը մայրցամաքային փիլիսոփայության, որը ներառում է հիմնականում ֆրանսիացի ու գերմանացի փիլիսոփաների աշխատությունները, և վերլուծական փիլիսոփայության, որը զարգանում է հիմնականում անգլիալեզու երկրներում։

Փիլիսոփայության բաժանումն ըստ ուսումնասիրվող առարկայի

Տրամաբանություն

Քանի որ փիլիսոփայությունը կազմված է ռացիոնալ դատողություններից, տրամաբանությունը հանդիսանում է դրա առաջնային ատրիբուտը։ Փիլիսոփայական բազմաթիվ համակարգերի վերլուծության, դրանց՝ իրար հետ համեմատման համար անհրաժեշտ է կատարել փիլիսոփայական բազում պնդումների ու տեսությունների քննադատական վերլուծություն։ Այն պատճառով, որ մարդկային մտածողությունը ձևավորվում է բառացիորեն, տրամաբանությունը սերտ կապված է տեքստերի ու լեզուների վերլուծության հետ։ Այն ձևակերպում է բառային դատողությունները և որոշում դրա ձևերը, որոնք ընդունելի են վերլուծության համար։ Դատողության տրամաբանական ֆորմալացման առաջին քայլը դարձավ սիլլոգիզմների, կամ տեսակի դատողությունների ի հայտ գալը.

      (1) Բոլոր կենդանիները մահկանացու են. (2) փիղը կենդանի է. հետևաբար՝ (3) փիղը մահկանացու է։

Սիլլոգիզմների ճիշտ կիրառումը բացում է ապացուցական դատողությունների ճանապարհը փիլիսոփայության, մաթեմատիկայի, բնական գիտությունների կամ դեդուկտիվ մտածելակերպի ձևավորման մեջ։

Իր թվացյալ հեշտության հետ մեկտեղ, սիլլոգիզմների տարանջատումը մարդկային սովորական խոսքից տեղի է ունեցել ոչ մի անգամից և ոչ ամենուր։ Դրանց տարանջատումը, որպես ապացույցի տեսակի, խթանվել է փիլիսոփայության և մաթեմատիկայի կապակցումից, որը տարածված էր Հին Հունաստանում։ Սիլլոգիզմի և տրամաբանական պարզագույն համակարգի հասկացության առաջին պաշտոնական շարադրանքը պատկանում է Արիստոտելին։ Նրա տրամաբանությունը մնում էր անփոփոխ շուրջ 2 հզ. տարի, մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ մաթեմատիկայի և վերլուծական փիլիսոփայության հետազոտությունները ճանապարհ հարթեցին տրամաբանության զարգացման համար։ Ձևավորվեց «առաջին կարգի տրամաբանություն» կամ «պրեդիկատների տրամաբանություն», որը ներկա պահին լավ է ուսումնասիրված։ Սակայն, պարզվում է, որ փիլիսոփայության պնդումների, առավել ևս մարդկային բնական ամբողջական խոսքի վերլուծության համար անհրաժեշտ է ավելի բարձր դասերի տրամաբանությունների ու մոդալ տրամաբանության, մասնավորապես՝ երկրորդ կարգի տրամաբանության կիրառումը։ Բացի այդ, ֆորմալ նշանային լեզվի ու մարդկային բնական լեզվի փոխկապակցվածությունը հետազոտում է տրամաբանական սեմանտիկան և սեմիոտիկան։ Այս գաղափարները՝ ավելի բարձր դասերի բարոյական տրամաբանության հետ միասին շարունակում են մնալ ակտիվ միջգաղափարային հետազոտությունների ոլորտ։ Ժամանակակից տրամաբանությունը կազմված է արդիական, խոր մաթեմատիկական համակարգերից, որոնք ուսումնասիրվում են փիլիսոփաների, մաթեմատիկոսների, լեզվաբանների, վերջերս նաև՝ ծրագրավորողների և լուծման տեսության և արհեստական բանականության ոլորտի մասնագետների կողմից։ Այդպես՝ տրամաբանությունը հանդիսանում է ինչպես ամենահին, այդպես էլ ամենաժամանակակից գաղափարը։

Մետաֆիզիկա

Փիլիսոփայություն 
«Միջնադարյան փիլիսոփայություն, երկնքի վարագույրից այն կողմը նայողը», փորագրություն Կամիլ Ֆրամարիոնի գրքից, 1888 թ.

Մետաֆիզիկան փիլիսոփայության ամենավերացական բաժինն է, որն ուսումնասիրում է առավել հիմնարար, «հավերժական» հարցեր՝ կապված իրականության հետ։ Այդ հիմնարար հարցերի թվում առանձնանում են կեցության հետ կապված հարցերը, մետաֆիզիկայի այդ բաժինը կոչվում է «օնտոլոգիա»։ Կեցության հետ կապված հարցերից են հետևյալները. «Ի՞նչն իրականում գոյություն ունի», «Ի՞նչ է նշանակում գոյություն», «Ի՞նչն է գոյությունը դարձնում հնարավոր»։ Ավելի գործնական հարցերից են՝ «Ինչու՞ գոյություն ունի աշխարհը», «Մեկ աշխա՞րհ գոյություն ունի», «Ի՞նչ է տարածությունը», «Ի՞նչ է ժամանակը» և այլն։ Օնտոլոգիա ու մետաֆիզիկա հասկացությունները երբեմն օգտագործվում են որպես հոմանիշներ, սակայն գոյություն ունեն մետաֆիզիկական հարցեր, որոնք ուղղակի կապ չունեն կեցության հետ։ Այդպիսի խնդիրներից են մասի ու ամբողջի փոխհարաբերությունների, պատճառի ու հետևանքի փոխկապվածության, ազատ կամքի վերաբերյալ հարցերը և այլն։ Այդ հարցերն ավելի շուտ վերաբերում են մետաֆիզիկային, ոչ թե օնտոլոգիային։

Հաճախ փիլիսոփայական համակարգը կառուցվում է որոշակի դավանանքի շուրջ, որն այն փորձում է ռացիոնալացնել։ Օրինակ, քրիստոնեական և իսլամական փիլիսոփայության սահմաններում կատարվել են Աստծո գոյությունն ապացուցելու փորձեր։ Օնտոլոգիայի այն բաժինը, որը ձգտում է այդ ձևով ռացիոնալացնել կրոնը, կոչվում է ռացիոնալ կամ բնական աստվածաբանություն։ Նմանապես, ռացիոնալ հոգեբանություն է կոչվում օնտոլոգիայի այն մասը, որը կառուցվում է հոգու՝ նյութական աշխարհից առանձին գոյություն ունենալու համոզմունքից։ Ավելի ընդհանուր առումով՝ ցանկացած կոսմոլոգիայի ռացիոնալիզացումը կոչվում է «ռացիոնալ կոսմոլոգիա»։

20-րդ դարի մի շարք փիլիսոփայական ուղղություններ կասկածի տակ դրեցին մաքուր մետաֆիզիկայով զբաղվելու անհրաժեշտության հարցը։ Օրինակ, պոզիտիվիստների, հատկապես՝ նեո- կամ տրամաբանական պոզիտիվիստների, ինչպես նաև այլ բնական գիտությունների բազմաթիվ մասնագետների կարծիքով, իմաստ ունի հետազոտել միայն այն հարցերը, որոնց համար իրական է վերիֆիկացման չափանիշը։ «Հավերժական հարցերի» մեծամասնությունը այսպիսի չափանիշներին չի բավարարում, ուստի մաքուր վիճակում դրանց քննարկումն անիմաստ է։ Մյուս կողմից՝ պոստստրուկտուրալիստները, որոնք ունեն գիտության ու վերիֆիկիցացիայի մասին հակառակ պատկերացում, նույնպես քննադատում են մետաֆիզիկայի իմաստավորությունը, շարունակելով Հայդեգերի և Նիցշեի համոզմունքը՝ համարելով և՛ մետաֆիզիկան և՛ ընդհանրապես փիլիսոփայությունը, և՛ բնական գիտությունները միայն «արևմտյան գիտակցության ժամանակավոր խոտորում»։

Քննադատների կարծիքների այսպիսի ցրվածությունը թողնում է մետաֆիզիկային խուսավարման լայն տարածք, և ընդհանրապես վերջին հարյուր տարվա ընթացքում հետաքրքրությունը դեպի մետաֆիզիկան աճում է։ Մետաֆիզիկական հետազոտությունները կատարվում են փիլիսոփայական տարբեր ոլորտներում, օրինակ՝ գիտության, լեզվի, մշակույթի փիլիսոփայության մեջ։ Ժամանակակից մետաֆիզիկան իրենից ներկայացնում է մասնագիտացած գաղափարախոսություն, որտեղ կատարվում են որոշ պատասխանելի հարցերի՝ «հավերժական» հարցերից տարանջատման փորձեր։

Բարոյական և քաղաքական փիլիսոփայություն

Էթիկան կամ բարոյական փիլիսոփայությունը առաջնապես վերաբերում է ապրելու լավագույն ուղին գտնելուն և երկրորդայինը՝ թե արդյոք այս հարցը կարող է ստանալ պատասխան։ Էթիկայի հիմնական ճյուղերն են՝ մետաֆիզիկան, նորմատիվ էթիկան և պրակտիկ էթիկան։ Մետաֆիզիկան վերաբերում է էթիկական մտքի բնությանը, ինչպիսիք են՝ լավ և վատ բառերի ծագումը և տարբեր էթիկական համակարգերում համեմատական բառերի ծագումները, արդյոք նրանք բացարձակ ճշմարտություն են և թե ինչպես այդ ճշմսրտությունները կարող են իմացվել։ Նորմատիվ էթիկան ավելի շատ վերաբերում է այն հարցերին, որոնք զբաղվում են այն հարցերով, թե ինչպես մարդ պետք է գործի և որն է գործելու ճիշտ եղանակը։ Այստեղ միահյուսվում են բազմաթիվ էթիկական տեսություններ։ Ամենավերջինը՝ պրակտիկ էթիկան ներխուժում է տեսություն խորքերը և մտնում էթիկական պրակտիկայի իրական աշխարհ, ինչպիսիք են՝ արդյոք ճիշտ է աբորտը՝ հղիության ընդհատումը։ Այն նաև փոխկապակցված է բարոյականության գաղափարի հետ, և այդ երկուսը շատ հաճախ անփոխարինելի են։

Փիլիսոփայություն 
Ջերեմի Բենթհեմ

Ժամանակակից շրջանում մի բանավեճ էր սկսվել կոնսենկենտալիզմի (գործողությունները բարոյապես գնահատվում են միայն վերջնական արդյունքներից ելնելով) և դեոնտոլոգիայի (գործողությունները բարոյապես գնահատվում են միայն ելնելով անհատների պարտականություններից և այն մարդու իրավունքներից, ում վերաբերում է տվյալ գործողությունը, կամ էլ երկուսը միասին)։ Բանավեճը գրավել էր էթիկան ուսումնասիրողների ուշադրությունը։ Զերեմի Բենթամը և Զոն Ստյուարտ Միլը հայտնի են ուտիլիտարիզմը պրոպագանդելով, որը մի գաղափար է այն մասին, որ մեծամասնության համար ամենամեծ երջանկության հասնելը հիմնական բարոյական օրենքն է։ Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ, ինչ նրանք առաջ էին մղում իրենց գաղափարը, նրանք նաև պրոպագանդում էին կոնսենկենտալիզմի ավելի լայն հասկացությունը՝ տեսությունը։ Կոնսենկենտալիզմին հակառակ դիրք ընդունելով՝ Էմանուել Կանտը համաձայն չէր, որ բարոյական սկզբունքները պարզապես բանականության արդյուքներն են։ Կանտը համոզված էր, որ արդյունքների միաձուլումը բարոյական մտածելակերպի մեծ սխալ էր, սկսած այն բանից, ինչ այն մերժում էր պրակտիկ ասացվածքների անհրաժեշտությունը կամքը կառավարելու գործում։ Ըստ նրա՝ մտածելակերպը պահանջում է, որ մենք համաձայնեցնենք մեր գործերը բնագավառային ցուցումներին, որը բացարձակապես պարտականություն է։ 20-րդ դարի ականավոր դեոնտոլոգիստ Ու. Դ. Ռոսսը վիճում էր պարտականության ավելի թեթև ձևերի համար, որոնք կոչվում էին prima facie պարտականություններ։

Արդեն կատարված աշխատանքները շեշտել են անհատականության դերն էթիկայում. մի շարժում, որը հայտնի է aretaic turn անունով։ Այս շարժման լարված մասը հաջորդեց Բեռնարդ Ուիլիամսի աշխատանքներին։ Նա նկատեց, որ կոնսենկենտալիզմի և դեոնտոլոգիայի խիստ կանոնները պահանջում էին, որ մարդիկ գործեն արդար։ Ուիլիամսը վիճում էր, որ այն պահանջում է, որ մարդիկ թողնեն իրենց անձնական ծրագրերը, և այդուհետև իրենց սեփական ազնվությունն ի վիճակի է համարվել բարոյական։ G.E.M. Anscombe-ն, մի ազդեցիկ թերթ, «Ժամանակակից բարոյական փիլիսոփայություն»-ը (1958 թվական) վերակենդանացրել են արժեքային էթիկան որպես ընտրում, որն ըմբռնվել է որպես Կանտիզմի և կոնսենկենտալիզմի ամրագրված դիրքեր։ Արեատիկ առաջընթացները ոգեշնչված էին մասնավորապես արժեքների հնագույն ըմբռնումների հետազոտություններից։ Օրինակ՝ Արիստոտելյան էթիկան պահանջում է, որ մարդիկ հետևեն Արիստոտելյան միջինին կամ պահպանեն երկու գործոնների հավասարակշռությունը. Կոնֆուցիոսի էթիկան կողմ է, որ արժեքները մեծապես բաղկացած են այլ մարդկանց հետ ներդաշնակություն ապահովելու ձգտումից։ Արժեքային էթիկան, ընդհանրապես, մինչ այժմ հավաքել է բազմաթիվ աջակիցներ և ապացուցվել ու պաշտպանվել է այնպիսի փիլիսոփաների կողմից, ինչպիսիք են՝ Ֆիլիպպա Ռութը, Ալասդայր Մաքլնթայրը և Ռոսալինդ Հարսդոուսը։

Փիլիսոփայություն 
Թոմաս Հոբս

Քաղաքական փիլիսոփայությունը կառավարության ուսումնասիրությունն է և անհատների, ինչպիսիք են՝ ցեղերը և ընտանիքները, և հասարակությունների միջև հարաբերությունները՝ ներառյալ պետությունը։ Այն ներառում է հարցեր, որոնք վերաբերում են արդարադատությանը, օրենքին, սեփականությանը և քաղաքացիների իրավունքներին ու պարտականություններին։ Քաղաքականությունը և էթիկան ավանդապես փոխներկապակցված են, քանզի երկուսն էլ առաջ են քաշում այն հարցը, թե որն է լավը, և թե ինչպես մարդիկ պետք է ապրեն։ Դեռ հին ժամանակներից, նույնիսկ դրանից բավականին առաջ արդարադատության արմատները քաղաքականության հեղինակության համար անխուսափելիորեն կապված են մարդու բնության վերաբերյալ հայացքներին։ «Հանրապետությունում» Պլատոնը ներկայացրել է մի վարկած, որ կատարյալ հասարակությունը պետք է կառավարվի փիլիսոփա-արքաների դեսպանի կողմից, քանզի փիլիսփոաներից լավագույնները ամենալավն են տիրապետում լավը ճանաչելու կարողությանը։ Նույնիսկ Պլատոնը, այնուամենայնիվ, պահանջում էր փիլիսոփաներից իրենց ճանապարհը հարթել աշխարհում իրենց կառավարման սկզբից շատ տարիներ առաջ՝ հիսուն տարեկան հասակում։

Արիստոտելի համար մարդիկ քաղաքական էակներ են, այսինքն՝ հասարակական էակներ, և կառավարությունները ստեղծված են հասարակության համար լավը առաջնորդելու համար։ Արիստոտելն առաջադրում էր, որ ինչ պետությունը հասարակության ամենաբարձր մասն էր, այն միտում ուներ ձգտելու դեպի ամենալավը։ Արիստոտելը քաղաքական ուժը դիտարկում էր որպես արժանիքներում և փորձում բնական անհավասարությունների արդյունք։ Այս տարբերությունների պատճառով նա կողմ էր ունակության և արժեքայնության արիստոկրատիային։ Արիստոտելի համար անհատը չի կարող լինել ամբողջական, եթե չապրի հասարակությունում։ Նրա Նիկոմաշեանը և Քաղաքականությունը աշխատությունները գրված են հենց այդ նկատառումներով։ Առաջին գիրքը ուղղված է մարդկային արժեքներին (կամ հիասքանչություններին)՝ որպես քաղաքացի. Երկրորդը վերաբերում է կառավարության ճիշտ ձև ընտրելուն՝ ոգեշնչելու համար քաղաքացիներին լինել մարդկային արժեքներով հարուստ, իսկ այնուհետև՝ կատարյալ։ Երկու գրքերն էլ քաղաքական կյանքում արդարության կարևոր դեր են խաղում։

Նիկոլաս Կուսանցին վաղ XV դարում վերակենդանացրեց Պլատոնյան մտքերը։ Նա առաջ մղեց դեմոկրատիայի գաղափարը Միջնադարյան Եվրոպայում և իր գրություններում, և Ֆլորենցիայի Խորհրդի կազմակերպությունում։ Չհետևելով Արիստոտելին և Հոբբեսյան ավանդույթին՝ Կուսանցին մարդկանց տեսնում էր հավասար և աստվածային (քանզի մարդը ստեղծվել է Աստծու պատկերով), այսպիսով դեմոկրատիան պետք է լիներ միակ ճիշտ կառավարման ձևը։ Կուսանցու հայացքները համարվում են Իտալական Ռենեսեանսի փայլատակումները, որոնց ջանքերով է աճել «Ազգ-Պետությունների» գաղափարը։

Փիլիսոփայություն 
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել

Ավելի ուշ Մաքիավելին ժխտեց Արիստոտելի և Թոմաս Աքվինացու տեսությունները և համարեց դրանք անիրական։ Կատարյալ միապետությունը բարոյական արժեքների միձուլումն է. բավական է, ինչ միապետն անում է այն, ինչ հաջողված է և անհրաժեշտ, ավելին է, թե ինչն է բարոյապես գովելի։ Թոմաս Հոբսը նաև համաձայն չէր Արիստոտելի տեսության մի շարք տարրերի հետ։ Նրա համար մարդկային բնությունն իր էությամբ հակահասարակական է. մարդիկ իրենց էությամբ եսասեր են, և այս եսասիրությունը՝ էգոիզմը, ավելի է դժվարացնում կյանքը։ Ավելին՝ Հոբսը գտնում էր, որ չնայած մարդկանց միջև կան բնական անհավասարություններ, դրանք չնչին են, սկսած այն բանից, որ ոչ մի յուրահատուկ տաղանդ կամ մարդկային արժեք, որով կարող է օժտված լինել մարդ, չի կարող ապահովագրել անձին ուրիշներից հասցվող վնասներից։ Այս ամենից ելնելով՝ Հոբսը եզրակացրեց, որ պետությունն առաջանում են հասարակությունը պետական հատկություններից բարձրացնելու մասին հասարակ բանավեճից։ Սա կարող է կատարվել միապետության կառավարող մարմինների կողմից, որոնց կամ ում տրված են հասարակությունը կառավարելու ամբողջ ուժը, և որն ի վիճակի է խուճապ և տերորի վախ ներշնչել վերջինիս ենթակառուցվածքներում։

Փիլիսոփայություն 
Դևիդ Հյում

Լուսավորիչները դժգոհ էին քաղաքական փիլիսոփայության գոյություն ունեցող տեսություններով, որոնք թվում էր, թե մեկուսացնում կամ արհամարհում էին դեմոկրատական պետության հնարավոր գոյությունը։ Ժան Ժակ Ռուսոն այն մարդկանց շարքերում էր, որոնք կողմ էին տեսությունների ժխտմանը. Նա աջակցում էր Հոբսին, պնդելով, որ մարդը բնությունից « ազնիվ դաժանության » մի տեսակ է, և որ հասարակությունն ու սոցիալ կապերը խեղաթյուրում են այդ բնությունը։ Մեկ այլ քննադատ էր Ջոն Լոկը։ Կառավարության մասին իր երկրորդ աշխատությունում նա համաձայնում է Հոբսի հետ, որ ազգ-պետությունն ազդեցիկ գործիք է մարդկությունը փրկելու համար պետության անհաջող գաղափարից, բայց նա կարծում էր, որ միապետը պետք է դառնա տհաճ հաստատություն՝ համեմատած համեմատականորեն ճշգրիտ, բայց չկառավարվող բնական վիճակի հետ։

Հետևելով փաստ-արժեքային տարբերության տեսությանը՝ շնորհիվ Հյում Դևիդի և իր աշակերտ Ադամ Սմիթի ազդեցության, հետաքրքրությունը մարդկային բնության նկատմամբ քաղաքական արդարացման համար թույլ էր։ Այնուամենայնիվ, շատ քաղաքական փիլիսոփաներ՝ հատկապես ռեալիստները, մինչ այժմ օգտագործում են մարդկային բնությունը որպես հիմք իրենց բանավեճերի համար։

Մարքսիզմն առաջացել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշխատանքներից։ Նրանց այն գաղափարը, որ կապիտալիզմը հիմնված է աշխատողների շահագործման վրա և պատճառ է հանդիսանում մարդկանց՝ իրենց բնությունից օտարացման, պատմական մատերիալիզմի, նրանց հայացքների հասարակական դասերի մասին և այլն, ազդել են տեսության տարբեր բնագավառների վրա, ինչպիսիք են՝ սոցիոլոգիան, տնտեսագիտությունը և քաղաքականությունը։ Մարքսիզմը ներշնչել է կոմունիզմի մարքսիստական դպրոցին, որը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի պատմության վրա։

Բնության փիլիսոփայություն և իմացության տեսություն

Տեսական փիլիսոփայությունը ներառում է բնության ճանաչողությունը և հենց՝ ճանաչողությունը։ Առաջին տեսակին, ավանդաբար, պատկանում է բնափիլիսոփայությունը, սակայն դրա զգալի մասը 17-18-րդ դարերում, գիտական մեթոդի ճյուղավորման հետևանքով, առանձնացավ փիլիսոփայությունից և միացավ բնական գիտություններին՝ ֆիզիկային, քիմիային, աստղագիտությանը, կենսաբանությանը։ Այնուամենայնիվ, բնության մի մասը, որը կապված է մարդու բնույթի հետ շարունակում է մնալ փիլիսոփայական հետազոտությունների շրջանակներում, քանի որ արդի ժամանակներում այդ հարցերին մոտենալու ճանապարհներ դեռևս չկան։ Այդ պատճառով գիտակցության, լեզվի փիլիսոփայությունը և նշանագիտությունը՝ որպես փիլիսոփայության դիսցիպլիններ, շարունակում փնտրել են մարդու գլխում կատարվող և մարդու մտածողության հեր կապված գործընթացների, որոնք հիմնականում արտահայտվում են բնական լեզուների միջոցով, հասկանալու ճանապարհը։

Տեսական փիլիսոփայության երկրորդ կատեգորիան ուսումնասիրում է հենց իմացական գործընթացը։ Փիլիսոփայության այն հիմնական ոլորտը, որն իր առաջ դնում է «Ինչպե՞ս ենք մենք որևէ բան իմանում» և «Արդյո՞ք մենք դա գիտենք» հարցերը, հանդիսանում է իմացաբանությունը (երբեմն կոչվում է «գնոսեոլոգիա»)։ Արդի ժամանակներում դրա հիմնական բաժինը, որը կենտրոնացրել է իր մեջ հետազոտական գործունեությունը, հանդիսանում է գիտության փիլիսոփայությունը, որը վերլուծում է գիտական մեթոդի պրակտիկան և փորձում գտնել հետևյալ հարցերի պատասխանը. «Ինչպե՞ս է աշխատում գիտական մեթոդը», «Կարելի՞ է արդյոք ֆորմալացնել գիտական մեթոդը», «Արդյո՞ք գիտական մեթոդն իրոք աշխատում է»։ Գիտության փիլիսոփայության հիմնական դիրքը՝ մայրցամաքային փիլիսոփայության սահմաններում, այսօր խիստ տարբերվում է համարժեք ոլորտի՝ վերլուծական փիլիսոփայության սահմաններում ունեցած դիրքերից։ Գիտության փիլիսոփայությունն, իր հերթին, բաժանվում է մաթեմատիկական, ֆիզիկական, կենսաբանական, տնտեսագիտական և այլ փիլիսոփայությունների։

Իմացական գործընթացի հետազոտման մեջ ևս մեկ կարևոր կետ է ինքնին փիլիսոփայության ուսումնասիրությունը։ Փիլիսոփայության և տիպիկ գիտությունների տարբերությունը հանդիսանում է ինքն իրեն վերաբերող մետա-դիրքի անցման մեջ։ Մետափիլիսոփայությունը ուսումնասիրում է փիլիսոփայությունը կողքից։ Այդ տիպի ամենակարևոր և առավել մշակված ճյուղը համարվում է մետաէթիկան, որը զբաղեցնում է էթիկայից կողմնակի դիրք։

Գործնական փիլիսոփայություն։ Աքսիոլոգիա

Փիլիսոփայություն 
Պարինիրվանա, բուդդայական փիլիսոփայության տեսնակյունից բարձրագույն երջանկություն։ Ժամանակակից նկար՝ Թաիլանդի Ուտերադիտի գավառի տաճարում

Գործնական փիլիսոփայությունը փաստացիորեն իրենից ներկայացնում է բարոյագիտության տարբեր ասպեկտներ։ Բարոյագիտությունը, լայն իմաստով, առաջին հերթին ուսումնասիրում է մարդու դերն աշխարհում, փորձում է պատասխանել այն հարցերին, թե ինչ է երջանկությունը։ Բարոյագիտությունն ուսումնասիրում է՝ բարու և չարի հրացերը, արդարության գաղափարը, փնտրում է մարդու կյանքի իմաստ։ Այս ընդհանուր խնդրից առանձնանում են ավելի հստակ դիսցիպլիններ։

Քաղաքական փիլիսոփայությունն ուսումնասիրում է գոյություն ունեցող տարբեր քաղաքական համակարգեր և ստեղծում է նորը։ Իրավունքի փիլիսոփայությունն ուսումնասիրում է, լայն իմաստով, այս կամ այն օրենսդիր սկզբունքների հետևանքները։ Պատմության փիլիսոփայությունն ուսումնասիրում է պատմությունը՝ նրանում որևէ ընդհանուր սկզբունքի բացահայտման նպատակով, որը հնարավոր կլիներ օգտագործել աշխարհը բարելավելու նպատակով։ Իսկ էսթետիկան ձգտում է հասկանալ, թե ինչ է «գեղեցիկը»։ Իր մեջ ավելի հստակ դիսցիպլիններ է ներառում աքսիոլոգիան, որը մշակում է առանցքային մարդկային արժեքներ։ Կրոնի փիլիսոփայությունն ուսումնասիրում է կրոնի և մարդու հարաբերակցությունը։ Կրթության փիլիսոփայությունն ուսումնասիրում է կրթության զարգացման և այլ հարցեր։

Երկրագնդի որոշ անկյուններում գործնական փիլիսոփայությունը զարգացել է ավելի շուտ, քան՝ տեսական փիլիսոփայությունը, մետաֆիզիկան կամ տրամաբանությունը։ Օրինակ, հին չինական փիլիսոփայությունը ամբողջապես ուսումնասիրում էր միայն էթիկայի և քաղաքական փիլիսոփայության հարցերը։

Փիլիսոփայության պատմություն

Փիլիսոփայության առաջացումը։ Անտիկ փիլիսոփայություն

Փիլիսոփայության և ռացիոնալ փիլիսոփայական մտածելակերպի առաջացումը սկսեց գրեթե միաժամանակ VII-VI դդ.-ում մ.թ.ա.՝ երկիր մոլորակի տարբեր վայրերում. Չինաստանում, Հնդկաստանում և միջերկրյան հունական գաղութներում։ Հնարավոր է, որ այդ կամ նույնիսկ ավելի վաղ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթություններ արդեն օգտագործում էին փիլիսոփայական մտածելակերպը, սակայն իրենց աշխատանքները անհայտ են։ Առանձին ոչ փիլիսոփա ուսումնասիրողները երբեմն հնագույն փիլիսոփայությանն են վերագրում առակների ու աֆորիզմների հավաքածուները, որոնք ժառանգվել են Հին Եգիպտոսից ու Միջագետքից։ Չնայած դրան, այս ներառումը չի ընդունվում փիլիսոփայական գրականությունում։ Սրա հետ մեկտեղ՝ նաև այդ քաղաքակրթությունների ազդեցությունը հունականի վրա, վաղ հույն փիլիսոփաների աշխարհայացի ձևավորման վրա։

Փիլիսոփայության առաջացման ու զարգացման ընդհանուրը՝ փիլիսոփայական դպրոցների ձևավորումն է, որոնք կազմված են եղել ինչ-որ կոնկրետ գաղափարի կողմնակիցներից։ Գրեթե բոլոր մարզերում այդ կողմնակիցների ներդրումը վերագրվում էր դպրոցի հիմնադրին կամ դպրոցին։ Հնդկական ու հունական փիլիսոփայության առաջացումը տեղի է ունեցել նման սխեմայով, չնայած հնդականը զարգանում էր էապես ավելի դանդաղ։ Չինական փիլիսոփայությունը, որի զարգացումը խոչընդհոտվում էր հասարակության պահպանողական հասարակական ու քաղաքական կառուցվածքով, զարգանում էր ավելի դանդաղ։ Նրա լավ մշակված թեմաներից են եղել միայն բարոյագիտությունն ու քաղաքական փիլիսոփայությունը։

Փիլիսոփայությունը Փոքր Ասիայում

Միլեթյան մատերիալիստական դպրոց։ Ձևավորվել է Միլեթ քաղաքում ժամանակակից Մալաթիա, մ․թ․ա․ 6-րդ դարում։ Հանդիսացել է կրոնա-առասպելական մտածողության հակընդեմը, Միլեթյան դպրոցի հիմնադիրն է Թալեսը, շարունակողներն են Անաքսիմանդրոսը, Անաքսիմենեսը։ Բնության նախահիմք էին համարում որևէ կոնկրետ նյութական ջուր, կրակ ապեյրոն, օդ, իսկ որակական բազմազանությունը այդ նախահիմքի տարբեր դրսևորումներն են։ Միլեթյան դպրոցի ուսմունքին V դարից սկսած անդրադարձել են հայ մտածողները, շեշտելով նյութական սուբստանցի մշտական գոյության մասին դրույթը, որը կրոնա-իդեալիստական դիրքերից քննադատել են Եղիշեն, Հովհաննես Իմաստասերը, Հովհաննես Երզնկացին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։

Փիլիսոփայությունը Հին Հունաստանում

Վաղ հունական փիլիսոփայություն

Հունական փիլիսոփայությունը սկիզբ է առնում Ք.ա. 6-րդ դարի սկզբից։ Արևմտյան փիլիսոփայության արմատները, ռացիոնալ մտածողության և հենց «փիլիսոփայություն» բառի առաջացման ակունքները կապված են մի շարք մտածողների և նրանց դպրոցների հետ, որոնք առաջացել են Հունաստանում։ Այդ բոլոր փիլիսոփաներն անվանվում են մինչ սոկրատեսականներ, այսինքն` Սոկրատեսին նախորդողներ։ Ամենահայտնիների թվին են պատկանում` Թալես Միլեթացին, Դեմոկրիտեսը, Պյութագորասը և Զենոն Էլեացին։ Մինչ սոկրատեսականներն իրենց առջև դնում էին մետաֆիզիկական հարցեր, ինչպիսիք էին` «Ի՞նչ է կեցությունը», «Իրականությունում գոյություն ունե՞ն օբյեկտների միջև սահմաններ» կամ «Օբյեկտներն իրականությունում փոխվու՞մ են», նաև ստեղծեցին մի քանի, միմյանց հակասող, աշխարհի մոդելներ`մասնակիորեն պատասխանող այդ հարցերին։ Այդ մոդելների գլխավոր արժեքը կայանում է գիտելիք ստանալու նոր ձևում. ռացիոնալ տեսականացում` կապված էմպիրիկ դիտարկումների հետ։

Թալեսն առաջին փիլիսոփան էր, ով օգտագործեց ռեդուկցիոնիզմը. փորձելով շրջապատող բարդ աշխարհից դուրս բերել ինչ-որ պարզ օրենքներ կամ բաղադրիչներ։ Այս մեթոդը, հետագա 200 տարիների ընթացքում, կրկնվում էր շատ մինչ սոկրատեսականների, մասնավորապես` Դեմոկրիտեսի և Լևկիպոսի. ատոմիզմի կոնցեպցիայի հեղինակների կողմից, որը դարձավ շատ արժեքավոր, և հետևաբար, գիտական հայեցակարգ, որն օգտագործվում է մինչ այսօր։ Մինչ սոկրատեսականների արժանիքներից է նաև տրամաբանության կատարելագործումը, որը նրանց կողմից մշակվում է ոչ միայն փիլիսոփայության, այլև մաթեմատիկական մակարդակում։ Պատահական չէ, որ տարրական մաթեմատիկայի և երկրաչափության շատ ձեռքբերումներ նույնպես կապված են մինչ սոկրատեսականների անվան հետ։ Մինչ սոկրատեսականները հիմք հանդիսացան դասական անտիկ փիլսոփայության համար։ Պյութագորասն առաջինն էր, ով օգտագործեց «փիլիսոփայություն» բառը, չնայած դեռևս ավելի լայն իմաստով, այլ ոչ` որպես տերմին։

Հին հունական փիլիսոփաների ավելի վաղ խմբից սոփեստները սկեպտիցիզմով էին մոտենում մինչ սոկրատեսակններին, որոնք ձգտում էին գտնել իրենց հարցերի ճշգրիտ պատասխանները։ Սոփեստներն ընդունում էին հարաբերականապաշտություն (ռելյատիվիզմ), հավատում էին ճշմարտության հարաբերականությանը և սկսեցին հանդիսավոր և վստահ պաշտպանել ցանկացած տեսակետ։ Չնայած նրան, որ սոփեստները բազմիցս քննադատում էին ավելի վաղ ժամանակների հույն փիլիսոփաներին, նրանք մեծ ներդրում ունեցան տրամաբանության ու հռետորության զարգացման մեջ։

Դասական հունական փիլիսոփայություն
Փիլիսոփայություն 
Պլատոնն ու Արիստոտելը. հատված Ռաֆայելի «Աթենական դպրոցի» ֆրեսկոյից, Վատիկանի առաքելական պալատ։
Պլատոնը (ձախից) ցույց է տալս երկինքը` որպես գիտության աղբյուր`համաձայն իր գաղափարի տեսության, իսկ Արիստոտելը (աջից) ցույց է տալիս գետինը` ցուցադրելով իր գիտելիքի էմպիրիկ եղակակով ստացման հավատարմությունը

Դասական հունական փիլիսոփյությունը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի վրա։ Այդ փիլիսոփայությունը հիմնականում կապված է 3 մարդկանց. Սոկրատեսի, նրա աշակերտ` Պլատոնի, և իր հերթին Պլատոնի աշակերտ` Արիստոտելի անունների հետ։ Սոկրատեսի ներդրումը հիմնականում կապված է նրա մեթոդի հետ, որը կայանում է փիլիսոփայական հարցի ներկայացմամբ` սկզբում երկու միմյանց հետ չհամաձայնող փիլիսոփաների երկխոսությամբ, որոնցից մեկն, ի վերջո, սպառելով իր հակափաստարկները, համաձայնում է իր հակառակորդի հետ։ Սոկրատեսի մեթոդը հանդիսանում է այլ Ֆորմալ քննադատական վերլուծության փիլսոփայական հայեցակարգի նախատրպը և օգտագործվում է Պլատոնի կողմից, ով հրատարակեց իր ստեղծագործությունները` երկխոսության տեսքով։

Իրենց հերթին Պլատոնն ու Արիստոտելը աշխարհի ամնեահեղինակավոր մարդկանց թվում են։ Պլատոնի հիմնական արժանիքն ընկած է գաղափարների տեսության մեջ, որը ձևակեպված է նրա ամենահայտնի «Պետություն» երկխոսության մեջ։ Գաղափարների տեսությունում Պլատոնը նյութական օբյեկտները հակադրում է իդեալական «ձևերին» կամ այդ օբյեկտների «գաղափարներին», որոնք գոյություն ունեն ինչ-որ բարձրագույն աշխարհում։ Պլատոնի փիլիսոփայությունում նյութական օբյեկտները բացառապես իդեալական ձևերի անբավարար նմանություններ են, ուղարկված վերևից, նման` «Քարանձավի առասպելի» իրական օբյեկտների ստվերներին։ Այդպիսով Պլատոնը ձևակերպել է փիլիսոփայության այլ ուղղություն, որը հետագայում անվանեցին` իդեալիզմ։ Պլատոնի աշխատանքներում գաղափարների հարստությունը, իդեալիզմի ուղղության ձևավորման հետ միասին, Պլատոնի փիլիսոփայությունը դարձրին այնքան նշանակալի, որ 20-րդ դարի փիլիսոփաներից մեկը` Ալֆրեդ Նորթ Ուայտհեդը, ամբողջ արևմտյան փիլիսոփայությունը անվանեց «Պլատոնի գրառումների շարք»։ Պլատոնի փիլիսոփայությունը ստացել է «պլատոնականություն» անվանումը և մի քանի դար զարգացել է որպես ինքնուրույն ուղղություն, հետագայում վերափոխվելով` նեոպլատոնականության։

Համաշխարհային մշակույթում Արիստոտելի ձեռքբերումները փոքր-ինչ այլ բնույթ ունեն։ Արիստոտելը համակարգեց Հունաստանում կուտակված փիլիսոփայական գիտելիքները նոր ձևով, որը հիմք հանդիսացավ գիտական գրականության համար։ Նրա աշխատանքները ներառում էին տրամաբանության, մետաֆիզիկայի, բարոյագիտության, հռետորության, ինչպես նաև` բնափիլսոփայության. տիեզերագիտության, ֆիզիկայի, կենդանաբանության հաջորդական ներկայացում։ Արիստոտելի աշխատանքները համարվում են անտիկ հունական փիլիսոփայության հիմանկան էությունը (կվինտ-էսենցիան)։ Նա կիրառման մեջ մտցրեց մի շարք տերմիններ, որոնք ընդգրկվեցին գրեթե բոլոր լեզուներում, ներառելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «կատեգորիաներ», «սահմանում», «մտահանգում», «սուբստանց», «դիալեկտիկա» և այլն։ Արիստոտելը մի քանի դար շարունակ վայելում էր անսասան իշխանություն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, որտեղ նրան անվանում էին «Ուսուցիչ»։

Նյութի համակարգմանը զուգահեռ Արիստոտելը ձևակերպեց իր սեփական փիլիսոփայական օրինակների ցանկը (պարադիգման)՝ արտահայտված, մասնավորապես, չորս պատճառների և ունիվերսալի տեսության ուսմունքում, որն էապես տարբերվում էր Պլատոնի փիլիսոփայությունից։ Արիստոտելը կարծում էր, որ գիտելիք կարելի է ստանալ դիտարկման և փորձի միջոցով, իսկ Պլատոնը՝ հետևելով Սոկրատեսին, կարծում էր, որ բոլոր գիտելիքներն արդեն գոյություն ունեն և մարդը դրանք «հիշում» է, այլ ոչ թե՝ ձեռք բերում։ Արիստոտելի փիլիսոփայությունը ստացել է արիստոտելականություն անվանումը և մի քանի դար շարունակ կիրառվել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։

Հելլենիստական փիլիսոփայություն

Պլատոնից և Արիստոտելից հետո Հունաստանում, ապա Հռոմեական կայսրությունում իրենց զարգացումն էին շարունակում մի քանի փիլիսոփայական դպրոցներ և ուղղություններ հունական փիլիսոփայության հիմքի վրա՝ ներառյալ նեոպյութագորականությունը, պլատոնականությունը, ինչպես նաև Պերիպետիկոսները, որոնք շարունակում էին Արիստոտելի փիլիսոփայությունը։ Սկեպտիկները արտահայտում և մշակում էին սոփեստների՝ աշխարհի մասին ճշմարիտ իմացության տիրապետման անհնարինության գաղափարները։ Այս շրջանի նոր միտումների կողքին առանձնանում է ստոիցիզմը՝ բարոյագիտական հայեցակարգ, որը նմանություն ունի չինական դաոսականության հետ, և որը նույնացնում էր աշխարհում ներդաշնակության աղբյուրը իրերի բնական դասավորության յուրացման հետ և հետևաբար՝ խորհուրդ տալիս ստոյիկորեն հանդուրժել ճակատագրի բոլոր շրջադարձերը։ Այս ժամանակաշրջանի մյուս կարևոր ուղղությունը նորպլատոնականությունն էր։ Այս շրջանի հայտնի փիլիսոփա իդեալիս նորպլատոնական Պլոտինոսը (Ք. հ. 3-րդ դար) ժխտում էր Աստծո մարդակերպությունը, պնդելով, որ այդ կերպով Աստված, որը պիտի ամենազոր լիներ, մարդանմանության արդյունքում ձեռք կբերեր սահմանային հնարավորություններ։ Որպես հետևանք՝ նորպլանոնականության մեջ տեղի ունեցավ զուգամիտություն ամենազոր միաստվածության և գաղափարների աշխարհի կամ Պլատոնի ձևի միջև, որը հնարավոր դարձրեց Պլատոնի գաղափարների՝ քրիստոնեության և այլ մենաստվածային կրոնների հետ մասնակի միավորումը։

Փիլիսոփայությունը Հին Հնդկաստանում

Փիլիսոփայություն 
Բուդդայի արձանը, Գանդհարա Ք.ա. I դար

Հին հնդկական փիլիսոփայությունը ծնվել է Վեդաների մեկնաբանումների ավանդույթից, հինդուիզմի ավանդույթների հնագույն տեքստերից։ Հնդկական փիլիսոփայության ծնունդի ժամանակաշրջանը անվիճելի հարց չէ։ Ուսումնասիրողների մի մասը թվագրում են այն մ.թ.ա. VIII-VI դարերում՝ Ուպանիշադների գրման ժամանակ, որոնք վեդաների ուսումնասիրության մասին հնագույն ժողովածուներն են։ Նրանք համարում էին, որ Ուպանիշադներն արդեն փիլիսոփայական աշխատություններ էին։ Ավելի պահպանողական մոտեցման համաձայն՝ մասնավորապես փիլիսոփայության ծնունդը Հնկաստանում թվագրվում է մ.թ.ա. V-IV դարերում, որն իր հերթին հանդիսանում է շրամանյան ժամանակաշրջանը։ Այդ ժամանակ թափառական քահանաները, շրամանները սկսեցին հաստատել Վեդաների ճշմարտացիության կասկածի միտումը, որը հրահրեց կրոնական բանավեճ և բերեց փիլիսոփայության տարբեր ճյուղերի առաջացմանը։ Հինդուիզմի առավել աչքի ընկնող քննադատներից են, առաջին հերթին, Բուդդան, ինչպես նաև նրա ժամանակակից Աջիտա Կեսակամբալան, որի ժառանգությունում նկատվում է մատերիալիզմ՝ ավելի հստակ արտահայտված, քան Դեմոկրիտինը և Պակուդհա Կաչչայանինը, որոնք իրենց հաջորդներին ծանոթացնում էին ռեդուկցիոնիզմին և ռեալիզմին, և որը հետագայում դարձավ հին հնդիկ փիլիսոփաներին հատուկ։

Հին հնդկական ավանդույթներում նկատվում է սոֆիստների ուղղությունը՝ Լոկայատան, որոնց բանավեճի ավանդույթը նպաստել է փիլիսոփայական խմբակների առաջացմանը։ Հետագայում՝ մ.թ.ա. IV – մ.թ. II դարերում, Հնդկաստանում ձևավորվում են դարշանները՝ փիլիսոփայակն դպրոցներ, որոնք բաժանվում են երկու խմբի, որոնցից առաջինները Վեդաները համարում են ճշմարիտ տեղեկությունների աղբյուր, իսկ մյուսները ժխտում են նրանց ճշմարտացիությունը։ Առաջին խմբին պատկանում են հինդուիզմի փիլիսոփայության վեց դասական դպրոց՝ սանկյա, յոգա, նյաա, վայշեշիկա, միմանսա և վեդանտա։ Երկրորդ խմբին են պատկանում լոկայատան, բուդդայականության վաղ դպրոցները, ջայնիզմի դպրոցը և այլն։ Հնդկական փիլիսոփայականության ընդհանուր յուրահատկությունն էր կապվածությունը վառ արտահայտվող ռեալիզմի դպրոցներին՝ համադրված էպիստեմոլոգիայի հետաքրքրությամբ՝ ճանաչման միջոցների վավերականությամբ։

Հին հնդկական փիլիսոփայությունն իր կազմով անցել է այն նույն էտապները, ինչ հունականը, սակայն այն տևել է նշանակալիորեն դանդաղ, որը ենթադրվում է, որ կարող է կապված լինել, որ հնդիկ փիլիսոփաների քննարկման տրամաբանությունը կապված է եղել լեզվաբանությանը, այլ ոչ թե մաթեմատիկային, ինչպես մինչ սոկրատեսականների մոտ։ Հին հնդկական սիլլոգիան՝ հետևաբանությունը սովորաբար կազմված էր հինգ և ավելի մակարդակներից՝ հակառակ դասական երեք մակարդակներին, և հիմնավորումները դիտվում էին որպես համոզման մարտավարություն, և ոչ թե ապացույցներ։ Հին հնդկական փիլիսոփայությունը ուսումնասիրել է բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին տրամաբանությանը, առաջադրել է հասկացություններ հիմնականում փիլիսոփայության վերաբերյալ, իսկ վաղ բուդդիզմի որոշ գծերում անցել է փիլիսոփայական հարցերի լուծմանը, որոնք եվրոպական փիլիսոփայությունը ուսումնասիրել է միայն նոր շրջանում։ Միևնույն ժամանակ Հնդկաստանում փիլիսոփայական հիմնավորման տրամաբանությունը չի հասել Արիստոտելյան մակարդակին մինչև 20-րդ դարի սկիզբը, և Հնդկաստանում նույնիսկ զարգացած բուդդիզմի ավանդույթներում չեն ստեղծվել տեքստեր՝ նման պլատոնյաններին և արիստոտելյաններին, որոնք կարեղ էին դառնալ ավելի ակնառու փիլիսոփայական դպրոցների միջուկը, որոնք նման էին հնագույն դպրոցներին, և այդ կերպ հնդկական փիլիսոփայությունն անցել է հունականի անցած ճանապարհի մոտ կեսը։ Հետագայում Հնդկաստանում բուդդիզմի և ջայնիզմի գերադասումը հնարավոր է հանդիսացել է հնդկական փիլիսոփայական դպրոցների բազմազանության նվազեցման պատճառը և ազդել է նրանց զարգացման մակարդակի վրա։

Փիլիսոփայությունը Հին Չինաստանում

Փիլիսոփայություն 
Կոնֆուցիոս, փրագրություն. Թան դինաստիայի ժամանակաշրջան
Փիլիսոփայություն 
Լաո Ցզի, փորագրություն. Մին դինաստիայի ժամանակաշրջան

Չնայած չինական դասական գրվածքները նկարագրում են «հարյուր դպրոցների» շրջանը, որն էլ հենց հանդիսանում է Չինաստանում փիլիսոփայության ծնունդը՝ պատմական և լեզվագիտական տվյալները վկայում են այն մասին, որ իրականում այդ դպրոցները նշանակալից չափով ավելի քիչ էին, ընդ որում՝ Կոնֆուցիոսի տեսությունն առաջացել է առաջինը մ.թ.ա. VI-V դարերում, իսկ մնացած դպրոցները, որոնցից ամենահայտնիներն էին դաոսականության և լեգիզմի դպրոցները, ստեղծվել և զարգացել են՝ ձևավորելով իրենց իսկ տեսությունները արդեն կոնֆուցիզմի հետ համատեղելով։ Մասնավորապես, դաոսականության հիմնադիր լեգենդար Լաո Ցզիի գրությունները ստեղծվել են Կոնֆուցիոսից հետո։

Չինական փիլիսոփայության տարբերիչ հատկությունն է նրանում պրակտիկ փիլիսոփայության, հատկապես էթիկայի և քաղաքական փիլիսոփայության գերակշռումը։ Չինացի փիլիսոփաներին առաջին հերթին մի հարց էր հուզում, թե ինչպիսին պետք է լինի կատարյալ քաղաքացին և կատարյալ կառավարիչը, որն անհրաժեշտ է ներդաշնակությունը և հասարակությունում կամ երկրում կարգուկանոն պահպանելու համար։ Մեծ մասամբ այն կապված է մի կողմից նրանով, որ այդ ժամանակաշրջանի չինական հասարակությունը նոր էր վերապրել քաղաքական ցնցումների մի շարք և փորձում էր վերանայել պետության քաղաքական տեսքը, իսկ մյուս կողմից՝ նրանով, որ գրագիտությունը և որպես արդյունք՝ փիլիսոփայությամբ զբաղվելու հնարավորությունը Չինաստանում կախվածության մեջ էր գտնվում հասարակության աստիճանակարգումից։ Փիլիսոփաներն այդ ձևով դառնում էին քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին մոտ, սակայն մեկուսացված էին հասարակության մյուս շերտերից։

Չինական փիլիսոփայության ձևավորման ժամանակաշրջանում մի շարք փիլիսոփայական դպրոցներ առաջադրել էին մետաֆիզիկայի, իմացաբանության և բնափիլիսոփայության հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին մոիզդներին և ին յան ցզյային, սակայն այս աշխատանքը լուրջ առաջարկություն չի ստացել։ Մի կողմից, Չինաստանում փիլիսոփաները սկսեցին հետապնդվել լրջորեն, իսկ մյուս կողմից՝ Չինաստանում սկսեց գերիշխել Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը, որը մեծագույն ուշադրություն էր հատկացնում էթիկային վերաբերող հարցերին, իսկ կենցաղին վերաբերող հարցերին ապավինում էին ավանդական չինական առասպելաբանությանը, ընդ որում՝ գիտելիքի լավագույն աղբյուրներն էին հնագույն գրվածքները։ Ավելին՝ Հան դինաստիայի ժամանակաշրջանում՝ III դարից սկսած, կոնֆուցիականությանը դե ֆակտո տրվեց կրոնի կարգավիճակ, և փիլիսոփայությունը Չինաստանում հարկադրված էր զարգանալ կոնֆուցիական կանոնին համատեղ։

4-16-րդ դարերի համաշխարհային փիլիսոփայություն

Համեմատած նախորդ դարերի հետ, 4-16-րդ դարերում փիլիսոփայությունը ավելի դանդաղ էր զարգանում։ Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում դա մասամբ կապված էր Արիստոտելի և Պլատոնի տեքստերի կանոնականացման հետ, իսկ մասամբ էլ՝ այդ շրջաններում միաստվածության գերակշռման հետ։ 11-րդ դարի կաթոլիկ վանական Պիտեր Դամիանի «Փիլիսոփայությունը աստվածաբանության ծառան է» բանաձևը դարձավ «թևավոր խոսք» այդ ժամանակաշրջանի փիլիսոփայության զարգացման հատկանիշների շրջանում։ Հնդկաստանում փիլիսոփայական մտքի զարգացումը երբեք արագ տեմպով չէր ընթանում, իսկ Ք. ա. 3-րդ դարում բուդդայականության լայն տարածումը բացասաբար ազդեց փիլիսոփայական հայեցակարգերի բազմազանության վրա։ Չինաստանում փիլիսոփայության զարգացմանը խոչընդոտում էր փիլիսոփաների նկատմամբ հետապնդումները։ Ընդհանուր առմամբ, ամբողջ հազարամյակի ընթացքում, քաղաքակիրթ աշխարհի փիլիսոփայությունը, գրեթե լիովին, հայտնվեց 6 անձի աշխարհհայացքի ազդեցության տակ. Պլատոն, Արիստոտեի, Կոնֆուցիոս, Բուդդա, Մուհամմադ, Քրիստոս։

Եվրոպական փիլիսոփայությունը, հեռանալով անտիկ փիլիսոփայությունից, սերտաճեց քրիստոնեական աստվածաբանություն հետ։

Քրիստոնեական փիլիսոփայություն

Այն տարածքներում, որտեղ քրիստոնյաներ էին, փիլիսոփայությունը դանդաղ էր զարգանում, կապված այն բանի հետ, որ այդտեղ ենթարկվում էին որոշակի վարդապետության։ Քրիստոնեական փիլսոփայության սկզբնական փուլը (մինչ 4-րդ դար) բնութագրվում է քրիստոնեության ռացիոնալ հիմնավորման փորձով։ Այդ շարջանում փիլիսոփայությունը կոչվում է՝ «հայրաբանություն», իսկ նրա ամենավառ կերպարը համարվում է Ավրելիոս Օգոստինիոսը, ով ինտեգրացրեց նեոպլատոնականությունն ու քրիստոնեությունը՝ նեոպլատոնականությունից հեռացնելով այն ամենը ինչը հակասում էր Աստվածաշնչին։ Քրիստոնեական փիլիսոփայության ավելի վաղ շրջանը կոչվում է «սխոլաստիկա», որը բնութագրվում է կրոնական կազմակերպություններում փիլիսոփայակն դպրոցների ձևավորմամբ, որոնք կատարում էին եկեղեցու տարբեր հանձնարարություններ։ Այդ շրջանի ամենահայտնի փիլիսոփան Թովմա Աքվինացին էր, ով կատարելով այդպիսի հանձնարարություն, միավորեց քրիստոնեությունն ու արիստոտելականությունը։ Թովմա Աքվինացու փիլիսոփայությունն առ այսօր էլ Կաթոլիկ եկեղեցու համար համարվում է «պաշտոնական»՝ դասավանդվելով քոլեջներում և սեմինարիաներում։ Թովմա Աքվինացին հայտնի է նաև Աստծո գոյության իր 5 ապացույցներով ։

Փիլիսոփայությունը Մերձավոր Արևելքում

Փիլիսոփայություն 
«Սոկրատեսն աշակերտների հետ», 13-րդ դար

Իսլամական փիլիսոփայության հղացումը թվագրվում է VIII-IX-րդ դդ.։ Իսլամի առաջին հայտնի փիլիսոփաներից մեկը՝ Ալ Քինդին ծանոթ էր Արիստոտելի և Պլատոնի աշխատանքներին, տվել է Ալլահի «նորպլատոնական» սահմանումը՝ որպես բացարձակ և անդրանցական գոյություն, իսկ հետո դարձել է արիստոտելականության հետևորդ։ Փորձերը նորպլատոնականության և արիստոտելականության միաժմանակյա միավորումը իսլամում բնորոշ էին Ալ Քինդիի հետևորդների շրջանում, որոնցից առավել հայտնի էին Ավիցեննան և Իբն Ռուշդը։ Բնութագրական է, որ Արիստոտելի աշխատանքները լավագույնս արաբական թարգմանությամբ պահպանվել են արևելքում, քան միջնադարյան Եվրոպայում, իսկ որոշ քննախոսություններ պահպանվել են արաբերենից լատիներեն թարգմանության շնորհիվ։

Իսլամական փիլիսոփայության հիմնախնդիրներից մեկը մի քանի դարերի ընթացքում իսլամի կանոնների և հոգևոր իսլամական աղանդների համադրումն էր։ Շատ իսլամական փիլիսոփաներ փորձեր էին կատարում նպատակահարմարորեն սատարել կանոնը, միայն թե հիմնական կրոնական ուղղությունը սուֆիզմն էր, որը 13-րդ դարից առանձնացավ որպես իսլամի առանձին ճյուղ։ Սուֆիզմը շատ գծերով մոտ էր նորպլատոնականությանը և պարունակում էր թեոսոֆիայի տարրեր։ Վերջապես միայն 16-րդ դարում պարսիկ փիլիսոփա Մոլլա Սադրան կատարեց արիստոտելականության, նորպլատոնականության և իսլամի համադրում, և նրա փիլիսոփայությունը դարձավ առավել ազդեցիկ համադրույթը իսլամում մինչև ներկա ժամանակ։

Հուդայականության՝ փիլիսոփայություն դառնալը պայմանավորված էր մի կողմից իսլամական փիլիսոփայության, մյուս կողմից արիստոտելականության և նորպլատոնականության ազդեցությամբ։ Որոշ մտածողներ հուդայականության հետևորդներից փորձել են համապատասխանեցնել այդ դրույթները հուդայականության հետ, ինչպես Սաադիա Գաոնը, ով փորձում էր ստեղծել հրեական քալամ իսլամական քալամի նմանությամբ, և Մայմոնիդը։

Փիլիսոփայությունը Հնդկաստանում և Հեռավոր Արևելքում

Հնդկաստանում փիլիսոփայության զարգացումը մշտապես տեղի է ունեցել հարաբերականորեն դանդաղ։ Ծանրացուցիչ գործոնը Ք. հ. 3-րդ դարում Հնդկաստանում լայն տարածում գտած բուդդայականությունն էր, որի դրույթներում չէր ողջունվում հարցերի վճռական պատասխանները, որը բացասական ազդեցություն ունեցավ փիլիսոփայական տրամաբանության զարգացման հարցում։ Այնուամենայնիվ, 8-րդ դարում մուսուլմանների՝ Հնդկաստան կատարած արշավանքները և հինդուիզմի վերածնունդը 13-րդ դարում սրեցին թե՛ աստվածաբանական, և թե՛ փիլիսոփայական բանավեճերը, և 16-րդ դարից Հնդկաստանում հաշվվում են մոտ 600 աշխատություն, որոնք կարելի է համարել փիլիսոփայական։ Դիտարկվում են քննվող փիլիսոփայական հարցերի և դրանց՝ Հնդկաստանում և Եվրոպայում նրանց ժամանակակիցների՝ քրիստոնեական փիլիսոփա-սխոլաստիկների պատասխանների տարբերակների զուգահեռները։

III-V-րդ դդ. Չինաստանում բուդդայականության տարածումը բերեց բուդդայականության առանձին, չինական ճյուղի՝ չան-բուդդիզմի առաջացմանը, որը համակցում էր իրենում ավանդական հնդկական բուդդայական դպրոցներից մեկը՝ Մահայանան և չինական դաոսականությունը։ Հենց չան-բուդդայականությունը տարածում գտավ Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում և Հեռավոր արևելքի այլ երկրներում, որտեղ ստացավ «ձեն-բուդդիզմ» անվանումը։ Ճապոնիայում կոնֆուցիականության և ձեն-բուդդայականության համակցումը դրված է սամուրայների փիլիսոփայության հիմքում։ Բուդդայականությունը Չինաստան բերեց ավելի զարգացած տրամաբանական և կատեգորիալ համակարգ, քան այն, որը կիրառում էին հին չինական փիլիսոփաները, միայն թե 9-րդ դարից բուդդայական փիլիսոփայության ազդեցությունը Չինաստանում նվազում է և տեղի է ունենում վերադարձ թեթևակի ձևափոխված կոնֆուցիականության, որն ստանում է «նորկոնֆուցիականություն» անվանումը։

Վերածննդի փիլիսոփայություն

Վերածնունդը միջին դարերի և ժամանակակից մտածելակերպերի միջև մի ժամանակաշրջան էր, երբ դասական տեքստերի վերականգնումը օգնեց տրամաբանական տեխնիկական գիտությունների, մետաֆիզիկական և աստվածաբանական փիլիսոփայական հետաքրքրությունները դարձնել բարոյականության մեջ ընտրողական հետաքրքրություններ, բանասիրություն ու միստիցիզմ։ Ընդհանուր առմամբ դասական և մարդասեր արվեստների ուսումնասիրույթունը, ինչպիսիք են պատմությունը կամ գրականությունը, հետազոտական հետաքրքրություն ձեռք բերեցին մինչ այժմ Քրիստոնեությանը անհայտ մի ձգտման՝ հումանիզմի հանդեպ։ Մետաֆիզիկայի ու տրամաբանության հանդեպ միջնադարյան հետաքրքրությունները փոխելով հումանիստները հետևեցին Ֆրանչեսկո Պետրարկայի՝ մարդու կառուցման և փիլիսոփայական արժանիքներին։

Դասական փիլիսոփայության ուսումնասիրումը նույնպես զարգացել է 2 նոր ուղով։ Մի կողմից, Արիստոտելի ուսումնասիրությունը փոխվեց՝ Ավերոյիզմի ազդեցության ներքո։ Այս ավերոյիզմի կողմ արիստոտելականների և ավելի օրթոդոքս կաթոլիկ արիստոտելականների, ինչպիսիք էին Ալբերտուս Մագնուսը և Թովմա Աքվինացին, միջև անհամաձայնությունները ի վերջո բերեցին հումանիստական արիստոտելիզմի ձևավորմանը վերածննդի ժամանակ։

Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայության հիմք է հանդիսանում հումանիզմը, որն իր արմատներով տանում է դեպի իտալական պրոտոռենեսանսի հայեցակարգ՝ ունենալով մարդակենտրոն բնույթ. «աշխարհ-մարդ»։ Հումանիստներն, ովքեր «պրոֆեսիոնալ փիլիսոփաներ» չէին, եվրոպական կաթոլիկ հաստատություններում ստանալով գիտական աստիճան, կարծում էին, որ փիլիսոփայությունը չի կարող քննարկել միայն աստվածայինը, այլ պետք է հետաքրքվի նաև երկրային գործերով, նախ և առաջ մարդկանցով։ Առաջին հայտնի հումանիստ փիլիսոփաներին էին Նիկոլայուս Կուզանեցին և Միշել դը Մոնտենը։ Սկզբում հումանիստները հանդես էին գալիս հենց ընդդեմ սխոլաստիկայի, այլ ոչ թե եկեզեցու, Եվրոպայում վերածննդի փիլիսոփայական մտքի էվոլյուցիան հակասություն առաջացրեց քրիստոնեական դոգմայի միջև։ Էսթետիկայի, բնափիլսոփայության և գիտության զարգացումը՝ կապված, մասնավորապես, Միքելանջելոյի, Լեոնարդո դա Վինչիի և Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան հետ, զուգակցվելով այդ ժամանակաշրջանի Հռոմի Պապերի անբարո կյանքի հետ մտավորականների մեծ շերտի մոտ արժեզրկում էր Կաթոլիկ եկեղեցու հեղինակությունը։ Մնալով հավատացյալ քրիստոնյաներ, շատ մտավորականներ կասկածի տակ դրեցին Վատիկանի հեղինակությունը, Եվրոպայի տարբեր անկյուններում սկսվեցին Ռեֆորմացիաներ։ Վերածննդի դարաշրջանի փիլիսոփաները դադարեցին վստահել պաշտանական եկեղեցական փիլիսոփայությանը և սկսեցին փնտրել գիտության այլ աղբյուրներ՝ առաջին հերթին դառնալով մոռացված դասական փիլիսոփաներին։

Նորագույն դարաշրջանի փիլիսոփայություն

Փիլիսոփայություն 
Կոնֆուցիոսի քառագրքի լատիներեն թարգմանությունը, Փարիզ, 1687 թվական

17-րդ դարից սկսած փիլիսոփայությունը բուռն զարգացում է ապրում և աշխարհը հարստանում է բազմաթիվ փիլիսոփայական հայեցակարգերով և մոտեցումներով։ Սուրբ գրությունները՝ որպես գիտության հիմնական աղբյուր, մի կողմ մղվեցին և փիլիսոփաները նորից վերադարձան փիլիսոփայական հիմնական հարցերին։ Եվրոպայում, սկսած Վերածննդի դարաշրջանից, թարգմանվում և համակարգվում էին անտիկ փիլիսոփաների պահպանված աշխատանքները։

Որպես արևմտյան փիլիսոփայության վաղ ժամանակակից շրջան նշվում են 17-րդ ու 18-րդ դարերը, որոնցից վերջինը հաճախ կոչվում է լուսավորության ժամանակաշրջան։ Ժամանակակից փիլիսոփայությունը տարբերվում է նախորդողներից իր աճող տարբերության ավանդական մարմիններից, ինչպիսիք են եկեղեցին, ակադեմիան ու արիստոտելականությունը։ Կենտրոնանում են ավելի շատ գիտելիքի հիմունքները, մետաֆիզիկական համակարգված կառուցումը և ժամանակակից ֆիզիկայի առաջացումը՝ բնափիլիսոփայությունից։

Այս ժամանակաշրջանի այլ գլխավոր թեմաներից են մտքի էությունը և դրա կապվածությունը մարմնին, նոր բնական գիտությունների հետևանքները ավանդական աստվածաբանական թեմաներին, ինչպիսիք են ազատ կամքն ու Աստվածը և աշխարհիկ հիմքերի հետևանքները բարոյական և քաղաքական փիլիսոփայությունների համար։ Այս նորամուծությունները սկզբում մասնակիորեն միակցվել են Ֆրենսիս Բեկոնի գիտելիքների ընդլայման նոր, փորձառական ծրագրի կանչին և շուտով հիմնել են Ռենե Դեկարտի մեխանիկական ֆիզիկայի և ռացիոնալիստական մետաֆիզիկայի շատ ազդեցիկ տեսակ։

Թոմաս Հոբեսը առաջինն էր, ով այս մեթոդը համակարգված կիրառեց քաղաքական փիլիսոփայությունում։ Նա նաև ժամանակակից քաղաքական փիլիսոփայության հիմնադիրներից է։ Վաղ ժամանակակից փիլիսոփայության ուսումնասիրական առաջատարներն էին Դեկարտը, Սպինոզան, Լայբնիցը, Լոկը, Բերկլին, Հյումը և Կանտը, չնայած փիլիսոփայությանն ավելի ազդեցիկ հավելումներ են կատարել այդ ժամանակաշրջանի մտածողները, ինչպիսիք են Գալիլեյը, Գասենդին, Ռեյդը, Պասկալը, Նյուտոնը, Ուոլֆը, Մոնթեսքյոն, Մալեբրանխեն, Բեյլը, Սմիթը և Ժան դ'Ալեմբերը։ Ժան Ժակ Ռուսոն կարևոր դեր էր խաղում լուսավորության դեմ շարժման նախաձեռնության ժամանակ։ Վաղ ժամանակակից շրջանի մոտավոր ավարտը հաճախ նշվում է Կանտի համակարգված փորձերով սահմանել մետաֆիզիկան, արդարացնել գիտելիքները և համաձայնեցնել այս երկուսը բարոյականությամբ ու ազատությամբ։

XIX դարի փիլիսոփայություն

Ուշ ժամանակակից փիլիսոփայության սկիզբը սովորաբար համարում են Կանտի փիլիսոփայությունից հետո՝ XIX դարի սկզբին։ Գերմանական փիլիսոփայությունը լայն ազդեծություն ունեցավ այդ դարում, փորձելով գերմանական համալսարանային համակարգը տիրապետող դարձնել։ Գերմանական իդեալիստները, ինչպիսիք են Յոհան Գոտլիբ Ֆիխտեն, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը և Ֆրիդրիխ Վիլհելմ Ժոզեֆ Շիլինգը, վերափոխեցին Կանտի աշխատանքը, ասելով, որ աշխարհը կազմված է ռացիոնալ կամ մտածողության նման գործընթացներից, և որպես այդպիսին լիովին հասկավող է։ Արթուր Շոպենհաուերը այս աշխարհակազմական գործընթացը նշում է որպես ապրելու ոչ բնական ցանկություն, որի վրա ազդել է ուշ XIX-րդ և վաղ XX դարերի մտածողությունը, որի օրինակ են Ֆրիդրիխ Նիցշեի ու Զիգմունդ Ֆրոյդի աշխատանքները։

Հեգելի մահից հետո՝ 1831 թ.-ին, XIX դարի փիլիսոփայությունը շրջվեց իդեալիզմի դեմ՝ դառնալով կողմնակից փիլիսոփայական բնականության բազմազանության, որի օրինակ է Օգյուստ Կոնտի պոզիտիվիզմը, Ջոն Միլի էմպիրիզմը և Կառլ Մարքսի մատերիալիզմը։ XX դարում փիլիսոփայության զարգացման համար տարբեր մտքեր արտահայտած փիլիսոփաները հետևալն են՝

Ֆրանսիական լուսավորչություն

XVIII դարում հումանիստների սկսած գործը Ֆրանսիայում իր շարունակությունը գտավ քաղաքական փիլիսոփայության ու էթիկայի մեջ։ Այդ ժամանակաշրջանի ֆրանսիական իշխանությունն ավելի ճնշող էր հարևան Գերմանիայի, Հոլանդիայի կամ Անգլիայի հետ համեմատած, ինչը ֆրանսիացի ազդեցիկ շատ փիլիսոփաների ստիպեց բողոքել, կասկածի տակ առնել և՛ եկեղեցու, և՛ պետության հեղինակությունը էթիկայի ու բարոյականության հարցում։ Մոնտեսքյուն հրատարակեց քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ մի շարք աշխատություններ, որոնցում հիմնավորում էր իշխանության բաժանման արդյունավետությունը. Անգլիայում արդեն իշխանությունը բաժանված էր, և այն նկարագրվել էր Ջոն Լոկի կողմից։ Վոլտերը քննադատեց քրիստոնեությունը, իսկ Ժան Ժակ Ռուսոն իր՝ «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762) աշխատության մեջ զարգացրեց հասարակական պայմանագրի գաղափարը և շարադրեց ուղղակի դեմոկրատիայի սկզբունքները։ Այս փիլիսոփաների աշխատությունները մեծ ազդեցություն ունեցան հասարակական-քաղաքական կյանքի վրա. դրանք դարձան Ֆրանսիական հեղափոխության գաղափարախոսության հիմնական մասը, ինչպես նաև ընկած էին ԱՄՆ սահմանադրության հիմքում։

Մատերիալիզմ և իդեալիզմ

Փիլիսոփայության հիմնական հարցերից մեկը մեր գիտակցության ու շրջակա աշխարհի փոխհարաբերության բնույթի բացատրությունը։ Փիլիսոփայության զարգացման սկզբնական շրջանում առաջ քաշված երկու հայեցակարգերը՝ մատերիալիզմն ու իդեալիզմը, նոր ժամանակներում ստացան իրենց անվանումներն ու սահմանումները և շարունակեցին զարգանալ։ Մատերիալիզմը, որի հիմքերը նկատվում են ատոմիստների մոտ ու հին հնդկական լոկայատա ուսմունքում, սահմանվեց Թոմաս Գոբսի կողմից։ Ջոն Լոկը, սակայն, առանձնակի ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդը ոչ այնքան անմիջականորեն շփվում է շրջակա աշխարհի հետ, որքան ընկալում է այն իր ընկալիչների պրիզմայի միջոցով։ Ջորջ Բերկլին Լոկի փաստարկները հասցնում է բացարձակության. մարդու աշխարհը կազմված է իր զգացմունքներից ու գաղափարներից, ոչ թե նյութական օբյեկտներից։

Ձևավորվեցին նաև երկրորդական մի շարք հայեցակարգեր։ Ռենե Դեկարտն իր փիլիսոփայությամբ փորձում էր բացատրել իդեալական ու նյութական աշխարհների գոյությունը։ Նրա հայեցակարգը, որ մոտ էր Պլատոնի գաղափարների տեսությանը, ստացավ «դուալիզմ» անվանումը։ Մյուս կողմից Սպինոզան կարծում էր, որ ողջ աշխարհը բաղկացած է առաջնային «սուբստանցներից», որ էլ հենց «աստված» և որն էլ ձևավորում է նյութական օբյեկտներն ու մարդկային գիտակցությունն իդեալական օբյեկտներով։ Այսպիսով՝ նյութական ու իրական աշխարհները դառնում են նույն երևույթի երկու դրսևորումներ։ Վերջապես, Լայբնիցը, ով փիլիսոփայություն բերեց «իդեալիզմ» տերմինը, XVIII դարի սկզբում ձևավորեց մի հայեցակարգ, որ այսօր իր արտահայտությունն է գտել միջուկային ֆիզիկայում։ Լայբնիցը կարծում էր, որ բոլոր օբյեկտների հիմքը նյութական ատոմներն են։

Էմպիրիզմ և ռացիոնալիզմ

Աստվածաշնչի՝ որպես վստահելի աղբյուր, առավել ևս՝ որպես միակ ճշմարիտ աղբյուր չլինելու գիտակցումն սկիզբ դրեց իմացաբանական լուրջ բանավեճի։ «Որտեղի՞ց մենք գիտենք ինչ-որ բան», - իրենք իրենց հարց էին տալիս նոր ժամանակների փիլիսոփաները։ Այդ հարցն արդիական էր նաև անտիկ դարերում։ Մինչ Սոկրատն ապրած փիլիսոփաները, որոնք մեծ մասամբ ռացիոնալիստներ էին, ենթադրում էին, որ աշխարհը կարելի է հասկանալ մտածողության միջոցով։ Մտածելով բավական երկար ու ճիշտ՝ կարելի է հասնել իսկական ու անհերքելի ճշմարտությունների, օրինակ, բացահայտել, որ Փիլիսոփայություն , կամ Պյութագորասի թեորեմը։ Դեռ անտիկ ժամանակներում ռացիոնալիստներին մերժեցին սկեպտիկ-սոփեստները։ Ռացիոնալիզմի խոր ուսումնասիրությունները կատարեց Ռենե Դեկարտը, ով «չար դևի» (գոյ, որ կարող էր խաբել մարդու բոլոր զգայարանները) հայեցակարգի միջոցով ցույց տվեց, որ շրջակա միջավայրի վերաբերյալ միակ գիտելիքը, որ կարելի է ստանալ բացառապես ռացիոնալ եղանակով, հետևյալն է. «Ես մտածում եմ, ուրեմն՝ ես գոյություն ունեմ»։ Մյուս բոլոր հետևությունները կարող են սխալ լինել։ Դեկարտի հայեցակարգն իր արտահայտություն է գտել, օրինակ, «Մատրիցա» ֆիլմում։

Սպինոզան ու Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը ռացիոնալիստական հայացքներ ունեին, իսկ Ջոն Լոկն ու Ջորջ Բերկլիի կարծում էին, թե ողջ ճանաչողությունը տեղի է ունենում սոսկ զգայությունների միջոցով՝ էմպիրիկ եղանակով։ Էմպիրիզմի զարգացման գործում առավելագույն ներդրում է ունեցել Դեյվիդ Հյումը, ով իր աշխատություններում ցույց է տվել, որ մարդկության ողջ գիտելիքները հիմնված են երևույթների դիտարկումների ընդհանրացումների, այսինքն՝ ինդուկտիվ եզրահագումների վրա։ Հյումը սահմանեց ինդուկցիայի խնդիրը. ինդուկտիվ մտածողությունը, ի տարբերություն դեդուկտիվ մտածողության, չունի ռացիոնալ հիմքեր։ Այլ կերպ ասած՝ ոչ մի «ռացիոնալ» հիմք չկա ենթադրելու, թե վաղն արևը կծագի միայն այն պատճառով, որ այն ծագել է նախորդ բոլոր օրերին։

Իմանուիլ Կանտ
Փիլիսոփայություն 
«Զուտ բանականության քննադատության» առաջին հրատարակության տիտղոսաթերթը, 1781 թ.

Շատերի կարծիքով՝ Իմանուիլ Կանտը պատկանում է այն փիլիսոփաների թվին, ովքեր նույն մակարդակի վրա են գտնվում Պլատոնի ու Արիստոտելի հետ։ Նրա փիլիսոփայական աշխատությունները, այդ թվում՝ փիլիսոփայությանը նվիրված ամենահայտնի գրքերից մեկը՝ «Զուտ բանականության քննադատությունը», փիլիսոփայության մեջ սահմանեցին խորը քննադատական վերլուծության նոր չափանիշներ։ Կանտի փիլիսոփայությունը՝ նախ որպես կանտականություն, ապա որպես նեոկանտականություն, մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական փիլիսոփայական մտքի վրա։

«Զուտ բանականության քննադատությունը» աշխատության մեջ Կանտն անդրադառնում է ռացիոնալիզմի ու էմպիրիզմի խնդրին, շարադրում նախկին մոտեցումների իր քննադատությունը ու առաջ քաշում ճանաչողության իր հայեցակարգը, որ միավորում է ռացիոնալիզմն ու էմպիրիզմը։ Ներշնչված Կոպեռնիկոսի՝ աստղագիտության ոլորտում իրականացրած հեղափոխությամբ՝ Կանտը մտադրվում է հեղափոխություն կատարել փիլիսոփայության մեջ։ Կանտը ճանաչողության առարկաները բաժանում է երկու խմբի՝ «ֆենոմեններ» ու «ինքնին իրեր» (լատին․՝ noumena)։ «Ինքնին իրերի» վերաբերյալ պնդումները (օրինակ՝ «Աստված գոյություն ունի»), ըսկ Կանտի, հնարավոր չէ ստուգել փորձնական ճանապարհով։ Կանտը կարծում էր, որ մարդուն տրված չեն այդպիսի առարկաներ, և նա ի վիճակի չէ դրանց մասին տեսական գիտելիքներ ստանալ։ Մյուս կողմից, ըստ Կանտի, մարդը, օգտագործելով բանականությունը, իմաստավորում է զգայության միջոցով ստացած տվյալները. դրանք ընկալում է ժամանակի ու տարածության մեջ, խմբավորում (բաժանում առանձին կատեգորիաների), ֆենոմենին տալիս պատճառականություն։ Այսպիսով՝ ճանաչողությունը, Կանտի կարծիքով, չի սահմանափակվում միայն ընկալմամբ, այլ իրենից ներկայացնում է էմպիրիկի ու ռացիոնալի համակցություն։

Կանտի փիլիսոփայությունը առանձնացնում է իրական օբյեկտները, որոնք էլ հենք «ինքնին իրերն» են ու անհասկանալի, և մարդկային գիտակցության մեջ առկա դրանց արտացոլումները, որոնք համակցված են մարդկային բանականության պրիզմայի միջոցով։ Կանտի փիլիսոփայությունն անպատասխան է թողնում ճանաչման օբյեկտիվության հարցը, քանզի ֆենեմոնների խմբավորումն ու համակցումը կարող են լինել սուբյեկտիվ։ Այդ հարցն էլ ընկած է ժամանակակից փիլիսոփայության՝ երկու ճյուղերի բաժանվելու հիմքում։ Մայրցամաքային փիլիսոփայությունը պաշտպանում է բացարձակ իդեալիզմի գաղափարը։ Հեգելը աշխարհը ներակայցնում է որպես համակարգ՝ արտահայտված համակցումների ու խմբավորումների միջոցով։ Այդպիսի աշխարհում, օրինակ, տարբեր (այդ թվում՝ ռացիոնալ) քննարկումների միջոցով կարելի է կատարել վերահամակցումներ, վերախմբավորումներ՝ առանձնացնելով փիլիսոփայական նորանոր հայեցակարգեր։Վերլուծական փիլիսոփայությունը, սկզբում շարունակելով բրիտանացի էմպիրիկների փիլիսոփայությունը, ենթադրում է կատարված ամեն խմբավորման ու իրական աշխարհի միջև առկա հետադարձ կապի որոնում։ Վերլուծական փիլիսոփայությունն, այսպիսով, ավելի մեծ ուշադրություն է դարձնում դատողության տրամաբանության խստությանը և մասամբ մոտենում է գիտական մեթոդ օգտագործող գիտակարգերին

Գերմանական իդեալիզմ

Իդեալիզմի տեսակները տարածվել են փիլիսոփայության մեջ 18 դարից XX դարի սկզբներին։ Տրանսցենդենտալ իդեալիզմը, որի կողմնակիցը Էմանուել Կանտն էր, արտահայտում էր այն տեսակետը, որ ոչ ամեն ինչն է հասկանալի, քանի որ կան բաներ, որոնք չեն կարող օբյեկտիվ դատողություն ստանալ։ Կանտը գրեց իր «Թույլ պատճառի քննադատությունը», որպեսզի հաշտեցնի հակառակ մոտեցումները՝ ռացիոնալիզմը և էմպիրիզմը, և ստեղծի նոր հիմք մետաֆիզիկան ուսումնասիրելու համար։ Կանտը իր այս աշխատանքի միջոցով ցանկանում էր տեսնել, թե ինչ գիտենք մենք և կենտրոնանալ, թե մեր գիտեցածից ինչն է ճիշտ, այսինքն՝ թե ինչպես գիտենք դա։ Հիմնական թեմաներից մեկն այն էր, որ կան իրականության հիմնարար առանձնահատկություններ, որ մեր գիտելիքներից բացակայում են, մարդկանց կարողությունների բնական սահմանափակման պատճառով։ Չնայած Կանտը պահեց աշխարհի այն նպատակային գիտելիքները, որոնք պահանջում էին օգտագործել բանականությանը հարկադրել հայեցակարգային կամ կատեգորիկ դաշտը, մաքուր զգայական տվյալների միջոցով։ Դաշտը, որ ներառում էր տարածությունը և ժամանակը անկախ մեզանից։ Նա նշեց, որ մեզանից անկախ բաները, անկախ են նաև մեր դատողություններից և ընկալումներից։ Այդ պատճառով էլ նա ամեն պարզ իմաստով իդեալիստ չէր։ Կանտի մեզանից անկախ բաների տեսությունը հակասական է և բավականին բարդ։ Շարունակելով Կանտի գործը՝ Յոհան Գոթլիբ Ֆիխտեն և Ֆրիդրիխ Շելինգը ազատվեցին անկախ աշխարհի գույության մասին իրնեց գաղափարենրին և ստեղծեցին ամեն ինչը հաղթահարող իդելաիստական փիլիսոփայություն։

Գերմանական իդեալիզիմի ամենահատկանշական գործերից է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրխ Հեգելի, 1807 թվականին գրված Հոգու ֆենոմենոլոգիան է։ Հեգելը ընդունում էր, որ իր գաղափարները նոր չեն, բայս ըստ նրա ամբողջ նախորդ փիլիսոփայությունը թերի էր։ Հեգելի նպատակն էր ճիշտ ավարտել նրանց աշխատանքը։ Հեգելը պնդում էր, որ փիլիսոփայության 2 նման նպատակներն էին՝ ցույց մարդկային փորձի ակնհայտ հակսությունները տալը (որոնք առաջանում են օրինակ՝ ենթադրյալ հակասություններից դուրս՝ «լինելու» և «չլինելու» միջև) և միաժամանակ լուծել կամ ցույց տալ այդ հակասությունների համատեղելիությունը (լինելը» թե «չլինելը» լուծվում է «դառնալով»)։ Հակասությունների ընդունման և համատեղման այս մեթոդը կոչվում է «Հեգելյան Դիալեկտիկա»։ Փիլիսոփաներ, որնոք ներշնչված էին Հեգելով, այդ թվում նաև Լյուդվիգ Անդրեաս Ֆուրիբախը, ով կենտրոնացել է մարդկանց այս աշախարհում ինչ-որ բաներ առանց իրնեց հատկանիշների հետ համամետաելու, ընդունել չկարողանալու մեջ։

XX դարի քիչ փիլիսոփաներ են ընդունել իդեալիզմը։ Սակայն էլ ավելի քիչ մարդիկ են ընդունել Հագլեյան դիալեկտիկան։ Էմանուել Կանտի «Կոպեռնիկոսի հեղաշրջումը» նույնպես կարևոր հասկացողություն է ներկայիս փիլիսոփայութան մեջ։

Փիլիսոփայությունը Հայաստանում

Փիլիսոփայության Դավիթ Անհաղթի սահմանումներ

Հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Սահմանք իմաստասիրության» երկում տալիս է փիլիսոփայության հետևյալ վեց սահմանումները.

  1. Փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին։
  2. Փիլիսոփայությունը գիտություն է աստվածային և մարդկային իրողությունների մասին։
  3. Փիլիսոփայությունը խորհրդածություն է մահվան մասին։
  4. Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության։
  5. Փիլիսոփայությունը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը։
  6. Փիլիսոփայությունը սեր է իմաստության (ճշմարտության) հանդեպ։

Փիլիսոփայությունը Ռուսաստանում

Փիլիսոփայություն 
Ալեքսանդր Գերցենի «Ո՞վ է մեղավոր» աշխատության տիտղոսաթերթը
Փիլիսոփայություն 
Չերնիշևսկու «Ի՞նչ անել» աշխատության տիտղոսաթերթը

«Ռուսական փիլիսոփայություն» ասելով կարելի է հասկանալ ինչպես ազգային հատուկ փիլիսոփայությունը, որ զարգացել է ռուսական մշակույթին զուգահեռ, այնպես էլ Ռուսաստանի տարածքում (պատմական Ռաւսաստանում ու ԽՍՀՄ-ում) ապրած տարբեր փիլիսոփաների աշխատությունների ընդհանրությունը։

Փիլիսոփայակն բուն գործունեությունը Ռուսաստանում սկսվել է XVIII դարի կեսերին։ Մինչ Պետրոս I-ի բարեփոխումները Ռուսական պետությունը մեկուսացված էր ինչպես անտիկ փիլիսոփայության ժառանգությունից, այնպես էլ արևմտյան փիլիսոփայությունից։ Ռուսաստանի՝ մինչև XVIII դարն ընկած պատմությունը երբեմն անվանում են «ռուսական փիլիսոփայության նախաբան»։ XVIII դարում Ռուսաստանում«Կիևյան-Մոգիլյան ակադեմիա» ազգային համալսարանի միջոցով հաղորդակից են դառնում համաշխարհային փիլիսոփայությանը։ Այդ համալսարանի շրջանավարտների շարքում են ռուս առաջին փիլիսոփաները՝ Ֆեոֆան Պրոկոպովիչը և Գրիգորի Սկովորոդան։ XIX դարում փիլիսոփայությունը Ռուսաստանում ծաղկում է ապրում, և ձևավորվում են փիլիսոփայական ինքնուրույն ուղղություններ։ ХIX դարի կեսերը համարվում են «ռուսական փիլիսոփայության ոսկեդա», իսկ ХIX դարի վերջերն ու XX դարի սկիզբը՝ «ռուսական փիլիսոփայության արծաթե դար»։

Ռուսական փիլիսոփայության բնութագրական առաջին առանձնահատկությունը նրա՝ համեմատաբար ուշ շրջանում ձևավորվելն է. այն բխում էր ոչ թե անտիկ փիլիսոփայությունից, ինչպես եվրոպական փիլիսոփայությունը, այլ արևմտյան փիլիսոփայության ազդեցությամբ։ Փիլիսոփայությունը Ռուսաստան է ներթափանցում նոր ժամանակների փիլիսոփայությանը հատուկ սեկուլյարիզացիայի գաղափարներին զուգահեռ և ռուս փիլիսոփաներին աագ բաժանում է երկու խմբի՝ արևմտամետներ, որոնք կողմ էին այդ գաղափարներին, և սլավոնամետներ, ովքեր կոչ են անում պահպանել ռուսական ազգային ու, առաջին հերթին, ուղղափառ եկեղեցական ավանդույթները։ Այս բաժանումը տևեց ողջ XIX դարի ընթացքում։ Պետությունն իր մասնակցությունն ուներ այս հակամարտությանը՝ գրաքննության ենթարկելով «խռովարար մտքերը» և վնասակար փիլիսոփաներին աքսորելով Սիբիր։ Արևմտամետներից էին, օրինակ, Պյոտր Չադեևը, Միխայիլ Բակունինը, Ալեքսանդր Հերցենը, Նիկոլայ Չերնիշևսկին, Վիսարիոն Բելինսկին, Նիկոլայ Ստանկևիչը, Տիմոֆեյ Գրանովսկին, Նիկոլայ Օգարյովը, Վասիլի Բոտկինը, Եվգենի Կորշը։ Սլավոնամետներ էին Ալեքսեյ Խոմյակովը, Իվան Կիրեևսկին, Վլադիմիր Սոլովյովը, Կոնստանտին Ակսակովը, Յուրի Սամարինը։

Ռուսական փիլիսոփայության երկրորդ առանձնահատկությունը նրա մարդակենտրոնությունն էր։ Ռուսաստանի փիլիսոփաների աշխատությունների թեման մարդն է, նրա ճակատագիրն ու ազատությունը, նրա կյանքի իմաստը։ Ազատության հարցը արդիական էր հատկապես XVIII-XIX դարերում ռուսական ինկքնակալության պայմաններում։ Այդ պատճառով էլ ռուս փիլիսոփաների աշխատություններում գերակշռում են էթիկային, քաղաքական փիլիսոփայությանը, պատմության փիլիսոփայությանն ու կրոնի փիլիսոփայությանը նվիրված ուսումնասիրությունները։ Ռուսական փիլիսոփայությունը որքան ռեասլիըական, նույնքան էլ ուտոպիական է ու նպատակ ունի փոխել աշխարհը։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանում գերակշռել են սոցիալական պրակտիկային նվիրված տեսություններ, ինչպիսիք են, օրինակ, մարքսիզմն ու անարխիզմը։

XIX դարի վերջին ու XX դարի սկզբին Ռուսաստանի փիլիսոփաները մեծ ներդրում են կատարում փիլիսոփայական տարբեր ուղղությունների զարգացման մեջ։ Ասվածն առաջին հերթին վերաբերում է անարխիզմին (Միխայիլ Բակունին, Պյոտր Կրոպոտկին), մարքսիզմին (Գեորգի Պլեխանով) ու կոսմիզմին (Վլադիմիր Վերնադսկի, Կոնստանտին Ցիլկովսկի, Նիկոլայ Ֆյոդորով)։ ХХ դարի 30-ական թթ. «գիտական կոմունիզմի» դոգմատավորումից հետո Ռուսաստանում (ԽՍՀՄ) փիլիսոփայության զարգացումը կասեցվում է, բազմաթիվ փիլիսոփաներ սպանվում են կամ բանտարկվում։ «Խրուշչովյան հալոցքը» բերեց գրաքննության որոշակի թուլացում, որոշակի գործունեություն ծավալեցին փիլիսոփաներ Մերաբ Մամարդիշվիլին ու Էվալդ Իլենկովը, սակայն փիլիսոփայությայն բնականոն զարգացումը վերսկսվեց միայն ԽՍՀՄ-ի անկումից հետո։ Ներկայումս պետությունը չի խոչընդոտում փիլիսոփաների գործունեությունը։

Մայրցամաքային փիլիսոփայություն

Կոնտինենտալ կամ մայրցամաքային փիլիսոփայությունը բնորոշում է ժամանակակից եվրոպական փիլիսոփայության երկու հիմնական ավանդույթներից մեկը։ Այս եզրույթը տարբերակում է մայրցամաքային եվրոպայի փիլիսոփայությունը անգլոամերիկյան կամ Անալիտիկ փիլիսոփայությունից, քանի որ այն ժամանակ, երբ սկսվեց տարբերակվել (20-րդ դարի երկրորդ կեսին) կոնտինենտալ փիլիսոփայությունը դոմինանտ ոճն էր, մինչդեռ անգլիական փիլիսոփայությունը գերակշռում էր առավելապես անգլախոս երկրներում։

Մայրցամաքային փիլիսոփայության քննադատություն

Շատ քննադատներ նշում են, որ մայրցամաքային փիլիսոփայության ասպարեզին բնորոշ են ինչպես բարոյագիտական, այնպես էլ մեթոդաբանական հարաբերապաշտությունը, և որպես հետևանք՝ «պատուհանը», բացը աշխարհի իրականության հետ։ Օրինակ՝ փիլիսոփայության մեջ վերլուծական ավանդույթների ներկայացուցիչները քննադատում էին մայրցամաքային փիլիսոփաներին նրա համար, որ մայրցամաքային փիլիսոփայության ներսում ցանկացած ուղղության գաղափար պտտվում է, հիմնված է իր շուրջը, առանց շրջակա աշխարհի հետ կապի, որ հնարավորություն չի տալիս գնահատել այս կամ այն ուղղության արժեքը ընդհանուր առարկայական համատեքստում։ Փիլիսոփայության քննադատական դպրոցի հայտնի ներկայացուցիչ Բերտրան Ռասելը ցույց է տվել մայրցամաքային մտածողության բարոյագիտական հարաբերապաշտությունը, որը, հետևելով հեգելյան տրամախոսությանը, հանգեցրեց հասարակության համար կազմալուծիչ փիլիսոփայական մտքի «լիբերալ» շղթայի. Բենթամ → Ռիկարդո → Մարքս → Ստալին և Ֆիխտե → Բայրոն → Քարլայլ → Նիցշե → Հիտլեր։ Ռասելի այս միտքը հնչում էր որպես քննադատություն մայրցամաքային փիլիսոփայության հասցեին, ինչպես նաև քաղաքական համատեքստում, ինչպես՝ 1999 թվականի Մարգարետ Թետչերի ելույթը։ Այլ գիտնականներ ևս քննադատում էին հետմոդեռնիստական մայրցամաքային դպրոցը հարաբերապաշտության և որևէ մեթոդաբանական հիմնակմախքի բացակայության համար։ Ամերիկացի ֆիզիկոս Ալան Սոկալը 1996 թվականին ի ցույց դրեց այն գիտափորձ-կատակի հնարանքով՝ հետմոդեռնիստական ամսագրում հրատարակելով հոդված-ծաղերգություն «քվանտային ձգողության մեկնագիտության (հերմենևտիկա)» մասին, որը բովանդակում էր անմիտ արտահայտությունների հավաքածու։

Գիտության փիլիսոփայությունը մայրցամաքային ուղղության մեջ

Մարքսիզմ

Փիլիսոփայություն 
Կառլ Մարքսի հիմնարար աշխատության՝ «Կապիտալի» խորհրդային հրատարակությունը

Հեգելի աշակերտներից մեկը՝ Կարլ Մարքսը, պաշտպանում էր աշխարհի՝ մտքի օգնությամբ փոփոխելու տեսակետը և կարծում էր, որ փիլիսոփայությունը ոչ այնքան աշխարհը հասկանալու գործիք է, որքան այն փոխելու գործիք։ Մարքսիստական փիլիսոփայության էությունը հանգում էր նրան, որ կատարյալ հասարակությունը չի կարող լինել դասակարգերի բաժանված, ինչը հասանելի է սեփականության ու մասնավորապես արտադրության միջոցների վերաբաժանման միջոցով։ Վերաբաժանումը պիտի լինի «դասակարգային պայքարի» արդյունք, երբ քանակով գերակշռող «պրոլետարիատն» զգա իր ուժն ու հաղթի «բուրժուազիային»՝ հաստատելով իր դիկտատուրան։ Մարքսիստական դասական փիլիսոփայությունը գործնականում փորձարկվեց 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում, սակայն Ռուսաստանում կատարյալ հասարակության ստեղծումը ձախողվեց, քանի որ հասարակության շերտավորվածությունը պահպանվեց, և տեղի ունեցավ միայն իշխանության փոփոխություն. բուրժուազիայի փոխարեն իշխանության գլուխ անցան կուսակցականները։

Մարքսի քաղաքական կանխատեսումներից ոչ մեկը չիրականացան, սակայն նրա փիլիսոփայական, հատկապես վաղ շրջանի աշխատությունները հետաքրքրություն են ներկայացնում նեոմարքսիստների՝ ХХ - ХХI դարերում Եվրոպայում «չափավոր» մարքսիզմի հետևորդների համար։ Չնայած դասական մարքսիզմի մի շարք դրույթների սխալ լինելուն՝ մարքսիստական փիլիսոփայությունը խորապես բացատրում է հասարակության մեջ ընթացող շատ գործընթացներ։ Նեոմարքսիզմի զարգացման առանձնահատկությունն այն է, որ նրա հետևորդները մարքսիզմը փորձում էին տարածել նաև նորաձև այլ տեսությունների վրա։ Պատերազմից անմիջապես հետո նեոմարքսիստները մարքսիզմը համակցեցին ֆրեյդիզմի հետ ու անմիջական մասնակցություն ունեցան Ֆրանկֆուրտյան դպրոցի ձևավորմանը, 1970-ական թվականներին նեոմարքսիստները Մարքսի փիլիսոփայությունը միավորեցին այդ ժամանակ նորաձև ստրուկտուրալիզմի հետ, իսկ 1980-ական թվականներին փորձեցին մարքսիզմը հարմարեցնել այդ ժամանակ շատ երկրներում իշխանության գլուխ անցած պահպանողականներին։ Ներկայումս գոյություն ունեն մարքսիզմի ու ֆեմինիզմի, մարքսիզմի ու պոստստրուկտուրալիզմի հիբրիդներ։ Այսպիսով՝ նեոմարքսիզմը ներկայումս փորձում է միավորվել այն բուրժութկան փիլիսոփայությանը, որն իր ժամանակին այնպես հետևողականորեն մերժում էր Կարլ Մարքսը։

Ֆենոմենոլոգիա և Հերմենևտիկա

Ֆենոմենոլոգիան փիլիսոփայության 20-րդ դարի ուղղություններից է՝ հիմնադրված փիլիսոփա Էդմունդ Հուսերլի կողմից։ Ֆենոմենոլոգիայի հիմքում ընկած է Հուսերլի ուսուցիչ Ֆրանց Բրետանոյի գիտակցության միտումնականության գաղափարը։ Ֆենոմենոլոգիայում դրվում է մաքուր գիտակցության ճանաչման խնդիրը կամ գիտակցության էության։ Այս նպատակով գոյություն ունի այսպես կոչված ֆենոմենոլոգիական փոխարկումը (պարզեցում), որի արդյունքում ցանկացած առարկա պետք է դիտարկվի որպես գիտակցության հարաբերակից։ Ֆենոմենոլոգիայի խնդիրներից է ոչ թե առարկաների հատկանիշների ուսումնասիրումը, այլ գիտակցության գործընթացների հետազոտումը, որում ձևավորվում է նշանակությունների, արժեքների լայնույթը։ Ֆենոմենոլոգիական փոխարկումը ներառում է իր մեջ գիտակցության արմատական վիճակների՝ փակագծերի մեջ առնելը, որոնք ֆենոմենոլոգիական հետազոտությունների շրջանակում չպետք է նշանակություն ունենան։

Շարունակելով Հուսերլի ֆենոմենոլոգիան՝ Մարտին Հայդեգերը առաջ քաշեց «հերմնևտիկական (մեկնագիտական) ֆենոմենոլոգիայի» գաղափարը։ Նրա հայեցակարգում հերմենևտիկան հումանիտար գիտությունների մեթոդաբանությունից փոխակերպվում է կեցության ուսմունքի։ Հերմենևտիկայի առարկան հասկացողությունն է. մեկնաբանվում է որպես մարդկային կեցության հիմնական միջոց։ Փիլիսոփայական հերմենևտիկայի հիմունքները նախանշել է Հայդեգերի աշակերտ Հանս-Գեորգ Գադամերը իր «Ճշմարտություն և մեթոդ» աշխատանքում (1960 թ.)։ Հետևելով Հայդեգերին՝ Գադամերը ցույց տվեց հերմենևտիկայի կապը լեզուների հետ։

Նիհիլիզմ և անարխիզմ

Մի շարք փիլիսոփաներ և գրողներ անդրադառնալով մարդու ներքին արժեքներին, սահմանեցին, որ գոյություն չունեն որոշակի հիմքեր հետևելու բարոյական և մշակութային նորմերին։ Այս ուղղությունը անվանվեց «նիհիլիզմ»։ Ամենալայն իմաստով նիհիլիզմը փիլիսոփայական մի ուղղություն է, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Նիհիլիստիկ աշխարհի պատկերը տվել է Շոպենհաուերը՝ հիմնվելով բուդդիզմի սեփական ընկալման վրա։ Շպենգլերը և Նիցշեն կանխատեսել են նիհիլիզմի տարածումը ամբողջ եվրոպական մշակույթով։ Նիցշեն համարում էր, որ նիհիլիզմը եվրոպական մշակույթի զարգացման տրամաբանական շարունակությունն է, որի արմատները նա տեսնում էր քրիստոնեության կողմից սահմանվող մարդու ապրիոր մեղսավորության մեջ։ Չնայած որ Շպենգլերը և Նիցշեն սահմանեցին նիհիլիզմի հիմնադրույթներն ու պատճառները, նրանց շատ քչերն են համարում նիհիլիստներ։ «Նիհիլիզմ» տերմինը ավելի հավանական է, որ ծագել է Ռուսաստանում, օրինակ Իվան Տուրգենևը գեղարվեստական գրականության մեջ բազմիցս պատկերել է նիհիլիստների կերպարներ։

Նիհիլիզմին դրական են վերաբերվել անարխիզմի փիլիսոփայության ներկայացուցիչները։ Անարխիզմը ենթադրում է պետական, հաճախ նաև կրոնական կառույցների առկայության մերժում։ Անարխիստները մարդու ազատությունը համարում են ամենառաջնային արժեքը՝ բոլոր պետական կառույցները համարելով խոչընդոտներ։ Անարխիզմի մասին պատկերացումները կարելի է նկատել որոշ նախասոկրատյան փիլիսոփաների, այդ թվում՝ Զենոնի մոտ։ Առաջին ժամանակակից փիլիսոփան, ով օգտագործել է «անարախիզմ» տերմինը և սահմանել դրա հիմնադրույթները, եղել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Պիեռ Ժոզեֆ Պրուդոնը։

Էքզիստենցիալիզմ

Էքզիստենցիալիզմն արմատավորված է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի փիլիսոփայության առանձին ասպեկտների քննադատության մեջ, որն ընդունվում է Արթուր Շոպենհաուերի և Սյորեն Կիերկեգորի կողմից։ Այս դրույթը հիմնավորում է առաջին հերթին փիլիսոփայության՝ մարդուն ծառայելու անհրաժեշտությունը. փիլիսոփայությունը պետք է օգնի մարդուն գոյատևել բարդ աշխարհում։ Այս տեսանկյունից Էքզիստենցիալիզմը ներդաշնակ է պրագմատիզմի հետ, սակայն, ի տարբերություն պրագմատիզմի, Էքզիստենցիալիզմը կանխորոշում է աշխարհի անհեթեթությունը և մարդու իռացիոնալիզմը, ինչպես նաև էքզիստենցիալ ճգնաժամի առկայությունը։ Արդյունքում մարդիկ զգում են ներքին դատարկություն և անհանգստություն։ 20-րդ դարի ամենահայտնի էքզիստենցիալիստներից էր Ժան Պոլ Սարտրը, ով՝ լինելով աթեիստ, կարծում էր, որ Աստծո բացակայությունը «դատապարտում է մարդում ազատության», և ցանկացած մարդ ինքն ինքնուրույն պիտի ընտրի իր գոյության իմաստը և իր արժեհամակարգը։ Էքզիստենցիալիզմին են հարում շատ բանաստեղծներ, որոնց ստեղծագործություններում անդրադարձ է կատարված ներքին դատարկության և անհանգստության թեմաներին, ինչպիսիք են՝ Ալբեր Կամյուն, Ֆեոդոր Դոստոևսկին, Ֆրանց Կաֆկան, Սեմյուել Բեքեթը։

Նշանագիտություն և ստրուկտուրալիզմ

Նշանագիտությունը (սեմիոտիկա) դա դիսցիպլին է, որն առանձնացնում է շրջապատող աշխարհի նշանները և ուսումնասիրում դրանց իմաստն ու փոխկապվածությունը։ Սեմիոտիկայի տարրեր են պարունակում նաև Պլատոնի և Արիստոտելի աշխատանքները։ Ժամանակակից սեմիոտիկան առաջացել է վերլուծական փիլիսոփայության ներսում. այն սահմանվել է Ջոն Լոքի կողմից, իսկ որպես հայեցակարգ հիմնվել է Չարլզ Սանդերս Պերսի շնորհիվ։

Ժամնանակակից նշանագիտական հետազոտությունների մեծ մասն արվել են մարդաբանության և լեզվաբանության հետազոտությունների շրջանակում։

Պոստստրուկտուրալիզմ

Պոստստրուկտուրալիզմի գաղափարը գլխավորապես կապված է ֆրանսիացի փիլիսոփաներ Ժակ Դերիդայի, Միշել Ֆուկոյի, Ժիլ Դելյոզի և Ժակ Լականի անվան հետ։ Պոստստրուկտուրալիզմ անվանումը ենթադրում է՝ ստրուկտուրալիզմի քննադատություն, որն առավել վառ արտահայտված է Դերիդայի աշխատանքներում։ Պոստստրուկտուրալիզմի փիլիսոփայությունը ենթադրում է, որ հնարավոր չէ կատարել տեքստերի վերջնական և սպառիչ մեկնաբանություն, և հետևաբար, կառուցվածքային լեզվաբանությունն ու կառուցվածքային մարդաբանությունն իմաստ չունեն։ Ֆուկոն հավատարիմ էր ավելի արմատական հայացքների. նա կասկածում էր սոցիալական և մարդկային գիտությունների մեջ ճշմարիտ մեկնաբանության գոյությունը, այսինքն կարծում էր, որ սոցիալական և բնական գիտությունները ունեն արմատապես տարբեր բնույթ։

Վերլուծական փիլիսոփայություն

Վերլուծական փիլիսոփայություն հասկացությունը տառացիորեն նշանակում է փիլիսոփայական մեթոդների խումբ, որը շեշտում է մանրակրկիտ բանավեճը, ուշադրությունը բառակազմությանը, դասական և ոչ դասական տրամաբանության օգտագործումը և ամեն քննադատությունից վեր՝ նշանակության մաքրությունը։ Որոշ մարդիկ մտածում են, որ փիլիսոփայակն խնդիրներն առաջանում են լեզվի ոչ ճիշտ օգտագործման կամ տրամաբանության սխալ հասկացման պատճառով, մինչ որոշները կողմ են, որ կան նուրբ փիլիսոփայական խնդիրներ, և որ փիլիսոփայությունը շարունակական է գիտության հետ։ Մայքլ Դամեթն իր «Վերլուծական փիլիսոփայության ծնունդը» աշխատության մեջ առաջ է քաշում մի վարկած, ըստ որի առաջին վերլուծական աշխատությունը Գոթլոբ Ֆրեջի «Հանրահաշվի հիմունքներ»-ն է, որում հեղինակն օգտագործել է լեզվագիտական ոճը՝ վերլուծելով փիլիսոփայական խնդիրները լեզվի միջոցով։ Բերթանդ Ռասելը և Գ.Ե. Մուռը նույնպես համարվում են վերլուծական փիլիսոփայության հիմնադիրները, սկսելով բրիտանական իդեալիզմի ժխտմամբ, ռեալիզմի համար պաշտպանությամբ և շեշտով, որը նրանք դրել էին վերլուծության օրինականության վրա։ Ռասելի դասական աշխատանքները՝ «Մաթեմատիկայի սկզբունքները», On Denoting-ը և Principia Mathematica –ն Ալֆրեդ Նորթ Ուայթհեդի հետ, բացի մեծապես առաջ մղելուց փիլիսոփայության մեջ մաթեմատիկական տրամաբանության օգտագործումը, հող են նախապատրաստում հետազոտական նախագծի համար վերլուծական փիլիսոփայության վաղ ժամանակաշրջանում՝ շեշտելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ համապատասխան անունների տեղեկանքը, արդյոք գոյությունը սեփականություն է, առաջարկների բնությունը, հստակ նկարագրումների վերլուծությունը, մաթեմատիկայի հիմունքների մասին քննարկումները, ինչպես նաև օնտոլոգիական հայացքների ուսումնասիրելը և նույնիսկ մետաֆիզիկական խնդիրները, որոնք վերաբերում են ժամանակին, էության, մտքի, պահպանողականության և փոփոխության բնությունը, որը Ռասսելը քննարկում էր մաթեմատիկական տրամաբանության օգնությամբ։ Ռասսելի և Մուռի փիլիսոփայությունը 20-րդ դարում զարգացավ որպես Հեգելի և նրա բրիտանացի հետևորդների մասնավորապես և ընդհանուր առմամբ հիպոթեզային փիլիսոփայության մեծ համակարգի քննադատություն, չնայած առանց պատճառների բոլոր վերլուծական փիլիսոփաները ժխտում են Հեգելի փիլիսոփայության ոչ հիպոթեզային լինելը։ Խմբում որոշ դպրոցներ ներառում են տրամաբանական պոզիտիվիզմը և սովորական լեզուն, երկուսն էլ շեշտված Ռասսելի և Ուիթգենշտեյնի «Տրամաբանական Ատոմիզմ»-ի զարգացման հետևանքով, որը սկզբում ընդունվեց դրականորեն, հետագայում՝ բացասական կերպով։

1921 թվականին Լյուդվիգ Ուիթգենշտեյնը, ով Ռասսելի աշակերտներից էր Քեմբրիջում, հրատարակեց իր Tractatus Logico-Philosophicus գիրքը, որ տալիս էր լեզվագիտական և փիլիսոփայական աշխատանքների խիստ տրամաբանական կարևորությունը։ Այդ ժամանակ էր, երբ նա ընդունում էր փիլիսոփայական խնդիրների մեծ մասը որպես լեզվի սոսկ գլուխկոտրուկներ, որոնք կարող են լուծվել քննարկելով, իսկ այնուհետև ուսումնասիրելով լեզի տրամաբանական կառուցվածքը։ Տարիներ հետո նա փոփոխեց իր առաջին աշխատությունում տեղ գտած մի շարք պնդումներ, որոնք փոփոխված տեսքով ի հայտ եկան իր երկրորդ՝ «Փիլիսոփայական ուսումնասիրություններ» (Philosophical Investiagtions) գրքում (1953 թվական)։ Այդ գիրքը մեծ ազդեցություն ունեցավ հասարակ լեզվի փիլիսոփայության զարգացման գործում, որն ուներ մի շարք ջատագովներ, ինչպիսիք են՝ Զիլբերտ Ռայլը, Զ.Լ. Օսթինը և ուրիշները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում գերիշխող դիրք ուներ Ու.Վ.Օ. Քուայնի փիլիսոփայությունն այնպիսի գրականությամբ, ինչպիսիք են «Էմպիրիսիզմի դոգմաները» և այլն։ Այդ աշխատությունում Քուայնը քննադատում է վերլուծական և խառը փիլիսոփայության պնդումների միջև տարբերությունը՝ ասելով, որ վերլուխական փիլիսոփայության հասկացությունըն անհասանելի է։ Նա կողմ էր հոլիզմին, մի թեզին, ըստ որի լեզուն, ներառյալ գիտական լեզուն, փոխկապակցված նախադասությունների մի ամբողջություն է, որոնցից և ոչ մեկը չի կարող գոյություն ունենալ առանձին, որը նույն է, թե լեզվի յուրաքանչյուր նախադասություն կախված է մյուս նախադասություններից իր իմաստը ճիշտ արտահայտելու համար։ Քուայնի մոտեցման արդյունքն այն է, որ լեզուն՝ որպես մեկ ամբողջություն, շատ փոքր կապ ունի պատկերացման հետ։ Որոշ նախադասություններ, որոնք միայն վերաբերում են տպավորություններին, կարող են լրացվել զգայական տպավորություններով, բայց քանի որ լեզուն ամբողջությամբ աստիճանավորված է, լեզուն ամբողջությամբ համալրվելու համար հարկավոր է սրանից ավելին։ Այնուամենայնիվ, լեզվաբանական շատ կառուցվածքներ սկզբունքորեն կարող են փոխվել, նույնիսկ տրամաբանությունը, աշխարհն ավելի լավ ձևավորելու համար։ Քուայնի նշանավոր աշակերտներից էին Դոնալդ Դեվիդսոնը և Դանիել Դենեթթը։ Վերջինս կազմել էր մի ծրագիր բնական լեզվին սեմանտիկա (բառագիտություն) տալու համար և այդ ձևով պատասխանելու փիլիսոփայական առեղծվածին՝ որն է իմաստը։ Ծրագրի կարևոր մաս էր կազմում Ալֆրեդ Տարսկիի բառագիտության մասին ուսմունքը։ Դամմեթթն իր շրջապատում միակն էր, ով գտնում էր, որ ճշմարտացիության պայմանները պետք է տրվեն իմաստաբանության ուսմունքում։ Այս հարցի շուրջ որոշ առաջարկներ ոչ ճիշտ են, ոչ սխալ, և այսպիսի ուսմունքը ամրապնդում է երեք սկզբունքների օրենքի ժխտումը։ Սա, ըստ Դամմեթթի, ամրապնդում է հակառեալիզմը, ինչպես հենց ինքը Ռասսելն էր ցույց տվել իր Inquiry into Meaning and Truth գրքում։

1970-ականներին վերլուծական փիլիսոփաների ավելի երիտասարդ սերունդների կողմից նկատվում էր մի նոր հետաքրքրություն շատ փիլիսոփայական խնդիրների շուրջ։ Դևիդ Լյուիսը, Սոուլ Կրիպկեն, Դերեք Պարֆիտը և այլք ուշադրություն հրավիրեցին փիլիսոփայական և մետաֆիզիկական խնդիրների շուրջ, որոնք արդեն ուսումնասիրվել էին իրենց կողմից տրամաբանության օգտագործման և լեզվի փիլիսոփայության միջոցով։ Այս խնդիրներից առավել ակնառուներից են ազատ կամքին, էսենցիալիզմին, անձնական ճանաչողությանը, ժամանակի զգացողությանը, մտքի բնությանը, օրենքներին, ազատ ժամանակին, նյութական իրերի սեփականության, ձևին վերաբերող հարցերը։ Այն համալսարաններում, որտեղ վերլուծական փիլիսոփայությունը տարածված է, այս խնդիրներն այժմ էլ բուռն քննարկվում են։ Վերլուծական փիլիսոփաները Թիմոթի Ուիլիամսոնի, Օքսֆորդի համալսարանում տրամաբանության պորֆեսոր Ուայքհամի հետ նաև հետաքրքրված են ինքնին՝ վերլուծական փիլիսոփայության մեթոդոլոգիայով՝ հրատարակելով «Փիլիսոփայության փիլիսոփայությունը» գիրքը։ Մշտական վերլուծական փիլիսոփայության մեջ որոշ ազդեցիկ դեմքեր են Թիմոթի Ուիլիամսոնը, Դևիդ Լյուիսը, Զոն Սեարլը, Թոմաս Նիգելը, Հիլարի Փութնամը, Մայքլ Դամմեթը, Պիտր վան Ինվագենը և Սոուլ Կրիպկեն։ Վերլուծական փիլիսոայությունը երբեմն մեղադրվում է քաղաքական դեբատների կամ էսթետիկայի փիլիսոփայական հարցերի հետ չհամագործակցելու մեջ։ Այնուամենայնիվ, Զոն Ռոուլսի Արդարության տեսությունը և Ռոբերտ Նոզիքի «Անարխիա» և State and Utopia աշխատությունների միջոցով վերլուծական փիլիսոփայությունը հարգանք վաստակեց։ Վերլուծական փիլիսոփաները նաև ցույց են տվել խորը գիտելիքներ իրենց՝ էսթետիկայում կատարած բարեփոխումներում՝ շնորհիվ Ռոջեր Սկրուտոնի, Նելսոն Գուդմանի, Արթուր Դանտոյի և այլոց՝ փիլիսոփայության կատարելագործմանը։

Վերլուծական փիլիսոփայության քննադատություն

Վերլուծական փլիսոփայությունը քննադատում են երեք գործոնով՝ առարկայի ու մեթոդաբանության շատ դատման համար և նրան բնորոշ ռեդուկցիոնիզմի համար։ Առաջին դեպքում քննադատվում է սցիենտիզմը, որը գիտական մտածողության իդեալական ներկայացումն է և փորձերը՝ նրան հետևելու։ Երկրորդ դեպքում՝ վերլուծական փիլիսոփայության ներկայի վրա հիմնվելով քննադատները ուշադրություն են դարձնում նրա վրա, որ մեթոդների սահմանափակման հետ կապված վերլուծական փիլիսոփայությունը փաստացի կիրառումն է սահմանափակում էպիսթեմոլոգիայի, գիտության փիլիսոփայության, գիտակցության փիլիսոփայության, լեզվի փիլիսոփայության և էթիկայի որոշ մասերի հարցերով։ Մեթաֆիզիկական հարցերը՝ կյանքի իմաստի հետ կապված հարցերը, դուրս են մնում վերլուծումից՝ ներկա վերլուծական փիլիսոփայությունում։ Երրորդ դեպքում վերլուծումը նշում է, որ վերլուծական փիլիսոփայության մեջ, ինչպես նաև ճշգրիտ գիտություններում, բոլոր մեփոդները գալիս են ռեդուկցիոնիզմի, հարցերի բաժանմանը ավելի հաճախ տրվողների։ Այդպիսով՝ տեղ չի մնում խոլերիզմի՝ միասնության փիլիսոփայության համար։

Գիտության փիլիսոփայությունը վերլուծական ուղղության մեջ

Գիտության փիլիսոփայությունը վերլուծական փիլիսոփայության ամենամեծ ոլորտներից է և վերլուծական ու կոնտինենտալ փիլիսոփայությունների միջև տարբերությունը ցույց տվող լավ օրինակ։ Գիտության վերլուծական փիլիսոփայությունը հիմնականում փորձում է պատասխանել հետևյալ հարցերին՝ «Ինչո՞ւ է աշխատում գիտական մեթոդը», «Ինչպե՞ս է այն աշխատում»։ Նույն ժամանակ, գիտության կոնտինենտալ փիլիսոփայությունը բացատրում է, որ գիտական մեթոդը իրականում չի աշխատում։ Վերլուծական փիլիսոփայության ամենահայտնի փիլիսոփաներն են Թոմաս Կունը, ով նոր տերմիններ է սահմանել՝ «գիտական հեղափոխություն», «պարադիգմա», «պարադիգմի փոփոխություն», Կառլ Փոփերը, ով լավ սահմանել է գիտական տեսությունների հերքելիության չափանիշը, և Ուիլարդ Քուայնը, ով հայտնի է մաթեմատիկական տրամաբանության մեջ իր ներդմամբ և էմպիրիզմի ավելի խիստ սահմանմամբ։ Կառլ Փոփերը օգտագործել է իր հերքելիության չափանիշը հասարակական համակարգերի հանդեպ, օրինակ՝ իր հայտնի «Բաց հասարակությունը և իր թշնամիները»։ Գիտության փիլիսոփայության մեջ շատ հարցեր բաց են մնում և ներկայումս լայնորեն քննարկվում են հատուկ գրականության մեջ։

Պրագմատիզմ

Պրագմատիզմը ամերիկյան փիլիսոփայության ավանդույթն է, որը կապված է Չարլզ Սանդերս Պերսի, Ուիլյամ Ջեյմսի և Ջոն Դյուիի աշխատանքների հետ։ Պրագմատիզմի փիլիսոփայությունը հերքում է մետաֆիզիկայի իմաստավորությունը և վերասահմանում է առարկայի մի մասի ճշմարտությունը որպես ժամանակավոր համաձայնություն այն մարդկանց միջև, ովքեր ուսումնասիրում են այն։ Պրագմատիզմի փիլիսոփայությունը չի որոնում ճշմարտությունը, այլ քննադատորեն վերլուծում է տարբեր գաղափարներ, դիտարկելով իրենց օգտակարությունն ու կիրառելիությունը։ Այդ ձևով փիլիսոփայական գաղափարները՝ պրագմատիզմի տեսանկյունից հաճախ դիտարկվում են որպես որոշ գործիքներ, որոնք նախատեսված են մարդու գործունեության համար։ Այդպիսի մոտեցումը կոչվում է «ինստրումենտալիզմ»։ Համապատասխանաբար՝ պրագմատիստները հաճախ զբաղվում են շատ կիրառական հարցերով։ Օրինակ՝ Ջոն Դյուին հայտնի է իր ներդրման համար՝ կրթության փիլիսոփայության մեջ։

Տրամաբանության կատարելագործում

Մինչև XIX դարի վերջը տրամաբանությունը նույնն էր, ինչ Արիստոտելի ժամանակներում։ Կար նույնիսկ կարծիք, որ տրամաբանությունը կատարեգործել հնարավոր չէ։ Օրինակ՝ Կանտը ասում էր, որ Արիստոտելի տրամաբանությունը իդեալական է։ Չնայած դրան, XIX դարի կեսին հայտնվեցին Ջորջ Բուլի և Օգաստես դե Մորգանի հետազոտությունները, որոնք հեռանկար էին բացում՝ տրամաբանության զարգացման համար։ XIX և XX դարերի սահմանագծում իրարից անկախ՝ գերմանացի մաթեմատիկոս Գոտլոբ Ֆրեգեն և անգլիացի վերլուծական փիլիսոփաներ Բերտրան Ռասելը և Ալֆրեդ Նորթ Ուայտհեդը հրապարակեցին հետազոտություններ, որոնք հիմնաքար դարձան ավելի կատարելագործված տրամաբանական համակարգերի համար՝ պրեդիկատների և մոդալ տրամաբանությունների։ Այս արդյունքները թույլ տվեցին զգալիորեն կատարելագործել մաթեմատիկայի աքսիոմացումը, ինչպես նաև դարձան Կուրտ Գյոդելի հետազոտությունների համար սկզբնական կետ, որոնք բերեցին իր անամբողջության թեորեմի ապացուցմանը, շատերի կարծիքով՝ ամենակարևոր արդյունքի՝ տրամաբանության ոլորտում, Արիստոտելից հետո։ Գեդելի անամբողջության թեորեմը մեծ սահմանափակումներ է դնում և՛ գիտական, և՛ փիլիսոփայական էպիսթեմոլոգիական համակարգի վրա։ Տրամաբանության կատարելագործման մեջ հաջողությունները վերլուծական փիլիսոփայությանը վերլուծման նոր գործիքներ ընձեռնեցին։

Պոզիտիվիզմ

Պոզիտիվիզմի միտքը, ենթադրությունները, որ բոլոր հասարակական գիտությունները՝ փիլիսոփայությունը ներառյալ, կփոխարինվեն ճշգրիտ գիտություններով, հնչեցվել է դեռ XIX դարի սկզբում՝ Օգյուստ Կոնտի կողմից։ Վերլուծական փիլիսոփայությանը տրամաբանական-մաթեմատիկական մոտեցումը հասավ իր գագաթնակետին Վիեննական ակումբի հանդիպումների ժամանակ։ Այնտեղ ներառված էին բոլոր հայտնի մաթեմատիկոսներն ու փիլիսոփաները, ինչպես Կարլ Փոփերն ու նրա աշակերտ Բերտրան Ռասելը և Լյուդվիգ Վիտգենշթայնը։ Ակումբը՝ իր գործունեության շնորհիվ, ձևավորեց «նեոպոզիտիվիզմի» կամ «տրամաբանական պոզիտիվիզմի» փիլիսոփայությունը, պնդելով, որ փիլիսոփայության մեջ ցանկացած պնդում պետք է բավարարի ստուգման չափանիշին։ Այդպիսի մոտեցումը կոչվում է «վերիֆիկացիոնիզմ»։ Չնայած դրան, փիլիսոփայության մեջ՝ վերիֆիկացիոնիզմը կիրառելու երկար ու անպտուղ փորձերից հետո, տրամաբանական պոզիտիվիզմի կողմնակիցների քանակը նվազեց։ Նեոպոզիտիվիզմի արդյունավետության մասին իր աշխատանքներում մտածմունքներն է գրել Ուիլլարդ Կուայնը։ Իր նախկին դիրքից հրաժարվեց նաև Վինգենշթայնը։

Լեզվի և գիտակցության փիլիսոփայություն

Վերլուծական փիլիսոփայության սկզբնական կազմավորման շրջանակներում բազմաթիվ փիլիսոփաներ՝ XX դարի առաջին կեսում մեծ ուշադրություն դարձրեցին փիլիսոփայության լեզվին։ Ե՛վ Գոտլոբ Ֆրեգեն, և՛ Բերտրան Ռասելը մաթեմատիկական տրամաբանության զարգացման ընթացքում զբաղվել են լեզվային արտահայտությունների ու իմաստի միջև կապի հարցերով։ Եղել են որոշ փարձեր՝ լեզվի բաժանման ամենապարզ իմաստի մասնիկների և նրանց՝ զարգացված տրամաբանական մեքենային կապելու։ Լեզվի փիլիսոփայության զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել Ջոն Սերլը, Ալֆրեդ Տարսկին և Դոնալդ Դևիդսոնը։ Չնայած դրան, լեզվաբանությունը ճշգրիտ առարկա դարձնել չհաջողվեց։ Դրա փոխարեն որոշ սկեպտիցիզմ առաջացավ լեզվի հանդեպ ռեդուկցիայի գործածաման իմաստի շուրջ։

Չնայած լեզվի փիլիսոփայության ոլորտում հետազոտությունները դեռ շարունակվում են, XX դարի երկրորդ կեսից վերլուծական փիլիսոփայության մեջ ավելի են կարևորում գիտակցության փիլիսոփայությունը։ Գիտակցության փիլիսոփայությունը գլխավորապես փորձում է հասկանալ հենց գիտակցության ընդհանուր բնույթը։ Շատ ոչ փիլիսոփաներ, ներառած կենսաբաններին, հոգեբաններին, արհեստական ուղեղի ոլորտում զբաղված մասոնագետներին, աշխատում են այդ ուղղությամբ, ամեն մեկը՝ իր տեսանկյունից։ Փիլիսոփայական տեսանկյունից՝ գիտակցության վերաբերյալ ամենակարևոր հարցը կապված է Դեկարտի ստեղծած դուալիզմի սկզբունքի արդարացման հետ։ Երկրի վրա մարդկանց մեծամասնությունը հավատում են այդ սկզբունքին, մարմնի նյութական գոյատևմանը և նույն ժամանակ մարդու գիտակցության, կամ նրա մասի, օրինակ՝ հոգու, ոչ նյութականությանը։ Նույն ժամանակ շատ հետազոտողներ հակված են ինքնության տեսությանը, մտածելով, որ ամեն մի հոգեբանական վիճակին համապատասխանում է մարդու ուղեղի ինչ-որ ֆիզիկական վիճակ։ Գիտակցության փիլիսոփայության մեջ իրենց ներդրման համար հայտնի են Հիլարի Պանթեմը, Ռոջեր Պենրոուզը, Դենիել Դենեթը և այլք։

Կոսմիզմ և տրանսհումանիզմ

Կոսմիզմը, որը առաջացել է 19-րդ և 20-րդ դարերում, քննարկում է մարդկության հետագա զարգացումը՝ կենսաբանական սահմանափակումներից, այսինքն՝ անմահության, մտքի ազատության, ինչպես նաև մարդու՝ Երկրի վրա բնակվելու սահմանափակման ու տիեզերքում բնակվելու շրջանակներում։ Փիլիսոփայական տեսանկյունից երկուսն էլ կապվում են էվոլուցիայի տեսության ընդհանրացման հետ։ Առաջին դեպքում մարդը «մետաէվոլուցիայի» է ենթարկվում՝ ինքնուրույն զարգացնում է իրեն, դառնալով ավելի կատարյալ կենսաբանական կամ կենսատեխնիկական տեսակ։ Երկրորդ դեպքում էվոլուցիայի գործունեության ծածկույթը համալրվում է նոր, երկրային էվոլուցիայի հետ կապ չունեցող տարածքով՝ տիեզերքով։ Երկու դեպքում էլ ենթադրվում է էվոլուցիայի անցումը նոր, մարդու կողմից կառավարվող փուլ։ Կոսմիզմի դրույթները առաջին անգամ ձևակերպել է ամերիկացի փիլիսոփա Ջոն Ֆիքսը։ Կոսմիզմը սկզբում ավելի մեծ տարածում գտավ Ռուսաստանում։ Այն, առաջին հերթին, կապված է Կոնստանտին Ցիոլկովսկու, Նիկոլայ Ֆյոդորովի, Ալեքսանդր Չիժեվսկու, Վլադիմիր Վերնադսկու և այլ անունների հետ։

20-րդ դարի երկրորդ կեսից կոսմիզմը սկսեց աշխարհում անվանվել տրանսհումանիզմ։ Տրանսհումանիզմը ունի նույն խնդիրները, ինչ կոսմիզմը, սակայն ավելի շատ է շեշտվում մարդու վերափոխումը։ Կենսաբանական գիտությունների ու արհեստական բանականության զարգացման հետ կապված նոր տեխնոլոգիաների շրջանակներում տրանսհումանիզմի ժամանակակից քննարկումը դառնում է ավելի արդիական։ Կոսմիզմն ու տրանսհումանիզմը գիտա-տեխնոլոգիական զարգացման և սցիենտիզմի օգուտն են շեշտում, սպասում են գիտության հաղթանակին՝ մարդու ամենակարևոր խոչընդոտի դեմ՝ իր մահացության։ Կոսմիզմի ու տրանսհումանիզմի փիլիսոփայությունը շարունակում է ձևավորվել. այժմ կոսմիզմի մտքին այլ կերպ են նայում Եվրոպայում։ Տրանսհումանիզմը քննադատվում է անկանխատեսելի հասարակական հետևանքներ ունենալու համար, նրա վերջնական արտադրանքը կապվում է Ֆրիդրիխ Նիցշեի գերմարդու մտքի հետ։ Միջին կարծիքն ասում է, որ տրանսհումանիզմը «շատ վտանգավոր ընթացք» է, սակայն «տրված տարբերակներից ամենալավը» և, հնարավոր է, անխուսափելին։

Փիլիսոփայություն և հասարակություն

Ամենօրյա կյանքում փիլիսոփաների և փիլիսոփայության հանդեպ հարաբերությունը ոչ միշտ է դրական, իսկ փիլիսոփայություն առարկայի մասին պատկերացումը շատ սխալներ ունի։ Օրինակ, հայերենում «փիլիսոփայել» բառը ունի բացասական երանգ՝ իմաստակել։ Չնայած դրան, փիլիսոփայության ներդրումը հասարակության մեջ դժվար է գերագնահատել։

Մի կողմից, փիլիսոփայության ուսումնասիրումը մարդու վրա լավ ազդեծություն է թողնում, օգնում է ճիշտ կողմնորոշվել բարիության և ճշմարտության հարցերում։ Փիլիսոփայության իմացությունը փրկում է մարդուն առօրյա մտածողության նեղ սահմաններից, օգնելով ուրիշ մարդկանց հետ լեզու գտնել։ Փիլիսոփայության ուսումնասիրումը՝ ըստ որոշ ցուցանիշների զարգացնում է մտածողությունը ավելի լավ, քան այլ առարկաները։ Օրինակ, բրիտանական «The Economist» ամսագրի հետազոտության արդյունքը ցույց տվեց, որ բակալավր ուսանողները, ովքեր ավարտում էին հենց փիլիսոփայական ֆակուլտետ, միջին բալերով առաջինն են մասնագիտական բժշկական, գործարարության և իրավական դպրոցներ ընդունելության թեստերի ժամանակ։

Մյուս կողմից, փիլիսոփայությունը ավելի մեծ ազդեծություն է թողնում մարդկային հասարակության վրա։ Օրինակ, Կոնֆուցիոսի և Լաո Ցզիի փիլիսոփայական գաղափարները կանխորոշեցին Չինաստանի հետագա զարգացումը մի քանի հազարամյակ առաջ։ Պատերազմներն ու հեղափոխությունները սկսվում են ոչ թե զենքից, այլ փիլիսոփայությունից։ Օրինակ, մարքսիզմի փիլիսոփայության տարածումը ի վերջո բերեց Ռուսաստանում հեղափոխության 1917 թ.-ին, կամ ֆրանսիական լուսավորության գաղափարը բերեց ֆրանսիական մեծ հեղափոխության և այդ նույն փիլիսոփայության հիմքի վրա ստեղծվեց ԱՄՆ-ն։ Մեր օրերում տեղի ունեցող բազմաթիվ գունավոր հեղափոխությունները, որոնք՝ ըստ որոշ դավադրության տեսությունների ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի կողմից, Կարլ Փոփերի՝ Սորոսի ուսուցչի, փիլիսոփայության ուղիղ շարունակությունն են։ Նիցշեն նկարագրում է փիլիսոփային որպես «տարօրինակ պայթուցիկ նյութ, որի առջև ամեն բան վտանգի տակ է», իսկ ամերիկյան փիլիսոփա Ռալֆ Էմերսոնը նկատել է՝ «Վախեցեք, երբ Աստված դուրս է թողնում անհանգիստ մտածողին մոլորակի վրա։ Այդ դեպքում ամենինչ վտանգվում է»։

Փիլիսոփայությունը որպես աշխարհայացք

Աշխարհայացքը՝ մարդկանց գիտելիքների, համոզմունքների, մտածմունքների, հավատալիքների գաղափարների ամբողջականացված, արժեքավորված հայացքների համակարգ է։ Փիլիսոփայությունը լինելով մարդու, հասարակության և բնության վերաբերյալ առավել նդհանրացված հայացքների համակաչգ դրսևորվում է որպես աշխարհայացք։ Իհարկե «աշխարհայացք» հասկացությունը ավելի լայն է «Փիլիսոփայություն» հասկացությունից։ Հետևաբար փիլիսոփայությունը ընդգրկվում է աշխարհայացքում։ Աշխարհայացքը և փիլիսոփայությունը իրականության արտացոլման տարբեր խորությունների արդյունք են։ Աշխարհայացքը սկսվում է աշխարհազգացողություններից։ Այս մակարդակում իմաստավորվում է կեցության արտաքին արտահայտությունները, երևույթների աշխարհը։ Այդ գործընթացի աստիճանական խորացումը դրսևորվում է աշխարհըմբռնումով։ Այդպիսի ճանաչողությունը հիմնվում է զգայական փորձի վրա։ Այստեղ հստակեցվում է երևույթների ու գործընթացների փոխկախվածությունը, իմաստավորվում է նմանության ու տարբերության բնույթը։ Աստիճանաբար ճանաչողությունը խորանում և ըմբռնվածը արտահայտվում է հասկացուղությունների միջոցով։

Ծանոթագրություններ

Փիլիսոփայություն Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլիսոփայություն» հոդվածին։
Փիլիսոփայություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլիսոփայություն» հոդվածին։

Tags:

Փիլիսոփայություն Փիլիսոփայության էությունՓիլիսոփայություն Փիլիսոփայության բաժանումն ըստ ուսումնասիրվող առարկայիՓիլիսոփայություն Փիլիսոփայության պատմությունՓիլիսոփայություն ը ՀայաստանումՓիլիսոփայություն ը ՌուսաստանումՓիլիսոփայություն Վերլուծական փիլիսոփայությունՓիլիսոփայություն և հասարակությունՓիլիսոփայություն ը որպես աշխարհայացքՓիլիսոփայություն ԾանոթագրություններՓիլիսոփայությունԱշխարհայացք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վանի թագավորության արքաների ցանկՀանրագիտարանՎիտամին EԼիոնել ՄեսսիՎասակ Սյունի (մարզպան)Հեշտոցի սնկային վարակԺենգյալով հացԱՄՆ-ի նախագահների ցանկԳուրգեն ՄահարիԿողմնացույցՓսորիազՄարսողական համակարգՆիկոլ ՓաշինյանՊետությունԱշոտ Ա ՄեծԱրցախյան ազատամարտԷկոհամակարգՀոգեբանությունԳենետիկաՎազգեն ՍարգսյանՄատյան ողբերգությանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴեղաբույսերՍահմանական եղանակՄշակույթՓղերՀայկական գորգԲնական թիվՄակբայՆար-ԴոսՎարդան Ղուկասյան (Դոգ)ՇվեյցարիաԱզատի ջրամբարՍեղան (երկրաչափություն)ՈսկեպարԴերանունՎազգեն Ա ԲուխարեստցիՄիապետությունԳաստրիտՀայաստանի գետերի ցանկԴՆԹՏրդատ ԳՅուպիտեր (մոլորակ)ՍևանավանքՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՍահմանադրությունՏիգրան ՄեծՀաստատուն բաղադրության օրենքՀամանուններԵնթաստամոքսային գեղձի բորբոքում44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՀովհաննես ԲաղրամյանԹաթուլ ԿրպեյանԱլեքսանդր ՄակեդոնացիԸնկերությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՊարագաներՄարդու առնանդամՉինաստանՊատվի համար (դրամա)Հայոց պատմությունԲագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունՀամախառն ներքին արդյունքԱնհանգիստ ոտքերի համախտանիշԼատինական ԱմերիկաՈւրան (մոլորակ)Հակոբ ՊարոնյանՄոնա ԼիզաԱնդրեյ ԲիտովՌեալ ՄադրիդԱպրիլի 17Ալեքսանդր ՊուշկինՁեռնաշարժությունԹոքի քաղցկեղԱրցախյան շարժումՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաՎանի թագավորություն🡆 More