Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Юрий Алексеевич Гагарин, մարտի 9, 1934(1934-03-09), Կլուշինո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 1968(1968-03-27), Նովոսյոլովո, ժԿիպրևսկի գյուղական բնակավայր, Կիրժաչսկի շրջան, Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս, պետական բարձրագույն պարգևների ասպետ, Ռուսաստանի և արտասահմանի շատ քաղաքների պատվավոր քաղաքացի։ ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գնդապետ (1963)։ ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, 1-ին կարգի ռազմական օդաչու, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1961)։ Կենտրոնական կոմիտեի անդամ։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր։
Յուրի Գագարին Юрий Алексеевич Гагарин | |||
Բնօրինակ անուն ազգանուն | Юрий Алексеевич Гагарин | ||
Ի ծնե | Յուրի Ալեքսեյի Գագարին | ||
Պետություն | ԽՍՀՄ | ||
Մասնագիտություն | ԽՍՀՄ | ||
Առաքելություն | «Վոստոկ-1» (12 ապրիլի 1961 թ.), Առաջին մարդը տիեզերքում | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 1 ժամ, 48 րոպե | ||
Ծնվել է | մարտի 9, 1934[…] | ||
Ծննդավայր | Կլուշինո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահացել է | մարտի 27, 1968[…] (34 տարեկան) | ||
Մահվան վայրը | Նովոսյոլովո, ժԿիպրևսկի գյուղական բնակավայր, Կիրժաչսկի շրջան, Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Ամուսին | Վալենտինա Գագարինա | ||
Պարգևներ |
1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը համաշխարհային պատմության մեջ առաջին մարդն է, որը թռել է տիեզերական բաց տարածություն։ «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ է գտնվել Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս է եկել տիեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք է կատարել Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։
Առաջին տիրեզերական թռիչքն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրության ալիք է բարձրացրել, իսկ անձամբ Յուրի Գագարինը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։ Արտասահմանյան երկրների կառավարությունների և հասարակական կազմակերպությունների հրավերով Գագարինը մեկնել է աշխարհի երեսուն երկիր։ Գագարինը շատ այցելություններ է կատարել նաև ԽՍՀՄ ողջ տարածքում։ Հաջորդող հետագա տարիներին Գագարինը վարել է ակտիվ հասարակական-քաղաքական աշխատանք։ Ավարտել է Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ Աշխատել է Տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում, որն այսօր կրում է նրա անունը։ Այստեղ աշխատել ու պատրաստվել է կրկին տիրեզերք թռիչք կատարելուն։
1968 թվականի մարտի 27-ին Յուրի Գագարինը զոհվել է ավիավթարից՝ Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանի Նովոսյոլովո գյուղի մերձակայքում, երբ ուսումնական թռիչք է իրականացրել ՄիԳ-15 ուսումնամարզական ինքնաթիռով. թռիչքը ղեկավարել է փորձառու հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինը։ Ավիավթարի պատճառն ու հանգամանքները ցայսօր էլ ամբողջովին բացահայտված չեն։
Գագարինի անժամանակ մահվան կապակցությամբ ԽՍՀՄ ողջ տարածքում հայտարարվել է համազգային սուգ. սա բացառիկ դեպք էր ամբողջ խորհրդային պատմության մեջ, քանի որ անձանցից միայն պետության ղեկավարների մահվան դեպքերում է համազգային սուգ հայտարարվել։ Աշխարհի առաջին տիեզերագնացի պատվին շատ բնակավայրերի անուններ են անվանափոխվել, այդ թվում և նրա հայրենի քաղաքի անունը՝ Գժատսկը (այժմ՝ Սմոլենսկի մարզի Գագարին քաղաք), ինչպես նաև անվանափոխվել են փողոցներ, պողոտաներ։ Աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրվել են Գագարինի հուշարձանները։
Յուրի Ալեքսեյի Գագարինը ծնվել է 1934 թվականի մարտի 9-ին։ Ըստ պահպանված փաստաթղթերի ծնվել է Կլուշինո գյուղում՝ Գժատսկի շրջանում, այսինքն ծնողների բնակության վայրում (գրանցման վայրում)։ Փաստացի Գագարինը ծնվել է Գժատս քաղաքի ծննդատանը (այս քաղաքը անվանափոխվել է ի պատիվ Գագարինի 1968 թվականին)։ Յուրի Գագարինը ազգությամբ ռուս է։ Նախնիները գյուղացիներ են եղել։ Նրա հայրը՝ Ալեքսեյ Իվանովիչ Գագարինը (1902-1973) ատաղձագործ էր, մայրը՝ Աննա Տիմոֆեևնա Մատվեևան (1903-1984) աշխատել է կաթնապրանքային ֆերմայում։ Նրա հայրը՝ Տիմոֆեյ Մատվեևիչ Մատվեևը (1871-1918) աշխատել է Պուտիլովսկի (այժմ Կիրովսկի) գործարանում, ապրել է Սանկտ Պետերբուրգում՝ Ավտովոյում, Բոգոմոլովսկի փողոցում (այժմ Վերածննդի փողոց)։
Գագարինների ընտանիքը բաղկացած էր երեք որդուց և մեկ աղջկանից։ Յուրին երրորդ զավակն էր։
Յուրիի մանկությունն անցել է Կլուշինո գյուղում։ 1941 թվականի սեպտեմբերի 1-ին Յուրին առաջին անգամ դպրոց է գնում։ Սակայն հոկտեմբերի 12-ին գյուղը գրավում է Նացիստական Գերմանիայի վերմախտը և դասերն ընդհատվում են։ Գագարինի ընտանիքին գերմանացիները դուրս են նետում տնից և այդտեղ բացում արհեստանոց։ Նախքան ձմռան գալուստը գագարինները փոքրիկ գետնափոր տուն են կառուցում, պատում ճմահողով, վառարան տեղադրում։ Հորը ծեծում էին և ստիպում աշխատել։ Նահանջելուց առաջ գերմանացիները Յուրիի եղբորը՝ Վալենտինին և քրոջը՝ Զոյային արտաքսում են Գերմանիա։ Յուրան տեսնում է, թե ինչպես են մայրերը վազում ավտոմեքենաների հետևից, որոնցով տեղափոխել են գյուղի երեխաներին։ Հետագայում Գագարինը երբեք չի պատմել պատերազմի տարիների մասին։ Գրեթե տարիուկես Կլուշինո գյուղը օկուպացվել է գերմանացիների կողմից։ 1943 թվականի ապրիլի 9-ին գյուղն ազատագրվում ԽՍՀՄ Կարմիր բանակի կողմից և դպրոցում կրկին դասերը շարունակվում են։
1945 թվականի մայիսի 4-ին Գագարինի ընտանիքը տեղափոխվում է Գժատսկ։ 1949 թվականի մայիսի ամսին Յուրին ավարտում է միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանը։ Չնայած ծնողների ու ուսուցիչների հորդորներին, որ Յուրին ավարտի նաև յոթերորդ դասարանը, նա որոշում է կրթությունը շարունակել Մոսկվայում, որտեղ ապրում էին նրա հարազատները։ Սակայն Մոսկվա ընկնել Գագարինին չի հաջողվում։ Մինչև ծնողները պատրաստվում էին որդու ճանապարհ ընկնելու գործին, Մոսկվայի արհեստագիտական դպրոցները դադարեցրին ընդունելությունները։ Միայն սեպտեմբերի 30-ին Յուրիի հորեղբայր Սավելիա Իվանովիչ Գագագրինի օգնությամբ Գագարինը կարողացավ ընդունվել Լյուբերցիի № 10 արհեստագիտական դպրոց (Ներկայիս Լյուբերցիի տեխնիկում)։ Միաժամանակ Յուրին ընդունվում է նաև երեկոյան կոլերիտ դպրոց։ Ուսման ժամանակ, 1949 թվականի դեկտեմբերի 16-ին, Յուրին ընդունվել է կոմերիտմիության շարքերը։ Երեկոյան դպրոցի յոթերորդ դասարանը ավարտում է 1951 թվականի մայիսին, իսկ հունիսին գերազանցությամբ ավարտում է № 10 արհեստագիտական դպրոցը կաղապարող-ձուլողի մասնագիտությամբ։
1951 թվականի օգոստոսին Գագարինը ընդունվում է Սարատովի արդյունաբերական տեխնիկումի ձուլման բաժանմունք։ Այստեղ իրեն դրսևորում է որպես լավ մարմնամարզիկ և աշխատանքային ռեզերվներների քարտուղար։ 1954 թվականի հոկտեմբերի 25-ին առաջին անգամ գալիս է ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի Սարատովի աէրոակումբ (այժմ Դուբկի աէրոդրոմ)։ 1955 թվականին Յուրի Գագարինը զգալի հաջողությունների է հասնում՝ ավարտելով ոսումը գերազանցությամբ և կատարում է իր առաջին ինքնուրույն թռիչքը Յակ-18 ինքնաթիռով։ Սարատովի աէրոդրոմում Յուրի Գագարինն իրականացրել է 196 թռիչք՝ 42 ժամ 23 րոպե ընդհանուր տևողությամբ։
1955 թվականի հոկտեմբերի 27-ին Գագարինը ծառայության է անցնում ԽՍՀՄ զինված ուժերում։ Յուրին ուղարկվում է ծառայության Չկալով (ներկայիս Օրենբուրգ), Կլիմենտ Վորոշիլովի անվան 1-ին ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան (հետագայում՝ Օրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական կարմրադրոշ ուսումնարան)։ Յուրի Գագարինն այստեղ սովորում է այդ տարիներին հայտնի օդաչու-հրահանգիչ Յա. Շ. Ակբուլատովի մոտ։ Ռազմական ուսումնարանում Գագարինին նշանակում են դասակի հրամանատարի օգնական։ Բարձր խստապահանջություն դրսևորելու պատճառով Գագարինի ենթակաները մի քանի անգամ ծեծում են նրան և Յուրին մեկ ամիս անցկացնում է հոսպիտալում։ Սակայն սերժանտ Գագարինը կրկին խիստ պահանջկոտ է մնում և՛ իր, և՛ ենթակաների նկատմամբ։
Ուսումնառության մեջ Գագարինը բոլոր դիսցիպլիններում ամենաբարձր բալերն էր ստանում։ Միայն մի բան նրան չէր հաջողվում՝ ինքանթիռի վայրէջքը միշտ անհաջող էր անում՝ քթով անընդհատ կտցահարելով։ Որոշում են կայացնում ուսումից դուրս թողնել Յուրի Գագարինին։ Հրամանը չեն ստորագրում, քանի որ, ըստ ներկաների Գագարինը լաց էր լինում, ու ասում, որ առանց երկինք չի կարողանա ապրել։ Վերջին վայրկյանին ուսումնարանի ղեկավարը ուշադրություն դաձրեց Գագարինի ցածրահասակությանը, ինչի պատճառով տեսանելիության անկյունը փոխվում է և Երկրի մոտիկության զգացողությունը փոխվում Յուրիի մոտ։ Յուրի Գագարինը օդանավի նստարանին հատուկ բարձրություն է դնում, որից հետո գերազանցությամբ կատարում է հանձնարարություններն ու ինքնաթիռի վայրէջքը։ 1957 թվականի հոկտեմբերի 25-ին Գագարինը ավարտում է ուսումնարանը գերազանցությամբ։
Հընթացս երկու տարիներին Յուրի Գագարինը ծառայել է Լոուստարիում (Մուրմանսկի մարզ)՝ Ռուսաստանի ԶՈւ հյուսիսային նավատորմի 122-րդ կործանիչ ավիացիայի դիվիզիայի 769-րդ կործանիչ ավիացիայի գնդում. Գագարինին տրամադրվել էր ՄիԳ-15 կործանիչ։ 1959 թվականի հոկտեմբերիի դրությամբ Գագարինը ընդհանուր հաշվով իրականացրել է 256 ժամ ընդհանուր բարդության թռիչք։ Այստեղ նա ստացավ «Ռազմական օդաչու 3-րդ կարգի» որակավորումը։ Զինվորական կոչումը՝ ավագ լեյտենանտ։
Տիեզերագնացներին հավաքագրելու և նրանց «Վոստոկ-1» տիրեզերանավով առաջին անգամ թռիչքի պատրաստելու որոշումը կայացրեց ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը № 569-264 որոշումով՝ 1959 թվականի մայիսի 22-ին։
ԽՍՀՄ ռազմաօդային ուժերը զբաղվեց մասնակիցների ընտրությամբ և նրանց վերապատրաստումով։ Պլանավորված էր ընտրել ընդհանուր թվով քսան թեկնածուի։
Թեկնածուների ընտրությունն իրականացրել է հատուկ մասնագիտական խմբի կողմից՝ Կենտրոնական ռազմական գիտահետազոտական ավիացիայի հոսպիտալից։ Հոգեբանները ուշադրություն դարձրին Յուրի Գագարինի բնավորության հետևյալ առանձնահատկություններին.
1959 թվականի դեկտեմբերի 9-ին Գագարինը զեկույց է գրում, խնդրանքով, որ իրեն համալրեն տիեզերագնացների թեկնածուների խմբի մեջ։ Մեկ շաբաթ անց Գագարինին հրավիրում են Մոսկվա, որպեսզի անցնի բժշկական լիակատար հետազոտություն Կենտրոնական գիտահետազոտական ավիացիոն հոսպիտալում։ 1960 թվականի սկզբին անցնում է ևս մեկ հատուկ բժշկական հետազոտություն, որն ավագ լեյտենանտ Գագարինին պիտանի ճանաչեց տիեզերական թռիչքների համար։
1960 թվականի հունվարի 11-ին ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Կոնստանտին Անդրեևիչ Վերշինինի հրամանով ձևավորվեց հատուկ ռազմական զորամաս՝ № 26266, որի խնդիրն էր պատրաստել տիեզերագնացների։ Գագարինը համալրեց թեկնածուների շարքը ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Կոնստանտին Անդրեևիչ Վերշինինի հրամանով՝ 1960 թվականի մարտի 3-ին, իսկ մարտի 1-ին ընտանիքի հետ միասին Գագարինը տեղափոխվեց ծառայության նոր վայր։ Մարտի 25-ից սկսվեցին կանոնավոր պարապմունքները տիեզերագնացների պատրաստման ծրագրով։
Թե ով է առաջին անգամ թռչելու տիեեզերք, որոշել են ԽՍՀՄ մինիստրների խորհրդի Գլխավոր կոնստրուկտորային բյուրոյի № 1 գլխավոր կոմիտեի պաշտպանական տեխնիկայի գլխավոր կոնստրուկտոր, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովն ու նրա սխրակից ընկերները։ Վերջիններս որոշում են, որ տիրեզերք առաջին անգամ բարձրանալու է բացառապես ռեակտիվ կործանիչային ավիացիայի օդաչու։
Տիեզերական տեխնիկայի և սարքավորումների հետ աշխատելու համար պահանջվում էին հատուկ թեկնածուներ. մարդիկ, որոնք ունեին բացառիկ առողջություն, պրոֆեսիոնալ պատրաստվածություն, ճշտապահ էին ու բավարարում էին ֆիզիկական և բժշկական բոլոր պահանջներին։
1960 թվականի մարտին Մոսկվայում սկսվեց քառամսյա նախապատրաստությունը։ Տիեզերագնացների նախապատրաստական կենտրոնն իր ողջ անձնակազմով տեղափոխվեց մերձմոսկովյան Զվյոզդնի քաղաքատիպ փակ ավան։ Այստեղ ստեղծվեցին անհրաժեշտ պայմաններ, որպեսզի տիեզերագնացների նախապատրաստական աշխատանքները պսակվեն հաջողությամբ։ Զվյզյոզդնիից ոչ հեռու, Չկալովսկի կայարանում, կառուցվեցին առաջին բնակարանները, որտեղ ապրելու էին ծառայող տիեզերագնացների և ղեկավար անձանց ընտանիքի անդամները։
Բացի Գագարինից, այստեղ էին նաև այլ թեկնածուներ. նրանք թվով քսան հոգի էին (ԽՍՀՄ-ի տիեզերագնացների առաջին ջոկատ)։ Ըստ Կորոլյովի հրահանգի, հավաքագրվեցին ռեակտիվ կործանիչային ավիացիայի օդաչուներ։ Սա արվեց այն նպատակով, որ վերջիններս արդեն ունեին գերաբեռնման փորձ, սթրեսային իրավիճակներում սթափ գործելու հատկանիշներ և դիմացկուն ճնշման վայրիվերումներին։ Տիեզերագնացների առաջին ջոկատի ընտրության համար անցկացվեցին բժշկական ու հոգեբանական ստուգումներ։ Ըստ ընտրող մարմնի, տիեզերագնացները պետք է բավարարեին հետևյալ չափանիշներին. տարիքը՝ 23-30 տարեկան, հասակը՝ 170 սանտիմետրից ոչ բարձրահասակ, իսկ քաշը՝ 70-72 կիլոգրամից ոչ ծանր։ Նրանք պետք է ընդունակ լինեին արագորեն հարմարվելու բարձրությանն ու մթնոլորտային ճնշումների տատանումներին, լինեին ֆիզիկապես դիմացկուն, ունենային արագ ռեակցիա, հոգեկան հավասարակշռություն։ Հասակի և քաշի պարտադրանքը ստեղծվել էր «Վոստոկ» տիեզերանավի չափերից ելնելով։ Բացի այդ, կարևոր հանգամանք էր նաև կուսակցական լինելու փաստը (Գագարինը Կոմունիստական կուսակցության շարքերը մտնելու հայտը լրացրել էր 1959 թվականին, իսկ լիիրավ անդամ դարձավ 1960 թվականի ամռանը), քաղաքական ակտիվությունը, սոցիալական ծագումը։ Անմիջականորեն օդաչուական որակները որոշիչ դեր չէին խաղում թեկնածուների ընտրության հարցում։ Փորձարկիչ օդաչու Մարկ Լազարևից Գալլայը, որը մասնակցում էր ապագա տիեզերագնացների նախապատրաստական աշխատանքներին, իր «С человеком на борту» գրքում գրել է. «Յուրաքանչյուր ավիակայազորում առանց դժվարությունների կարելի էր հանդիպել նման տղաների։ Դա վա՞տ է։ Հակառակը, վստահ եմ, որ այն շատ լավ է»։
Տիեզերագնացների առաջին ջոկատում նշանակվեցին Յուրի Գագարինը, Գերման Տիտովն ու Գրիգորի Նելյուբովը։
Քսան հավակնորդներից ընտրվեցին վեցը։ Կորոլյովը շատ էր շտապում, քանի որ ամերիկացիները, հնարավոր էր, որ 1961 թվականի ապրիլի 20-ին իրենց մարդուն ուղարկեին տիերզերք։ Դրա պատճառով թռիչքի մեկնարը նշանակվեց 1961 թվականի ապրիլի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Թե ով է կոնկրետ թռչելու տիեզերք, որոշվեց վերջին պահին. ընտրվեց Յուրի Գագարինն ու դուբլյոր Գերման Տիտովը։
1961 թվականի ապրիլի 3-ին կայացավ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահության նիստը, որն անցկացնում էր ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովը։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի տեղակալ Դմիտրի Ուստինովի զեկուցումով որոշում ընդունվեց առաջին անգամ տիեզերք մարդ ուղարկելու մասին։
1961 թվականի ապրիլի 8-ին կայացավ «Վոստոկ» տիեզերանավի մեկնարկի հանձնաժողովի փակ նիստը, որը ղեկավարում էր ԽՍՀՄ մինիստրների խորհրդի պաշտպանակա տեխնիկայի պետական կոմիտեի նախագահ Կոնստանիտին Ռուդնևը։ Հանձնաժողովը հաստատեց մարդկության պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքն իրականացնելու հրամանը, որը ստորագրեցին Ս. Պ. Կորոլյովն ու Նիկոլայ Կամանինը.
Խորհրդակցության բաց հատվածի ժամանակ, որն անցկացվում էր հանձնաժողովականների նեղ կազմով, Կամանինի առաջարկությունը միաձայն ընդունվեց՝ տիեզերք ուղարկել Յուրի Գագարինին, իսկ Տիտովին թողնել որպես պահեստային տիեզերագնաց։
ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև սկսված տիեզերական մրցավազքը հանգեցրեց նրան, որ «Վոստոկ» տիեզերանավի ստեղծման գործում ընդունվեցին անբարենպաստ, սակայն պարզ ու իրագործելի որոշումների շարք։ Որոշ բաղադրամասերի ստեղծումը չտեղավորվեց ժամանակի մեջ, որի հետևանքով ստիպված եղան հրաժարվել մեկնարկի ժամանակ վթարային փրկության համակարգից և տիեզերանավի փափուկ վայրէջքի համակարգից։ Բացի այդ, «Վոստոկ-1» հրթիռից ապամոնտաժվեց փոխարինող արգելակման համակարգը։ Վերջին որոշումը հիմնավորվում էր նրանով, որ տիեզերանավը թռիչքի պահից, ցածր՝ 180-200 կիլոմետրանոց ուղեծիրը ամեն դեպքում 10 օրում կանցնի մթնոլորտի վերին շերտերի բնական արգելակումով։ Այդ տասնօրյա թռիչքի ողջ տևողության մեջ հաշվարկված էր նաև մարդու կյանքի ապահովության երաշխիքները։
«Վոստոկ» տիեզերանավի թռիչքի մեկնարկը, որի օդաչու-տիեզերագնացը Յուրի Գագագարինն էր, տրվեց 1961 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայի ժամանակով 09։07 (06։07 UTC)։ Տիեզերական հրթիռը ուղեծիր բարձրացավ Բայկոնուրի տիեզերական թռիչքների կայանից։ Գագարինի կոչի ազդանշանն էր՝ «Մայրի» (ռուս.՝ Кедр)։ Մեկնարկի խմբի ղեկավարը («կրակող») թռիչքի պահին հրթիռային ուժերի ինժեներ-փոխգնդապետ (հետո նաև գեներալ-մայոր) Անատոլի Կիրիլովն էր։ Վերջինս հրաման էր տալիս հրթիռի թռիչքի վերաբերյալ և ստուգում դրանց կատարումը՝ շրջադիտակով (պերիսկոպ) հետևելով հրթիռին հրամանատարական բունկերից։ Նրա կրկնորդը Լեոնիդ Վոսկրեսենսկին էր՝ գլխավոր կոնստրուկտոր Կորոլյովի փորձարկումների բաժնի տեղակալը, որը հետևում էր թռիչքին երկրորդ շրջադիտակով։
«Վոստոկ» կրող հրթիռի մեկնարկի պահին Յուրի Գագարինը բացականչեց՝ «Գնացի՛նք» (ռուս.՝ Поехали!)։
Հրթիռն աշխատեց անխափան կերպով, սակայն ավարտական փուլում չաշխատեց ռադիողեկավարման համակարգը, որը պետք է անջատեր շարժիչնմինչև երը երրորդ մակարդակի։ Այն աշխատեց միայն տիեզերք բարձրանալուց։ Ուղեծրի պարամետրերն էին՝ 327×180 կմ։ Այսպիսի ուղեծրից վայրէջքը միայն «աէրոդինամիկ արգելակման» պայմաններում կարող էր տևել 20-ից 50 օր։
Ուղեծրից Գագարինը հայտնեց իր զգացողություների մասին, տիեզերանավի վիճակի և դիտարկումների մասին։ Նա իլյումինատորից հետևում էր Երկիր մոլորակին, Արեգակին, երկրի ստվերոտ մասին, որտեղ գիշեր էր։ Նրան դուր է եկել Երկրի տեսքը, որի մասին իմանում ենք մագնիտոֆոնով ձայնագրածից, որտեղ խոսվում է հետևյալի մասին.
Գագարինը նաև պարզագույն փորձեր էր անցկացնում տիեզերքում՝ խմում էր, ուտում, մատիտով նշումներ անում։ Մատիտը հարևանությամբ դնելով՝ նա նկատեց, որ այն սկսեց վայրկյանական «լողալ»։ Դրանից Գագարինը եզրահանգում կատարեց, որ մատիտները և այլ առարկաները տիեզերքում պետք է լավ կապել, որ լողալով չհեռանան։ Իր բոլոր զգացողություններն ու դիտարկումները նա ձայնագրում էր տեղադրված մագնիտոֆոնով։
Մինչ թռիչքը՝ աշխարհին անհայտ էր, թե ինչպես կազդի տիերզերքը մարդու հոգեկան ներաշխարհի վրա, ինչպես նա կդրսևորի իրեն, դրա համար հատուկ պաշտպանական համակարգ էր մտածվել, որ տիեզերքում օդաչուն չկարողանար կառավարել տիեզերանավը կամ էլ փչացներ սարքավորումները։ Որպեսզի միացվեր ձեռքով ղեկավարումը, նա պետք է բացեր կնքած ծրարը, որի պարունակության մեջ դրված էր թուղթ՝ մաթեմատիկական հանձնարարությունով, որի լուծումից հետո միայն կիմացվեր տիեզերանավը ձեռքով կառավարելու վահանակի կոդը։
Թռիչքի ավարտին տիեզերանավի արգելակման համակարգը կրկին սկսեց գործել. այդ համակարգի հեղինակն է կոնստրուկտոր Ալեքսեյ Իսաևը։ Շուրջ տասը րոպե տիեզերանավը անկանոն պտուտակաձև շարժումներ էր կատարում՝ մինչև մտավ մթնոլորտի շերտերի մեջ. շարժման արագությունն էր՝ 1 պտույտ 1 վայրկյանում։ Գագարինը որոշեց չվախեցնել թռիչքի ղեկավարներին (առաջին հերթին Կորոլյովին) և այդ մասին չհայտնեց նրանց։ Երբ տիեզերանավը մտավ մթնոլորտի ավելի խիտ շերտեր, միացնող կաբելները շարքից դուրս եկան և այրվեցին։ Էջքը կատարվեց բալիստիկ հետագծով, այսինքն 8-10-ապատիկ գերաբեռնումով։ Ավելի բարդ էր հոգեբանական լարվածությունը։
7 կմ բարձրության վրա, ըստ նախնական սահմանված պլանի, Գագարինը կատապուլտով դուրս նետվեց, որից հետո կապսուլան ու Գագարինը սկսեցին իջնել պարաշյուտներով՝ առանձին-առանձին։ Կատապուլտվելուց հետո Գագարինը գտնվում էր հերմետիկ սկաֆանդրի մեջ։ Սրա մեջ օդաչուն միանգամից չբացեց օդելույզը, որից դրսի օդը ներթափանցելու էր սկաֆանդրի մեջ. այդ պատճառով Գագարինը հազիվ փրկվեց խեղդվելուց։ Վերջին խնդիրը թռիչքի ժամանակ հանդիսացավ վայրէջքի տեղը։ Եթե ուղիղ իջներ, ապա կբախվեր Վոլգայի սառած մակերևույթին, բայց հմտության շնորհիվ վերջինս պարաշյուտները հեռու տարավ գետից 1.5-ից 2 կիլոմետր հեռու։
Կատարելով Երկրի շուրջը մեկ պտույտ՝ թռիչքի 108-րդ րոպեին, ժամը 10։55։34 տիեզերանավը ավարտեց թռիչքը։ Իջեցման համակարգի խափանման պատճառով, ըստ նախնական պլանի որոշված հատվածում՝ Ստալինգրադից 110 կիլոմետր հեռու Գագարինը չիջավ, այլ վայրէջք կատարեց Սարատովի երկրամասում՝ Էնգելսկի շրջանի Սմելովկա գյուղի մոտ։ 10։48 րոպեին մոտակա զենիթահրթիռային ռադիոլոկացիոն կայանը գրանցեց չճանաչված օբյեկտ՝ դա Գագարինի իջեցման ապարատն էր։ Կատապուլտվելուց հետո զենիթահրթիռային ռադիոլոկացիոն կայանը (ռադար) գրանցեց միաժամանակ երկու օբյեկտներին էլ։
Գագարինի վայրէջքի և նրա հետ հանդիպման մասին հանգամանքները տարբեր են.
Ըստ այլ վկայությունների, առաջին ականատեսները, որոնք առաջինն են հանդիպել տիեզերագնացի հետ թռիչքից հետո, տեղի անտառապահի կինն էր՝ Աննան (Անիխայաթ) Տախտարովան ու նրա վեցամյա թոռնուհի Ռիտան (Ռումիա)։ Շուտով էջքի վայր հասան ռազմական դիվիզիոնի զինվորներն ու տեղացի կոլխոզնիկները։ Զինվորների մի խումբը հսկողության տակ վերցրեց իջեցման ապարատը, իսկ մյուս խումբը Գագարինին տարավ զինվորական տեղամաս։ Այդտեղից Գագարինը հեռախոսով զեկուցեց Հակաօդային պաշտպանության դիվիզիոնի հրամանատարին. «Խնդրում եմ հայտնել Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարին՝ հանձնարարությունը կատարված է, վայրէջք եմ կատարել նախապես տրված շրջանում, ինձ լավ եմ զգում, վնասվածքներ և կոտրվածքներ չունեմ։ Գագարին։»։
# | Մեկնարկային տիեզերանավ | Մեկնարկ, UTC | Էքսպեդիցիա | Վայրէջքի ապարատ | Վայրէջք, UTC | Ժամանակ | Ելք դեպի բաց տիեզերք | Բաց տիեզեերքու մնալու ժամանակ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Վոստոկ-1 | 12.04.1961, 06։07 | Վոստոկ-1 | Վոստոկ-1 | 12, 07։55 | 00 օր 01 ժամ 48 րոպե | 0 | 0 |
00 օր 01 ժամ 48 րոպե | 0 | 0 |
Միևնույն ժամանակ Էնգելս ավիաբազայից թռիչք կատարեց Մի-4 (Ми-4) ուղղաթիռը, որին հանձնարարված էր գտնել և նշանակված վայր հասցնել Յուրի Գագարինին։ Ուղղաթիռի անձնակազմն առաջինը նկատեց էջք կատարող ապարատը, սակայն Գագարինը դրա մոտ չէր. թյուրիմացությունը շտկեցին տեղի գյուղացիները, որոնք ասացին, թե Գագարինը բեռնատարով մեկնել է դեպի Էնգելս քաղաք։ Ուղղաթիռը օդ բարձրացավ և ուղղություն վերցրեց դեպի քաղաք։ Անձնակազմը ճանապարհին՝ հրթիռային դիվիզիոնի հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ տեսավ ավտոմեքենա, որով Գագարինը, զեկույցից հետո շարժվում էր դեպի վայրէջքի ապարատի մոտ։ Գագարինը դուրս եկավ ավտոմեքենայից և ձեռքով ողջունելու ժեստ արեց. նրան վերցրին և ուղղաթիռը մեկնեց Էնգելսի ավիաբազա՝ ուղարկելով ռադիոհաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ «Տիեզերագնացը ուղղաթիռի մեջ է, գնում ենք աէրոդրոմ»։ Վայրէջքի վայրում Գագարինին հանձնեցին նրա առաջին պարգևը տիեզերք թռչելու պատվին՝ «Խոպան հողերի յուրացման համար մեդալ»։ Հետագայում այս մեդալից շնորհեցին նաև այլ տիեզերագնացների։
«Վոստոկ» տիեզերանավի էջքի ապարատը «Էներգիա» թանգարանում։ |
Էնգելսի աէրոդրոմում Գագարինին արդեն սպասում էին. օդանավասանդուղքի մոտ էր հավաքվել բազայի ողջ անձնակազմը։ Գագարինին հանձեցին ԽՍՀՄ կառավարության շնորհավորական հեռագիրը։ «Պոբեդա» (ГАЗ-М-20) ավտոմեքենայով Գագարինին տեղափոխեցին հրամանատարական-դիսպետչերային կետ, որից հետո շտաբ՝ Մոսկվայի հետ կապ ստեղծելու համար։
Կեսօրին Էնգելսի ավիաբազա ժամանեցին երկու ինքնաթիռ Բայկոնուրից՝ Իլ-18 և Ան-10։ Անձնակազմի մեջ էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ֆիլիպ Ագալցովը և լրագրողների մի խումբ։ Մինչև գեներալ Իվան Բրովկոյի աշխատեսենյակում կապ էր հաստատվում ԽՍՀՄ կառավարության հետ, Գագարինը հարցազրույց էր տալիս և լուսանկարվում։ Կապի հաստատումից հետո Գագարինը անձամբ հաղորդեց Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կառավարության նախագահ Լեոնիդ Բրեժնևին թռիչքի բարեհաջող կատարման մասին։
Գագարինը զեկույցից հետո մի խումբ ուղեկիցների հետ նստեց Իլ-14 ինքնաթիռը, որը ժամանել էր կույբիշևյան «Կրյաժ» աէրոդրոմից, և ուղևորվեց դեպի Կույբիշև քաղաք (ներկայիս Սամարա)։ Որոշում էր կայացվել, որ ինքնաթիռը Կուրումոչ օդանավակայանում չիջեցնել՝ խուսափելու աղմուկից, այլ վայրէջքն իրականացնել «Բեզիմյանկա» գործարանային աէրոդրոմում։ Բայց երբ անջատում էին շարժիչներն ու տեղադրում օդանավասանդուղքը, արդեն աէրոդրոմում հավաքվել էին մեծ թվով բազմություն՝ այդ թվում բանվորներ, կուսակցական գործիչներ։ Երբ տեղադրվեց օդանավասանդուղքը, առաջինն օդանավից դուրս եկավ Գագարինը և ողջունեց հավաքվածներին։ Գագարինին տեղափոխեցին Վոլգայի ափին գտնվող մարզկոմի ամառանոց։ Այստեղ նա լոգանք ընդունեց և սնվեց։ Գագարինի Կույբիշև վայրէջքից երեք ժամ անց այստեղ ժամանեցին Կորոլյովն ու մի քանի անձինք Գլխավոր հանձնաժողովից։ Երեկոյան ժամը 21-ին սեղան բացեցին և տոնեցին Գագարինի՝ դեպի տիեզերք հաջող թռիչքը։
Գագարինին տիեզերք ուղարկելու գաղափարը ԽՍՀՄ-ը ցանկանում էր գաղտնի պահել։ Թռիչքի պահը չլուսաբանվեց ԽՍՀՄ տարածքում։ Ամենահայտնի կադրերը, որտեղ Գագարինը պատրաստվում է թռիչքի, նկարահանվել են միայն թռիչքից հետո՝ վավերագրական ֆիլմի համար, որտեղ Գագարինը կրկնել է այն ամենը, ինչը թռիչքի պահի։
Պատկեր:RIAN archive 409362 Literaturnaya Gazeta article about YuriGagarin, first man in space.jpg | Պատկեր:RIAN archive 409361 Literaturnaya Gazeta article about Yuri Gagarin, first man in space.jpg | |
«Լիտերատուրնայա գազետա» 13 ապրիլի, 1961 թվական | «Իզվեստիա» 14 ապրիլը, 1961 թվական | «Լիտերատուրնայա գազետա» 15 ապրիլի, 1961 թվական |
Սկզբից ոչ ոք չէր պլանավորել Գագարինին հանդիսավոր կերպով դիմավորել Մոսկվայում։ Ամեն ինչ վերջին րոպեին որոշեց Նիկիտա Սերգեևիչ Խրյուշչովը։ Ըստ վերջինիս որդու՝ Սերգեյ Խրուշչովի խոսքերի կարդում ենք.
Նա ամեն ինչ սկսեց պաշտպանության նախարար մարշալ Ռոդիոն Մալինովսկուն զանգելով և ասելով հետևյալը. «Գագարինը կոչումով ավագ լեյտենանտ է։ Պետք է անհապաղ կոչումը բարձրացնել»։ Մալինովսկին դժկամությամբ ասաց, որ կշնորհի կապիտանի կոչում։ Դրա պատճառով Նիկիտա Սերգեևիչը բարկացավ. «Ի՞նչ կապիտան։ Դուք նրան մայորի կոչում տվեք»։ Մալինովսկին երկար ժամանակ չէր համաձայնվում, սակայն Խրուշչովը պնդում էր իր ասածը և այդ օրը Գագարինը դարձավ մայոր։ - Սերգեյ Խրուշչով |
Հետո Խրուշչովը զանգահարեց Կրեմլ և պահանջեց, որ Գագարինի համար արժանի դիմավորում կազմակերպեն։
Ըստ այլ վկայությունների, Գագարինին «կապիտանի» կոչում պետք է շնորհվեր 1961 թվականի ապրիլին, սակայն Դ. Ֆ. Ուստինովն առաջարկեց Գագարինին շնորհել միանգամից մայորի կոչում։ Մայորի կոչում շնորհելու հրամանը պատրաստվեց թռիչքի մեկնարկից առաջ, սակայն միայն վայրէջքից հետո Գագարինն իմացավ այդ մասին։ ՏԱՍՍ-ի բոլոր հաղորդումներում ապրիլի 12-ին խոսվում էր «մայոր Յուրի Գագարինի մասին»։
Ապրիլի 14-ին Գագարինին բերելու համար ուղարկվեց Իլ-18 ինքնաթիռը, Իսկ Մոսկվա գալուց ինքնաթիռին միացան պաշտոնական ուղեկիցները՝ թվով յոթ ՄիԳ-17 ռեակտիվ կործանիչները։ Ինքնաթիռները տոնական զորաշարքով անցան Մոսկվայի կենտրոնի վրայով՝ Կարմիր հրապարակով և վայրէջք կատարեցին Վնուկովո օդանավակայանում։ Այստեղ Գագարինին սպասում էր փառահեղ ընդունելություն՝ ցնծացող մարդիկ, լրագրողներ և օպերատորներ, պետության ղեկավար անձինք։ Ինքնաթիռը շարժվեց դեպի օդանավակայանի կենտրոնական շինությունը, իջեցրեց օդանավասանդուղքը, որտեղով առաջինը իջավ Յուրի Գագարինը։ Ինքնաթիռից մինչև կառավարական տրիբունա գցված էր վառ կարմիր ուղեգորգ, որով անցավ Գագարինը։ Քայլելիս քանդվել էր Գագարինի կոշիկի քուղը (ըստ այլ տարբերակի՝ գուլպայի ամրակալը), սակայն նա կանգ չառավ և առաջ շարժվեց դեպի կառավարական տրիբունա՝ անտեսելով, որ կարող է սայթաքել և ընկնել։ Ընթացքում հնչում էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի քայլերգը։ Մոտենալով տրիբունային՝ Գագարինը զեկուցեց Նիկիտա Խրուշչովին.
Հետո «ԶԻԼ-111» կաբրիոլետ ավտոմեքենայով Գագարինը կատարեց շրջայց՝ ողջունելով իրեն դիմավորողներին։ Ամենուր հնչում էր շնորհավորական խոսքեր, շատերը ցուցապաստառներ էին թափահարում։ Մարդկանցից մեկը՝ անցնելով մարդկանց միջով և կտրելով շրջապատող ջոկատը, ծաղկեփունջ նվիրեց Գագարինին։ Կարմիր հրապարակում միտինգ տեղի ունեցավ, հընթացս որի Նիկիտա Խրուշչովը հայտարարեց, որ Գագարինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի և «ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնացի» կոչում։
Միտինգը վերաճեց երեքժամյա ցույցի, որի ժամանակ Յուրի Գագարինն ու ԽՍՀՄ ղեկավարությունը ողջունեց ցուցարարներին Լենինի դամբարանի տրիբունայից։ Ցույցի ավարտից հետո Նիկիտա Խրուշչովը Գագարինին ուղեկցեց դամբարանի ներս, դեպի Վլադիմիր Իլյիչ Լենինի սարկոֆագ։ Տոնակատարությունը շարունակվեց Մոսկովյան կրեմլում, որտեղ կազմակերպվել էր ընդունելություն. դրան մասնակցում էին նաև այն կոնստրուկտորները, որոնց անունները պաշտոնապես դեռ չէր հայտարարվել։ Լեոնիդ Բրեժնևը Գագարինին հանձնեց Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղի շքանշանը» և Լենինի շքանշանը։ Շատ ընտանիքներում հենց այդ օրը ծնված տղաներին անվանակոչեցին Գագարինի պատվին՝ Յուրի։
Հաջորդ օրը կայացավ մամլո ասուլիս, որի ժամանակ Գագարինին և տիեզերանավի կոնստրուկտորներին հարցեր էին հղում արտասահմանցի լրագրողները։ Կոնֆերանսը սկսվեց Գագարինին հղված հարցով, թե նա հայտնի իշխանների՝ Գագարինների տոհմի՞ն է արդյոք պատկանում, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում։ Այդ հարցին Գագարինը պատասխանեց. «Իմ հարազատների շրջանում ոչ մի իշխան և ազնվական ծագումով մարդու մասին ես չեմ լսել»։
Տիեզերքից վերադառնալուց գրեթե մեկ ամիս անց Յուրի Գագարինը սկսեց արտասահմանյան այցելությունները, որը ստացավ «Խաղաղության առաքելություն» անվանումը։ Առաջին տիեզերագնացն այցելեց Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Միացյալ Թագավորություն, Բուլղարիա, Եգիպտոս և այլն։
Առաջինը վերոհիշյալ երկրներից Յուրի Գագարինն այցելեց Չեխոսլովակիա։ Նա թռչեց Տու-104 ինքնաթիռով դեպի Պրահա։ Չվերթի մասնակիցները ինքնաթիռում ճանաչեցին Գագարինին և նրա ինքնագիրը խնդրեցին։ Ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Պավել Միխայլովը Յուրիին հրավիրեց օդաչուական խցիկ և ղեկանիվը հանձնեց նրան։ Չեխոսլովակիայում Գագարինն այցելեց մետաղաձուլարան, որտեղ տեղի տեղի աշխատակիցները նրան նվիրեցին հուշանվեր՝ ձուլագործի արձանիկ։ Չեխոսլովակիայի կառավարությունը Գագարինին շնորհեց «Չեխոսլովակիայի սոցիալիստական աշխատանքի հերոսի» կոչում։
Այցելության հաջորդ երկիրը Բուլղարիան էր։ Սոֆիայում վայրէջքի ժամանակ բուլղարացի օդաչուները ուղեկցում են Գագարինին տեղափոխող ինքնաթիռին կործանիչներով։ Տիեզերագնացը եղավ մի շարք քաղաքներում։ Պլովդիվում և Սոֆիայում նրան շնորհեցին պատվավոր քաղաքացու կոչում։ Պլովդիվում այցելեց Ալյոշայի արձանին։
Ֆինլանդիա Գագարինը մեկնեց երկու անգամ՝ 1961 և 1962 թվականին։
1961 թվականի հուլիսին Գագարինը մեկնեց Միացյալ Թագավորությունը՝ Անգլիայի ձուլագործների արհմիության հրավերով։ Այս երկրում Յուրիին տեղափոխող «Rolls-Royce Silver Cloud-II» ավտոմեքենայի վրա հատուկ պետհամարանիշ փակցրին՝ YG 1 (Յուրի Գագարին 1)։ Սկզբից Գագարինն այցելեց Մանչեստր և այդտեղ գտնվող ձուլագործների գլխավոր արհմիության շտաբ-բնակարան։ Այստեղ Յուրիին շնորհեցին Անգլիայի պատվավոր ձուլագործի դիպլոմ։ Այդ այցելության ժամանակ նրան հանձնեցին նաև ոսկե մեդալ՝ տիեզերքի ընդլայնման ֆոնդի կողմից։ Այստեղ նրան դիմավորեց վարչապետ Հարոլդ Մակմիլանն ու թագուհի Եղիսաբեթ II-ը։ Թագուհին լուսանկարվեց Գագարինի հետ։
1961 թվականի ընթացքում Գագարինն այցելեց Չեխոսլովակիա, Բուլղարիա, Ֆինլանդիա, Միացյալ Թագավորություն, Լեհաստան (հուլիսի 21-22), Կուբա, Բրազիլիա, Կյուրասաո, Կանադա, Իսլանդիա, Հունգարիա, Հնդկաստան, Ցեյլոն, Աֆղանստան։
1962 թվականի հունվար-փետրվար ամիսներին Գագարինը վիցե-նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մարշալ Աբդել Հաքիմ Ամերի հրավերով այցելեց Միացյալ Արաբական Հանրապետություն (Եգիպտոս)։ Գագարինը Եգիպտոսում մնաց մեկ շաբաթ։ Երկրի նախագահ Գամալ Աբդել Նասերը Յուրի Գագարինին պարգևատրեց «Նեղոսի շքանշանով»։
1963 թվականի սեպտեմբերին Գագարինն այցելեց Ֆրանսիա՝ Փարիզ, որտեղ մասնակցեց Տիեզերագնացների միջազգային XIV կոնգրեսին։
Իր կյանքի ընթացքում Յուրի Գագարինն այցելեց արտասահմանյան երեսուն երկիր։
1961 թվականի սեպտեմբերի 3-ին Յուրի Գագարինն ընդունվեց Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներային ակադեմիա։ 1968 թվականի փետրվարի 17-ին Սերգեյ Բելոցերկովսկու ղեկավարությամբ պաշտպանեց դիպլոմային աշխատանքը։ Պետական քննական հանձնաժողովը գնդապետ Յուրի Գագարինին շնորհեց «օդաչու-ինժեներ-տիեզերագնացի» կոչում և երաշխավորեց որպես ակադեմիայի ադյունկտ (ասպիրանտ)։
Տիեզերք կատարած ճանապարհորդությանը հաջորդած երեք տարիներին Գագարինն ապրում էր խիստ հագեցած կյանքով՝ ճանապարհորդություններ, հանդիպումներ։ Ըստ Ն. Պ. Կամանինի այդ հանդիպումները շատ հաճախ ուղեկցվում էին ճաշկերույթներով։ Այս ամենը հագեցրեց նրան, որ Գագարինը գիրացավ 8-ից 9 կիլոգրամով, դադարեց սպորտով կանոնավոր զբաղվել։ Կրկին սկսվող վերապատրաստաումները, ինքնաթիռով կատարած թռիչքները Գագարինին վերադարձրին դեպի հին կենսակերպը։
1964 թվականին Գագարինը դարձավ Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի ղեկավարի տեղակալ և նշանակվեց խորհրդային տիեզերագնացների ջոկատի հրամանատար։
Յուրի Գագարինը կատարում էր նաև ԽՍՀՄ գերագույն խորհրդի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավորի պարտականությունները։ Գագարինը Կենտրոնական կոմիտեի (ՀամԼԿԵՄ) անդամ էր։ Ղեկավարել է «Կրասնայա զվեզդա» թերթը (1964 թվականից)։ Պատմական թռիչքից հետո Գագարինը դարձել էր աշխարհահռչակ։ Նա ԽՍՀՄ-Կուբա բարեկամության հանձնաժողովի պրեզիդենտն էր, «Ֆինլանդիա-ԽՍՀՄ» ընկերակցության պատվավոր անդամ էր։
1966 թվականին Գագարինն ընտրվում է Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ։ Նույն թվականի հունիսին Գագարինը սկսում է «Սոյուզ» տիեզերանավի ծրագրի վերապատրաստումները։ Նա նշանակվեց տիեզերագնաց Վլադիմիր Կոմարովի կրկնորդ, որը նոր տիեզրենավով կատարել էր առաջին թռիչքը։ Այդ թռիչքն ավարտվել էր անհաջողությամբ։ Վլադիմիր Կոմարովը զոհվել է 1967 թվականի ապրիլի 24-ին, «Սոյուզ-1» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ։
1967 թվականի դեկտեմբերի սկզբին Յուրի Գագարինը երկար ընդմիջումից հետո թռիչք է կատարում ՄիԳ-17 ինքնաթիռով։ Վայրէջք է կատարում երկրորդ անգամից, քանի որ սխալ էր հաշվարկել, ինչը ցածրահասակ լինելու հետ էր կապված։ Այդ փաստը անհանգստացրեց ղեկավարությունը հերոսի կյանքի համար, քանի որ վթարները կարող էին կրկնվել։
Չնայած զբաղվածությանը Գագարինը ժամանակ էր գտնում զբաղվելու սիրած հոբբիներով՝ ջրային դահուկներ և կակտուսների հավաքածու։
1968 թվականի մարտի 27-ին Գագարինը զոհվում է ավիավթարից։ Նա մարզական թռիչք էր իրականացնում ՄԻԳ-15ՈւՏԻ ինքնաթիռով՝ հմուտ հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինի ղեկավարությամբ։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվում Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի Նովոսյոլովո գյուղի մոտակայքում։ Յուրի Գագարինի և Սերյոգինի մարմինները ենթարկել են դիակիզման։ Նրանց վերջին հրաժեշտը տեղի է ունեցել 1968 թվականի մարտի 30-ին Խորհրդային բանակի Կենտրոնական տանը, որտեղ տեղադրվել էին աճյունասափորները։ Կարմիր հրապարակում սգո միտինգ է կայանում։ Երկրում հայտարարվում է լռության րոպե։ Գագարինի և Սերյոգինի աճյունասափորները տեղադրվել են Կրեմլի պատի գերեզմանատանը՝ զինվորական պատվով։
Ավիավթարի պատճառների հետաքննության համար ստեղծվեց պետական հանձնաժողով։ Արդյունքում կազմվեց 29 հատորանոց հաշվետվություն, որը հույժ գաղտնի էր պահվում։ Ընդ որում որոշ դետալների մասին հանրությունը իմացել է այդ հանձնաժողովի անձանց հոդվածներից ու ճեպազրույցներից։ Պետական հանձնաժողովի եզրակացությունը հետևյալն էր. ինքնաթիռի անձնակազմը կատարել է կտրուկ մանևր և դուրս է եկել ամպի շերտից վայրասլաց թռիչք կատարելով գրեթե ուղղաձիգ։ Չնայած օդաչուների բոլոր ջանքերին, որ ինքնաթիռը բերեն հորիզոնական դիրքի, թռիչքն ունենում է ողբերգական վախճան և օդանավը կործանվում է՝ բաղվելով ցամաքին ու անձնակազմը զոհվում է։ Հետաքննության ժամանակ տեխնիկայի անսարքություն չի նկատվել։ Օդաչուների մնացորդների քիմիական և արյան անալիզներից պարզ դարձավ, որ օտար նյութեր չեն հայտնաբերվել դրանցում։
Յուրի Գագարինի դեպի տիեզերք թռիչքի հիսնամյակի նախօրեին մի շարք տեղեկություններ են գաղտնազերծվել պետական հանձնաժողովի հաշվետվությունից՝ կապված Գագարինի մահվան մանրամասներից։ Ըստ ՌԴ նախագահի արխիվի, ինքնաթիռի անկման պատճառ է հանդիսացել կտրուկ մանևրը։
Մասնագետների հետազոտական խումբը, որը ղեկավարել է Ս. Մ. Բելոցերկովսկին, նաև այն վարկածն է հանդես բերել, որ կտրուկ մանևրի պատճառը մոտակա թռչող ուրիշ ինքնաթիռն է եղել։ Դրա արդյունքում, ՄիԳ-15ՈւՏԻ ինքնաթիռը ընկնում է պտուտակաձևե էջքի մեջ։ Գտնվելով ամպային գոտում, օդաչուները չեն նկատել թռիչքի բարձրությունը։ Ամպի գոտուց դուրս գալուց հետո արդեն ուշ էր կատապուլտ անելուն։
2013 թվականին Ալեքսեյ Լեոնովը հայտարարել է, որ պետական հանձնաժողովի որոշդրվագների գաղտնազերծելուց հետո պարզ է դարձել, որ այդ վերջին վարկածն ամբողջությամբ ճշմարտություն է։ Գագարինի ինքնաթիռի մոտ է գտնվել Սու-15 ինքնաթիռը, որը ֆորսաժային թռիչք էր կատարում իր էշելենում։ Այն 10-15 մետր հեռավորության վրա է գտնվել Գագարինի ու Սերյոգինի ինքնաթիռից։ Սու-15 կործանիչն անցնում էր գերձայնային արագությամբ, որի հետևանքով ՄիԳ-15ՈւՏԻ ինքնաթիռըն ընկնում է պտուտակաձև էջքի մեջ, որից օդաչուները չեն կարողանում դուրս գալ։
Որպես աշխարհում առաջին տիեզերագնաց ԽՍՀՄ կառավարությունից Յուրի Գագարինը ստացել է.
Խորհրդային կառավարությունը Գագարինի կոչումը միանգամից բարձրացրեց ավագ լեյտենանտից մայորի։
«Փոխգնդապետի» կոչմանը Յուրի Գագարինն արժանացավ 1962 թվականի հունիսի 12-ին, իսկ «գնդապետի» կոչմանը՝ 1963 թվականի նոյեմբերի 6-ին։
1966 թվականից Յուրի Գագարինը դարձել է Տիեզերագնացների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ։
Յուրի Գագարինը մի շարք քաղաքների պատվավոր քաղաքացի է.
Յուրի Գագարինին են շնորհվել Կահիրե և Ալեքսանդրիա (Եգիպտոս) քաղաքների դարպասների ոսկե բանալիները։
Յուրի Գագարինը կրոնական մոտեցումների մասին իր գրքում այսպես է արտահայտվել.
Կա նաև տեսակետ, որ Գագարինի կրոնական հայացքներն այլ էին։ Վալենտին Պետրովը, Ռուսաստանի տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնի աշխատակիցներից մեկը, «Ինտերֆաքս-ռելիգիա» թերթին հայտնում է, որ ինքը Գագարինի հետ այցելել է Տրոիցե-Սերգիյան մայրավանք.
ԽՍՀՄ փոստային նամականիշ (1976) | Յուրի Գագարինի 75-ամյակին նվիրված փոստային նամականիշ, ՌԴ, 2009 թիվ | Հոբելյանական հուշադրամ, 10 ռուբլի՝ նվիրված Գագարինի թռիչքի քառասունամյակին | Հոբելյանական պղնձենիկելային մետաղադրամ, 2 ռուբլի, 2001 թվական | Հոբելյանական ոսկեդրամ, 1000 ռուբլի, 2011 թվական։ Նվիրված է տիեզերք թռչելու հիսունամյակին |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Գագարին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Գագարին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 636)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Յուրի Գագարին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.