Ուղղաթիռ, ուղղաձիգ վերսլացք–վայրէջքով՝ օդից ծանր թռչող ապարատ, որի վերամբարձ ուժը և հորիզոնական ուղղությամբ քարշուժն ստեղծում են գրեթե հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող պտուտակները։ Ուղղաթիռի հնացած անվանումն է հելիկոպտեր։ Ուղղաթիռը կատարում է ուղղաձիգ վերսլացք առանց թափառքի և ուղղաձիգ վայրէջք առանց արգելակման ճանապարհ անցնելու, անշարժ «կախվում» է տրված բարձրության վրա և պտտվում ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Թռիչքի ընթացքում շարժիչի հարկադրական անջատման դեպքում ուղղաթիռը կարող է ճախրավայրէջք կատարել՝ օգտագործելով կրող պտուտակների ինքնապտույտ (ավտոռուոացիան)։ Թիակների շուրջը հոսքի խախտումը կանխելու և թռիչքի արագությունը մեծացնելու համար որոշ ուղղաթիռներին ավելացնում են մի փոքր թև։ Ըստ սկզբունքային սխեմաների ուղղաթիռները լինում են միապտուտակ, երկպտուտակ և բազմապտուտակ։ Դրանցից առավել տարածված են պոչային պտուտակով միապտուտակ (առանց թևի և թևով), երկպտուտակ համառանցք և երկայնական սխեմայով ուղղաթիռները։ Ցանկացած սխեմայի ուղղաթիռ բաղկացած է ճախրասավառնակից (ֆյուզելաժ, շասսի, կառավարման օրգաններ, էլեկտրա-, ռադիո- և նավարկության սարքավորում են), պտուտակային կրող համակարգից (կրող պտուտակներ), շարժիչային (ուժային) տեղակայանքից, փոխհաղորդակից։ Մեխանիկական հաղորդակով ուղղաթիռները բացի այդ, ունեն նաև պոչային պտուտակ և վերջինիս կառավարման համակարգ։ Ուղղաթիռը կարող է զարգացնել 350—370 կմ/Ժ արագություն։ Բեռնունակությունը 40 տ է, թռիչքի հեռավորությունը՝ 2000 կմ։ Ռուսաստանում ուղղաթիռի կառուցման առաջին փորձը կատարել է Ի․ Սիկորսկին։ 1908—1911-ին նա կառուցել է երկու ուղղաթիռ, որոնք, սակայն, չէին թռչում։ 1912-ին Բ․ Ցուրևը կառուցել է միապտուտակ սխեմայով հելիկոպտերի մոդելը իսկական չափերով, որը ցուցադրվել է Մոսկվայում Օդանավագնացության երկրորդ միջազգային, ցուցահանդեսում և արժանացել ոսկե մեդալի։ 1930-ին նա կառուցել է առաջին փորձարարական ուղղաթիռ, որով և հիմք է դրվել հայրենական ուղղաթիռաշինության զարգացմանը։ Ուղղաթիռների սերիական արտադրությունը ԽՍՀՄ-ում սկսվել է 1951-ին՝ Մի-1 եռատեղ ուղղաթիռի թողարկումով։ Ուղղաթիռաշինությունը առավել մեծ զարգացում է ստացել ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Ուղղաթիռները լայնորեն կիրառվում են ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ՝ գյուղատնտեսության, տրանսպորտային և ուղևորների փոխադրումների համար, երկրաբանահետախուզական աշխատանքների ժամանակ, շինարարության մեջ (ուղղաթիռ-կռունկ), փրկարարական աշխատանքների համար, ռազմական գործում և այլուր։ Ուղղաթիռները մտնում են բոլոր խոշոր պետությունների զինված ուժերի կազմի մեջ և կիրառվում ըստ դրանց նշանակման։ Ուղղաթիռ օգտագործում են նաև ականազերծման, տրալների և նավերի բուքսիրման, ծովում և ցամաքում փրկիչ գործողություններ կատարելու, հրամանատարության կապն ապահովելու համար, որպես օդային հրամանատարական կետեր ևն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ուղղաթիռ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.