Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան, փետրվարի 6 (18), 1877, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1956(1956-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Դերենիկ Դեմիրճյան | |
---|---|
Ծննդյան անուն | Դերենիկ Կարապետի Դեմիրճօղլյան |
Ծնվել է | փետրվարի 6 (18), 1877 |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1956 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, գրական քննադատ, թարգմանիչ, բանաստեղծ և դրամատուրգ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Ներսիսյան դպրոց (1898) և Ժնևի համալսարան (1910) |
Ուշագրավ աշխատանքներ | Վասակ, Քաջ Նազար, Երկիր հայրենի և Վարդանանք |
Անդամակցություն | Վերնատուն և ՀՀ ԳԱԱ |
Պարգևներ | |
Դերենիկ Դեմիրճյան Վիքիքաղվածքում | |
Դերենիկ Դեմիրճյան Վիքիդարանում | |
Derenik Demirchyan Վիքիպահեստում |
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900 թվականին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903 թվականին մեկնել է Մոսկվա։ 1905-1910 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։ Նրա հայրը՝ Կարապետ աղան, եղել է սնանկացած վաճառական։
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893 թվականին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ՝ բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899 թվականին, երկրորդը՝ 1913 թվականին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։
Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) ժողովածուն, որն ամփոփում է 1902-1919 թվականներին գրած քառյակները։
Մինչև 1919 թվականը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։
Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912) և «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։
Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923 թվականին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Հայ դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներից են «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934), «Կապուտան» (1938) պոեմները և «Երկիր հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայ պատմավիպագրության մեջ նոր որակ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949), «Հուշ-աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։
Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ–լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։
Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերենիկ Դեմիրճյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերենիկ Դեմիրճյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերենիկ Դեմիրճյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 340)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դերենիկ Դեմիրճյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.