Միգրեն

Միգրեն, առաջնային գլխացավ, որը բնորոշվում է պարբերաբար կրկնվող չափավորից մինչև ուժգին գլխացավերով։ Տիպիկ դեպքերում գլխացավը միակողմանի է, իր բնույթով բաբախող և տևում է 2-ից մինչև 72 ժամ։ Սրացումների ժամանակ կարող է դիտվել սրտխառնոց, փսխում, գերզգայնություն  լույսի, ձայնի և հոտերի նկատմամբ։ Ֆիզիկական ակտիվության ընթացքում, որպես կանոն, դիտվում է ցավի ուժեղացում։ Դեպքերի ամեն երրորդում դիտվում է աուրա, որը տիպիկ դեպքերում լինում է տեսողության խանգարման ձևով և հուշում է գլխացավի սկսման մասին։ Երբեմն, հնարավոր է աուրա առանց հաջորդող գլխացավի։

Միգրեն
Միգրեն
Միգրեն ունեցող հիվանդ
Տեսակհիվանդության կարգ
Պատճառանհայտ և Հոգեբանական սթրես
Հիվանդության ախտանշաններՍրտխառնոց, լուսավախություն, փսխում, գլխացավ և սրտխառնոց
Բուժաքննությունֆիզիկալ զննում և neuroimaging?
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-10G43.9
ԲուժումՑավազրկող դեղամիջոցներ, triptan?, Բետա ադրենապաշարիչներ, tricyclic antidepressant?, Հակադեպրեսանտներ, Հակացնցումային դեղեր, Բոտուլոտոքսին և մոնոկլոնալ հակամարմին
Միգրեն Migraine Վիքիպահեստում

Միգրենի պատճառը կապված է ինչպես գենետիկ այնպես էլ արտաքին միջավայրի գործոնների հետ։ Դեպքերի երկու երրորդը ընտանեկան դեպքեր են։ Հորմոնային փոփոխությունները նույնպես կարևոր են, մինչև սեռահասուն տարիքը միգրենը տղաների մոտ հանդիպում է մի փոքր ավելի հաճախ, իսկ հասուն տարիքում 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ։ Որպես կանոն հղիության ընթացքում միգրենի ռիսկը նվազում է։ Այս երևույթի մեխանիզմը հայտնի չէ։ Գոյություն ունի վարկած, համաձայն, որի այն պայմանավորված է հղիության ընթացքում գանգուղեղային նյարդերում և անոթներում տեղի ունեցող որոշակի փոփոխություններով։

Բուժումը խորհուրդ է տրվում սկսել հասարակ ցավազրկողներով, ինչպիսիք են իբուպրոֆենը և պարացետամոլը, սրտխառնոցը ընկճող դեղորայքներով և խուսափել գլխացավը հրահրող գործոններից։ Հատուկ դեղամիջոցները, ինչպիսիք են տրիպտաները և էրգոտամինը կիրառվում են հասարակ ցավազրկողների անարդյունավետության դեպքում։ Կոֆեին նույնպես կարելի է կիրառել։ Որոշ դեղամիջոցներ՝ մետոպրոլոլ, վալպրոատ և տոպիրամատ արդյունավետորեն կանխում են գրոհները։

Ամբողջ աշխարհում միգրենի տարածվածությունը կազմում է 15%։ Հաճախ այն սկսվում է պատանեկան տարիքում և հետագայում խորանում։ Կանանց մոտ որոշ  դեպքերում դաշտանադադարից հետո դիտվում է միգրենի հաճախականության նվազում։ 2016 թվականի տվյալներով միգրենը անաշխատունակության ամենատարածված պատճառներից է։ Միգրենը նկարագրվել է դեռևս մ.թ.ա 1500 թվականին Եգիպտական պապիրուսներում։ Միգրեն բառը ծագում է հունարեն ἡμικρανία (hemikrania) բառից, որը նշանակում է միակողմանի գլխացավ, ἡμι- (hemi-)՝ կես և κρανίον (kranion)՝ գանգ։

Նշաններ և ախտանիշներ

Միգրենը բնորոշվում է պարբերաբար կրկնվող ուժեղ գլխացավերով, որը զուգորդվում է վեգետատիվ ախտանիշներով։ Միգրեն ունեցող մարդիկ 15-30% դեպքերում նշում են աուրա, աուրա ունեցող հիվանդերը կարող են ունենալ գլխացավ նաև առանց աուրա։ Ցավի ուժգնությունը, տևողությունը և հաճախականությունը կարող է լինել տարբեր։ Միգրենը, որը տևում է 72 ժամից ավելի, բնորոշվում է որպես միգրենոզ վիճակ(status migrainosus): Գոյություն ունի միգրենի 4 հնարավոր փուլ, սակայն առանձին դեպքերում բոլոր փուլերի առկայությունը պարտադիր չէ։

  • Նախանշանային փուլ, որը լինում է գլխացավից ժամեր կամ օրեր առաջ
  • Աուրա, որը նախորդում է գլխացավին
  • Ցավի փուլ, որը գլխացավի ժամանակահատվածն է
  • Հետնշանային փուլ, որը լինում է գլխացավից հետո

Միգրենը կապված է դեպրեսիայի, երկբևեռ աֆեկտիվ և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների հետ։ Այս հոգեբուժական խանգարումները 2-5 անգամ ավելի հաճախ են հանդիպում առնաց աուրա միգրենի և 3-10 անգամ աուրայով միգրենի դեպքում։

Նախանշանային փուլ

Նախանշանային փուլը կամ նախազգուշացնող ախտանիշների փուլը միգրենի դեպքում հանդիպում են 60% հաճախականությամբ այն, որպես կանոն, լինում է գլխացավից առաջ 2 ժամից մինչև 2 օրվա ընթացքում։ Այս ախտանիշները լինում են տարբեր երևույթների ձևով, ներառյալ` տրամադրության փոփոխություն, գրգռվածություն, դեպրեսիա կամ էյֆորիա, հոգնածություն, տենչ որոշակի սննդամթերքի հանդեպ, մկանային կարկամություն հատկապես պարանոցի շիջանում, փորկապություն կամ փորլուծություն, գերզգայնություն ձայների և հոտերի նկատմամբ։ Այս ախտանիշները լինում են ինչպես աուրայով միգրենի այնպես էլ առանց աուրա միգրենի դեպքում։

Աուրայի փուլ

Միգրեն  Միգրեն 
Միգրեն  Միգրեն 

Աուրան անցողիկ նյարդաբանական երևույթ է, որը լինում է գլխացավից առաջ կամ ընթացքում։ Աուրան սկսվում է աստիճանաբար րոպեների ընթացքում և որպես կանոն, տևում է առավելագույնը 60 րոպե։ Ախտանիշները կարող են լինել տեսողական, զգացողական կամ շարժողական, երբեմ լինում է մի քանի ախտանիշների զուգակվում։ Տեսողական ախտանիշները ամենատարածվածն են, հաճախականությունը կազմում է մինչ 99% և այդ դեպքերի կեսից ավելին չի ուղեկցվում այլ ախտանիշներով։

Տեսողական ախտանիշները հաճախ լինում են առկայծող սկոտոմայի ձևով (բնորոշվում է որպես տեսողական դաշտի մի մասի մթագնում առկայծող լույսի նման, որը կարող է խանգարել է կարդալուն կամ մեքենա վարելուն) որը հաճախ սկսվում է տեսադաշտի կենտրոնից հետագայում զիգզագաձև շարժվելով դեպքի ծայրամաս, այն հիվանդներ կողմից նկարագրվում է որպես ամրոցի պատ։ Այս գծերը, որպես կանոն սև և սպիտակ են, սակայն նկարագրված են նաև գունավոր դեպքեր։ Որոշ մարդկանց մոտ դիտվում է ժամանակավորապես  տեսադաշտի մի կեսի մթագնում, որը կոչվում է հեմիանոպսիա, մեկ այլ դեպքում մշուշոտ տեսողության։

Զգացողական աուրան հաճախականությամբ երկրորդն է, հանդիպում է աուրայով միգրենի 30-40% դեպքերում։ Այն հաճախ նկարագրվում է որպես միակողմանի ծակծկոցի զգացողություն, որը սկսվում է գլխի և մերին վերջույթի շրջանից և տարածվում դեպի նույն կողմի քիթ-շրթունքային տարածություն։ Ծակծկոցի զգացողությանը, որպես կանոն, հաջորդում է թմրածությունը և երբեմ խորանիստ զգացողության կորուստը։ Աուրայի փուլում կարող է լինել նաև այլ ախտանիշներ ներառյալ՝ խոսքի խանգարում, գլխապտույտ և ավելի հազվադեպ շարժողական խանգարումներ։ Շարժողական խանգարումները վկայում են հեմիպլեգիկ միգրենի մասին, ի տարբերություն աուրայի մյուս տեսակների այս դեպքում այն կարող է տևել 1 ժամ և ավել ի։ Նկարագրված են լսողական հալյուցինացիաների և զառանցանքի դեպքեր։

Ցավի փուլ

Տիպիկ դեպքերում գլխացավը միակողմանի է, իր բնույթով բաբախող, ցավը լինում է չափավորից մինչև խիստ արտահայտված։ Սովորաբար գլխացավը առաջանում է աստիճանաբար և սաստկանում ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Ավելի քան 40% դեպքերում ցավը կարող է լինել երկկողմանի և զուգորդվել պարանոցի շրջանի ցավոտությամբ։ Երկկողմանի գլխացավը ավելի հաճախ հանդիպում է առանց աուրա միգրենի դեպքում։ Հազվադեպ դեպքերում ցավը սկսվում է թիկունքից կամ գլխի գագաթային շրջանից։ Մեծահասակների մոտ ցավը տևում է 4-ից 72 ժամ, սակայն երեխաների մոտ կարող է տևել մինչը 1 ժամ։ Նոպաների հաճախականությունը տարբեր է, ամբողջ կյանքի ընթացքում հազվադեպ հանդիպող նոպաններից մինչը մի քանի նոպա 1 շաբաթվա ընթացքում, միջինում նոպաները լինում են ամիսը 1 անգամ։

Ցավը հաճախ զուգորդվում է սրտխառնոցի, փսխման, գրգռվածության, հոգնածության և լույսի, ձայնի, հոտերի նկատմամբ գերզգայնությամբ։ Գոյություն ունի միգրենի հազվադեպ հանդիպող տեսակ՝ բազիլյար միգրեն, որը արտահայտվում է ուղեղաբնային երկկողմանի տարբեր նյարդաբանական ախտանիշներով, հաճախ ներառելով գլխապտույտ և շփոթություն։ Սրտխառնոցը հանդիպում է 90% հաճախականությամբ, իսկ փսխումը լինում է ամեն երրորդ դեպքում։ Ախտանիշները կարող են անհետանալ մութ և անաղմուկ սենյակում։ Այլ ախտանիշները ներառում են՝ մշուշոտ տեսողություն, քթից արտադրություն, փորլուծություն, հաճախամիզություն, գունատություն և գերքրտնարտադրություն։ Կարող է նկատվել գլխամաշկի այտուցվածություն, ցավոտություն, պարանոցի մկանների կարկամություն։ Այս ախտանիշները ծերունական հասակում ավելի հազվադեպ են։

Երբեմն, նկատվում է աուրա, որին չի հաջորդում գլխացավ այս երևույթը հայտնի է որպես ացեֆալգիկ միգրեն կամ «լուռ միգրեն», ացեֆալգիկ միգրեն ունեցողները գլխացավի բացակայության պատճառով չեն դիմում բժշկի, ուստի նման դեպքերի տարածվածությունը դժվար է գնահատել։

Հետնշանային փուլ

Հետնշանային փուլը իր մեջ ներառում է նոր ախտանիշների համակցություն, որը ի հայտ է գալիս միգրենոզ գլխացավից անմիջապես հետո։ Այդ դեպքում նկատվում է տարած գլխացավի հատվածում գերզգայնություն, գլխամաշկի ցավ, մտածողության խանգարում, գերհոգնածություն, ճանաչողական դժվարություններ, ստամոքսաղիքային խանգարումներ, տրամադրության փոփոխություն և թուլություն։ Համաձայն մի հոդվածի «Որոշ մարդիկ գրոհներից հետո զգում են անսովոր առույգություն, էյֆորիա, մինչդեռ մյուսները դեպրեսիա և հոգնածություն»։ Անհատական դեպքերում այս զգացողությունները կարող են գրոհից գրոհ փոխարինել մեկը մյուսին։

Պատճառագիտություն

Միգրենի պատճառը հայտնի չէ։ Գոյություն ունի կարծիք համաձայն, որի այն կապված է ինչպես գենետիկ այնպես էլ արտաքին միջավայրի գործոնների հետ։ Դեպքերի երկու երրորդը ընտանեկան դեպքեր են, հազվադեպ հանդիպում է միագենային մուտացիա։ Համարվում էր որ միգրենը ավելի հաճախ է հանդիպում բարձր ինտելեկտով անձանց մոտ, սակայն այս վարակածը այժմ հերքվում է։ Որոշ հոգեբուժական հիվանդություններ մասնավորապես՝ դեպրեսիան, տագնապային խանգարումները և երկբևեռ աֆեկտիվ խանգարումները, ինչպես նաև մի շարք կենսաբանական գործընթացներ և տրիգերներ կապված են միգրենի հետ։

Գենետիկա

Երկվորյակների վրա կատարված հետազոտությունները փաստում են 34-51% դեպքերում միգրենը ունի գենետիկական պատճառներ։ Աուրայով միգրենը ավելի հաճախ է պայմանավորված գենետիկական գործոններով ի համեմատ առանց աուրա միգրենի։ Հայտնաբերվել են որոշ գեներ, որոնք այն կամ այն չափով բարձրացնում են միգրենի հաճախականությունը։

Մոնոգենային մուտացիաները որոն առաջացնում են միգրեն հանդիպում են բավականին հազվադեպ։ Դրանցից է «ընտանեկան հեմիպլեգիկ միգրենը», որը աուրայով միգրենի տեսակ է և ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ եղանակով։ Ընտանեկան հեմիպլեգիկ միգրենի հետ կապված են չորս գեներ։ Նրանցից երեքը կոդավորում են երկաթի տրանսպորտը, իսկ չորորդը ակսոնալ սպիտակուցի, որը մասնակցում է էկզոցիտոզի համալիրի  ձևավորմանը։ Այլ գենետիկական խանգարումներ՝ CADASIL համախտանիշ, ուղեղային աուտոսոմ դոմինանտ արտերիոպաթիա և լեյկոէնցեֆալոպաթիան նույնպես կապված են միգրենի հետ։ Համաձայն մեկ մետա-անալիզային հետազոտության, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պոլիմորֆիզմը ունի որոշակի պաշտպանիչ նշանակություն։ TRPM8 գենը, որը կոդավորում է կատիոնային անցուղիներ նույնպես կապված է միգրենի հետ։

Տրիգերներ

Միգրենը կարող է հրահրվել որոշակի տրիգերներից, հետազոտությունների մի մասը պնդում է, որ գրանցված դեպքերը հիմնականում կապված են տրիգերների հետ, սակայն կան հետազոտություններ, որոնք պնդում են հակառակը։ Տրիգեր կարող են համարվել հոգնածությունը, որոշ սննդամթերքները և եղանակային տատանումները, այնուամենայնիվ այս երևույթների և միգրենի միջև եղած կապը կարիք ունի հետագա հետազոտությունների։ Շատ մարդիկ ովքեր ունեն միգրեն նշում են իրենց համար յուրահատուկ տրիգերի մասին։ Ախտանիշները սկսվում են որպես կանոն տրիգերից հետո 24 ժամվա ընթացքում։

Հոգեբանական գործոններ

Հաճախ որպես տրիգեր նշվում է սթրեսը, քաղցը, հոգնածությունը(այս երևույթները հաճախ նշվում են նաև լարվածության գլխացավի դեպքում)։ Հոգեբանական սթրեսը նշվում է 50-80% դեպքերում։ Միգրենը կապված է նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և բռնությունների հետ։ Դաշտանի ընթացքում միգրենի հավանականությունը բարձրանում է։ Այլ հորմոնալ ազդեցությունները ինչպիսիք են՝ մենարխեն, հորմոնային հակաբեղմնավորիչները, հղիությունը, դաշտանադադարը նույնպես ունեն որոշակի ազդեցություն։ Հորմոնային ազդեցությունը, հատկապես արտահատված է առանց աուրայի միգրենի դեպքում։ Տիպիկ դեպքերում հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում, ինչպես նաև դաշտանադադարից հետո։

Սննդային գործոններ

Որոշակի սննդամթերքը որպես տրիգեր նշվում է 12-60% դեպքերում։ Առանձին դեպքերում դժվար է հաստատել կամ հերքել այս կամ այն տրիգերի առկայությունը, այն հիմնվում է անամնեզի տվյալների հիման վրա։ Դժվար է բացատրել թե այս կամ այն սննդանյութը ինչ մեխանիզմով է հրահրում միգրենի գրոհներ։

Թիրամինի ազդեցությունը այս դեպքում ապացուցված չէ, նույնը վերաբերում է նատրիումի գլուտամատին։

Միջավայրային գործոններ

Արտաքին և ներքին միջավայրային գործոնների տվյալները բավարար չեն վերջնական եզրակացությունների համար։ Այնուամենայնիվ որոշ մարդիկ դիմում են կանխարգելիչ որոշակի գործողությունների հետևելով բնակարանային օդի մաքրությանը և լուսավորությանը։

Ախտաբանական ֆիզիոլոգիա

Միգրեն 
Կեղևային տարածվող վերաբևեռացում:

Ըստ ընդունված կարծիքի միգրենը նյարդաանոթային ախտաբանություն է, որը ժամանակ պրոցեսը սկսվում է գլխուղեղում հետագայում ընդգրկելով անոթային համակարգը։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ առաջնային դեր ունի նյարդային համակարգը, որոշները գտնում են, որ ախտահարման հիմնական դերը պատկանում է անոթային համակարգին։ Մեկ այլ վարկածի համաձայն միգրենը պայմանավորված է գլխուղեղի կեղևային շերտի դրդունակության բարձրացմամբ, որի հետևանքով տրիգեմինալ կորիզում խախտվում է ցավազգաց նեյրոնների ֆունկցիան։ Սերոտոնինի (որը հայտնի է նաև որպես 5-հիդրօքսիթիրամին) ցածր մակարդը նույնպես կապված է միգրենի հետ։

Աուրա

Համաձայն Բրազիլիացի կենսաբան Արիստիդ Լեանի աուրայով միգրենի դեպքում կեղևային իներտության շրջանին հաջորդում է կեղևային տարածվող վերաբևեռացումը, որի հետևանքով առաջանում է աուրա։ Այս երևույթը բացատրվում է տարբեր ձևերով, ներառյալ NMDA ընկալիչների ակտիվացմամբ, որը հետևանքով կալցիումի իոնները անցնում են բջջի ներս, այս ամենի հետևանքով  2-6 ժամով նվազում է գլխուղեղի կեղևային շերտի արյունամատակարարումը։ Երբ վերաբևեռացումը հասնում է գլխուղեղի հիմային հատվածներ, այնտեղ գրգռվում են գլխի և պարանոցի ցավազգայնության համար պատասխանատու նեյրոնները։

Ցավ

Ցավի առաջացման հստակ մեխանիզմը դեռևս մնում է անհայտ։ Ըստ որոշ տվյալների ցավը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի որոշ բաժիններով (մասնավորապես ՝ ուղեղաբուն և միջանկյալ ուղեղ), մեկ այլ տվյալների համաձայն ցավը պայմանավորված է ծայրամասային նյարդային համակարգով, մասնավորապես գլխի և պարանոցի անոթային համակարգը նյարդավորող նեյրոնների ակտիվացմամբ։ Այդ անոթները կարող են լինել կարծրենու, ոստայնենու, ինչպես նաև արտագանգային գլխամաշկի անոթները։ Համաձայն այս տեսության մեծ նշանակություն ունի հատկապես արտագանգային անոթալայնացումը։

Ախտորոշում

Միգրենը ախտորոշվում է հիմք ընդունելով ախտանիշները։ Ճառագայթային հետազոտությունները պարտադիր չեն, սակայն նրանք օգնում են հայտնաբերել գլխացավի այլ հնարավոր պատճառերը, երբ միգրենի ախտորոշումը հստակ չէ։ Համարվում է, որ մեծ թվով մարդիկ ովքեր ունեն միգրեն, այդպես էլ չեն ախտորոշվում։

Առանց աուրա միգրենի ախտորոշումը հիմնված է Միջազգային Գլխացավի Ասոցիացիայի կողմից մշակված 5, 4, 3, 2, 1 չափանիշների հիման վրա։

  • Հինգ կամ ավել գրոհ առանց աուրա, աուրայի առկայության դեպքում բավական է 2 գրոհ
  • 4 ժամից մինչև 3 օր տևողություն
  • Նշվածներից երկու և ավելի
    • միակողմանի
    • բաբախող
    • չափավոր կամ սաստիկ գլխացավ
    • առաջանում կամ սաստկանում է ֆիզիկական ակտիվությունից
  • Նշվածներից մեկ և ավելի
    • սրտխառնոց և/կամ փսխում
    • գերզգայնություն լույսի և ձայնի նկատմամբ

Եթե անձի մոտ միաժամանակ առկա է լուսավախություն, սրտխառնոց կամ 1 օր տևող անաշխատունակություն, ապա ախտորոշումը ավելի հավանական է։ Այն անձիք ովքեր ունեն չորսը նշված հինգից՝ բաբախող գլխացավ, 4-72 ժամ տևողություն, ցավ միայն մեկ կողմում, սրտխառնոց և ախտանիշ, որը վատացնում է կյանքի որակը, ապա միգրենի հավանականությունը կազմում է 92%։ Եթե առկա է վերը նշվածներից երեքը կամ ավելի քիչ, ապա հավանականությունը կազմում է ընդամենը 17%։

Դասակարգում

Միգրենը առաջին անգամ դասակարգվել է 1988 թվականին։ Գլխացավի Միջազգային Ասոցիացիան 2004 թվականին վերանայեց այդ դասակարգումը։ 2016 թվականի դրությամբ երրորդ վերանայումը դեռ ընթացքի մեջ է։ Համաձայն վերջին դասակարգման միգրենը, լարվածության և փնջային գլխացավերի հետ միասին համարվում է առաջնային գլխացավ։

Միգրենը բաժանվում է դասերի (որոշ դասեր ունեն նաև իրեն ենթադասերը)

  • Առանց աուրա միգրեն կամ «հասարակ միգրեն» դա միգրենով պայմանավորված գլխացավն է, որը չի ուղեկցվում աուրայով
  • Աուրայով միգրեն կամ «դասական միգրեն», դա միգրենով պայմանավորված գլխացավն է, որը ուղեկցվում է աուրայով։ Հազվադեպ հնարավոր է աուրա առանց գլխացավի կամ աուրա, որին հաջորդում է ոչ միգրենոզ գլխացավ։ Երկու այլ տարբերակներն են ընտանեկան հեմիպլեգիկ միգրենը և սպորադիկ հեմիպլեգիկ միգրենը, որի դեպքում աուրայով միգրենին զուգորդում է շարժողական խանգարումը։ Եթե դեպքերը գրանցվում են երկու ազգակիցների մոտ, ապա այն համարվում է «ընտանեկան», հակառակ դեպքում «սպորադիկ»։ Մեկ այլ տարբերակ է բազիլյար միգրենը, որի դեպքում աուրայով միգրենին զուգորդվում է խոսքի խանգարմամբ, գլխապտույտով, աղմուկ ականջներում և այլ ուղողաբնային ախտանիշներով առանց շարժողական խանգարման։ Համարվում էր որ այս տարբերակի պատճառը ուղեղաբունը անոթավորող բազիլյար զարկերակի սպազմն է։ Այժմ այս վարկածը ընդունելի չէ և հաճախ կիրառվում է «միգրեն ուղեղաբնային աուրայով» տերմինը։
  • Մանկական ցիկլային համախտանիշների հետ զուգակված միգրեն, որոնք ներառում են պարբերական փսխումային համախտանիշը(որի դեպքում պարբերաբար լինում են անզուսպ փսխումային նոպաներ), որովայնային միգրեն(սրտխառնոց և ցավ որովայնում), մանկական բարորակ պարոքսիմալ գլխապտույտ(պարբերաբար առաջացող գլխապտույտ)
  • Ռետինալ միգրենը, որը ներառում է միգրեն, որին ուղեկցում է տեսողական խանգարումները, երբեմն, նույնիսկ միակողմանի անցողիկ կուրություն։
  • Բարդացած միգրեն, որի դեպքում աուրան և/կամ գլխացավը լինում է ոչ սովորական հաճախ և երկարաժամկետ կամ երբ միգրենը ուղեկցվում է ցնցումներով և ուղեղաբնի ախտահարմամբ։
  • Հավանական միգրեն, երբ առկա է միգրենին բնորոշ ախտանիշներ, սակայն այն բավարար չէ վերջնական ախտորոշման համար(հաճախ լինում է դեղեր չարաշահման դեպքում)
  • Քրոնիկական միգրեն, համարվում է միգրենի բարդություն, այս դեպքում գլխացավը լինում է ամիսը 15օր և ավելի իսկ տևողությունը 3 ամիս և ավել։

Որովայնային միգրեն

Որովայնային միգրեն ախտորոշումը վիճելի է։ Ըստ որոշ տվյալների պարբերաբար կրկնվող որովայնային ցավը, որը չի ուղեկցվում գլխացավով կարող է պայմանավորված լինել միգրենով կամ նախորդել միգրենին։ Այդ ցավային դրվագներին կարող են հաջորդել միգրենին բնորոշ նախանշաններ, սակայն հնարավոր է նաև առանց նախանշանների և այն, որպես կանոն, տևում է մինչև 1 ժամ։ Որովայնային միգրենը հաճախ է հանդիպում անձանց մոտ ովքեր ունեն միգրենի ժառանգական նախատրամադրություն։ Միգրենին կարող են նախորդել նաև պարբերական փսխումային համախտանիշը և մանկական բարորակ պարոքսիմալ գլխապտույտը։

Տարբերակիչ ախտորոշում

Միգրենի նման գլխացավ կարող են առաջացնել քունքային արտերիտը, փնջային գլխացավը, սուր գլաուկոման, մենինգիտը, ենթաոստայնային արյունազեղումը։ Քունքային արտերիտը, որպես կանեն հանդիպում է 50-ից բարձր տարիքի անձանց մոտ, այն բնորոշվում է քունքային շրջանում ցավոտությամբ, փնջային գլխացավին բնորոշ է միակողմանի քթահոսություն, արցունքահոսությունը և սաստիկ ցավը ակնակապճի շիջանում, սուր գլաուկոման կապված է տեսողության վատթարացման, մենինգիտի և տենդի հետ, իսկ ենթաոստայնային արյունազեղմանը բնորոշ է ախտանիշների կտրուկ զարգացումը։ Լարվածության գլխացավը հաճախ երկկողմանի է, բաբախող չէ և ցավը լինում է համեմատաբար քիչ անհանգստացնող։

Կայուն գլխացավով այն անձիք ովքեր համապատասխանում են միգրենի ախտորոշման չափանիշներին, կարիք չունեն հավելյալ ճառագայթային ախտորոշման։ Այն պահանջվում է այլ ախտանիշների առկայության պարագայում օրինակ ՝տեսողական սկավառակի այտուցի դեպքում։ Միգրենը չի բարձրացնում գլխացավի այլ հնարավոր պատճառների հավանականությունը։

Կանխարգելում

Միգրենի կանխարգելիչ բուժումը կատարվում է դեղորայքի, սննդային հավելումների, ապրելակերպի փոփոխության և վիրահատության միջոցով։ Կանխարգելիչ միջոցառումներ խորհուրդ է տրվում այն անձանց ովքեր ունեն գլխացավ շաբաթը 2 օր և ավելի, ունեն դեղորայքային անհանդուրժողականություն կամ սաստիկ գլխացավեր, որոնք դժվար են ենթարկվում բուժմանը։

Բուժման նպատակ է նվազեցնել գլխացավի հաճախականությունը, տևողությունը, ուժգնությունը, բարձրացնել աբորտիվ թերապիայի արդյունավետությունը։ Կանխարգելման մեկ այլ կարևոր նպատակն է խուսափել ցավազրկողնրից չարաշահումից առաջացած գլխացավից։ Այն տարածված կողմնակի ազդեցություն է, որը կարող է պատճառ դառնալ քրոնիկական ամենօրյա գլխացավի։

Դեղորայք

Միգրենի դեղորայքային կանխարգելումը համարվում է արդյունավետ, եթե բուժման արդյունքում նկատվում է գլխացավի հաճախականության և ուժգնության նվազում ավելի քան 50%-ով։ Ըստ ժամանակակից ուղեցույցների ամենաբարձր արդյունավետություն և, ըստ այդմ, առաջին շարքի դեղորայք են համարվում տոպիրամատը, դիվալպրոեքս/ նատրիումի վալպրոատը, պրոպրանոլոլը և մետոպրոլոլը։ Գաբապենտինի և պրեգաբալինի արդյունավետության մասին տվյալները տարբեր են։ Թիմոլոլը նույնպես արդյունավետ է միգրենի կանխարգելման համար, այն նվազեցնում է գլխացավի հաճախականությունը և ուժգնությունը, իսկ  ֆրովատրիպտանը արդյունավետ է մենստրուալ միգրենի դեպքում։ Նախնական հետազոտությունները փաստում են մագնեզիումի արդյունավետության մասին։ Սննդակարգում մագնեզիումի քանակի բարձրացումը նախընտրելի է։

Կան տվյալներ ամիտրիպտիլինի և վենլաֆաքսինի արդյունավետության մասին։ Անգիոտենզինի արգելակումը անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչների կամ անգիոտենզին 2 ընկալիչների ինհիբիտորների միջոցով նվազեցնում է գլխացավի հաճախականությունը։

Այլընտրանքային բուժում

Ասեղնաբուժությունը որոշ չափով նվազեցնում է գլխացավի հաճախականությունը, «իսկական» ասեղնաբուժությունը «կեղծ» ասեղնաբուժության համեմատ, որի դեպքում ասեղները տեղադրվում են պատահականորեն և առանց մաշկը վնասելու, ցուցաբերել է ցածր արդյունավետություն։ Հավանաբար, այս երկու տարբերակները ունեն նույն արդյունավետությունը, ունեն քիչ կողմնակի ազդեցություններ, սակայն նրանց երկարատև կիրառման մասին տվյալները բացակայում են։ Կիրոպաթիկ միջամտությունը, ֆիզիոթերապիան, մերսումը և հանգիստը միգրենի կանխարգելման հարցում հնարավոր է ունեն նույն արդյունավետությունը ինչ պրոպանոլոլը և տոպիրամատը, սակայն այս ուղղությամբ կատարված հետազոտությունները ունեն մեթոդաբանական որոշ խնդիրներ։ Ողնաշարային մանիպուլյացիաների արդյունավետության վերաբերյալ ապացուցողական տվյալները բացակայում են։

Որոշ տվյալներ փաստում են սթրեսը նվազեցնող միջոցառումների արդյունավետության մասին. դրանք են՝ կոգնիտիվ-վարքային թերապիան, կենսաբանական հետադարձ կապի թերապիան և հանգիստը։ Այլընտրանքային դեղորայքներից առավել հաստատված արդյունավետություն ունի հազիդեղը (butterbur): Որպես կանխարգելիչ և բուժական միջոց ոչ շատ բարձր արդյունավետություն ունի մելատոնինը։ Մելատոնինի վերաբերյալ կատարված հետազոտությունները հակասական են, ըստ որոշ տվյալների այն արդյունավետ չէ։ Այս հակասությունների պատճառը հայտնի չէ, հնարավոր է, որ այն պայմանավորված է հետազոտությունների մեթոդաբանության և կիրառված դեղաչափերի  առանձնահատկություններով։ Մելատոնինի ազդեցության մեխանիզմը բացահայտված չէ, հավանաբար նրա ազդեցությունը պայմանավորված է բարելավված քնով, մելատոնինի ընկալիչների վրա անմիջական ազդեցությամբ կամ հակաբորբոքային հատկություններով։

Սարքեր և վիրահատություն

Բժշկական սարքավորումները, որոնք ապահովում են կենսաբանական հետադարձ կապ կամ նեյրոխթանում, ունեն որոշակի կանխարգելիչ նշանակություն, հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեն դեղորայքային հակացուցումներ կամ դեղորայքի չարաշահում։ Կենսաբանական հետադարձ կապը օգնում է բացահայտել որոշ ֆիզիոլոգիական պարամետրեր, հնարավորություն տալով հետագայում շտկել այդ տվյալները և կանխարգելեր միգրենը։ Նեյրոխթանումը կատարվում է ինվազիվ և ոչ ինվազիվ նեյրոխթանիչներով, այնպես, ինչպես սրտի արհեստական ռիթմավարը, այն կիրառվում է ծանր քրոնիկ ընթացքի դեպքում։ ԱՄՆ-ում հաստատված է համարվում էլեկտրոմիոստիմուլացիայի և ներգանգային մագնիսական խթանման արդյունավետությունը։ Վիրահատությունը, որը կատարվում է գլխի և պարանոցի որոշ նյարդերի դեկոմպրեսիայի նպատակով, կիրառվում է այն դեպքում, երբ դեղորայքային բուժումը անարդյունավետ է։

Բուժում

Միգրենի բուժումը բաժանվում է երեք ուղղությունների՝ տրիգերներից խուսափում, սուր գրոհների վարում և կանխարգելում։ Դեղորայքը առավել արդյունավետ է, երբ կիրառվում է գլխացավի գրոհների սկզբում։ Դեղորայքի չարաշահումը կարող է պատճառ դառնալ գլխացավի, որը դեպքում գլխացավը դառնում է ավելի հաճախակի և սաստիկ։ Այն կարող է լինել տրիպտաների, էրգոտամինի, որոշ ցավազրկողների հատկապես՝ օփիոիդներ չարաշահումից։ Հաշվի առնելով այս հանգամանքը խորհուրդ է տրվում ցավազրկողները կիրառել շաբաթը երեք անգամ ամենաշատը։

Ցավազրկողներ

Թեթև և միջին ծանրության դեպքերում բուժումը խորհուրդ է տրվում սկսել հասարակ ցավազրկողներով, ինչպիսիք են՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ) կամ կոմբինացված պարացետամոլ, ասպիրին և կոֆեին։ Ապացուցողական տվյալներ կան որոշ ՈՍՀԲԴ-ների մասնավորապես դիկլոֆենակի և իբուպրոֆենի արդյունավետության մասին։ Ասպիրինը ցավը մեղմում է նույն արդյունավետությամբ ինչ սումատրիպտանը։ Կետորոլակը ներմուծվում է ներերակային ճանապարհով։

Պարացետամոլը առանձին կամ կոմբինացված մետոկլոպրամիդի հետ մեկ այլ անվտանգ և արդյունավետ բուժման տարբերակ է։ Առանձին ներերակային մետոկլոպրամիդի ներմուծումը նույնպես արդյունավետ է։ Հղիության դեպքում պարացետամոլը և մետոկլոպրամիդը, այնպես, ինչպես ՈՍՀԲԴ-ները մինչև հղիության 3-րդ եռամսյակը համարվում են անվտանգ։

Տրիպտաներ

Տրիպտաները, ինչպիսին է օրինակ սումատրիպտանը, ավելի քան 75% դեպքերում արդյունավետ է ինչպես գլխացավի այնպես էլ սրտխառնոցի համար։ Սումատրիպտանի և նապրոքսենի կոմբինացիան ավելի արդյունավետ է։ Այս համակցությունը խորհուրդ է տրվում կիրառել  չափավորից մինչև սաստիկ ցավերի դեպքում կամ այն դեպքում, երբ ցավերը մեղմ են, սակայն չեն պատասխանում հասարակ ցավազրկողներին։ Հասանելի է ներմուծման տարբեր եղանակներ բերանացի, ներարկման, քթային ցողացիր և բերանացի լուծող հաբերների տեսքով։ Ընդհանուր առմամբ բոլոր տրիպտաները ունեն նույն արդյունավետությունը և նմանատիպ կողմնակի ազդեցություններ։ Սակայն տարբեր անձինք հնարավոր է բուժման լավ արդյունքներ գրանցեն կոնկրետ մի տեսակից։ Որպես կանոն կողմնակի ազդեցությունները մեղմ են, ինչպես օրինակ դեմքի գերարյունությունը, սակայն հազվադեպ բուժումը պատճառ է դառնում սրտամկանի թթվածնաքաղցի։ Այդ իսկ պատճառով այն խորհուրդ չի տրվում այն սիրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց, ովքեր ունեցել են ինսուլտ կամ միգրենը ուղեկցվում է այլ նյարդաբանական ախտանիշներով։ Տրիպտաները պետք է զգուշությամբ նշանակվեն այն անձանց ովքեր ունեն ռիսկի գործոններ կապված սիրտանոթային հիվանդությունների հետ։ Պատմականորեն խորհուրդ չի տրվում այն կիրառել բազիլյար միգրենի դեպքում, չնայած նրանց կիրառման վնասակարության մասին չկան ապացուցված տվյալներ։ Այս դեղերը կախվածություն չեն առաջացնում, սակայն ամիսը ավելի քան 10 օր օգտագործելու դեպքում կարող են պատճառ դառնալ չարաշահման գլխացավի։

Էրգոտամին

Էրգոտամինը և դիհիդրոէրգոտամինը երկար տարիներ կիրառվող պրեպարատներ են, որոնք այժմ էլ արդյունավետ կիրառվում են, վերջինս հասանելի է ներարկման և քթային ցողացրի ձևով։ Այս պրեպարատները ունեն նույն արդյունավետությունը ինչ տրիպտաները, իսկ կողմնակի ազդեցությունները, որպես կանոն, բարորակ են։ Ծանր դեպքերում, ինչպես օրինակ, միգրենոզ ստատուսի դեպքում այս դեղերը համարվում են ամենաարդյունավետը։ Դրանք, երբեմն, առաջացնում են անոթասպազմ և հակացուցված են սրտի իշեմիկ հիվանդության դեպքում։

Այլ

Ներերակային մետոկլոպրամիդը, ներերակային պրոքլորպերազինը կամ ներքթային լիդոկաինը համարվում են բուժման այլընտրանքային տարբերակներ։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում մետոկլոպրամիդը և պրոքլորպերազիը համարվում են ընտրության դեղամիջոց։ Այստեղ հալոպերիդոլը նույնպես կարող է օգտակար լինել։ Միանվագ ներերակային դեքսամտազոնի նշանակումը ի հավելումս ստանդարտ բուժման առաջիկա 72 ժամում  գլխացավի կրկնման հավանականությունը նվազենում է 26%-ով։ Ողնաշարային մանիպուլյացիաների արդյունավետության վերաբերյալ ապացուցողական տվյալները բացակայում են։ Օփիոիդների և բարբիտուրատների օգտագործումը այժմ նպատակահարմար չէ, պայմանավորված նրանց կասկածելի արդյունավետության, կախվածության առաջացման և գլխացավի կրկնությամբ։

Երեխաներ

Իբուպրոֆենը երեխաների դեպքում օգնում է նվազեցնել գլխացավը։ Պարացետամոլը այս դեպքում արդյունավետ չէ։ Տրիպտաները նույնպես արդյունավետ են, սակայն, երբեմն, առաջացնում են համի ընկալման աղավաղում, քթային ախտանիշներ, գլխապտույտ, հոգնածություն, սրտխառնոց և փսխում։

Խրոնիկական միգրեն

Տոպիրամատը և բոտուլոտոքսինը միակ ապացուցված արդյունավետ պրեպարատներն են քրոնիկական միգրենի համար։ Բոտուլոտոքսին արդյունավետ է քրոնիկական միգրենի համար, սակայն անարդյունավետ է էպիզոդիկ դեպքերի համար։

Կանխատեսում

Այժմ հասանելի են միգրենի երկարաժամկետ կանխատեսման մասին տվյալներ։ Մարդկանց գերակշիռ մասը հիվանդության պատճառով կյանքի ընթացքում ունենում են աշխատունակության անկման դրվագներ, սակայն այս դրվագները բարորակ են և մահացության ցուցանիշների վրա չունեն որևէ ազդեցություն։ Գլխացավի ընթացքը կարող է լինել չորս տարբերակով՝ ախտանիշները ամբողջությամբ կարող են անհետանալ, ախտանիշները կարող են շարունակվել նվազելով ժամանակի ընթացքում, ախտանիշները կարող են շարունակվել նույն ուժգնությամբ և հաճախականությամբ և ախտանիշները կարող են ժամանակի ընթացում դառնալ ավելի հաճախ և սաստիկ։

Աուրայով միգրենը երկու անգամ բարձրացնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը։ Միգրենի ռիսկը համեմատաբար բարձր է երիտասարդների, կանանց, հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառման և ծխելու դեպքում։ Ըստ որոշ տվյալների միգրենը ասոցացվում է պարանոցային զարկերակների շերտազատման հետ։ Առանց աուրա միգրենը ռիսկի գործոն չի համարվում։ Միգրենի կապը սիրտանոթային հիվանդությունների հետ կասկածելի է, քանի որ այն հիմնված է ընդամենը մեկ հետազոտության հիման վրա։ Ընդհանուր առմամբ միգրենը սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի մահացության ցուցանիշների վրա չունի ազդեցություն։ Աուրայով միգրենի կանխարգելումը, չեզոքացնում է ինսուլտի ռիսկի կրկնապատկումը։ Միգրենով անձիք՝ հատկապես կանայք ավելի հաճախ են ունենում գլխուղեղի սպիտակ նյութի անհայտ ծագման ախտաբանական օջախներ։

Համաճարակաբանություն

Միգրեն 
Միգրենով պայմանավորված անաշխատունակության գործակիցը աշխարհում 100.000 բնակչության հաշվարկով 2004 թվական      no data      <45      45–65      65–85      85–105      105–125      125–145      145–165      165–185      185–205      205–225      225–245      >245

Ամբողջ աշխարհում միգրենի տարածվածությունը 15% է, որը կազմում է մեկ միլիարդ բնակչություն։ Կանանց մոտ տարածվածությունը կազմում է 19%, իսկ տղամարդկանց մոտ 11%։ ԱՄՆ-ում ամեն տարի կանանց 18%-ը, իսկ տղամարդկանց 6%-ը ունենում է միգրեն։ Իսկ ամբողջ կյանքի համար այդ ռիսկը կազմում է կանաց համար 43% և 18% տղամարդկանց համար։ Եվրոպայում ամբողջ կյանքի համար միգրենի ռիսկը կազմում է 12–28%, իսկ տարեկան ռիսկը կանաց համար 14–35% և տղամարդկանց համար 6–15%: Միգրենի ռիսկ համեմատաբար ցածր է Ասիաում և Աֆրիկայում համեմատած արևմտյան երկրների հետ։ Քրոնիկական միգրենի տարածվածությունը կազմում է 1.4-2.2%:

Այս թվերը տատանվում են տարբեր տարիքային խմբերում, այսպես՝ միգրենը, որպես կանոն, սկսվում է 15-24 տարեկանում, սակայն գրոհների հաճախականությունը ամենաբարձրն է 35-45 տարեկանում։ Երեխաների մոտ 7 տարեկանում հաճախականությունը կազմում է 1.7%, իսկ 7-15 տարեկանում 3.9%, մինչև սեռական հասունացումը տղաների մոտ ռիսկը մի փոքր ավելի բարձր է։ Հասուն տարիքում միգրենը աստիճանաբար ավելի տարածված է դառնում կանանց մոտ, որի արդյունքում ծերունական հասակում գրեթե կրկնակի ավելի հաճախ է կանանց մոտ։ Կանանց մոտ համեմատած աուրայով միգրենի առանց աուրա միգրենը ավելի տարածված է, իսկ տղամարդկանց մոտ այն հանդիպում է հավասարապես։

Դաշտանադադարի ժամանակ ախտանիշները, որպես կանոն, սրվում են, իսկ դաշտանադադարից հետ մեղմանում։ Ծերունական հասականում հիվանդների երկու երրորդի մոտ նկատվում է լավացում, սակայն հիվանդների 3-10% շարունակում է ունենալ գլխացավեր։

Պատմական ակնարկ

Միգրեն 
Նոր քարի դարի ժամանակաշրջանի տրեպանացված գանգ: Գանգի անցքի շրջանում նկատվում է ուսկրային արտաճումներ, որը վկայում է որ այս անձը վիրահատությունից հետո ողջ է մնացել:

Հին Եգիպտոսում միգրենը նկարագրվել է դեռևս մ.թ.ա. 1500-ականների էբերսի պապիրուսներում։ Հիպոկրատի բժշկական դպրոցի ձեռագրերում մ.թ.ա. 200 թվականին նկարագրվել է տեսողական աուրա, որը նախորդում է գլխացավին և անհետանում փսխումից հետո։

Միգրեն 
Գլխացավհեղինակ՝ Ջորջ Կրուկշանկ (1819)

Արետայոս Կապադովկիացու կողմից 2-րդ դարում գլխացավերը բաժանվել են երեք տեսակի՝ ցեֆալալգիա, ցեֆալեա, հետերոկրանիա։ Գալենը կիրառել է հեմիկրանիա (ἡμι- (hemi-)՝ կես և κρανίον (kranion)՝ գանգ) տերմինը, որից էլ առաջացել է միգրեն բառը։ Ըստ նրա ցավը առաջանում է գլխի մենինգիալ թաղանթներից և արյունատար անոթներից։ Միգրենը 1887 թվականին ֆրանսիացի գրադարանավար Լուիս Հիացինտի կողմից բաժանվեց երկու տիպի՝ աուրայով միգրեն (migraine ophthalmique) և միգրեն առանց աուրա (migraine vulgaire):

Տրեպանացիան՝ այսինքն գանգահատումը նկարագրվել է դեռևս մ.թ.ա. 7000-ականներին։ Այդ ժամանակահատվածում այս վիրահատությանը հազվադեպ էր լինում հաջողված, հիվանդները վիրահատությունից հետո մահանում էին վերքերի ինֆեկցման հետևանքով։ Մարդիկ հավատում էին, որ այս վիրահատությունը թույլ է տալիս «չարիքին դուրս գալ գլխից»։ Վիլիամ Հարվեյը 17-րդ դարում խորհուրդ տվեց տրեպանացիան որպես միգրենի բուժման մեթոդ։

Չնայաց նրան, որ կիրառվել են միգրենի բուժման բազմաթիվ եղանակներ, միայն 1868 թվականին մշակվեց արդյունավետ միջող։ Այդ պատրաստուկը ստանում էին հասկաժանգ (էրգոտ) տեսակի սնկից, որից 1918 թվականին ստացվեց էրգոտամինը։ Մեթիլսերգիտը ստացվել է 1959 թվականին, իսկ առաջին տրիպտանը՝ սումատրիպտանը 1988 թվականին։ 20-րդ դարի ընթացքում մշակվել են ապացուցված արդյունավետ կանխարգելիչ տարբերակներ։

Հասարակություն և մշակույթ

Միգրենը կապված է մեծ միջոցների հետ, որը պայմանավորված է բուժման ծախսերով և աշխատունակության կորստով։ Ըստ Եվրոպական Նյարդաբաների Միության միգրենը ամենաթանկ նյարդաբանական հիվանդությունն է, որի տարեկան ծախսերը կազմում են ավելի քան 27 միլիարդ եվրո։ ԱՄՆ-ում ուղղակի ծախսերը կազմում են 17 միլիարդ դոլար, իսկ անուղղակի ծախսերը, որը ներառում անաշխատունակ օրերը կազմում է 15 միլիարդ դոլար։ Ուղղակի ծախսերի մեկ տասներորդը սպառվում է տրիպտանրի վրա։ Այն անձինք ովքեր, այնուամենայնիվ, աշխատում են ունենալով միգրեն, ունենում են աշխատունակության արդյունավետության կորուստ մեկ երրորդով։ Միգրենը հաճախ բացասական է անդրադառնում ընտանեկան կյանքում։

Հետազոտություն

Հայտնաբերվել է կալցիտոնին գենի հետ կապված պեպտիդի կապը միգրենի ցավի առաջացման գործում։ Մշակվել են այս պեպտիդի անտագոնիստներ՝ օլցեգեպանտը և տելցագեպանտը, որոնք ենթարկվել են in vitro (փորձանոթի մեջ) և կլինիկական հետազոտությունների։ 2011 թվականին ամերիկյան Մերք ընկերությունը ավարտեց տելցագեպանտ պրեպարատի 3-րդ փուլի հետազոտությունը։ 2016 թվականի դրությամբ 2-րդ փուլի հետազոտությունում են գտնվում չորս նոր մոնոկլոնալ հակամարմիններ, որոնցից երեքը թիրախավորում են կալցիտոնին գենի հետ կապված պեպտիդը, իսկ մեկը այդ պիպտիդի ընկալիչը։ Էլեկտրոմիոստիմուլացիան և ներգանգային մագնիսական խթանումը այժ գրանցում են խոստումնալից արդյունքներ։ Նախնական հետազոտությունը վկայում են կետոգեն դիետան կարող է կանխարգելել էպիզոդիկ և երկարաժամկետ միգրենը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միգրեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգրեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 378 Միգրեն 

Tags:

Միգրեն Նշաններ և ախտանիշներՄիգրեն ՊատճառագիտությունՄիգրեն Ախտաբանական ֆիզիոլոգիաՄիգրեն ԱխտորոշումՄիգրեն ԿանխարգելումՄիգրեն ԲուժումՄիգրեն ԿանխատեսումՄիգրեն ՀամաճարակաբանությունՄիգրեն Պատմական ակնարկՄիգրեն Հասարակություն և մշակույթՄիգրեն ՀետազոտությունՄիգրեն ԾանոթագրություններՄիգրեն Արտաքին հղումներՄիգրենԳլխացավՍրտխառնոցՓսխում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնահիտՄիքայել ԱլիմյանԵզդիներԿենդանակերպՔրիստափոր ԿոլումբոսՀամո ՍահյանԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԿիպրոսՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԴերբայՀապավումՁյունՎիտամին ակումբՉինաստանԿենաց ծառԶվարթնոցի արծիվՋոն Մեյնարդ ՔեյնսՀացՁայնավորներՄոմիկԿոմիտասԱրտիստը (Շիրվանզադե)Տնտեսական աճԹուրքիաՀայկական ճարտարապետությունԾաղիկԳուրգեն ՄահարիԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՀոմանիշԱրմատ (բառագիտություն)Մովսես ԳորգիսյանՄերձավոր ԱրևելքՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱլեքսանդր ՍպենդիարյանՆորավանքԹամարա ՊետրոսյանՌոբերտ ԱբաջյանՉինգիզ խանԿիստաՈւղղանկյուն եռանկյունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՄամփրե արքանՎիկտոր ՄաղաքյանԱրծիվներՀայկական հարցՀրամայական եղանակԱնկլավ և էքսկլավԳրիգոր ԶոհրապՄանրանկարչությունԲարդիԿիրճՄարտիրոս ՍարյանԲացահայտիչՀարավային բևեռՅուպիտեր (մոլորակ)Գործիական հոլովՀանգման խնդիրՀեքիաթՀնդկաստանՄեծ ՀայքԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԷյֆելյան աշտարակՈւսուցման մեթոդներՀրեաներԹթենու մետաքսագործԼյուդվիգ վան ԲեթհովենԱյրին (նորավեպ)Նեմեսիս գործողությունՓղերԿաթվածՄոնթե ՄելքոնյանԲառարանՎարդԻսրայելա-իրանյան հարաբերություններՍննդային շղթաՄաշկային հիվանդություններ🡆 More