Կանդիդոզ

Կանդիդոզ, սնկային ինֆեկցիա, որն առաջանում է Կանդիդա խմբի սնկերի պատճառով։ Բերանի ախտահարման դեպքում այն կոչվում է կաթնախտ։ Բնորոշ ախտանիշներից է սպիտակ փառը լեզվի և բերանի ու կոկորդի այլ մասերի վրա։ Այլ ախտանիշներից են գերզգայունությունը և կուլ տալու դժվարությունը (դիսֆագիա)։ Հեշտոցի ախտահարման դեպքում կոչվում է խմորիչային ինֆեկցիա։ Բնորոշ ախտանիշներից են քորը, այրոցի զգացումը, լոռանման արտադրությունը հեշտոցից։ Կանդիդոզային ինֆեկցիան հազվադեպ ախտահարում է առնանդամը, որի դեպքում լինում է ինտենսիվ քոր։ Շատ հազվադեպ այս ինֆեկցիան դառնում է ինվազիվ և տարածվում է դեպի մարմնի այլ հատվածներ։ Այդ դեպքում դիտվում է տենդ և տարբեր ախտանիշներ, կախված ախտահարված մասից։

Կանդիդոզ
Կանդիդոզ
Բերանի կանդիդոզային ինֆեկցիայի պատկեր, որտեղ հիվանդի լեզուն պատված է բնորոշ փառով
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և մաշկաբանություն
ՀոմանիշներԿանդիդազ, մոնլիազ, օիդիոմիկոզ
Կանդիդոզ Candidiasis Վիքիպահեստում

Կանդիդա սնկերի ավելի քան 20 տեսակներ կարող են առաջացնել կանդիդոզ, որոնցից առավել հաճախ հանդիպում է սպիտակ Կանդիդան (անգլ.՝ Candida albicans): Բերանի ինֆեկցիան ամենահաճախը հանդիպում է 1 ամսականից քիչ երեխաների, մեծահասակների և թույլ իմունիտետով մարդկանց մոտ։ Թուլացած իմունիտետի պատճառներից են ՁԻԱՀ-ը, օրգանի փոխպատվաստումից հետո օգտագործված դեղորայքը, դիաբետը և կորտիկոստերոիդների օգտագործումը։ Այլ ռիսկերից են պրոտեզների կիրառումը և հակաբիոտիկային թերապիան։ Հեշտոցային ինֆեկցիաները առաջանում են ավելի հաճախ հղիների, թույլ իմունիտետ ունեցողների և հակաբիոտիկային բուժում ստացողների մոտ։ Ինվազիվ կանդիդոզի ռիսկի խմբի մեջ են ցածր քաշով ծնված երեխաները, վիրահատությունից հետո վերականգնվող մարդիկ, վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդները, թուլացած իմունիտետով մարդիկ։

Կանխարգելող միջոցներից է բերանի ողողումը քլորհեքսիդինով այն մարդկանց մոտ, որոնք ունեն թուլացած իմունիտետ և ողողումը ինհալացիոն ստերոիդների օգտագործումից հետո։ Պրոբիոտիկների օգտագործումը կարող է լինել կանխարգելիչ միջոց և օգտագործվել նաև բուժման մեջ։ Բերանի ինֆեկցիաների դեպքում բուժումը տեղային կլոտրիմազոլով և նիստատինով սովորաբար արդյունավետ է լինում։ Դրանց անարդյունավետության դեպքում օգտագործվում է ներերակային ֆլյուկոնազոլ, իտրակոնազոլ։ Բազմաթիվ տեղային ազդեցության հակասնկային պրեպարատներ կարող են օգտագործվել վագինալ կանդիդոզի դեպքում։ Տարածուն ախտահարման դեպքում օգտագործվում է կասպոֆունգին կամ միկաֆունգին։ Բարձր ռիսկի խմբի մարդկանց մոտ հակասնկային պրեպարատները կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց։

Բերանի ինֆեկցիաները առաջանում են 1 ամսականից քիչ երեխաների մոտ 6%-ի մոտ։ Քիմիոթերապիա ստացողների 20%-ի և ՄԻԱՎ վարակ ունեցողների 20%-ի մոտ կարող է առաջանալ կանդիդոզ։ Կանանց 75%-ը ունեցել է կանդիդոզի ինչ-որ տեսակ իրենց կյանքի ընթացքում։ Տարածուն ախտահարումը շատ հազվադեպ է լինում, բացի այն մարդկանցից, ովքեր ռիսկի խմբում են։

Նշաններ և ախտանիշներ

Կանդիդոզ 
Մաշկի կանդիդոզ
Կանդիդոզ 
Եղունգների կանդիդոզ (օնիխոմիկոզ)
Կանդիդոզ 
Վագինալ ինֆեկցիա

Կանդիդոզի ախտանիշները կապված են ախտահարման վայրի հետ։ Ինֆեկցիայի արդյունքում լինում են մինիմալ բարդություններ, որոնցից են կարմրությունը, քորը և անհարմարության զգացումը։ Կանդիդոզը կարող է նաև լինել մահացու, եթե համապատասխանորեն չբուժվի։ Առողջ իմունիտետով մարդկանց մոտ ախտահարվում է մաշկը, եղունգները, լորձաթաղանթները, հատկապես բերանի, ըմպանի, կերակրափողի, հեշտոցի, առնանդամի և այլն։ Առողջ մարդկանց մոտ ավելի հազվադեպ ախտահարվում է մարսողական, շնչառական և միզային ուղիները։

Թույլ իմունիտետով մարդկանց մոտ կանդիդային ինֆեկցիաները կերակրափողում առաջանում են ավելի հաճախ, քան թե առողջ մարդկանց մոտ և ավելի մեծ հնարավորություն ունեն տարածուն ձևի վերածվելու, առաջացնելով կանդիդեմիա։ Կերակրափողային կանդիդոզի ախտանիշներից են դիսֆագիան, օդինոֆագիան (ցավոտ կլլում), որովայնի ցավը, սրտխառնոցը և փսխումը։

Կաթնախտը հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Այն համարվում է նորմալ, եթե չի տևում մի քանի շաբաթից ավել։

Հեշտոցային ինֆեկցիան առաջացնում է քոր, այրոցի զգացում, գրգռում և լոռանման արտադրություն։ Արական սեռական օրգանների ախտահարման դեպքում (բալանիտ) լինում է առնանդամի գլխիկի կարմրություն, այտուց, քոր, խիտ արտադրություն ծայրային թլիպի տակ, տհաճ հոտ, առնանդամի գլխիկը մերկացնելու դժվարություն (ֆիմոզ) և ցավ միզարձակության ու սեռական ակտի ժամանակ։

Մարսողական ուղու կանդիդոզի դեպքում լինում է հետանցքի քոր, փորափքանք, ստամոքսի գրգռում, սրտխառնոց, փսխում, լուծ, աղիքների սպազմ և ստամոքսի խոց։ Շուրջհետանցքային կանդիդոզը կարող է առաջացնել հետանցքի քոր, իսկ ախտահարված մասը լինում է էրիթեմատոզ, պապուլյար ցանով, խոցերով պատված։ Կանդիդոզը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ։ Կանդիդայի մեծ քանակներով բազմացումը աղեստամոքսային տրակտում կարող է բերել դիսբիոզի։ Դեռ վերջնական պարզ չէ, բայց այս ախտահարումը կարող է լինել գրգռված աղու համախտանիշի և այլ ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ դիտվող ախտանիշների հիմք։

Պատճառներ

Կանդիդա սունկը նորմայում առկա է առողջ մարդկանց բերանի խոռոչի և աղեստամոքսային տրակտի նորմալ միկրոֆլորայի մաս։ Այն հայտնաբերվում է նաև մաշկի վրա։ Նրանց աճը նորմայում ճնշվում է մարդու իմունիտետի և այլ մանրեների կողմից, որոնք առկա են մարմնի այդ մասերում։ Կանդիդայի աճի համար պետք է խոնավություն։ Որպես օրինակ՝ թաց լողազգեստի երկար ժամանակ կրելը համարվում է ռիսկի գործոն։ Բարդացած դեպքերում մաշկի և լորձաթաղանթի ինֆեկցիաների ժամանակ կանդիդան կարող է անցնել արյան հուն և առաջացնել համակարգային կանդիդոզ։

Կանդիդոզի ռիսկը բարձրացնող գործոններից են ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, Էպշտեյն-Բարրի ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, քաղցկեղի բուժումը, ստերոիդները, հակաբիոտիկների օգտագործումը և չբերության դեմ օգտագործվող դեղամիջոցները։ Անտիբիոտիկների չարաշահումը կարող է վերացնել նորմալ միկրոֆլորան և ստեղծել նպաստավոր պայմաններ Կանդիդայի բազմացման համար։ Թուլացած կամ վատ զարգացած իմունիտետը, նյութափոխանակային հիվանդությունները կարող են լինել նախատրամադրող գործոն։ Թուլացած իմունիտետով հիվանդների 15%-ի մոտ առաջանում է համակարգային կանդիդոզ։ Պարզ ածխաջրածիններով սննդակարգը ազդում է բերանի խոռոչի կանդիդոզի հաճախականության վրա։

C. albicans անջատվել է առողջ կանանց 19%-ի հեշտոցից և նրանք չեն նշել ինֆեկցիայի ախտանիշներ։ Որոշ լվացող միջոցների օգտագործումը, հորմոնալ շեղումները կարող են խախտել հեշտոցի նորմալ միկրոֆլորան, որը հիմնականում կաթնաթթվային բակտերիաներ է պարունակում օրինակ՝ լակտոբացիլներ։ Այս խախտման արդյունքում առաջանում են ինֆեկցիայի նշաններ, օրինակ՝ տեղային բորբոքում։ Հղիությունը և պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը ռիսկի գործոններ են։ Շաքարային դիաբետը և հակաբիոտիկների օգտագործումը նույնպես կապ ունեն կանդիդոզի մեծ հաճախականության հետ։

Առնանդամի կանդիդոզի դեպքում ռիսկի գործոն է սեռական հարաբերությունը ախտահարված մարդու հետ, ցածր իմունիտետը, հակաբիոտիկների օգտագործումը և շաքարային դիաբետը։ Տղամարդկանց մոտ կանդիդոզ ավելի հազվադեպ է հանդիպում, բայց առնանդամի կանդիդոզը, որը առաջանում է ախտահարված մարդու հետ սեռական հարաբերության պատճառով, հազվադեպ երևույթ չէ։

Հեշտոցային կանդիդոզը կարող է առաջացնել բնածին կանդիդոզ նորածնի մոտ։

Ախտորոշում

Կանդիդոզ 
Կանդիա սունկը ագար-ագար միջավայրում
Կանդիդոզ 
Կալիումի հիդրօքսիդով թեստ (KOH) հեշտոցային պատրաստուկի վրա, որը ցույց է տալիս Կանդիդայի պսևդոհիֆերը՝ շրջապատված հեշտոցի էպիթելային բջիջներով
Կանդիդոզ 
Կերակրափողի կանդիդոզ, որտեղ երևում են Կանդիդայի հիֆերը

Հեշտոցի կանդիդոզի նշանները նաև առկա են լինում բակտերիալ վագինոզների դեպքում։ Աերոբ վագինիտիի հետ պետք է անցկացնել տարբերակիչ ախտորոշում։ 2002 թվականին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ կանդիդոզի ախտանիշներ նկարագրած կանանց միայն 33%-ն է իրականում ունեցել կանդիդոզ, մինչդեռ մնացած կանայք ունեցել են բակտերալ ինֆեկցիա կամ խառը տիպի ինֆեկցիա։

Ախտորոշումը դրվում է մանրադիտակային հետազոտության կամ ցանքսի մեթոդով։ Պրեպարատը պատրաստելու համար վերցնում են ախտահարված մասից քերուկ կամ քսուկ և տեղադրում են մանրադիտակի ապակու վրա։ Կաթեցնում են 1 կաթիլ կալիումի հիդրօքսիդի 10%-անոց լուծույթ։ Կալիումի հիդրօքսիդը լուծում է մաշկի բջիջները բայց չի վնասում Կանդիդաներին, այդպիսով Կանդիդայի հիֆերը պարզ տեսանելի են դառնում։

Ցանքս կատարելու համար մաքուր տամպոնը անցկացնում են ախտահարված մաշկի վրայով։ Այնուհետև տամպոնը դնում են սննդային միջավայրում։ Գաղութը աճեցնում են 37 °C (98.6 °F) ջերմաստիճանի տակ մի քանի օրվա ընթացքում։ Առաջացած գաղութների բնորոշ տեսքը և գույնը թույլ է տալիս ախտորոշել կանդիդոզը։

Շնչառական, մարսողական և կերակրափողային կանդիդոզ ախտորոշելու համար պետք է կատարել էնդոսկոպիա։ Մարսողական ուղու կանդիդոզը ախտորոշելու համար պետք է վերցնել 3-5  միլիլիտր հողուկ տասներկումատնյա աղուց և կատարել ցանքս։

Դասակարգում

Տարբերում ենք կանդիդոզի հետևյալ տեսակները

  • Լորձաթաղանթային կանդիդոզ
    • Բերանի խոռոչի կանդիդոզ (կաթնախտ, բերանըմպանային կանդիդոզ)
      • Պսևդոմեմբրանոզ կանդիդոզ
      • Էրիթեմատոզ կանդիդոզ
      • Գերաճական կանդիդոզ
      • Ատամնաշարի հետ կապված կանդիդոզ
      • Անկյունային խեյլիտ Կանդիդա սնկերը պատասխանատու են 20% դեպքերում, իսկ ստաֆիլոկոկային (Staphylococcus aureus) և խառը ինֆեկցիաները 60% դեպքերում։
      • Միջնակ ռոմբոիդ լեզվաբորբ
    • Կանդիդոզային վուլվովագինիտ
    • Կանդիդոզային բալանիտ - առնանդամի գեղձերի բորբոքում համարյա միշտ առաջանում է չթլպատված տղամարդկանց մոտ
    • Կերակրափողային կանդիդոզ
    • Աղեստամոքսային կանդիդոզ
    • Շնչառական կանդիդոզ
  • Մաշկի կանդիդոզ
    • Կանդիդոզային ֆոլիկուլիտ
    • Միջմատային ծալքերի կանդիդոզային բորբոքում
    • Կանդիդոզային պարոնիխիա
    • Շուրջհետանցքային կանդիդոզ:309
    • Կանդիդիդ
    • Քրոնիկ մաշկալորձաթաղանթային կանդիդոզ
    • Բնածին մաշկային կանդիդոզ
    • Տակդիրային կանդիդոզ՝ տակդիրի հետ շփվող մաշկի մակերեսի կանդիդոզ:309
    • Կանդիդոզային օնիխոմիկոզ (եղունգների ախտահարում)
  • Համակարգային կանդիդոզ
    • Կանդիդեմիա, որը կարող է բերել սեպսիսի
    • Ինվազիվ կանդիդոզ
    • Քրոնիկ համակարգային կանդիդոզ (լյարդափայծաղային) — նեյտրոպենիայից վերականգնվող հատվածներ
  • Հակաբիոտիկային կանդիդոզ (յաթրոգեն)

Կանխարգելում

Իմուն համակարգին սատարող սննդակարգը և պարզ ածխաջրերի քիչ օգտագործումը նպաստում է բերանի խոռոչի և աղիների առողջ միջավայրի պահպանմանը։ Չնայած կանդիդոզը կապ ունի շաքարային դիաբետի հետ, բայց արյան մեջ շաքարի քանակի կարգավորումը կարող է չազդել ռիսկի վրա։ Բամբակյա ներքնաշոր կրելը և խոնավ հագուստ երկար չկրելը կարող է իջեցնել կանդիդոզի ռիսկը։

Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելը կարող է կանխարգելել կանդիդոզը թույլ իմունիտետով մարդկանց մոտ։ Քաղցկեղի դեմ քիմիոթերապիա ստացող մարդիկ կարող են օգտագործել քլորհեքսիդին, որպեսզի կանխարգելեն կաթնախտը։ Ինհալացիոն կորտիկոստերոիդների օգտագործումից հետո ջրով ողողումը կանխարգելիչ միջոց է։

Ռեցիդիվող ինֆեկցիա ունեցող կանանց դեպքում օրալ կամ հեշտոցային պրոբիոտիկների կանխարգելիչ օգտագործման արդյունավետությունը թույլ է ապացուցված։

Բուժում

Կանդիդոզը բուժվում է հակասնկային միջոցներով, որոնցից են կլոտրիմազոլը, նիստատինը, ֆլյուկոնազոլը, վորիկոնազոլ, ամֆոտերիցին B և էխինոկանդինը։ Ներերակային ֆլյուկոնազոլը կամ կասպոֆունգինը օգտագործվում են ծանր դեպքերում։

2016 թվականի կլինիկական ընթացակարգերի վերանայման արդյունքում ձևավորվել են կանդիդոզի բուժման նոր սխեմաներ, որոնք ներառում են կանդիդայի տարբեր տեսակների, ռեզիստենտ ձևերի բուժման միջոցներ, բուժման առանձնահատկություններ թույլ իմունիտետով մարդկանց մոտ և բուժման առանձնահատկություններ, կախված ախտահարման տեղից և ծանրությունից։

Տեղային ինֆեկցիա

Բերանի և կոկորդի կանդիդոզը բուժվում է հակասնկային դեղամիջոցներով։ Բերանի կանդիդոզը լավ պատասխան է տալիս տեղային բուժմանը, բայց կարող է նաև օգտագործվել համակարգային բուժում։ Համակարգային բուժում օգտագործվում է, եթե տեղայինը արդյունավետ չէ։ Կանդիդային կերակրափողաբորբը բուժվում պերօրալ կամ ներերակային։ Ռեզիստենտ ձևերի դեպքում օգտագործվում է ամֆոտերիցին B։

Հեշտոցային ինֆեկցիաները բուժվում են տեղային հակասնկային միջոցներով։ Մեկ անգամյա օգտագործման դեղաչափով ֆլյուկոնազոլը 90% արդյունավետություն ունի հեշտոցային ինֆեկցիայի դեպքում։ Կանդիդոզը կարող է ձեռք բերել ռեզիստենտություն ֆլյուկոնազոլի նկատմամբ, նամանավանդ ՁԻԱՀ ունեցողների մոտ, որոնք ստանում են մեծ քանակով ֆլյուկոնազոլ։

Հղիության ժամանակ հեշտոցային ինֆեկցիայի դեպքում օգտագործվում է տեղային իմիդազոլ կամ տրիազոլ։ Այս դեղամիջոցները շատ փոքր քանակով են ներծծվում և տրանսպլացենտար փոխանցման շատ փոքր ռիսկ է լինում։

Օգուտ դեռ չի նկատվել պրոբիոտիկների կիրառումից ակտիվ ինֆեկցիաների ժամանակ։

Արյունային ինֆեկցիա

Համակարգային կանդիդոզը առաջանում է, երբ Կանդիդան մտնում է արյան հուն և տարածվում է (դիսսեմինացված կանդիդոզ)։ Այն կարող է տարածվել դեպի տարբեր օրգաններ, օրինակ՝ ԿՆՀ օրգաններ, երիկամներ, լյարդ, ոսկրեր, մկաններ, հոդեր, փայծաղ և աչք։ Բուժումը բաղկացած է բերանային կամ ներերակային հակասնկային միջոցներից։ Կանդիդեմիայի դեպքում օգտագործում են ֆլյուկոնազոլ կամ կասպոֆունգին։ Ամֆոտերիցին B-ն այլընտրանք է։

Կանխատեսում

Վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդների մոտ մահվան տոկոսը 30-50% է, երբ առաջանում է համակարգային կանդիդոզ։

Համաճարակաբանություն

Բերանի կանդիդոզի բերանի խոռոչի ամենահաճախ հանդիպող սնկային ինֆեկցիան է և իրենից ներկայացնում է ամենահաճախ հանդիպող օպորտունիստական (ինֆեկցիա, որը զարգանում է, երբ ընդհանուր իմունիտետի թուլացման արդյունքում Կանդիդան գլուխ է բարձրացնում) բերանի ինֆեկցիան մարդկանց մոտ։ Արևմտյան կիսագնդի մարդկանց 75%-ը իրենց կյանքում ունեցել են կամ ունեն հեշտոցային կանդիդոզ։

Կերակրափողային կանդիդոզը ամենահաճախ կերակրափողային ինֆեկցիան է ՁԻԱՀ ունեցող մարդկանց մոտ և կազմում է ընդհանուր կերակրափողային ինֆեկցիաների 50%-ը, երբեմն ի հայտ գալով այլ ինֆեկցիաների հետ միասին։ ՁԻԱՀ ունեցող մարդկանց 2/3-ը, որոնց մոտ կա կերակրափողի ախտահարում, ունեն նաև բերանի խոռոչի ախտահարում։

Կանդիդոզային սեպսիսը շատ հազվադեպ է։ ԱՄՆ-ում ներհիվանդանոցային արյան հունի ինֆեկցիաների մեջ Կանդիդան զբաղեցնում է չորրորդ տեղը։

Պատմություն

Կանդիդոզ 
Ագարի վրա աճեցված Candida Albicans

Այս հիվանդության նկարագրումը տրվել է դեռ մոտավորապես մ․թ․ա․ 460–370 թվականներին՝ Հիպոկրատի կողմից։

Վուլվովագինալ կանդիդոզը առաջին անգամ նկարագրվել է 1849 թվականին Վիլկինսոնի կողմից։ 1875 թվականին Հաուսմանը ցույց տվեց հարուցիչը, որը միաժամանակ առաջացնում էր վուլվովագինալ և օրալ կանդիդոզ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հակաբիոտիկների հայտնվելու հետ մեկտեղ բարձրացավ նաև կանդիդոզի հանդիպման հաճախականությունը։ Հետագայում, 1950-ականներին հաճախականությունը փոքրացավ՝ նիստատինի կիրառման շնորհիվ։

Որպես խոսակցական տերմին հաճախ օգտագործվում է "կեռնեխ" բառը, կապված նույն անվանումով թռչունի հետ, որի կրծքի վրա եղած պատկերը նման է կանդիդոզի շատ ձևերի։ "Կանդիդոզ" տերմինը շատ է օգտագործվում բրիտանական անգլերենում, իսկ "Կանդիդազ" տերմինը օգտագործվում է ամերիկյան անգլերենում։ "Կանդիդա"-ն նաև տարբեր ձևով է արտասանվում ամերիկյան և բրիտանական անգլերեններում։ Ամերիկյանում շեշտը դրվում է "ի" տառի վրա, իսկ բրիտանականում շեշտը դրվում է բառի առաջին վանկի վրա։

"Կանդիդա" ցեղը և "Կանդիդա Ալբիկանս" տեսակը նկարագրվել են Քրիստին Մարիա Բերկհոուտի կողմից, Ուտրեխտի համալսարանում կատարված իր դոկտորական աշխատանքի մեջ 1923 թվականին։ Անցած տարիների ընթացքում դասակարգումը փոփոխության է ենթարկվել։ Հնացած անվանումներն են Միկոտորուլան և Տորուլոպսիսը։ Տեսակները անցյալում նաև հայտնի են եղել որպես Մոնիլլա Ալբիկանս և Օիդիում Ալբիկանս։ Ներկայումս միջազգային բոտանիկական կոնգրեսը թույլ է տալիս օգտագործել անվանումը։

"Կանդիդա" ցեղը ներառում է իր մեջ մոտ 150 տարբեր տեսակներ, սակայն քչերն են մարդու մոտ առաջացնում ինֆեկցիաներ։ C. albicans ամենահաճախն է ախտահարում։ Մարդու համար այլ պաթոգեն տեսակներից են C. tropicalis, C. glabrata, C. krusei, C. parapsilosis, C. dubliniensis և C. lusitaniae։

"Կանդիդա" անվանումը առաջարկվել է Բերկհոուտի կողմից։ Այն լատին․՝ toga candida բառից է, որը բնորոշում է Հին Հռոմի սենատի կանդիդատների կրած սպիտակ հագուստը, իսկ ալբիկանսը նույնպես գալիս է լատիներենից, որը նշանակում է լատին․՝ albicare սպիտակեցնել։ Այս անվանումները ցույց են տալիս կանդիդայի տեսակների սպիտակ գույնը աճեցնելու ժամանակ։

Այլընտրանքային դեղորայք

2005 թվականին մի հրատարակչությունում նշվեց, որ մեծ ենթագիտական խումբ է առաջացել Կանդիդայի թեմայի շուրջ, որը պնդում էր, որ համարյա ամեն 1-ը 3-ից ունի այդ հիվանդությունը, կապված կանդիդոզային գերզգայունության հետ։ Որոշ ալտերնատիվ բժշկության մասնագետներ վաճառում էին սննդային հավելումներ, նշելով, որ դրանք կարող են բուժել հիվանդությունը։ Վաճառողներից որոշները դատվել են։ 1990 թվականին ալտերնատիվ բժշկության պրեպարատների ներկրող Nature's Way ընկերությունը ստորագրեց համաձայնագիր, որ այլևս մարդկանց չի մտցնի մոլորության մեջ, հայտնելով, թե իր ստեղծած սննդային հավելումները կարող են ազդել Կանդիդայի վրա։ Այդ կազմակերպությունը նաև վճարեց տույժ՝ 30,000$-ի տեսքով։

Հետազոտություն

Կանդիդայի մեծ քանակությունը կապ ունի ստամոքսաղիքային բազմաթիվ հիվանդությունների հետ, ներառյալ՝ Կրոնի հիվանդությունը։

Վերջին 30-40 տարում ամբողջ նկատվել է մեծ ռեզիստենտություն հակասնկային պրեպարատների նկատմամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կանդիդոզ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանդիդոզ» հոդվածին։

Tags:

Կանդիդոզ Նշաններ և ախտանիշներԿանդիդոզ ՊատճառներԿանդիդոզ ԱխտորոշումԿանդիդոզ ԿանխարգելումԿանդիդոզ ԲուժումԿանդիդոզ ԿանխատեսումԿանդիդոզ ՀամաճարակաբանությունԿանդիդոզ ՊատմությունԿանդիդոզ Այլընտրանքային դեղորայքԿանդիդոզ ՀետազոտությունԿանդիդոզ ԾանոթագրություններԿանդիդոզ Արտաքին հղումներԿանդիդոզԳերզգայունությունԴիսֆագիաԿանդիդա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռուսական այբուբենԱզոտԴերբայական դարձվածԿենդանիների հատկանիշների ցանկՆեմեսիս գործողությունԱրա Գեղեցիկ և ՇամիրամԵրվանդ ՔոչարԵնթակաՍողոմոն ԹեհլիրյանԱնտանտԵրևանի մետրոպոլիտենՇախմատՊարբերական հիվանդությունԿարեն ԴեմիրճյանԵղիշե ՉարենցԺողովրդավարությունՈսկիԱկացիաՊարացետամոլԲաքուԱրծիվներՀայոց լեզվի պատմությունԻսրայելԻնքնապաշտպանական մարտեր (1915)Տիգրան ՄեծԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՏավուշի մարզՀղիություն (մարդ)Նոր ԶելանդիաՂազարոս ԱղայանՅուպիտեր (մոլորակ)Միհրան ՊողոսյանՀեշտոցային արտադրությունԳուլիվերի ճանապարհորդություններըՋրհեղեղՀենրիխ ՄխիթարյանԿոտայքի մարզԱնդրեյ ԲիտովԵրեքնուկՀայաստանի բուհերի ցանկՄոլորակՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՀայկական գամփռԲյուզանդական կայսրությունԱրյան շրջանառությունԿոնՄիրհավ (պատմվածք)ՄողեսներՁմերուկՆոյեմբերյանԲջջային հեռախոսՄինաս ԱվետիսյանԿիրանց վանքՍասանյան ՊարսկաստանՔութեշԱնալ սեքսՎերականգնվող էներգիաՇեղանկյունԲեղմնավորումՀամախառն ներքին արդյունքԹոմաս ԷդիսոնՀիսուսի ծնունդՓոխաբերությունԱղմուկ ականջներումԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի դրոշԱմբոխները խելագարվածՄագաղաթԱզոտական թթուԿիլիկիաՀրազդան (քաղաք)ԱշունՀովհաննավանքՍելեկցիաՎահան Տերյան🡆 More