Ալցհայմերի Հիվանդություն

Ալցհայմերի հիվանդություն (անգլ.՝ Alzheimer's disease), նյարդաքայքայիչ հիվանդություն, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվող ընթացք։ Թուլամտության դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է։ Ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը։ Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշման դժվարություններ (հաճախ են կորչում), տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ։ Կորցնելով նախկին ես-ի մասին պատկերացումները՝ այս մարդիկ հաճախ են մեկուսանում ընտանիքից և հասարակությունից։ Աստիճանաբար տուժում են տարբեր օրգանների ֆունկցիաները, որն էլ հանգեցնում է մահվան։ Չնայած պրոգրեսիային՝ արագությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց եթե ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն, կյանքի սպասվող միջին տևողությունը 3-9 տարի է։

Ալցհայմերի Հիվանդություն
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ալցհայմերի հիվանդություն
Morbus Alzheimerianus
Ալցհայմերի Հիվանդություն
Պատկերված է Ալցհայմերով հիվանդի ուղեղը և նորմալ ուղեղ
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառԱնհայտ
Հիվանդության ախտանշաններՀիշողության մասնակի կորուստ, խոսքի, կոորդինացիայի խանգարումներ, տրամադրության փոփոխություններ
Բուժաքննությունneurological diagnostic techniques?, անամնեզ, մագնիսառեզոնանսային շերտագրություն և psychological test?
Բժշկական մասնագիտությունՆյարդաբանություն
Անվանվել էԱլոիս Ալցհայմեր
ԲուժումԱցետիլխոլինէսթերազի ինհիբիտոր, NMDAընկալիչների անտագոնիստներ
Ալցհայմերի Հիվանդություն Alzheimer's disease Վիքիպահեստում

Ալցհայմերի առաջացման պատճառը հստակ հայտնաբերված չէ։ Գտնում են, որ 70% դեպքերում պատճառը ժառանգական է և պայմանավորված է մի քանի գեներով, ուստի ամենամեծ ռիսկի գործոնը ծնողներից ժառանգումն է։ Այլ ռիսկի գործոններից են անամնեզում գլխի վնասվածքի առկայությունը, ընկճախտը և գերճնշումը։ Հիվանդության ընթացքն ասոցացվում է գլխուղեղում հայտնաբերվող նեյրոֆիբրիլյար կծիկների և վահանիկների հետ։ Հավանական ախտորոշումը դրվում է հիվանդության պատմության, կոգնիտիվ ֆունկցիաների թեստավորման, արյան քննության ու այլ գործիքային և լաբորատոր հետազոտությունների հիման վրա, որոնցից մեծ մասը նպատակ ունի ժխտելու այլ հնարավոր պատճառները։ Որոշ ախտանշաններ անուշադրության են մատնվում՝ սխալմամբ համարվելով տարիքային փոփոխություններ։ Ախտորոշումը վերջնական հաստատելու համար անհրաժեշտ է գլխուղեղի հյուսվածքի հետազոտումը։ Ներկայումս Ալցհայմերի հիվանդության բուժման դեղամիջոց գոյություն չունի։ Առաջարկվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես օրինակ, ֆիզիկական վարժություններով զբաղվելը, մտածողությունը խթանող խնդիրներ և գլուխկոտրուկներ լուծելը, ճիշտ և հավասարակշռված սննդակարգը, բայց ոչ մեկը ռիսկը նվազեցնելու գործում չունի ապացուցված արդյունավետություն։

Բուժման ժամանակակից մեթոդները միայն մեղմացնում են ախտանիշերը, բայց չեն կարողանում դադարեցնել կամ նույնիսկ դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Ամերիկյան երկու կազմակերպություններ, որոնք ժամանակին արտադրում էին բավականին հեռանկարային դեղամիջոցներ, այժմ դադարեցրել են դրանց արտադրությունը, քանզի այդ դեղերը կիլինիկական փորձարկման փուլում հիվանդների մոտ բավարար արդյունավետություն չեն դրսևորել։

Ախտահարված անձինք չեն կարող հոգալ սեփական կարիքները և պահանջում են մշտական խնամք, որը մեծ բեռ է խնամողի համար և՛ սոցիալական, և՛ ֆիզիկական, և հոգեբանական, և՛ ֆինանսական առումներով։ Ֆիզիկական վարժությունները կարող են բարելավել ամենօրյա գործունեությունը և հիվանդի կյանքի որակը։ Վարքային խանգարումները կամ փսիխոզները, որոնք առաջացել են թուլամտության պատճառով բուժվում են հակափսիխոտիկ դեղորայքով, բայց դա ոչ միշտ է նախընտրելի, քանզի այդ դեղերը, չունենալով բարձր արդյունավետություն, մեծացնում են մահվան վտանգը։

2015 թվականի տվյալներով՝ աշխարհում Ալցհայմերի հիվանդությամբ տառապում է շուրջ 29,8 միլիոն մարդ։ Այն հիմնականում զարգանում է 65-ն անց անձանց մոտ, բայց 4-5% դեպքերում գործ ենք ունենում Ալցհայմերի վաղ սկսվող տարբերակի հետ։ 65 և ավելի տարիք ունեցող մարդկանց շուրջ 6%-ն ունի Ալցհայմերի հիվանդություն։ 2015 թվականին թուլամտությունից մահացածների թիվը հասել է 1,9 միլիոնի։ Զարգացած երկներում այն համարվում է ամենածախսատար հիվանդություններից մեկը։

Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհայմերը 1906 թվականին։

Ախտանիշներ և նշաններ

Հիվանդության ընթացքը բաժանվում է չորս փուլի, որոնք բնորոշվում են կոգնիտիվ և ֆունկցիոնալ հարաճուն խանգարումներով։

Նախաթուլամտություն (պրեդեմենցիա)

Հիվանդության առաջին նշանները հաճախ կարելի է շփոթել ծերացման դրսևորումների կամ օրգանիզմի՝ սթրեսին ի պատասխան առաջացած ռեակցիայի հետ։ Մանրամասն նեյրոկոգնիտիվ թեստավորման դեպքում առավել վաղ կոգնիտիվ դժվարությունները հայտնաբերվում են հիմնական հիվանդությունն ախտորոշելուց դեռ ութ տարի առաջ։ Այս սկզբնական դրսևորումները կարող են իրենց մասին զգացնել տալ առօրյա, ոչ շատ դժվար խնդիրներ լուծելիս։ Առավել նկատելի է հիշողության վատացումը, որը դրսևորվում է նոր սովորած նյութերը (փաստերը) մտաբերելու դժվարությամբ և նոր տեղեկությունն ընկալելու անկարողությամբ։

Ալցհայմերի վաղ փուլի ավելի քիչ նկատելի ախտանիշեր կարող են լինել կատարողական ֆունկցիաների՝ կենտրոնացման, ծրագրման, կոգնիտիվ ճկունության և աբստրակտ մտածողության հետ կապված խնդիրները, ինչպես նաև սեմանտիկ հիշողության (բառերի իմաստների, կոնցեպցիաների փոխհարաբերության հիշողությունն է) խանգարումը։

Այս փուլում կարող է դիտվել ապաթիա, որն ամենակայուն նեյրոհոգեբուժական ախտանիշն է և պահպանվում է հիվանդության ողջ ընթացքում։

Նախակլինիկական փուլն անվանում են նաև «mild cognitive impairment» (MCI), (թարգմանվում է որպես «կոգնիտիվ ունակությունների թեթևակի թուլացում» կամ «չափավոր կոգնիտիվ խանգարում»), սակայն այս անվանումն առաջացնում է տարակարծություններ առ այն, թե արդյոք օգտագործել վերջինս՝ որպես Ալցհայմերի հիվանդության առաջին աստիճանի անվանում, թե առանձնացնել այն՝ որպես անկախ ախտորոշիչ միավոր։

Վաղ թուլամտություն

Հիշողության հարաճուն թուլացումն ու ագնոզիան (կանոնավոր ընկալման մասնավոր խանգարում) Ալցհայմերի հիվանդության դեպքում վաղ թե ուշ հանգեցնում են ախտորոշման հաստատմանը։ Փոքրաքանակ հիվանդների մոտ այդ դեպքում առաջին պլանում են հայտնվում ոչ թե հիշողության խանգարումները, այլ խոսքի, կատարողական ֆունկցիաների, ընկալման խանգարումներն ու շարժողական խանգարումները։ Հիվանդությունը տարբեր ձևով է ազդում հիշողության տարբեր ասպեկտների վրա։ Սեփական կյանքի մասին հին հիշողությունները (էպիզոդիկ հիշողություն), վաղ հիշված փաստերը (սեմանթիկ հիշողություն), թաքնված հիշողությունը (մարմնի անգիտակցական հիշողությունը գործողությունների հաջորդականությունների մասին, օրինակ, այն մասին, ինչպես օգտագործել սպասքը) ավելի քիչ են խանգարվում՝ նոր, թարմ հիշողությունների և փաստերի համեմատությամբ։ Աֆազիան հիմնականում բնորոշվում է բառապաշարի նվազմամբ և խոսքի սահունության խանգարմամբ, որն ընդհանուր առմամբ թուլացնում է բանավոր և գրավոր ձևով մտքերի արտահայտման հնարավորությունը։ Հիվանդության այս փուլում խոսքային հաղորդակցման ժամանակ մարդը սովորաբար ընդունակ է ադեկվատ ձևով գործել հասարակ հասկացությունների միջոցով։

Նկարելու, գրելու, հագնվելու և նուրբ շարժումներ պահանջող այլ գործողությունների ժամանակ մարդը հնարավոր է չկարողանա է հմտորեն գործել՝ շարժումների կոորդինացիայի և պլանավորման խնդիրների պատճառով։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց մարդը մասնակիորեն կարող է բազմաթիվ գործողություններ ինքնուրույն կատարել, սակայն հատուկ կոգնիտիվ (իմացական) ներուժ պահանջող գործողություններում նրանք օգնության կարիք են զգում։

Չափավոր թուլամտություն

Ինքնուրույն գործողություններ կատարելու ընդունակությունները նվազում են վիճակի հարաճուն վատացման պատճառով։ Խոսքի խանգարումներն ավելի արտահայտիչ են դառնում, քանի որ ընդհանուր բառապաշարի քանակի նվազման հետևանքով մոռացված բառերի փոխարեն հիվանդն առավել հաճախակի է սկսում օգտագործել ոչ ճիշտ բառեր (պարաֆրազիա)։ Թուլանում են նաև կարդալու և գրելու կարողությունները։ Ժամանակի ընթացքում շարժումների կոորդինացիան ավելի է խանգարվում՝ հատկապես բարդ հաջորդական շարժումների ընթացքում, որը նվազեցնում է մարդու ընդունակությունը ամենօրյա խնդիրների մեծ մասի կատարման տեսակետից։

Այս փուլում վատանում է հիշողությունը, հիվանդը կարող է չճանաչել հարազատներին։ Նախկինում չախտահարված երկարատև հիշողությունը նույնպես խանգարվում է և ավելի ակնհայտ են դառնում վարքի փոփոխությունները։

Հանդիպում են նաև նեյրոհոգեկան խանգարումներ՝ աննպատակ թափառել, երեկոյան սրացում (անգլ.՝ sundowning), գրգռվածություն, հուզական անկայունություն, որոնք արտահայտվում են լացով, հանկարծակի ագրեսիայով, իրենց խնամողների և օգնողների նկատմամբ դիմադրություն ցուցաբերելով։

Հիվանդների մոտավորապես 30 %-ի մոտ զարգանում են կեղծ նույնականացման և զառանցանքի այլ ախտանշաններ։ Հիվանդի հարազատների և խնամողների մոտ սրանք կարող են սթրեսի առաջացման պատճառ հանդիսանալ, որը թուլացնելու համար կարելի է հիվանդներին տնային պայմաններից տեղափոխել բուժհաստատություն։

Ծանր թուլամտություն

Հիվանդության վերջին փուլում հիվանդը լիովին կախված է մարդկանց օգնությունից։ Խոսքին տիրապետելը կրճատվում է մինչև առանձին դարձվածքների և, նույնիսկ, մինչև առանձին բառերի օգտագործման աստիճան, որի արդյունքում նորմալ խոսքը լիովին կորչում է։

Չնայած վերբալ կարողությունների կորստին, հիվանդները հաճախ ընդունակ են հասկանալ և պատասխանել իրենց ուղղված հոգատար վերաբերմունքին։ Թեև այս փուլում նրանց մոտ դեռ կարող են լինել ագրեսիայի երևույթներ, հիմնականում հիվանդների վիճակը բնորոշվում է ապատիայով (հոգեկան անտարբերության հիվանդագին վիճակ, հուլություն) և հյուծմամբ։ Ինչ-որ պահից սկսած՝ նրանք անկարող են դառնում կատարելու նույնիսկ ամենապարզունակ գործողությունները՝ առանց ուրիշների օգնության։

Հիվանդը կորցնում է մկանային զանգվածը, դժվարությամբ է շարժվում և որոշակի փուլում չի կարողանում նույնիսկ անկողնուց վեր կենալ և ինքնուրույն սնվել։ Մահը հիմնականում վրա է հասնում կողմնակի պատճառներից, օրինակ՝ խոցերից, պնևմոնիայից, և ոչ թե կոնկրետ Ալցհայմերի հիվանդությունից։

Էթիոլոգիա

Ալցհեյմերի հիվանդության պատճառը մինչև հիմա անհայտ է, 1%-5% դեպքերում նշվում է ժառանգականության դերը։ Կան որոշ վարկածներ, որոնք փորձում են բացատրել հիվանդության էթիոլոգիան։

Գենետիկա

Չնայած Ալցհայմերի հիվանդության տարածված ձևի պատճառը դեռևս գենետիկորեն հնարավոր չէ բացատրել, այնուամենայնիվ, հայտնի են հիվանդության հազվադեպ վաղ ձևի առաջացումը պայմանավորող երեք գեներ։ Ներկայումս առավել արտահայտված գենետիկական ռիսկի գործոնը APOE գենն է, որի տարատեսակները, սակայն, կապված են հիվանդության միայն որոշ ձևերի հետ։

Մինչև 60 տարեկանում հանդիպող հիվանդության դեպքերի 10%-ից պակասն է կապված աուտոսոմ-դոմինանտային (ընտանեկան) մուտացիաների հետ. սրանք կազմում են ընդհանուր դեպքերի մինչև 0,01%-ը։ Պրեսենիլին 1 և պրեսենիլին 2-ի APP գեներում հայտնաբերված մուտացիաների մեծամասնությունը մեծացնում է սենիլային թիթեղիկների կազմի մեջ մտնող Abeta42 փոքր սպիտակուցի սինթեզը։

Հիվանդների մեծամասնության գերդաստանում հայտնաբերված չէ հիվանդության հանդեպ նախատրամադրվածություն, սակայն վերոնշյալ գեները կարող են մասամբ մեծացնել հիվանդանալու ռիսկը։ Հիվանդության ամենահայտնի գենետիկական ռիսկը՝ APOE գենի

E4 ալելն է, որով, ըստ ենթադրությունների, պայմանավորված են ուշ սպորադիկ հիվանդության դեպքերի մինչև կեսը։ Գենետիկները գտնում են, որ շատ այլ գեներ նույնպես կարող են այս կամ այն չափով պայմանավորել Ալցհայմերի հիվանդության ուշ ձևերի զարգացումը։ Հիվանդության տարածված ձևի ժառանգական գործոնները պարզելու նպատակով ուսումնասիրվել են ավելի քան 400 գեներ։ Վերջերս ուսումնասիրված RELN գենի տարատեսակը, օրինակ, կապված է կանանց հիվանդացության մեծացման հետ։

Խոլիներգիկ տեսություն

Ամենահին վարկածն է, որի հիման վրա է իրականացվում Ալցհեյմերի ներկայիս դեղորայքային բուժումը։ Այս տեսությունը պնդում է, որ Ալցհեյմեր առաջանում է նյարդամիջնորդանյութ ացետիլխոլինի առաջացման նվազման պատճառով։ Խոլիներգիկ վարկածը լայն տարածում չի գտել, քանզի այս վարկածից ելնելով առաջարկվող դեղորայքը ոչ այդքան արդյունավետ է։ Առաջարկվել են նաև այլ խոլիներգիկ էֆեկտներ, օրինակ, այն կարող է հրահրել ամիլոիդի կուտակում, որը հանգեցնում է նեյրոբորբոքման։

Ամիլոիդային տեսություն

1991թ.-ին առաջարկվեց տեսություն, որի համաձայն հիվանդության հիմնական ախտաբանական մեխանիզմը արտաբջջային Բետա ամիլոիդի ագրեգատների կուտակումն է։ Այս հիպոթեզի օգտին է խոսում նաև այն փաստը, որ ամիլոիդի նախորդ սպիտակուց` APP(Amyloid precursor protein) գտնվում է 21-րդ քրոմոսոմի վրա, իսկ այդ քրոմոսոմի տրիսոմիայի` Դաունի սինդրոմի ժամանակ, հայտնաբերվում է APP կոդավորող գենի նորմայից շատ կրկնօրինակներ և հետևաբար ավելի շատ ամիլոիդ β: Այդ փաստով պայմանավորված Դաունի սինդրոմով տառապողների մոտ Ալցհեյմեր է զարգացնում արդեն 40 տարեկանից։ Բացի դրանից, ապոլիպոպրոտեինի սպեցիֆիկ իզոտիպի(APOE 4) հետ կապված, ԱՀ-ի բարձր ռիսկը։ Չնայած ապոլիպոպրոտեինները մեծացնում են β ամիլոիդի դեգրադացիան, այնուամենայնիվ որոշ իզոտիպեր(APOE 4) այդքն էլ էֆեկտիվ չեն այդ գործում և հանգեցնոմ են ագրեգատների կուտակմանը ուղեղում։

Փորձարարական վակցինաներ են մշակվել, որոնք հեռացնում են ամիլոիդային վահանիկները, բայց կլինիկական պրակտիկայում արդյունավետություն չի գրանցվել։ Հետազոտողները կասկածում են ոչ վահանիկային ամիլոիդի օլիգոմերների առկայություն:Այս տոքսիկ օլիգոմերները կապվում են նեյրոնի մակերեսային ընկալիչներին և փոխում են սինապսների կառուցվածքը ու խախտում միջնեյրոնալ փոխազդեցությունը։ Ամիլոիդ β-ի մոնոմերների ընկալիչներից մեկը կարող է լինել պրիոնային սպիտակուց, այդ նույն սպիտակուցի հետ է կապված նաև Խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիայի մարդկանց ախտահարող տարբերակը(mad cow desease)`Կրեյցֆելդտ-Յակոբի հիվանդությունը։ Այնուամենայնիվ ամիլոիդի կուտակումը չի բացատրում Ալցհեյմերի զարգացման ամբողջ կասկադը։ Այժմ ենթադրվում է, որ ամիլոիդը հանդիսանում է ոչ թե անմիջական պատճառ, այլ տրիգեր, վերջինս թողարկում է նեյրոդեգեներատիվ մեխանիզմներ, այդ թվում տաուպաթիաներ ու նեյրոնների մահ, որոնք էլ առաջացնում են հիվանդությունը։ Իսկ այն հարցին, թե ինչն է նպաստում ամիլոիդի առաջացմանը, գիտնականները դեռ չունեն պատասխան։

Տաու սպիտակուցի տեսություն

Ալցհայմերի Հիվանդություն 
Պատկերված է միկրոխողովակների կազմալուծումը Ալցհայմերի հիվանդության ժամանակ։

Տաու տեսությունը պնդում է, որ այս միկրոխողովակային սպիտակուցի դեֆեկտները խթանում են Ալցհայմերի հիվանդության ախտաբանական կասկադը։ Այս մոդելում, գերֆոսֆորիլացված տաու սպիտակուցը ինքնաագրեգացվում է և կորցնում լուծելիությունը։ Արդյունքում առաջանում են նեյրոֆիբրիլյար կծիկներ, որոնք կուտակվում են նեյրոններում, ինչը հանգեցնում է միկրոխողովակների ապակայունացմանը և բջջակմախքի քանդմանը, ինչից խախտվում է նեյրոնալ տրանսպորտը։ Սկզբնական շրջանում սա հանգեցնում է նյարդային բջիջների միջև կապի խախտմանը, այնուհետև նաև բջիջների մահվանը։

Այլ տեսություններ

Նյարդաանոթային տեսությունը հիվանդությունը կապում է հեմատոէնցեֆալիկ պատնեշի դիսֆունկցիայի հետ։ ԱՀ-ի ժամանակ խախտված են ներբջջային հոմեոստազը և իոնային հավասարակշռությունը, բայց դա պատճառ է, թե հետևանք՝ դեռ պարզ չէ։ Այս իոնները (Cu, Fe, Zn) ազդում են և ենթարկվում են տաուի, APP-ի, APOE4-ի ազդեցությանը ու հանգեցնում օքսիդատիվ սթրեսի, որը թողարկում է պաթոլոգիկ շղթա։ Շատ գիտնականներ թերահավատորեն են մոտենում այս հետազոտությանը և կարծիքները դեռ հակասական են։

Ծխելը, մթնոլորտի աղտոտումը, բնածին իմուն պատասխանի բաղադրիչները, սպիրոխետային ինֆեկցիաները ևս կասկածվում են, որպես էթիոլոգիկ գործոններ։

Բարրի Ռեյզբերգը առաջ քաշեց ռետրոգեն տեսության վարկածը, որի էությունը հետևյալն է` ներարգանդային զարգացման ընթացքում նյարդային համակարգը անցնում է զարգացման որոշակի փուլեր, նեյրուլացիայից մինչև նյարդերի միելինիզացիա և աստիճանաբար ձևավորվում են կոգնիտիվ ֆունկցիաները։ Ալցահեյմերի հիվանդության ժամանակ այս գործընթացը գնում է հակառակ ուղղությամբ, նյարդերը դեմիելինիզացվում են, ախտահարվում է գորշ նյութը, կոգնիտիվ ֆունկցիաները հետ են զարգանում Ռեյզբերգը հիվանդներին խնամողների համար ստեղծել է ձեռնարկ, որը կոչվում է FAST(Functional Assessment Staging Tool), որտեղ ամեն փուլում գտնվող հիվանդի համար առաջարկվում է յուրահատուկ մոտեցում։

Ախտաֆիզիոլոգիա

Նյարդաախտաբանություն

Ալցհայմերի հիվանդությունը բնութագրվում է նեյրոնների ու սինապսների կորստով գլխուղեղի կեղևում և ենթակեղևային որոշ կենտրոններում։ Ատրոֆիան զարգանում է քունքային, գագաթային, ճակատային բլթի կեղևի մի մասում և գոտկային գալարում, ինչպես նաև դեգեներատիվ պրոցեսներ են հայնտաբերվել գլխուղեղի հիմի կորիզներում։ PET և MRI հետազոտման մեթոդներով հայտնաբերվել է ուղեղի սպեցիֆիկ հատվածների չափերի փոքրացում, ընդ որում թեթև կոգնիտիվ ախտաբունթյունից մինչև Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, ուղեղի չափերը գնալով փոքրանում են և հիվանդության ծանր փուլում արդեն նկարագրվում է էական տարբե՝րություն նույն տարիքի առողջ մեծահասակների հետ համեմատած։

Մանրադիտակով հստակ տեսանելի են և՛ ամիլոիդի վահանիկները, և՛ նեյրոֆիբրիլյար կծիկները։ Վահանիկները խիտ են, հիմնականում կազմված անլուծելի բետա-ամիլոիդ պեպտիդից։ Նեյրոֆիբրիլյար կծիկները` միկրոխողովակային տաու սպիտակուցի ագրեգատներ են, որոնք հիպերֆոսֆորիլացվում են և կուտակվում։ Չնայած տարեցների մոտ որոշ քանակով հայտնաբերվում են և՛ վահանիկներ և՛ կծիկներ, այնուամենայնիվ, դրանք ոչ ախտաբանական տարիքային փոփոխություններ են և շատ անգամ ավելի քիչ են Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների հետ համեմատ։ Ոչ հազվադեպ հայտնաբերվում են նաև Լևիի մարմնիկներ։

Կենսաքիմիա

Ֆերմենտներն ազդում են APP֊ի (ամիլոիդ-բետա նախանյութ-սպիտակուց) վրա և բաժանում հատվածների։ Բետա-ամիլոիդ հատվածը վճռորոշ դեր է կատարում Ալցհայմերի հիվանդության ժամանակ ամիլոիդային թիթեղների առաջացման գործում։

Հայտնի է, որ Ալցհայմերի հիվանդությունը միշտ ուղեկցվում է պրոտեինոպաթիայով՝ ուղեղային հյուսվածքներում ոչ նորմալ կառուցվածքով սպիտակուցներ՝ բետա-ամիլոիդ և տաու սպիտակուցների կուտակմամբ։ Վահանիկները ձևավորվում են փոքր պեպտիդներից՝ 39-43 ամինաթթուների երկարությամբ՝ կառուցվածքի մեջ ընդգրկելով բետա-ամիլոիդ(A-beta, Aβ)։ Բետա-ամիլոիդը ավելի խոշոր սպիտակուց-նախորդի՝ APP-ի, ֆրագմենտ է։ Այս տրանսմեմբրանային սպիտակուցը կարևոր դեր ունի նեյրոնի աճի, նրա կենսունակության և վնասման դեպքում վերականգնման գործընթացում։ Ալցհայմերի հիվանդության ժամանակ, դեռ անհայտ պատճառներով, APP-ն ենթարկվում է պրոտեոլիզի՝ ֆերմենտների ազդեցությամբ բաժանվում է պեպտիդների։ Բետա-ամիլոիդային մասնիկները՝ կազմավորված պեպտիդներից մեկով, միջբջջային տարածությունում միաձուլվում են՝ ստեղծելով կարծր գոյացություններ (հայտնի են ինչպես ծերունական վահանիկներ)։ Ալցհայմերի հիվանդությունը պատկանում է նաև տաուպաթիաներին՝ հիվանդություններին, որոնք առնչվում են տաու-սպիտակուցի ախտաբանական ագրեգացիայի հետ։ Յուրաքանչյուր նեյրոն պարունակում է բջջակմախք, մասամբ միկրոխողովակներից կազմված, որոնք գործում են երկաթուղիների սկզբունքով՝ ուղևորելով սննդարար նյութերը և այլ մոլեկուլներ բջջի կենտրոնից դեպի պերիֆերիա՝ դեպի աքսոնի վերջավորություն և հակառակ ուղղությամբ։ Տաու-սպիտակուցը մի շարք այլ սպիտակուցների պես կապված է միկրոխողովակների հետ, մասնավորապես, ֆոսֆորիլացվելուց հետո այն վերջիններին կայունացնում է։ Ալցհայմերի հիվանդության ժամանակ տաու-սպիտակուցը ենթարկվում է ավելորդ ֆոսֆորիլացման, ինչի պատճառով սպիտակուցի թելիկները սկսում են կապակցվել իրար հետ՝ առաջացնելով նեյրոֆիբրիլյար կծիկներ և քայքայել նեյրոնի տրանսպորտային համակարգը։

Ախտաբանական մեխանիզմ

Հայտնի չէ, թե ինչպես է β-ամիլոիդային պեպտիդների սինթեզի խախտումն ու հետագա կուտակումն առաջացնում պաթոլոգիական փոփոխություններ Ալցհայմերի հիվանդության ժամանակ։ Ամիլոիդային վարկածը նշում է β-ամիլոիդների կուտակումն ինչպես հիմնական գործընթաց, որը նեյրոնային դեգեներացիայի թողարկիչ մեխանիզմ է։ Համարվում է, որ նրանց կուտակումները խախտում են կալցիումի իոնների հոմեոստազը բջջում և ակտիվացնում են ապոպտոզը։ Հայտնի է, որ հիվանդի նեյրոններում Aβ-ն կուտակվում է միտոքոնդրիումներում, ինչպես նաև այդ պեպտիդն արգելակում է որոշակի ֆերմենտների աշխատանքն ու ազդում գլյուկոզի յուրացման վրա։

Բորբոքային գործընթացներն ու ցիտոկինները կարող են դեր ունենալ պաթոֆիզիոլոգիայում։ Չնայած որ բորբոքումը ցանկացած հիվանդության ժամանակ հյուսվածքների վնասման ազդանշան է, այնուամենայնիվ, Ալցհայմերի հիվանդության ժամանակ ընդհանուր պաթոլոգիայի կողքին նրա դերը կամ երկրորդային է, կամ էլ իրենից ներկայացնում է իմունային ռեակցիայի մարկեր։

Ախտորոշում

Ալցհայմերի Հիվանդություն 
Ալցհեյմերով հիվանդի գլխուղեղի PET-scan

Ալցհեյմերի հիվանդությունը ախտորոշվում է հիմնվելով տվյալ անձի բժշկական պատմության, ընտանեկան անամնեզի և ֆիզիկալ զնման տվյալների վրա։ Նյարդաբանական և նյարդահոգեբանական ախտանիշների առկայությունը առանց այլ ակնհայտ պատճառի, Ալցհեյմեր ախտորոշումը դարձնում է ավելի հավանական։ Լրացուցիչ ախտորոշիչ մեթոդներ, ինչպիսիք են համակարգչային շերտագրությունը (տոմոգրաֆիա, CT), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (MRI), պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան (PET) և SPECT-ը օգտագործվում են ուղեղի այլ ախտաբանական վիճակներ բացառելու և թուլամտության(դեմենցիայի) ենթատիպը որոշելու համար:Ավելին, այն կարող է հայտնաբերել փոփոխությունները դեռ Ալցհեյմերի հիվանդության պրոդրոմալ շրջանում։

Ինտելեկտուալ կարողությունների գնահատումը, հատկապես հիշողության, օգնում է որոշելու հիվանդության ծանրության աստիճանը:Միջազգային բժշկական կազմակերպությունները ստեղծել են ախտորոշիչ չափորոշիչներ`առավել արագ և ստանդարտացված գնահատական տալու համար։ Ախտորոշումը կարող է դրվել նաև հետմահու, եթե կա հնարավորություն ուղեղի հյուսվածքի բիոպտատը հետազոտելու։

Չափորոշիչներ

Նյարդաբանական խանգարումների և ինֆարկտների միջազգային ինստիտուտը (National Institute of Neurological Disorders and Stroke(NINDS) և Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիան (Alzheimer's Disease and Related Disorders Association (ADRDA) 1984թ.-ին հրապարակել են ամենակիրառական չափորոշիչների հավաքածուն, վերջինս թարմացվել և համալրվել է 2007թ.-ին։

Չափորոշիչների մեջ մտնում են կոգնիտիվ ֆունկցիայի իջեցումը, կասկածվող թուլամտության հետ, որը ախտրոշվում է հնարավոր կամ հավանական ԱՀ նյարդահոգեբանական թեստի միջոցով։ Առավել հստակ ախտորոշման համար անհրաժեշտ է ուղեղի հյուսվածքի հիստոպաթոլոգիկ հետազոտություն։ Ախտորոշումը համարվում է առավել վստահելի, եթե ախտորոշիչ չափորոշիչները և հիստոպաթոլոգիկ հետազոտման արդյունքները համընկնում են։

Առավել հաճախ հիվանդության ժամանակ տուժում են կոգնիտիվ դոմեններից ութը` հիշողություն, խոսք, ընկալում, ուշադրություն, իմացածի կիրառում, կոորդինացիա, խնդիրներ լուծելու ունակություն և ամենօրյա ֆիզիկական գործողություններ կատարելու ունակություն։ Այս դոմենները համարժեք են չափորոշիչներին, որոնք հրապարակվել են Ամերիկայի Հոգեբուժական ասոցացիայի( American Psychiatric Association) կողմից` Հոգեկան(մտավոր) խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM-IV-TR):

Մեթոդներ

Նյարդահոգեբանական թեստերը, օրինակ` մտավոր վիճակի գնահատման հակիրճ սանդղակը (mini–mental state examination (MMSE)), լայնորեն կիրառվում են գնահատելու համար կոգնիտիվ ֆունկցիաների թուլացման աստիճանը:Նյարդաբանական զննումը ԱՀ-ի վաղ փուլերում կարող է չհայտնաբերել սպեցիֆիկ փոփոխություններ, անգամ եթե առկա են նյարդաբանական ախտանիշներ, դրանք կարող են ինչպես ԱՀ-ից, այնպես էլ ցանկացած այլ հիվանդությունից, որն ուղեկցվում է թուլամտությամբ։

Հետագա նյարդաբանական զննումը անգնահատելի է տարբերակիչ ախտորոշման համար։ Ընտանիքի անդամների հետ զրույցը ևս կարևորվում է ախտորոշման համար։ Ալցհեյմերով տառապողներին խնամողները կարող են տրամադրել օգտակար տեղեկություն ինչպես հիվանդների ամենօրյա շարժական ակտիվության, այնպես ել մտավոր ունակությունների իջեցման մասին։ Խնամողների կարծիքը կարևոր է, քանզի ԱՀ ունեցողները հաճախ չեն գիտակցում իրենց խնդիրները։

Լրացուցիչ ախտորոշիչ թեստերը հիվանդության կոնկրետ ասպեկտների մասին տալիս են հավելյալ տեղեկատվություն և օգնում են բացառել այլ հիվանդությունները։ Արյան քննությունը հայտնաբերում է թուլամտության այլ պատճառներ, որոնք հազվադեպ կարող են լինել նաև դարձելի։ Հաճախ որոշվում է վահանագեղձի հորմոնների, Vit B12-ի, ծանր մետաղների քանակը, բացառում են սիֆիլիսը, նյութափոխանակային խնդիրները (ներառյալ երիկամի ֆունկցիոնալ ախտորոշում, էլեկտոլիտների մակարդակի որոշում, դիաբետի ախտորոշում) և անեմիան։

Հոգեբանական թեստերն իրականացվում են դեպրեսիայի ախտորոշման համար, որը կարող է լինել ինչպես Ալցհեյմերի հիվանդության հետևանք, այնպես էլ պատճառ կամ զարգանալ հիվանդությունից անկախ։

Կանխարգելում

Բազմաթիվ հետազոտություններ են կատարվում, հայտնաբերելու համար սպեցիֆիկ գործոններ, որոնք կօգնեն կանխարգելել, կամ գոնե հետաձգել ԱՀ-ի(Ալցհեյմերի հիվանդության) զարգացումը։ Համաճարակաբանական ուսումնասիրությունները ենթադրում են, որ վերահսկելով այնպիսի մոդիֆիկացվող գործոններ, ինչպիսիք են սննդակարգը, սիրտանոթային հիվանդությունների ռիսկը, ֆարմակոթերապիան, ինչպես նաև ինտելեկտուալ գործունեությունը, հնարավոր է կանխարգելել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:Այնուամենայնիվ, ներկայումս, ոչ մի ապացուցված միջոց չկա ԱՀ-ն կանխարգելելու համար։

Դեղորայք

Չնայած սիրտանոթային ռիսկի գործոնները, ինչպիսին են գերխոլեստերինեմիան, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը և ծխելը, կապված են Ալցհեյմերի հիվանդության ռիսկի բարձրացման հետ, այնուամենայնիվ, օրինակ ստատինները, որոնք նվազեցնում են խոլեստերինի քանակը արյան մեջ, անարդյունավետ են ԱՀ-ի կանխարգելման մեջ։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքի (ՈՍՀԴ) երկարատև օգտագործումը նվազեցնում է ԱՀ-ի զարգացման ռիսկը։ Ապացուցված է, որ ՈՍՀԴ-ները իջեցնում են ամիլոիդային վահանիկի հետ կապված բորբոքումը։ Չնայած դրան, որպես արդյունավետ բուժման մեթոդ ՈՍՀԴ-ները չեն հաստատվել։ Հետդաշտանադադարի շրջանում օգտագործվող հորմոնալ թերապիան, որը նախկինում նաև Ալցհեյմերի հիվանդության բուժման համար էր օգտագործվում, ներկայումս կապվում է դեմենցիայի ռիսկի բարձրացման հետ։

Կենսակերպ

Մարդիկ, ովքեր զբաղվում են ինտելեկտուալ գործունեությամբ, ինչպես օրինակ կարդալը, սեղանի խաղեր խաղալը, խաչբառ լուծելը, երաժշտական գործիք նվագելը կամ սոցիալական ակտիվ գործունեությունը, ունեն Ալցհեյմերի հիվանդության ավելի ցածր ռիսկ։ Այս երևույթը բացատրվում է նրանով, որ կյանքի ընթացքում, եթե շատ ես զբաղվում ինտելեկտուալ գործունեությամբ, նեյրոնների ֆունկցիոնալ ակտիվությունը(սինապսների քանակը) աճում է և հնարավորություն է տալիս հետաձգել դեմենցիայի կլինիկական դրսևորումը։ Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն կանխարգելում, այլ նաև նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները։

Սննդակարգ

Մարդիկ, ովքեր ունեն առողջ, ճապոնական կամ միջերկրածովյան սննդակարգ ԱՀ-ի ավելի ցածր ռիսկի խմբում են, իսկ ում սննդում գերակշռում են հագեցած ճարպերն ու պարզ ածխաջրերը` ավելի բարձր։ Միջերկրածովյան սննդակարգը նաև նվազեցնում է ախտանիշները արդեն հիվանդություն ունեցողների մոտ, ամենայն հավանականությամբ սիրտանոթային հիվանդությունները կանխարգելող մեխանիզմով։ Սպեցիֆիկ բաղադրիչների դերը կանխարգելման հարցում պարզաբանելը ավելի բարդ է, իրականացվել են ռանդոմիզացված հետազոտություններ տարբեր պոպուլյացիաներում։ Կա կարծիք, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը, մասնավորապես կարմիր գինու, նվազեցնում է ԱՀ-ի ռիսկը։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև կոֆեինը, թեյը և բիոֆլավինոիդներով հարուստ սնունդը, որպես արդյունավետ կանխարգելիչ միջոցներ։ Վիտամինների և հանքային տարրերի նշանակությունը դեռ հստակ պարզաբանված չէ։ Ենթադրվում է, որ Վիտամին A-ն, C-ն, ալֆա-տոկոֆերոլը(Vit E), ֆոլաթթուն և B12-ը կարևոր դեր ունեն ԱՀ-ի կանխարգելման հարցում։ Ձկների և բույսերի օմեգա-3 ճարպաթթուները չունեն որևէ ապացուցված բարելավող ազդեցություն Ալցհեյմերով հիվանդների մոտ։

Բուժում

Ալցհայմերի հիվանդությունը չի բուժվում։ Բուժման հնարավոր մեթոդները միայն ազդում են արտահայտվող ախտանշանների վրա և իրենց բնույթով զուտ հիվանդի վիճակը թեթևացնող միջոցներ են։

Դեղորայքային բուժում

Ալցհայմերի Հիվանդություն 
Ացետիլխոլինէսթերազայի ինհիբիտոր դոնեպեզիլի եռաչափ կառուցվածքը, որն օգտագործվում է ախտանիշային բուժման նպատակով։
Ալցհայմերի Հիվանդություն 
Մեմանտինի մոլեկուլային կառուցվածքը․ այս դեղամիջոցը հաստատվել է Ալցհայմերի հիվանդության դեպքում կիրառման համար

FDA և EMEA գործակալությունների կողմից ներկայումս երաշխավորված են չորս պատրաստուկներ (խոլինէսթերազի երեք ինհիբիտորներ, NMDA-անտագոնրստներ), որոնք նախատեսված են հիվանդության ժամանակ կոգնիտիվ խանգարումների բուժման համար։ Չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել կամ կանգնեցնել հիվանդության զարգացումը։

Ալցհայմերի հիվանդության հայտնի նշաններից է խոլինէրգիկ նեյրոնների ակտիվության նվազումը։ Խոլինէսթերազի ինհիբիտորները դանդաղեցնում են ացետիլխոլինի տրոհման արագությունը, բարձրացնելով նրա խտաստիճանը ուղեղում և փոխհատուցում խոլինէրգիական նեյրոնների կորստի հետևանքով առաջացող ացետիլխոլինի կորուստը։

2008 թվականի դրությամբ կիրառվում են այնպիսի ինհիբիտորներ, ինչպիսիք են դոնեպեզիլը, գալանտամինը, ռիվաստիգմինը։ Փաստերը վկայում են դրանց արդյունավետության մասին հիմնականում հիվանդության սկզբնական և չափավոր փուլերում, որոշ դեպքերում նաև՝ ուշ փուլերում։ Միայն դոնեպեզիլն է, որ երաշխավորված է ուղեղի աշխատանքի խիստ թուլացման դեպքերում։ Այս պատրաստուկերի կիրառումը կոգնիտիվ մեղմ խանգարումների դեպքում չի դանադաղեցնում հիվանդության առաջացումը։ Պատրաստուկների կողմնակի ազդեցություններից ամենատարածվածը սրտխառնոցն է և փսխումը, որոնք կապված են խոլինէրգիկ ակտիվության բարձրացման հետ և նկատվում են հիվանդների 1-10%-ի մոտ։ Սակավ դեպքերում հանդիպում է մկանների կծկանք, դանդաղասրտություն, ախորժակի նվազում, քաշի անկում, ստամոքսահյութի թթվայնության բարձրացում։

Դրդիչ նյարդամիջնորդանյութ գլյուտամատը մեծ դեր է խաղում նյարդային համակարգի աշխատանքում, բայց նրա ավելցուկն առաջացնում է գլյուտամատային ընկալիչների ակտիվության մեծացում և կարող է առաջացնել բջիջների մահ։ Այդ գործընթացը կոչվում է էքսայտոտոքսիկություն, որը նկատվում է ոչ միայն Ալցհայմերի հիվանդության, այլև այլ դեպքերում. օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության և ցրված սկլերոզի դեպքում։

Մեմանտին դեղամիջոցը, որը սկզբում կիրառվել է գրիպի բուժման համար, ճնշում է NMDA-ընկալիչները։ Այս դեղամիջոցն ազդում է հիվանդության միջին և ծանր փուլերում, սակայն հայտնի չէ, թե ինչպես է այն գործում հիվանդության սկզբնական փուլերում։ Սակավ դեպքերում նկատվում են թույլ կողմնակի ազդեցություններ՝ զգայապատրանք (հալյուցինացիա), խանգարում, գլխապտույտ, գլխացավ, հոգնածություն։ Դոնեպեզիլի հետ զուգակցման դեպքում կոգնիտիվ ցուցանիշների վրա մեմանտինը ցուցաբերում է վիճակագրորեն նկատելի, սակայն կլինիկորեն հազիվ նշմարելի արդյունավետություն։

Այն հիվանդների մոտ, որոնց վարքը խնդրահարույց է, հակապսիխոտիկները կարող են որոշակիորեն թուլացնել ագրեսիայի արտահայտվածությունը և ազդել հոգեկանի վրա։ Այն նույն ժամանակ այս պատրաստուկները թողնում են կողմնակի լուրջ ազդեցություններ, մասնավորապես՝ ուղեղաանոթային բարդություններ, շարժողական խանգարումներ, կոգնիտոիվ ընդունակությունների նվազում, որոնք բացառում են նրանց ամենօրյա օգտագործումը։ Հակապսիխոտիկների երկարատև նշանակման դեպքում նկատվում է մահացության բարձրացում։

Հոգեբանական օգնություն

Դեղորայքային բուժմանը զուգահեռ Ալցհայմերով հիվանդներին անհրաժեշտ է լինում հոգեբանական օգնություն, որն ունի տարբեր ուղղություններ` վարքային, էմոցիոնալ, կոգնիտիվ, մոտիվացիոն։ Վարքային ուղղության հիմնական նպատակն է հիվանդներին դարձնել առավել զսպված, քիչ ագրեսիվ և համբերատար։

Էմոցիոնալ տեսանկյունից բարելավումների հասնելու համար, այս մարդկանց հետ զբաղվում են հոգեբանները, փորձում են այդ մարդկանց անցյալից պատմել, օգնել հիշել իրադարձություններ և դեպքեր, երբեմն հիվանդները այլ մարդկանց իրենց մտերիմներից մեկի փոխարեն են ընդունում ու այս դեպքում չպետք է միանգամից հրաժարվել, այլ շարունակել բեմադրել ու տալ այդ հիվանդին խոսելու, կիսվելու հանարավորություն։ Գիտնականները ապացուցել են այս գործընթացի արդյունավետությունը։

Երբ փորձում են հիվանդներին անցյալից դեպքեր հիշեցնել, օգտագործում են այս հիվանդների սիրելի երաժշտությունը, նայում են հին ֆոտոալբոմները,ցուցադրում տան պարագաներ, հարազատ իրեր, սա կոչվում է հիշեցնող թերապիա(Reminiscence therapy (RT)):

Կոգնիտիվ ֆունկցիաները բարելավելը շատ կարևոր խնդիր է, հիվանդներին օգնում են գիտակցել իրականությունը, պատկերացնել ժամանակը, ներկա պահը, իրենց կարգավիճակը։ Երբեմն սա բացասական հետևանքներ է թողնում, օրինակ հանգեցնում է ֆրուստրացիայի։

Մոտիվացնող թերապիան, իր մեջ ներառում է արվեստ, երաժշտություն, ընտանի կենդանիներ, մարմնամարզություններ և ցանկացած այլ տեսակի ռեկրեացիոն զբաղմունք։ Այս բուժման հիմնական նպատակը ոչ թե սիմպտոմների վերացումն է, այլ հիվանդի տրամադրության և առօրյայի բարելավումը։

Խնամք

Հաշվի առնելով, որ Ալցհայմերը անբուժելի հիվանդություն է և այս ախտով տառապողները ինքնուրույն չեն կարող հոգ տանել իրենց մասին, այս անձանց խնամքը կարևորագույն հարց է։ Հիվանդության վաղ փուլերում այս հիվանդներն ավելի զգուշավոր են դառնում և խնամողների համար դեռ հեշտ է։ Աստիճանաբար զգուշավորությունը հասնում է հիվանդագին աստիճանի, այս մարդիկ սկսում են հաց անգամ չուտել, անընդհատ կողպել դռները և մեկուսանալ բոլորից։ Երբ ուտելը դառնում է դժվար, խնամողներն են սկսում կերակրել հիվանդներին, իսկ վերջնական փուլում անհրաժեշտ է լինում արհեստական սնուցում կազմակերպել։ Հազվադեպ անհրաժեշտ է լինում հիվանդների նկատմամբ զսպող միջոցառումներ իրականանցել, քանզի նրանք դառնում են շատ ագրեսիվ և կարող են շրջապատին վնասել։ ԱՀ-ի պրոգրեիվումը կարող է զանազան ախտաբանական վիճակների հանգեցնել, հատկապես վերջնական փուլերում` ստոմատիտներ, գինգիվիտներ, պառկելախոցեր, թերսնուցում, հիգիենիկ խնդիրներ, շնչական, մաշկային կամ աչքի ինֆեկցիաներ։ Ճիշտ կազմակերպված խնամքը կարող է կանխել այս ամենի զարգացումը, դրա համար ԱՀ-ով հիվանդներին մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ։ Հիվանդները, իրենց կյանքի մնացած հատվածում ապրում են հոսփիսներում :

Կանխատեսում

Ալցհայմերի հիվանդության վաղ ախտորոշումը բավականին բարդ է։ Հստակ ախտորոշումը հիմնականում դրվում է, երբ կոգնիտիվ խանգարումները դրսևորվում են ամենօրյա գործունեության ընթացքում, չնայած տվյալ անձը կարող է դեռ ինքնուրույն ապրել։ Ախտանիշները կարող են պրոգրեսիվել, թեթև արտահայտված հիշողության կորստից մինչև կոգնիտիվ և շարժողական ֆունկցիաների զգալի նվազում, մինչև դառնում են լրիվ անկարող ինքնուրույն ապրել։

Կյանքի սպասվող միջին տևողությունը ԱՀ-ով տառապողների մոտ կարճ է` մոտավորապես երեքից տաս տարի։ Տասնչորս տարուց ավել ապրում են հիվանդների ոչ ավելի, քան 3%-ը։ Առավել վատ կանխատեսում ունեն, հիվանդները ում մոտ նկարագրվում է կոգնիտիվ ֆունկցիաների արտահայտված իջեցում, շարժական ֆունկցիայի զգալի նվազում, ուշաթափությունների հաճախակի դրվագներ և զննմամբ հայտնաբերված նյարդաբանական ախտանիշներ։

Այլ ախտաբանական վիճակներ, ինչպիսին են սիրտանոթային խնդիրները, դիաբետը, կամ ալկոհոլի երկարատև օգտագործումը, նույնպես կապված են կյանքի տևողության կարճացման հետ:Կանանց մոտ ապրելու շանսերը ավելի մեծ են, քան տղամարդկանց մոտ։

Թոքաբորբը և ջրազրկումը Ալցհեյմերով հիվանդների մահվան ամենահաճախակի պատճառներն են, մինչդեռ չարորակ նորագոյացությունները ԱՀ-ով հիվանդների մոտ ավելի հազվադեպ են հանգեցնում մահվան, քան ընդհանուր պոպուլյացիայում։

Տարածվածություն

Ալցհայմերի Հիվանդություն 
Ալցհայմերի հիվանդությամբ և այլ դեմենցիաներով տառապողների կյանքի տևողությունը 100000 բնակչության հաշվով՝ կարգավորված ըստ անգործունակության աստիճանի, 2004 թ
Հիվանդացություն
65 տարեկանից բարձր անձանց մոտ
Տարիք Հիվանդացություն
(նոր դեպքեր)
1000 անձի հաշվարկով
65-69 3
70-74 6
75-79 9
80-84 23
85-89 40
90-   69

Համաճարակաբանական ուսումնասիրություններում օգտագործվում են երկու հիմնական ցուցանիշներ՝ հիվանդացության մակարդակը և հիվանդության տարածվածությունը։ Հիվանդացությունը ցույց է տալիս մարդ-ժամանակ միավորին բաժին ընկնող նոր դեպքերի թիվը (սովորաբար՝ մեկ տարվա ընթացքում հազար մարդու հաշվով նոր դեպքերի քանակը), իսկ հիվանդության տարածվածությունը ցույց է տալիս պոպուլյացիայում ժամանակի որոշակի պահին հիվանդությունով ախտահարվածների ընդհանուր թիվը։

Երկարատև խմբային ուսումնասիրությունները (որոնց ընթացքում սկզբնապես առողջ մարդկանց պոպուլյացիային հետևում են տարիներ շարունակ) վկայում են, որ հիվանդացության մակարդակը հազար մարդ-տարվա հաշվով կազմում է 10-15 նոր դեպք՝ թուլամտությունների բոլոր տիպերի համար և 5-8 դեպք՝ Ալցհայմերի հիվանդության համար, ինչը կազմում է տարեկան ախտորոշվող ընդհանուր դեպքերի մոտ կեսը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական ռիսկի գործոնը հանդիսանսում է տարիքը՝ 65 տարին լրանալուց հետո ամեն հինգ տարում ռիսկի ցուցանիշը կրկնապատկվում է, 65 տարեկանում 3 դեպքից աճելով հասնում է 69 դեպքի՝ 95 տարեկանում։ Գոյություն ունեն նաև սեռային տարբերություններ՝ Ալցհայմերի հիվանդությամբ ավելի հաճախ են հիվանդանում կանայք՝ հատկապես 85 տարեկանից հետո։

Ալցհայմերի Հիվանդություն 

Բնակչության շրջանում հիվանդության տարածվածությունը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ ընդհանուր հիվանդացությունից և մահացությունից։ Քանի որ հիվանդացության մակարդակը մեծանում է տարիքի հետ, անհրաժեշտ է տվյալ տարածքում մարդկանց միջին տարիքը հաշվի առնել։ ԱՄՆ-ում 2000 թվականի դրությամբ բնակչության 1,6%-ը, ինչպես ընդհանուր այնպես էլ 65-74 տարիքային խմբում, ունեցել է Ալցհայմերի հիվանդություն։ 75-84 տարիքային խմբում այդ ցուցանիշը կազմել է 19%։ Իսկ այն քաղաքացիների շրջանում, ում տարիքը գերազանցել է 84-ը՝ հիվանդության տարածումը կազմել է 42%։ Ավելի քիչ զարգացած երկրներում հիվանդության տարածվածությունը ավելի ցածր է։ ԱՀԿ-ի տվյալներով 2005 թվականին թուլամտությամբ (դեմենցիայով) տառապել է աշխարհի բնակչության 0,379%, իսկ 2015 թվականին կանխատեսումներով այն կհասնի 0,441% և 2030 թվականին բնակչության ավելի մեծ մաս՝ 0,556% կարող է լինել ախտահարված։

Այս եզրակացության են գալիս նաև այլ աշխատանքների հեղինակներ։ Եվս մեկ հետազոտություն խոսում է այն մասին, որ 2006 թվականին աշխարհում հիվանդության տարածվածությունը կազմել է 0,40% (միջակայքը՝ 0,17%-0,89%, ընդհանուր քանակը՝ 26,6 միլիոն - 11,4-59,4 միլիոն միջակայքով) և կանխատեսվում է, որ մասնաբաժնի ցուցանիշը կեռապատկվի, իսկ 2050 թվականին հիվանդների բացարձակ քանակը կքառապատկվի։

Պատմություն

Հին Հունաստանի և Հռոմի բժիշկներն ու փիլիսոփաները կապում էին ծերությունը գիտակցության թուլացման հետ, սակայն միայն 1901 թ. գերմանացի հոգեբան Ալոիս Ալցհայմերը գրանցեց մի հիվանդության դեպք, որը հետագայում կոչվեց իր անունով։ Հիսունամյա Ավգուստա Դ.-ի հիվանդության վերլուծությունը նա հրապարակել է միայն 1906 թ.-ին՝ հիվանդի մահից հետո։ Հետագա 5 տարվա ընթացքում բժշկական գրականության մեջ ի հայտ եկան ևս 11 նմանատիպ դեպքերի նկարագրություններ, ընդ որում՝ որոշ հեղինակներ արդեն կիրառում էին «Ալցհայմերի հիվանդություն» տերմինը։ Էմիլ Կրեպելինը առաջինն էր, ով Ալցհայմերի հիվանդությունը համարեց առանձին հիվանդություն։ 1910 թ.-ին նա առանձնացրեց այն, որպես սենիլային դեմենցիայի (ծերունական թուլամտություն) ենթատիպ իր՝ հոգեբանության ութերորդ դասագրքում՝ տալով դրան «ենթասենիլային դեմենցիա» անվանումը։

Ալցհայմերի հիվանդությունը 20-րդ դարում գրեթե միշտ ախտորոշում էին համեմատաբար երիտասարդ հիվանդների մոտ, որոնց մոտ առաջին ախտանիշերը հայտնվում էին 45-65 տարեկան հասակում։ Տերմինաբանությունը փոխվեց 1977 թ.-ին անցկացված Ալցհայմերի հիվանդությանը նվիրված կոնֆերանսից հետո, որի մասնակիցները եկան այն եզրակացության, որ ենթասենիլային ու սենիլային դեմենցիաների կլինիկական և ախտաբանական դրսևորումները գրեթե համընկնում են, չնայած չի բացառվում նաև էթիոլոգիական (պատճառների) տարբերությունների առկայությունը։ Աստիճանաբար ախտորոշել սկսեցին անկախ տարիքից, չնայած որոշ ժամանակ 65 տարեկանից բարձր անձանց հիվանդության նկարագրման համար դեռևս օգտագործվում էր «Ալցհայմերի տիպի սենիլային դեմենիցիա» տերմինը, «պահելով» Ալցհայմերի հիվանդության «դասական» ախտորոշումը ավելի երիտասարդների համար։ Արդյունքում «Ալցհայմերի հիվանդություն» տերմինը ձևականորեն ընդունվեց բժշկական անվանակարգության մեջ որպես հիվանդության տարատեսակ, որն ախտորոշվում էր անկախ տարիքից՝ բնորոշ ընթացք ունեցող և տիպիկ նյարդաբանական նշաններով ուղեկցվող համապատասխան ախտանիշերի առկայության դեպքում։

Հասարակություն և մշակույթ

Հասարակական բեռ

Թուլամտությունը և հատկապես Ալցհայմերի հիվանդությունը կապված է պետական և ոչ պետական մեծ ծախսերի հետ, ինչպես զարգացած երկրներում (ԱՄՆ, Եվրոպա), այնպեսել զարգացող երկրներում (Արգենտին))։ Այս ծախսերը գնալով աճում են և մեծացնում հասարակության վրա դրված բեռը։ Ծախսերը կարող են անմիջականորեն կապված լինել հիվանդների բուժման հետ`դեղորայք, խնամողներ, կամ լինել անուղղակի` տվյալ անձինք այլևս աշխատունակ չեն։ ԱՄՆ-ն յուրաքանչյուր տարի ծախսում է ավելի քան հարյուր միլիարդ ԱՄՆ դոլար Ալցհեյմերով հիվանդների համար։

Առավել մեծ ծախսեր են պահանջում երկարատև մասնագիտական բուժումը, որի վրա է օգտագործում Ալցհեյմերին նախատեսված բյուջեի երկու երրորդը։ Տնային խնամքը ևս թանկարժեք է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ընտանիքի անդամները ստպված են լինում աշխատանքից դուրս գալ և չստանալ աշխատավարձ։

Ծանր դեմենցիայով հիվանդներին էլ ավելի մեծ խնամք է պետք, հետևաբար շատ ծախսեր։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ցանկացած միջոց, որը կարող է հետաձգել կամ բարելավել ախտանիշները, բխում է ոչ միայն հիվանդի և հարազատների այլև պետության տնտեսության շահերից։

Խնամելու դժվարություններ

Խնամելու հոգսը հիմնականում իր վրա է վերցնում ամուսիններից մեկը կամ մոտ ազգականը։ Ալցհեյմերով հիվանդին խնամելիս խնամողը կանգնում է սոցիալական, հոգեբանական, ֆիզիկական և տնտեսական բարդույթների առաջ։ Խնամքը կազմակերպվում է և՛ տանը, և՛ հոսփիսներում ըստ ազգականների և հիվանդի ցանկության։ Մարդիկ, ովքեր խնամում են, հաճախ են ձեռք բերում հոգեբանական և ֆիզիկական խանգարումներ, բացի դրանից շաբաթական միջինում 47ժամ և ավելի ստիպված են լինում անցկացնել հիվանդների կողքին՝ աշխատանքի հաշվին, ինչը ֆինանսական դժվարությունների է հանգեցնում։ Ըստ հայտնի տվյալների ԱՄՆ-ում տարեկան 18000$-ից 77500$ է ծախսվում մեկ հիվանդի վրա։

Խնամողների հոգեբանական խնդիրները հաղթահարվում են անհատական կամ խմբակային կոգնիտիվ-վարքային թերապիայի միջոցով։

Ալցհայմերի հիվանդության լուսաբանում

Ալցհայմերի հիվանդությամբ տառապել են նաև շատ հայտնիներ` ԱՄՆ նախագահներից Ռոնալդ Ռեյգանը, իռլանդացի գրող Այրիս Մյորդոկը։ Այս անձանց մասին խոսվում էր ամենուր և հիվանդությունը ինտենսիվ լուսաբանվում էր ու դա ոգևորեց շատ գիտնականների և բժիշկների զբաղվել այս հարցով ու առաջարկել նոր մոտեցումներ։ Այլ հայտնի Ալցհեյմերով տառապողներից են եղել ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշը, Բրիտանիայի վարչապետներից Հարոլդ Վիլսոնը, Իսպանիայի վարչապետներից Ադոլֆո Սուարեսը, դերասաններ Պիտեր Ֆալկը, Ռիտա Հեյուորթը, Աննի Ժիրարդո, գրող Թերրի Փրաթչեթը։

ԱՀ-ն լուսաբանվել է նաև ֆիլմերում, ինչպիսիք են Այրիս(Iris 2001), Հուշատետր(The Notebook 2004)` Նիկոլաս Սփարքսի նովելի հիման վրա, Տանմատրա(Thanmathra 2005), Հուշեր վաղվա օրվանից (Memories of Tomorrow 2006), Նրանից հեռու (Away from her 2006), Դեռևս Էլիս(Stilll Alice 2014)` Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորի մասին, որը նկարահանվել է Լիզա Ջենովայի նովելի հիման վրա, վավերագրական ֆիլմեր, ինչպսիին են Մալքոլմ և Բարբարա։ Սիրո պատմություն (Malcolm and Barbara:A Love Story 1999) ու Մալքոլմ և Բարբարա։ Հրաժեշտ սիրուն(Love's Farewall):

Հետազոտման ուղղություններ

Դեղորայք

Առ 2014թ.-ը ավելի քան 400 դեղորայքային բուժման միջոցներ են ներդրվել կամ առաջարկվել, այդ ուղղությամբ կատարվել են 1500-ից ավելի հետազոտություններ, որոնց քառորդ մասը 3-րդ փուլի հետազոտություններ են։ Չնայած դրան, 2002-2012 թվականներին 244-ից ավելի առաջարկված բուժական միջոցներից միայն մեկը՝ մեմանտինն է ընդունվել ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի որակի վերահսկողության վարչության(FDA) կողմից։

Բուժման մոտեցումներից է հիվանդության պաթոգենետիկ բուժումը։ Հիմնական թիրախը բետա-ամիլոիդի մակարդակի իջեցումն է, որն իրականացվում է իմունաթերապիայով կամ վակցինացիաներով։ Ի տարբերություն կանխարգելիչ վակցիանացիայի, թերապևտիկ մոտեցումը հնարավոր է կիրառել միայն արդեն ախտորոշված անձանց մոտ։ Այս մեթոդի էությունն այն է, որ մարդու իմուն համակարգը վարժվում է ամիլոիդի կուտակումները ճանաչելուն, գրոհելուն և ոչնչացնելուն։ Նման վակցինա ստանալու փորձ կատարվել է 2008թ.-ին, բայց հետագա ուսումնասիրությունները հետաձգվել են։ Մեկ այլ փորձարկումների թիրախ է բապինեուզումաբը(Bapineuzumab), որը սինթետիկ հակամարմին է, ամիլոիդի նկատմամբ, չնայած նախնական կանխատեսումներին այս դեղերի կիրառումը կլինիկայում հակառակ պատկեր է տալիս բուժման արդյունավետության տեսանկյունից։ Դեղամիջոցների մեկ այլ խումբ են կազմում նեյրոպրոտեկտորները, որոնցով բուժման արդյունքները բավականին հուսադրող են:Այդ դեղամիջոցներից են AL-108, PBT2` մետաղ-սպիտակուց փոխազդեցության ինհիբիտորներ, Էտաներցեպտը՝ TNFα-ի ընկալիչների ինհիբիտոր։

Իրարից անկախ կատարված երկու հետազոտությունների նախնական տվյալներով՝ մեթիլթիոնիումի քլորիդով(ընկճում է տաու սպիտակուցի ագգրեգացիան) և դիմեբոնով (հակահիստամինային) բուժումը թեթևից միջին աստիճանի ծանրության Ալցհեյմերով հիվանդների մոտ տալիս Է դրական արդյունքներ, սակայն վերջնական արդյունքը դեռ գոհացուցիչ չէ:Մկների վրա մեթիլթիմոնիում փորձարկելիս պարզ դարձավ, որ այս դեղերի կենսամատչելիությունը կախված է մկների սննդից և զգալիորեն փոխվում է ստամոքսի թթվայնությունը փոխելիս, այս հանգամանքը դժվարացնում է ճշգրիտ դոզավորումը։ Ներկայումս փորձարկվում է LMTX-ը, որը հանդիսանում է նախադեղ։

Վարքային կանխարգելում

Մեդիտացիան խոստումնալից է հիշողության և կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման համար և կատարվում են հետազոտություններ դա նաև գիտականորեն ապացուցելու համար։ 2015թվականին հրապարակված գրախոսությունում խոսվում էր մեդիտացիայի արդյունավետության մասին նաև որպես կանխարգելիչ, հիվանդության սկիզբը և ախտանշանների պրոգրեսիան հետաձգող մեթոդ։

Հնարավոր փոխանցման մեխանիզմներ

Մարդուց մարդ փոխանցման եզակի դեպքեր են նկարագրված մարդու աճի հորմոնների միջոցով։

Վարակներ

HSV-1-ի՝ հասարակ հերպեսի հարուցիչները հայտնաբերվում են այն նույն տեղերում, ինչ ամիլոիդային վահանիկները։ Այս երևույթը, շատ գիտնականների ստիպում է մտածել, որ Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է բուժել կամ կանխարգելել հակավիրուսային դեղամիջոցներով։ Որոշ հետազոտությունների արդյունքներ արդեն խոստումնալից են։ Խոստումնալից, բայց դեռ նախնական արդյունքներ ենք ստանում նաև հիշողությունը ու կոգնիտիվ ֆունկցիաները դեղորայքով բուժելու արդյունավետության մասին։

Նկարագրվել է սնկային վարակների և Ալցհայմերի հիվանդության միջև կապը։ Այս տեսությունը առաջ է քաշել մանրէաբան Լ. Կառասկոն, երբ իր խմբի հետ ուսումնասիրելիս են եղել Ալցհեյմերի հիվանդության և դիսսեմինացված միկոզների միջև կորելացիան։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել ԱՀ-ով հիվանդների ուղեղի տարբեր հատվածներում սնկային վարակի առկայություն, վերջինս չի եղել առողջների մոտ։ Սնկային ինֆեկցիան բացատրում էր նաև հիվանդների մոտ առկա ախտանիշները։ Այս տեսությունը, ինչպես և ամիլոիդայինը բացատարվում են, որպես իմուն համակարգի կողմից իրականացվող պատասխան վարակին, ինչի արդյունքում վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը։ Սա հաստատվել է է մկների վրա իրականցվող հետազոտություններում։

Գործիքային ախտորոշման մեթոդներ

Հետազոտության տարբեր մեթոդներից եզակի ֆոտոն-էմիսիոն համակարգչային շերտագրումը (SPECT) լավագույնն է Ալցհայմերը թուլամտության այլ տեսակներից տարբերակելու համար։ Բացի դրանից SPECT-ը առավել ճշգրիտ մեթոդ է հիվանդության ծանրության աստիճանը որոշելու համար, ինչի կապակցությամբ ներկայումս փորձում են այն ընդգրկել ախտորոշիչ չափորոշիչների մեջ։

Վոլումետրիկ մագնիսառեզոնանսային շերտագրումը կարող է հայտնաբերել ուղեղի չափերի փոքրացման հատվածները, իսկ այդ ատրոֆիկ հատվածների ուսումնասիրումը կարևոր ախտորոշիչ ցուցանիշ է։ Այս մեթոդը մյուսների համեմատ ավելի մատչելի է։

2011-ին FDA-ը անանուն քվեարկությամբ ընդունեց Ֆլորբետապիր(18F)-ը, որպես ախտորոշիչ մեթոդ, բայց մինչև լայն կիրառման մեջ դնելը դեռ բազում հետազոտություններ են անհրաժեշտ։

Վաղ ախտորոշում

Ալցհեյմերի ախտորոշիչ հետազոտություններից հատուկ կարևորություն ունեն այն մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ՝ մինչև ախտանիշների ի հայտ գալը:Այսպիսի մեթոդներից է ուղեղ-ողնուղեղային հեղուկում բետա ամիլոիդի և տաու սպիտակուցի քանակների որոշումը։

Ծանոթագրություններ

Լրացուցիչ գրականություն

Արտաքին հղումներ

Ալցհայմերի Հիվանդություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալցհայմերի հիվանդություն» հոդվածին։

Tags:

Ալցհայմերի Հիվանդություն Ախտանիշներ և նշաններԱլցհայմերի Հիվանդություն ԷթիոլոգիաԱլցհայմերի Հիվանդություն ԱխտաֆիզիոլոգիաԱլցհայմերի Հիվանդություն ԱխտորոշումԱլցհայմերի Հիվանդություն ԿանխարգելումԱլցհայմերի Հիվանդություն ԲուժումԱլցհայմերի Հիվանդություն ԿանխատեսումԱլցհայմերի Հիվանդություն ՏարածվածությունԱլցհայմերի Հիվանդություն ՊատմությունԱլցհայմերի Հիվանդություն Հասարակություն և մշակույթԱլցհայմերի Հիվանդություն Հետազոտման ուղղություններԱլցհայմերի Հիվանդություն ԾանոթագրություններԱլցհայմերի Հիվանդություն Լրացուցիչ գրականությունԱլցհայմերի Հիվանդություն Արտաքին հղումներԱլցհայմերի ՀիվանդությունԱնգլերենԹուլամտություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎբեթԱուտիզմՀայաստանի զինանշանՆռնենիԲարդ համադասական նախադասությունՀայկական գամփռՄակաբուծությունԿենդանիներԱրտաշեսյանների թագավորությունՎանաձորԳուլիվերի ճանապարհորդություններըՀովհաննես ՉեքիջյանԱկսել ԲակունցԿողմնացույցԾաղկեվանք (Արա լեռ)ՀամաստեղություններԴլե ՅամանՍրտամկանի ինֆարկտԱրքիմեդի օրենքՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՄիխայիլ ԼոմոնոսովՍտորոգյալԲարդ նախադասությունԽոստումը (ֆիլմ, 2016)Նեմեսիս գործողությունՄովսես ԳորգիսյանՑորենԶուգահեռագիծԿիլիկիաՍև խոռոչՕքեյԱրագածՐաֆֆիՀատկացուցիչԱրյան ընդհանուր հետազոտությունԶվարթնոցի տաճարԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԵգիպտոսՊարբերական աղյուսակԽնձորԱրա Գեղեցիկ և ՇամիրամԱլբերտ ԱզարյանՀակաբիոտիկներԺողովրդավարությունԱծանցյալԱրեգակՀեքիաթԱծականի համեմատության աստիճաններԳոյական անունԵղանակԱրյան շրջանառությունՁայնավորներԵղջերուներԿունիլինգուսՀայաստանի գետերի ցանկԴերանունԱրյունահոսությունԲաթումի պայմանագիրԴանիել ՎարուժանՎանՊատվի համար (դրամա)Ինքնապաշտպանական մարտեր (1915)Խոր ՎիրապՆապաստակներՄոլորակԱլմա-Աթայի հռչակագիրԱրտադրյալԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄակերեսՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴիլիջանՎեներա (մոլորակ)Աշխարհի բնակչությունԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱրամ ԽաչատրյանԱրքիմեդեսՍասունԵվրոպա🡆 More