Անձնանուն կամ անուն, անձի անվանումը հասարակության մեջ նրան անհատականացնելու նպատակով։ Ներառում է ծնունդը գրանցելիս կամ վաղ տարիքում ծնողների ընտրությամբ տրված անունը, ազգանունը։ Ըստ գիտության մեջ լայն տարածում գտած տեսակետի, մարդկանց անունները ծագել են մարդու զարգացման վաղ շրջանում, ի սկզբանե գոյություն են ունեցել բոլոր ցեղերի ժողովուրդների մոտ։
Անձնանունները առաջացել են հասարակ անուններից և քիչ՝ աոանձին վանկերի կամ հնչյունների ու տառերի միացումից։ Ըստ Հրաչյա Աճառյանի, անունների մեջ արմատական բաոեր չկան, դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցված բառեր են։ Հնում մարդկանց անվանակոչել են նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը բնութագրող հատկանիշները, ինչպես՝ Լենկ Թեմուր (կաղ Թեմուր), Իվան Ահեղ, Աշոտ Մսակեր, Աշոտ Ողորմած։ Անունները մի լեզվից մյուսին անցնելով և ենթարկվելով հնչյունափոխության կորցրել են իրենց նախնական նշանակությունը։ Ներկայումս ոչ ոք չի խորհում այն մասին, որ Թովմաս նշանակում է «երկվորյակ» և սկզբնապես տրվել է երկվորյակներից մեկին, Պողոս անվանելիս ամենևին նկատի չեն ունենում, որ դա նշանակում է «փոքրիկ»։ Անուններ ստեղծել են նաև կապված զանազան դեպքերի հետ։
Զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող ժողովուրդների մոտ անունները հաճախ ունեն տոտեմիստական ծագում։ Սամոա կղզու բնակիչները ծննդաբերության ժամանակ կոչում են զանազան տոտեմների անվանումներ, երեխայի ծննդյան պահին արտասանած անվանումը դառնում է նրա անունը։ Տոտեմիստական շրջանից մնացած առանձին անուններ կարելի է հանդիպել այժմ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ, ինչպես հրեաների մոտ՝ Ռաշել (գառնուկ), Լեա (կով)։ Հին Արևելքում սովորություն կար աստվածների անուններից կազմված անձնանուններ ստեղծել օրինակ՝ Նիշուբուր Ամամու (Նիշուբուր աստվածուհին մայրս է)։
Հին Հռոմում հանրապետության ժամանակներից ի վեր քաղաքացիների անունները կազմում էին անձնանունից (Մարկոս), տոհմի կամ զարմի անվանումից (Տուլիուս) և մականունից, որը հաճախ նշում էր՝ ընտանիքի ճյուղը (ինչպես «Ցիցերոն», որ նշանակում է «սիսեռ»)։ Այս երեք բաղադրյալները (լատիներեն՝ tria nomina՝ երեք անուն) երբեմն լրացվում էին երկրորդ մականունով, որը զանազանում էր պատրիկներին մյուս քաղաքացիներից։ Գոյություն ուներ ավանդույթ՝ անձնանունով անվանակոչել ընտանիքի առաջին չորս արու զավակներին։ Մնացածներին անվանակոչում էին ըստ թվական կարգի (Քինտոս՝ հինգերորդ, Սեքստոս՝ վեցերորդ են)։
Սեմիտական ժողովուրդները երեխային անվանակոչում էին կապելով աստծո հետ, ինչպես Հովհաննես, որ ծագել է «Եհովան ողորմած է» բառերից։ Սեմիտական անձնանուններում գործածվում էին և արաբների մոտ այժմ էլ գործածվում են հոր և որդու անունները, ինչպես՝ Հասան իբն Հյուսեին (Հասան որդի Հյուսեինի) կամ Հասան իբն Հյուսեին աբու Ալի (Հասան որդի Հյուսեինի հայր Ալիի)։
Քրիստոնեության տարածումը լայն շրջանառության մեջ դրեց Հին և Նոր Կտակարաններում հիշատակված եբրայական անունները, թեև դրանք բարձր քաղաքակրթության հասած ժողովուրդների մոտ ամբողջությամբ չարտամղեցին հին անունները։ Անվանակոչման հարցում ավանդույթների բազմազանության փոխարեն առաջ եկան ընդհանուր տենդենցներ։ Միջնադարում գլխավորը դարձավ մկրտության անունը, որն առավելապես որևէ սրբի անուն էր՝ փոխառված այլ լեզուներից և հաճախ հնչյունափոխված։ Վերածննդի շրջանում լայն տարածում ստացան անտիկ քաղաքակրթությունից եկած անունները։ Բուրժուակսւն հեղափոխությունների շրջանում անձնանուններ դարձան շատ հասարակ անուններ։
Իսլամի տարածման հետևանքով Ասիայի և Աֆրիկայի շատ ժողովուրդներ, ընդունելով արաբների կրոնը, փոխ առան նաև նրանց անունները։ Բուդդայական կրոնին հետևող ժողովուրդների մոտ փոխառությունները գրեթե բացակայում են։ Համեմատաբար քիչ են և հիմնականում շատ ավելի ուշ շրջանի արդյունք նշանակությունից զուրկ հնչյուններից, վանկերից և բառերից հորինված անունները։
Մի շարք ժամանակակից անթրոպոնիմիկական համակարգերում (հայկական, ռուսական, ևն) ամեն ոք ունի անձնանուն (ընտրված սահմանափակ ցուցակից), հայրանուն և ազգանուն (վերջինների հնարավոր թիվը գործնականորեն անսահմանափակ է)։ Եղել են և կան տարբեր անթրոպոնիմիկական համակարգեր։ Իսպանիայում և Պորտուգալիայում, օրինակ՝ անձը սովորաբար ունի մի քանի անուն (կաթոլիկ եկեղեցական ցուցակից), հայրական և մայրականազգանունները, Իռլանդիայում՝ անձնանուն (սահմանափակ ցուցակից) ագգանվան փոխարեն՝ հոր անուն֊ից ածանցված անուն։ Չինաստանում, Կորեայում, Վիետնամում անունը կազմվում է միավանկ ազգանունից (տարբեր ժամանակաշրջաններում դրանք հաշվվում էին 100 - 400) և անձնանունից, որը սովորաբար կազմված է լինում երկու միավանկ բառերից, ընդ որում անձնանունների թիվը սահմանափակ է։
Անունները ապրել են երկարատև զարգացում՝ կորցնելով իրենց նախնական ստուգաբանական կամ կրոնական նշանակությունը։ Դրանք հետագայում սկսել են տրվել բարեհնչունության համար, տվյալ անունը կրած գործչի, գրողի, արվեստագետի հանդեպ ունեցած սիրուց կամ հարգանքից դրդված, ծնողի կամ նախնիի հիշատակը հավերժացնելու նկատառումով, զավակի մոտ ֆիզիկական և հոգեկան լավ հատկանիշներ տեսնելու ակնկալությամբ, նորաձևության մոլուցքից դրդված։ Անունների փոխառությունները հետևանք են ոչ միայն կրոնական մշակութային շփումների ու փոխազդեցությունների, այլև ռազմական արշավանքների, զավթումների, նվաճված ժողովուրդների նկատմամբ կիրառած, բռնությունների և ճնշման։ Այդ պատճառով անունների փոխառության երևույթի մեջ միշտ տեսել են ուծացման վտանգ և, բնականաբար, ազգային զարթոնքի հետ մեկտեղ վերածնվել մեծ տարածում են ստացել բուն ազգային կամ տվյալ ազգի ու ժողովրդի պատմության և մշակույթի կարևոր իրադարձությունների հետ կապված անունները։
Անձնանունները, նրանց ծագումը, փոփոխությունները, աշխարհագրական տարածումը և անթրոպոնիմիկական համակարգերի կառուցվածքն ու զարգացումը ուսումնասիրող լեզվաբանության ճյուղը կոչվում է անթրոպոնիմիկա (հուն․՝ ἄνθρωπος, մարդ և ὄνομα, անուն)։
Հին անունների զգալի մասը ժամանակին տեղ է գտել ձեռագիր և տպագիր այլևայլ բառարաններում ու բացատրվել։
Հայկական անձնանունները ուսումնասիրել է նաև Հրաչյա Աճառյանը, որի «Հայոց անձնանունների բառարան» հինգհատորյա աշխատությունը եզակի երևույթ է իր տեսակի մեջ, որտեղ հավաքված և ուսումնասիրված են 5–10-րդ դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները։ Աճառյանը հայկական անձնանունները ըստ ծագման բաժանում է 15 խմբի։
Ընթերցե՛ք «Անձնանուն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձնանուն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 461)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Անձնանուն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.