Հունարեն (ինքնանուն՝ Ελληνικά էլլինիկա), հնդեվրոպական լեզվաընտանիքի անհատական խմբի լեզու։ Հունարեն խոսում են աշխարհում 15 միլիոն մարդ։ Հունարենը պաշտոնական լեզու է Հունաստանում, Կիպրոսում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ հունարենը 74-րդն է։
Հունարեն Ελληνικά | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Հելլենական լեզուներ և հարավեվրոպական լեզուներ |
Երկրներ | Հունաստան Կիպրոս Հայաստան Ալբանիա ԱՄՆ Իտալիա |
Պաշտոնական կարգավիճակ | Հունաստան Կիպրոս |
Խոսողների քանակ | 13 100 000 մարդ (2019) |
Վերահսկող կազմակերպություն | Հունարեն լեզվի կենտրոն |
Լեզվակիրների թիվը | 16.000.000 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք |
Գրերի համակարգ | Հունական այբուբեն |
IETF | grk |
ԳՕՍՏ 7.75–97 | 157 |
ISO 639-5 | grk |
Greek language Վիքիպահեստում |
Հունարենի զարգացման պատմությունը բաժանվում է երեք շրջանի։
Հին հունարենը բաժանված էր բազմաթիվ բարբառների։ Ընդունված է առանձնացնել բարբառների չորս խումբ՝ արևելյան (իոնյան, ատտիկյան բարբառներ), արևմտյան (դորիական), արկդոկիպրոսյան (հարավախեյյան) և էոլյան (հյուսիսախեյյան)։ Ատտիկյան բարբառի հիման վրա էլ հետագայում (Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո) ձևավորվել է համահունական լեզուն՝ այսպես կոչված կոյնեն (κοινή), որ դարձավ պաշտոնական ու խոսակցական լեզու Միջերկրական ծովի արևելյան ափին ձգվող հսկայական տարածքներում։ Կոյնեից են առաջացել ժամանակակից հունարենի գրեթե բոլոր բարբառները։ Բացառություն է կազմում մեկուսացած ցակոնյան բարբառը կամ լեզուն (հուն.՝ τσακωνικά), որ ավանդաբար առաջացած է համարվում դորիական բարբառից։
Հին հունարենի քերականական կառուցվածքը բավական բարդ էր. գոյականն ուներ հոլովման երեք տիպ, հինգ հոլով, բայն ուներ խոնարհման մի քանի տիպ, բազմաթիվ էին դերանուններն, նախդիրներն ու մասնիկները։
XIX-XX դարերում Հունաստանում գոյություն ուներ լեզվի երկու տարբերակ՝ կաֆարևուսա (καθαρεύουσα), որ բխում էր հունական գրականության ավանդույթներից և հետևում էր գրի հին հունական նորմերին, բայց ժամանակակից արտասանությամբ, և XIX դարում առաջացած դիմոտիկան (δημοτική)։ 1976 թվականից Հունաստանի պաշտոնական լեզուն դիմոտիկան է (կաֆարևուսայի որոշ տարրերով)։
Մինչ 1982 թվականը գրության մեջ օգտոգործվում էր դիակրիտիկ նշանների հարուստ համակարգ, սակայն բանավոր խոսքում այդ նշաններով արտահայտվող տարբերություններն այլևս չէին նկատվում, ուստի 1982 թվականից պաշտոնապես գործածվում է միաբնույթ համակարգ։
Գոյականն ունի քերականական երեք սեռ (արական, իգական, չեզոք), երկու թիվ (եզակի, հոգնակի)։ Հոլովները չորսն են՝ ուղղական, սեռական-տրական, հայցական, կոչական։ Ինչպես Բալկանյան տարածաշրջանի շատ լեզուներում, այնպես էլ նոր հունարենում սեռականի ու տրականի իմաստները խառնվել են (արտահայտվում է հին սեռականի ձևով)։ Այսինքն՝ հին հունարենի տրականի փոխարեն գործածվում է սեռական հոլովաձևը կամ հայցական հոլովաձևը σε նախդրի հետ։
Գոյականների հոլովման օրինակներ՝
Արական սեռ.
Եզակի թիվ | |||
Ուղղական | ο πατέρας | ο μαθητής | ο ώμος |
Սեռական | του πατέρα | του μαθητή | του ώμου |
Հայցական | τον πατέρα | τον μαθητή | τον ώμο |
Կոչական | πατέρα! | μαθητή/-ά! | ώμε! |
Հոգնակի թիվ | |||
Ուղղական | οι πατέρες | οι μαθητές | οι ώμοι |
Սեռական | των πατέρων | των μαθητών | των ώμων |
Հայցական | τους πατέρες | τους μαθητές | τους ώμους |
Կոչական | πατέρες! | μαθητές! | ώμοι! |
Իգական սեռ.
Եզակի թիվ | |||
Ուղղական | η ώρα | η κόρη | η οδός |
Սեռական | της ώρας | της κόρης | της οδού |
Հայցական | την ώρα | την κόρη | την οδό |
Կոչական | ώρα! | κόρη! | οδό! |
Հոգնակի թիվ | |||
Ուղղական | οι ώρες | οι κόρες | οι οδοί |
Սեռական | των ωρών | των κορών | των οδών |
Հայցական | τις ώρες | τις κόρες | τους οδούς |
Կոչական | ώρες! | κόρες! | οδοί! |
Չեզոք սեռ.
Եզակի թիվ | |||
Ուղղական, Հայցական | το ρούχο | το παιδί | το σώμα |
Սեռական | του ρούχου | του παιδιού | του σώματος |
Կոչական | ρούχο! | παιδί! | σώμα! |
Հոգնակի թիվ | |||
Ուղղական, Հայցական | τα ρούχα | τα παιδιά | τα σώματα |
Սեռական | των ρούχων | των παιδιών | των σωμάτων |
Կոչական | ρούχα! | παιδιά! | σώματα! |
Ժամանակակից հունարենում սեռական հոլովաձևը, ինչպես նշվեց վերևում, կատարում է ինչպես սեռականի, այնպես էլ տրականի գործառույթ։ Օրինակ՝ ես գիրքը տալիս եմ աղջկան արտահայտությունը հունարեն կլինի՝ δίνω το βιβλίο της κοπέλας (←'η κοπέλα), թեև ավելի տարածված է այս դեպքում գործածել σε նախդիրն ու հայցական հոլովը δίνω το βιβλίο στην κοπέλα (στην = σε + την)։
Հայ-հունական լեզվական առնչությունները սկսվել են հայերենի նախագրային շրջանից (մ.թ.ա. VI-IV դդ.), դրանք ավելի խորացել են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով, այնուհետև հունական մշակութային և կրոնադավանաբանական ազդեցությամբ։ Հայաստանում թողարկվել են դրամներ հունարեն մակագրություններով։ Հայաստանում հունարենից փոխառյալ բառերը բավական շատ են. դրանց մեջ կան անձնանուններ՝ Աթանաս, Անդրեաս, Անտոն, Բարսեղ, Գեորգ, Գրիգոր, Հեղինե, Ղազար, Ղևոնդ, Պետրոս և այլն, և հայերենի բառապաշարի տարբեր շերտերին վերաբերող բառեր՝ ադամանդ, արգասիք, բեմ, զմուռս, կամար, կարկին, մետաքս, պալատ, սպունգ, ստամոքս և այլն։ Հունարենից փոխառությունների թիվը հայերենում ավելի է մեծացել, երբ հայերը սկսել են հունարենից թարգմանել գիտության այլևայլ բնագավառներին վերաբերող երկեր, որով և սկիզբ է դրվել հունաբան հայերենին։ Հունարենից փոխառյալ շատ բառեր և քերականական մասնիկներ գործածական են ժամանակակից հայերենում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունարեն» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 665)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հունարեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.