Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն (հուն․՝ πολιτικός – հասարակական, հուն․՝ πολίτης-ից՝ քաղաքացի, նաև հուն․՝ πόλις-ից քաղաք, հին հունարեն՝ λόγος` ուսմունք, խոսք), գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։
Հասարակության քաղաքական կյանքն ուսումնասիրող գիտությունը անգլիալեզու երկրներում կոչվում է Political science՝ քաղաքական գիտություն։ Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրներում օգտագործվում է պոլիտոլոգիա։ Ինչպես տեսական, այնպես էլ կիրառական իմաստով քաղաքագիտությունը ավանդաբար համարվել է արվեստ, գիտություն պետության կառավարման մասին։ Դեռևս Պլատոնի ժամանակներից քաղաքական գիտության գլխավոր հարցն այն էր, թե ով պետք է ղեկավարի պետությունը։ Պլատոնը գտնում էր, որ ոչ թե ամբոխը, այլ լավագույնները, ընտրյալները պետք է ղեկավարեն պետությունը։ Արիստոտելը, առարկելով Պլատոնին՝ գտնում էր, որ յուրաքանչյուր մարդ, որն օժտված է խելամտությամբ, վճռականությամբ և փիլիսոփայի հմտությամբ, պետք է մասնակցի հասարակության կառավարման գործերին։
Մինչև XX դարի 20-30 ական թվականները քաղաքական գիտությունը ավանդական ձևով համարվում է ուսմունք, տեսություն պետության մասին։ Եվ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն առանձնացվեց պետականագիտությունից և դարձավ ինքնուրույն ուսումնասիրման առարկա։ Այդ ժամանակ էլ որոշակիորեն սահմանազատվեց դրա գործողության առարկայական բնագավառը, հստակեցվեց մյուս հումանիտար գիտությունների հետ նրա փոխհարաբերությունների դաշտը։ Պատմականորեն այնպես էր ստացվել, որ քաղաքական գիտությունը ծագել և զարգացել է հումանիտար մյուս գիտությունների, հատկապես՝ պետականագիտության ընդերքում։ Եթե այդ գործընթացը նախկինում դրական դեր է խաղացել այն առումով, որ քաղաքականգիտության մի շարք հիմնահարցերի մշակմամբ զբաղվել են մասնագետները, ապա այսօր այդ ուղին ոչ միայն անբավարար է, այլև՝ վնասակար։ Բանն այն, որ քաղաքական բարդ գործընթացների արդյունավետ հետազոտության համար անհրաժեշտ է որոշակիորեն սահմանազատել հարակից գիտությունների առարկայական և գործառնական դաշտը։ Քաղաքական գիտության առարկայական ձևավորման գործընթացն իրականացվել է մի քանի տասնամյակների ընթացքում։ Այն ընդգրկում է XIX դարի վերջը և XX դարի սկիզբը, երբ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում բուռն զարգացում ապրեց գիտության այդ ճյուղը։ 1857 թվականին ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում բացվեց քաղաքական գիտության դպրոց։ 1871 թվականին Ֆրանսիայում հիմնադրվեց «Քաղաքական գիտությունների ազատ դպրոցը», 1895 թվականին՝ «Տնտեսության և քաղաքականության լոնդոնյան դպրոցը» 1903 թվականին հիմնադրվել է «Քաղաքական գիտության ամերիկյան ասոցիացիան»։ Սկսեցին պարբերաբար հրատարակել մի շարք մասնագիտական հանդեսներ, մշակեցվեց և ներդրվեց գիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգ։ Առաջին քաղաքագիտական հանդեսը՝ «Political Sciences», լույս է տեսել ԱՄՆ-ում դեռևս 1880 թվականին, իսկ 1886 թվականին Կոլումբիայի համալսարանում պարբերաբար հրատարակվում է «Political Sciences Quarterty» հանդեսը։ XX դարի սկզբից մինչև 60-ականները քաղաքական գիտության զարգացումը ընթանում էր ամերիկյան սցենարով։ Առաջին և երկրորդ աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում Եվրոպայում արգելված էին քաղաքական անկախ վերլուծությունները։ Ֆաշիստական վարչաձևի հաստատումը հանգեցրեց այն բանին, որ արևմտաեվրոպական մի շարք հայտնի գիտնականներ՝ Զ. Ֆրեյդը, Հ. Մորգենթաուն, Կ. Մանհեյմը, Հ. Մարկուզեն և ուրիշներ տեղափոխվեցին ԱՄՆ ու մեծ ներդրում ունեցան քաղաքագիտության զարգացման գործում։ Սրանում է պայմանավորված նաև համաշխարհային քաղաքական գիտության մեջ մինչև XX դարի 70-ական թվականներին ԱՄՆ-ի գերիշխող դերը։ 1948 թվականին ՄԱԿ-ի կրթության գիտության և մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Փարիզում գումարվում է քաղաքական գիտության միջազգային գիտաժողով, որտեղ հատուկ նշվեցին քաղաքական գիտության հետազոտության հիմնախնդիրները։ Դրանք են
Մեկ տարի հետո նույն հանձնաժողովի նախաձեռնությամբ (1949 թ) ստեղծվում է քաղաքական գիտությունների միջազգային ասոցիացիան։ Երեք տարին մեկ գումարվում են միջազգային կոնգրեսներ, որտեղ քննարկվում են քաղաքական գիտության առջև ծառացած հրատապ հիմնահարցերը։ 1961 թվականին ամերիկյան մի շարք համալսարանների միավորման հիմքի վրա ստեծվեց քաղաքական և սոցիալական հետազոտությունների միջհամալսարանական գործակալությունը (ICPSR)։ Այն ունի քաղաքագետների կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում հավաքված քանակական տվյալների հարուստ արխիվ, որը, որպես հարուստ տեղեկատվական աղբյուր հսկայական դեր խաղաց քաղաքական գիտության զարգացան գործում։ 1970 թվականին Ֆորդի հիմնադրամի միջոցներով ամերիկյան համալսարանների օրինակով ստեղծվեց քաղաքական և սոցրալական հետազոտության եվրոպական գործակաւաթյունը (ECPR) այժմ այն ունի 140-ից ավելի անդամներ։ Համաեվրոպական այս կազմակերպությունը համակցում ու իրականացնում է Մեծ Բրիտանիայի էսեքսի համալսարանում կազմակերպվող ամառային դպրոցի և քաղաքական գիտության զարգացման տարբեր ծրագրերի ֆինանսավորումը։ Նրա աջակցությամբ լույս է տեսնում նաև «Քաղաքական հետազոտությունների եվրոպական հանդեսը»։ 1962 թվականին ստեղծվեց քաղաքական գիտությունների խորհրդային ասոցիացիան, սակայն քաղաքագիտությանը որպես ինքնուրույն առարկա, չէր դասավանդվում։ Նրա մի շարք հիմնահարցեր տարրալուծված էին գիտական կոմունիզմի, պատմական մատերիալիզմի և այլ առարկաների մեջ, որոնք դասավանդվում էին միայն մարքսիստական հայեցակարգով և կուսակցականացված սկզբունքով։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո քաղաքագիության ամբիոններ բացվեցին նախկին ԽՍՀՄ-ի բոլոր համաւսարաններում. այդ թվում նաև Երևանի պետական համալսարանում։ Մշակվեցին առարկայի ծրագրեր, հրատարակվեցին դասագրքեր, բացվեցին մասնագիտացումներ։ Քաղաքագիտության դասավանդումը դրվեց հիմնարար հիմքերի վրա։
Քաղաքական գիտության կայացմանը նպաստ է բերել Ն. Մաքիավելլին։ Նա քաղաքական խաղի կանոնները բխեցնում էր իրական կյանքից՝ սահմանազատելով քաղաքականությունը կրոնից և բարոյականությունից։ Քաղաքական մտքի այս երեք ականավոր ներկայացուցիչների հիմնարար գաղափարները իրենց հետագա զարգացումն ստացան նոր և նորագույն մտածողների կողմից։ Քաղաքական գիտության ծագման և զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել փիլիսոփայությունը, որը միշտ էլ միտված էր պարզելու աշխարհի, այդ թվում նաև հասարակության գոյության հիմքերը, ցույց տալու մարդկանց փոխհարաբերությունների կարգավորման եղանակները։ Քաղաքական գիտության ծագման տեսական հիմքերից մեկն էլ ուտոպիական ուսմունքներն էին, որոնք ընդլայնեցին և խորացրին քաղաքական գիտությամբ զբաղվող մարդկանց հայածքները արդարության և իդեալական հասարակության մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու համար։ Մյուս հիմքերից մեկն էլ իրավագիտությունն է, հատկապես՝ պետականագիտությունը։ Այն հնարավորություն ստեղծեց քաղաքական գիտության համար վերլուծելու պետական հաստատությունները, որպես մարդկանց փոխհարաբերությունները կարգավորող առանձնահատուկ սոցիալական նորմերի ամբողջություն։ Քաղաքական գիտությունը ձևավորվել և զարգացել է նաև շնորհիվ փորձարարական, հոգեբանական հետազոտությունների, որոնք հիմք են հանդիսացել քաղաքական գործընթացների օբյեկտիվ և արդյունավետ վերլուծության համար։ Բացի տեսական, գաղափարական հիմքերից քաղաքական գիտության ձևավորմանը նպաստել է նաև մի շարք այլ գործոններ։
Երբ խոսում ենք քաղաքագիտության, իբրև գիտության մասին, ապա օբյեկտիվորեն հարց է ծագում, թե արդյո՞ք հասարակության քաղաքական կյանքը, քաղաքական իշխանության ու քաղաքական գործընթացների հետազոտությունը կարելի է համարել գիտություն։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարգել, թե ինչ ենք հասկանում գիտություն ասելով։ Գիտություն բառը ծագել է հուն․՝ epistame, լատին․՝ science-ից, որը նշանակում է գիտելիք, գիտելիքներ։ Այն մարդկային գործունեության բնագավառ է, որի հիմնական գործառնություններից է իրականության մասին օբյեկտիվ գիտելիքների ստացումը, մշակումը և տեսական ընդհանրացումը։ Գիտությունը բնության, հասարակության և մտածողության մասին գիտելիքների համակարգ է։ Այն սոցիալական ինստիտուտ է, որի նպատակը նոր գիտելիքների արտադրման, կուտակման և կիրառման գործընթացի ապահովումն է։
Ըստ հետազոտվող առարկայի բնույթի գիտությունները լինում են բնական, հումանիտար, տեխնիկական, սոցիալական և այլն։ Իսկ փաստերի հավաքման և ընդհանրացման առումով՝ փորձնական, տեսական և հիմնարար։ Գիտությունների զարգացման սկզբնական շրջանում բնական այնպիսի գիտություններ, ինչպիսիք են ֆիզիկան և քիմիան, իրենց մեջ ներառում էին այդ հասկացության ամբողջ բովանդակությունը։ Մինչդեռ, ինչպես մի շարք գիտությունների, այնպես էլ քաղաքագիտության շատ բնագավառներ չափումների չեն ենթարկվում։ Օրինակ, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընդունվում քաղաքական որոշումները, ինչո՞ւ քաղաքացիները ենթարկվում կամ երբեմն էլ չեն ենթարկվում այդ որոշումներին։ Բացի այդ, բազմաթիվ որոշումներ, նույնիսկ ժողովրդավարական վարչակարգի պայմաններում, ընդունվում են գաղտնի։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքագիտությունը չի կարող նմանվել բնական գիտություններին, գիտության կարգավիճակ ունենալ։ Նրա այն մասը, որտեղ կարող ենք ստանալ թվեր, քանակական հստակ տվյալներ, ասենք, հասարակական կարծիքի, ընտրությունների արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ իրոք կարող է նմանվել բնական գիտություններին։ Միաժամանակ քաղաքագետ հետազոտող գիտնականը կարող է հավաքել ոչ միայն քանակական տվյալներ, որն ավելի հեշտ է, այլև արձանագրել, հաստատել կայուն երևույթներ։ Օրինակ, ինչպե՞ս է կառավարությունը ցանկանամ ամրապնդել իր լեգիտիմությունը, ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով եղանակներով են թեկնածուներն ընտրություններում ձգտում հաղթանակի, ինչպե՞ս են ձևավորված քաղաքական կուսակցություններն ու խմբավորումները և այլն։ Այս երևույթների վերլուծությունները ցույց են տալիս, որ նման երևույթներն ունեցել են իրենց նախատիպերը։ Հետո, երբ հետազոտողը սկսած է ընդհանրացած կատարել, դրանք դառնում են հիծնավոր, աճար, այսինքն վերածված են տեսության և այնքան ածար, որ կարող ենք համարել օրենք; Այսպես, քաղաքականության մասին կուտակված են գիտելիքներ, որոնք կաղճում են տվյալ գիտության իմաստը։ Վերջապես, որպես կանոն, գիտության մեջ առանձնացվում են հետևյալ տարրերը, գիտական ընկերություն, որտեղ մարդիկ զբաղվում են տվյալ գիտաճյուղի մշակմամբ և դասավանդմամբ, հստակեցվում է նրա թեմատիկ բնագավառը, մեթոդաբանական հիմքը։ Ըստ էության քաղաքագիտությունն իր մեջ ընդգրկում է գիտության վերը նշված բոլոր տարրերը։
Քաղաքական գիտությունը ամբողջությամբ զարգանում է որպես քաղաքականության մասին տեսական և պրակտիկ գիտելիքների համակարգ։ Տեսական քաղաքագիտությունը լուծում է գիտական հարցեր՝ կապված քաղաքական գործունեության մասին հիմնարար գիտելիքների ձևավորման հետ։
Տեսական քաղաքագիտությունը ուղղված է դեպի գիտության առարկան, նպաստում է գիտելիքների աճին, ընդգծում կիրառականի հիմնական ուղղությունը։ Դա կարևոր դեր է խաղամ քաղաքական գործընթացների վերլուծության հայեցակարգային և մեթոդաբանական ապարատի մշակման գործած։ Քաղաքագիտության տեսական և կիրառական ուղղություններն իրարից տարբերված են ոչ այնքան հետազոտության օբյեկտի և մեթոդների առածով, որքան իրենց առջև դրված նպատակներով։ Կիրառական քաղաքագիտությանը ուղղակի պատասխանում է ինչի՞ համար և ինչպե՞ս հարցերին, զբաղվում է ընթացիկ քաղաքական պրակտիկայից բխող պրոբլեմային որոշակի իրավիճակների վերլուծությամբ։ Կիրառական քաղաքագիտությունը տեսական մոդելների, հետազոտական ընթացակարգերի, քաղաքական զանազան տեխնոլոգիաների ամբողջություն է՝ ուղղված գործնական կիրառման և ռեալ քաղաքական արդյունք ստանալու նպատակին։ Նրա հետազոտության հիմնական առարկան կոնկրետ իրադարձությունն է՝ իր ամբողջ հարստությամբ, կապերով ու հարաբերություններով։ Կիրառական քաղաքագիտության սուբյեկտները վերլուծաբան փորձագետներ են, որոնք աշխատում են հետազոտական կենտրոններում և պետական կառուցվածքներում։ Այսօր աշխարհի առաջատար համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում իրականացվում են և տեսական և կիրառական հետազոտություններ։
Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։ Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը։ Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։ Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը։ Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է։ Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները։
Նեղ մասնագիտական առումով քաղաքական գիտության առարկան քաղաքական իշխանության լինելիության ու զարգացման օրինաչափությունն է, որը նախ ուսումնասիրում է.
Այս օրինաչափություններն արտահայտում են քաղաքական իրականության մեջ օբյեկտիվորեն գործող քաղաքականության սուբյեկտների կապերի և հարաբերությունների բնույթը, դրանց փոխհարաբերությունների զարգացման էական ու կայուն միտումները։ Քաղաքագիտությունն ուսումնասիրում է ինչպես ընդհանուր փիլիսոփայական, սոցիոլոգիական բնույթի օրինաչափություններ, օրինակ՝ բազիսը և վերնաշենքը, այնպես էլ յուրահատուկ օրինաչափություններ՝ կապված բուն քաղաքականության և հասարակական կյանքի մյուս բնագավառների հետ։
Ընդհանուր առմամբ քաղաքագիտության կողմից ուսումնասիրվող օրինաչափությունները բաժանվում են երկու խմբի։
Այս առումով քաղաքագիտությունը ընդգրկում է քաղաքական չափումների բոլոր օբյեկտները՝ պետական ինստիտուտներից մինչև իշխանության իրականացման հոգեբանությունն ու մշակույթը։ «Իշխանություն» կատեգորիան ավելի լիարժեք է արտահայտում քաղաքականության բովանդակությունը։ Հետևաբար, աշխարհի առաջատար մի շարք քաղաքագետների կարծիքով՝ ՝քաղաքագիտությունը գիտություն է իշխանության համար մղվող պայքարի և մրցակցության մասին՝՝:
Այսպիսով, քաղաքագիտության օբյեկտը հասարակության քաղաքական ոլորտն է, իսկ առարկան՝ քաղաքական իշխանության ձևավորման ու զարգացման օրինաչափությրւնները։
Երբ խոսում ենք քաղաքագիտության մասին, ապա այն դիտարկում ենք որպես գիտություն և ուսումնական առարկա։ Երկու դեպքում էլ դրանք ունեն հետազոտման և դասավանդման նույն հիմնախնդիրները։ Այնուհանդերձ, դրանց միջև գոյութուն ունեն տարբերություններ։ Քաղաքագիտությունը, որպես ուսումնական առարկա, հենվում է գիտության վրա, ուստի որքան լայն ու ծանրակշիռ են գիտական նվաճումները, այնքան լիարժեք և բովանդակալից է ուսումնական առարկան։ Տարբեր են գիտության և ուսումնական առարկայի նպատակներն ու խնդիրները։ Գիտությունը ներառում է գիտնականների ստեղծագործական հետազոտության արդյունքները, մեթոդաբանական, վերլուծական տարրեր եղանակներով ստացված ճշմարիտ գիտելիքները։ Հետևաբար, գիտության նպատակն է նպաստել գիտելիքների աճին, լայնացնել գիտական հորիզոնները։
Մեծ է քաղաքագիտության դերը հասարակական կյանքի ճանաչողության ու իմաստավորման գործում։ Այս առումով նա իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք պայմանավորված են պատմական տվյալ ժամանակաշրջանի հասարակության սոցիալ-քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակով։ Գործառույթը իրերի և երևույթների ակտիվ փոխհարաբերությունների կայուն եղանակ է, երբ մի օբյեկտի փոփոխությունը հանգում է մյուսի փոփոխության։ Քաղաքագիտական առումով դա քաղաքական համակարգի տարրերի, քաղաքականության սուբյեկտների կողմից իրականացվող որոշակի դեր է սոցիալական խմբերի շահերի և նպատակների իրականացման ուղղությամբ։ Քաղաքագիտական գրականության մեջ առանձնացվում են մի շարք գործառույթներ։
Որպես մեկնարկային, որի հիմնական նպատակն է քաղաքական երևույթներն ու գործընթացները ճանաչել և բացատրել այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն իրականում։ Պատասխանում է այն հարցին, թե ի՞նչ է քաղաքականությունը, քաղաքական ինստիտուտը, ինչո՞ւ և ինչպե՞ս են դրանք առաջացել, ո՞րն է դրանց ճակատագիրը և այլն։
Մյուսը տեղեկատվական-ճանաչողական գործառույթն է։ Մարդկանց միշտ էլ հետաքրքրել և հետաքրքրում է, թե ի՞նչ է պետությունը, ի՞նչ դեր ունեն իշխանությունները, քաղաքական լիդերները հասարակության ճգնաժամի և զարգացման ժամանակ։ Քաղաքագիտությունը սոցիալական տեղեկատվություն է տալիս, բացահայտում է հետազոտվող հիմնահարցի էությունը, ճանաչում և իմաստավորում է համաշխարհային քաղաքական զարգացման տեսությունն ու պրակտիկան։ Քաղաքագիտությունը կարող է արդյունավետ, օգտակար ծառայություն մատուցել կառավարությանը, քաղաքական գործիչներին, իշխանություններին ասել ճշմարտությունը։ Քաղաքագիտությունը ոչ թե պարզապես նկարագրում է, թե ինչպե՞ս է գործում պետությունը, այլև պարզաբանում է, թե ինչո՞ւ է պետությունը գործում հատկապես այդպես և ոչ թե այլ կերպ։ Պրոֆեսիոնալ քաղաքագետները հստակորեն տարբերում են, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են ընթանում քաղաքական գործընթացները։ Քաղաքագիտությունը գիտականորեն մշակված տեղեկատվություն է տալիս քաղաքական գործընթացների մասին, առաջադրում է օգտակար դեղատոմսեր քաղաքականության արդյունավետության բարձրացման մասին։
Հաջորդը քաղաքագիտության քաղաքական սոցիալականացման գործառույթն է։ Այն նպաստում է բնակչության քաղաքական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, օգնում ճիշտ գնահատելու գոյություն ունեցող հասարակական, քաղաքական կարգը, քաղաքացու տեղը, դերը, իրավունքներն ու պարտականությունները հասարակության մեջ։ Գլխավոր նպատակն է՝ սովորեցնել մարդկանց ճիշտ կողմնորոշվել սոցիալ-քաղաքական բարդ իրադրություններում, ճիշտ մոտեցում ցուցաբերել համամարդկային, պետական, խմբակային և անհատական շահերի ու արժեքների հանդեպ։
Քաղաքագիտությունը իրականացնում է նաև աշխարհայացքային, կարգավորող գործառույթ։ Յուրաքանչյուր մարդկային գործունեություն, վարքագիծ սկսվում է մարդու մտքից, իրերի ու երևույթների նրա ընկալումից։ Այստեղից էլ բխում են քաղաքագիտության աշխարհայացքային գործառույթի կարևոր դերը և նշանակությունը։ Քաղաքագիտությունը հետազոտում, վերլուծության է ենթարկում տարբեր հայացքներ, տեսակետներ, գաղափարներ, բացահայտում է դրանց էությունը, սովորեցնում գիտական անաչառ դիրքերից գնահատել այդ բոլորը։ Այն մշակում է օբյեկտիվ պատմական մտածողություն, իր երկրի պատմության նկատմամբ հարգանք և վերլուծական մոտեցում։ Քաղաքագիտությունը կարող է գնահատել քաղաքական իրականությունը, քաղաքական գործիչների արարքները, պատասխանել այն հարցերին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս անել, որ քաղաքական որոշումները, գործողությունները նպաստեն հասարակության կայունացմանն ու զարգացմանը։ Այս խնդիրների լուծման մեջ մեծ է պրոֆեսիոնալ քաղաքագետների դերն ու պատասխանատվությունը։ Նրանք կարող են և պետք է օգտագործեն իրենց ինտելեկտուալ իշխանությունը, գիտելիքներն ու վերլուծական ընդունակությունները երկրի զարգացման ճիշտ ուղիներ փնտրելու համար։
Քաղաքագիտության մեջ թե՛ տեսական և թե՛ կիրառական առումով կարևոր դեր է խաղում կանխատեսման գործառույթը։ Ելնելով քաղաքական երևույթների օբյեկտիվ վերլուծության սկզբունքներից՝ քաղաքագիտությունը զբաղվում է ոչ միայն ընթացիկ հարցերի վերլուծությամբ, այլև ձգտում է ճանաչել ապագան, կանխատեսել քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները։ ժամանակակից գիտական տեխնոլոգիաների զարգացումը մեծացրել է քաղաքական հետազոտությունների արդյունավետությունը, բարձրացրել կանխատեսումների ճշգրտության աստիճանը։ Աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում ստեղծվել են ֆուտուրոլոգիական (Ֆուտուրոլոգիա լատին․՝ futurum - ապագա, գիտություն ապագայի մասին) կենտրոններ, որոնք հավաստի տեղեկատվության և փաստերի վերլուծության հիման վրա նախագծում, մշակում են աշխարհի ապագա քաղաքական նկարագիրը։ Այսպիսով, քաղաքագիտությունը բավականին հետաքրքիր ու բարդ գիտություն է, որի ուսումնասիրությունն ընդհանրապես և մեր պետականության կայացման արդի փուլում հատկապես ունի տեսական, առավել ևս կիրառական նշանակություն։ Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ կան մարդիկ, ովքեր հասարակական ճգնաժամերի, սոցիալական դժվարությունների, զանազան անարդարությունների համար մեղադրում են քաղաքական գիտությանը։ Իրականում գիտությունն անաչառ է ու անկողմնակալ, նայած թե ովքեր, ինչքան, ինչպես և ինչ նպատակներով են օգտվում նրանից։
Այս առումով հարկ է նշել, որ քաղաքագիտության մի շարք հիմնախնդիրներ միջառարկայական հետազոտության ոլորտ են կազմում։ Օրինակ, քաղաքական ինստիտուտների, նորմերի և արժեքների ուսումնասիրությունը սերտորերն կապված է իրավագիտության հետ։ Քաղաքական ուսմունքներն ու գաղափարախոսությունները ուսումնասիրվում են նաև փիլիսոփայության կողմից, քաղաքական զգացմունքները, հույզերը՝ հոգեբանության կողմից, քաղաքական ավանդույթները՝ մշակույթի պատմության և տեսության կողմից, քաղաքական իշխանության ծագումը՝ մարդաբանության ու ազգագրության կողմից և այլն։
Քաղաքագիտության հետազոտության մեթոդաբանությունը մեթոդների, նորմերի ամբողջություն է, գիտական որոնումների ռազմավարություն։ Գիտական մեթոդը սկզբունքների, տեսության հիմնական տեղադրումների, կիրառվող եղանակների համակարգ է, որի օգնությամբ հետազոտողը հասնում է իրականության օբյեկտիվ ճանաչողությանը։ Պրոֆեսիոնալ քաղաքագետի համար գիտական վերլուծության մեթոդներին տիրապետելը նրա որակական մակարդակի կարևոր չափանիշներից մեկն է։ Այն հնարավորություն է ստեղծում և նպաստում հետազոտության օբյեկտիվության ու արդյունավետության բարձրացմանը։ Տարբեր մեթոդների ամբողջությունը, որոնց օգնությամբ հետազոտվում են քաղաքական իրականությունն ու իրադարձությունները, հնարավորություն է ընձեռում տեսնելու զարգացման միտումները, ընդունելու համապատասխան որոշումներ, կազմելու քաղաքական վերլուծության բովանդակությունը։ Մեթոդը հուն․՝ methodos, հետազոտության ուղի, ճանապարհ, քաղաքական տեսության ստուգման և գնահատման միջոց, վերլուծության եղանակ է։
Քաղաքական հետազոտությունների մեթոդաբանական մակարդակը, մեթոդների հիմնական ձևերը կազմվել, ձևավորվել են քաղաքական մտքի պատմական զարգացման ընթացքում։ Քաղաքագիտության մեթոդների մշակման գործընթացը մասնագիտական գրականության մեջ բաժանվում է հետևյալ փուլերի։
Քաղաքական գործընթացների մասնագետ հետագոտողը պարտավոր է իրերն ու երևույթները տեսնել այնպես, ինչպես իրականում դրանք կան և ոչ թե այնպես, ինչպես ինքն է ցանկանում տեսնել։ Սակայն քաղաքագիտության մեջ դա համեմատաբար ավելի դժվար է, քան բնական գիտությունների մեջ։ Բանն այն է, որ քաղաքականությունը բացի քանակական չափումներից ունի նաև հոգեբանական կողմեր, որոնք չափումների չեն ենթարկվում։ Դրանից զատ, յուրաքանչյուր հետազոտող ընտրելով այս կամ այն հարցի ուսումնասիրությունը՝ ի սկզբանե արդեն ցուցաբերում է որոշակի նախասիրություն, եթե չասենք՝ շահ։ Ուստի անհրաժեշտ է, որ հետագոտոդը մինչև վերջ կշռադատի իր եզրակացությունը, արժեքային հակվածությունը հասցնի նվազագույնի, հետազոտությունը հիմնավորված լինի և փաստերով ապացուցված։ Քաղաքական հետազոտության ժամանակ պետք է նկատի ունենալ, որ հետազոտվող օբյեկտի մասին կարող են լինել նաև այլ տեսակետներ, որոնց մեջ կան ճշմարտության տարրեր. Վեբերը նշում է, որ ցանկացած գիտական հայտնագործություն եթե հենվում է քաղաքական կանխակալ հայացքների վրա, օբյեկտիվ և արդյունավետ լինել չի կարող։
Նախազգուշացեք ձեր հետազոտությունները կազմել կանխակալ հայացքների վրա,- գրում է նա,- անվիճելի ճշմարտությունները ընդունելի են նաև քաղաքական գիտության մեջ։ Եթե աղբ կա, ապա դեն նետեցեք այն։ |
Քաղաքագիտության մեջ օգտագործվում են հետազոտության ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ձևեր։ Քաղաքական գործընթացների հետազոտության ամենահին մեթոդներից է համեմատական մեթոդը, որը հնարավորություն է տալիս քաղաքական մի քանի օբյեկտների համեմատության միջոցով բացահայտել դրանց միջև եղած տարբերություններն ու նմանությունները, ընդգծել քաղաքական գործընթացների ընդհանուր և առանձնահատուկ գծերը, նշել շարժընթացը և զարգացման միտումները։ Այդ մեթոդը բացահայտում է քաղաքական գործընթացի տարրերի և սոցիալական այլ երևույթների միջև եղած փոխադարձ կապը, օգնում է ճիշտ գնահատել քաղաքական փորձը, որն այսօր էական կիրառական նշանակություն ունի հատկապես այն երկրների համար, որոնք նոր են սկսել դեմոկրատական վերափոխումների գործընթացը։ Համեմատական մեթոդը հումանիտար գիտությունների մեց խաղում է այն դերը, ինչը գիտական փորձը բնական գիտությունների մեջ։ Այն հատկապես արդյունավետ է փոքր երկրների ազգային շահերի, դեմոկրատական ինստիտուտների, ընտրությունների և հասարակական կարծիքի հետազոտման ժամանակ և հնարավոր է դարձնում քաղաքական որոշումների ընդունման ժամանակ օգտվել նմանատիպ ճանապարհ անցած երկրների փորձից, հաշվի առնել սեփական առանձնահատկությունները և ընդունել ավելի իրատեսական որոշումներ։ Համեմատական մեթոդաբանության հիմքի վրա ԱՄՆ-ում և արևմտյան մի շարք երերներում ստեղծվել է քաղաքագիտության կարևոր ճյուղերից մեկը՝ համեմատական քաղաքագիտությունը։ Համեմատական քաղաքագիտության բնագավառում հետազոտությունները կատարվում են
Քաղաքագիտական հետազոտությունների բնագավառում ամենատարածվածներից մեկը համակարգային մեթոդն է, որը համեմատական մեթոդի հետ միասին լայնորեն օգտագործում են աշխարհի բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններում։ Համակարգային մոտեցումը գիտական հետազոտության այնպիսի մեթոդ է, որի հիմքում ընկած է բարդ օբյեկտի դիտարկումը իբրև բազմաթիվ տարրերի ամբողջություն։ Այս դեպքում հետազոտության սլաքը ուղղվում է օբյեկտի ամբողջության բացահայտմանը, նրա ներքին կառուցվածքի և արտաքին կապերի վերլուծությանը։ Այդ մեթոդը կիրառվում է հատկապես ամերիկյան քաղաքագիտության մեջ քաղաքագետներ Դ. Իստոնի և Հ. Ալմոնդի կողմից քաղաքական համակարգերի վերլուծության ժամանակ։ ժամանակակից ամերիկյան քաղաքագիտության մեջ կարելի է առանձնացնել համակարգային վերլուծության երեք փոխկապակցված մոտեցումներ.
Կարևորն այստեղ այն է, որ սուբյեկտը գործելով տվյալ իրադրության մեջ իրականացնում է որոշակի սոցիալական քաղաքական դեր, որը էական ներգործություն է ունենում շրջապատի նկատմամբ նրա հարաբերությունների վրա։
Վերը նշված համեմատական և համակարգային մեթոդների հետ կապի և հաջորդականության առումով կարևոր է նաև պատմական մեթոդը, որը օբյեկտիվ իրականության գիտական ճանաչողության մեթոդ է և հնարավորություն է տալիս իրերն ու երևույթները դիտարկել պատմական օրինաչափ զարգացման մեջ՝ կապված նրանց գոյության կոնկրետ հետ։ Ընդունված է ասել, որ պատմությունը անցյալի քաղաքականությունն է, իսկ քաղաքականությունը՝ ներկայիս պատմությունը։ Այս մեթոդի կիրառումը պայմանավորված է քաղաքական պրակտիկայով։ Փաստերի ճիշտ և ժամանակին օգտագործումն հնարավորության է ստեղծում քաղաքականության մեջ խուսափելու կամայականությունից և սուբյեկտիվիզմից։ Պատմությունն քաղաքագետին փաստացի նյութ է տայիս քաղաքական իրադարձությունների մասին, ընդհանրացնում անցյալի փորձը, կապ ստեղծում ներկայի և անցյալի միջև։
Քաղաքական հետագոտությունների մեջ կարևոր դեր ունի մոդելավորման մեթոդն, որը կիրառվում է հատկապես վերջին ժամանակներում՝ կապված կիբեռնետիկայի զարգացման հետ։ Մոդելը իրականության պարզեցված պատկերն է. որն օգտագործվում է սոցիալական գիտությունների տվյալները կարգավորելու, տեսություն ստեղծելու և իրադարձությունների զարգացումը կանխատեսելու համար։ Հետազոտվող օբյեկտի կրկնօրինակի ստեղծումը և դրանով իրական գործընթացների նմանակումը կոչվում է մոդելավորում։ Այսօր շատ է մեծացել քաղաքական հետազոտությունների մեջ համակարգչային տեխնոլոգիաների դերը։ Համակարգչային տեխնիկայի օգնությամբ մոդելի կառուցումը ընդգրկում է մի քանի փուլ, առաջին՝ հետազոտվող օբյեկտի, համակարգի մասին միասնական տեսական պատկերացման ձևավորում. դա հայեցակարգային մոդելն է։ Երկրորդ՝ հայեցակարգային մոդելը փոխակերպվում է մաթեմատիկական պայմանանշանների՝ մաթեմատիկական մոդելի։ Երրորդ՝ մաթեմատիկական մոդելը փոխադրվում է համակարգչային ծրագրավորման հարթություն, որը հնարավորություն է տալիս հետազոտողին աշխատելու թվային տեղեկատվության վրա։ Եվ վերջապես, մաթեմատիկական կամ համակարգչային մոդելի մեջ տեղադրելով հետազոտվող օբյեկտի մասին փաստացի տեղեկատվություն, մաթեմատիկայի պայմանանշանները փոխարինելով քանակական ցուցանիշների՝ ստանում ենք հետազոտվող օբյեկտի տեղեկատվական մոդելը։ Վերջինս հնարավոր է դարձնում ճիշտ գնահատելու քաղաքական իրադրությունը, կանխագուշակելու զարգացման միտումները, փորձաքննության ենթարկելու հետազոտության արդյունքները։ Ցանկացած քաղաքական գործընթացի համար կառուցված մոդելը պետք է բխի հետազոտության նպատակից, որոշման ճշգրտությունից և ելակետային հայտնի տվյալներից։ Եթե ելակետային տվյալների իսկությունը ճշտված չէ, ապա իմաստ չունի մոդելի ստեղծումը։ Մոդելը պետք է արտահայտի երևույթի գլխավոր հատկանիշները, հաշվի առնի էական բոլոր գործոնները, որոնցից կախված է հետազոտության հաջողությունը։ Ընդհանրապես, քաղաքական երևույթների մոդելավորումը երկու վտանգ է պարունակում, առաջինը, երբ իզուր J կարող ես թաղվել մանրուքների մեջ, երկրորդ' դժվարացնել երևույթներն ու դրանց հետազոտությունը։ Սակայն իրական դժվարությունը մարդկային բանականության սահմանափակության մեջ է։ ճիշտն այն է, որ հետազոտության արդյունքները որոշվեն մի քանի մոդելներից ստացված տվյալներով։ Ի դեպ, եթե գիտական եզրակացությունները մի մոդելից մյուսին անցնելով քիչ են փոփոխվում, ապա դա լուրջ փաստարկ է հետազոտության օբյեկտիվության մասին, իսկ եթե էապես փոխվում են, ուրեմն պետք է վերանայել ընդհանուր հայեցակարգը։
Քաղաքագիտության նոր մեթոդներից անհրաժեշտ է նշել բիհեվիորիստական (Բիհեվիորիզմ լատին․՝ behaviour-վարք, վարքագիծ, բառիս բուն իմաստով՝ գիտություն վարքագծի մասին) մեթոդը, որը ձևավորվեց անցյալ դարի սկզբներին, երբ ամերիկյան քաղաքագետ Չարլզ Մերիամն ընդգծեց, որ հասարակության քաղաքական կյանքում որոշիչ դեր է խաղում մարդկանց քաղաքական վարքագիծը։ Այս մոտեցման էությունը այն է, որ քաղաքականությունը հետազոտվում է անհատների, սոցիալական խմբերի կոնկրետ վարքագծի կտրվածքով։ Մարդկանց գործողությունը դիտվում է որպես ձգտում իրենց քաղաքական շահերի իրականացման համար։ Ըստ այդ մեթոդի հետազոտությունը պետք է անկանխակալ լինի՝ հիմնված փորձնական ուսումնասիրության վրա և կապված մարդկանց քաղաքական վարքագծի շարժառիթների հետ։ Այդ մեթոդը օգնում է ուսումնասիրելու քաղաքական լիդերների, զանազան սոցիալական խմբերի արարքների, վարքագծի հոգեբանական մոտիվները, նրանց հեղինակության աստիճանը, մարդկանց տրամադրությունները ընտրություններից առաջ և այլն։ Բիհեվիորիզմը հասավ իր գագաթնակետին XX դարի կեսերին, սակայն 60-ականներից սկսած՝ քննադատության ենթարկվեց՝ կապված բնագիտական մեթոդաբանական մի շարք դրույթների հետ։ Մասնավորապես նշվեց, որ կենտրոնանալով միայն փաստերի վրա՝ գիտությունը ի վիճակի չէ ընթացիկ քաղաքական երևույթների պատճառները բացահայտելու։ Այդ թերությունը բացահայտ է դառնում հատկապես քաղաքական արժեքների վերլուծության, հասարակական-քաղաքական ճգնաժամերի ժամանակ։ Հաշվի առնելով այս թերությունները՝ վերջին տասնամյակում բիհեվիորիզմի մեթոդաբանությունը լրացվեց, նորացավ և ստացավ «հետբիհեվիորիզմ» կամ «նեոբիհեվիորիզմ» անվանումը։
Քաղաքագիտական հետազոտությունների մեջ կարևոր դեր է խաղում որոշումների ընդունման մեթոդը։ Նրա հիմնական տարրերն են՝ որոշումների ընդունման կենտրոնները, որոշումների ընդունման գործընթացը և դրա իրականացումը։ Այս մեթոդի արդյունավետությունը շատ կողմերով պայմանավորված է իրավիճակի քաղաքական ճիշտ գնահատականով։ Քաղաքական գնահատականը երևույթների, փաստերի, գործընթացների էությունը, բովանդակությունը բացահայտող բանավոր կամ գրավոր եզրակացությունն ու ամփոփումն է։ Քաղաքական գնահատականը հետազոտողից պահանջում է բարձր մտակարողություն, լայնածավալ գիտելիքներ, քաղաքական երևույթների ընդհանրացում և վերլուծություն։ Որոշումների ընդունման ժամանակ շատ բարձր է գնահատվում անկախ փորձագետների և հետազոտական կենտրոնների կարծիքը, նրանց առաջարկները, խորհուրդները, որոնք մեծ ազդեցություն են ունենում որոշումների ընդունման վրա։
Քաղաքական որոշումների ընդունման ժամանակ կարևոր դեր է խաղում քաղաքական փաստարկման կիրառումը։ Փաստարկումը կշռադատության ձև է, երբ որպես ապացուցվող թեզ առաջ է քաշվում որոշակի դրույթ, դիտարկվում են նրա օգտին բերված փաստարկները և հնարավոր հակափաստարկները։ Փաստարկման տարրերն են՝ համոզելը, գնահատելը, հիմնավորելը և հերքելը։ Քաղաքականության մեջ փաստարկումը կիրառվում է ոչ այնքան թեզիսի ճշմարտությունը ապացուցելու, որքան դիմացինին համոզելու համար։ Փաստարկման ժամանակ ի մի են բերվում քաղաքականության արդյունքները, որոշվում է քաղաքական պատասխանատվության ձևը, ձևավորվում են քաղաքական ծրագրերը, հիմնավորվում են քաղաքական նպատակները և այլն։ Այսօր բավականին ուշադրություն են դարձնում քաղաքական փաստարկման տարբեր ասպեկտների, հատկապես քաղաքական լեզվի վերլուծության վրա։ Նման մոտեցման հիմքում ընկած է այն սկզբունքը, որ լեզուն ոչ միայն հաղորդակցման, մտքերի և զգացմունքների արտահայտման, այլև քաղաքական սուբյեկտի վրա ներգործելու միջոց է։ Այստեղ հետազոտողի ուշադրությունն ուղղված է քաղաքական փաստարկման տեխնիկայի, լեզվի գաղափարական շերտի, լեզվական քաղաքականության ձևավորման հոգեբանական կողմերի վրա։ Այս հիմնախնդիրների հետազոտությունը հարստացնում է քաղաքագետի պատկերացումները քաղաքական գործընթացների, քաղաքական մշակույթի և գիտակցության մասին։
Ժամանակակից քաղաքագիտական հետազոտությունների մեջ լայն կիրառում ունեն վերլուծության փորձային-սոցիոլոգիական մեթոդները։ Այդ մեթոդներն ընդգրկում են կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունների ձևերի և եղանակների ամբողջությունը, քաղաքական գործընթացների փաստերի հավաքագրումն ու վերլուծությունը։ Նման հետազոտությունների արդյունքները կիրառական նշանակություն ունեն իբրև յուրատեսակ մտավոր ապրանք։ Այդ ապրանքի պատվիրատուներ և գնորդներ կարող են լինել կենտրոնական և տեղական իշխանությունները, պետական զանազան կազմակերպություններ և մասնավոր ձեռնարկություններ։
Այսպիսով, քաղաքագիտության զարգացման ժամանակակից փուլում բավականաչափ ընդլայնվել և խորացել է քաղաքական հետազոտությունների մեթոդաբանական հիմքը, առաջացել են նոր մեթոդներ և մոտեցումներ, այսինքն գործում է մեթոդաբանական բազմակարծության սկզբունքը։
Յուրաքանչյուր գիտության կատեգորիաների հետազոտությունը նրա գիտական պոտենցիալի յուրացման անհրաժեշտ պայմանն է։ Կատեգորիան տվյալ գիտության Լեզու է, գործիքը, որը պետք է սովորել, լայնացնել ու խորացնել այդ բնագավառի գիտելիքները։ Կատեգորիաները տվյալ գիտության կողմից օբյեկտիվ աշխարհի ճանաչողության սանդղակի աստիճաններն են, որոնց մեջ և որոնց միջոցով է դրսևորվում տվյալ առարկայի բովանդակությունը, օրինաչափությունները և զարգացման միտումները։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքական գիտության կատեգորիաների ուսումնասիրության ժամանակ առաջանում են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են այդ գիտության ինտեգրալ բնույթով, տարբեր երկրներում դրա դրսևորման առանձնահատկություններով։ Բանն այն է, որ քաղաքագիտությունը, ինչպես և մի շարք գիտություններ, օգտագործում են կատեգորիաների երեք տեսակ.
Գիտական գրականության մեջ քաղաքագիտության կատեգորիաները բաժանվում են հետևյալ խմբերի.
Այսպիսով, քաղաքագիտության կատեգորիաների գիտական ապարատի ձևավորումը բարդ գործընթաց է, որը պահանջում է կատեգորիաներից յուրաքանչյուրի հստակ բովանդակության բացահայտում, կիրառական առումով ճիշտ և տեղին օգտագործում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքագիտություն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քաղաքագիտություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.