Նիլ Դայմոնդ (անգլ.՝ Neil Lesley Diamond, հունվարի 24, 1941(1941-01-24), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան, որը զբաղեցնում է (2002 թվականի տվյալներով) երրորդ տեղը (Էլթոն Ջոնից և Բարբրա Ստրեյզանդից հետո) «Բիլբորդ» ամսագրի պատմության մեջ Adult contemporary (AC) կարգի ամենահաջողակ կատարողների ցուցակում։ Դայմոնդի սկավառակների ընդհանուր տպաքանակը (2001 թվականի տվյալներով) կազմում է 125 միլիոն, որից 48 միլիոնը վաճառվել Է ԱՄՆ-ում։
Նիլ Դայմոնդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Neil Diamond |
Ծնվել է | հունվարի 24, 1941 (83 տարեկան) Բրուքլին, Նյու-Յորք, ԱՄՆ |
Երկիր | |
Ժանրեր | փոփ ռոք Ֆոլկ ռոք Քանթրի Սոֆթ ռոք |
Մասնագիտություն | վոկալիստ, երգերի հեղինակ դերասան, գիտարիստ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Bang Records Uni Records MCA Records Columbia Records |
Կրթություն | Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց և Վաղ կրթության կենտրոն |
Պարգևներ | |
Կայք | www.neildiamond.com |
Neil Diamond Վիքիպահեստում |
Նիլ Դայմոնդը ծնվել է Բրուքլինում` Նյու-Յորքում, Ռոզ և Ակիբի «Քիվի» Դայմոնդների (անգլ.՝ Rose, Akeeba 'Kieve' Diamond)` Լեհաստանից գաղթած հրեական ամուսնական զույգի ընտանիքում։ Չորս տարի անց ընտանիքը տեղափոխվում է Վայոմինգ, որտեղ Քիվ Դայմոնդը ծառայում էր ամերիկյան զինված ուժերում։ 1956 թվականին, երբ Նիլը սովորում էր դպրոցում, ընտանիքը տեղափոխվում է Բրայթոն-Բիչ` Բրուքլին։
Նիլը Բարբրա Ստրեյզանդի հետ երգում էր մի դպրոցական երգչախմբում, որի հետ տարիներ անց գրում է դուետ` իր ամենամեծ հիթերից մեկը` «You don 't Bring Me Flowers»-ը (ԱՄՆ-ում 1-ին տեղ, 1977)։ Ավագ դասարաններում ռոքնռոլի համերգներով ելույթ է ունենում համադասարանցի Ջեք Փարքերի հետ` Էվերլի եղբայրների կերպարով։ Իր 16-րդ ծննդյան օրը Նիլը կիթառ է նվեր ստանում։ Այս նվերը փոխում է նրա ամբողջ կյանքը, նա սկսում է դասեր վերցնել, երգեր գրել և այդ ժամանակից սկսած զբաղվում է միայն երաժշտությամբ։ Շուտով պատանի Դայմոնդը գրում է իր առաջին երգը, որը կոչվում էր «Hear Them Bells» և նվիրված էր սիրելի աղջկան։ Այդ պահին հեղինակի մոտ կոմպոզիցիան ձայնագրելու հնարավորության մասին միտք չի առաջանում, բայց շատ տարիներ անց երգը ձայնագրվում է և ընդգրկվում նրա երգացանկում։ Տասնութ տարեկան հասակում Դայմոնդը գրում է «Blue Destiny»-ը։ Այս երգը նա արդեն դիտում էր որպես պատրաստի հիթ, բայց ութ տարի է անցնում, մինչ այդ գաղափարը իրագործվում է։
1958 թվականի հունիսին Դայմոնդն ավարտում է Աբրահամ Լինքոլնի («Abraham Lincoln High School») դպրոցը և նույն աշնանը ընդունվում է Նյու-Յորքի համալսարան։ Երաժշտությունը, սակայն, նրա համար գլխավոր առաջնահերթություն էր։ Դայմոնդն ավարտելուց կես տարի առաջ հեռանում է համալսարանից և հաստիքային երգահան-հեղինակի պաշտոն ստանձնում հրատարակչական ընկերություններից մեկում, որտեղ սկսում է ստանալ ամսական 35 դոլար։ 1960-ականների սկզբին Դայմոնդը սկսում է հանդես գալ Ջեք Փարքերի հետ Neil & Jack դուետում։ Նրանք հրատարակչական պայմանագիր են կնքում Allied Entertainment Corporation of America ընկերության հետ և պայմանագիր ձայնապնակների թողարկման մասին` նրա թևի` Duel Records-ի հետ։ Երկու սինգլ` «You Are My Love»-ն (1960) և «I 'm Afraid»-ը (1961), հաջողություն չեն ունենում, և դուետը բաժանվում է։ 1962 թվականին Դայմոնդը պայմանագիր է կնքում Columbia Recordsի հետ։ Նրա առաջին` «At Night» սինգլը, սակայն, ձախողվում է։
Իրական հաջողությունը Դայմոնդի մոտ է գալիս 1967 թվականին, երբ նրա հեղինակած «I’m a Believer» երգը դառնում է The Monkees-ի բեսթսելլեր և յոթ շաբաթ անցկացնում վաճառքի ազգային չարտերի գագաթին։ Այդ պահից ի վեր Դայմոնդը դառնում է «հեղինակ-կատարողների» ծագած շարժման առանցքային դեմքերից մեկը և հիթ-շքերթների անփոփոխ մասնակիցը։ Հատուկ հաջողություն է ունենում նախագահի դստեր` Կարոլին Քենեդիի ոգեշնչած «Sweet Caroline» երգը», այն իրենց երգացանկում ներառել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան և Բոբբի Ուոմակը։
1976 թվականին Դայմոնդը, իր սերնդի այլ հայտնի երաժիշտների հետ միասին, մասնակցում է The Band խմբի հրաժեշտի համերգին, որը նկարահանվում է Մարտին Սկորսեզեի ֆիլմում և լայն էկրան դուրս գալիս «Վերջին վալս» անվանումով։
1980-ականներին Դայմոնդի կարիերան, ինչպես նաև 1960-ականների և 1970-ականների շատ այլ «հեղինակ-կատարողների» կարիերան, անկում ապրեց։ Կարիերայում բեկումնային կարելի է համարել Էլ Ջոլսոնի «Ջազի երգիչ» (1980) ռիմեյքում գլխավոր դերը, որտեղ նրա գործընկերն էր սըր Լոուրենս Օլիվիեն։ Այս աշխատանքը մտել է պատմության մեջ նրանով, որ արժանացել է առաջին հակաֆիլմ «Ոսկե ազնվամորի» մրցանակին` «վատագույն տղամարդու դերը» անվանակարգում։
Դայմոնդի մասին հիշում են 1994 թվականին, երբ բնօրինակին մոտ նրա «Girl, you' ll Be a Woman Soon» դասական հիթի քավեր տարբերակը (1967) հնչում է Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք»-ում։ Ավելի վաղ նման բան էր նաև դայմոնդովյան «Red Wine»-ը, որը UB40 խմբի քավեր տարբերակով օվկիանոսի երկու կողմերում հիթ-շքերթների գագաթնակետին էր։
Դայմոնդի ժողովրդականության նոր ալիքը կապված էր 2005 թվականին նրա «12 Songs» ստուդիական ալբոմի թողարկման հետ, որի պրոդյուսերը նորաձև Ռիք Ռուբինն էր, և ազգային չարտերում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։ Ձայնասկավառակի ձայնագրության մեջ ներգրավված էր նաև The Beach Boys խմբի հիմնադիր և գաղափարախոս Բրայան Ուիլսոնը։
67-ամյա Դայմոնդի և պրոդյուսեր Ռուբինի հաջորդ համատեղ աշխատանքը` «Home Before Dark» ալբոմը, երաժշտության մեջ նրա 48-ամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ (2008 թվականի մայիսին) առաջին հորիզոնականում է հայտնվում ինչպես Billboard 200-ում` ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի պաշտոնական ալբոմային հիթ-շքերթում։ Դրանով Դայմոնդը գերազանցում է 2005 թվականին Բոբ Դիլանի սահմանած ռեկորդը և դառնում ամենատարեց կատարողը, որը երբևէ գլխավորել Է ալբոմների վաճառքների ցուցակը ԱՄՆ-ում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Դայմոնդ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նիլ Դայմոնդ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.