Ակրոստիքոս, անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծական ձև, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։
Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։ Անցյալում ակրոստիքոսի ձևն օգտագործվել է գրաքննությունը շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար։ Կիրառվել է նաև չափածո հանելուկների մեջ, որի առաջին տառերից կազմվել է պատասխանը։
Ակրոստիքոսի ձևին հայ բանաստեղծներից դիմել է Եղիշե Չարենցը. իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ նա չորս ակրոստիքոս է նվիրել դստերը՝ Արփենիկ Չարենցին։ Ակրոստիքոս է նաև Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը, որի տողերի սկզբնատառերը կազմում են ռուս բանաստեղծ Վեչեսլավ Իվանովի անուն- ազգանունը.
Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երգում եմ ես.
Չըկար երկրիս նման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր...
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ,
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար...
Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր՝ թափված քանի՜ կորյուն-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն արյուն-
Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ...
Ընթերցե՛ք «ակրոստիքոս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակրոստիքոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 234)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ակրոստիքոս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.