Թութք (հեմորոյ), անոթային մարմնիկներ հետանցքային խողովակում (անալ կանալ)։ Իրենց բնականոն վիճակում նրանք երակային բարձիկներ են, որոնք օգնում են կղազատման կարգավորման ֆունկցիային։ Այդ բարձիկների այտուցվածությունը կամ ինֆեկցումը արդեն համարվում է հեմորոիդալ հիվանդություն, սակայն հեմորոյ տերմինը հաճախ վերագրվում է այս հիվանդությանը, ոչ նրա բնականոն վիճակին։ Նախանշաններն ու ախտանշանները կախված են թութքի տեսակից (արտաքին և ներքին)։ Ներքին թութքը հիմնականում արտահայտվում է անցավ, ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությունով կղազատման ժամանակ։ Արտաքին թութքը հաճախ հանդես է գալիս հետանցքի շուրջ այտուցով և ցավով։ Եթե արտաքին հանգույցը արյունահոսում է, արյան գույնն ավելի մուգ է։ Մի քանի օրվա ընթացքում առաջ է գալիս ախտանշանների արտահայտվածության նվազում։ Թութքի արտաքին հանգույցների ինքնալավացումից հետո հնարավոր է մնացորդային մաշկային ծալքերի առաջացում։
Թութք | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-10 | K64 |
Hemorrhoids Վիքիպահեստում |
Մինչդեռ թութքի առաջացման հիմնական ախտապատճառները մնում են անհայտ, ընդունված է համարել խթանիչներ այն բազմաթիվ պատճառները, որոնք առաջ են բերում որովայնի խոռոչում ճնշման բարձրացում։ Նրանց թվին են պատկանում փորկապությունը, լուծը և զուգարանակոնքին երկար նստելը։ Թութքը նաև բնորոշ է հղիության ընթացքին։ Ախտորոշումը կատարվում է տվյալ շրջանի արտաքին զննմամբ։ Շատերը հետանցքի շուրջ առկա խնդիրները վերագրում են արտաքին թութքին, սակայն այդ ախտանշանների ավելի լուրջ պատճառները պետք է առաջնահերթ ժխտել։ Կոլոնոսկոպիան և ռեկտորոմանոսկոպիան թույլ կտան ախտորոշել ավելի բարդ հիվանդությունները։
Հաճախ յուրահատուկ բուժման կարիք չի լինում։ Սկզբնական կանխարգելիչ միջոցառումները ներառում են բջջանյութի (բուսական սննդի) ընդունման ավելացում, հեղուկների առատ ընդունում, ՈՍՀԴ-ների ընդունում ցավերի դեպքում և հանգիստ։ Ընդունված է բուժիչ քսուկների տեղային կիրառումը, բայց նրանց արդյունավետությունը փաստացի ցածր է։ Կարելի է իրագործել բազմաթիվ միջամտություններ, եթե ախտանշանները արտահայտված են և պահպանողական միջոցառումները չեն նպաստում վերջիններիս լավացմանը։ Վիրահատությունը ցուցված է պահպանողական բուժման և միջոցառումների անարդյունավության դեպքում։
Մարդկանց մոտ 50-66%-ը ունենում են թութքի խնդիր կյանքի որևիցե փուլում։ Տղամարդիկ և կանայք մոտավորապես նույն հավանականությամբ են հիվանդանում։ Ավելի հաճախ թութքով հիվանդանում են 45-65 տարեկան անձինք։ Սոցիալապես ավելի ապահով խավը և առավելապես նստակյաց կյանք վարող անձինք գտնվում են բարձր ռիսկի խմբում։ Հիվանդության ելքը հիմնականում բարեհաջող է։ Հիվանդության մասին առաջին գրառումները եղել են դեռ հին եգիպտական պապիրուսներում 1700 մ.թ.ա.:
Թութքային հիվանդությունով տառապող մարդկանց մոտ 40%-ը չունեն արտահայտված ախտանշաններ։ Արտաքին և ներքին թութքը կարող են առանձին արտահայտվել, սակայն հիմնականում նրանք համակցված են։ Այնպիսի առատ արյունահոսություն, որ կարող է սակավարյունություն առաջացնել, հազվադեպ է հանդիպում, իսկ կյանքին սպառնացող արյունահոսությունը առավել անհավանական է։ Շատերը ունենալով տվյալ հիվանդությունը ամաչում են և հաճախ դիմում են բժշկի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Թութքի մեծացած արտաքին հանգույցները քիչ խնդիրներ են առաջացնում, եթե թրոմբված չեն։ Սակայն եթե թրոմբոզը առաջացել է, այն կարող է սուր և անտանելի ցավի պատճառ հանդիսանալ։ Այնուամենայնիվ, ցավը անցնում է երկու կամ երեք օրվա ընթացքում։ Այտուցների փոքրացմանն ու անհետացմանը, սակայն կպահանջվի մի քանի շաբաթ։ Ինքնալավացումից հետո հնարավոր է հարհետանցքային ավելորդ մաշկային ծալքերի առաջացում։ Եթե թութքի արտաքին հանգույցները բավականին մեծ են և առաջացնում են հիգիենիկ խնդիրներ, կարող է առաջանալ հարհետանցքային մաշկի բորբոքում և քոր։
Ներքին թութքը հիմնականում ընթանում է անցավ, կղազատման ընթացքում կամ նրա ավարտին ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությամբ։ Արյունը հիմնականում պատում է կղանքը, կամ առկա է զուգարանի թղթի վրա, կամ էլ կաթիլների տեսքով զուգարանակոնքում։ Կղանքը հիմնականում բնականոն գունավորման է։ Մյուս ախտանշանները կարող են արտահայտվել առատ լորձարտադրությամբ, եթե հանգույցները արտանկում են՝ հետանցքում օտար մարմնի զգացողությամբ, հետանցքի քորով և անկղապահությամբ։ Թութքի ներքին հանգույցները ցավոտություն են ցուցաբերում միայն հանգույցների թրոմբոզի և նեկրոզի(մեռուկացման) ժամանակ։
Թութքի ախտանշանների առաջացման պատճառները անհայտ են։ Բազմաթիվ պատճառներ ունեն իրենց ներգործությունը. օրինակ՝ անկանոն կղազատումը (փորկապություն և լուծ), ֆիզիկական ակտիվության պակասը, սննդակարգային առանձնահատկությունները (բջջանյութով աղքատ դիետա), ներորովայնային բարձր ճնշումը (երկարացած ճիգեր, ասցիտ, ներորվայնային գոյացություններ կամ հղիություն), ժառանգականությունը, թութքային երակներում փականների բացակայությունը և տարիքային գործոնը։ Բարձր ռիսկի գործոններից են ավելորդ քաշը, զուգարանակոնքին երկար նստելը քրոնիկ հազը և կոնքի հատակի մկանների թուլությունը։ Կքանստած կղազատումը նույնպես կարող է հանգեցներ արտահայված թութքային հիվանդության։ Սակայն այս նախատրամադրող գործոնների պատճառահետևանքային կապը ապացուցված չէ։ Հղիության ընթացքում պտղի առաջացրած ներորովայնային բարձր ճնշումը և հորմոնալ փոփոխությունները նպաստում են թութքային երակների լայնացմանը։ Ծննդալուծումը հանգեցնում է ներորովայնային ճնշման առավել մեծացմանը։ Հղիները հազվագյուտ են կարիք ունենում վիրաբուժական միջամտության, քանի որ ծննդալուծումը նպաստում է ախտանշանների վերացմանը։
Թութքային հանգույցները հանդիսանում են մարդու բնականոն անատոմիայի մաս և նրանց որևիցե պաթոլոգիական փոփոխության դեպքում միայն վերածվում են հիվանդության։ Անալ կանալում նորմայում առկա են երեք հիմնական երակային բարձիկներ։ Նրանք մեծ մասամբ տեղակայված են ձախ կողմնային, աջ առաջային և աջ հետին դիրքերում։ Նրանք կազմված են ոչ զարկերակներից, ոչ էլ երակներից, այլ այսպես կոչված անոթային խոռոչներից, շարակցական հյուսվածքից և հարթ մկանաթելերից
: Այս անոթային խոռոչները իրենց պատերում չունեն մկանային շերտ, ինչպես, օրինակ, երակները։ Այս անոթները հայտնի են որպես թութքային հանգույցներ։Թութքային հանգույցները կարևոր են կղապահության ֆունկցիայի համար։ Նրանք ապահովում են հանգստի ժամանակ առկա հետացքի փակման ճնշման 15-20%-ը և պաշտպանում են հետանցքի սեղմանի մկանները կղազատման ժամանակ։ Երբ մարդ կռանում է՝ ներորովայնային ճնշումը բարձրանում է և թութքային հանգույցները չափերով մեծանում են՝ ապահովելով հետանցքի փակվածքը։ Թութքի ախտանշանները արտահայտվում են, երբ այս անոթային մարմինները իջնում են կամ նրանցում առաջանում է երակային ճնշման բարձրացում։ Հետանցքի արտաքին և ներքին սեղմանի տոնուսի բարձրացումը ուղղակիորեն նպաստում է թութքի ախտանշանների արտահայտմանը։ Թութքի երկու տեսակները առաջանում են՝ մեկը վերին թութքային հանգույցներից, մյուսը՝ ստորին թութքային հանգույցներից։ Ատամնավոր գիծը բաժանում է այս երկու շրջանները։
Աստիճան | Սխեմատիկ պատկեր | Նկար |
---|---|---|
1 | ||
2 | ||
3 | ||
4 |
Թութքը հիմնականում ախտորոշվում է ֆիզիկալ (արտաքին և մատնային) զննման միջոցով։ Հետանցքի արտաքին զննման ժամանակ կարելի է ախտորոշել արտաքին կամ ներքին արտանկված թութքը։ Հետանցքի և ուղիղ աղու զննման (անոսկոպիա) միջոցով կարելի է ախտորոշել ուղիղ աղու ուռուցքները, պոլիպները, մեծացած շագանակագեղձը կամ թարախակույտերը (աբսցես)։ Այս զննումը հնարավոր չէ առանց համապատասխան ցավազրկման, չնայած որ ներքին թութքը մեծ մասամբ ցավոտ չէ (արտաքին թութքի համեմատ)։ Եթե առկա է արտահայտված ցավային համախտանիշ՝ առավել հավանական ախտորոշում է հետանցքի ճաքը։ Ախտորոշման հաստատման համար հնարավոր է անոսկոպիայի կարիք առաջանալ (հետանցքի և ուղիղ աղու գործիքային զննում խողովակով՝ ծայրին լույսի առկայությամբ)։
Ներքին թութքի հանգույցները տեղակայված են ատամնավոր գծից վեր։ Նրանք պատված են գլանաձև էպիթելով, որոնք զուրկ են ցավազգաց ընկալիչներից։ 1985թ.-ին ներքին թութքը ըստ արտանկման բաժանվել է 4 աստիճանի՝
Արտաքին թութքի հանգույցները տեղակայված են ատամնավոր կամ պեկտինյան գծից ներքև։ Պրոքսիմալ նրանք պատված են անոդերմով, իսկ դիստալ մաշկով, երկուսն էլ ցավազգաց և ջերմազգաց են։
Շատ հետանցք-ուղիղ աղիքային խնդիրներ, ներառյալ ճաքերը, խուղակները, թարախակույտերը, քաղցկեղները, ուղիղ աղու երակային լայնացումը և քորը, թութքի հետ ունեն նման ախտանշաններ և կարող են վերագրվել վերջինիս։ Բացի թութքից ուղիղ աղիքային արյունահոսության պատճառ կարող են հանդիսանալ նաև կոլոռեկտալ ուռուցքները, կոլիտները, ինչպես նաև գրգռված աղու համախտանիշը, դիվերտիկուլյար հիվանդությունը և անգիոդիսպլազիան։ Անեմիայի առկայության դեպքում պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր պատճառները։ Հետանցքում օտար մարմնի զգացողություն կարող են առաջացնել հավելյալ մաշկային ծալքերը, հետանցքի կոնդիլոմաները, ուղիղ աղու արտանկումը, պոլիպները և հետանցքի մեծացած պտկիկները։ Հետանցք-ուղիղ աղիքային երակային վարիկոզ հիվանդությունը, որն առաջանում է պորտալ (դռներակի) համակարգում ճնշման բարձրացման պատճառով, կարող է հանդես գալ թութքին նման պատկերով, բայց իրենից ներկայացնում է առանձին հիվանդություն։ Պորտալ հիպերտենզիան չի ազդում թութքի առաջացման հավանականության վրա։
Խորհուրդ են տրվում բազմաթիվ կանխարգելող միջոցառումներ՝ խուսափել կքանստած կղազատումից, փորկապության և լուծի պրոֆիլակտիկա՝ բջջանյութով հարուստ սննդի և առատ հեղուկների օգտագործմամբ, և համապատասխան վարժություններ։ Խորհուրդ է տրվում նաև կղազատման համար ծախսել ավելի քիչ ժամանակ, խուսափել ընթերցանությունից զուգարանում, հավելյալ քաշի դեպքում՝ քաշի նվազեցում, ծանրության բարձրացման սահմանափակում։
Պահպանողական բուժման մեջ ընդգրկվում է բջջանյութով առատ սնունդը, օրգանիզմի հիդրատացիան ապահովելու նպատակով բավականաչափ հեղուկի ընդունում, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործում, նստած բուժիչ լոգանքներ և հանգիստ։ Բջջանյութի օգտագործումը ապահովում է ավելի բարեհաջող ելք, որը ներառում է համապատասխան սննդակարգի և բջջանյութային հավելումների օգտագործում։ Բուժիչ լոգանքների արդյունավետությունը բուժման ցանկացած փուլում, այնուամենայնիվ, հիմնավորված չէ։ Նրանց կիրառման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեները
: Նաև խորհուրդ է տրվում կղազատման ժամանակի կրճատումն ու կքանստումից խուսափումը։Տեղային դեղամիջոցների և մոմիկների կիրառումը հիվանդության բարձիթողի վիճակում քիչ արդյունավետ է։ Հորմոնալ բուժման ընթացքը չպետք է գերազանցի 14 օրը, քանի որ կարող են հանգեցնել մաշկի բարակեցմանը։ Դեղորայքի մեծամասնությունը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ, պաշտպանիչ թաղանթ առաջացնող (վազելին, ցինկի օքսիդ), ցավազրկող (լիդոկաին) և անոթասեղմիչ (էպինեֆրին) միջոցները։ Որոշ միջոցներ պարունակում են պերուական բալզամ, որի հանդեպ որոշ մարդիկ կարող են լինել ալերգիկ։ Ֆլավոնոիդները տալիս են կասկածելի արդյունք և բավականին շատ կողմնակի ազդեցություններ։ Հղիության ընթացքում ցուցված է միայն սիմպտոմատիկ բուժում, իսկ հիմնական բուժական միջոցառումները իրականացվում են ծննդալուծումից հետո։ Փաստերը չեն հաստատում չինական ավանդական բժշկության էֆեկտիվությունը։
Կիրառվում են հիվանդանոցային բժշկական միջամտություններ։ Վերջիններս հիմնականում անվտանգ են, բայց հայտնի են հազվագյուտ բարդություններ, օրինակ, պերիանալ սեպսիս։
Պահպանողական բուժման և նվազ ինվազիվ եղանակների անարդյունավետության դեպքում կարելի է կիրառել բազմաթիվ վիրահատական մեթոդներ։ Բոլոր վիրահատությունները ինչ-որ չափով ունեն բարդություններ՝ արյունահոսություն, ինֆեկցիա, հետանցքի ստրիկտուրա (նեղացում) և դժվարամիզություն (միզապարկի նյարդավորման հետանցքին մոտ գտնվելու պատճառով)։ Նաև հնարավոր է անկղապահության զարգացման քիչ հավանականություն, մասնավորապես հեղուկ կղանքային մասսաների, մոտավորապես 0%-28% դեպքերում։ Ուղիղ աղու լորձաթաղանթի արտանկումը ևս մի վիճակ է, որ կարող է առաջանալ թութքահատումից հետո (հաճախ հետանցքի ստրիկտուրայի հետ համատեղ)։ Առաջանում է հետանցքի կամ ուղիղ աղու լորձաթաղանթի մասնակի արտանկում, որը նման է ուղիղ աղու ամբողջական արտանկման թեթև ձևին։
Դժվար է որոշել թութքի տարածվածությունը, քանի որ հիվանդների զգալի մասը չի դիմում մասնագիտացված բուժօգնության։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի բնակչության 50%-ը կյանքի ընթացքում ունենում են թութքի ախտանշաններ, իսկ տվյալ պահին 5%-ը տառապում է այս հիվանդությամբ։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք թութքով հիվանդանում են մոտավորապես նույն հաճախականությամբ, ավելի հաճախ 45-ից 65 տարեկանում։ Ավելի հաճախ հիվանդանում են սպիտակամորթերը և ավելի բարձր սոցիալ-տնտեսական խավը։ Երկարաժամկետ կտրվածքով ելքը հիմնականում բարեհաջող է, սակայն որոշ մասը ունենում են կրկնվող ախտանշանային դրվագներ։ Հիվանդների քիչ մասի մոտ է առաջանում վիրահատական միջամտության կարիք։
Այս հիվանդության մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 1700մ.թ.ա. Հին Եգիպտական պապիրուսին, որը խորհուրդ է տալիս՝ «... հիվանդը պետք է ստանա քսուկ, կազմված ակացիայի տերևներից, խառնած հողի հետ, տրորված և եփված։ Բարակ շերտով քսել հետանցքին և հիվանդը կլավանա»։ Մ.թ.ա 460թ.-ին Հիպոկրատի աշխատություններում քննարկվում է բուժման մեթոդ, որը նման է ժամանակակից վակուումային ռետինե լիգավորմանը,-«Թութքը կարող ես բուժել հաստ բրդյա թելով և ասեղով հանգույցը ամուր կապելով և ֆիքսելով։ Չթուլացնել կապը մինչև նրանք ինքնուրույն չընկնեն և հիվանդին նշանակել եղեբորոսով բուժման կուրս»։ Թութքը նույնիսկ նկարագրված էր Աստվածաշնչում, նրա հնաոճ անգլերեն թարգմանված տարբերակներում նշված որպես «էմերոդս» ("emerods"):
Ցելսիուսը (25մ.թ.ա-14ք.հ.) նկարագրել է լիգավորման և հեռացման գործընթացները, քննարկելով հնարավոր բարդությունները։ Գալենը պաշտպանում էր զարկերակներից երակների անջատման մեթոդիկան, պնդելով, որ դա վնազեցնում է ցավն ու գանգրենայի տարածումը։ Սուսրուտա Սամհիտայի (4-րդ-5-րդ դար) խոսքերը նման էին Հիպոկրատին, բայց կարևորվում էր վերքի մաքրությունը։ 13-րդ դարում Եվրոպացի վիրաբույժներ Լաֆրանկ Միլանցին, Գի դե Շոլիակը, Հենրի դե Մոնդեվիլը և Ջոն Արդինցին իրենց մեծագույն ներդրումն ունեցան վիրահատական բուժման եղանակների զարգացման և առաջընթացի գործում։
Միջնադարում թութքն անվանում էին նաև Սուրբ Ֆլեյքրի անեծք՝ 6-րդ դարի մի սրբի անունով, ում մոտ դա զարգացել էր հող մշակելու արդյունքում։ Անգլերենում "hemorrhoid" (թութք) բառի առաջին կիրառումը արձանագրվել է 1398 թվականին, և ծագում է հին ֆրանսերեն "emorroides" և լատիներեն "hæmorrhoida" արմատներից։ Վերջինս էլ իր հերթին ծագել է հունարեն "αἱμορροΐς (haimorrhois)" արտահայտությունից, որը նշանակում է "արյունահոսելու ընդունակ"․ "αἷμα (haima)" արյուն, "ῥόος (rhoos)" հոսանք, հոսք, շիթ։
Բեյսբոլի աշխարհահռչակ մարզիկ Ջորջ Բրետը 1980 թվականի Աշխարհի առաջնության խաղից հեռացվել է թութքից առաջացած ցավի պատճառով։ Փոքրածավալ վիրահատությունից հետո նա արդեն հաջորդ խաղին ներկա էր և կատակում էր,-«...իմ խնդիրները մնացին իմ հետևում»։ Բրետը վիրահատվեց հաջորդող գարնանը։ Քաղաքական պահպանողական մեկնաբան Գլեն Բեքը թութքահատման վիրահատությունից հետո լայն տարածում գտած YouTube տեսանյութում նկարագրել է իր տհաճ փորձը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Կարտերը 1984 թվականին վիրահատվել է թութքի կապակցությամբ։ Կրիկետի մարզիկներ Մեթյու Հայդնը և Վիվ Ռիչարդզը նույնպես տառապում են այս հիվանդությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 230)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Թութք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.