Էթնոսը կամ ազգագրական խումբ (հուն․՝ ἔθνος - ժողովուրդ), որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն, որն օժտված է ընդհանուր, համեմատականորեն կայուն լեզվական, մշակութային ու հոգեկան առանձնահատկություններով, ինչպես նաև սեփական միասնության և նման այլ կազմավորումներից տարբերվելու գիտակցությամբ (ինքնագիտակցությամբ), որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորույթների որոշ առանձնահատկություններ։ Ազգագրական խումբն առաջանում է պատմական տարբեր պայմանների ազդեցությամբ և կարող է հարատևել (օրինակ, ռուս ժողովրդի կազմում այժմ էլ կան հյուսիսային, միջին և հարավային ազգագրական խմբեր, հայ ժողովրդի կազմում՝ արևմտյան և արևելյան) կամ ձուլվել, անհետանալ մայր ժողովրդի ընդհանրության մեջ (օրինակ, բրիտանցիները՝ Ֆրանսիայում)։
Հայերենում ազգ բառը փոխառություն է պահլավերեն «azg» ճյուղ բառից, որը ծագում է հնդեվրոպական նախալեզվի azgho «ճյուղ» ձևից։ Հայերենում ազգային պատկանելությունը նշող բառերը կոչվում են ազգական անուններ կամ ազգականական բառեր (հունարեն՝ ἐυνιχόν ὄνομα):
Էթնոսի պատմական ձևերից է ազգը, որը ձևավորվում և վերարտադրվում է տարածքի ընդհանրության, տնտեսական կապերի, լեզվի, մշակույթի, հոգեկերտվածքի հիմքի վրա(որոշ դեպքերում ազգը դիտվում է որպես մարդկանց համախմբություն հանդիսացող յուրահատուկ քաղաքական ուժ, որը միավորվում է հայրենիքի և նրա շահերի պաշտպանությամ ընդհանուր հիմքի վրա)։
Էթնոսը պատմականորեն ձևավորված բավական կայուն մարդկանց հանրույթ է, որոնք ունեն ընդհանուր պատմական տարածք, ընդհանուր նախնու մասին պատկերացում, ընդհանուր լեզու, մշակույթ, պատմական ընդհանուր ճակատագիր, ընդհանուր էթնիկ «ինքնագիտակցություն», պատմական հիշողություն։ Էթնիկ հանրույթներն իրապես գոյություն ունեցող խմբեր են, որոնք ծագում, գործառնում և փոխազդում են միմյանց հետ և վերջապես մեռնում։ Նման հայեցակարգի համաձայն՝ առաջին էթնոսները համարվում են մարդկության սկզբնական բնութագիրը և ծագել են մարդու ժամանակակից տեսակի երևան գալու հետ նախնադարյան հասարակարգի ժամանակաշրջանում։
Ընդունված է էթնոսները բաժանել երեք տեսակներ։ Ամենավաղ տեսակին վերաբերում են տոհմը և ցեղը՝ բնորոշ նախնադարյան հասարակարգին։ Էթնոսի երկրորդ տեսակը ժողովուրդն է, որը սովորաբար կապվում է ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերի հետ։ Էթնոսի երրորդ տեսակը ազգն է, ծագում է կապիտալիստական հարաբերությունների և տնտեսական կապերի համաշխարհային ինտենսիվացման հետ։
Հնարավոր է ազգագրական խմբի ստորաբաժանում ավելի փոքր խմբերի։ Կարող են ազգագրական խմբերի վերածվել տվյալ ազգի հետ ձուլված, բայց իրենց էթնիկական որոշ գծերը պահպանած ցեղեր կամ այլազգի բնակչության առանձին խմբեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով մայր ժողովրդից մեկուսացած որոշ հատվածներ։ Վերջիններս ձեռք են բերում լեզվական, սովորութային, կրոնական կամ զբաղմունքային նոր երանգներ ու առանձնահատկություններ։ Այդպիսի ուրույն ազգագրական խմբեր են, օրինակ, տարբեր վայրերում հաստատված հայկական ֆռանգները, զոկերը, ռուսական կազակները, մալականները և այլն։ Սակայն, ազգագրական խումբը էթնիկական կայուն ամբողջություն չէ։
Իհարկե, էթնոսների նման բաժանումը չի արտացոլում Երկրի վրա գոյություն ունեցող էթնիկ հանրույթների ողջ բազմազանությունը, և չի նշանակում, որ նրանց ձևավորման գործընթացը պարտադիր հասնում է վերջնական փուլին։
Լև Գումիլյովն էթնոսը դիտարկում է որպես աշխարհագրական, բնական, բայց ոչ սոցիալական երևույթ։ Այս հետազոտողի համար էթնոսը մարդկանց այս կամ յան կոլեկտիվն է (դինամիկ համակարգ), որը հակադրում է իրեն բոլոր համանման կոլեկտիվներին («մենք» «ոչ մենք»), որն ունի իր առանձնահատուկ ներքին կառուցվածքը և վարքի յուրօրինակ կարծրատիպը։ Այս կերպ, էթնոսի հատկանիշները նա համարում է հոգեբանական բնութագրեր՝ ինքնագիտակցություն կամ նույնականություն և վարքի ստերոտիպ՝ որպես անհատների միջև հարաբերությունների կարգավորման նորմ։ Վարքի ստերեոտիպերը ձևավորվում են երեխայի մոտ կյանքի առաջին տարիներին, այսինքն՝ էթնոսին պատկանելիությունը բնածին չէ, այլ ձեռք է բերվում սոցիալականացման ընթացքում։
Ըստ Գումիլյովի՝ էթնոսի գոյության մասին վկայող ոչ պարտադիր հատկանիշներ են՝ սոցիալական, հասարակական, տնտեսական, գաղափարախոսական, մշակութային և լեզվական կատեգորիաները։ Էթնոսները կարող են ձևավորվել տարբեր միջոցներով՝ կրոնի ազդեցության արդյունքում, տարածական ձուլման հետևանքով։ Էթնոսը որպես համակարգ կարող է կարող է վերլուծվել ընտանիքի՝ որպես համակարգի միջոցով, որումմ իրապես գոյություն ունեցող և գործող գործոններ են ոչ թե առարկաները, այլ առանձին մարդկանց միջև կապերը։ Համակարգում կապերը կարող են լինել և՛ դրական, և՛ բացասական։
Գումիլյովն առանձնացնում է էթնոսի՝ որպես համակարգի, հետևյալ բնութագրերը.
Այս առանձնահատկությունների շնորհիվ էթնոսը դառնում է առավել առաձգական, այսինքն՝ ընդունակ մեղմացնելու կամ երբեմն վերականգնելու արտաքին ազդեցությունները։
Յուլիան Բրոմլեյը էթնոսը սահմանում է որպես որոշակի տարածքում պատմականորեն հաստատված մարդկանց կայուն համագումար՝ մշակույթի, լեզվի և հոգեկանի՝ հարաբերականորեն կայուն առանձնահատկություններով, ինչպես նաև իրենց միասնության և նման այլ կազմավորումներից տարբերության գիտակցմամբ՝ ամրագրված ինքնագիտակցության մեջ։ Բացի նեղ իմաստով էթնոսից՝ Բրոմլեյն, առանձնացնում է նաև էթնոս՝ լայն իմաստով. «էթնոսոցիալական օրգանիզմ, որի օրինակ է ազգը՝ օժտված քաղաքական և տնտեսական հանրույթով»։
Ֆրեդրիկ Բարտն էթնոսը դիտարկել է որպես սոցիալական կազմակերպության հատուկ ձև, որի կառուցվածքը ստեղծվում է մարդու կողմից՝ սոցիալական կատեգորիզացիայի գործընթացում՝ ինքն իրեն և ուրիշներին որոշակի կատեգորիաների վերագրում։ Էթնիկ կատեգորիաները հանրույթի էությունն են, որոնք փոխվում են պատմական, տնտեսական, քաղաքական հանգամանքների և իրավիճակային ազդեցությունների արդյունքում, իսկ նրանց միջև սահմանները կրում են «համաձայնեցման» բնույթ։
Էթնիկ հանրույթի վերլուծության գործիքային մոտեցումն այն սահմանում է որպես սոցիալական կառուցվածք, որը ծագում է և գոյություն ւոնի մարդկանց կողմից նպատակաուղղված ջանքերի արդյունքում և նրանց կողմից ստեղծված ինստիտուտներով՝ հատկապես պետությամբ։
Էթնոհոգեբանական մոտեցմամբ՝ էթնոսը մարդկանց խումբ է, հոգեբանական հանրույթ, որոնք իրենց գիտակցում են որպես անդամներ ցանկացած հատկանիշի հիման վրա, որոնք ընկալվում են որպես բնական և կայուն էթնոտարբերակիչ բնութագրեր։ Էթնոսն ունակ է իրականացնելու յուրաքանչյուր մարդու համար կարևոր գործառույթներ.
Էթնոսը ժամանակի մեջ կայուն միջսերնդային խումբ է, որին բնորոշ է կայունությունը, իսկ յուրաքանչյուր մարդ օժտված է հաստատուն էթնիկական կարգավիճակով, նրան հնարավոր չէ «հանել» նրա էթոսից։ Այս որակների շնորհիվ էթնոսը համարվում է հուսալի աջակից խումբ։
Ազգերի համախմբման պրոցեսի խորացման հետ ազգագրական խմբերը, աստիճանաբար կորցնելով իրենց առանձնահատկությունները, ձուլվում են մայր ժողովրդին։ Կյանքի առանձնահատուկ պայմաններում հայ ժողովրդի կազմում հարատևել են բազմազան ազգագրական խմբեր։ Միաժամանակ արտաքին գործոնների ազդեցությամբ դրանք հաճախ տեղաշարժվել, միախառնվել ու ենթարկվել են զանազան ազդեցությունների։
Այդ երևույթը հստակորեն արտահայտվել է 19-րդ դարում (արևմտահայերի և պարսկահայերի ներգաղթը Արևելյան Հայաստան), մանավանդ Մեծ Եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանից ամբողջությամբ տարագրվեց հայ բնակչությունը, և նրա վերապրող ազգագրական խմբերը, ցրվելով աշխարհով մեկ, նոր միջավայրում աստիճանաբար կորցրին իրենց նախկին տեղային առանձնահատկությունները՝ պահպանելով, սակայն, հայ ժողովրդի գլխավոր էթնիկական գծերը։
Զգալիորեն փոխվել է ազգագրական խմբերի կազմն Արևելյան Հայաստանում։ Ներգաղթերի ու բռնի տեղաշարժերի հետևանքով այստեղ բնակություն են հաստատել վանեցի, սասունցի, մշեցի, բայագետցի և այլ հայեր, ովքեր, խառնվելով տեղական հայերին, ստացել են էթնիկական նոր որակ։ Համեմատաբար «անաղարտ» են մնացել Սյունիքն ու Արցախը։
Յուրօրինակ ազգագրական խմբեր են Սև ծովի Կովկասյան ափերին բնակվող համշենցիները և Հյուսիսային Կովկասի հայերը, ինչպես նաև հայերին ձուլված հայ բոշաները։
Միջէթնիկ հարաբերություններն առաջին հերթին էթնոսների հաղորդակցական եղանակներն են, որոնք ուղեկցվում են յուրաքանչյուր էթնիկական խմբի և նրա առանձին ներկայացուցիչների անհատական և սոցիալական հատկանիշների փոփոխությամբ։
Ընդհանրապես միջէթնիկ հարաբերությունների ուսումնասիրությունը էթնոսոցիոլոգիայի առանցքային ոլորտներից է, գիտաճյուղի ձևավորման հենց առաջին օրից։ Հենց սոցիոլոգիական ուսումնասիրության զարգացմանը զուգընթաց, հետազոտողները էթնիկական հանրույթների ուսումնասիրությունը կատարեցին մի քանի մակարդակներում՝ ինստիտիուցիոնալ, միջխմբային և միջանձնային։ Իստիտուցիոնալ մակարդակի հարաբերությունները արտահայտում են ժողովուրդների փոխհարաբերությունները, որոնք դիտարկվում են մակրոսոցիոլոգիական մակարդակում և որոնք ազդում են միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա։ Ինստիտուցիոնալ մակարդակի հարաբերությունները ներառում են պետական-կրթական ոլորտները, պետական ինստիտուտները, միջպետական փոխհարաբերությունները։ Նման փոխհարաբերությունները հաճախ անվանում են նաև միջազգային հարաբերություններ։
Էթնիկական խումբը, ժողովուրդը, էթնոսը մեծ և բարդ խմբեր են և ակնհայտ է, որ ամբողջ խումբը անմիջականորեն չի կարող մասնակցել հաղորդակցությանը։ Փոխհարաբերությունների հաջորդ մակարդակը միջանձնային հարաբերություններն են, երբ տարբեր ազգությունների ներկայացուցիչների փոխազդեցությունը կատարվում են տարբեր ոլորտներում։ Միջխմբային հարաբերությունների ազդեցությունը միջանձնային հարաբերությունների վրա կախված է նրանից, թե ինչպես են այդ խմբերում ներառված մարդիկ ընկալում իրենց և ուրիշներին, որպես ինչ-որ խմբի ներկայացուցիչ։ Հատկապես այդ հարաբերությունները վառ արտահայտություն են ստանում հատկապես այն դեպքում, երբ ստեղծվում են կոնֆլիկտային իրավիճակներ
Էթնիկական հանրույթի ուսումնասիրության դժվարությունն այն է, որ նրանց հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն ներկայի շահերով և հանգամանքներով, այլ ունեն նաև նախապատմություն։ Բացի դրանից մեծ խմբերը կազմվում են այլ սոցիալակամ խմբերից, որոնք ունեն իրենց սեփական շահերը և որոնք էլ ընկած են կենսագործունեության այլ հարթություններում։ Ընդհանուր առմամբ, «միջէթնիկ հարաբերություն» հասկացության տակ լայն իմաստով ընկալվում է ազգերի փոխհարաբերությունները քաղաքական, մշակութային ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ որպես տարբեր ազգություններ ունեցող ներկայացուցիչների միջանձնային հարաբերություններ, որոնք կատարվում են աշխատանքային, ընտանեկան-կենցաղային, ինչպես նաև հարևանական, ընկերական և այլ ոլորտներում։ Էթնոսոցիոլոգիայի շրջանակներում միջէթնիկ հարաբերությունները դիտարկվում էին սոցիոլոգիական հարթությունում։ Էթնոսոցիոլոգների ուսումնասիրության կենտրոնում միջէթնիկ գործընթացներն ու երևույթներն են և նրանց մշակութային, քաղաքական, տնտեսական, հոգեբանական պայմանավորվածությունը։ Միջէթնիկ հարաբերությունների ուսումնասիրության հիմքում ընկած է անձի տեսությունը։ Իգոր Կոնը նշում էր, որ անձն ընկալվում է «անհատական հատկությունների և նրա սոցիալական դերի ամբողջության» շրջանակում։ Մինչդեռ այլ հետազոտողներ առաջնային էին համարում սոցիալական այն հատկանիշների ամբողջությունը, որն առաջանում է անհատի և ուրիշների փոխհարաբերության արդյունքում։
Ալեքսեյ Լեոնտևի կարծիքով անհատի գործառնության հիմքում ընկած են մարդկային գործունեության տարբեր տեսակները, այսինքն՝ անձն իրենից ներկայացնում է գործունեության հիերարխիա։ Մինչդեռ գործունեությունը միշտ դրդապատճառված է, որի հիմքում ընկած է նաև դրդապատճառների հիերարխիան և համապատասխանաբար նաև պահանջմունքները։ Անձը, որը ներառված է էթնիկական խմբում, հանդիսանում է ապահովության, խմբի արժեքայնության կարևորագույն ցուցիչ։ Եվ անհատի հոգեբանության հիմնական բաղկացուցիչները արտահայտվում են նաև խմբի հոգեբանության ներսում՝ դրդապատճառային, ճանաչողական, աֆեկտիվ (հուզական) և հաղորդակցական գործընթացների բնութագրերով։ Այս գործընթացներում փոխազդեցությունների արդյունք հանդիսանում են սոցիալական դիրքորոշումները, որոնց միջոցով էլ ուսումնասիրվում է միջէթնիկ հարաբերությունները։ Մ. Սմիթն առանձնացնում է սոցիալական դիրքորոշումների եռամաս համակարգ՝ կոգնիտիվ (ճանաչողական), հուզական, վարքային։ Էթնիկական դիրքորոշումները գործում են այն ժամանակ, երբ մարդը գործում է տարբեր ոլորտներում՝ մասնագիտական, քաղաքական, մշակութային և գնահատում, գործում է որպես անհատ, ով ներառված է էթնիկական խմբի մեջ։ Միջէթնիկ դիրքորոշումները հանդես են գալիս էթնիական հանրույթների փոխհարաբերությունների ընթացքում՝ անհատական հաղորդակցությունից միջև առանձին երևույթների ընկալում։ Սոցիալական դիրքորոշումները ներկայացնում են մարդու գործունեությունը։ Էթնիկական և միջէթնիկ դիրքորոշումները արտահայտում են ոչ միայն սեփական, այլ նաև շրջապատողների կենսափորձը, քանի որ դիրքորոշումները հետագայում ամրապնդվում են նորմերում։ Խմբային դիրքորոշումները առանձնանում են իրենց կայունությամբ։ Բայց առավել շատ կայուն են կարծրատիպերը։ Սոցիոլոգները առանձնացնում են միջէթնիկ հարաբերությունների վրա ազդող գործոնների 5 խումբ՝ պատմական, սոցիալական, մշակութային, հոգեբանական և իրավիճակային, ինչպես նաև քաղաքական գործոնները
Ժողովուրդները հաղորդակցվում են հիմնականում պատմական հանգամանքների արդյունքում։ Միջէթնիկ հարաբերությունների ուսումնասիրության մեջ կարևոր է հաշվի է առնել պատմական գործոնները և հատկապես մշակութային անցյալը, ժողովուրդների հետ հաղորդակցության փորձը։ Պատմական իրադարձությունները ոչ միայն ներազգային համերաշխության կարևոր դերակատարում ունեն, այլև միջէթնիկ հարաբերությունների լարվածության պատճառ կարող են դառնալ։ Անցյալի իրադարձությունները ոչ թե պատճառ այլ հետևանք են՝ հատկապես միջէթնիկ հարաբերություններում։ Պատմական խորհրդանիշները կարող են ոչ միայն արտահայտել էթնիկական խմբերի իրական պահանջմունքները, այլ նաև յուբյեկտիվ շահերը։ Պատմական գործոնների համախումբը, որոնք ազդում են միջէթնիկ հարաբերությունների վրա, բաժանվում են 3 տեսակի.
Հարաբերությունները, որոնք հիմնավորված են պատմական, աշխարհաքաղաքական տեղակայվածությամբ, ծավալվում են տարբեր ձևով և հետևաբար հենց հարաբերություններն էլ տարբեր բնույթ են ունենում։ Ժողովրդի հիշողությունը, որը պահպանում է բոլոր իրադարձությունները, հենց ուրիշ ժողովուրդներին բաժանող կարևորագույն գործոններից է։ Պատմական հաջորդ կարևորագույն գործոնը ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացումն է, որը ծրագրավորվում է անցյալով։ Քաղաքական գործոնները միջէթնիկ հարաբերություններում իրենց մեջ ներառում են երևույթների 3 տեսակ՝ պետական կազմավորումների ձևերն ու սկզբունքները, քաղաքական դիրքորոշման բնույթը, պետական-ազգային քաղաքականության տեսակները։ Ընդհանուր առմամբ, քաղաքական ոլորտն արտահայտում է մարդկանց սոցիալական շահերը։ Հետազոտողները առանձնացնում են միջէթնիկ համաբերությունների վրա ազդող սոցիալական հետևյալ գործոնները.
Միջխմբային հարաբերությունների դիտարկումը անհատական մակարդակում կատարվում է մոտիվացիոն, իրավիճակային, կոգնիտիվ և գործնական մոտեցումներում։
Ըստ որոշ հետազոտողների՝ միջէթնիկ հարաբերություններում գոյություն ունեն դոմինանտ գործոններ։ Յուրաքանչյուր դեպքում միջէթնիկ հարաբերությունների բնույթը ազդեցություն է կրում մակրո և միկրոմիջավայրերի գործոններից.
Հենց այս գործոնների հարաբերակցությունն է այս կամ այն չափով ազդում միջէթնիկ հարաբերությունների վրա, արտահայտում էթնիկական խմբերի սոցիալական կառույցների փոխհարաբերությունները։
Որոշ հետազոտողներ առանձնացնում են էթնիկական փոխհարաբերության 3 հիմնական տեսակ.
Թվարկված փոխազդեցության տիպերը միակերպ չեն, դրանց արտահայտման շրջանակն առավել լայն է և միանշանակ չեն մեկաբանվում։
Միլթոն Բեննեթը ներկայացրել է էթնոմշակութային տարբերությունների ընկալման տիպաբանությունը, որի հիմքում ընկած են առաջին հերթին հոգեբանական առանձնահատկությունները։ Նրա մոդելում հիմնական շեշտը դրված է մշակութային տարբերությունների զգայական ընկալման և մեկնաբանման վրա։ Մարդկանց անհրաժեշտ է գիտակցել ոչ թե միմյանց նմանությունները, այլ տարբերությունները, քանի որ միջէթնիկ հարաբերությունների բոլոր դժվարությունները առաջ են գալիս հենց մշակութային տարբերությունների չընդունման պատճառով։ Նա միջմշակութային սենզիտիվությունը դիտարկում է էթնոցենտրիզմի և էթնոռելյատիվիզմի տեսանկյունից, որոնք տարածվում են մշակութային տարբերությունների ամբողջական ժխտումից՝ մինչև հենց այդ տարբերությունների ընդունում և որ ամենակարևորն է, հենց այդ տարբերությունների ներսում սեփական «Ես»-ի պահպանման հնարավորություն։
Առաջին երեք փուլերը ներկայացնում են էթնոցենտրիկ մտածողությունը, իսկ մյուս երեքը էթնոռելյատիվիստական մտածողությունը։ Ընդհանրապես էթնոցենտրիզմ նշանալում է սեփական էթնիկ հանրույթի և նրա մշակույթի մասին պատկերացումները՝ որպես կենտրոնական, գլխավոր ընկալումը՝ այլ մշակույթների նկատմամբ։
Էթնոռելյատիվիզմի հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ մարդու վարքը կարելի է հասկանալ միայն մշակութային իրադրությունից, մշակութային վարքում չկան ճշմարտացի ստանդարտներ։
Միջէթնիկ հարաբերությունները կատարվում են տարբեր մակարդակներում։ Տարբեր հետազոտողներ առանձնացնում են տարբեր չափանիշներ։ Ալեքսանդր Սադոխինի կարծիքով այն կատարվում է հիմնականում 3 մակարդակում՝ հաղորդակցական, ինտերակտիվ և ճանաչողական։
Ճանաչողական մակարդակը համատեղ ճանաչողության և մարդկանց համերաշխության հնարավորություն է տալիս ռացիոնալ հիմքի վրա։ Ճանաչողական հմտությունները արտահայտվում են սեփական ընկալումների կառավարմամբ, վերբալ և ոչ վերբալ հմտությունների կիրառմամբ։
Բորիս Երասովը միջէթնիկ հրբերություններում առանձնացնում է էթնիկական, ազգային և քաղաքակրթական մակարդակները։
Որոշ հեղինակներ էլ միջէթնիկ հարաբերություններում առանձնացնում են հետևյալ տիպերը.
Հետազոտողների կարծիքով միգրանտները, որոնք ժամանում են մշտական բնակության համար, հիմնականում ենթարկվում են ասիմիլացիայի։ Իսկ փախստականները, որոնք հարկադրաբար են լքում իրենց երկիրը, նրանց մոտ ասիմիլացիան բավական երկար է տևում։ Ակուլտուրացիա (ապամշակութայնացում). սկզբում ակուլտուրացիան դիտարկվում էր որպես երկու խմբերի երկար կապ, որոնք ներկայացնում էին տարբեր մշակույթներ։ Ենթադրվում էր, որ այդ գործընթացները ընթանում էին մեխանիկորեն, որի ընթացքում մշակույթները միախառնվում և հասնում են մշակութային և էթնիկական միատարրության մակարդակի։ Ակուլտուրացիայի ընթացքում յուրաքանչյուր անհատ միաժամանակ լուծում է 2 կարևոր խնդիր՝ փորձում է պահպանել սեփական մշակութային ինքնությունը և փորձում է մտնել օտար մշակույթի մեջ։
Միջէթնիկ հարաբերությունների և փոխազդեցության անբաժանելի մասն է համարվում նաև մշակութային կոնֆլիկտների հաղթահարումը։ Մշակութային տարբերակվածությունը հանգեցնում է նրան, որ փոխազդեցության մասնակիցները կարող են ամբողջությամբ չընկալել միմյանց և սեփական ուղերձը պատշաճ կերպով չփոխանցել։ Որոշ տարբերություններ անպայման ակնհայտ են դառնում, հատկապես այն ժամանակ, երբ դրանք բավական տևողություն ունեն։ Մշակութային կոնֆլիկտների հաղթահարմանն ուղղված է հետազոտողների կողմից առաջ քաշված 2 մոդել՝ առաջինը հիմնված է կոնֆլիկտի հաղթահարման փաստերի վրա, իսկ մյուսը՝ հույզերի կառավարման և կարգավորման վրա։ Կոնֆլիկտի հաղթահարումը պահանջում է աշխարհայացքում մշակութային տարբերություններ, վարքի իմացություն և հարգանք։
Միջէթնիկ հարաբերություններում կոնֆլիկտներն ու անհասկացումները անխուսափելի են և մեծ մասմաբ կապված են բացասական հույզերի հետ։ Այն թույլ չի տալիս գնահատել առկա տարբերությունները և կապ հաստատել այն մարդկանց հետ, որոնք մեզ նման չեն։ Անհրաժեշտ է կառավարել սեփական բացասական հույզերը։ Նա, ով կարողանում կառավարել իր հույզերը, ունակ է հարթել միջէթնիկ գործընթացը և լինեն ավելի բաց հաջող միջէթնիկ փոխազդեցության համար։ Իսկ նա, ով ունակ չէ այդ ամենն անել, ոչնչի չի կարող հասնել։ Սեփական հույզերի վերահսկումն առաջնային է անհատական զարգացման համար։ Հույզերի կառավարվումը դուրս գալ սեփական մշակութային սխեմայի շրջանակներից և դիտարկել գոյություն ունեցող տարբերությունների պատճառները։
Միջէթնիկ հարաբերություններում առաջնային է հանդուրժողականության ցուցաբերումը։ Ընդհանուր առմամբ, հանդուրժողականություն նշանակում է, որ այս կամ այն հայացքները և դիրքորոշումները իրենց մեջ չեն կարող ներառել մյուս բոլոր պատկերացումները։ Հանդուրժող մոտեցումները ենթադրում են կյանքի նկատմամբ դիրքորոշման առավել ակտիվ մոտեցում, ցանկացած մարդու իրավունքի պաշտպանություն։ Ամերիկացի հետազոտող Թոդդ Պիտտինսկին առաջ է քաշել ալլոֆիլիա տերմինը՝ որպես խմբի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունք։ Հետազոտողի կողմից մշակվել է մի համակարգ, որում դիտարկվում է զարգացումը նախապաշարմունքից՝ հանդուրժողականություն և հանդուրժողականությունից՝ ալլոֆիլիա։ Ըստ նրա՝ հասարակության արդյունավետ գործունեության համար հանդուրժողականությունը դեռ բավական չէ, այն պետք է զարգացնել մի աստիճանի, որը կոչվում է ալլոֆիլիա. ոչ թե օտարի ընկալում, գիտակցում և հարգանք, այլ օտարի նկատմամբ սիրո զգացում։ Ցանկացած մեթոդաբանական համալիր, որ ուղղված է հանդուրժողականության հատկանիշների զարգացմանը, պետք է ներառի այս փուլերը.
Ուրիշի, օտարի ընկալումը և հարգանքը բնությունից տրված ունակություն չէ, այն ձևավորվում է անհատի նպատակաուղղված ուսուցման արդյունքում և հենց այդ հարգանքը, հանդուրժողականությունը միակ միջոցներն են ստեղծագործման, փոխըմբռման և անհատական զարգացման համար։
Էթնիկական կարծրատիպերը պատմական հանրույթի կողմից ընդունված ինֆորմացիայի ընկալման, մեկնաբանման տեսակներն են՝ հիմնված սոցիալական փորձի վրա։ Կարծրատիպերը ներկայացնում են հասարակական գիտակցության կառուցվածքը, որը վերաբերում է շրջապատող աշխարհին։ Հանրույթը գործում է՝ ելնելով կարծրատիպերից։ Էթնոսոցիոլոգիայում կարծրատիպ հասկացությունը լայն գործածություն ունի։ Էթնոսի մակարդակում կարծրատիպերն ամենակայուն համակարգն են, երբ նորարությունները պարզապես արհամարհվում են։ Ժողովրդի մակարդակում կարծրատիպերն ավելի են խորանում և ստեղծվում է նոր միջավայր նորարարությունների համար։ Ազգն իր առջև խնդիր է դնում՝ արհեստականորեն ստեղծելու «ռացիոնալ» կարծրատիպեր։ Այն իրականացվում է քաղաքականության, քարոզչության, գաղափարախոսության շրջանակներում։
Քաղաքացիական հասարակությունը ձգտում է կարծրատիպերը կոլեկտիվ մակարդակից տեղափոխելու անհատական մակարդակ։ Կարծրատիպերը բաժանավում են ավտոստերոտիպների և հետերոստերիոտիպների։ Ավտոստերիոտիպը խմբի՝ ինքն իր նկատմամբ ունեցած կարծրատիպերի համակարգն է։ Հետերոստերիոտիպը՝ այլ խմբի նկատմամբ ունեցած պատկերացումներն են։ Կարծրատիպերի առաջացմանը նպաստում են միակերպ կենսական իրավիճակների կրկնությունը։ Հենց այդ միակերպությունը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվում է ստանդարտ մտածողության մոդելների տեսքով։ Միակերպ օբյեկտները ամրագրվում են համապատասխան պատկերացումների, կերպարների միջոցով, որոնցով մարդիկ հնարավորություն են ստանում փոխակերպելու տեղեկատվությունը և ստեղծելու միակերպ արժեքային համակարգեր։ Կարծրատիպերը ներառում են մարդկանց կենսափորձը և արտահայտում առօրյա կենսակերպը։ Էթնիկական կարծրատիպերը արտացոլում են էթնիկական խմբի առանձնահատկությունները։ Կարծրատիպերը կատեգորիզացիայի անխուսափելի հետևանք են։ Նրանք հետևյալ գործառույթներն են իրականացնում.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 102)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Էթնոս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.