Լեոնիդ Գևորգի Ենգիբարյան (մարտի 15, 1935(1935-03-15), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 1972(1972-07-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ծաղրածու, հայ ծաղրածու մնջկատակ, կրկեսի դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։
Լեոնիդ Ենգիբարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1935 |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 25, 1972 (37 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կրկեսի դերասան, կինոդերասան, ծաղրածու, միմոս, բռնցքամարտիկ, գրող, թատերական ռեժիսոր, սցենարիստ և դերասան |
Ակտիվ շրջան | 1952-1972 |
Ընտրանի | Ճանապարհ դեպի կրկես |
Ամուսին(ներ) | Յարմիլա Գալամկովա |
Երեխա(ներ) | Բարբարա Ենգիբարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, հայազգի խոհարար Գեորգի Ենգիբարովի (եղել է «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարը) և ռուս Անտոնինա Անդրիանովնայի ընտանիքում։ Դա եղել է Գեորգի Ենգիբարովի երրորդ ամուսնությունը․ Լեոնիդը ունեցել է երկու ավագ եղբայր (հոր նախորդ երկու ամուսնություններից)՝ Միխայիլը, որը հայտնի քանդակագործ է դարձել Օդեսայում, և Հրաչյան (Ղափլանյան), որը հետագայում դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Գրեթե ամբողջ կյանքում Լեոնիդ Ենգիբարյանն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։
Մանկուց սիրել է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները, Անդերսենի հեքիաթները և տիկնիկային թատրոն։ Դպրոցական տարիներին սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։
1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։
1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։ Այդ նույն ժամանակ էլ նկարահանվել են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։
Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971), «Վերջին ռաունդ» (1984) գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։
1971 թվականին Ենգիբարյանը հեռացել է «Սոյուզգոսցիրկից» այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրել իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։
1972 թվականի հուլիսին Ենգիբարովը, պաշտոնապես գտնվելով արձակուրդում, ժամանել է Մոսկվա՝ նոր ներկայացման աշխատանքները սկսելու համար։ Մերձմոսկվայում տիրում էր աննախադեպ շոգ ու երաշտ, այրվում էին տորֆային ճահճներ, և առանձին օրերին օդն այնպիսին էր, որ մի քանի մետր հեռավորության վրա անհնար էր տեսնել մարդուն։ Հուլիսի 24-ին Ենգիբարովը տուն է վերադարձել Կանաչ թատրոնում անցկացված համերգից հետո։ Անգինայի պատճառով, որը Ենգիբարովը տարել է ոտքի վրա, նա իրեն վատ է զգացել։ Նրա մայրը՝ Անտոնինա Անդրիանովնան, որդու համար ընթրիք է պատրաստել և գնացել է ընկերուհու մոտ, որպեսզի չխանգարի։ Երբ հաջորդ առավոտյան նա վերադարձել է, Ենգիբարովը դեռ պառկած է եղել մահճակալին, և մայրը նրան չի անհանգստացրել իր հարցերով։ Երեկոյան մոտ Ենգիբարովը հանկարծակի վատացել է, և նա մորը խնդրել է «շտապօգնություն» կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն Անտոնինա Անդրիանովնային հարցրել են, թե ինչ հիվանդություններով է հիվանդ եղել իր որդին և ինչպես է իրեն զգացել նախօրեին։ Ենգիբարյանը շտապօգնության ժամանելու պահին իրեն ավելի լավ է զգացել և սկսել է բուժքրոջը հաճոյախոսություններ ասել։ Բժիշկները հեռացել են, իսկ երկու ժամ անց Ենգիբարյանը կրկին վատացել է։ Մայրը կրկին շտապօգնություն է կանչել, իսկ Ենգիբարյանը խնդրել է իրեն սառը շամպայնի բաժակ տալ։ Սակայն շամպայնը նեղացրել է անոթները, և Ենգիբարովն ավելի է վատացել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները Ենգիբարյանին օգնություն են ցույց տվել, բայց արդեն ուշ էր․ նրա սիրտը կանգ է առել։ Մահվան վկայականում գրված է. «սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություն»։ Արտիստի մայրը բացատրել է, որ մահվան պատճառը թրոմբն է եղել, որն առաջացել է այն պատճառով, որ որդին հյուրախաղերից վերադարձել է հիվանդ և շարունակել է փորձեր անել։
Հուլիսի 28-ին Լեոնիդ Ենգիբարյանը թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։ Նրա շիրմին տեղադրված հուշարձանը հեղինակել է Նիկոլայ Նիկողոսյան։
Չեխ երգիչ Կարել Գոտը, որը մտերիմ է եղել Լեոնիդ Ենգիբարյանի հետ, 1974 թվականին ձայնագրել է «Byl jak já» երգը, որը նվիրված է ծաղրածուի հիշատակին։
1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)։
Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ Հայաստանի Մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։
2008, 2010 և 2012 թվականներին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր։ 7-րդ փառատոնը տեղի ունեցել է 2019 թվականի օգոտստոսին։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1957 | ֆ | Կոմունիստը | Коммунист | ավազակ |
1963 | ֆ | Ճանապարհ դեպի կրկես | Путь на арену | Լյոնյա Ենգիբարյան, ծաղրածու (կամեո) |
1964 | ֆ | Մոռացված նախնիների ստվերները | Тени забытых предков | Միքո, հովիվ |
1965 | ֆ | Եկե՛ք ծանոթանանք․ մայիս ամիս | Давайте знакомиться: месяц Май | մնջկատակ |
1965 | ֆ | Голубой огонёк: «Новогодний календарь», «В первый час» | հեռուստաօպերատոր | |
1966 | ֆ | Այբոլիտ-66 | Айболит-66 | ուրախ ծաղրածու |
1968 | ֆ | Հարվա՛ծ։ Էլի՛ հարված | Удар! Ещё удар! | թղթակից |
1969 | ֆ | Պատանեկության ափը | Берег юности | ծաղրածու |
1969 | ֆ | Երազներ, երազներ | Мечты, мечты (կարճամետրաժ) | ծաղրածու |
1970 | ֆ | 2-Լեոնիդ-2 | 2-Леонид-2 | Լյոնյա (կամեո) |
1971 | ֆ | Վզնոց իմ սիրելիի համար | Ожерелье для моей любимой | Սուգուրի, ակրոբատ |
1972 | ֆ | Դիմակահանդես | Карнавал | ծաղրածու |
1972 | ֆ | Վառարան-նստարաններ | Печки-лавочки | ծաղրածու, հյուր պրոֆեսորի մոտ (կամեո) |
Լեոնիդ Ենգիբարյանին են նվիրված Վլադիմիր Վիսոցկու «Четыре четверти пути» (Канатоходец) երգը և 1972 թվականի «Ենգիբարովին՝ հանդիսատեսից» (ռուս.՝ «Енгибарову — от зрителей») բանաստեղծությունը․
«…Ну а он, как будто в воду канув,
Вдруг при свете, нагло, в две руки
Крал тоску из внутренних карманов
Наших душ, одетых в пиджаки…»
Ռուս գրականագետ-բանաստեղծ և արձակագիր Մարիա Ռոմանուշկոն գրել է Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հինգ գիրք՝ «Լեոնիդ Ենգիբարով։ Մնջկատակը, որը խոսում է հավերժության հետ» (ռուս.՝ «Леонид Енгибаров: Мим, говорящий с вечностью», 2010), «Լեոնիդ Ենգիբարով. բանաստեղծի աչքերով ծաղրածուն» (ռուս.՝ «Леонид Енгибаров: Клоун глазами поэта», գեղարվեստական կենսագրություն, 2008), «Քեզ հրաժեշտ չեմ տալիս» (ռուս.՝ «Не прощаюсь с тобой», վիպակ կրկեսի մասին, 1997), «Սուրոժյան տետր» (ռուս.՝ «Сурожская тетрадь», բանաստեղծություններ, 1996), «Ամենգիշերյա» (ռուս.՝ «Еженощное», բանաստեղծություններ, 1995)։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ենգիբարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ենգիբարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 514)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լեոնիդ Ենգիբարյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.