Կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) կենդանիների նյարդային համակարգի հիմնական մասն է, որը կազմված է նեյրոններից և նեյրոնների ելուններից։ Անողնաշարավորների մեծամասնության մոտ կենտրոնական նյարդային համակարգը ներկայացված է միմյանց հետ սերտորեն կապված նյարդային հանգույցներով (գանգլիաներ), իսկ ողնաշարավորների (այդ թվում մարդու) մոտ՝ ողնուղեղով և գլխուղեղով։
Կենտրոնական նյարդային համակարգ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Նյարդային համակարգ, organ with organ cavity? և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Նյարդային համակարգ |
Կազմված է | գլխուղեղ, Ողնուղեղ, ուղեղային թաղանթներ և ուղեղաբուն |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | central nervous system development? |
MeSH | A08.186 |
Foundational Model of Anatomy | 55675 |
Terminologia Anatomica 98 | A14.1.00.001 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
Central nervous system Վիքիպահեստում |
ԿՆՀ-ի գլխավոր դերը բարձր մասնագիտացություն ունեցող պարզ և բարդ պատասխան ռեակցիաների իրականացումն է, որոնք ստացել են ռեֆլեքս անվանումը։ Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին կամ ներքին ազդեցություններին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ ԿՆՀ-ի ավելի ցածրակարգ և միջին բաժինները՝ ողնուղեղը, երկարավուն ուղեղը, միջին ուղեղը, միջանկյալ ուղեղը և ուղեղիկը, կարգավորում են առանձին օրգանների և օրգան համակարգերի աշխատանքը, ապահովում վերջիններիս միջև գոյություն ունեցող կապերը՝ ապահովելով օրգանիզմի ամբողջականությունը։ ԿՆՀ-ի բարձրագույն բաժինը՝ մեծ կիսագնդերի կեղևը և դրան մոտ գտնվող մերձկեղևային գոյացությունները՝ հիմնականում կարգավորում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունները։
ԿՆՀ-ն օրգանների և հյուսվածքների հետ կապվում է ծայրամասային նյարդային համակարգի միջոցով (ԾՆՀ)։
Գլխուղեղի կտրվածքի վրա երևում է, որ այն կազմված է սպիտակ և գորշ նյութերից։ Գորշ նյութը գոյանում է նյարդային բջիջների մարմնի կուտակումից (և նրանց մարմնից դուրս եկող ելունների սկզբնական բաժիններից)։ Գորշ նյութի առանձին սահմանափակ կուտակումները կոչվում են կորիզներ։ Սպիտակ նյութը գոյանում է միելինային թաղանթով պատված նյարդաթելերից։ Գլխուղեղում և ողնուղեղում նյարդաթելերը կազմում են հաղորդչական ուղիներ, որոնք կապում են ԿՆՀ-ի տարբեր բաժիններ և տարբեր կորիզներ միմյանց հետ։
Գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։ Գլխուղեղից հեռանում են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնցից է ներքին օրգանների աշխատանքը կարգավորող թափառող նյարդը։ Մարդու գլխուղեղը սաղմնային շրջանում ու կյանքի առաջին տարիներին ուժգին աճում է և 20 տարեկան հասակում հասնում է իր վերջնական մեծությանը։ Գլխուղեղում նեյրոնների մարմիններն առաջացնում են գորշ նյութ, որը գտնվում է ինչպես գլխուղեղի մակերեսին՝ ձևավորելով կեղև, այնպես էլ գլխուղեղի ներսում՝ սպիտակ նյութի մեջ, կորիզների ձևով։ Սպիտակ նյութը կազմված է նեյրոնների երկար ելուստներից։ Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
Ողնուղեղ (լատին․՝ medulla spinalis) չափահասների ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում և առջևից հետ տափակացած մի երկար գլանաձև մարմին է (տղամարդկանց մոտ 45 սմ, կանանց մոտ՝ 41-42սմ), որը դեպի վեր (գլխի ուղղությամբ) անմիջապես փոխվում է երկարավուն ուղեղի, իսկ ներքևում (պոչի ուղղությամբ)՝ գոտկային II ողնի մակարդակում վերջանում է սրածայր ուղեղային կոնով (conus medullaris)։ Այս փաստի գիտենալը ունի գործնական նշանակություն (որպեսզի ողնուղեղային հեղուկ վերցնելու կամ ողնուղեղի անզգայացման նպատակով գոտկային պունկցիայի ժամանակ ողնուղեղը չվնասեն, հարկավոր է ներարկիչի ասեղը մտցնել III և IV ողների փուշ ելունների արանքը)։
Ողնուղեղը կազմված է գորշ նյութից, որը պարունակում է նյարդային բջիջներ, և սպիտակ նյութից, որը կազմված է միելինապատ նյարդաթելերից։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կենտրոնական նյարդային համակարգ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.