Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում օգնեց, որպեսզի զարգանա նաև տնտեսությունը։
Հայոց պատմություն | |
---|---|
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը Գողթն գավառում տեղի իշխանի և իշխանուհու խնդրանքով հիմնադրել է եկեղեցի, իսկ Սուրբ Թադեոս առաքյալը եպիսկոպոսական աթոռ է հիմնել Արտազում։
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Միջին Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից։
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝
Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ |
Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)։
Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում։
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք։ Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել։
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն։
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը։
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը։
Գրիգոր Լուսավորիչը վախճանվեց 325 թվականին, Նիկեայի ժողովի գումարման ժամանակ։ Նրան հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն Արիստակեսը (325-333), հետո ավագ որդին՝ Վրթանեսը (333-341)։ Ժառանգական կաթողիկոսությունը ընդհատվում է 347 թվականին, երբ Լուսավորչի թոռ Հուսիկ Ա կաթողիկոսի սպանությունից հետո հաջորդում են Դանիել Ասորին (347-347) և Փառեն Աշտիշատցին (347-353)։ Վերջինս սերում էր Աղբիանոսյանների տոհմից, ովքեր մինչև քրիստոնեության ընդունումը ազդեցիկ դիրք էին զբաղեցնում Հայաստանի քրմապետական պաշտոններում։
353 թվականին՝ Արշակ Բ թագավորի ու հայոց ավագանու համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռը Ներսես իշխանը, ով կրթություն էր ստացել Կեսարիայում։ Այդպիսով կաթողիկոսական աթոռը կրկին վերադարձվում է Լուսավորչի տոհմին։ Ներսեսը 28 եպիսկոպոսների և նախարարների ուղեկցությամբ ձեռնադրություն ստանալու համար ուղարկվում է Կեսարիա։
354 թվականին Ներսես կաթողիկոսը մի նշանավոր նա գումարում է Աշտիշատի եկեղեցական ժողովը։ Այն զբաղվում է հիմնականում երկու կարևոր հարցերով։
Կազմակերպչական հարցեր
Դավանաբանական հարցեր
Աշտիշատի ժողովի որոշումները իրականացնելու, բարեփոխումներ անցկացնելու շնորհիվ Ներսես կաթողիկոսը հորջորջվում է «Մեծ» կոչմամբ։
Արշակունիների թագավորությունը 387 թվականին բաժանվում է երկու հարևանների՝ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև։ Կաթողիկոս է ընտրվում Մեծն Ներսեսի որդի Սահակ Պարթևը (387-439)։
Հայաստանի բյուզանդական հատվածում՝ Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգներում, շուտով վերանում է պետականությունը։ Արշակ Գ-ից (378-390) հետո երկիրը կառավարում են Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական կայսրության) կառավարիչները։ Հայաստանի պարսկական մասում Արշակունիների թագավորությունը գոյատևում է մինչև 428 թվականը։
Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր հունարենով և ասորերենով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։
Մեսրոպ Մաշտոցը, ով ուղարկվել էր Գողթն գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս Սահակ Պարթևի ու հայոց Վռամշապուհ թագավորի (389-415) հովանավորությամբ 405 թվականին ստեղծվեց հայերենի այբուբենը։ Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն.
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: |
Մեսրոպ Մաշտոցն անձամբ այցելեց Կոստանդնուպոլիս և կայսրից արտոնություն ձեռք բերեց իրենց առաքելությունը կատարելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջեց Հայաստանում և նրանց հարակից գավառներում, ամենուր հիմնեց դպրոցներ և տարածեց հայերեն տառերը։
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քրիստոնեության ընդունումը Հայաստանում, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.