Աննա Գրիգորևնա Դոստոևսկայա (ռուս.՝ А́нна Григо́рьевна Достое́вская, ծնված՝ Սնիտկինա, օգոստոսի 30, (սեպտեմբերի 11), 1846, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն – հունիսի 9, 1918, Յալթա, Ղրիմ), ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու երկրորդ կինը (1867 թվականից), նրա զավակների մայրը։ Հայտնի է որպես հրատարակչուհի և իր ամուսնու ստեղծագործական ժառանգության հրապարակիչ, մատենագիր և արժեքավոր հուշերի հեղինակ, ինչպես նաև Ռուսաստանի առաջին ֆիլատելիստներից մեկը։
Աննա Դոստոևսկայա ռուս.՝ Анна Григорьевна Достоевская | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Анна Григорьевна Сниткина |
Ծնվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1846 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 9, 1918 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Յալթա, Տավրիկյան նահանգ |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | օրագրի հեղինակ, դատական գրագիր և stenotypist |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ռուսաստան |
Ամուսին | Ֆեոդոր Դոստոևսկի |
Զավակներ | Լյուբով Դոստոևսկայա |
Anna Dostoevskaya Վիքիպահեստում |
Ծնվել է Սանկտ Պետերբուրգում պետական պաշտոնյա Գրիգորի Սնիտկինի ընտանիքում։ Մանկուց ընթերցել է Դոստոևսկու ստեղծագործությունները։ 1866 թվականի հոկտեմբերի 4-ից որպես սղագրող մասնակցել է Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի տպագրման աշխատանքներին։ Մինչ այդ Դոստոևսկին երբեք իր ստեղծագործությունները չէր թելադրել, այլ միայն ինքն էր գրում։ Աշխատանքի այսպիսի մեթոդն անսովոր էր իր համար, սակայն իր ընկերոջ՝ Ալեքսանդր Միլյուկովի խորհրդով, ստիպված էր դիմել այսպիսի մեթոդի, որպեսզի ավարտի վեպը ժամանակին և հրատարակիչ Ֆեոդոր Ստելովսկու առջև կատարի իր պայմանագրային պարտավորությունները։ Սղագրողի աշխատանքն արդարացրեց բոլոր սպասելիքները։ 1867 թվականի փետրվարի 15-ին Աննա Գրիգորևնան դարձավ գրողի կինը, իսկ 2 ամիս անց Դոստոևսկիները մեկնեցին արտասահման, որտեղ մնացին ավելի քան 4 տարի (մինչև 1871 թվականի հուլիս)։
Գերմանիայի ճանապարհին ամուսինները մի քանի օրով կանգ առան Վիլնյուսում։ Նախկին հյուրանոցում, որտեղ կանգ էին առել Դոստոևսկիները, 2006 թվականի դեկտեմբերին հուշատախտակ բացվեց (քանդակագործ Ռոմուալդաս Կվինտաս)։ Այս հանրահայտ ճանապարհորդության մասին գրվել է «Ամառը Բադենում» վեպը (1981), որտեղ Աննա Գրիգորևնան հանդես է գալիս գլխավոր դերում։
Ուղևորվելով հարավ՝ Շվեյցարիա, Դոստոևսկիները մտան Բադեն, որտեղ Ֆեոդոր Միխայլովիչը նախ 4000 ֆրանկ շահեց պտուտակախաղով, սակայն չկարողացավ կանգ առնել և կրվեց ամեն ինչ, այդ թվում իր հագուստն ու կնոջ իրերը։ Գրեթե մեկ տարի նրանք ապրել են Ժնևում, որտեղ գրողն հուսահատ աշխատում էր և երբեմն ամենաանհրաժեշտ բաների կարիքն ուներ։ 1868 թվականին ծնվեց նրանց առաջին դուստրը՝ Սոֆյան, որը մահացավ 3 ամսականում։ 1869 թվականին Դրեզդենում ծնվեց երկրորդ դուստրը՝ Լյուբովը։
1871 թվականին Դոստոևսկին ընդմիշտ դադարեց պտուտակախաղ խաղալ։ 1871 թվականին Պետերբուրգ վերադառնալով՝ ծնվեց նրանց որդին՝ Ֆեոդորը։ Սկսվեց գրողի կյանքի ամենալուսավոր շրջանը՝ սիրելի ընտանիքում, բարի և խելացի կնոջ հետ, որն իր ձեռքը վերցրեց ամուսնու գործունեության բոլոր տնտեսական հարցերը (գումարային և հրատարակչական գործերը) և շուտով ամուսնուն ազատեց պարտքերից։ Աննա Գրիգորևնան դասավորեց գրողի կյանքը, հրատարակիչների ու տպարանների հետ վարում էր գործերը, ինքն էր հրատարակում նրա ստեղծագործությունները։ 1875 թվականին ծնվեց որդին՝ Ալեքսեյը, որը կյանքից հեռացավ 1878 թվականին։ Գրողն իր կնոջը նվիրեց իր վերջին վեպը՝ «Կարամազով եղբայրներ» (1879֊1880)։
1881 թվականին՝ Դոստոևսկի մահվան տարին, Աննա Գրիգորևնան դարձավ 35 տարեկան։ Երկրորդ անգամ չի ամուսնացել։ Գրողի մահից հետո հավաքել է նրա ձեռագրերը, նամակները, փաստաթղթերը, գրքերը, անձնական իրերը, կահույքը և լուսանկարները։ 1889 թվականին ավելի քան 1000 անունից բաղկացած հավաքածուն հանձնել է Մոսկվայի Պատմական թանգարանի «Ֆ․ Դոստոևսկու հիշատակին նվիրված թանգարանին»։ Այդ ժամանակ Ռուսաստանում գոյություն ունեին միայն Պուշկինի և Լերմոնտովի գրական թանգարանները, որը հիմնադրվել էին Սանկտ Պետերբուրգում 1879 և 18883 թվականներին համապատասխանաբար։
Աննա Գրիգորևնան կազմեց և 1906 թվականին հրատարակեց «Ֆ․ Դոստոևսկու կյանքին ու գործունեությանը նվիրված ստեղծագործությունների և երկերի մատենագրական տեղեկատուն» և «Մոսկվայի Ալեքսանդր III անվան Ռուսաստանի կայսերական պատմական թանգարանի Ֆ․ Դոստոևսկու հիշատակին նվիրված թանգարանի» կատալոգը։ Նրա «Ա․ Դոստոևսկայայի 1867 թվականի օրագիրը» (հրատարակվել է 1923 թվականին) և «Ա․ Դոստոևսկայայի հուշերը» (հրատարակվել է 1925 թվականին) գրքերը գրողի կենսագրության կարևոր աղբյուրներ են։
1917-1918 թվականի ձմռանն ապրել է Սեստրորեցկի առողջավայրի բուժական կորպուսում, աշխատել ձեռագրերի վրա։ Աննա Գրիգորևնան մահացել է Յալթայում 1918 թվականին։ 50 տարի անց՝ 1968 թվականին, նրա աճյունը Պոլիկուրովսկի գերեզմանոցից տեղափոխվեց Ալեքսանդրո-Նևսկայա մայրավանք և թաղվեց ամուսնու գերեզմանի կողքին։
Աննա Դոստոևսկայան բավականին հաջողությամբ զբաղվում էր ամուսնու գրքերի հրատարակությամբ և տարածմամբ՝ դառնալով այդ ժամանակի ձեռնարկատիրության ոլորտում առաջին ռուս կանանցից մեկը։ Ընդ որում նա ուսումնասիրեց շուկան և խորամուխ եղավ գրատպության և գրքերի առևտրի մանրամասնությունների մեջ։
Աննա Գրիգորևնան հրատարակել է Ֆ․ Դոստոևսկու 7 լիարժեք ժողովածու։ Գրողի ծոռը՝ Դմիտրի Դոստոևսկին (ծնվ․՝ 1945), գրել է․ «Դոստոևսկու հանդեպ օրեցօր աճող հետաքրքրության և հմտությամբ կատարվող բաժանորդագրության շնորհիվ բոլոր հրատարություններն արագ և ամբողջությամբ սպառվում էին»։ 1911 թվականին առողջության կտրուկ վատթարացումից և գրողի մասին հուշերով զբաղվելու որոշումից հետո Աննա Գրիգորևնան Ֆ․ Դոստոևսկու ստեղծագործությունները հրատարակելու իրավունքները վաճառեց «Товарищество издательского и печатного дела А. Ф. Маркс» հրատարակչատանը՝ իրեն թողնելով գրքերի և դրանց տարածման հեղինակային իրանունքները։
Բուռն հեղափոխական տարիներին գրողի շատ ձեռագրեր և փաստաղթեր կորան։ «Կարամազով եղբայրներ» վեպի սևուսպիտակ տարբերակի ճակատագիրը, որը Աննա Գրիգորևնան կտակել էր երկու թոռներին, 1917 թվականից հետո մինչև հիմա անհայտ է։ 1929 թվականին «Ֆ․ Դոստոևսկու հիշատակին նվիրված թանգարանի» հավաքածուի նյութերն անցան Մոսկվայի Ֆ․ Դոստոևսկու տուն-թանգարան։
Աննա Դոստոևսկայան Ռուսաստանի առաջին կանանցից է, որը հետաքրքրվել է ֆիլատելիայով։ Նրա հավաքածուի սկիզբը դրվել է 1867 թվականին Դրեզդենում։ Պատճառը Աննա Գրիգորևնայի և Ֆեոդոր Միխայլովիչի միջև տեղի ունեցած վեճն էր՝ կնոջ բնավորության շուրջ։ Գրողը մի անգամ զբոսանքի ժամանակ կասկած հայտնեց, որ որևէ կին կարող է երկար և համառ ջանք թափել նպատակին հասնելու համար․
Աննա Գրիգորևնան իր նամականիշները հավաքել է ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչպես նշել է իր «Հուշերում», փողով ոչ մի նամականիշ չի գնել, հավաքել է միայն նրանք, որոնք անձամբ է հանել նամակների վրայից կամ իրեն են նվիրել։ Դժբախտաբար այդ հավաքածուի հետագա ճակատագիրն անհայտ է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Դոստոևսկայա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Աննա Դոստոևսկայա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.