Սոցիալիզմ

Սոցիալիզմ կամ ընկերվարություն (լատ.՝ socialis — ընկերական, հասարակական), տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն։ Կան սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը բնորոշում է բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։

Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի։ Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինը հաշվարկվում է՝ ելնելով նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսական օրենքներից էականորեն տարբերվում է։ Ոչ շուկայական սոցիալիզմի նպատակն է հաղթահարել ոչ արդյունավետությունը և ճգնաժամը կապիտալի կուտակումով և եկամտային համակարգով Շուկայական սոցիալիզմը պահպանում է դրամական գների, արտադրության գործոնների շուկայի և որոշ դեպքերում շահույթ հետապնդելու նպատակի օգտագործումը՝ հանրային սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների գործունեության և դրանց միջև արտադրական ապրանքների տեղաբաշխման հետ կապված։ Այս ընկերությունների կողմից ստացված շահույթը կամ ուղղակիորեն վերահսկվում էին յուրաքանչյուր ձեռնարկության աշխատուժի կողմից կամ կուտակվում էին հանրությանը՝ ընդհանուր հանրային շահաբաժնի տեսքով։

Պատմություն

Սոցիալիզմն ըստ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի

Սոցիալիզմ 
Կարլ Մարքս

Մարքսը և Էնգելսը միավորեցին կոմունիստական և սոցիալիստական գաղափարները, որոնք նախկինում թշնամաբար էին վերաբերվում միմյանց, առաջ քաշելով այն դրույթը, որ կոմունիստական հասարակության կառուցումը փուլային գործընթաց է, և որ դրա առաջին (և, հետևաբար, մարքսիստների համար գործնականում նշանակալի) փուլերը կապված են սոցիալիստների ծրագրի իրականացման հետ։ Սոցիալիզմի և կոմունիզմի հասկացությունները իրականում հոմանիշ են։ Սոցիալիզմը ընկալվում էր որպես բոլոր երկրներում համաշխարհային հեղափոխության հաղթանակի արդյունք, իսկ կոմունիզմը ՝ սոցիալիստական հարաբերությունների համատեքստում նոր սերնդի դաստիարակության և արտադրողական ուժերի արագ զարգացման արդյունքում, որի արդյունքում աշխատուժը դառնում է մարդու կարիքը, և դասերի բաժանման մնացորդները, ապրանք-փող հարաբերությունները և պետական ինստիտուտները ամբողջությամբ անհետանում են։ Մարքսիստական ավանդույթի մեջ "սոցիալիզմ" անվանումը ստացել է Մարքսի կողմից առաջ քաշված կոմունիզմի առաջին փուլը։ Ընդհանուր առմամբ, այս փուլը տեսել են Մարքսը և Էնգելսը ՝ որպես մի շարք միջոցառումների համալիրի արդյունք, որոնցից հիմնականներն են․

  • Արտադրության միջոցների մասնավոր սեփականության սահմանափակում և խոշոր սեփականատերերի աստիճանական բռնագրավում։
  • Աշխատանքի կազմակերպում կամ պրոլետարների պարապմունքների տրամադրում ազգային կալվածքներում, գործարաններում և արհեստանոցներում, ինչի շնորհիվ կվերացվի աշխատողների մրցակցությունը միմյանց միջև, և արտադրողները, քանի որ նրանք դեռ կմնան, ստիպված կլինեն վճարել նույնքան բարձր վճար, որքան պետությունը։
  • Աշխատանքի նույն պարտավորությունը հասարակության բոլոր անդամների համար։ Արդյունաբերական բանակների ձևավորում, հատկապես գյուղատնտեսության համար։
  • Բանկային և տրանսպորտային համակարգերի ազգայնացում։
  • Երեխաների հանրային դաստիարակությունը պետական հաշվին
  • Դաստիարակության կապը գործարանային աշխատանքի հետ։
  • Ազգային կալվածքներում մեծ պալատների կառուցում, որպես համայնքների ընդհանուր կացարաններ, այն քաղաքացիները, ովքեր կզբաղվեն արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ և կմիավորեն քաղաքային և գյուղական ապրելակերպի առավելությունները ՝ առանց տառապելու դրանց միակողմանիությունից և թերություններից

Տեսակներ

Քրիստոնեական սոցիալիզմ

Սոցիալիզմ 
Քրիստոնեական սոցիալիզմի խորհրդանիշներից մեկը ' մուրճի և մանգաղի համատեղումը քրիստոնեական խաչի հետ

Քրիստոնեական սոցիալիզմը՝ հասարակական մտքի ուղղություն է, որը նպատակ է հետապնդում քրիստոնեական կրոնին հաղորդել սոցիալիստական երանգավորում (միավորել տնտեսության սոցիալիստական մոդելը և ավանդական քրիստոնեական էթիկան)։ Առաջացել է XIX դարի առաջին կեսին։ Հիմնադիրների թվում են Ֆ. Լամեննեն (Ֆրանսիա), Ֆ. Դ. Մորիսը, Չարլզ Քինգսլին (Մեծ Բրիտանիա)։ XIX դարի երկրորդ կեսին Օտտո ֆոն Բիսմարկը սոցիալական բարեփոխումների իր ծրագիրը բնորոշում էր որպես «կիրառական քրիստոնեություն» և «պետական սոցիալիզմ»։ Քրիստոնեական սոցիալիզմը ձևավորվել է իբրև բուրժուական գաղափարախոսության հիմնական տարատեսակություններից մեկը, որը հակադրվում է գիտական սոցիալիզմին և հեղափոխական բանվորական շարժմանը։ Քրիստոնեական սոցիալիզմի մի շարք դրույթներ ներառված են արդի կաթոլիկության սոցիալական ուսմունքի մեջ։ Քրիստոնեական սոցիալիզմի գաղափարախոսները վերջին հաշվով, հանդես են գալիս որպես սոցիալ–ռեֆորմիստներ, կոչ են անում կատարելագործել բուրժուական հասարակական հարաբերությունները։ Մի շարք երկրներում գոյություն ունեն քրիստոնեա-սոցիալիստական կուսակցություններ (Շվեյցարիա, Իտալիա, Չիլի, Էկվադոր) և խմբեր սոցիալիստական կուսակցություններում (Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունում)։

Նացիոնալ-սոցիալիզմ

Սոցիալիզմ 
Սվաստիկայով դրոշը՝ նացիոնալ-սոցիալիզմի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է

Նացիոնալ-սոցիալիզմը հիմնված է ռասիստական և Սոցիալական Դարվինիզմի թեորայի վրա, համաձայն որոնց գերմանացիներին նացիստները համարում էին Արիական կամ Նորդիկ հիմնական ռասա։ Դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է լինեին բոլոր ազգերի մեջ առաջնայինը։ Գաղափարախոսության հիմքերը դրված են Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (1925-1926), Ալֆրեդ Ռոզենբերգի «Քսաներորդ դարի առասպելը» (1930) և այլ գրքերում։

Նացիոնալ-սոցիալիզմի նպատակն էր ստեղծել և հաստատել «արիական ռասայի» «ռասայականորեն մաքուր» պետություն` բավականին ընդարձակ տարածքում, որն ունի այն ամենը, ինչը անհրաժեշտ է անորոշ երկար ժամանակով բարգավաճ գոյության համար («հազարամյա Ռեյխ»)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիոնալ-սոցիալիզմը կոչվում է նեոնացիզմ և իրենից ներկայացնում է շարժում, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող ծայրահեղական, ազգայնական կազմակերպություններին, որոնք իրենց ծրագրային շրջանակներում մոտ են գերմանական նացիոնալ-սոցիալիզմին կամ իրենց համարում են Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության հետևորդներ։

Նարոդնիկություն

Նարոդնիկներն ընդունում էին, որ Ռուսաստանն ընթանում է զարգացման ինքնուրույն ուղիով, որը տարբեր է Արևմուտքի զարգացման ուղղուց, և որ Ռուսաստանում շնորհիվ այն հանգամանքի, որն հողն օգտագործվում է համայնական ձևով («հողային օբշչինա» ― հողը կազմում է համայնքի բոլոր անդամների կոլլեկտիվ սեփականությունը և միայն ժամանակավորապես է տրվում առանձին անհատներին օգտագործելու) ― հնարավոր կլինի անմիջականապես անցնել ագրարային սոցիալիզմին՝ առանց անցկենալու կապիտալիստական զարգացման ստադիան։

Մաոիզմ

Սոցիալիզմ 
Մաոիզմի հիմնադիր՝ Մաո Ցզե Դունը

Մաոիզմը՝ Մաո Ցզե Դունի կողմից մշակված մարքսիզմ-լենինիզմի տարբերակն է՝ Չինաստանի Հանրապետության և հետագայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ագրարային և նախաարդյունաբերական հասարակությունում սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու համար։ Կազմավորվել է 20-րդ դարի 50-ական թվականների վերջին։

Մաոիզմի և մարքսիզմ–լենինիզմի փիլիսոփայական տարբերությունն այն էր, որ նախաարդյունաբերական հասարակություններում պրոլետարիատի փոխարեն հեղափոխական ավանգարդ էր համարվում գյուղացիությունը։ Պնդում է, որ սոցիալիզմի պայմաններում, ներառյալ նրա հասուն փուլը, զարգացման կապիտալիստական ու սոցիալիստական ուղիների միջև տեղի է ունենում մշտական պայքար, ուր առկա է «կապիտալիզմի վերականգնման վտանգ», որը կանխելու համար անհրաժեշտ են «հեղափոխություններ»։ Նման «հեղափոխության» տիպար էր 60-ական թվականների 2-րդ կեսին Մաոի ղեկավարությամբ կազմակերպված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը։ Համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակը մաոիզմը կապում էր համաշխարհային պատերազմի հետ։

Սոցիալիստական դեմոկրատիա

Սոցիալիստական դեմոկրատիան՝ ժողովրդավարության ձև է, որը ներառում է այնպիսի գաղափարախոսություններ, ինչպիսիք են բանվորական սովետների կոմունիզմը, դեմոկրատական սոցիալիզմը և սոցիալ-ժողովրդավարությունը, ինչպես նաև մարքսիստական ժողովրդավարությունը, ինչպիսին պրոլետարիատի դիկտատուրան է։

Սոցիալիստական դեմոկրատիաի կարևորագույն սկզբունքներից է իրավահավասարությունը։ Սոցիալիստական հասարակության քաղաքացիների քաղաքական իրավահավասարությունն արտահայտվում է այն բանում, որ բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել պետության գործերի կառավարմանը, անկախ ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրոնից, դավանանքից, կրթությունից և այլ գործոններից։

Դեմոկրատական սոցիալիզմ

Դեմոկրատական սոցիալիզմը՝ քաղաքական փիլիսոփայության տեսություն է, որը սատարում է սոցիալական ժողովրդավարության շրջանակներում քաղաքական ժողովրդավարությանը, մասնավորապես շեշտը դնելով տնտեսական ժողովրդավարության, աշխատավայրում ժողովրդավարության և աշխատավորների ինքնակառավարման վրա շուկայական սոցիալիստական տնտեսության կամ ապակենտրոնացված պլանավորված սոցիալիստական տնտեսության որևէ ձևի վրա։ Ըստ տեսության, սոցիալիզմը ԽՍՀՄ կազմավորամն դարաշրջանում կորցնելով դասակարգային պրոլետարական բնույթը, դասակարգերի «հաշտության» հիման վրա վերածվել է «ընդհանուր դեմոկրատական» հոսանքի, իսկ մարքսիզմլենինիզմը սոցիալիստական, կոմունիստական շինարարության, բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի իրականացման ընթացքում դարձել է «սոցիալիզմից կտրված ճյուղ»։

Սոցիալիզմի բնութագրությունը

Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ․ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ․ համակարգ։ Այդ ընթացքում Սոցիալիզմը անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ սոցիալիզմը հիմնականում կամ սոցիալիզմի հիմքերի կառուցումը։ ԽՍՀՄ-ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց 1930-ական թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստական, երկրներում 60-ական թթ․ սկզբին։ Սոցիալիզմի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխնիկական բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սևականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտեսական գյուղացիությանը կոպերատիվ, կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստական կացութաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգային հարցի լուծման՝ ազգային շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստական ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս-լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված սոցիալիզմի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխնիկական մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին․ կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինչհեղափոխական ժառանգությունը։

Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները

Սոցիալիզմի զարգացման օրինաչափությունները պայմանավորում են նրա համակողմանի ամրապնդման, հասունացման նոր աստիճանների հասնելու անհրաժեշտությունը։ Այդ պրոցեսում 1950-ական թթ․ վերջին սոցիալիզմը հաղթանակեց լիակատար կերպով, վերջնականապես, այսինքն ապահովվեց սոցիալիստ, վերափոխումների անդառնալիությունը, սոցիալիզմի համակարգի երկրներում կապիտալիզմի վերականգնման անհնարինությունը ո՛չ ներքին հակասոցիալիստական տարրերի, ո՛չ էլ միջազգային կապիտալիզմի ուժերով։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի ամրապնդման պրոցեսը ավարտվեց զարգացած (հասուն) սոցիալիստական հասարակարգի կառուցումով (1960-ական թթ․ սկսված)։ Զարգացած սոցիալիզմի չափանիշներն են՝ արտադրողական հզոր ուժերի առկայությունը, խոշոր մասշտաբներով հանրայնացված սոցիալիստական սեփականության լիակատար տիրապետության հիմքի վրա միասնական ժողտնտեսական համալիրի ստեղծումը, առաջավոր գիտությունն ու մշակույթը, ժողովրդի բարեկեցության մշտական աճը, անձնավորության բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ձևավորումը, բանվոր դասակարգի վերածվելը ամենամեծ սոցիալիստական խմբի, նրա կրթական, մշակութային-տեխնիկական մակարդակի, քաղաքական հասունության և ակտիվության որակական բարձրացումը, կոլտնտեսային գյուղացիության սոցիալ-քաղաքական, կրթական, մշակութային-տեխնիկական, մակարդակի աճը, ժողովրդական մտավորականության քանակական և որակական աճը և նրա դերի մեծացումը հասարակության կյանքում, բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և ժողովրդական մտավորականության դաշինքի ըստ ամենայնի ամրապնդումը՝ բանվոր դասակարգի առաջատար դերի պայմաններում պրոլետարիատի դիկտատուրայի պետության վերաճումը համաժողովրդական սոցիալիստական պետության, կոմունիստական կուսակցության վերածվելը ողջ ժողովրդի կուսակցության, հասարակության կյանքում նրա ղեկավար դերի աճը․ սոցիալիստական հասարակական հարաբերությունների հասունությունը, դասակարգերի և սոցիալիստական խավերի մերձեցման հիման վրա ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարության, նրանց եղբայրական համագործակցության, մարդկանց հանրության նոր պատմական տիպի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, աշխատավորների բարձր կազմակերպվածությունը, գաղափարայնությունը և գիտակցականությունը և յուրաքանչյուրի հոգատարությունը բոլորի նկատմամբ, հիրավի համաժողովրդական դեմոկրատիան, բոլոր հասարակական գործերի արդյունավետ կառավարումը, պետական կյանքին աշխատավորների ակտիվ մասնակցությունը, հասարակության առջև քաղաքացիների պարտականությունների և պատասխանատվության հետ նրանց ռեալ իրավունքների և ազատությունների զուգակցումը ապահովող քաղաքական համակարգը։

Զարգացած սոցիալիստական հասարակության հասունության այնպիսի աստիճան և փուլ է, երբ սոցիալիզմը զարգանում է իր սեփական կոլեկտիվիստական հիմքի վրա, լիակատար հնարավորություն է ստեղծում իր օրենքների ինտենսիվ գործողության համար, ավելի ամբողջականորեն է բացահայտում նոր կարգի ստեղծագործական ուժերը, սոցիալիստական ապրելակերպի առավելությունները, աշխատավորները ավելի լայնորեն են օգտվում մեծագույն հեղափոխական նվաճումների պտուղներից։ Զարգացած սոցիալիզմի կառուցումով, սակայն լրիվ չի ավարտվում սոցիալիզմի՝ իր բոլոր բարձրագույն չափանիշներն իրականացրած ամբողջական օրգանական սոցիալիստական համակարգի, ձևավորումը։ Զարգացած սոցիալիզմը դինամիկ հասարակարգ է, որն ունի իր սեփական աստիճանները, աճի շրջանները։ Ուստի սոցիալիզմը լրիվ ավարտվածության է հասնում զարգացած սոցիալիզմի ոչ թե նախնական պատմականորեն երկարատև փուլում, այլ դրա պլանաչափ և բազմակողմանի կատարելագործման պրոցեսում, հասունության բարձրագույն աստիճաններում։ Այդ պրոցեսում սոցիալիզմը կստեղծի կոմունիզմի նյութատեխնիկական բազան, կհասնի պատմության մեջ աշխատանքի արտադրողականության, աշխատավորների բարեկեցության և մշակույթի բարձրագույն մակարդակների, կհաղթահարի դասակարգերի, քաղաքի և գյուղի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև տարբերությունները, կվերացնի աշխատանքի ժամանակակից բաժանումը, կիրականացնի անցումը ապրանքային արտադրությունից, փոխանակումից և դրամական շրջանառությունից դեպի արդյունքի արտադրությունը և արդյունքի ուղղակի փոխանակումը, աշխատանքը կդարձնի մարդու առաջին կենսական պահանջմունք, կիրականացնի անձի բազմակողմանի զարգացումը, մինչև հասունացման բարձրագույն աստիճանները կզարգացնի սոցիալիստական դեմոկրատիան, որը հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն կնձեռնի մասնակցելու հասարակության գործերի կառավարմանը, հասարակական հարստության արտադրությանը և բաշխմանը, կնախապատրաստի կոմունիստական հասարակական ինքնավարության հաստատման հիմքերը, այսպիսով՝ ապագայում կձևավորվի կոմունիզմի բարձրագույն փուլի անցմանը, կենսական բարիքները «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքների՝ սկզբունքով բաշխելու բոլոր անհրաժեշտ պայմանները»։ Նշված բոլոր հասարակական խորը վերափոխումներն էլ կազմում են սոցիալիզմի կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլի վերաճելու պրոցեսի բովանդակությունը։

Սոցիալիստական ճամբար

Սոցիալիստական ճամբարը՝ գաղափարախոսական և դիվանագետական եզրույթ էր, որը օգտագործվում էր ԽՍՀՄ-ում և այլ սոցիալիստական պետություններում բարեկամական պետությունների նշման համար, որոնք «սոցիալիստական զարգացման ճանապարհ է ընտրել»։

Սոցիալիստական ճամբարի երկրները

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սոցիալիզմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալիզմ» հոդվածին։

Tags:

Սոցիալիզմ ՊատմությունՍոցիալիզմ ՏեսակներՍոցիալիզմ ի բնութագրությունըՍոցիալիզմ ի զարգացման օրինաչափություններըՍոցիալիզմ Սոցիալիստական ճամբարՍոցիալիզմ ԾանոթագրություններՍոցիալիզմ Արտաքին հղումներՍոցիալիզմԱրտադրությունԼատիներենԿոոպերատիվՏնտեսական համակարգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայերենի այբուբենՄակերեսՎրաստանՀատկացուցիչԱմբերդ (ամրոց)ԲրոնխաբորբՍինգապուրՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Համբարձում (տոն)Վեներա (մոլորակ)ԵղնջացանՊարբերական հիվանդությունԲանաստեղծությունԱրագածՄատյան ողբերգությանԵրիկամաքարային հիվանդությունԱնկլավ և էքսկլավՀայկական լեռնաշխարհ44-օրյա պատերազմՇունԶանգվածի պահպանման օրենքՀայաստանի գետերի ցանկԳերմանիաԽնձորՀայոց ցեղասպանության ճանաչումՓոքր ՄհերՄաշկի սնկային հիվանդություններԽոր ՎիրապՀայկական ճարտարապետությունԼեոնիդ ԱզգալդյանԱրման ԾառուկյանԽատուտիկՎիրուսներՑրված սկլերոզԼեհաստանԿիլիկիայի հայկական թագավորությունԼուսինԽՍՀՄ փլուզումՍողուններՀայաստանի քաղաքներըԲրոնխիալ ասթմաՀովազներՄարդու առնանդամԲարդ ստորադասական նախադասությունՄերկուրի (մոլորակ)ԵրաժշտությունՆեմեսիս գործողությունՀրանտ ՄաթևոսյանՊարզ նախադասությունԿուսաթաղանթԿոտորակ (մաթեմատիկա)ԲագրատունիներՏուբերկուլոզՔրիստափոր ԿոլումբոսՊետական կառավարման ձևԱնտանտՄինչամուսնական սեքսՀամո ՍահյանՍելեկցիաtgpa2ԾաղիկԲյուրականի աստղադիտարանԴրաստամատ ԿանայանԻտալիաՍպիտակավոր վանքԲուրգ (երկրաչափություն)Ժառանգական հիվանդություններԾաղկեվանք (Արա լեռ)ԼենկթեմուրԱրեգակԿոչականԳրիգոր ԼուսավորիչԴերբայական դարձվածՀայաստանի Կարմիր գիրքԱյրին (նորավեպ)Հայկ և ԲելՆար-ԴոսԱշոտ Բ Երկաթ🡆 More