Նապոլեոնյան պատերազմներ (1803-1815), համընդգրկուն հակամարտության պատերազմների մի շարք էին, որոնք մղվել են ո՛չ միայն Եվրոպայում, այլև՝ Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նապոլեոնյան պատերազմները արդյունք էին Նապոլեոն I-ի գլխավորած Ֆրանսիական կայսրության վարած քաղաքականության։ Վերջինիս դեմ համախմբվեցին Եվրոպայի մի շարք տերություններ, կազմելով տարբեր դաշնախմբեր, որոնց գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Այդ պատերազմները հեղափոխականացրեցին եվրոպական բանակները և դրանք աննախադեպ մասշտաբներով մեծացրեցին՝ լայնորեն կիրառելով համընդհանուր զինապարտությունը։ Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին, որոնք սկիզբ էին առել 1792 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Սկզբնապես, Ֆրանսիայի հզորությունը արագորեն աճեց, քանզի Նապոլեոնի Մեծ Բանակը նվաճեց գրեթե ամբողջ մայրցամաքային Եվրոպան։ Իր ռազմական կարիերայի ընթացքում Նապոլեոնը մղել է 60 ճակատամարտ, որոնցից 53-ը շահել է, իսկ պարտվել է միայն 7-ում, այն էլ՝ հիմնականում իր գահակալության վերջում։ Ֆրանսիական հսկայական տերությունը արագորեն կործանվեց, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Ֆրանսիայի աղետալի հարձակումը Ռուսաստանի վրա՝ ներխուժումը Ռուսաստան 1812 թվականին։ 1814 թվականին Նապոլեոնը պարտություն կրեց, և աքսորվեց Էլբա կղզի։ Ապա նա փախավ աքսորավայրից և 1815 թվականին 100 օրով վերստին պետության գլուխ անցավ։ Դրանից հետո նա դարձյալ պարտություն կրեց։ Այս անգամ Վաթեռլոոյի ճակատամարտը դարձավ նրա վերջին պարտությունը, և դարձյալ աքսորվեց, ընդ որում՝ ավելի հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինե կղզին։
Մեկը մյուսի հաջորդող պատերազմներում, որոնք հայտնի են նաև Դաշնախմբային պատերազմներ անունով, Ֆրանսիան պարտության մատնեց իր դեմ կազմված հինգ հզոր դաշնախմբերին, մինչև որ պարտություն կրեց վեցերորդից ու յոթերորդից։ Առաջին երկու դաշնախմբերը պարտություն էին կրել Ֆրանսիական Հեղափոխական Պատերազմներ ժամանակ, իսկ երրորդը (նշանավոր՝ Աուստերլիցի ճակատամարտով), չորրորդը՝ (նշանավոր՝ Յենայի ճակատամարտով, Էյլաուի ճակատամարտով, և Ֆրիդլանդի ճակատամարտով) և հինգերորդը՝ (նշանավոր՝ Վագրամի ճակատամարտով) մղվել էին Նապոլեոնի ընդհանուր և անմիջական հրամանատարությամբ։ Այս հաղթանակները Նապոլեոնի Մեծ Բանակին տվեցին անխոցելիության, զգացում, հատկապես այն բանից հետո, երբ այդ բանակը մոտեցավ Մոսկվային և գրավեց այն, երբ ռուսները թողեցին իրենց հին մայրաքաղաքը՝ Մոսկվան։ Սակայն Ռուսաստանից նահանջելիս ֆրանսիական զորքերը պարտության մատնվեցին նախ՝ ռուսական սառնաշունչ ձմեռվա կողմից, իսկ ապա՝ Վեցերորդ Դաշնախմբի զորքերի կողմից՝ Լայպցիգի ճակատամարտում։ Դրան հաջորդեց Հյուսիս-արևելյան Ֆրանսիայի (1814) պատերազմաշրջանում ֆրանսիական զորքերի պարտությունը։ Նապոլեոնին վերջնականապես պարտության մատնեցին Յոթերորդ Դաշնախմբի զորքերը՝ Վաթեռլոոյի ճակատամարտում՝ Բելգիայում։ Որպես այդ պարտությունների արդյունք, Ֆրանսիան զրկվեց բոլոր այն տարածքային ձեռքբերումներից, որոնք ունեցել էր այդ պատերազմների ընթացքում և վերադարձավ 1789 թվականի իր սահմաններին, ինչը ամրագրվեց Վիեննայի Կոնգրեսի որոշումներով։
Նապոլեոնյան պատերազմների արդյունքով լուծարվեց Սրբազան Հռոմեական Կայսրությունը և ցանվեցին ազգայնականության սերմերը, որոնք տասնամյակներ անց հանգեցրեցին Գերմանիայի և Իտալիայի միավորմանը։ Համընդգրկուն Իսպանական կայսրությունը սկսեց ճաքճքել՝ նապոլեոնյան բռնազավթման (Իսպանիայի Թագավարությունը Ժոզեֆ Բոնապարտի ներքո) և ֆրանս-իսպանական հակամարտության արդյունքում թուլանալով այնքան, որ այլևս ի վիճակի չէր պահպանել իր իշխանությունը հսկայածավալ գաղութների նկատմամբ. դրանով իսկ սկսվեցին ազգայնական հեղափոխությունները Իսպանական Ամերիկայում։ Նապոլեոնյան պատերազմներում իր տարած հաղթանակի և այլ մեծ տերությունների կորուստների հետևանքով Բրիտանական կայսրությունը դարձավ մեծագույն համաշխարհային տերությունը՝ հաջորդ հարյուրամյակի ընթացքում, այսպիսով սկիզբ դնելով Պաքս Բրիտանիկային (Pax Britannica):
Գիտնականները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե երբ են ավարտվել Ֆրանսիական Հեղափոխական Պատերազմները և սկսվել Նապոլեոնյան Պատերազմները։ Բոնապարտի կողմից հեղաշրջմամբ Ֆրանսիայում իշխանության զավթումը եղել է 1799 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ 1803 թվականի մայիսի 18-ին Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև նորացված պատերազմը պայթեց, դրանով իսկ վերջ դնելով Ամիենի պայմանագրին հաջորդած մեկամյա համընդհանուր խաղաղության ժամանակաշրջանին։ Պատերազմը հիմնականում դադարեց Վաթեռլոոյի ճակատամարտում 1815 թվականի հունիսի 18-ին Նապոլեոնի կրած վերջնական պարտությունից հետո, թեպետ բախումներն ու տեղական որոշ մարտեր շարունակվեցին մինչև 1815 թվականի հուլիսի 3-ը՝ Իսսիի ճակատամարտը։ Փարիզի պայմանագիրը պաշտոնապես Նապոլեոնյան պատերազմներին վերջ դրեց 1815 թվականի նոյեմբերի 20-ին։
Զավթելով իշխանությունը Ֆրանսիայում (1799), Նապոլեոնը նախորդ իշխանությունից ժառանգություն ստացավ մեկուսացված մի երկիր։ Ի բարեբախտություն Ֆրանսիայի, նրա դեմ հակամարտող դաշնախմբի երկրներն էլ առանձնապես ուժեղ կապերով չէին կապված։ Այդ ժամանակ ֆրանսիական զորքերը նահանջել էին Հռենոսի ֆրանսիական ափը։ Ապա կորսվեցին Իտալիայում նախկին հաղթանակների բոլոր պտուղները։ Ցիզալպյան հանրապետությունը ընկել էր, իսկ Պարթենոպեյան հանրապետությունում կատարվել էր միապետության վեականգնում։ Ընկել էր նաև Հռոմեական հանարապետությունը։ Միայն Շվեյցարիայում էր, որ ֆրանսիացիների գործերը լավ էին, և միացյալ ավստրիա-ռուսական բանակին չէր հաջողվել այդտեղից դուրս մղել հանրապետական զորքերին։
Դաշնախմբի անդամ-պետությունների միջև ծագած հակասություններն ու գզվռտոցը հանգեցրին Դաշնախմբից Ռուսաստանի դուրս գալուն։ Կայսր Պավել I Ռոմանովը նույնիսկ սկսեց մերձենալ Ֆրանսիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ «անիշխանությունը փոխարինվեց կոնսուլությամբ», և Նապոլեոնն առանց դրամական փոխհատուցման հայրենիք ուղարկեց ռուս ռազմագերիներին, նորից հագցնելով ու զինելով նրանց։ Հազիվ էր Նապոլեոնը իշխանությունը վերցրել, երբ նամակով դիմեց անգլիական արքային և կայսերը, նրանց կոչ անելով դադարեցնել պայքարը։ Սակայն թե՛ անգլիական, թե՛ ավստրիական կողմը Նապոլեոնից պահանջեցին Բուրբոնների գահատոհմի վերականգնում և Ֆրանսիայի վերադարձն իր նախկին սահմաններին։
1800 թվականի գարնանը ֆրանսիական բանակը ներխուժեց Իտալիա, ընդ որում, Մեծ Սեն-Բեռնար լեռնանցքով ներխուժած բանակի գլուխ կանգնած էր անձամբ Առաջին կոնսուլը։ 1800 թ. հունիսի 14-ի հաղթանակը Մարենգոյի ճակատամարտում Ավստրիային հարկադրեց զինադադար կնքել (Ալեսանդրիայի զինադադար), դրանով իսկ դարձյալ Նապոլեոնի տիրապետության տակ հանձնելով Լոմբարդիան։
Ֆրանսիական մյուս բանակը ներխուժել էր Շվաբիա և Բավարիա և Հոհենլինդենի ճակատամարտում (1800 թ. դեկտեմբերի 3) տարած հաղթանակից հետո սպառնում էր ուղղակի Վիեննային։
Ավստրիան հարկադրված էր 1801 թվականի փետրվարի 9-ին կնքել Լյունեվիլի հաշտության պայմանագիրը, որով հաստատվում էին Կամպոֆորմիոյի պայմանագրի սկզբունքները։
Նապոլեոնը եղել և մնում է բոլոր ժամանակների ամենաականավոր զորավարներից մեկը՝ իր հաղթական ճակատամարտերով։ Ռազմական պատմաբանները հսկայական ժամանակ են ծախսել ու ծախսում դրանց վերլուծության վրա։ 2008 թվականին Դոնալդ Սադերլանդը (Donald Sutherland) գրել է հետևյալը.
Նապոլեոնի իդեալական ճակատամարտը թշնամուն՝ թե՛ յուր զորքերի զորաշարժի և թե՛ թշնամուն մոլորեցնելու միջոցով թշնամական զորքերն անբարենպաստ դիրքի բերելն էր, հարկադրել թշնամուն՝ իր գլխավոր ուժերն ու պահեստուժերը մտցնել գլխավոր ճակատամարտի մեջ, ապա ձեռնարկել շրջապատող գրոհ՝ ճակատամարտին չներգրավված կամ պահեստուժային զորքերով՝ թշնամու զորաթևի կամ թիկունքի վրա։ Նման անակնկալ գրոհը կա՛մ աղետալի ազդեցություն էր գործում թշնամու բարոյական կորովի վրա, կա՛մ էլ հարկադրում նրան՝ թուլացնելու իր գլխավոր մարտական գիծը։ Երկու դեպքում էլ առաջ էր գալիս թշնամու սեփական իմպուլսիվությունը, որի շնորհիվ նույնիսկ փոքրաթիվ ֆրանսիական բանակը կարող էր հատ առ հատ ջարդել թշնամու զորքերը։
1807 թվականից հետո Նապոլեոնը ստեղծեց բարձր շարժունակությամբ, լավ զինված հրետանային զորքեր, հրետանու կիրառմանը տալով առավել մեծ մարտավարական կարևորություն։ Նապոլեոնը՝ թշնամու պաշտպանությունը ճեղքելու համար հետևակն օգտագործելու փոխարեն, այժմ կարող էր կիրառել հրետանու զանգվածային կրակը՝ որպես թշնամու պաշտպանական գիծը ճեղքելու հարվածային միջոց՝ յուրատեսակ ճեղքող շեղբ։ Երբ այդ ճեղքումն իրականացվում էր, Նապոլեոնը մարտի էր ուղարկում իր հետևակն ու հեծելազորը, որոնք զարգացնում էին ֆրանսիական հրետանու հաջողությունը Ի դեպ, ՄակՔոնաչին մերժում է այն այլընտրանքային տեսությունը, թե, իբր, ֆրանսիական բանակում հրետանուն հատկացվող գնալով աճող դերակատարությունը, որն սկսվեց 1807 թվականին՝ արդյունք էր ֆրանսիական հետևակի նվազող որակի, իսկ ավելի ուշ՝ ֆրանսիական հեծելազորի թվաքանակի նվազման։
Բրիտանիան զայրույթով էր համակված Ֆրանսիայի՝ Ամիենի պայմանագրին հաջորդած մի շարք գործողությունների պատճառով։ Մասնավորապես պաշտոնական Լոնդոնին վերին աստիճանի ջղագրգռել էր՝
Մալթան պատերազմի ընթացքում գրավվել էր բրիտանացիների կողմից, և նրա հարցը ենթակա էր կոմպլեքսային կարգավորման՝ ըստ Ամիենի պայմանագրի 10-րդ հոդվածի։ Համաձայն այդ Դաշնագրի՝ Մաթան պիտի վերադարձվեր Սուրբ Հովհաննեսի ասպետներին, այդ կղզում պիտի տեղակայվեր Նեապոլի թագավորության բանակի մի կայազոր և կղզին պետք է դրվեր երրորդ տերությունների երաշխիքի ներքո։ Սակայն Սուրբ Հովհաննեսի ասպետները թուլացել էին Ֆրանսիայում և Իսպանիայում տեղի ունեցած՝ իրենց գույքի և կալվածքների բռնագրավումներից։ Բացի այդ՝ երաշխիքների ձեռք բերումը ձգձգվեց, ուստի բրիտանական զորքերը դուրս չէին բերվում Մալթայից՝ չնայած Ամիենի պայմանագրով դա նախատեսված էր կատարել եռամսյա ժամկետում:
1798 թվականին ֆրանսիական զորքերի կողմից Շվեյցարիա ներխուժելուց հետո պաշտոնական Փարիզը այդ երկրում ստեղծեց Հելվետյան հանրապետությունը։ Ֆրանսիան՝ ըստ Ամիենի պայմանագրի, պետք է Շվեյցարիայից, այսինքն՝ Հելվետյան հանրապետությունից դուրս բերեր իր զորքերը, սակայն այդ ալպյան պետության կառավարության դեմ պոռթկաց ժողովրդական դժգոհության ալիքը՝ Շթեքլիքկրիգի տեսքով, քանզի բազմաթիվ շվեյցարացիներ իրենց կառավարությունը համարում էին չափից դուրս կենտրոնացված։ Ի պատասխան՝ Բոնապարտը 1802 թվականի հոկտեմբերին դարձյալ գրավեց Հելվետյան հանրապետությունը և ներշվեյցարական հակամարտությանը տվեց միջնորդական փոխզիջումնային լուծում։ Սա ևս լայն դժգոհությունների ալիք առաջացրեց Բրիտանիայում, որը բողոքեց, թե Շվեյցարիայում կատարվածը Լունեվիլի պայմանագրի խախտում էր։ Չնայած մայրցամաքային պետությունները Ֆրանսիայի դեմ գործողությունների դիմելու համար անպատրաստ էին, սակայն բրիտանացիները որոշեցին գործակալ ուղարկել, որը կօգներ շվեյցարացիներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մատակարարումները, ինչպես նաև հրամայեցին բրիտանական բանակին՝ չվերադարձնել Հոլանդիային նրան պատկանած հարավաֆրիկյան Կապի գաղութը, ինչը բրիտանական կողմը պարտավոր էր անել ըստ Ամիենի պայմանագրի:
Շվեյցարացիների դիմադրությունը կոտրվեց ֆրանսիացիների կողմից՝ նախքան որևէ բան կիրականացվեր ընդդեմ Ֆրանսիայի, իսկ մեկ ամսի անց պաշտոնական Լոնդոնը պայմանագրին հակառակ հրաման տվեց այլևս չվերականգնել Հոլանդիայի իշխանությունը Կապի գաղութի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը վերջնականապես միացավ Մալթային վերաբերող երաշխիքներին։ Մտահոգված լինելով նրանով, որ Կապի գաղութի չվերադարձնելը ֆրանսիական զորքերի ռազմական գործողությունների վերսկսմանը կհանգեցնի, Բրիտանիան սկսեց առավել ձգձգել Մալթայից իր զորքերի տարհանումը:
1803 թ. հունվարին Ֆրանսիայի կառավարական լրագիրը հրապարակեց մի զեկույց ինչ որ առևտրային գործակալի կողմից, որը նշում էր, թե որքան դյուրությամբ կարելի էր գրավել Եգիպտոսը։ Բրիտանացիները, այդ առիթից օգտվելով, պահանջեցին սատիֆակցիա՝ satisfaction և անվտանգություն մինչև Մալթայից բրիտանական զորքերի դուրս բերումը։ Իսկ Մալթան հարմար ուղեկամուրջ էր դեպի Եգիպտոս։ Ֆրանսիան հերքեց Եգիպտոսը գրավելու իր որևէ ցանկություն և հարցում արեց, թե ինչպիսի սատիսֆակցիա է պահանջվում, սակայն բրիտանական կողմը ի վիճակի չեղավ որևէ պատասխան տալու: Այնուամենայնիվ պատերազմի ելնելու որևէ մտադրություն չկար, և այդ ժամանակվա բրիտանական վարչապետը՝ Ադդինգտոնը հրապարակայնորեն հաստատեց, թե Բրիտանիան խաղաղության վիճակում է:1803 թվականի մարտի սկզբին վարչապետ Ադդինգտոնի կառավարությունը տեղեկություն ստացավ, որ Հարավային Աֆրիկայում գտնվող Կապի գաղութը վերագրավվել է բրիտանական զորքերի կողմից՝ համաձայն տրված հրամանների։ Մարտի 8-ին պաշտոնական Լոնդոնը հրաման տվեց ռազմական նախապատրաստություններ կատարել՝ պաշտպանվելով հնարավոր ֆրանսիական վրեժխնդիր ռազմագործողություններից։ Բրիտանական կողմը արդարացնում էր իր գործողությունները՝ կեղծավոր հավակնությամբ, թե իբր ինքը գործում է ի պատասխան ֆրանսիական նախապատրաստությունների, միաժամանակ նշելով, թե իբր պաշտոնական Լոնդոնը լուրջ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ։ Մի քանի օրից հայտնի արձավ, թե հարավաֆրիկյան Կապի գաղութը հանձնվել էր՝ համաձայն հակահրամանների, սակայն արդեն շատ ուշ էր։ Բոնապարտը Ֆրանսիայում բրիտանական դեսպանին հանդիմանել էր 200 ներկաների առջև՝ նրա երկրին մեղադրելով ռազմական նախապատրաստությունների մեջ:
1803 թվականի մայիսին Առաջին կոնսուլը ֆրանսիական բանակը շարժեց դեպի Վեզեր գետը, որպեսզի գրավի անգլիական թագավորին պատկանող Հանովերը։ Հունիսին Հանովերի կուրֆյուրստությունը արդեն Ֆրանսիայի տիրապետության ներքո էր, քանզի տեղական կառավարչակազմը վախկոտ գտնվեց, շտապելով Առաջին կոնսուլի հետ կնքել պայմանագիր, ըստ որի ֆրանսիական բանակը կարող էր գրավել ամբողջ Հաննովերի կյուրֆյուստության տարածքը՝ մինչև Էլբա գետը, իսկ հաննովերյան զորքը պետք է զորացրման ենթարկվեր։
Երրորդ Դաշնախմբի պատերազմը տեղի ունեցավ 1805 թվականին։ Հիմնական արդյունքը՝ Ֆրանսիայի հաղթանակը, որը ամրագրվեց Պրեսբուրգի հաշտության պայմանագրով։
Չորրորդ դաշնախմբի պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով, որն ամրագրվեց Տիլզիտի պայմանագրերով։
Հինգերորդ դաշնախմբի պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով, որը ամրագրվեց Շյոնբրուննի պայմանագրով։ Թերակղզային պատերազմն ավարտվեց սկզբնական շրջանում Ֆրանսիայի հաղթանակով, սակայն պատերազմի վերջին շրջանը համընկավ Նապոլեոնի անհաջողություններին արևելքում, որի հետևանքով ֆրանսիական կողմը ի վերջո պարտություն կրեց։ Հակաֆրանսիական Դաշնախմբի հաղթանակն ամրագրվեց Փարիզի պայմանագրով։
Նապոլեոնյան պատերազմները ուղղակի պատճառ դարձան մի շարք այլ պատերազմների համար, որոնք մղվում էին Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում և աշխարհի այլ մայրցամաքներում։
Իսպանիայի Կառլոս IV Բուրբոն և Ֆերնանդո VII Բուրբոն արքաների գահազրկումը և Նապոլեոնի հարազատ եղբայրներից մեկի գահ բարձրանալը Մադրիդում, որպես Խոսե թագավոր՝ քաղաքացիական պատերազմներ ու հեղափոխություններ առաջացրեց, որոնք հանգեցրեցին Ամերիկայում իսպանական մայրցամաքային գաղութների մեծ մասի անկախացմանը։
1812 թվականից սկսվում է Նապոլեոնի ռազմական հզորության անկումը, ինչը նախապատրաստված էր Պորտուգալիայում և Իսպանիայում ֆրանսիական զենքի կրած անհաջողություններով (տես Թերակղզային պատերազմը)։ Ռուսների համար Նապոլեոնի դեմ 1812 թ. պատերազմը Հայրենական պատերազմ էր։ Ֆրանսիայի ներխուժումը Ռուսաստան ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Դրան հաջորդեցին պատերազմները՝ Գերմանիայում և Եվրոպայի այլ երկրներում, ինչը հանդիսացավ Նապոլեոնի «վերջի սկիզբը»։ Պարտվելով Ռուսաստանում (1812) և Գերմանիայում (1813), Նապոլեոնը պարտություն պետք է կրեր նաև Ֆրանսիայում (1814)։
Վեցերորդ դաշնախմբի պատերազմն ավարտվեց հակաֆրանսիական Դաշնախմբի հաղթանակով, որն ամրագրվեց Փարիզի պայմանագրով։
Պարտված և աքսորված ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի իշխանության վերջին, կարճ շրջանը տևեց 1815 թվականի մարտի 20-ից մինչև նույն թվականի հունիսի 20-ը։ Նապոլեոն Բոնապարտը կարողացավ Էլբա կղզուց փախուստի դիմել և ափ իջնել Ֆրանսիայում։ Հակաֆրանսիական Դաշնախմբի զորքերի սվինների շնորհիվ Փարիզում իշխանության գլուխ վերադարձած Բուրբոններից դժգոհ ժողովուրդն ու զորքն անցան Նապոլեոնի կողմը։ Սակայն ուժերի հարաբերակցությունը հօգուտ հակաֆրանսիական Դաշնախմբի զորքերի էր։ Վաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Նապոլեոնի իշխանությանը։
Նապոլեոնի Հարյուր օրը հանգեցրեց հակաֆրանսիական պետությունների կողմից նոր Յոթերորդ դաշնախումբ ստեղծելուն։ Նոր պատերազմն ավարտվեց Դաշնախմբի հաղթանակով։ Այն ամրագրվեց Փարիզի երկրորդ պայմանագրով։
Նապոլեոնյան պատերազմները արմատական փոփոխություններ բերեցին Եվրոպային, սակայն հետադիմական ուժերը վերադարձան իշխանության և փորձեցին վերացնել այդփոփոխությունների գոնե որոշ մասը։ Մասնավորապես Ֆրանսիական գահի վրա վերականգնեց իրեն քաղաքականապես սպառած Բուրբոնների գահատոհմը։ Նապոլեոնին հաջողվել էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը մի իշխանության ներքո բերել։ Եվրոպական շատ երկրներում, Ֆրանսիական Կայսրության մեջ մտնելը հանգեցրեց բազմաթիվ հեղափոխական փոփոխություններ, այդ թվում՝ ժողովրդավարությունը, արդարացի ժամանակակից դատաքննությունը դատական ատյաններում, ճորտատիրության և ստրկատիրության վերացումը, կաթոլիկ եկեղեցու հսկայական իշխանության վերացումը, ինչպես նաև միապետների անսահմանափակ իշխանության սահմանադրական սահմանափակման պահանջը։ Միջին դասերի ուժեղացած ձայնը՝ առաջադիմող առևտրի ու արդյունաբերության զարգացման հետ միասին նշանակում էր, որ իրենց գահերին վերադարձած եվրոպական միապետները դժվարանալու էին վերականգնել նախահեղափոխական բացարձակ միապետությունը և հարկադրված էին լինելու ուժի մեջ թողնելու Նապոլեոնի օրոք կատարված բարեփոխումներից շատերը։ Այդ ժամանակվանից շատ երկրներում շարունակում է գործել Նապոլեոնյան օրենսգիրքը կամ Նապոլեոնյան կոդեքսը (Ֆրանսիական քաղաքացիական օրենսգիրք)։
Մինչև Նապոլեոնի ժամանակները եվրոպական պետությունները ունեին համեմատաբար փոքրաթիվ բանակներ, որոնք կազմված էին թե՛ տվյալ պետության ժողովրդից հավաքագրված զինծառայողներից, թե՛ վարձկաններից։ Կանոնավոր զորքերը, հատկապես՝ վարձկանները խիստ վարժեցված արհեստավարժ զինվորականներ էին։ Հին ռեժիմի բանակները կարող էին մարտադաշտ հանել փոքրաքանակ զորամիավորումներ, քանզի ունեին թերաճ անձնակազմ և ծանրաշարժ թիկունքային ապահովման ծառայություններ։ Այդ պատճառով դաշտային զորքերի առավելագույն քանակը սահմանափակվում էր մեկ զորահրամանատարի հրամանատարության ներքո գտնվող մոտավորապես 30 հազար անձնակազմով։
18-րդ դարի կեսերի ռազմական նորարարները սկսեցին ըմբռնել ամբողջ պետության ժողովրդի պատերազմական ներուժը, այն անվանելով "զինված ազգ"։
Նապոլենյան պատերազմները սկսվել են 1803 թվականի մայիսի 18-ին, ավարտվել 1815 թվականի նոյեմբերի 20-ին։
Պատերազմող երկրները | Բնակչությունը (1800 թվականի դրությամբ) | Զորահավաքվել է զինվոր | Սպանվել է զինվոր և քաղաքացիական բնակիչ |
---|---|---|---|
ՀԱԿԱՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՇՆԱԽՄԲԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ընդամենը՝ | 114 680 400 | 1 800 000-2 000 000 | |
այդ թվում | |||
Մեծ Բրիտանիա | 9 200 000 | 997 670 | 311 806 |
Պրուսիա | 9 700 000 | 320 000 | 130 000 |
Ավստրիա | 20 598 700 | 100 000 | 376 000 |
Ռուսաստան | 37 540 400 | 2 500 000 | 289 000 |
Շվեդիա | 2 347 300 | ||
Պորտուգալիա | 3 400 000 | 250 000 | |
Իսպանիա | 10 500 000 | 300 000 | 300 000 |
Եգիպտոս | 3 854 000 | ||
Օսմանյան կայսրություն | 23 000 000 | 100 000 | |
ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԻՐ ԴԱՇՆԱԿԻՑ ՈՒ ԵՆԹԱԿԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ընդամենը՝ | 61 015 600 | 1 400 000-1 600 000 | |
այդ թվում | |||
Ֆրանսիա | 27 349 000 | 2 950 000 | 1 200 000 |
Իտալիա | 17 237 000 | 200 000 | 125 000 |
Դանիա | 929 000 | ||
Նորվեգիա | 883 600 | ||
Վարշավայի դքսություն | 2 500 000 | 95 000 | |
Հոլանդիա | 1 982 000 | ||
Բելգիա | 4 035 000 | ||
Բավարիա | 3 100 000 | 24 000 | |
Սաքսոնիա | 1 100 000 | 20 000 | |
Վյուրտեմբերգ | 1 200 000 | ||
Վեստֆալիա | 700 000 | 17 000 | |
ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԸ | 175 միլիոն 696 000 | 3 մլն 200 000-ից մինչև 3 մլն 600 000 |
(տես Նապոլեոնյան պատերազմների մարդկային կորուստների լրիվ ցուցակ)
| campaignbox = Կաղապար:Campaignbox Napoleonic Wars Կաղապար:Campaignbox Anglo-French wars }}
Վիքիճամփորդն ունի Napoleonic Warsին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոնյան պատերազմներ» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նապոլեոնյան պատերազմներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.