Մասադա (եբրայերեն՝ מצדה, մեցադա — «ամրոց»), հին ամրոց Իսրայելում, Մեռյալ ծովի հարավ արևմտյան ափին, Արադ քաղաքից ոչ հեռու, Էյն-Գեդի, Էյն-Բոկեկ մայրուղու մոտակայքում։ Իսրայելի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։
Նկարագրություն | |
Տեսակ | հնագիտական հուշարձան, ամրոց և Համաշխարհային ժառանգություն |
Վարչական միավոր | Հարավային մարզ |
Երկիր | Իսրայել |
Իրադարձություններ | Siege of Masada? |
Masada Վիքիպահեստում |
Գտնվում է Հուդայի անապատի ժայռերից մեկի բարձունքում, Մեռյալ ծովի մակարդակից 450 մետր բարձրության վրա։ Մ.թ.ա. 25 թ-ին, իդումների հետնորդ Հերովդես I Մեծ թագավորը, որը ընդունել էր հուդայականություն, այստեղ կառուցեց ապաստան իր և իր ընտանիքի համար՝ զգալիորեն ամրացնելով և վերակառուցելով այստեղ գոյություն ունեցած մ. թ. ա. 37-31 թվականներին կառուցված հասմոնյան ժամանակաշրջանի ամրոցը։ Ամրոցում պահպանվել են սննդամթերքի և զենքի բավականին պաշարներ, անցկացվել է կատարյալ ջրամատակարարման համակարգ, գործել են հռոմեական տիպի բաղնիքներ։ Ամրոցն օգտագործվել է նաև արքայական ոսկիների պահպանման նպատակով։
Բոլոր կողմերից Մասադան շրջապատված է ուղղաբերձ ժայռերով։ Ծովի կողմից դեպի վեր ձգվում է այսպես կոչված օձի արահետը։ Արևմուտքից ամրոց կարելի է բարձրանալ հռոմեացիների կողմից կառուցված արհեստական հողաթմբի միջոցով (մոտավորապես 30 րոպեում)։ Ժայռի գագաթը զարդարում է գրեթե հարթ սեղանակերպ սարահարթ, մոտավորապես 600 մետրը 300-ի վրա։ Սարահարթը շրջապատված էր 1400 մետր ընդհանուր երկարությամբ ամրոցի հզոր պատերով, որոնք ունեին շուրջ 4 մետր հաստություն, իսկ դրանց վրա կառուցված էին 37 աշտարակներ։ Սարահարթում կառուցվել էին պալատներ, սինագոգեր, զինապահեստներ, անձրևաջրերի հավաքման և պահպանման հորեր և այլ օժանդակ կառույցներ։
Ամրոցում ներկայումս պահպանվել են Հերովդես թագավորի պալատը, սինագոգը, խճանկարների բեկորներ, ժայռերի մեջ փորված ջրի հորեր, սառը և տաք բաղնիքներ և շատ այլ հնություններ։
Առավել արտասովոր գտածոներից մեկը սինագոգն է։ Ենթադրվում էր, որ հրեաները սինագոգի կարիք չունեին քանի դեռ նրանք ունեին Տաճար։ Մասադան վերակառուցվել է Երկրորդ Տաճարի գոյության ընթացքում, սակայն սինագոգն այնուամենայնիվ կառուցվել է։ Բացի այդ սինագոգ է հայտնաբերվել նաև Գամլայի ավերակներում։ Սա ապացուցում է, որ հին հրեաների մոտ սինագոգերի գոյությունը կախված չէր Տաճարի առկայությունից։
Օձի արահետի սկզբում կառուցված է ավտոկայանատեղի։ Կա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, որտեղից կարելի է գնել տոմսեր ամրոց այցելելու և ճոպանուղով վեր բարձրանալու համար։ Տեղեկատվական կենտրոնում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները։ Ամրոցում կազմակերպվում են համերգներ և տարբեր զանգվածային մշակութային միջոցառումներ։
Մ. թ. ա. 66 թվականին Մասադան գրավում են ապստամբ զելոտները` ոչնչացնելով այնտեղ գտնվող հռոմեական կայազորը։ Մ. թ. ա. 67 թվականին Մասադայում բնակություն հաստատեցին հռոմեացիների դեմ ապստամբությունը ղեկավարած արմատական կողմի ներկայացուցիչները` սիկարիները, որն էլ հանգեցրեց երկարատև Հուդայական պատերազմի։ Մ. թ. ա. 66 թվականին հռոմեական լեգիոնների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Մասադան մնում է ապստամբների վերջին պատվարը։ Ամրոցի պաշտպանների թիվը հազիվ հասնում էր հազար մարդու, ներառյալ կանայք և երեխաները, բայց նրանք պահեցին Մասադան ևս երեք տարի։ Շուրջ 9000 ստրուկներ ճանապարհ էին կառուցում և հող էին կրում ամրոցի շուջը պաշարման հողապատնեշ և պարսպակործան մեքենաների համար հարթակ կառուցելու նպատակով։ Երբ հռոմեացիներին հաջողվեց հրկիզել սիկարիների կողմից փայտե գերաններից կառուցված լրացուցիչ ներքին պաշտպանական պատը, Մասադայի ճակատագիրն արդեն վճռված էր։
Հովսեփոս Փլավիոսի գրքի համաձայն՝ նիսանի 15-ի գիշերը (Պահքի տոնի առաջին օրը) Էլազար բեն Յաիրը հրեաների առաջ կրակոտ ճառ արտասանեց և նրանց կոչ արեց նախընտրել զոհվել ազատ քաղաքացի, քան ենթարկվել տանջալից և ամոթալի ստրկության (հատված Մասադայի անկման գիշերը Էլիզար բեն Յաիրի ճառից (Իոսիֆ Ֆլավիա, Հուդայական պատերազմ, VII, 320—336)):
Իր նկարագրությունում Հովսեփոս Փլավիոսը հիմնվում է երկու կանանց պատմածի վրա, որոնք պատսպարվել էին քարայրում հինգ երեխաների հետ և պատմել էին հռոմեացիներին, թե ինչպես են տղամարդիկ սպանել իրենց կանանց ու երեխաներին, այնուհետև վիճակահանությամբ միմյանց։
960 պաշարվածներից վերջինն այրեց ամրոցը և ինքնասպանություն գործեց։ Այսպիսով ոչնչացվեց հրեական դիմադրության վերջին օջախը։ Մասադայի տարածքում տեղակայվեց հռոմեական լեգիոնը։
Հրեական և հռոմեական պատմական քրոնիկների համադրումը, ինչպես նաև ամրոցի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոները, այդ թվում վիճակահանությամբ նրանց կամքի վերջին 10 կատարողների անուններով քարե վահանակը ուղղակիորեն վկայում են այդ մասին։
Ամրոցի ավերակներն առաջին անգամ հայտնաբերվել են 1862 թվականին։ Հիմնական պեղումները կատարվել են 1963-1965 թվականներին։ 1971 թվականից Մասադայում գործում է ճոպանուղի, որը ժայռի ստորոտը միացնում է նրա գագաթի հետ։ Ժայռերի արևելյան կողմից ամրոցի դարպասներ կարելի է բարձրանալ նաև ոտքով «օձի արահետով»։
Ամրոցի տարածքում է գտնվում բյուզանդական տաճարի ավերակները։ 19-րդ դարի վերջերից սկսած հետազոտող Մարի Ժոզեֆ Լագրանժը (Marie-Joseph Lagrange, 1855-1938 թվականներ) առաջարկեց տաճարի ավերակները նույնականացնել Մարդայի մայրավանքի հետ։ Նույն տեսակետը պաշտպանել են հայտնի հետազոտողներ Delau, Abel-ը, Festugièr-ը, Chitty, Hirschfeld-ը։
Ամրոցի տարածքում գտնվող եկեղեցին կառուցվել է Եուֆիմուս Մեծի կողմից և գոյություն է ունեցել մինչև Կիրիլ Սկիֆոպոլսկու ժամանակաշրջանը (մոտավորապես 550 թ.): 6-րդ դարի կեսերից նշված եկեղեցու տեղում գտնվել է մեկ այլ եկեղեցի, որի ավերակները հայտնաբերվել են ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ։ Հավանաբար հենց այդ ժամանակ էլ Մասադայի վանական համալիրը դարձավ մայրավանք։ 6-րդ և 7-րդ դարերում (մոտ 580-600 թվականներ) մայրավանքի գոյությունը նկարագրել է երանելի Յոհան Մոսխը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասադա (ամրոց)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մասադա (ամրոց), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.