Գոնդվանա, վարկածային մայրցամաք, որը գիտնականների կարծիքով գոյություն է ունեցել Հարավային կիսագնդում պալեոզոյան և մասամբ՝ մեզոզոյան դարաշրջաններում, հնագույն սուպերմայրցամաք, որն ընդգրկել է Հարավային Ամերիկայի մեծ մասը, Աֆրիկան (առանց Ատլասի լեռների), Մադագասկար կղզին, Արաբիան, Հինդուստան թերակղզին, Ավստրալիան (արևմտյան մաս) և Անտարկտիդայի մեծ մասը։ Ձևավորվել է մինչքեմբրիի վերջում (750-530 մլն.
տարի առաջ) Ռոդինիա սուպերմայրցամաքի մասնատման արդյունքում։ Ըստ որոշ գիտնականների, պրոտերոզոյում Գոնդվանայի տարածքում եղել է ընդարձակ սառցապատում, քարածխային և պերմի ժամանակաշրջաններում զարգացել է բարեխառն և ցուրտ գոտու ֆլորա։ Ենթադրվում է, որ Գոնդվանան տրոհվել է առանձին ցամաքաբեկորների՝ սկսած տրիասի ժամանակաշրջանից։
Վաղ պալեոզոյան դարաշրջանում (սիլուր) Գոնդվանան սառցակալել է, ինչը հանգեցրել է օրդովիկյան բնաջնջմանը։
Պրոտոմայրցամաքների տեղաշարժն ավելի քան 500 մլն տարի առաջ հանգեցրել է Տրանսգոնդվանյան Սուպերլեռան (Transgondwanan Supermountain) առաջացմանը։ Այն հսկայական դեր է կատարել ոչ միայն երկրաբանության, այլ նաև կենդանի օրգանիզմների զարգացման համար։
Ապա մայրցամաքն սկսել է հակառակ շարժումը դեպի հյուսիս և քարածխային ժամանակաշրջանում (360 մլն տարի առաջ) միացել Լավրասիայի հետ՝ կազմելով Պանգեա հսկայական պրոտոմայրցամաքը։
Յուրայի ժամանակաշրջանում՝ շուրջ 180 մլն տարի առաջ, Պանգեան նորից մասնատվել է՝ առաջացնելով Գոնդվանան և Հյուսիսային մայրցամաք Լավրասիան, որոնց բաժանել է Թետիս օվկիանոսը։
Հայտնի է, որ Գոնդվանան մեզոզոյան դարաշրջանում ծածկված է եղել ջունգլիներով։ Բույսերից աճել են նոտոֆագուսներն ու սագոենազգիները։ Կենդանական աշխարհը ներկայացվել է դինոզավրերով, որոնց թվում են եղել արգենտինոզավրերը, ադամանտիզավրերը, աբելիազավրեր և էոլոզավրեր։ Մեզոզոյան Գոնդվանայում բնակվել են նաև պրիմատային պարկավոր կաթնասուններ և միանցքանիներ, ինչպես նաև պալեոգնատներ և պինգվիններ։
150 մլն տարի առաջ (մեզոզոյան դարաշրջան) Գոնդվանան բաժանվել է երկու մասի՝ արևմտյան (Աֆրիկա, Արաբիա և Հարավային Ամերիկա) և արևելյան (Ավստրալիա, Անտարկտիդա, Մադագասկար և Հինդուստան), որոնց սահմանը դարձել է Մոզամբիկի նեղուցը։ 125 մլն տարի առաջ Արևելյան Գոնդվանան բաժանվել է «Հնդգասկարի» և Ավստրալա-Անտարկտիդայի, որոնց միջև սկսել է ձևավորվել Հնդկական օվկիանոսը։ 100 մլն տարի առաջ Հարավային Ամերիկան առանձնացել է Աֆրիկայից, որոնց միջև սկսել է ձևավորվել Ատլանտյան օվկիանոսը։ 90 մլն տարի առաջ տեղի է ունեցել Հինդուստանի ու Մադագասկարի բաժանումը։ 40 մլն տարի առաջ (արդեն կայնոզոյի դարաշրջանում) առանձնացել են Ավստրալիան ու Անտարկտիդան։
Գոնդվանայից առանձնացող մայրցամաքների տեղաշարժը և Լավրասիայի հետ նրանց բախումը հանգեցրել է ակտիվ լեռնագոյացման։ Աֆրիկայի՝ Եվրոպայի վրա ունեցած ճնշման արդյունքը դարձել է Ալպերը, իսկ Հնդկաստանի ու Լավրասիայի բախման (50 մլն տարի առաջ) արդյունքում առաջացել են Հիմալայները։
Գոնդվանա անունն առաջարկել է ավստրիացի գիտնական Էդուարդ Զյուսը 1885 թվականին, որն այդ մայրցամաքը կոչել է Հյուսիսային Հնդկաստանի Գոնդվանա տարածաշրջանի անունով (սանսկրիտ gondavana — «Գոնդայի անտառ»), որտեղ նկարագրվել են նստվածքային ստվերաշերտեր (պերմ-տրիասի ժամանակաշրջան), որոնք բնութագրական են այդ դարաշրջանի համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնդվանա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 157)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Գոնդվանա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.