Ադրենալին (էպինեֆրին, β,3,4-տրիհիդրօքսի-N-մեթիլֆենիլալանին), հորմոն, նեյրոմիջնորդանյութ և դեղամիջոց։ Հիմնականում արտադրվում է մակերիկամների միջուկային գոտու քրոմաֆինային բջիջների կողմից և դոֆամինի ու նորադրենալինի հետ միասին համարվում է սիմպաթոադրենալային համակարգի հորմոն, որոնք, արտադրվելով սիմպատիկ նյարդային վերջույթներում, ծառայում են որպես նյարդային ազդակի փոխանցման միջնորդանյութեր։ Բացի մակերիկամների միջուկից, ադրենալինն առաջանում է նաև օրգանիզմի այլ հատվածներում առկա քրոմաֆինային բջիջներում։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 51-43-4 |
PubChem CID | 5816 |
DrugBank | 00668 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.090 |
Մակերիկամների միջուկային մասում արտադրվող հիմնական կատեխոլամինը ադրենալինն է (շուրջ 80 %-ը), իսկ արտամիջուկային բջիջներում՝ նորադրենալինը։ Արտասահմանյան գրականությունում ադրենալինն ու նորադրենալինն ավելի հաճախ անվանվում են համապատասխանաբար՝ էպինեֆրին և նորէպինեֆրին։ Ադրենալինը միաժամանակ հորմոն է և միջնորդանյութ։ Սակայն այն հիմնականում հանդես է գալիս որպես հորմոն։
Ադրենալինը սիմպաթոադրենալային մյուս հորմոնների հետ մասնակցում է օրգանիզմի ուժերի մոբիլիզացմանը կրիտիկական իրավիճակներում, սթրեսի կամ «խփիր կամ փախիր» բնույթի ռեակցիաների ժամանակ։
Սինթեզվում է թիրոզին ամինաթթվից։ Կոչվում է կատեխոլամին, քանի որ կառուցվածքում պարունակում է կատեխոլի (պիրոկատեխինի) միջուկ։ Կատեխոլամինների սինթեզն ընթանում է հետևյալ փուլերով՝ թիրոզին - դիօքսիֆենիլալանին (ԴՕՖԱ) - դոֆամին - նորադրենալին - ադրենալին։ Մակերիկամների միջուկում և սիմպաթիկ նյարդային վերջույթներում արտադրվող ադրենալինն ու նորադրենալինը վատ են թափանցում արյուն-ուղեղային պատնեշով։ Սակայն հսկայական քանակով կատեխոլամիններ արտադրվում են նաև ուղեղում, որոնք համակարգային արյան հուն չեն անցնում վերը նշված պատճառով։
Արյան մեջ անցած ադրենալինի կիսատրոհման պարբերությունը 2 րոպե է։ Այն քայքայվում է մոնոամինոօքսիդազով և կատեխոլ-Օ-մեթիլտրանսֆերազով, իսկ քայքայման արգասիքները հեռացվում են մեզով։
Մակերիկամների արտամզվածքը առաջին անգամ ստացել է լեհ ֆիզիոլոգ Նապոլեոն Ցիբուլսկին 1985 թվականին։ Այդ արտամզվածքը, բացի ադրենալինից, պարունակում էր նաև այլ կատեխոլամիններ։ Ճապոնացի քիմիկոս Ջոկիցի Թակամինեն և իր ասիստենտ Կեյզո Ուենկան իրարից անկախ հայտնաբերեցին ադրենալինը 1900 թվականին։ 1901 թվականին Թակամինեն ոչխարների և ցլերի մակերիկամներից հաջողությամբ անջատեց հորմոնը։ Ադրենալինը առաջին անգամ 1904 թվականին սինթեզվել է Ֆրեդրիխ Շտոլցի և Հենրի Դրիսդալե Դակինի լաբորատորիաներում՝ անկախ իրարից։
Ադրենալինի ազդեցությունն իրագործվում է α- և β-ադրենընկալիչների միջոցով ու շատ դեպքերում համընկնում է սիմպաթիկ նյարդաթելերի դրդման ազդեցությունների հետ։
Ադրենալինը նեղացնում է ներքին օրգանների և մաշկի արյունատար անոթները, իսկ սրտի և գլխուղեղի անոթներն՝ ընդհակառակը, լայնացնում է։ Ադրենալինը մեծացնում է սրտի կծկման հաճախությունը և բարձրացնում է սրտամկանում հաղորդականության արագությունը։ Ադրենալինը կարող է նաև անմիջականորեն ազդել թափառող նյարդի կենտրոնի վրա և դրդել այն։
Հարթ մկանների վրա ադրենալինը թողնում է տարբեր ազդեցություն։ β2-ադրենընկալիչների խթանման միջոցով ադրենալինը թուլացնում է բրոնխների և միզապարկի մկանները, ընկճում ստամոքսա-աղիքային ուղու հարթ մկանների կծկումները, իսկ α1-ադրենընկալիչների դրդման միջոցով բերում է բբի ճառագայթաձև մկանների կծկման և հետևաբար բերում է բբի լայնացման։
Ադրենալինն ազդում է նյութափոխանակային գրեթե բոլոր գործընթացների վրա։ Այն ուժեղացնում է գլյուկոնեոգենեզը և գլիկոգենի քայքայումը, արգելակում գլիկոգենի սինթեզը, բարձրացնում գլյուկոզի քանակն արյան մեջ։ Ադրենալինն ուժեղացնում է ճարպերի տրոհումը և արգելակում դրանց սինթեզը։ Այս ազդեցությունը պայմանավորված է ճարպային հյուսվածքի β3-ադրենընալիչներով։
Ադրենալինը բարձրացնում է մկանների աշխատունակությունը, քանի որ չափավոր քանակներով սրտային և կմախքային մկանների վրա թողնում է սնուցող ազդեցություն։ Չափավոր քանակներով ադրենալինի տևական ազդեցության դեպքում կմախքային մկաններն ու սրտամկանը չափերով մեծանում են։ Սա համարվում է տևական սթրեսի և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմներից մեկը։ Ադրենալինի բարձր չափաքանակների տևական ազդեցությունն առաջացնում է սպիտակուցների տրոհում և մկանային զանգվածի նվազում, որով էլ բացատրվում է դիսթրեսի դեպքում նկատվող օրգանիզմի հյուծումը։
Ադրենալինը բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ընկալիչների դրդունակությունը, առաջացնում է անհանգստություն և լարվածություն, հոգեկան ընդունակությունների ակտիվացում և կենտրոնացում, խթանում է կորտիկոլիբերինի սինթեզը և ակտիվացնում ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամներ համակարգը, որի արդյունքում արյան մեջ ավելացած կորտիզոլն ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը հյուսվածքների վրա և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ։
Ադրենալինը ունի նկատելի հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն, քանի որ արգելակում է հիստամինի, սերոտոնինի, կինինների արտադրությունը, ինչպես նաև թուլացնում հյուսվածքների զգայունությունն այդ նյութերի նկատմամբ։ Ադրենալինը արյան մեջ բարձրացնում է թրոմբոցիտների քանակն ու ակտիվությունը և արագացնում արյան մակարդումը, որին նպաստում է նաև արյունատար անոթների նեղացումը։
Ադրենալինի ազդեցությամբ տարբերում են արյան ճնշման փոփոխման չորս փուլ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրենալին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 91)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ադրենալին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.