Նեյրոն կամ նյարդաբջիջ, (կենսաբանություն 8-րդ դասարան, §5, էջ 24-27) ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի նյարդային համակարգը ձևավորող հիմնական բջիջն է։
Նեյրոնի առանցքային մասերն են մարմինը (սոման), աքսոնը և դենդրիտները։ Աքսոնն ու դենդրիտները երբեմն կոչվում են նեյրիտներ։ Նեյրոնների ներքին միջավայրը երկշերտ լիպիդներից կազմված բջջաթաղանթի միջոցով առանձնացված է արտաքին միջավայրից։ Բջջակորիզը և բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանոիդները գտնվում են սոմայում։ Այս առումով նեյրոններն առանձնապես չեն տարբերվում մյուս բջիջներից։
Աքսոնը երկար ելուստ է, որի միջոցով բջիջն ազդանշաններ է ուղարկում նյարդավորվող բջիջներին։ Այն սկիզբ է առնում մարմնի աքսոնային բլրակ (axon hillock) կոչվող հատվածից։ Աքսոնները երբեմն ճյուղավորվում են՝ ազդանշանը մի քանի ուղղությամբ փոխանցելու համար։ Աքսոնի վերջնամասում գտնվում են միջնորդանյութեր պարունակող բշտերը։ Նյարդային ազդակի փոխանցման հետևանքով միջնորդանյութերն արտազատվում են դեպի սինապսային խոռոչ և միանում հետսինապսային բջջի ընկալիչներին՝ իրականացնելով միջբջջային հաղորդակցությունը։ Աքսոնները հիմնականում պատված են միելինի մեկուսիչ շերտով՝ արագ և արդյունավետ հաղորդակցում ապահովելու համար։ Միելինի շերտի շնորհիվ էլեկտրական ազդակն ավելի արագ և արդյունավետ է փոխանցվում։ Աքսոնները կարող են ազդանշաններ ուղարկել 0.1 մմ-3 մ-ի հասնող տարածությունների վրա։
Նեյրոնի դենդրիտների թիվը կարող է հասնել 20-ի, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ մեկ կամ ավելի ճյուղավորում։ Դենդրիտային փշիկները կարևոր դեր են խաղում այլ նեյրոններից եկող ազդանշանների ընդունման և սինապսային կապի կարգավորման գործում։ Այսպիսով դենդրիտների ընդհանուր մակերեսի հիման վրա կարելի է կարծիք կազմել, թե ինչ քանակությամբ ազդանշաններ է ստանում տվյալ նեյրոնը։
Ըստ նեյրիտների թվի նեյրոնները լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։
Կարող են լինել բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։
Ըստ գործառույթի նեյրոնները լինում են զգայական, շարժողական և միջանկյալ։
Ըստ աքսոնների երկարության նեյրոնները բաժանվում են երկու տեսակի՝ Գոլջիի I և II տիպի նեյրոններ։ Գոլջիի I տիպի նեյրոններն ունեն երկար աքսոն և կապ են հաստատում հեռադիր նեյրոնների հետ, իսկ II տիպի նեյրոնները տեղային կապեր են հաստատում հարևան բջիջների հետ։ Ընդհանուր առմամբ, սոմայի չափսերը համեմատական են բջջի աքսոնի երկարությանը, քանի որ մեծ տարածության վրա ազդանշաններ ուղարկելու համար ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ։
Նեյրոնների դասակարգումը հնարավոր է նաև վերջիններիս քիմիական հատկությունների հիման վրա։ Այս դեպքում չափանիշ է հանդիսանում նյարդային հաղորդակցության համար օգտագործվող միջնորդանյութը։ Օրինակ, եթե սինապսային գործընթացներն իրականանում են ացետիլխոլինով, բջիջը համարվում է խոլինէրգիական։
Ներկայումս առանձնացված են նեյրոնների նոր դասեր, որոնք յուրահատուկ կերպով կապված են հոգեկան տարբեր գործընթացների հետ։
Նեյրոն տերմինը ներմուծվել է 1891 թվականին Վիլհեմ Վալդեյերի կողմից։ Կամիլո Գոլջիի հայտնաբերած ներկի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ նյարդաբջիջների ավելի հստակ պատկերներ։ Գոլջին ինքը կարծում էր, որ նեյրոնները ֆունկցիոնալ առումով ինքնուրույն դեր չունեն, և նյարդային հյուսվածքը բարդ և խճճված համակարգ է։ Իսպանացի գիտնական Ռամոն Կախալը, օգտագործելով Գոլջիի հայտնաբերած տեխնիկան, հանգում է այն եզրակացությանը, որ նեյրոնները և անատոմիական, և ֆունկցիոնալ տեսակետից առանձին միավորներ են։ Կախալը պնդում էր, որ նեյրոններն իրականում միմյանց մանրաթելերի միջոցով չեն կապված, այլ ունեն հաղորդակցման հատուկ միջոցներ։ Չարլզ Սկոտ Շերինգթոնը հետագայում այդ կապերը կնքեց սինապս անվանմամբ։ 1950 թվականին Էլեկտրոնային մանրադիտակի հայտնաբերմամբ վերջնականապես հաստատվեց Կախալի տեսակետը։ Չնայած իրենց հայացքների տարբերությանը՝ 1906 թ. Գոլջիին և Կախալին համատեղ Նոբելյան մրցանակ շնորհվեց բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում։
Նեյրոնները միմյանց հետ հաղորդակցվում են սինապսների միջոցով։ Չնայած աքսոնով փոխանցվող նյարդային ազդակը միշտ նույն բնույթն է կրում՝ ազդանշանների բնույթը տարբերվում է՝ կախված բջջի միջնորդանյութից։ Հետսինապսային բջջին միացած միջնորդանյութը կամ դրդում, կամ արգելակում է վերջինիս գործունեությունը, ընդ որում դրդումն կամ արգելակումն իրականացնելու համար բազմակի ազդակներ են հարկավոր։
Նեյրոնների և գլիալ բջիջների զարգացումը սկսվում է ցողունային բջիջներից։ Ցողունային բջիջները ինքնավերականգնման մեծ ներուժ ունեն։ Հասուն մարդու ցողունային բջիջները բաժանվելով մեռնում են՝ հաստատուն պահելով վերջիններիս ընդհանուր թիվն ուղեղում։ Ցողունային բջիջներց հետագայում զարգանում են մասնագիտացված բջիջներ՝ նեյրոններ և գլիալ բջիջներ։ Մինչև նախորդ դարի 80-ական թվականները համարվում էր, որ նեյրոնների ստեղծումը հիմնականում կատարվում է ներարգանդային շրջանում և ավարտվում վաղ հասակում։ Հետագայում պարզ դարձավ, որ ուղեղի որոշ հատվածներում, ինչպես օրինակ հիպոկամպի Gyrus dentatus կոչվող հատվածում կամ ուղեղի հոտառական շրջաններում, նոր նեյրոնների առաջացում հնարավոր է նաև հասուն տարիքում։ Այս թեմային ուղղված հետազոտությունները չափազանց կարևոր են, քանի որ ուղեղի վնասվածքների դեպքում հեռանկար է ստեղծում վերջինիս գործառույթները վերականգնելու։
Նյարդային համակարգի և այդ համակարգը կազմող նեյրոնների աշխատանքից են կախված մեր ընկալումը, մտածողությունը և առհասարակ նորմալ գործունեությունը։ Սակայն ի՞նչ եղանակով են նեյրոնները կոդավորում մեզ շրջապատող աշխարհը։ Այս հարցը հիմնականում կարելի է դիտարկել երկու մոտեցմամբ։ Համաձայն հատուկ կոդավորման գաղափարի՝ յուրաքանչյուր նեյրոն արձագանքում է շրջապատի կոնկրետ առարկայի և վերջինիս մասին տեղեկատվությունը վերածում էլեկտրական կոդի։ 2005 թ. կատարված մի փորձարկում ցույց է տվել, որ որոշ նեյրոններ իսկապես ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ փորձարկվողները այս կամ այն առարկայի կամ մարդու նկարն են դիտում։ Նեյրոնները արձագանքում են ցուցադրվող նկարներից միայն մեկին, իսկ մյուսների ժամանակ գտնվում են հանգիստ վիճակում։ Այսպիսի նեյրոնները հեգնանքով անվանվել են «տատիկի նեյրոններ» (grandmother cells), քանի որ նույն տրամաբանությանը հետևելու դեպքում պետք է ունենանք նաև «տատիկի նեյրոն», որը կարձագանքի միայն այն ժամանակ, երբ տատիկի պատկերը հայտնվի մեր ցանցաթաղանթին։ Իրականում փորձարկումն անցկացրած գիտնականները համոզմունք չեն արտահայտում, որ նեյրոնները հենց այսպիսի կոդավորում են կիրառում։ Այս դեպքում համակարգը շատ փխրուն կլիներ, քանի որ մեկ նեյրոնի վնասման դեպքում անդարձ կկորեր վերջինիս պահպանած տեղեկատվությունը։ Քանի որ հնարավոր չէ արձանագրել բոլոր նեյրոնների առանձին ակտիվությունը, չի կարելի հաստատապես պնդել, որ ուրիշ նեյրոններ ևս չէին արձագանքի տվյալ առարկային։
Համաձայն բաշխված կոդավորման սկզբունքի՝ մեր ընկալումների նյարդային կոդավորումն իրականացվում է մասնագիտացված նեյրոնների մի ամբողջ խմբի կողմից։ Ավելին, տեսականորեն այդ խումբը պետք է պարունակի մեկից ավելի, բայց հնարավորինս քիչ թվով նեյրոններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյրոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 223)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նեյրոն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.