Հիերոնիմոս Բոսխ Բոս Հիերոնիմոս վան Ակեն (հոլ.՝ Jheronimus Bosch, իրական անունը՝ Jeroen van Aeken, հետմահու՝ Hieronymus Bosch, մոտ 1450, Հերթոխենբոշ, Նիդերլանդներ - օգոստոս 1516, Հերթոխենբոշ, Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ։
Հիերոնիմոս Բոսխի բարդ և հակասական արվեստը ձևավորվել է նիդերլանդական գեղանկարչության ճգնաժամի պայմաններում։ Իր կրոնական, այլաբանական, ժանրային կոմպոզիցիաներում Բոսխը միջնադարյան ֆանտաստիկական, մռայլ դիվային կերպարները յուրովի զուգորդել է բանահյուսական, երգիծական ու բարոյախոսական միտումներին, ժողովրդական տիպերի և բնության ռեալիստական մեկնաբանությանը («Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը», «Խոտով բեռնված սայլը», «Երկրային վայելքների այգի» եռանկարները)։ Բոսխի նորարարական միտումները հող նախապատրաստեցին նիդերլանդական բնանկարների և կենցաղային ժանրի ձևավորման համար։
Երուն վան Ակենը ծնվել է 1450 թվականին Հերտոգենբոսում (Բրաբանտ)։ Ակենների ընտանիքը սերում էր գերմանական Ախենից, և զբաղվում էր գեղանկարչական արհեստով՝ նկարիչներ էին Բոսխի պապը՝ Յան վան Ակենը, և իր հինգ տղաներից չորսը, ներառյալ Բոսխի հայրը՝ Անտոնիսը։ Քանի որ Բոսխի նկարչական կրթության մասին տեղեկություններ չկան, ենթադրվում է, որ նա նկարչական արհեստի առաջին դասերը առել է ընտանեկան արհեստանոցում։ Վան Ակենների արհեստանոցը կատարել է բազմապիսի պատվերներ՝ պատերի նկարազարդումներ, փայտե արձանների ոսկեզօծում, և անգամ եկեղեցական հարդարանքի պատրաստում։ 1480 թվականի մի փաստաթղթում Բոսխի «Հիերոնիմուս գեղանկարիչ» հիշատակվելը հավանաբար իր ընտանիքի մյուս նկարիչներից տարբերվելու համար էր։ Նա վերցրել էր իր հայրենի քաղաքի կարճ անվանումը՝ Բոսխ (Den Bosch)։
Բոսխը ապրել և աշխատել է հիմնականում իր հայրենի քաղաքում՝ Հերտոգենբոսում, որը այն ժամանակ Բուրգունդյան դքսության կազմում էր և Նիդեռլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի վարչական կենտրոնն էր։ Ըստ քաղաքային արխիվում պահպանված տեղեկությունների 1478 թվականին մահացել է նկարչի հայրը և Բոսխը ժառանգել է նկարչական արվեստանոցը։ Նա ընդունվել է «Տիրամոր եղբայրություն» կրոնական կազմակերպության շարքեր («Zoete Lieve Vrouw»), որ ստեղծվել էր 1318 թվականին և որի կազմում կային և կրոնավորներ, և աշխարհիկ անձինք։
Սուրբ Կույս Մարիամին նվիրված եղբայրությունը զբաղվում էր նաև բարեգործությամբ։ Արխիվային փաստաթղթերում Բոսխի անունը մի քանի անգամ հիշատակվում է։ Նրան, որպես նկարչի տարբեր պատվերներ են տվել՝ սկսած մոմակալների, եղբայրության տոնական շքերթների և ծիսական արարողությունների ձևավորումից և ավարտած Սուրբ Հովհաննեսի տաճարի մատուռի բեմի փեղկերի նկարով (1489, նկարը կորսված է)։ Նույն մատուռում 1516 թվականի օգոստոսին կատարվել է նկարչի հուղակավորման կարգը։ Այս արարողության հանդիսավորությունը հաստատում է Բոսխի և Սուրբ Կույս Մարիամի եղբայրության սերտ կապը։
Մոտավորապես 1480 թվականին Բոսխը ամուսնացել է Ալեյտ Գոյարտ վան դեր Մեերվենի հետ, որին, ըստ երևույթին, ճանաչել է մանկուց։ Ալեյտը Հերտոգենբոսի հարուստ առևտրականների ընտանիքից էր։ Ամուսնության շնորհիվ Բոսխը դարձել է քաղաքի ազդեցիկ բյուրգերներից մեկը։ Երեխաներ չեն ունեցել։ Բոսխի մահվանից կես տարի անց կինը բաժանել է նրա ոչ մեծ ժառանգությունը նկարչի բարեկամներին։ Կինը մահացել է Բոսխի մահից երեք տարի անց։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիերոնիմոս Բոսխ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 521)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հիերոնիմոս Բոսխ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.