Յուրի Վասիլևիչ Շատունով (ռուս.՝ Юрий Васильевич Шатунов, սեպտեմբերի 6, 1973(1973-09-06), Կումերտաու, Կույուրգազինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2022(2022-06-23), Դոմոդեդովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս երգիչ, «Լասկովիյ մայ» խմբի մենակատար (1986-1991)։
Յուրի Շատունով | |
---|---|
Բնօրինակ անուն | Юрий Шатунов |
Նաև հայտնի է որպես | Шатун |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1973 Կումերտաու, Կույուրգազինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Ռուսաստան և Գերմանիա |
Մահացել է | հունիսի 23, 2022 (48 տարեկան) Դոմոդեդովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Ժանրեր | դիսկո, փոփ, շանսոն և էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, հնչյունային օպերատոր և կոմպոզիտոր |
Երգչաձայն | կոնտրատենոր |
Գործիքներ | վոկալ, ակորդեոն, կիթառ, սինթեզատոր, Հարմոն, դաշնամուր և հարվածային համակարգ |
Աշխատավայր | Լասկովի մայ |
Անդամակցություն | Լասկովի մայ |
Պարգևներ | |
Կայք | shatunov.com |
Ստորագրություն | |
Yuri Shatunov Վիքիպահեստում |
Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի ԻԽՍՀ-ի Կումերտաու քաղաքում՝ Վասիլի Դմիտրիևիչ Կլիմենկոյի (ծնված 1950 թվականին) և Վերա Գավրիլովնա Շատունավայի (հունվարի 27, 1955 թվական - նոյեմբերի 7, 1984 թվական) ընտանիքում։ Հայրն ու մայրն ամուսնացել էին, երբ համապատասխանաբար 23 և 18 տարեկան էին։ Հոր վերաբերմունքը որդու նկատմամբ սառն էր, այդ պատճառով էլ Յուրին կրում էր մոր ազգանունը, իսկ վաղ մանկությունը (մինչը 4 տարեկանը) անցկացրել է Պյատկի գյուղում՝ մորական տատի ու պապի՝ Եկատերինա Իվանովնա Շատունովնայի (դեկտեմբերի 5, 1924 - նոյեմբերի 26, 2002) և Գավրիլ Եգորովիչ Շատունովի (հունիսի 4, 1923 - հունվարի 20, 1976) մոտ։
Ծնողներն ամուսնալուծվել են, երբ տղան 3 տարեկան էր, ու 1977 թվականին նա մոր հետ տեղափոխվել է Սավելևկա գյուղ։ Որոշ ժամանակ անց մայրն ամուսնացել է երկրորդ անգամ։ Սակայն խորթ հայրը ալկոհոլի հետ կապված խնդիրներ ուներ, և Յուրին հաճախ էր տանից փախչում ազգականների, առավել հաճախ տատիկի և պապիկի մոտ։
1980 թվականին Շատունովն սկսլ է սովորել Հին Օտրադա գյուղի դպրոցում, բայց սրացող հիվանդության պատճառով 1984 թվականի սեպտեմբերից (այդ ժամանակ Յուրին դարձել էր 11 տարեկան) մայրը որդուն տեղափոխել է Կումերտաու քաղաքի թիվ 2 գիշերօթիկ դպրոց։ Երկու ամիս անց՝ 1984 թվականի նոյեմբերի 7-ին Վերա Շատունովան մահացել է սրտի անբավարարությունից։ Հայրը հետաքրքրություն չէր ցուցաբերում որդու նկատմամբ, և Յուրիին դաստիարակության է վերցրել մորաքույրը՝ Նինա Գավրիլովնան (Տյուլգան գյուղում)։ Սակայն այնտեղ էլ Յուրին սկսել է փախչել տնից և 1984 թվականի նոյեմբերից մինչև 1985 թվականի հոկտեմբերը թափառել է Բաշկիրիայում և Օրենբուրգի մարզում։
1985 թվականի նոյեմբերին Օրենբուրգում հանձնաժողով է ստեղծվել, որտեղ էլ որոշվել է Շատունովի հետագա ճակատագիրը։ Այնտեղ Յուրին հանդիպել է Ակբուլակ գյուղի մանկատան տնօրեն Վալենտինա Նիկոլաևնա Տազեկենովային։ Կարեկցելով դեռահասին՝ վերջինս ազդել է հանձնաժողովի որոշման վրա, և Յուրիին տեղափոխել են նրա ղեկավարած մանկատուն։ 1986 թվականի հոկտեմբերին Տազեկենովային նշանակել են Օրենբուրգ քաղաքի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի տնօրեն, և Յուրին գնացել է նրա հետ։ Օրենբուրգի գիշերօթիկում նա ծանոթացել է գեղարվեստական ինքնագործունեության խմբակի ղեկավար Սերգեյ Բորիսովիչ Կուզնեցովի հետ, և սկսվել է «Լասկովի մայ» խմբի պատմությունը։
1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացել է երաժշտական խմբակի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, որն այդ ժամանակ իր երգի համար կատարող էր փնտրում։ Հենց հոկտեմբերին էլ Սերգեյ Կուզնեցովը նրա համար գրել է առաջին՝ «Вечер холодной зимы» և երկրորդ՝ «Метель в чужом городе» երգերը, և սկսվել են փորձերը։ Այդպես ձևավորվել է «Լասկովի մայ» խմբի առաջին կազմը, որում, բացի Կուզնեցովից և Շատունովից, ընդգրկված էին Վյաչեսլավ Պոնոմարևը (բաս-կիթառ) և Սերգեյ Սերկովը։ 1986-1988 թվականներին խումբը հաջողությամբ ելույթ է ունեցել գիշերօթիկի դիսկոտեկներում և տեղի «Օրբիտա» մշակույթի պալատում։ Այդ ժամանակ են ստեղծվել «Լասկովի մայ» խմբի հիմնական հիթերը՝ «Белые розы», «Лето», «Пусть будет ночь», «Седая ночь», «Ну, что же ты», «Тающий снег» երգերը։ 1988 թվականին Մանկական արվեստի տանը Կուզնեցովը ձայնագրել է «Լասկովի մայ» խմբի առաջին ալբոմը և նույն օրը ձայնագրությունները տարել երկաթուղային կայարանի կրպակ։
Այդ նույն 1988 թվականին Անդրեյ Ռազինը, որն այդ ժամանակ ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Միռաժ» խմբի մենեջերն էր, գնացքում պատահաբար լսել է «Լասկովի մայ» խմբի երգերի ձայնագրությունը։ Նա միանգամից ցանկացել է գտնել այդ երգը կատարող տղային։ Առաջին իսկ կայարանում Ռազինն իջել է գնացքից և գնացել հակառակ ուղղությամբ։ Մի քանի օր հետո Ռազինը ժամանել է Օրենբուրգ, բայց Շատունովին այնտեղ չի գտել. նա փախել էր։ Այդ պատճառով էլ Մոսկվա են մեկնել Սերգեյ Կուզնեցովն ու Կոնստանտին Պախոմովը։ Կուզնեցովը Յուրի Շատունովին Մոսկվա է տարել սեպտեմբերին, և իր գործունեությունն սկսել է նոր «Լասկովի մայ» խումբը։ Յուրիին, ինչպես և խմբի մյուս անդամներին, Օրենբուրգի գիշերօթիկից տեղափոխել են Մոսկվայի թիվ 24 գիշերօթիկը, որտեղ նրանք ապրել են․ սկզբնական շրջանում այնտեղ է գտնվել նաև ստուդիան։ 1989 թվականին Սերգեյ Կուզնեցովը Կոնստանտին Պախոմովի հետ հեռացել է խմբից, իսկ խմբի ղեկավար է դարձել Անդրեյ Ռազինը։
«Լասկովի մայ» խումբը մեծ ճանաչում է ունեցել ինչպես երիտասարդ լսարանի, այնպես էլ ավագ սերնդի շրջանում, և ճանաչված էր ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց կողմից։ Օրական համերգների թիվը հասել է 8-ի, իսկ ամսական ունեցել են ավելի քան 40 համերգ։ Խումբն իր գոյության ընթացքում ունեցել է 10-ից ավելի մենակատարներ։ Լուծարվել է 1992 թվականին՝ Յուրի Շատունովի կողմից խմբից հեռանալուց անմիջապես հետո։
«Լասկովի մայ» խմբից հեռանալուց հետո Յուրի Շատունովը մեկնել է Գերմանիա, որտեղ ստացել է հնչյունային օպերատորի կրթություն։ Այդ ժամանակ նա հիմնականում աշխատել է ստուդիայում՝ չտալով մենահամերգներ։ Արտիստի պրոդյուսերը դարձել է Արկադի Կուդրյաշովը, որի հետ Շատունովը ծանոթ էր երկար տարիներ։ 1992 թվականին ձայնագրվել է Շատունովի անհատական առաջին ալբոմը՝ «Вот и кончился май» խորհրդանշական անունով, սակայն ալբոմը հետագայում անվանվել է «Знаешь»։
1992 թվականին Յուրին Ալլա Պուգաչովայի կողմից հրավեր է ստացել մասնակցելու վերջինիս «Սուրբծննդյան հանդիպումներ» համերգ-փառատոնին։ Յուրին համաձայնվել է և դեկտեմբերի վերջին առաջին անգամ բեմ բարձրացել որպես մենակատար՝ կատարելով նոր՝ «Звёздная ночь» երգը։
1994 թվականի գարնանը Ռուսաստանի ձայնագրության ամենամեծ ստուդիաներից մեկը՝ PolyGram Russia ընկերությունը, Յուրի Շատունովին համագործակցելու առաջարկ է արել։ Բանակցություններն արագ են տեղի ունեցել, և մի քանի օրից արտիստը պայմանագիր է կնքել Բորիս Զոսիմովի հետ։ Նկարահանել է «Звёздная ночь», ապա «И упав на колени» երգերի տեսահոլովակըները։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1994 թվականի ամռան վերջին-աշնան սկզբին։ Նկարահանել է նաև երրորդ տեսահոլովակը՝ «Чужая боль», սակայն վնասված ժապավենի պատճառով այն եթերում չի հայտնվել։ 1994 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Շատունովի նոր՝ «Ты помнишь» ալբոմի շնորհանդեսը։
1996 թվականին Շատունովը թողարկել է «Искусственное дыхание» ռեմիքսների ալբոմը։
1999 թվականին Իրկուտսկում՝ Բորիս Ռոժանսկու ստուդիայում, Յուրի Շատունովը ձայնագրել է ամբողջովին նոր մի քանի երգեր (դեմո տարբերակներ) («Не плачь», «Последний снег», «Ночной вокзал», «Случайная встреча», «Отзвенело лето», «А ночь темна», «Слезы твои», «Просто мечты», «Июльский дождь»), որոնց գոյության մասին նրա երկրպագուների մեծ մասն անգամ չէր կասկածում։ Բանն այն էր, որ տվյալ ստեղծագործությունները թողարկվել էին միայն Գերմանիայում «Ласковый май 2000. Ты это еще не слышал!» «ծովահենային» սկավառակի միջոցով։ Երգերի հեղինակը Կոնստանտին Գուբինն էր։
2001 թվականին թողարկվել է «Вспомни май» ալբոմը, որտեղ գլխավոր հիթը «Забудь» երգն էր։
2002 թվականին Յուրին «Седая ночь» հիթի համար ստանում է «Տարվա երգ-2002» մրցանակ։
2009 թվականի սեպտեմբերի 18-ին Յուրի Շատունովը «Լասկովի մայ» գեղարվեստական ֆիլմին աջակցելու նպատակով մեկնել է Մեծ շրջագայության Ռուսաստանի քաղաքներ։
Յուրի Շատունովը մասնակցել է «Միասին երջանիկ են» սերիալի նկարահանումներին, որի նոր եթերաշրջանն սկսվել է փետրվարի 1-ին ՏՆՏ հեռուստաալիքով։ Երգիչը խաղում էր ինքն իր դերը․ ըստ սյուժեի՝ Գենան նրան պատմում է մահացու հիվանդ քրոջ մասին, որին կարող է փրկել միայն իր մանկության կուռքի հետ հանդիպումը։ «90-ականների աստղերի ժամանումը սերիալի դերասանների համար նկարահանման հրապարակում զվարճանալու ևս մեկ առիթ հանդիսացավ։ Այսպես, Յուլիա Զախարովան (սերիալում՝ Ելենա Պոլենո) ամեն դուբլում «կուռքին» տեսնելիս այնպես էր ճղճղում, որ Յուրին սարսափից մոռանում էր տեքստը։ Բայց երբ վերջապես նրան հաջողվել է արտասանել իր վերջնաբառը, նա հանգստացել և հաճույքով միացել է ստեղծագործական գործընթացին՝ իմպրովիզացիաներ անելով և դերասանների հետ ծիծաղելով»։
2010 թվականի մարտի 1-ին «Մոնոլիտ» ընկերությունը «Ռետրո FM» ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ թողարկել է CD 1988-1989 թվականների օրիգինալ ձայնագրություններով և Յուրի Շատունովի՝ այդ ժամանակվա օրիգինալ լուսանկարներով։ Բոլոր ձայնագրություններն առաջին անգամ թվայնացվել և պաշտոնապես թողարկվել են թվային ձևաչափով։ «Детство» հիթի համար ստացել է «Տարվա երգ-2009» մրցանակ։
2011 թվականի աշնանը երգչի պաշտոնական կայքում հայտնվել են նոր տրեկներ, որոնցից են՝ «От белых роз», «Тет-а-тет» երգերն ու «Глупые снежинки» երգի վերաձայնագրված տարբերակը։ Կայքում տեղադրվել է նաև «От белых роз» երգի տեսահոլոովակը, որում ներկայացվում էին երգչի երկրպագուների նկարները, ինչպես նաև հատվածներ նրա համերգներից և տեսահոլովակներից։ Այդ թվականին «Седая ночь» հիթի համար կրկին ստացել է «Տարվա երգ-2012» մրցանակ։
2012 թվականին թողարկվել է «Я верю…» ալբոմը։ Ստեղծվել է shatunov.com պաշտոնական կայքը։ Սկսվել է հյուրախաղային մեծ շրջագայությունը նոր՝ «Я верю…» ալբոմի աջակցության համար։
2013 թվականին թողարկել է «А лето цвета…» և «Тет-а-тет» տեսահոլովակները։ Շարունակել է հյուրախաղերը «Я верю…» ալբոմի աջակցության համար։ «А лето цвета…» երգի համար ստացել է «Տարվա երգ-2013» մրցանակ։
2014 թվականին Յուրի Շատունովը սկսել է նոր ալբոմի երգերի ձայնագրությունը։ 2015 թվականի օգոստոսին երգչի պաշտոնական կայքում հայտնվել է «Звезда» երգը, որի հեղինակը Սերգեյ Կուզնեցովն է։
2015 թվականի փետրվարի 23-ին «Звуковая дорожка» մրցանակների հանձնման հոբելյանական արարողության ժամանակ Յուրի Շատունովն արժանացել է մրցանակի՝ ռուսական շոու-բիզնեսի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
2022 թվականի հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ Շատունովը մահացել է սրտի սուր անբավարարությունից (սրտամկանի ինֆարկտ․ երգչի վիճակի կրիտիկական վատթարացումը տեղի է ունեցել Դոմոդեդովո քաղաքի հիվանդանոց հասնելու ճանապարհին։
Զբաղվել է հոկեյով, դայվինգով, համակարգչային խաղերով (Յուրի Շատունովը դարձել է Բոլիդներով համակարգչային մրցարշավի Ռուսաստանի չեմպիոն)։ Օգնել է մանկատներին՝ ցուցաբերելով նյութական օգնություն և տալով բարեգործական համերգներ։
|
|
|
|
|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Почём нынче ласковые | Յուրի Շատունով | |
2010 | ս | Երջանիկ են միասին | Счастливы вместе | Յուրի Շատունով |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Շատունով» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Յուրի Շատունով, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.