Խորհուրդ (հունարեն՝ mysterion - ծածուկ, թաքուն բան, լատին․՝ sacramentum), Աստվածապաշտության մեջ խորհուրդները բազմազան են, սակայն դրանցից առանձնացվում են մի քանիսը՝ անվանելով «Սրբազան Խորհուրդներ» կամ «Եկեղեցու Խորհուրդներ»։ Ըստ քրիստոնեական վարդապետության՝ դրանք սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում որոշակի արտաքին, տեսանելի նշանի և գործողության միջոցով անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ՝ նրան օժտելով հոգևոր կարողություններով։ Սրբազան խորհուրդները պարտադիր պետք է վկայված լինեն Սուրբ Գրքով։
«Խորհուրդ» նշանակում է մեզնից ծածկված, անտեսանելի իրողություն։ Աստվածաշնչում մեծաքանակ են երևույթները, որոնք ներկայանում են որպես խորհուրդ, այսինքն բաներ, որ ըմբռնելի են միայն հավատի աչքերով։ Ուրեմն խորհուրդ ասելով հասկացվում է խորհրդավոր՝ աստվածային մի բան, որ տեսանելի կերպով չենք կարող ընկալել, այլ՝ հոգևոր աչքերով, այսինքն՝ հավատով։ Սուրբ Խորհուրդները չեն կարող կոչվել «նշան» (լատ.՝ simbole), քանի որ, ինչպես բառն է ցույց տալիս, «նշանը» գաղափարի նշանն է կամ պատկերը, որով հեռավոր ու անտեսանելի բան կամ գաղափար է ներկայացվում, ինչի արդյունքում գաղափարի և նշանի մեջ իրական ու էական միություն չի լինում։ Իսկ Սուրբ Խորհուրդի մեջ նյութականի և տեսանելի արարողության հետ սերտորեն կապված են անզգալի և անտեսանելի շնորհները. դրանք իրարից առանձին չեն բաշխվում, այնպես որ Սուրբ Խորհուրդի տեսանելի նյութով ու արարողությամբ հավատացյալները ստանում են իրապես աստվածային փրկարար շնորհներ ու ներգործություն։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում խորհուրդները թվով 7-ն են՝ համաձայն Սուրբ Հոգու 7 շնորհների (Առակ. 9։1) և 7 առաքինությունների թվին։ Խորհուրդներից միայն 2-ը՝ Մկրտությունը և Հաղորդությունն են հաստատված անմիջականորեն Հիսուս Քրիստոսի կողմից, մնացած հինգ խորհուրդները, ունենալով սուրբգրային հիմք, զարգացել, ձևավորվել և իրենց վերջնական տեսքն են ստացել ամենաուշը 12 դ.-ում։ Ըստ այդմ Հայոց Եկեղեցու խորհուրդներն են՝
Սրանք ընդգրկում են քրիստոնեական կյանքի կարևորագույն բոլոր կողմերը։ Այսպես՝
Հայոց Եկեղեցում խորհուրդներից 4-ը՝ Մկրտությունը, Դրոշմը, Ապաշխարությունը, և Հաղորդությունըպարտադիր են յուրաքանչյուր քրիստոնյայի համար, իսկ Պսակը, Ձեռնադրությունը և Վերջին Օծումը ՝ կամավոր։ Խսրհուրդներից 3-ը՝ Մկրտությունը, Դրոշմը, Ձեռնադրությունը, կատարվում են մեկ անգամ, մյուսները կրկնելի խորհուրդներ են։
Առանց Եկեղեցու խորհուրդների անհնար է ապրել ճշմարիտ քրիստոնեական կյանքով, քանի որ դրանց շնորհիվ «իրապես յուրաքանչյուր ոք նախ Քրիստոսի և եկեղեցու իսկական և միակից անդամն է ճանաչվում ու զինքը խոստովանում, և երկրորդ՝ իրականապես թե՛ իբրև անհատ և թե՛ իբրև համայնքի մի անդամ մտնում է Քրիստոսի ամենամտերիմ և էական հաղորդակցության մեջ և այդ կենսական հաղորդակցության մեջ մնում, ամրանում և շնորհներ վայելում (Ա Կոր., Է 17)։...մեր Եկեղեցու արարողության գերագույն կատարելությունը իրականանում է ս. խորհրդի մեջ։ Ըստ այսմ՝ ս. խորհուրդների արարողական մասը մենք տեսնում ենք մեր աչքերով, միայն չենք տեսնում, թե ինչպե՞ս այդ տեսանելի արարողությունները Ս. Հոգու անտեսանելի շնորհաց միջոց են դառնում և մեզ վրա ներգործում։ Ուրեմն աստվածադիր ս. խորհուրդների մի առանձնահատկությունն այն է, որ Ս. Հոգու անտեսանելի և աննյութական շնորհներն ու պարգևները, ծածկվելով տեսանելի և նյութական տարրերի մեջ, ընդունվում են այդպես մեր արտաքին զգայարանքներով, որպեսզի ոչ միայն հավատքով, այլև զգայությամբ համոզված լինինք, որ ընդունում ենք աստվածային շնորհներ և Աստուծո հետ մտերմական հարաμերության մեջ մտնում։
Խորհուրդները կատարելու անհրաժեշտ պայմաններն են՝
Անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում խորհուրդը կարող է ճանաչվել անվավեր։ Խորհրդին պետք է պատրաստվել ամենայն լրջությամբ, որպեսզի տրվող շնորհը դատապարտության պատճառ չդառնա, քանզի ովքեր նրան մասնակցում են ոչ հոգևոր նկատառումով կամ այն սոսկ արտաքին ծիսական նշան համարելով, ոչ միայն անհաղորդ են մնում Եկեղեցու Խորհրդի փրկարար ներգործությանը, այլև ենթակա են դառնում չարի հարձակումներին (հմմտ. Ա Կորնթ. 11։29-30)։
Եկեղեցու բոլոր խորհուրդներն էլ իրականացվում են միայն հոգևորականների կողմից՝ այն ծիսակարգով, որը զետեղված է «Մաշտոց» ծիսամատյաններում։ Բացի Ձեռնադրության խորհրդից, մնացած 6 խորհուրդները կարող է կատարել քահանայական օծում ունեցող հոգևորականը։ Եպիսկոպոսը իրավունք ունի կատարել բոլոր 7 խորհուրդները։ Պատշաճ արարողությամբ կատարվող խորհուրդը տեղի է ունենում ստուգապես՝ անկախ հավատացյալի պատրաստվածության աստիճանից և հոգևորականի անձնական հատկանիշներից։ Խորհուրդի միջոցով շնորհը փոխանցողը ոչ թե խորհրդակատարն է, այլ՝ Աստված՝ Սուրբ Երրորդությունը։
Ավանդական բոլոր եկեղեցիները, այդ թվում և Կաթոլիկ ու Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիները համակարծիք են խորհուրդների 7-ը լինելու շուրջ, սակայն նրանք տարբերվում են Հայ Առաքելական եկեղեցուց ծիսական նրբություններով՝ չխախտելով Ընդհանրական Եկեղեցու կողմից հաստատված կարևոր ընդհանուր բանաձևերը։ «Քրիստոս, հաստատելով խորհուրդները, նրանց կատարման մանրամասները թողեց առաքեալներին։ Ամէն օրէնսդիր եւ իշխող ինքն է որոշում սկզբունքները և օրէնքները, գործադրութեան պայմանները թողնելով կարգուած պաշտօնեաներին։ Այստեղից էլ գալիս է տարբեր եկեղեցիներում միևնոյն խորհրդի կատարման թէ՛ ձևի թէ՛ նիւթի տարբերութիւնը։ Պօղոս Առաքեալը գրում էր կորնթացիներին. «և ուրիշ բաներ պիտի պատուիրեմ ձեզ՝ երμ գամ» (Ա Կորնթ., ԺԱ, 35)։ Եկեղեցու հայրերը այդ պատուէրների մէջ տեսել են խորհուրդների կատարման մանրամասները»։ Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է այս յոթ խորհուրդները, բայց տարբերվում է իր մեկնաբանություններով։ Բողոքական եկեղեցիների մեծ մասը միայն երկու խորհուրդ է ընդունում (Մկրտությունը և Հաղորդությունը), մյուսները՝ երեք (նաև Ձեռնադրությունը)։ Բողոքական եկեղեցու կողմից ընդունված խորհուրդներն էլ իրենց բովանդակությամբ տարբերվում են Ավանդական եկեղեցուց։ «Խորհուրդ» ասելով Բողոքականությունը ընկալում է միայն «նշան և հիշեցում, որոնց արժեքը կախված է անհատի հավատից»։ Մարտին Լյութերը դրանք դիտում էր որպես «հավատն արթնացնելու միջոց», իսկ Կալվինը՝ «Քրիստոսի խոսքերի վրա ընտրյալի մեջ վստահություն առաջացնող միջոց»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 90)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Խորհուրդ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.