Յոստ Գիպերտ (գերմ.՝ Jost Gippert, մարտի 12, 1956(1956-03-12), Հատինգեն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի լեզվաբան և կովկասագետ, համեմատական լեզվաբանության պրոֆեսոր Ֆրանկֆուրտի՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվ.
համալսարանի Էմպիրիկ լեզվաբանության ինստիտուտում, ինչպես նաև մի շարք մենագրությունների ու հոդվածների հեղինակ։
Յոստ Գիպերտ գերմ.՝ Jost Gippert | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1956 (68 տարեկան) Հատինգեն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, University of Bamberg?, Բեռլինի ազատ համալսարան, Զալցբուրգի համալսարան, Վիեննայի համալսարան և Բեռլինի ազատ համալսարան |
Գործունեության ոլորտ | Կովկասի լեզուներ |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մարբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Կայք | titus.uni-frankfurt.de/personal/gippertj.htm |
Jost Gippert Վիքիպահեստում |
1972 թվականին ավարտել է Էսսեն-Ալթենէսսենի Լայբնից գիմնազիան։ 1972-1977 թթ. ուսանել է համեմատական լեզվաբանություն, հնդկագիտություն, ճապոնագիտություն և սինոլոգիա (չինագիտություն) Մարբուրգի համալսարանում և Բեռլինի ազատ համալսարանում (Freie Universität)։ Ուսումն ավարտելուց հետո ստացել է դոկտորի աստիճան հնդեվրոպական լեզուներում դերբայական կառույցների շարահյուսության մասին իր աշխատությամբ։ 1977-1990 թթ. զբաղեցրել է տարբեր գիտական և դասախոսական պաշտոններ Բեռլինում, Վիենայում և Զալցբուրգում։ 1991 թվականին ձեռք է բերել դոցենտի աստիճան (Habilitation)՝ որպես գիտահետազոտական ընթերակա Բամբերգի համալսարանի արևելագիտական համակարգչային լեզվաբանության բաժնում։ Աշխատության թեման հայերենում և վրացերենում իրանական փոխառություններն էին։ Յ. Գիպերտը 1994 թվականից սկսած դասավանդում է համեմատական լեզվաբանություն Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում։ 1996 թվականից նա նաև Գելաթիի գիտությունների ակադեմիայի դրսեկ անդամ է, իսկ 2007 թվականից անդամակցում է նաև Բեռլին-Բրանդենբուրգյան գիտությունների ակադեմիայի «Լեզու» կենտրոնին։
1997 թվականին արժանացել է Թբիլիսիի Սուլխան Սաբա-Օրբելիանիի համալսարանի պատվավոր պրոֆեսորի, իսկ 2009 թվականին Իվանե Ջավախիշվիլիի համալսարանի (Վրաստան), ինչպես նաև 2013 թվականին Բաթումիում Շոթա-Ռուսթավելիի համալսարանի (Վրաստան) պատվավոր դոկտորի կոչումներին։
1994 թվականին Ֆրանկֆուրտի համալսարանում պրոֆեսորի կոչում ստանալուց հետո Յոստ Գիպերտի հետազոտական հետաքրքրություններն ընդգրկում են հնդեվրոպական լեզուների ու նրանց պատմության, ինչպես և լեզվի ընդհանուր տիպաբանության կողքին, նաև Կովկասի լեզուները, որոնք վերջին ժամանակներում նրա ղեկավարության ներքո տարվող մի շարք միջազգային համագործակցական նախագծերի ուսումնասիրության առարկան են։
Որպես համակարգչային լեզվաբան՝ նա 1987 թվականից ցայսօր տնօրինում է իր իսկ հիմնադրած TITUS-նախագիծը, որի նպատակն է հնագույն գրային ավանդություն ունեցող հնդեվրոպական և նրանց հարևան լեզուներով տեքստերի հավաքագրումը էլեկտրոնային տեսքով։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակին են պատկանում պատմահամեմատական լեզվաբանությունը, լեզվի տիպաբանությունը, էլեկտրոնային կորպուսները, լեզուների բազմամեդիալ վավերագրումը, ձեռագրերի էլեկտրոնային վերլուծությունը։
Յոստ Գիպերտը TITUS-նախագծի (Հնդեվրոպական Լեզուներով Տեքստերի և Լեզվական Նյութերի Թեզաուրուս, գերմաներեն՝ Thesaurus Indogermanischer Text- und Sprachmaterialien), հիմնադիրն ու ղեկավարն է (1987 թվականից)։ Նախագծի նպատակն է հին գրային ավանդությամբ հնդեվրոպական և վերջիններիս հարևանող լեզուներով տեքստերի ամբողջական թվանշային հավաքագրումը։ 1999 թվականին Յոստ Գիպերտը նախաձեռնում է նաև Արմազի (ARMAZI) նախագիծը (Կովկասական լեզուներ և մշակույթներ. Էլեկտրոնային վավերագրում, գերմաներեն՝ Kaukasische Sprachen und Kulturen: Elektronische Dokumentation)։ Այս նախագիծն ի սկզբանե նպատակ ուներ ստեղծել կովկասյան լեզուներով տեքստերի հնարավորինս ընդգրկուն թվանշային բազա։ Հետագայում նախագիծը ծնունդ է տվել վրացերենի համազգային կորպուսին։ Յոստ Գիպերտը 2010 թվականից ղեկավարում է նաև LOEWE (Գիտական-տնտեսական առաջընթացի խթանման համահեսենյան համագործակցություն, գերմաներեն՝ Landes-Offensive zur Entwicklung Wissenschaftlich-ökonomischer Exzellenz, Ֆրանկֆուրտի և Դարմշտատի համալսարանների, ինչպես նաև Գերմանական բաց թեմի և Գյոթեի անվան թանգարանի համատեղ նախաձեռնությունը) նախագծի շրջանակներում գործող «Թվանշային հումանիտար գիտությունները Հեսենում. Տեքստային կորպուսների համատեղ պարտաստում և վերլուծություն» (գերմաներեն՝ Digital Humanities Hessen: Integrierte Aufbereitung und Auswertung textbasierter Corpora) ծրագիրը։
Յոստ Գիպերտը դեռևս իննսունականների կեսերից զբաղվում է արևելյան ձեռագրերի ուսումնասիրությամբ այնպիսի նախագծերի շրջանակներում, որոնք վերաբերում են ձեռագրերի թվայնացմանը (ինչպես, օրինակ, Բեռլինի թուրֆանյան հավաքածուի թոխարական ձեռագրերի) կամ կրկնագրերի (պալիմփսեստ) խմբագրմանը (ինչպես, օրինակ, Սինայի թերակղզուց գտնված կովկասյան ալբաներեն կրկնագրերի)։ Որպես այս գործունեության մի մաս՝ Յոստ Գիպերտը 2009 թվականին հետազոտական այցով անդամակցել է Համբուրգի համալսարանի «Ձեռագրային մշակույթներ» հետազոտական խմբին։ 2013 թվականի առաջին կեսին նա կրկին գիտական այց է կատարում Համբուրգ (որպես այսօր արդեն կայացած այլընտրանքային հետազոտական 950րդ՝ «Ձեռագրային մշակույթները Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում» բաժնի անդամ), «Ասիայի և Աֆրիկայի ձեռագրային մշակույթների հանրագիտարանի» (“Encyclopedia of Manuscript Cultures of Asia and Africa”), ինչպես նաև «Արևելյան ձեռագրերի համեմատական ուսումնասիրություններ» (“Comparative Oriental Manuscript Studies”) աշխատության խմբագրմանը մասնակցելու համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոստ Գիպերտ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Յոստ Գիպերտ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.