Ճողվածք

Ճողվածք, հույսվածքների կամ օրգանների դուրս գալն է այն խոռոչի պատի միջով, որտեղ նրանք նորմայում տեղակայված են։ Ճողվածքները լինում են տարբեր տեսակների։ Ամենահաճախը նրանք ընդգրկում են որովայնը, հատկապես աճուկային շրջանը։ Աճուկային շրջանի ճողվածքները հիմնականում լինում են աճուկային, բայց նաև հանդիպում են ազդրային ճողվածքներ։ Այլ ճողվածքներից են ստոծանիական, հետվիրահատական և պորտային ճողվածքները։ Ախտանշանները առկա են աճուկային ճողվածքով հիվանդների 66%-ի մոտ։ Ախտանիշներից են ցավը կամ անհարմարության զգացումը, հատկապես հազալիս, վարժություններ անելիս, կամ լոգանք ընդունելուց։ Հաճախ ցավը և անհարմարության զգացումը սաստկանում են օրվա ընթացքում և թեթևանում պառկած վիճակում։ Կարող է առաջանալ արտափքված տեղամաս, որը ավելի արտահայտիչ է դառնում կռանալիս։ Աճուկային ճողվածքները ավելի հաճախ հանդիպում են աջ կողմում քան ձախ։ Ամենահաճախ հանդիպող բարդությունը ստրանգուլյացիան է, երբ աղիքի մի մասի արյան շրջանառությունը ընդհատվում է։ Այն սովորաբար ուղեկցվում է ուժեղ ցավով և այդ տեղամասի լարվածությամբ։ Ստոծանիական կամ ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների դեպքում հաճախ լինում է սրտխառնոց, բայց նաև կարող է դիտվել կրծքավանդակի ցավ կամ ցավ ուտելու ժամանակ։

Ճողվածք
Ճողվածք
Բժշկական մասնագիտությունընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-9550, 551, 552 և 553
ՀՄԴ-10K40, K41, K42, K43, K44, K45 և K46
Ճողվածք Hernias Վիքիպահեստում

Ճողվածքների առաջացման ռիսկի գործոններից են․ ծխելը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, ճարպակալումը, հղիությունը, որովայնամզային դիալիզը, շարակցական հյուսվածքի հիվանդությունները, և նախկինում տարած բաց ապենդէկտոմիայի վիրահատությունը։ Ճողվածքները ունեն նաև ժառանգական նախատրամադրվածություն և ավելի հաճախ հանդիպում են որոշակի ընտանիքներում։ Դեռևս այդքան էլ պարզ չէ, թե աճուկային ճողվածքները առաջանում են ծանրություններ բարձրացնելուց, թե ոչ։ Ճողվածքները հիմնականում հնարավոր է ախտորոշել հիմնվելով ախտանիշների վրա։ Երբեմն հարկ է լինում կատարել ռադիոլոգիական հետազոտություն(հիմնականում որովայնի ռենտգեն նկար), որպեսզի ախտորոշումը հաստատվի, կամ հերքվեն այլ հնարավոր պատճառները։ Ստոծանիական ճողվածքները հիմնականում ախտորոշվում են էնդոսկոպիկ մեթոդով։

Աճուկային ճողվածքները, որոնք չեն առաջացնում ախտանիշներ տղամարդկանց մոտ, չունեն շտկման կարիք։ Շտկումը, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում կատարել կանանց մոտ, այն պատճառով, որ նրանց մոտ ավելի հաճախ հանդիպում են ազդրային ճողվածքներ, որոնք ունեն ավելի շատ բարդություններ։ Եթե ճողվածքը օղակվում է, ապա ցուցված է շտապ վիրահատական բուժում։ Շտկումը կարելի է կատարել ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ վիրահատության միջոցով։ Բաց վիրահատությունը ունի այն առավելությունը, որ այն կարելի է իրականացնել տեղային անզգայացման պայմաններում, այլ ոչ միայն ընդհանուր անզգայացումով, որը օգտագործում են լապարասկոպիայի ժամանակ։ Լապարասկոպիկ վիրահատության հետվիրահատական շրջանը անցնում է ավելի քիչ ցավերով։ Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքները կարող են բուժվել ապրելակերպի փոփոխություններով, օրինակ բարձրացնելով մահճակալի գլուխը, քաշը և ուտելու սովորույթները վերահսկելով։ Այնպիսի դեղամիջոցները, ինչպիսին են H2 (հիստամինային ընկալիչների) պաշարիչները կամ պրոտոնային պոմպի ինհիբիտորները, կարող են օգնել։ Եթե դեղորայքային բուժումը չի վերացնում ախտանիշները ապա դիմում են լապարասկոպիկ ֆունդոպլիկացիայի։

Տղամարդկանց մոտ 27%-ի և կանանց 3%-ի մոտ կյանքի որևէ շրջանում զարգանում է աճուկային ճողվածք։ Աճուկային, ազդրային և որովայնային ճողվածքներ առկա էին 18,5 միլիոն մարդկանց մոտ և հանդիսացել են 59800 մահվան պատճառ 2015 թվականին։ Աճուկային ճողվածքները ավելի հաճախ հանդիպում են մինչև մեկ տարեկանը և հիսուն տարեկանից հետո։ Ճողվածքները առաջին անգամ նկարագրվել են դեռ մ․ թ․ ա․ առնվազն 1550 թվականին Եգիպտոսում՝ Էբերի Պապիրուսում։

Նշաններ և ախտանիշներ

Ճողվածքները մեծ մասամբ առաջանում են որովայնում, երբ որովայնի պատի թուլությունը հարաճում է տեղայնացված անցքի, կամ դեֆեկտի, որի միջով դուրս են գալիս ճարպային հյուսվածքը, կամ որովայնամզով պատված որովայնի օրգանները։ Այլ տարածված ճողվածք է միջողնային սկավառակի ճողվածքը, որը բերում է իշիազի (նստանյարդի բորբոքում)։ Ստոծանիական ճողվածքներ առաջանում են, երբ ստամոքսը դուրս է գալիս դեպի միջնորմ՝ ստոծանու կերակարափողային բացվածքի միջով։

Ճողվածք 
Աջակողմյան աճուկային ճողվածքի առաջային պատկեր։
Ճողվածք 
Օղակված պորտային ճողվածք շրջակա բորբոքմամբ։

Ճողվածքները կարող են ուղեկցվել ցավով, տեսանելի կամ շոշափելի արտափքվածությամբ, կամ որոշ դեպքերում անորոշ ախտանիշներով, որոնք առաջանում են օրգանի վրա ճնշման ազդեցությունից, որը երբեմն կարող է բերել օրգանի դիսֆունկցիայի։ Սովորաբար ճողվածքապարկ առաջինը մտնում է ճարպային հյուսվածքը, որին կարող է հետևել կամ ուղեկցել այլ օրգան։

Ճողվածքները առաջանում են որովայնի պատը կազմող փակեղների կամ շարակցական հյուսվածքի վրա առաջացած ճեղքերի կամ բացվածքների հետևանքով։ Հնարաովր է, որ արտափքումը, որն առաջացել է ճողվածքի պատճառով, մերթ ընդ մերթ անհետանա և նորից հայտնվի, բայց հյուսվածքի դեֆեկտը չի վերանում։

Նշանները և ախտանիշները տարբեր են տարբեր տեսակի ճողվածքների դեպքում։ Որոշ աճուկային ճողվածքներում ախտանիշները կարող են նաև բացակայել։ Ներուղղվող ճողվածքների դեպքում, աճուկային շրջանում կամ որովայնի այլ շրջանում երևում և շոշափվում է արտափքվածություն։ Կանգնած դիրքում այդ արտափքվածությունը դառնում է ավելի արտահայտված։ Բացի արտափքվածությունից կարող է դիտվել նաև ցավ աճուկային շրջանում, որը կարող է ուղեկցվել ծանրության կամ ձգվածության զգացումով։ Տղամարդկանց մոտ երբեմն լինում է ցավ և այտուցվածություն փոշտում՝ ամորձիների շրջանում։

Չներուղղվող որովայնային ճողվածքները կամ օղակված ճողվածքները սովորաբար ցավոտ են, բայց նրանց ամենաբնորոշ ախտանիշը այն է, որ նրանք չեն վերադառնում որովայնի խոռոչ նրանց վրա ճնշում գործադրելիս։ Նրանք կարող են լինել քրոնիկ, նաև անցավ, և կարող են բերել ստրանգուլյացիայի (արյան մատակարարման կանգի), աղիքային անանցանելիության, կամ երկուսին միաժամանակ։ Ստրանգուլացված ճողվածքները միշտ ցավոտ են և ցավը ուղեկցվում է լարվածությամբ։ Այս դեպքում աղիքային անանցանելիության պատճառով կարող է առաջանալ սրտխառնոց, փսխում կամ տենդ։ Ճողվածքային արտափքումը այս դեպքում կարող է դառնալ կարմիր, մանուշակագույն կամ մուգ կարմիր և վարդագույն։

Որովայնային ճողվածքների ախտորոշման մեջ հիմնական նշանակություն ունի որովայնի ռենտգեն նկարը, հատկապես ներքին ստոծանիական ճողվածքները կամ այլ չշոշափվող ճողվածքները հայտնաբերելու համար։ ՀՇ-ն (համակարգչային շերտագրություն) կարող է բարձր ճշտությամբ ցույց տալ ճողվածքապարկի անատոմիական շրջանը, նրա պարունակությունը և որոշ բարդություններ։ ՀՇ-ն նաև պարզ ցույց է տալիս որովայնի պատի դետալները, ինչը թույլ է տալիս ճշգրիտ հայտնաբերել պատի ճողվածքները։

Բարդություններ

Բարդությունները կարող են ի հայտ գալ հետվիրահատական շրջանում, ներառյալ օրգանիզմի կողմից ցանցի մերժումը, որը օգտգործվել է ճողվածքը բուժելու համար։ Ցանցի մերժման դեպքում ամենայն հավանականությամբ պետք կգա հեռացնել այն։ Ցանցի մերժումը կարելի է հայտնաբերել ակնհայտ, երբեմն տեղայնացված այտուցի և ցավի առկայությամբ ցանցի շրջանում։ Ցանցի հեռացումից հետո կարող է դիտվել շարունակական արտադրություն վիրահատական վերքից։

Վիրահատական եղանակով բուժված ճողվածքները կարող են բարդանալ ինգուինոդինիայով (ցավ կամ դիսկոմֆորտի զգացում վիրահատությունից հետո ավելի քան 3 ամսվա ընթացքում), մինչդեռ չբուժված ճողվածքների բարդություններն են․

  • Բորբոքում
  • Ցանկացած լուսանցքի խցանում, օրինակ աղիքի լուսանցքի խցանում, որը կբերի աղիքային անանցանելիության
  • Ստրանգուլյացիա
  • Ճողվածքապարկի հիդրոցելե (ամորձու ջրակալում)
  • Այրունազեղում
  • Աուտոիմուն խնդիրներ
  • Օղակում, որի դեպքում ճողվածքը չի փոքրանում և չի ներհրվում իր տեղը, համենայն դեպս ոչ առանց արտաքին շատ ուժգին ազդեցության։ Աղիքային ճողվածքների դեպքում օղակումը մեծացնում է աղիքային անանցանելիության և ստրանգուլյացիայի հավանականությունը։

Պատճառներ

Ստոծանիական ճողվածքների պատճառները տարբեր են, կախված հիվանդի առանձնահատկություններից։ Բազմաթիվ պատճառների հետ միասին կան մեխանիկական պատճառներ՝ անհամապատասխան ծանր քաշի բարձրացում, ուժեղ հազի նոպաներ, որովայնին ուժեղ հարվածներ և սխալ կեցվածք։

Ավելին, վիճակները, որոնք բերում են ներորովայնային ճնշման բարձրացմանը, նույնպես կարող են բերել ճողվածքների առաջացմանը, կամ վատացնել արդեն եղած ճողվածքների վիճակը։ Որոշ օրինակներ են՝ ճարպակալում, լարումը կղազատման կամ միզարձակման ժամանակ (անանցանելիություն, մեծացած շագանակագեղձ), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, հեղուկ որովայնի խոռոչում (ասցիտ

Ճողվածքների առաջացման հավանականությունը մեծանում է նաև այն դեպքերում, երբ թուլացած են որովայնի պատի մկանները թերսնուցման, ծխելու և գերձգման հետևանքով։

Մտքի ֆիզիոլոգիական դպրոցը կարծում է, որ աճուկային ճողվածքների դեպքում վերը նշվածները միայն անատոմիական ախտանիշներ են, որոնց հիմքում ընկած են ֆիզիոլոգիական պատճառներ։ Նրանք կարծում են, որ ճողվածքով տառապող և ճողվածք չունեցող մարդկանց միջև կա ֆիզիոլոգիական տարբերություն, մասնավորապես որովայնի լայնական մկանի ապոնևրոզի լայնացում։

Որովայնի պատի ճողվածքը կարող է առաջանալ վնասվածքի (տրավմա) հետևանքով։ Եթե ճողվածքը առաջացել է բութ հարվածի հետևանքով, ապա դա անհետաձգելի վիճակ է, և կարող է ուղեկցվել տարբեր խիտ և խոռոչավոր օրգանների վնասվածքով։

Ախտորոշում

Աճուկային

Ճողվածք 
Աճուկային ճողվածք ուլրտաձայնային հետազոտությամբ
Ճողվածք 
Օղակված աճուկային ճովածքի ՀՇ պատկեր
Ճողվածք 
Աղիքային ճողվածքի ռենտգեն նկար

Ամենատարածված ճողվածքները (բոլոր որովայնային ճողվածքների մինչը 75%-ը) այսպես կոչված աճուկային ճողվածքներն են։ աճուկային ճողվածքները իրենց հերթին լինում են՝ առավել տարածված թեք աճուկային ճողվածք (աճուկային ճողվածքների 2/3), որի դեպքում ճողվածքի պարունակությունը աճուկային խողովակ է մտնում նրա մուտքի (ներքին օղի) շրջանում գտնվող բնածին արատի միջով, և ուղիղ աճուկային ճողվածք (1/3), որի դեպքում ճողվածքային պարունակությունը դուրս է գալիս աճուկային խողովակի հետին պատին գտնվող թույլ կետով։ Աճուկային ճողվածքները ամենատարածված ճողվածքներն են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Որոշ դեպքերում անհրաաժեշտ է վիրահատական բուժում։

Կան հատուկ դեպքեր, երբ ճողվածքը միաժամանակ ներառում են և թեք, և ուղիղ ճողվածքներ, կամ, չնայած շատ հազվադեպ, կարող են միաժամանակ ներառել մի քանի թեք ճողվածքներ։

Ազդրային

Ազդրային ճողվածքները առաջանում են աճուկային կապանից ներքև, երբ որովայնի պարունակությունը անցնում է ազդրային խողովակի հետին պատի թույլ շրջանով։ Երբեմն բարդ է տարբերակել ազդրային ճողվածքը աճուկայինից (հատկապես երբ առկա է վերել տեսակը), այնուամենայնիվ, նրանք հիմնականում լինում են ավելի կլոր, և ի տարբերություն աճուկային ճողվածքների, խիստ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ։ Ստրանգուլյացիայի վտանգը ազդրային ճողվածքների դեպքում շատ մեծ է։ Բուժման մեթոդները նույնն են ինչ աճուկային ճողվածքներինը։

Կուպերի ճողվածքը երկու պարկ ունեցող ազդրային ճողվածք է, որոնցից մեկը ազդրային խողովակում է, իսկ մյուսը անցնում է մակերեսային փակեղի դեֆեկտի միջով և հայտնվում է գրեթե անմիջապես մաշկի տակ։

Պորտային

Այս դեպքում ներորովայնային պարունակությունը դուրս է գալիս որովայնի թույլ կետերից մեկով՝ պորտալարի անցման տեղով։ Պորտային ճողվածքները մեծահասակների մոտ լայնորեն տարածված են, և ավելի հաճախ հանդիպում են ճարպակալումով մարդկանց կամ հղի կանանց մոտ։ Սպիտակ գծի թելերի աննորմալ խաչվածքները կարող են հանդիսանալ պորտային ճողվածքի առաջացման պատճառ։

Հետվիրահատական

Հետվիրահատական ճողվածքերը առաջանում են, երբ արատը մինչև վերջ չբուժված վիրահատական վերքի հետևանք է։ Այն հետվիրահատական ճողվածքները,որոնք առաջանում են միջային լապարատոմիայից հետո, երբ հատվում է սպիտակ գիծը, կոչվում են փորային (վենտրալ) ճողվածքներ։ Սրանք կարող են լինել ֆրուստրացնող և դժվար բուժվող, քանի որ բուժան ժամանակ օգտագործվում է արդեն ախտահարված հյուսվածք։

Ստոծանիական

Ճողվածք 
Ստոծանու կերակրափաղային բացվածքի ճողվածքի պատկեր (ճակատային կտրվածք, պատկեր առջևից)։

Որովայնի վերին հատվածում կարող է առաջանալ (ներքին) ստոծանիական ճողվածք, երբ ստամոքսի մի մասը կամ աղիները ստոծանու վրա գտնվող արատով անցնում են կրծքավանդակի խոռոչ։

Ստոծանիական ճողվածքների տեսակ է հանդիսանում ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը, որի դեպքում նորմալ անցուղին, որի միջով կերակրափողը անցնելով հանդիպում է ստամոքսին (ստոծանու կերակրափողային բացվածք), ծառայում է որպես ֆունկցիոնալ արատ, թույլ տալով ստամոքսին (մասնակիորեն) անցնել դեպի կրծքավանդակ։ Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքները կարող են լինել սահող, երբ գաստրոէզոֆագեալ հատվածը սահում է արատի միջով դեպի կրծքավանդակ, կամ չսահող (նաև պարաէզոֆագեալ), որի դեպքում գաստրոէզոֆագեալ հատվածը մնում է ֆիքսված, իսկ ստամոքսի մի մասը անցնում է դեֆեկտի միջով։ Պարաէզոֆագեալ ճողվածքները կարող են լինել վտանգավոր, քանզի այս դեպքում ստամոքսը կարող է ոլորվել և խցանվել։ Սովորաբար խորհուրդ է տրվում կարատել վիրահատական շտկում։

Բնածին ստոծանիական ճողվածքը առանձին խնդիր է, որը հանդիպում է 2000 ծնունդներից 1-ի դեպքում, և պահանջում է մանկաբուժական վիրահատություն։ Ներքին օրգանները կարող են անցնել կրծքավանդակ ստոծանու տարբեր հատվածներով, պոստերոլատեռալ (հետին-կողմնային, Բոգդալեկի եռանկյունի, հանգեցնելով Բոգդալեկի ճողվածքի), կամ անտերոմեդիալ-ռետռոստեռնալ (առաջամիջային-հետկրծոսկրային, Լարեի/Մորգանի անցքով, բերելով Մորգանի-Լարեի ճողվածքի, կամ Մորգանի ճողվածքի)։

Այլ ճողվածքներ

Քանզի շատ օրգաններ կամ օրգանների որոշ մասեր կարող են դուրս գալ տարբեր բացվածքներով, շատ դժվար է տալ ճողվածքների սպառիչ ցանկ։ Այս հոդվածը հիմնականում կապված էր վիսցերալ (ընդերային) ճողվածքների հետ, երբ հյուսվածքները դուրս էին գալիս որովայնի խոռոչից։ Ճողվածքների այլ օրինակներ և ընդերային ճողվածքների անսովոր տեսակները ներկայացված են նշված են ստորև։

  • Որովային պատի ճողվածքներ․
    • Պորտային ճողվածք
    • Վերորովայնային ճողվածք․ սպիտակ գծի՝ պորտից վեր գտնվող հատվածի ճողվածք
    • Շպիգելյան ճողվածք, հայտնի նաև ինչպես կողմնային սպոնտան փորային ճողվածք
  • Ամյանդի ճողվածք, երբ ճողվածքապարկի մեջ է անցնում որդանման ելունը
  • Ուղեղի ճողվածք, համարվում է ներգանգային շատ բարձր ճնշման պոտենցիալ մահացու հետևանք
  • Կրկնակի թեք ճողվածք․ թեք ճողվածք երկու ճողվածքապարկերով, առանց ուղեկցող ուղիղ ճողվածքի կոմպոնենտի
  • Ստոծանու կերակրափողային հատվածի ճողվածք
  • Լիտրեի ճողվածք․ ճողվածք, որը պարունակում է Մեկելյան դիվերտիկուլ։ Անունը ստացել է ի պատիվ ֆրանսիացի անատոմիստ Ալեքսիս Լիտրեի (1658-1726)։
  • Գոտկային ճողվածք․ ճողվածք գոտկային շրջանում (պետք չէ խառնել գոտկային սկավառակի ճողվածքի հետ), լինում է հետևյալ տեսակների․
    • Պետիտի ճողվածք․ ճողվածք, որը անցնում է Պետիտի եռանկյան միջով (ստորին գոտկային եռանկյունի)։ Անունը ստացել է ի պատիվ ֆրանսիացի վիրաբույժ Ժան Լուի Պետիտի (1674-1750)։
    • Գրյունֆելտի ճողվածք․ ճողվածք, որը անցնում է Գրյունֆելտ-Լեզգաֆտյան եռանկյան միջով (վերին գոտկային եռանկյունի)։ Անունը ստացել է ի պատիվ բժիշկ Ժոզեֆ Գրյունֆելտի (1840-1913)։
  • Մայդլի ճողվածք. երկու հարակից բարակ աղու գալարներ գտնվում են նեղ դրունքով ճողվածքապարկի մեջ։ Աղիքի միջանկյալ հատվածը, որը գտնվում է որովայնից դուրս, զրկվում է արյան մատակարարումից և ի վերջո դառնում է նեկրոտիկ։
  • Փականցքային ճողվածք․ ճողվածք, որը անցնում է փականցքային խողովակով
  • Պարաստոմալ ճողվածք, երբ ճողվածքը դուրս է գալիս ստոմայի համար նախատեսված անցքով
    Ճողվածք 
    Կոլոնոստոմայով պացիենտ, բարդացած մեծ պարաստոմալ ճողվածքով։
  • Հարպորտային ճողվածք․ մեծահասակների մոտ հանդիպող պորտային ճողվածքի տարատեսակ
  • Շեքային ճողվածք․ շեքային ճողվածքը դուրս է գալիս շեքի հատակի մկանների և փակեղների միջով։ Այն կարող է լինել առաջնային, բայց սովորաբար հաջորդում է հետևյալ վիրահատություններին․ շեքային պրոստատէկտոմիա, ուղիղ աղու աբդոմինոպերինեալ մասնահատում, կամ կոնքի էքսենտերացիա։
  • Պրոպերիտոնեալ ճողվածք․ հազվադեպ հանդիպող ճողվածք, որը տեղակայված է անմիջապես որովայնամզի վերևում, օրինակ, երբ աճուկային ճողվածքի մի մասը պրոյեկցվում է աճուկային խողովակի ներքին օղից դեպի հետորովայնային տարածություն։
  • Ռիխտերի ճողվածք․ ճողվածք, որը ընդգրկում է աղու միայն մեկ կողմնային պատը, ինչը կարող է բերել ստրանգուլյացիայի, ինչն էլ իր հերթին կբերի իշեմիայի և թափածակման՝ առանց անանցանելիության կամ այլ նախազգուշացնող ախտանիշների առաջացման։ Անունը ստացել է ի պատիվ գերմանացի վիրաբույժ Աուգուստ Գոթլիբ Ռիխտերի (1742-1812)։
  • Սահող ճողվածք․ առաջանում է, երբ օրգանը իր հետ քաշում է որովայնամիզը, կամ այլ կերպ ասած, օրգանը հանդիսանում է ճողվածքապարկի հատված։ Հիմնականում ներգրավված են լինում հաստ աղին կամ միզապարկը։
  • Նստային ճողվածք․ ճողվածք, որը դուրս է գալիս նստային մեծ անցքով և հիմնականում արտահայտվում է որպես անհարմար զանգված հետույքային հատվածում։ Կարող է առաջանալ աղիքային անանցանելիություն։ Այն հազվադեպ է հանդիպում և հիմնականում հանդիսանում է նստանյարդի ներվալգիայի պատճառ։
  • Սպորտային ճողվածք․ ճողվածք, որին բնորոշ է աճուկային շրջանի քրոնիկ ցավը մարզիկների մոտ և լայնացած արտաքին աճուկային օղը։
  • Վելպո ճողվածք․ ճողվածք աճուկային շրջանում՝ ազդրային արյունատար անոթների առջևում։

Բուժում

Գոտի

Դեռ պարզ չեն առանց հիմնական դեֆեկտը վերացնելու՝ ճողվածքների լարվածությունը փոքրացնող արտաքին միջոցների (գոտիներ, հանգույցներ) կիրառման առավելությունները։

Վիրահատություն

Որոշ ճողվածքների դեպքում խորհուրդ է տրվում կատարել վիրահատական միջամտություն, որպեսզի կանխվեն այնպիսի բարդություններ զարգացումը, ինչպիսին են աղիքի լուսանցքի խցանումը կամ հյուսվածքի ստրանգուլյացիան։ Պորտային և ստոծանու կերակափողային հատվածի ճողվածքները ևս կարող են բուժվել վիրահատության միջոցով, սակայն նրանք ենթարկվում են նաև դեղորայքային բուժման։ Որովայնային ճողվածքների մեծ մասը կարող են շտկվել վիրահատության միջոցով, բայց վիրահատությունը ունի իր բարդությունները։ Բուժումից հետո վերականգնման շրջանի տևողությունը կարելի է կարճացնել, եթե ճողվածքները վիրահատվեն լապարասոկպիկ եղանակով։ Սակայն, բաց վիրահատությունը երբեմն կարելի է իրականացնել առանց ընդհանուր անզգայացման։ Չբարդացած ճողվածքները հիմնականում շտկվում են ճողվածքապարկում գտնվող հյուսվածքը ներհրելով դեպի իր անատոմիական դիրքը, այնուհետև պնդացնելով մկանային հյուսվածքում առաջացած թուլությունը (հերնիոռաֆիա)։ Եթե առկա են բարդություններ, վիրահատող բժիշկը պետք է ստուգի ճողվածքապարկում գտնվող օրգանի կենսունակությունը և անհրաժեշտության դեպքում հեռացնի նրա մի մասը (ռեզեկցիա)։

Մկանների ամրացման մեթոդները հիմնականում ներառում են սինթետիկ նյութեր (ցանցային պրոթեզ)։ Ցանցը տեղադրվում է կամ դեֆեկտից առաջ (առաջային շտկում), կամ դեֆեկտից հետ (հետին շտկում)։ Ցանցը ֆիքսելու համար օգտագործվում են կարեր կամ ամրակներ։ Ցանցերի կիրառմամբ այս վիրահատության ձևերը հաճախ անվանում են առանց լարման շտկում, քանզի, ի տարբերություն կարելու մեթոդի (օրինակ Շոուլդիսի մեթոդ), մկանները չեն ձգվում լարվածության տակ։ Այնուամենայնիվ, այս լայնածավալ օգտագործվող տերմինաբանությունը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ կան շատ առանց լարման կարերի մեթոդներ, որոնց ժամանակ չի օգտագործվում ցանց (օրինակ Դեսարդայի, Գուարնեի, Լիպտոն-Էստրինի մեթոդները)։

Փաստերը ցույց են տալիս, որ առանց լարման մեթոդները (ցանցով կամ առանց նրա) հաճախ ունեն կրկնման ավելի քիչ հավանականություն և ավելի արագ վերականգնման ընթացք, քան լարման միջոցով կարելու մեթոդները։ Սակայն, այլ բարդությունների հետ միասին, ցանցային պրոթեզների օգտագործման դեպքում քրոնիկ ցավերի և բորբոքման առաջացման հավանականությունը ավելի մեծ է։

Վերականգնում

Հիվանդների մեծ մասը կարող են վերադառնալ իրենց աշխատանքի մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, մինչդեռ ակտիվ ֆիզիկական աշխատանքը արգելվում է ավելի երկար ժամանակահատվածով։ Մարդիկ, ում ճողվածքները բուժվել են ցանցի տեղադրման միջոցով, սովորաբար վերականգնվում են մեկ ամսվա ընթացքում, սակայն ցավը կարող է մնալ ավելի երկար։ Վիրահատության բարդություններից են ցավը, որը տևում է երեք ամսից ավել, վիրահատական վերքի ինֆեկցիան, նյարդերի և արյունատար անոթների վնասումը, շրջակա օրգանների վնասումը, և ճողվածքի կրկնումը։ Ցավը, որը տևում է երեք ամսից ավել դիտվում է ճողվածքահատում տարած հիվանդների մոտ 10%-ի մոտ։

Համաճարակաբանություն

Տղամարդկանց մոտ 27%-ի և կանանց 3%-ի մոտ կյանքի որևէ շրջանում զարգանում է աճուկային ճողվածք։ 2013 թվականին մոտավորապես 25 միլիոն մարդ ուներ ճողվածք։ Աճուկային, ազդրային և որովայնային ճողվածքները հանգեցրել են 32500 մահվան 2013 թվականին և 50500 մահվան 1990 թվականին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ճողվածք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճողվածք» հոդվածին։

Tags:

Ճողվածք Նշաններ և ախտանիշներՃողվածք ՊատճառներՃողվածք ԱխտորոշումՃողվածք ԲուժումՃողվածք ՀամաճարակաբանությունՃողվածք ԾանոթագրություններՃողվածք Արտաքին հղումներՃողվածքԱճուկային ճողվածքՈրովայնի խոռոչՍտոծանիական ճողվածքՍրտխառնոցՕրգան (կենսաբանություն)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրևանԳուրգեն ՄահարիՄարդու առնանդամԱռնո ԲաբաջանյանԿենդանակերպի նշաններԴիզայնՄիսաք ՄեծարենցԳուգլ (որոնողական համակարգ)Վլադիմիր ԼենինՍևանավանքՍամվել (վեպ)ԱստղՆար-ԴոսՄարդու աչքԲջջային հեռախոսԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀունաստանՄայրցամաքԿիպրոսՀայ-վրացական պատերազմՀայկական պարՀեքիաթՆյարդային համակարգՄհեր ՄկրտչյանԷպիլեպսիաԿոտորակ (մաթեմատիկա)Համախառն ներքին արդյունքՀայաստանի Հանրապետության բնակչությունՄաշկ (մարդ)ՇվեյցարիաԱլյումինԴերանունԲրազիլիաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԻսլամԱղմուկ ականջներումԽորանարդՆախադասության գլխավոր անդամներԲաժանարարների աղյուսակՄշակույթՀայկյան տոմարԱֆրիկաԻսահակ ՆյուտոնԵվրոպայի դրոշներՎաղարշապատBooking.comՎանի թագավորության արքաների ցանկԽրիմյան ՀայրիկՄարքեթինգՍասնա ծռերՆատրիումի քլորիդՓսորիազԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԳագիկ ԲԱրձակԲագրատունիներԱրաբական Միացյալ ԷմիրություններԱլեն ՍիմոնյանԱռողջ ապրելակերպՄերկուրի (մոլորակ)Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՎիտամին AՅուպիտեր (մոլորակ)ՆշիկաբորբՄիզուղիների ինֆեկցիաներՍաղմոսավանքՀեշտոցային արտադրությունՏոլմաԲանաստեղծական կայուն ձևերԲույսերՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍեռական հարաբերությունՏեղի պարագաՇիկացման լամպՁեռք, ոտք և բերան հիվանդությունԷվերեստԱռյուծՀովհաննավանք🡆 More