Համազասպ Սրվանձտյան (Սրվանձտյան Համազասպ Խաչատուրի) (հունիսի 5, 1873(1873-06-05), Վան, Օսմանյան կայսրություն - փետրվարի 18, 1921(1921-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Համազասպ Խաչատուրի Սրվանձտյան | |
---|---|
հունիսի 5, 1873 - փետրվարի 18, 1921 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Վան, Օսմանյան կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զորատեսակ | Կամավորական խմբեր |
Կոչում | Կամավորական 3-րդ գնդի հրամանատար |
Զորամաս | Կամավորական 3-րդ գունդ, Հայկական բրիգադ |
Պաշտոն | Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ |
Գարեգին Սրվանձտյանի եղբոր որդին։
Նախակրթարանն ավարտելուց հետո սովորել է ոսկերչություն և ժամագործություն։ Վաղ հասակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ Եղել է Արմենական, ապա՝ ՀՅԴ կուսակցության անդամ։ Խուսափելով թուրք իշխանությունների հետապնդումներից՝ հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի։ Մասնակցել է 1905-1906 թվականների հայ-թաթարական կռիվներին։ Քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905 թվականի օգոստոսի 22-ին Ասկերանի կիրճում մղված մարտում, երբ 200 հոգուց բաղկացած թուրքական ջարդարարների ջոկատից ողջ մնացին միայն 6-ը։ 1906 թվականին կազմակերպել է Գանձակի հայության պաշտպանությունը թաթարական ոտնձգություններից։ 1908 թվականին, ՀՅ Դաշնակցական գործիչների հետ, ձերբակալվել է ցարական կառավարության կողմից, դատապարտվել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր)։ 1913 թվականին փախել է բանտից, անցել Եվրոպա, ապա Կ. Պոլիս։ 1914 թվականին Կարինում կայացած ՀՅԴ կուսակցության 8-րդ ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, նշանակվել կամավորական 3-րդ գնդի հրամանատար։ Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի։ Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը։ Եղել է 1915 թվականի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորներից, կռվել է Բիթլիսի ուղղությամբ (հուլիսին), հոկտեմբերին՝ հաջող արշավանք ձեռնարկել Խիզան։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար (մինչև ռուսական զորքերի կողմից Կովկասյան ռազմաճակատը լքելը)։ 1918 թվականին կռվել է Բաքվի կոմունայի համար, Հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատարն էր, դրսևորել է ռազմավարի, հմուտ կազմակերպչի կարողություններ, վճռական դեր խաղացել դեպի Գանձակ և Եվլախ հարձակողական գործողությունների ժամանակ և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան։
1918 թվականին (Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան, նշանակվել Նոր Բայազետի շրջանի զորամասերի հրամանատար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920 թվականի Մայիսյան ապստամբության և թուրք-թաթարական խռովությունների ճնշմանը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Խորհրդային Հայաստանի զինվորական կոմիսար Ավիս Նուրիջանյանի հրավերով, որի հետ մտերմացել էր Բաքվում, եկել է Երևան՝ նոր իշխանությանն օգտակար լինելու և համագործակցության մտադրությամբ, սակայն, ձերբակալվել է բոլշևիկների կողմից և 1921 թվականի փետրվարի 18-ին Երևանի բանտում գազանաբար սպանվել կացնով՝ թուրք դահիճի ձեռամբ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Համազասպ Սրվանձտյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.