կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։
Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։
Կայծակին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը հետևյալն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։ Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է, քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին. անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։
Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի, տևողությունը՝ տասնյակ կամ անգամ հարյուրավոր միլիվայրկյաններ, հոսանքի ուժը՝ 100 կիլոամպերի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։
Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։
Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։
Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ³ տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։
Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։
Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։ Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։
Երկրի մակերևույթին հասած կայծակը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կայծակ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 222)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կայծակ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.