Եկատերինա Մեդիչի (ֆր.՝ Catherine de Médicis, լրիվ անունը՝ Եկատերինա Մարիա Ռոմոլա դի Լորենցո դե Մեդիչի (իտալ.՝ Caterina Maria Romola di Lorenzo de' Medici), ապրիլի 13, 1519 կամ 1519, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հունվարի 5, 1589(1589-01-05) կամ 1589, Բլուա, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ։
Եկատերինա Մեդիչի իտալ.՝ Caterina de' Medici | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1519 կամ 1519 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մահացել է | հունվարի 5, 1589[…] կամ 1589 |
Մահվան վայր | Բլուա, Ֆրանսիայի թագավորություն |
Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գահի խնամակալ |
Ամուսին | Հենրի II[…] |
Ծնողներ | հայր՝ Լորենցո II Մեդիչի, մայր՝ Մադլեն դե լա Տուր-դ’Օվերն |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ և Queen Consort of France? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ֆրանցիսկ II, Էլիզաբեթ Վալուա, Կլոդ Վալուա, Լուի Վալուա, Շառլ IX, Հենրի III, Մարգարիտ Վալուա, Ֆրանսուա, Անժուի դուքս, Վիկտորիա դը Վալուա և Ժաննա դը Վալուա |
Ստորագրություն | |
Catherine de' Medici Վիքիպահեստում |
Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II Վալուայի կինը, Ուրբինոյի դուքս Լորենցո դե Մեդիչիի դուստրը։
Ծնվել է Ֆլորենցիայում 1519 թվականի ապրիլի 13-ին։ 1533 թ. հոկտեմբերին իր հորեղբայր Հռոմի պապ Կղեմես VII-ի ջանքերով ամուսնացել է Օրլեանի դուքս, հետագայում Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II-ի հետ։ Եկատերինայի և Հենրիխի մոտ ծնվել է 10 երեխա, որոնցից հասուն տարիքի են հասել 4 որդի և 3 դուստր։ Հենրիխ II-ի իշխանության տարիներին Եկատերինան մեծ ազդեցություն չի ունեցել արքունիքում՝ գտնվելով ամուսնու ֆավորիտուհի՝ Դիանա դը Պուատիեի ստվերում։ Սակայն 1559 թ. Հենրիխը մահանում է դժբախտ պատահարից, իսկ 1560 թ. մահանում է նրան հաջորդած Հենրիխի և Եկատերինայի ավագ որդի Ֆրանցիսկ II-ը։ Եկատերինան դառնում է իր անչափահաս որդի՝ Կարլոս IX-ի գահապահը։ Այդ պաշտոնը օժտում է նրան պետական կառավարմանը մասնակցելու մեծ լիազորություններով, որոնք Եկատերինա Մեդիչին պահպանում է մինչև իր մահը։ 1574 թ. Կարլոս IX-ի մահից հետո ֆրանսիական գահը ժառանգել է Եկատերինայի մեկ այլ որդի՝ Հենրիխ III-ը։ Նրա դուստրերից մեկը՝ Եղիսաբեթը դարձել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի երրորդ կինը, իսկ իր մյուս դստեր՝ Մարգարիտա Վալուան (Մարգո թագուհի) տրվել է կնության Հենրիխ Նավառացուն։
XVI դարի երկրորդ կեսը Ֆրանսիայում կաթոլիկների և բողոքականների (Ֆրանսիայում նրանց անվանում էին հուգենոտներ) միջև ընթացող կրոնական պատերազմների ժամանակաշրջան էր, պատերազմ, որը մերթ մտնում էր սուր առճակատման փուլ, մերթ որոշ չափով մարում էր։ Եկատերինա Մեդիչին, դավանելով կաթոլիկություն, տատանվում էր մի կողմից փոխզիջման ու խաղաղեցման քաղաքականության և մյուս կողմից՝ կոշտ գիծ տանելու միջև՝ չխորշելով անգամ հուգենոտների սպանություններից և կոտորածներից։ Նրան ամենից շատ հուզել է իր ազդեցության պահպանումը ի հակակշիր գործող երկու խմբավորումների՝ կաթոլիկ, որի պարագլուխներն էին դուքս դը Գիզը և Լոթարինգիայի ազնվական տան այլ ներկայացուցիչները, և բողոքական, որը ղեկավարում էին Հենրիխ Նավառացին և ծովակալ Գասպար դը Կոլինյին։ 1572 թ. օգոստոսի 24-ին Փարիզում սկսվել է հուգենոտների կոտորած, որոնք հավաքվել էին քաղաք Հենրիխ Նավառացու և Մարգարիտա Վալուայի ամուսնության տոնախմբություններին մասնակցելու նպատակով։ Սկզբում սպանվել է Կոլինյին, այնուհետև հրահանգ է տրվում հաշվեհարդար տեսնել անխտիր բոլոր հուգենոտների հետ։ Այդ իրադարձությունները հայտնի են «Բարդուղիմեոսյան գիշեր» անունով, քանի որ օգոստոսի 24-ը կաթոլիկ օրացույցում սուրբ Բարդուղիմեոսի հիշատակի օրն էր։ Կոտորածը շարունակվել է շուրջ մեկ շաբաթ՝ այնուհետև տարածվելով Ֆրանսիայի որոշ շրջաններով ևս։ Ֆրանսիայում ջարդերի ալիքին զոհ են գնացել շուրջ 50,000 հուգենոտ, իսկ Հենրիխ Նավառացին կարողացել է իր կյանքը փրկել առերես կաթոլիկություն ընդունելով։ Որևէ հիմք չկա կասկածելու, որ Եկատերինա Մեդիչին իր որդու՝ Կարլոս IX-ի հետ միասին հուգենոտներին կոտորելու որոշում ընդունած անձանցներից մեկն էր։
Եկատերինա Մեդիչին հայտնի է նաև որպես ճարտարապետության, գրականության և արվեստների հովանավոր։ Լինելով շքեղության և պերճանքի սիրահար՝ նա կարգադրել է կառուցել Լուվրի նոր թև և մեկնարկ է տվել Տյուիլրիի շինարարությանը։ Փարիզից դուրս նրա նախաձեռնությամբ կառուցվել է Շանոնսո ամրոցի պատշգամբասրահը (Տուր քաղաքի մոտ), որը համարվում է Ֆրանսիայի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Եկատերինայի անձնական գրադարանը, որում պահվում էին բազմաթիվ հազվագյուտ ձեռագրեր, Վերածննդի դարաշրջանի Ֆրանսիայի խոշորագույն հավաքածուներից մեկն էր։
Եկատերինա Մեդիչին վախճանվել է Բլուայում 1589 թ. հունվարի 5-ին։ Շուրջ 8 ամիս անց՝ 1589 թ. օգոստոսի 5-ին սպանվել է նրա որդի Հենրիխ III-ը։ Չթողնելով օրինական ժառանգորդներ՝ Եկատերինա Մեդիչիի որդիները դարձան ֆրանսիական գահի վրա Վալուա հարստության վերջին ներկայացուցիչները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Մեդիչի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Եկատերինա Մեդիչի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.