Օրիենտալիզմ (լատին․՝ orientālis- արևմտյան արվեստաբանների, գրականագետների ու մշակութաբանների կողմից գործածվող տերմին Արևելքի ժողովուրդների մշակույթի, պատմության, գրականության և արվեստի իմիտացիայի ու նկարագրության համար։ Հիմնականում արևմտյան գրողներն ու ստեղծագործներն են նկարագրում ու սահմանում արևելյան մշակույթները։
Էդվարդ Սայիդի «Օրիենտալիզմ» գրքի (1978) տպագրվելուց ի վեր՝ «օրիենտալիզմ»-ը ակադեմիական քննարկումների մեջ հաճախ գործածվում է որպես մերձավոր արևելյան, ասիական և հյուսիսաֆրիկյան հասարակությունների նկատմամբ արևմտյան իշխողական վերաբերմունքն արտահայտող տերմին։ Ըստ Սայիդի վերլուծության՝ արևմուտքն այս հասարակություններին պատկերում է որպես անփոփոխ ու ոչ զարգացող, հետևաբար՝ ենթակա ուսումնասիրման, նկարագրման ու վերարտադրման։ Այս կեղծ պատկերացումը ենթադրում է, որ արևմտյան հասարակությունը զարգացած, բանական, ճկուն ու գերակա է։
Օրիենտալիզմը երաժշտության մեջ ունեցել է մի քանի շրջան։
Առաջինը կապված է հին և միջին դարերի հետ, երբ սկիզբ են առել առևտրական և քաղաքական կապերը Եվրոպայի և Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների միջև։ Հետաքրքրությունը Արևելքի նկատմամբ վերելքի նոր շրջան է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Առավել վառ և հետևողականորեն այն արտահայտվել է օպերային ժանրում։
XVII-XVIII դարերում ստեղծվել են զգալի թվով օպերաներ, որոնց սյուժեն վերցված էր Արևելքի ժողովուրդների կյանքից։ Իտալակա և գերմանական կոմպոզիտորների օպերաների մի զգալի մասը նվիրված էր հայ ժողովրդի պատմության առանձին դրվագների (Տ․ Ալինոնիի «Տիգրանը՝ Հայաստանի թագավոր», Մ․ Բոնոչինիի, Ա․ Մկարլատտիի, Ք․ Վ․ Գլյուկի «Տիգրան» օպերաները, Գ․ Ֆ․ Հենդելի «Ռադամիստ»-ը և այլն)։
Օրիենտալիզմի զարգացման նորագույն շրջանում (XIX-XX դարեր) զգալիորեն ընդլայնվել են արևելյան թեմատիկայի արտացոլման շրջանակները, կոմպոզիտորները ձգտել են յուրացնել և կիրառել արևելյան երաժշտությանը բնորոշ արտահայտչամիջոցներ։ Մեծ էր ռուս կոմպոզիտորների (Մ․ Գլինկա, Մ․ Բալակիրև, Ց․ Կյուի, Ա․ Բորոդին, Ն․ Ռիմսկի–Կորսակով) հետաքրքրությունը և ստեղծագործական ներդրումը արևելյան պոեզիայի, արվեստի, երաժշտության ավանդույթների կիրառման գործում։
Արևմտաեվրոպական կոմպոզիտորներից բազմաթիվ օրիենտալ գործեր են ստեղծել հատկապես ֆրանսիական կոմպոզիտորները (Ժ․ Բիզե, Ս․ Ֆրանկ, Մ․ Ռավել, Ա․ Ռուսսել, Ա․ Հոնեգեր, Օ․ Մեսսիան)։
Արևելյան երաժշտության տեսական հարցերով զբաղվել են Կ․ Զաքսը (Գերմանիա), Հ․ Ֆարմերը (Անգլիա), խորհրդային երաժշտագետեր Վ․ Վինոգրադովը, Ի․ Ցոլյանը, Զ․ Միխայլովը։ Հայ կոմպոզիտորական դպրոցի սկզբնավորման և զարգացման առածին շրջանում Օրիենտալիզմին որոշ տուրք են տվել Տ․ Չուխաճյանը, Գ․ Ղորղանյանը, Ա․ Սպենդիարյանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիենտալիզմ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Օրիենտալիզմ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.