Էլֆրիդե Ելինեկ (գերմ.՝ Elfriede Jelinek, չեխ․՝ Elfriede Jelineková, հոկտեմբերի 20, 1946(1946-10-20), Մյուրցուշլագ, Շտիրիա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից), ավստրիացի գրող, գրաքննադատ, հասարակական գործիչ։ 2004 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է։ Համարվում է ժամանակի ամենաազդեցիկ կին գրողներից մեկը։
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1946[…] (77 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մյուրցուշլագ, Շտիրիա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծուհի, թարգմանչուհի, վիպասան, լիբրետիստ և գրական քննադատ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Pamer? և Music and Arts University of the City of Vienna? |
Գրական շարժումներ | Ֆեմինիզմ, սոցիալական քննադատություն |
Ուշագրավ աշխատանքներ | Դաշնակահարուհին, Սիրուհիները և Մեռածների երեխաները |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Կուսակցություն | Ավստրիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Gottfried Hüngsberg? |
Ազգականներ | Walter Felsenburg? |
Կայք | elfriedejelinek.com |
Էլֆրիդե Ելինեկ Վիքիքաղվածքում | |
Elfriede Jelinek Վիքիպահեստում |
Էլֆրիդե Ելինեկը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 20-ին ավստրիական փոքրիկ Մյուրցցուշլագ քաղաքում, իսկ մանկությունը և երիտասարդությունն անցել է Վիեննայում։ Նրա մայրը՝ Օլգա Իլոնա Բուխներ Ելինեկը, ծագում էր կաթոլիկ ունևոր ընտանիքից, իսկ հայրը՝ Ֆրիդրիխ Ելինեկը, որը քիմիկոս էր, աղքատ բոհեմյան ընտանիքից էր։ Չնայած հրեական ծագմանը` հորը հաջողվել է խուսափել ազգային սոցիալիստական ռեժիմի կողմից հետապնդումներից` առաջին հերթին ռազմական տնտեսության համար անհրաժեշտ մասնագիտության շնորհիվ։ 1950 թվականին Ելինեկի հայրը հիվանդանում է հոգեկան խանգարմամբ և ընտանիքի ղեկը վերցնում է մայրը (հայրը մահացել է 1969 թվականին՝ խելամտությունն ամբողջովին կորցրած)։ Ելինեկը հաճախում է կաթոլիկ մանկապարտեզ, այնուհետև վանքին կից դպրոց (որի նկատմամբ գրողը հետագայում արտահայտեց իր վերաբերմունքը «Դպրոց գնալը նման է մեռնելու» էսսեում)։ Ապագա գրողը դեռևս մանկուց գնում է ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի, ալտի դասընթացների։ Նա 13 տարեկանում ընդունվում է Վիեննայի կոնսերվատորիան և այնտեղ ուսումնասիրում երգեհոնի, դաշնամուրի և բլոկֆլեյտայի վրա նվագելու արվեստը՝ միաժամանակ իր միջնակարգ կրթությունն ամբողջացնելով գիմնազիայում։
Ավարտական քննությունները հանձնելուց հետո Ելինեկի մոտ նյարդային խանգարում է տեղի ունենում. նա Վիեննայի համալսարանում մի քանի կիսամյակ փորձում է ուսումնասիրել արվեստի և թատրոնի պատմություն, սակայն ընդհատում է ուսումը 1967 թվականին՝ վախի ուժեղացող նոպաների պատճառով։ Նա մի ամբողջ տարի անցկացնում է տանը լիակատար մեկուսացման մեջ։ Հենց այդ ժամանակ սկսում է գրել։ Նրա առաջին բանաստեղծությունները (գրված Վիեննայի խմբի ոճով` միայն փոքրատառերով, ինչը գերմաներենի համար բավականին մեծ նշանակություն ունի) տպագրվում են նախ տարբեր ամսագրերում, այնուհետև լույս է տեսնում նրա «Լիզայի ստվերները» ժողովածուն (Lisas Schatten) (1967): Հաջորդ տարի նա ավարտում է իր «Բուկոլիտ» վեպը (bukolit), որն անտիպ է մնում մինչև 1979 թվականը։ Հոր մահից հետո որոշ չափով ազատվում է իր վախերից և միառժամանակ հարում է 1960-ականների գերմանական ուսանողական շարժման ձախակողմյան շարժմանը։
1971 թվականին Էլֆրիդե Ելինեկը կոնսերվատորիայում երգեհոնի քննություն է հանձնում։ Այս տարիներին նրա գրական զարգացումը տեղի է ունենում Ռոլան Բարտի ազդեցությամբ, որին նա նվիրեց իր «Անսահման անմեղություն» էսսեն (Die endlose Unschuldigkeit): Նույն թվականին նա անդամակցում է Ավստրիայի կոմունիստական կուսակցությանը (մինչև 1991 թվականը)։ 1972 թվականին տեղափոխվում է Բեռլին, սակայն մեկ տարի անց վերադառնում է Վիեննա։ 1974 թվականին ամուսնանում է հայտնի երաժիշտ Գոթթֆրիդ Հյունգսբերգի հետ` Ռայներ Վերներ Ֆասբինդերի ֆիլմերի համար գրված իր երաժշտությամբ հայտնի, թեև 1970-ականների կեսերից որպես ինֆորմատիկ էր աշխատում Մյունխենում։ Ելինեկը հանուն ամուսնու մշտական բնակության է տեղափոխվում Մյունխեն։
1975 թվականը Ելինեկ գրողի համար շրջադարձային էր. նրա «Սիրուհիները» վեպի (Die Liebhaberinnen)` մարքսիստական-ֆեմինիստական հայրենասիրական վեպի պարոդիայի հրապարակումը բոլորին ստիպում է խոսել գերմանախոս գրականության մեջ նոր մեծության մասին։ 1980-ականների սկզբին լույս է տեսնում նրա «Փակ դռան դիմաց» վեպը (Die Ausgesperrten) հարուստ ընտանիքների անապահով դեռահասների մասին, որն ավարտվում էր մի ամբողջ ընտանիքի զանգվածային սպանության ցնցող տեսարանով. վեպի հիման վրա թողարկվում է աուդիո պիես, այնուհետև այն էկրանավորում է Պաուլյուս Մանկերը։
1983 թվականը Էլֆրիդե Ելինեկի համար նշանավորվեց առաջին խոշոր սկանդալով։ Թատերական բեմում հայտնվում է «Բուրգթատրոն» ներկայացումը, որում արծարծվում է Ավստրիայի` իր ազգային-սոցիալիստական անցյալը ճնշելու փորձերի թեման և պատումի գլխավոր դերում դրվում է այն ժամանակ հայտնի դերասանուհի Պաուլա Վեսելիի կերպարը, որը ձախ շարժման մեջ Ելինեկի նախկին զինակիցն էր։ Ելինեկի` որպես սեփական երկրի «բացահայտողի» համբավն աճում է։ Նույն թվականին լույս է տեսնում Էլֆրիդե Ելինեկի թերևս գլխավոր աշխատությունը` «Դաշնակահարուհին» վեպը (Die Klavierspielerin), որում և՛ քննադատները, և՛ ընթերցողներն անմիջապես տեսան ինքնակենսագրական նշանակություն` առանցքում տեքստի միջոցով սուբլիմացիայի ուժեղ տարրով։
Եվրոպայի հանգստության հաջորդ «խռովարարը» դարձել է նրա «Ցանկություն» (Lust) վեպը, որն ակնթարթորեն հայտնվել է բեսթսելլերների ցուցակներում։ Այն գրվել էր ֆեմինիստների աճող վեճերի ազդեցության տակ պոռնոգրաֆիայի թեմայով։ Վեպի թողարկմանը հաջորդած «Հանգստի վայրեր» (Raststätte) պիեսի թատերական ներկայացումը, որն Ավստրիայում 1995 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում հրահրել է անձնական հարձակումներ Ելինեկի վրա ավստրիական ազատություն կուսակցության կողմից (ազգայնական-պահպանողական, ծայրահեղ աջ պոպուլիստական ուղղությամբ), ստիպել է գրողին հետ կանչել իր բոլոր պիեսները թատերական բեմերից և արգելել հետագա ներկայացումները։ 1999 թվականին Ազատություն կուսակցության իշխանության գալուց հետո Ելինեկը նոր կառավարության գլխավոր քննադատներից էր։
Ավելի ուշ գրված ստեղծագործություններում Ելինեկը հեռանում է իր գրականության ֆեմինիստական ենթատեքստերից և կենտրոնանում է սոցիալական քննադատության և Ավստրիայի քննադատության վրա, մասնավորապես` իր նացիստական անցյալը հաղթահարելու անկարողության պատճառով («Մեռածների երեխաները» (Die Kinder der Toten)): Ստեղծագործական հենց այս շրջանում է, որ գրողը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում և համբավ։ 2001 թվականին նրա «Դաշնակահարուհին» խիստ արմատական կերպով էկրանավորվել է ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի կողմից (Էրիկա Կոհութի դերում` Իզաբել Հյուպպեր)։ Ֆիլմը միաձայն ճանաչվեց որպես ժամանակակից կինոյի ամենահեղափոխականներից մեկը և ստացավ երեք գլխավոր մրցանակ 2001 թվականի Կաննի կինոփառատոնում (լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան)։
Էլֆրիդե Ելինեկի ստեղծագործության ապոթեոզը 2004 թվականին գրականության ամենահեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիր հռչակվելն էր` «վեպերում և դրամաներում երաժշտական բազմաձայնության համար, որը, իր բնորոշ լեզվական կրքով, բացահայտում է սոցիալական կլիշեների անհեթեթությունն ու հարկադրական ուժը»։
2016 թվականին նա նամակ է ստորագրել, որը կոչ էր անում Գրինփիսին, ՄԱԿ-ին և ողջ աշխարհի կառավարություններին` դադարեցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) դեմ պայքարը։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլֆրիդե Ելինեկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլֆրիդե Ելինեկ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Էլֆրիդե Ելինեկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.