Երվանդ Դ Վերջին (Երվանդ Արշակունի, Օրոնտես, մ.թ.ա.
3-րդ դար">մ.թ.ա. 3-րդ դար - մ. թ. ա. 200, Արմավիր, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքա (220-201), Երվանդունիների արքայական հարստության վերջին թագավորը Մեծ Հայքում։ Մորական կողմից Արշակունի։
Երվանդ Դ Վերջին | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 3-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 200 |
Վախճանի վայր | Արմավիր, Այրարատ, Մեծ Հայք |
Արմավիր | |
Տոհմ | Երվանդունիներ |
գերիշխան | |
Հայր | Արշամ |
Երվանդ Դ Վերջինը Ստրաբոնի հիշատակած վերջին Օրոնտես թագավորն է։ Ըստ նրա Երվանդը հայտնի յոթ պարսիկներից մեկի՝ Հյուդարնեսի շառավիղն էր։
Ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբից հայկական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է Մեծ Հայքի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Ըստ Մովսես Խորենացու գրի առած ավանդության Մեծ Հայքին տիրացած Վաղարշակ Արշակունու որդի՝ հայոց թագավոր Արշակի մահից հետո, հայ ավագանու նախաձեռնությամբ Մեծ Հայքի գահին նստած Երվանդ Դ-ն, Արշակի որդիներից կասկած ունենալով՝ բոլորին կոտորում է։ Այդ կոտորածից փրկվում է միայն մանկահասակ Արտաշեսը, որին իր դայակ Սմբատ Բագրատունին փախցնում է Պարթևստան։ Երվանդը օրինական թագավորական հարստության՝ Երվանդունիների տան ներկայացուցիչն էր։ Երվանդ Դ-ն վախենալով չափահաս դարձած Արտաշեսի վրեժխնդրությունից, ամեն կերպ ջանացել է նրան իր ձեռքը գցել և սպանել։ Այդ նպատակով Երվանդ Դ-ն վարկաբեկել է երիտասարդ Արտաշեսին Պարթևական տիրակալի առջև, ասելով որ Արտաշեսը ոչ թե նրանց նախնի Արշակ Քաջի ցեղից է, այլ ծագումով մար է և ոչ մի կապ չունի պարթևների հետ։ Երվանդ Դ-ի ջանքերով՝ Պարթևական վերնախավի կողմից արհամարհական ու թշնամական վերաբերմունքի արժանանալով՝ Արտաշեսը ստիպված է լինում հեռանալ Պարթևստանից ու ծառայության անցնել Սելևկյան Անտիոքոս III Մեծ-ի բանակում։ Անտիոքոս III-ը նպատակ ունենալով վերջնական վերացնել Մեծ Հայքի Երվանդունիների թագավորությունը, օգտագործում է Արտաշեսի և Երվանդ Դ-ի անձնական թշնամանքն ու պատերազմ հրահրում նրանց միջև։
Մ.թ.ա. 201 թվականին, օգտվելով Երվանդ Վերջինի դեմ ծավալված դժգոհություններից, նրա տոհմից մորական կողմից սերված Արտաշեսը տապալում է նրան և հետագայում հիմք դնում Արտաշեսյան արքայատանը։ Երվանդավանի մոտ Երվանդ Դ-ի և Արտաշեսի զորաբանակների միջև տեղի ունեցած ճակատամարտում Երվանդ Դ-ի բանակը պարտվում է, իսկ Երվանդ Դ-ն զոհվում։ Բագարանը գրավելիս սպանվում է նաև Երվանդ Դ-ի եղբայր՝ քրմապետ Երվազը։ Իր գործողություններն արդարացնելու համար, Արտաշեսը շարունակում է իր տունը անվանել «Երվանդական»։
Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ և Ախուրյան գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Նոր մայրաքաղաքի միջնաբերդը նա բարձր պարիսպներով է շրջապատում։ Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եղբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 639)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Երվանդ Դ Վերջին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.