Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն կամ եղելություն։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ գործողություն ոչ թե բացարձակ կերպով, այլ խոսողի ներկայացմամբ, այսինքն՝ սահմանական եղանակով կարող են արտահայտվել նաև այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, բայց դա քերականական տեսակետից նշանակություն չունի։
Հայերենում բայի սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, մեկը՝ պարզ։ Բաղադրյալ ժամանակաձևերը կազմվում են անկատար, ապակատար, վաղակատար ձևաբայերով ու օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով։
Սահմանական եղանակի յոթ ժամանակաձևերից մեկը (անկատար ներկա) մտնում է ներկա ժամանակի մեջ, մեկը (ապակատար ներկա)` ապառնի ժամանակի մեջ, իսկ մնացած հինգը (վաղակատար ներկա, վաղակատար անցյալ, անկատար անցյալ, ապակատար անցյալ, անցյալ կատարյալ) մտնում են անցյալ ժամանակի մեջ։
Անկատար ներկան (սահմանական ներկա) ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն։ Օրինակ` հավաքում եմ, կարդում եմ։ Կազմվում է անկատար ձևաբայով ու օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկում եմ | ներկում ենք |
II դեմք | ներկում ես | ներկում եք |
III դեմք | ներկում է | ներկում են |
Անկատար ներկան կազմվում է՝
անկատար դերբայ+օժանդակ բայի ներկա ժամանակաձևով
Անկատար ներկայի բայաձևերով կարող են արտահայտվել նաև այնպիսի գործողություններ, որոնք հատկապես պայմանավորված չեն խոսելու պահով։
Անկատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն։ Օրինակ՝ Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր վառվող օղակի վրայով (Ա. Բակունց)։
Անցյալ անկատարը կազմվում է անկատար դերբայով ու օժանդակ բայի անցյալի ձևերով։ Օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկում էի | ներկում էինք |
II դեմք | ներկում էիր | ներկում էիք |
III դեմք | ներկում էր | ներկում էին |
Անկատար անցյալով արտահայտվում են նաև անցյալում որպես կանոն, սովորույթ կատարվող կամ կրկնվող գործողությունները։ Դա կոչվում է ընդհանուր կամ սովորույթի ու կրկնության անցյալ։
Ապակատար ներկան (սահմանական ապառնի) ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն։ Կազմվում է ապակատար դերբայով ու օժանդակ բայի ներկայի ձևերով։ Օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկելու եմ | ներկելու ենք |
II դեմք | ներկելու ես | ներկելու եք |
III դեմք | ներկելու է | ներկելու են |
Ապակատար ներկան կազմվում է՝
ապակատար դերբայ+օժանդակ բայ
Ապակատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո կատարելի գործողություն։ Օրինակ՝ Երկու ամիս մնալու էր գյուղում։
Անցյալ ապակատարը կազմվում է ապակատար դերբայով ու օժանդակ բայի անցյալի ձևերով։ Օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկելու էի | ներկելու էինք |
II դեմք | ներկելու էիր | ներկելու էիք |
III դեմք | ներկելու էր | ներկելու էին |
Վաղակատար ներկան (սահմանական անցյալ) ցույց է տալիս ներկա մի ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Կազմվում է վաղակատար դերբայով ու օժանդակ բայի ներկայի ձևերով։ Օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկել եմ | ներկել ենք |
II դեմք | ներկել ես | ներկել եք |
III դեմք | ներկել է | ներկել են |
Վաղակատար ներկայի իմաստային գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք, որպես կանոն, ցույց են տալիս այնպիսի գործողություն, որին խոսողն ինքը ներկա չի եղել, այլ պատմում է որպես եղելություն, ի տարբերություն անցյալ կատարյալի, որին խոսողն ականատես է եղել կամ իրեն դնում է գործողության կատարման վայրկյանի մեջ։
Վաղակատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Օրինակ՝ Երկու ամիս մնացել էր գյուղում։
Անցյալ վաղակատարը կազմվում է վաղակատար դերբայով ու օժանդակ բայի անցյալի ձևերով։ Օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկել էի | ներկել էինք |
II դեմք | ներկել էիր | ներկել էիք |
III դեմք | ներկել էր | ներկել էին |
Անցյալ կատարյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ ավարտված գործողություն։ Այն արտահայտում է մի անցյալ ժամանակակետում առանց որևէ տևականության կատարված, ավարտված գործողության իմաստ։
Անցյալ կատարյալի բայաձևերը կազմվում են բայի երկրորդ (կատարյալի) հիմքով ու դիմաթվային համապատասխան վերջավորություններով։ Պարզ, կրավորական, պատճառական ու բազմապատկական բայերն ստանում են -ի, -իք, 0/-եց, -ինք, -իք, -ին վերջավորություններ, օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | ներկեցի | ներկեցինք |
II դեմք | ներկեցիր | ներկեցիք |
III դեմք | ներկեց | ներկեցին |
Սոսկածանցավոր բայերի անցյալ կատարյալը կազմվում է կատարյալի հիմքով ու -ա, -ար, -ավ, -անք, -աք, -ան վերջավորություններով։ Օրինակ՝
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
I դեմք | մոտեցա | մոտեցանք |
II դեմք | մոտեցար | մոտեցաք |
III դեմք | մոտեցավ | մոտեցան |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանական եղանակ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սահմանական եղանակ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.