Բնազդ (լատին․՝ instinktus` շարժառիթ), ժառանգական ոչ պայմանական ռեակցիաների ամբողջություն, վարքի բնածին հարմարվողական ձև, որը հատուկ է տվյալ կենդանատեսակին։ Դրսևորվում է այն ժամանակ, երբ կենդանին կամ մարդը հայտնվում է համապատասխան իրադրության մեջ։
Ներկայումս բնազդի նշանակման համար ընդունված են հետևյալ հասկացությունները՝ տեսակային վարք, ստերեոտիպային վարք, բնածին վարք, ժառանգականությամբ ծրագրավորված վարք, ֆիքսված գործողությունների համալիր։
Յուրաքանչյուր բնազդ կազմված է շղթայական ռեակցիաներից, որտեղ մեկ օղակի վերջը մյուսի սկիզբն է։ Դրանք ծառայում են կենսաբանական պահանջմունքների բավարարման միջոցով տեսակի ինքնապահպանմանը։
Բնազդների դասակարգման համար կան տարբեր մոտեցումներ։ Ըստ առավել տարածված մոտեցման, բնազդները լինում են՝
Կենդանիների և մարդու զարգացման տարբեր շրջաններում՝ նորածնությունից մինչև հասունություն, բնազդները փոխվում են, որոշ բնազդներ անհետանում են և դրանց փոխարեն ի հայտ են գալիս նորերը։ Օրինակ՝ ծծելու ռեֆլեքսը փոխվում է սնունդ հայթայթելու ռեֆլեքսով, առաջանում են սեռական, ծնողական և այլ բնազդներ։ Բարձրակարգ կենդանիների՝ հատկապես մարդկանց բնազդային գործունեությունը այս կամ այն չափով ենթարկվում է գիտակցությանը։
Տարբերում են բնազդային վարքագծի արտաքին և ներքին գործոններ։ Բնազդային վարքագծի ներքին գործոններն են՝ հոմեոստազը և կենսառիթմերը։ Կենդանի օրգանիզմը միշտ ձգտում է պահպանել ներքին միջավայրի հարաբերական կայունությունը, իսկ վերջինիս ցանկացած շեղում գործարկում է այն մեխանիզմները, որոնք վերականգնում են հավասարակշռությունը։ Բնազդային վարքագծի արտաքին գործոններն արտաքին միջավայրի հիմնական գրգռիչներն են։
Ամենատարածված եղանակներից է, սական այն հնարավորություն չի տալիս պարզել բնազդի ծագումը, դրա ֆիզիոլոգիական մեխանիզմները և այլ ցուցանիշներ։ Այս մեթոդը ենթադրում է ինչպես կենդանիների ուղղակի դիտարկում, այնպես էլ փորձի ընթացքում հետազոտվող կենդանիների առջև զանազան խնդիրների առաջադրում։ Բացի դիտարկումից, կարևոր է նաև վարքի գրանցումը, որը կատարվում է տեսա- և ֆոտոխցիկներով, ֆիզիկաքիմիական եղանակներով։ Վարքի դիտարկման հարցում մեծ դեր է խաղում որոշակի իրավիճակում կենդանու շարժողական ակտիվության հաջորդական հետազոտումն ու գրանցումը (էթոգիր)։
Կատարվում է բնազդային վարքի առանձին շարժողական գործողությունների ժամանակի գրանցում տեսողական կամ հատուկ սարքավորումներով։
Այս մեթոդը հնարավորություն է տալիս պարզել վարքագծի բնածին տարրերը՝ անկախ դաստիարակման և արտաքին միջավայրի ազդեցությունից։
Այս մեթոդի ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի խրտվիլակներ և մուլյաժներ, որոնք նմանակում են ինչպես կենդանիներին և բույսերին, այնպես էլ կերը, հոտը, ձայնը և բնական գրգռիչները։
Այս մեթոդի կիրառության հնարավորությունները մեծացել են հատկապես վերջին ժամանակներս՝ կապված նյարդաֆիզիոլոգիայի զարգացման հետ։
Բնազդների իրագործումը բացատրելու համար Կոնրադ Լորենցն առաջարկել է մի մոդել, որը հայտնի է «հիդրավլիկ մոդել» անունով։
Շարժառիթի (օրինակ՝ կենդանուն սննդից զրկելու դեպքում) ուժեղացման դեպքում կուտակվում է «գործունեության յուրահատուկ էներգիա»։ Մոդելում այն ներկայացված է որպես ջրամանում ջրի աստիճանաբար կուտակում։ Ջրամանից ջրի դուրս գալն իրենից ներկայացնում է կենդանու ակտիվությունը։ Ջրամանի ելքը փակված է զսպանակով հարմարված փականով։
Փականը կարող է բացվել մի քանի եղանակներով։ Առաջինը՝ կշեռքի թասի վրա տարբեր ծանրությունների տեղադրումն է, որը համապատասխանում է տարբեր արտաքին գրգռիչների ազդեցությանը։ Երկրորդը՝ ջրամանում ջրի բավականաչափ կուտակումն է։ Փականի բացումը հնարավոր է նաև այն դեպքում, եթե ջրի և ծանրության գումարային ճնշումը գերազանցում է զսպանակով փականի փակման ուժին։ Իսկ կենդանու ակտիվության դրսևորման տարբեր աստիճանները մոդելում ներկայացված են սկուտեղի թեք հարթակի տարբեր աստիճանների վրա տեղադրված անցքերով։ Մոդելն ակնառու ձևով ցույց է տալիս բնազդային գործողության թողարկման գործում արտաքին գրգռիչների և ներքին «գործողության պոտենցիալի» փոխհարաբերությունը։ Չնայած իր առավելություններին՝ հիդրավլիկ մոդելն ունի որոշ թերություններ, որոնք նույնիսկ Լորենցն է ընդունել։ Այսպես՝ այն չի բացատրում վարքի փոփոխականությունը, ինչպես նաև կան այն մերժող տեսություններ։
Կատարելով բազմաթիվ հետազոտություններ և զարգացնելով Կոնրադ Լորենցի տեսակետները՝ հոլանդացի գիտնական Նիկոլաաս Թինբերգենն առաջ քաշեց առանձին վարքագծային ռեակցիաները կառավարող կենտրոնների հիերարխիայի սկզբունքը, որն անվանեց «վարքի հիերարխիկ մոդել»։ Համաձայն այդ տեսության՝ բնազդն իրենից ներկայացնում է վարքագծային գործողությունների ավարտուն հիերարխիկ համակարգ, որը որոշակի գրգիռներին պատասխանում է խիստ համակարգված գործողությունների համալիրով։ Այսպես՝ հիերարխիկ շարքում բարձր ակտիվության, օրինակ՝ բազմացման համար պատասխանատու «էներգիան» առաջ կբերի այնպիսի մի շարք «ենթակա» ակտիվությունների դրսևորում, ինչպիսիք են՝ բնի կառուցումը, ամուսնական, իսկ հետագայում՝ ծնողական վարքը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 488)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բնազդ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.