Ստրեյթս Թայմս (անգլ.՝ The Straits Times), անգլալեզու օրաթերթ Սինգապուրում, որը ներկայումս պատկանում է Սինգապուր Փրես Հոլդինգսին։ Օրաթերթի տպագիր և թվային տարբերակները (Ստրեյթս Թայմս և Սանդի Թայմս) օրական ունեն 383600 շրջանառություն։ Հիմնադրել է ազգությամբ հայ Խաչիկ Մովսեսը 1845 թվականի հուլիսի 15-ին՝ Ստեյթս Թայմս ընդ Սինգապուր Ջըրնալ օֆ Քոմերս անվամբ (անգլ.՝ The Straits Times and Singapore Journal of Commerce)։
Ստրեյթս Թայմս անգլ.՝ The Straits Times | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր խմբագիր | Ուորեն Ֆեռնանդես |
Հիմնադրվել է | հուլիսի 15, 1845 |
Հրատարակիչ | Սինգապուր Փրես Հոլդինգս |
Սեփականատեր | Սինգապուր Փրես Հոլդինգս |
Երկիր | Սինգապուր |
Գրասենյակ | 1000 Տոա Փայոհ Նորթ, Նյուզ Սենթեր, Սինգապուր 318994 |
Հաճախականություն | 352,003 (2013 թվականի հուլիսի դրությամբ 5,000 (Մյանմարի թողարկում) |
ISSN | 0585-3923 |
OCLC | 8572659 |
Կայք | straitstimes.com(անգլ.) |
The Straits Times Վիքիպահեստում |
Ստրեյթս Թայմսը հիմնադրել է ազգությամբ հայ Խաչիկ Մովսեսը։ Մովսեսի ընկերը՝ Մարտիրոս Աբգարը ցանկացել է տեղական թերթ թողարկել, սակայն առերեսվել է ֆինանսական դժվարությունների։ Ընկերոջ երազանքն ի կատար ածելու համար Մովսեսը ստեղծում է թերթը և Ռոբերտ Քար Վուդսին նշանակում խմբագիր։ 1845 թվականի հուլիսի 15-ին Ստեյթս Թայմսը լույս տեսավ որպես 8 էջանոց շաբաթաթերթ։ Բաժանորդավճարն ամսական 1.75 ԱՄՆ դոլար էր։ 1846 թվականի սեպտեմբերին Մովսեսը թերթը վաճառեց Ռոբերտ Վուդսին, քանի որ այն շահութաբեր չէր։
1942 թվականի փետրվարի 20-ին՝ բրիտանացիների՝ ճապոնացիներին հանձնվելուց 5 օր անց, Ստրեյսթս Թայմսը հայտնի դարձավ Շոնան Թայմս և Սյոնան Շիմբան անվանումներով։ Թերթն այս անվամբ լույս է տեսել մինչև 1945 թվականի սեպտեմբերի 5-ը, երբ Սինգապուրը կրկին անցավ բրիտանական վերահսկողության տակ։
Սինգապուրի ինքնավարության վաղ տարիներին (մինչև 1965 թվականը) թերթը բարդ հարաբերություններ է ունեցել որոշ քաղաքական գործիչների հետ, որոնց թվում էին նաև Ժողովրդական գործողություն կուսակցության առաջնորդները։ Խմբագիրները զգուշացվեցին, որ ցանկացած նյութ, որը կարող է սպառնալ Սինգապուրի և Մալայան դաշնության միացմանը, կարող է հանգեցնել կործանարար հետևանքների և որ վերջիններս կարող են բանտարկվել առանց դատավարության՝ Հանրային անվտանգության պահպանման օրենքով։
Ստրեյթս Թայմսը համագործակցում է աշխարհի մեծ քաղաքների 16 լրատվական բյուրոների և հատուկ թղթակիցների հետ։ Թերթն ունի 5 բաժին՝ գլխավոր բաժնում ներկայացվում են ասիական և միջազգային նորությունները․ բաժինն ունի ենթաբաժիններ, ֆորումի էջ, որտեղ տեղ են գտնում թերթին ուղղված նամակները։ Հիմնական բաժնում ներկայացվում են տեղական նորությունները, կրթության (երկուշաբթի օրերին) և մտքի և մարմնի (երեքշաբթի օրերին), թվային (չորեքշաբթի օրերին), Համայնքի (հինգշաբթի օրերին) և գիտության (ուրբաթ օրերին) վերաբերյալ թեմաներ։ Կա նաև սպորտի և ֆինանսական, հայտարարությունների, աշխատանքի, զվարճանքի և արվեստի բաժին, որը կրում է «Կյանք» անվանումը։
Թերթն ունի նաև հատուկ թողարկումներ Սինգապուրի տարրական և միջնակարգ դպրոցների համար։
Կիրակի օրերին լույս է տեսնում առանձին թողարկում՝ Սանդի Թայմսը։
Քաղաքական անկայունության պատճառով Ստրեյթս Թայմսը չի վաճառվում հարևան Մալայզիայում, իսկ մալայզական Նյու Ստրեյթս Թայմս թերթը չի վաճառվում Սինգապուրում։ Արգելքը դրվել է նախքան Մալայզիայի անկախանալը։
2014 թվականի մարտի 25-ին և հոկտեմբերի 30-ից սկսել է լույս ընծայվել Մյանմարի և Բրունեյի հատուկ թողարկումները։ Թերթը բաժանվում է նախարարություններին, բիզնեսներին, մեծ հյուրանոցներին, ավիաուղիներին, մեծ քաղաքների գրախանութներին և սուպերմարկետներին։ Մյանմարի թողարկումը ներկայումս լույս է տեսնում 5000 տպաքանակով, իսկ Բրունեյինը՝ 2500։
1994 թվականի հունվարի 1-ին գործարկված Ստրեյթս Թայմսի կայքն անվճար էր և հնարավորություն էր տալիս մուտք գործել տպագրված տարբերակում ներառված բոլոր բաժիններ և հոդվածներ։ 2005 թվականի հունվարի 1-ին առցանց տարբերակն սկսեց գրանցում պահանջել և կարճ ժամանակ անց դարձավ վճարովի կայք։ Ներկայումս միայն այն մարդիկ կարող են առցանց կարդալ բոլոր հոդվածները, որոնք գրանցվել են առցանց թերթին։
Թերթը երբեմն համարվում է իշխող կուսակցության «ձայնը» կամ հիմնականում իշխանամետ և «մոտ կառավարությանը»։
Այն ժամանակվա Ստրեյթս Թայմսի ամերիկյան լրատվական բյուրոյի ղեկավար Չուա Չին Հոնը նշել է, որ «Ստրեյթս Թայմսի խմբագիրներին պատրաստել են որպես իշխանամետ խմբագիրներ, որոնք ուշիուշով հետևում են, որպեսզի տեղական նորությունների մասին նյութերը հենվեն պաշտոնական լրահոսի վրա»․ 2009 թվականին այս խոսքերը տարածվել են Վիքիլիքսով։ Սինգապուր Փրես Հոլդինգսի նախկին ղեկավարները եղել են քաղաքացիական և հանրային ծառայողներ։ Ներկայիս ղեկավարը՝ Լի Պոոն Յանը, նախկին նախարար է Ժողովրդական գործողություն կուսակցությունից, որը եկավ փոխարինելու Թոնի Թանին։ Ստրեյթս Թայմսի ղեկավարությունը և ավագ խմբագիրները սերտ կապեր ունեն կառավարության հետ։ Թերթի գործադիր տնօրեն Ալան Չանը քաղաքացիական առաջատար ծառայող էր, նախկին ավագ նախարար Լի Կուան Յուի անձնական ավագ քարտուղարը։ Ներկայիս գլխավոր խմբագիր Ուորեն Ֆեռնանդեսը 2006 թվականի ընտրություններին Ժողովրդական գործողություն կուսակցությունից առաջադրվել է որպես թեկնածու։
Նախկին գլխավոր խմբագիր Չեն Յիփ Սենն իր «OB Markers: My Straits Times Story» հուշագրքում պատմում է, թե ինչպես է 1986 թվականից կառավարությունը թերում «վերահսկիչ» նշանակում․ «մեկին, որը կհետևի, թե արդյոք նորությունների բաժինը վերահսկողությունից դուրս է գտնվում»։ Եթե լրագրողը կամ խմբագիրը հրաժարվեին «վերահսկողից», նրանք կարող էին կորցնել աշխատանքը։ Որպես թերթի առաջին «վերահսկող» Չենն անվանում է Սելլապան Ռամանաթան Նաթանին, որը Պաշտպանության նախարարության հետախուզության և անվտանգության բաժնի տնօրենն էր, այնուհետև՝ Սինգապուրի նախագահը։
Ընթերցողները Ստրեյթս Թայմսին քննադատել են նաև անփույթ և կանխակալ նյութերի համար։ Օրինակ՝ ամեն անգամ, երբ գնացքը փչանոմ էր, թերթը հարցազրույց էր վերցնում ուղևոր Էշլի Վուից (10 ամսում 8 անգամ), փոխարենը այլ ուղևորներից նոր կարծիքներ լսեր։ Թերթը նաև հայտնի է նրանով, որ առանց նախապես տեղեկացնելու իր անկախ լրագրողներին՝ ձևափոխում է հոդվածները և տողեր ավելացնում՝ փոխելով դրանց բովանդակությունն ու շեշտադրումը։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ստրեյթս Թայմս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.