Միջազգային հարաբերություններում ուժերի հավասարակշռությունը համաշխարհային ազդեցության բաժանումն է ուժային առանձին կենտրոնների՝ բևեռների միջև։ Այն կարող է լինել երկբևեռ, բազմաբևեռ և այլն։ Ուժերի հավասարակշռության հիմնական նպատակն է կանխել պետության կամ երկրների խմբի գերիշխումը միջազգային համակարգում, ապահովել միջազգային կարգի պահպանումը։
Ուժերի հավասարակշռությունը քաղաքական ռեալիզմի և նեոռեալիզմի տեսության հիմնական հասկացություններից մեկն է։ Այս պարադիգմների ներկայացուցիչները այն համարում են միջազգային հարաբերությունների համակարգի կայունացման հիմնական ճանապարհը, միջազգային կարգի և անվտանգության հիմքը։ Ուժերի հավասարակշռությունը միջազգային հարաբերություններում, ազգերի կամ ժողովուրդների խմբի դիրքը և քաղաքականությունն է, որոնք իրենց պաշտպանում են մեկ այլ ազգի կամ ժողովուրդների խմբից`հավասարեցնելով իրենց ուժերը մյուս կողմի հետ։ Պետությունները կարող են ուժերի հավասարակշռության քաղաքականություն վարել երկու եղանակով՝ ավելացնելով սեփական ուժերը, ինչպես օրինակ, ներգրավվելով սպառազինության մրցավազքում, մրցակցային տարածքի ձեռքբերման մեջ, կամ ավելացնելով սեփական ուժերը՝ ի հակադրություն այլ պետությունների, ինչպիսին է դաշինքային քաղաքականություն վարելը։
Ուժերի հավասարակշռությունը հաճախ վճռական դեր է խաղում դիվանագիտության մեջ. տասնվեցերորդ դարից ի վեր եվրոպական գործերում «հավասարակշռության» պահպանումը համարվել է որպես քաղաքականության հիմնասյուն։
Ուժերի հավասարակշռություն տերմինը սկսվել է գործածվել Նապոլեոնյան պատերազմների ավարտից սկսված մինչև Առաջին համաշխարհային պատերազմ՝ ցույց տալով Եվրոպական պետական համակարգում գոյություն ունեցող ուժային հարաբերությունները։ Եվրոպական ուժերի հավասարակշռության ընթացքում Մեծ Բրիտանիան խաղում էր «հավասարակշռողի» կամ «հավասարակշռության պահապանի» դերը։ Հավասարակշռությունը պահպանելու համար Մեծ Բրիտանիան կարող էր դաշնակցել Եվրոպական որևէ երկրի հետ հետ։ Ծովային գերիշխանությունը և արտաքին ներխուժումից պաշտպանվածությունը նրան հնարավորություն էր տալիս իրականացնել այդ գործառույթը, ինչը եվրոպական ուժերի հավասարակշռությունը դրաձրեց ճկուն ու կայուն։
Ուժերի հավասարակշռությունը 20-րդ դարի սկզբից և դրանից հետո ենթարկվեց կտրուկ փոփոխությունների, որոնք ոչնչացրին միջնադարի վերջից գոյություն ունեցող եվրոպական ուժային կառույցը։ 20-րդ դարից առաջ քաղաքական աշխարհը բաղկացած էր ուժերի հավասարակշռության մի շարք առանձին ու անկախ համակարգերից, ինչպիսիք էին՝ եվրոպականը, ամերիկյանը, չինականը և հնդկականը։ Բայց Առաջին աշխարհամարտը և տեղի ունեցող քաղաքական դասավորությունները սկսեցին մի գործընթաց, որը, ի վերջո, հանգեցրեց աշխարհի ժողովուրդների մեծամասնության ինտեգրմանը ուժերի հավասարակշռության միասնական համակարգին։ Այս ինտեգրումը սկսվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դաշինքով՝ ընդդեմ Գերմանիայի և Ավստրիոո-Հունգարիայի։ Ինտեգրումը շարունակվեց նաև Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, որի ընթացքում Գերմանիայի, Ճապոնիայի և Իտալիայի ֆաշիստական ժողովուրդներին հակադրվում էր Խորհրդային Միության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դաշինքը։ Երկրորդ աշխարհամարտը ավարտվեց ուժերի հավասարակշռության մեծ փոփոխություններով․ փոխվեցին ուժային կենտրոնները, աշխարհը դարձավ երկբևեռ՝ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայից անցում կատարվեց երկու ոչ եվրոպական երկրներին` ԱՄՆ-ին և Խորհրդային Միությանը։ Արևմտյան Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքով միացան Միացյալ Նահանգներին, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ԽՍՀՄ-ի դաշնակիցները խորհրդային ղեկավարության ներքո, Վարշավայի պայմանագրով միավորվեցին։ Քանի որ ուժերի հավասարակշռությունն երկբևեռ էր, երկու գերտերությունների ու մյուս ժողովուրդների միջև իշխանությունների մեծ անհավասարության պատճառով եվրոպական երկրները կորցրին շարժման այն ազատությունը, որը նախկինում ունեին ճկուն համակարգի շնորհիվ։ Մի շարք փոփոխվող և ըստ էության անկանխատեսելի դաշինքների (միմյանց հետ և իրար դեմ) փոխարեն Եվրոպայի երկրներն այժմ խմբվել էին երկու գերտերությունների շուրջ։ 20-րդ դարի վերջին երրորդ աշխարհի որոշ երկրներ դիմադրեցին գերտերությունների առաջխաղացումներին և չեզոքություն պահպանեցին միջազգային քաղաքականության մեջ։ ԽՍՀՄ ազդեցությունից Չինաստանի անջատումը և նրա գաղտնի հակախորհրդային դիրքորոշումը հետագայում բարդություն առաջացրին երկբևեռ ուժերի հավասարակշռության պահպանման համար։ Ուժերի հավասարակշռության ամենակարևոր փոփոխությունները սկսվեցին 1989-1990-ական թվականներին, այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը կորցրեց վերահսկողությունը իր արևելաեվրոպական դաշնակիցների նկատմամբ և թույլ տվեց, որ այդ երկրներում իշխանության գան ոչ կոմունիստական կառավարությունները։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը եվրոպական ուժերի հավասարակշռության հայեցակարգը ժամանակավորապես անտեղի դարձրեց, քանի որ Ռուսաստանի նոր ինքնիշխան կառավարությունն ի սկզբանե ընդունեց Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի կողմից հավանության արժանացած քաղաքական և տնտեսական ձևերը։ Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Միացյալ Նահանգները պահպանել են իրենց միջուկային զինանոցները, այդպիսով նրանց միջև միջուկային սպառնալիքի հավասարակշռությունը մնում է ուժի մեջ։
Ուժերի հավասարակշռության տեսությունը, լինելեով թե՛ դասական, թե՛ նեոռեալիստական տեսության հիմքը, ձգտում է բացատրել դաշինքների ձևավորումը։ Համաձայն անարխիզմի նեոռեալիստական գաղափարի՝ որպես միջազգային համակարգի արդյունքի՝ պետությունները պետք է ապահովեն իրենց գոյատևումը՝ սեփական իշխանությունը (ուժերը) պահպանելու կամ մեծացնելու միջոցով։ Հեգեմոն պետության հարձակումներից պաշտպանվելու համար մյուս պետությունները միավորվում են՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։ Ըստ նեոռեալիզմի հիմնադիր Քեննեթ Վոլցի, «ուժերի հավասարակշռությունը գերակշռում է այնտեղ, որտեղ երկու, և միայն երկու պահանջ է բավարարվում. համակարգը լինի անարխիկ և բնակեցված լինի գոյատևել ցանկացող միավորներով»։ Նրանք կարող են դա անել կա՛մ «ներքին հավասարակշռման» միջոցով, երբ պետությունը օգտագործում է ներքին միջոցներ, ինչպիսիք են տնտեսական կարողությունների բարձրացումը, խելացի ռազմավարությունների մշակումը և ռազմական ուժի մեծացումը, կա՛մ «արտաքին հավասարակշռության» միջոցով, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետությունները արտաքին քայլեր են ձեռնարկում․ ամրապնդել իրենց անվտանգությունը՝ դաշնակիցներ կազմելով։ Համակարգում իրենց դիրքին հարմարված պետությունները հայտնի են որպես «ստատուս քվոյի» պետություններ, մինչդեռ նրանք, ովքեր ձգտում են փոփոխել ուժի հավասարակշռությունը իրենց օգտին, հիմնականում կոչվում են «ռևիզիոնիստական պետություններ» և ձգտում են հեգեմոնիայի՝ հավասարակշռությունը վերականգնելու համար։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ուժերի հավասարակշռություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.