Ժոսկեն Դեպրե, Ժոսկեն դե Պրե (ֆր.՝ Josquin des Prez, Josquin Desprez, լատին․՝ Jodocus Pratensis, Iodocus a Prato և այլն, 1455, Բորևուար, Բուրգունդյան պետություն և Vermandois, Ֆրանսիա - օգոստոսի 27, 1521, Condé-sur-l'Escaut, Իսպանական Նիդերլանդներ), ֆրանսիացի կոմպոզիտոր, ֆրանկո-ֆլամանդական բազմաձայն դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը։
Ժոսկեն Դեպրե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Josquin des Prés |
Ծնվել է | 1455 Բորևուար, Բուրգունդյան պետություն կամ Vermandois, Ֆրանսիա |
Երկիր | Հաբսբուրգյան Նիդերլանդներ և Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 27, 1521 Condé-sur-l'Escaut, Իսպանական Նիդերլանդներ |
Ժանրեր | Պատարագ (երաժշտական), Մոտետ և chanson? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Josquin des Prez Վիքիպահեստում |
1477-1478 թվականներին Էքս-ան-Պրովանս երգչախմբում եղել է երգիչ, 1480-ական թվականներին (հնարավոր է նաև 1490-ականների վերջին) ծառայել է Միլանում կարդինալ Ասքանիո Սֆորցայի մոտ, 1480-ականների սկզբին, ենթադրաբար, Լյուդովիկ XI-ի արքունիքում, իսկ 1489-1495 թվականներին՝ Հռոմի պապական երգչախմբում։ 1503-1504 թվականներին Ֆերարայի դուքս Էրկոլե I դ’Էսթեի արքունիքում աշխատել է նվագախմբի ղեկավար։ 1504 թվականից մինչև կյանքի վերջն ապրել է Ֆրանսիայում, եղել է Քոնդե-սյուր-լ’Էսքո մայր տաճարի (Էնո նահանգ) ավագ քահանա, որտեղ և թաղվել է (1793 թվականին տաճարը և գերեզմանը ոչնչացրել են ֆրանսիական հեղափոխական զորքերը)։
Ժոսկենի ժանրային և կառուցվածքային բազմազան ստեղծագործությունը վաղ Վերածննդի երաժշտության տիպային օրինակ է, իսկ նրա պոլիֆոնիկ տեխնիկան XV դարի խիստ ոճի գագաթնակետն է։
Ժոսկենը գրել է շուրջ 40 մոտետ մեծ մասամբ լատինական տեքստերի հիման վրա, այդ թվում «Vultum tuum deprecabuntur» յոթ մասերից կազմված հսկայական մոտետը, ակրոստիքոսով «Illibata Dei Virgo» մոտետը, որում ներառվել էր կոմպոզիտորի անունը։ «Absalon fili mi» («Ավեսալոմ, իմ որդի՛») մոտետը հազվագյուտ փորձ է երաժշտական հռետորության և հարմոնիայի շրջանում, որը գրվել է արտասովոր ցածր տեսիտուրայով և համարձակ բեմոլային ելևէջումներով՝ «Praeter rerum seriem» («դեպքերի սովորական ընթացքին հակառակ»), «Nymphes de bois» («Անտառային հավերժահարսներ», 1497)։ Երեք մոտետ պոլիտեքստային են (բազմատեքստային, երբ տարբեր ձայներ երգում են տարբեր տեքստեր երբեմն տարբեր լեզուներով, նման փորձ՝ տարածված դեռևս XIII—XIV դարերում). տենորը երգում է լատիներեն (գործառույթում cantus firmus), իսկ բարձր ձայները՝ ֆրանսերեն. օրինակ՝ «Que vous madame / In pace»: Որոշ երաժշտագետներ ֆրանսիական աշխարհիկ տեքստերի առկայության պատճառով դրանք առանձնացրել են հատուկ ժանրային կատեգորիայում՝ «շանսոն-մոտետներ»։
Ժոսկենի ժառանգության կենտրոնական մասն են կազմում 18 քառաձայն պատարագներ (ժամանակակից գիտությունը վիճարկել է դրանցից մի քանիսի հեղինակային իրավունքը), որոնք համարվել են Վերածննդի դարաշրջանի պոլիֆոնիկ (բազմաձայն) պատարագների մեծագույն ձեռքբերումը։ Առավել հայտնի են «L’homme armé» («Զինված մարդ», «La sol fa re mi», որտեղ կոմպոզիցիայի հիմքում դրվել է համառորեն կրկնվող արտահայտությունը, «Hercules dux Ferrarie» («Հերկուլես՝ ֆերարայի դուքս», նվիրված Էրկոլե դ’Էստե Ժոսկենի խնամակալին), «Pange lingua» («Երգի'ր, լեզու'»), «De Beata Virgine» («Օ՜ երանելի կույսին», Ժոսկենի ամենահայտնի պատարագն է եղել XVI դարի ընթացքում) պատարագները։ Ժոսկենին համարել են նախահայր պատարագում պարոդիայի տեխնիկայի, որի օրինակները կան «Malheur me bat», «Mater Patris» և «Fortuna desperata» պատարագներում։
Ժոսկենի պոլիֆոնիկ ֆակտուրայի վառ առանձնացող յուրահատկությունը երկձայն կանոններն են։ «Ad fugam» պատարագում բարձր ձայնը տենորի հետ ձգում է կանոնը ստեղծագործության ամբողջ ընթացքում («Benedictus» բաժանումը բացառելու պատճառով)։ Պատարագի առավել զարմանալի ոճային առանձնահատկություն է այն, որ յուրահատուկ երաժշտական տրամաբանությունը երբեմն գերիշխում է «տեքստային» և պատարագի երգասացության տրամաբանության վրա, մինչև իսկ արհամարհվում են լատինական շեշտերի նորմաները, ինչպես օրինակ՝ «L’ami Baudichon» պատարագում (անպատշաճ բովանդակությամբ անարվեստ պարային երգի թեմայի վրա)։ Որոշ հետազոտողներ (Մ. Լոնգ, Ու. Էլդերզ) Ժոսկենի պատարագներում հայտնաբերել են քրիստոնեական (և այլ) սիմվոլիկա։
Ժոսկենի ստեղծագործական ժառանգության մեջ աշխարհիկ ստեղծագործությունների մասը համեմատաբար փոքր է, ընդ որում մինչև հիմա նրա բազմաձայն շատ երգեր (3-6 ձայն, հաճախ 4 ձայն, առավելապես ֆրանսիական բանաստեղծությունների հիման վրա) հայտնի են պարզության և մեղեդու արտահայտչականության, կոնտրապունկտային տեխնիկայի չափավոր և արդյունավետ օգտագործման շնորհիվ։ Ժոսկենի հայտնի աշխարհիկ երաժշտության մեջ պոլիտեքստային (ֆրանկո-լատինական) եղերերգը գրվել է Օկեգեմի մահվան վրա «Nymphes des bois / Requiem aeternam», շանսոն «Baisés moy, ma doulce amye» («Համբուրի՛ր ինձ, թանկագի՛ն ընկեր», կանոն է) և «Mille regretz» («Հազար ափսոս»,վերջանում է այդ ժամանակների համար հազվագյուտ մինորային եռահնչյունով), ֆրոտոլներ «In te Domine speravi» («Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ», իտալերենի և լատիներենի արտասովոր միահյուսմամբ), «Սկարամելա» և «El grillo» («Ծղրիդ»)։ Որոշ աշխարհիկ երգեր գրվել են երաժշտական գործիքների համար («Ile fantazies de Joskin»; «Vive le roy»), կամ նրանց մեջ խիստ հնարավոր է գործիքների օգտագործումը («La Bernardina»):
Եվրոպացի կոմպոզիտորները Ժոսկենի մահվանն արձագանքել են սրտառուչ տապանագրերով, որոնց թվում էին Իերոնիմ Վինդերսի «O mors inevatibilis» և ավելի ուշ Նիկոլայ Գոմբերտի «O musae Jovis» տապանագրերը։ XVI դարում Ժոսկենը ստացել է դարաշրջանի մեծագույն կոմպոզիտորի համբավ։ Նրա երաժշտության թեմաները և ամբողջական պատառիկները դարձել են հայտնի երաժիշտների նոր բազմաձայն կոմպոզիցիաների հիմքը (օրինակ՝ «Praeter rerum seriem» մոտետը ընկած է Չիպրիանո դե Ռորի պատարագ-պարոդիայի հիմքում)։ Ժոսկենի աշակերտը՝ երաժշտական նշանավոր տեսաբան Ադրիան Կոկլիկոն, նրան անվանել է (Compendium musices, 1522) «երաժիշտներից առաջինը» (princeps musicorum), Գլարեանը մատնանշել է նրա «բնության գագաթնակետը նվաճած և նրա ուժով զինված բազմակողմանի տաղանդը»։ Մարտին Լյութերի համար Ժոսկենը եղել է անցյալի գլխավոր երաժշտական հեղինակությունը, որին մեծարանքով անվանել է «նոտաների տիրակալ»։ Ժոսկենի հայտնիության և համբավի մասին վկայակոչել են Բալդասսար Կաստիլոնեն, Ժան Լերետեն, Նիկոլյա Գամբերտը, Գեորգ Ֆորստերը, Կազիմո Բարտոլին և շատ այլ երաժիշտներ, գրականագետներ, հրատարակիչներ, հրապարակախոսներ։
Սկսած XX դարի վերջին քառորդից՝ ավելի վաղ նրան վերագրված երկերի շարքի հանդեպ Ժոսկենի հեղինակությունն ակտիվորեն վիճարկվել է։
Ծանոթագրություն. Բոլոր պատարագները քառաձայն են, եթե այլ կերպ նշված չեն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսկեն Դեպրե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ժոսկեն Դեպրե, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.