Համացանց

Համացանց, համակարգչային ցանցերի փոխկապակցված համաշխարհային համակարգ, որն օգտագործում է համացանցային արձանագրության (TCP/IP) հավաքակազմը, որպեսզի կապակցի համացանցին միացված սարքերը։ Այն ցանցերի ցանց է, որը բաղկացած է տեղական և համաշխարհային մակարդակի մասնավոր, հանրային, ակադեմիական, գործարար և կառավարական ցանցերից, որոնք միացված են էլեկտրական, անլար և օպտիկական ցանցային տեխնոլոգիաների լայն տիրույթներով։ Համացանցը սպասարկում է տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների լայն տիրույթի, ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) փոխկապակցված հիպերտեքստային փաստաթղթերը և հավելվածները, էլեկտրոնային փոստը, հեռախոսակապը և ֆայլերի կիսումը։

Համացանց
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Երթուղավորման ուղիների արտացոլումը
Երթուղավորման ուղիների արտացոլումը համացանցի մի մասում։

Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով։ 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին։ 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Ավանդական հաղորդակցման կապի միջոցները, ներառյալ՝ հեռախոսակապը, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը և թերթերը, վերափոխվում, վերանայում են իրենց ծառայությունները՝ ստեղծելով առցանց նոր ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, համացանցային հեռախոսակապը, համացանցային հեռուստատեսությունը, առցանց երաժշտությունը, թվային թերթերը, վիդեո հոսքային կայքերը։ Թերթերը, գրքերը և այլ տպագիր հրատարակություններ, ադապտացվելով վեբ տեխնոլոգիաներին, վերափոխվում են բլոգների, վեբ հոսքերի և առցանց լրատվամիջոցների։ Համացանցն ակտիվացրեց և արագացրեց անձնական շփումների նոր ձևեր` ակնթարթային հաղորդագրությունների, համացանցային համաժողովների և սոցիալական ցանցերի միջոցով։ Առցանց խանութների թիվը սրընթաց աճեց, ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել ընկերությունների ֆիզիկական ներկայությունը, որպեսզի ավելի մեծ շուկա սպասարկեն կամ նույնիսկ ամբողջությամբ ապրանքներ վաճառեն և ծառայություններ մատուցեն համացանցում։ Բիզնեսը բիզնեսին (Business-to-business) և ֆինանսական ծառայությունները համացանցում ազդում են բոլոր բնագավառների մատակարարման շղթաների վրա։

Համացանցը տեխնոլոգիական իրականացման կամ հասանելիության և օգտագործման քաղաքականությունում չունի կենտրոնացված կառավարում, յուրաքանչյուր բաղադրիչ ցանց ստեղծում է իր սեփական քաղաքականությունը։ Համացանցում միայն երկու սկզբունքային անվանումների տարածություններ՝ համացանցային արձանագրությունների հասցե (IP հասցե) տարածությունը և դոմենային անվանումների համակարգը (DNS) վերահսկվում են Համացանցային անունների և հասցեների բաշխիչ կազմակերպության կողմից (ICANN)։ Հիմնական արձանագրությունների և ստանդարտացման տեխնիկական սպասարկումն իրականացնում է Համացանցային ինժեներական խնդիրների խորհուրդ (IETF) ոչ առևտրային կազմակերպությունը, որը կազմված է ազատ կապակցված միջազգային մասնակիցներից, և որի հետ յուրաքանչյուրը կարող է համագործակցել տեխնիկական փորձաքննության միջոցով։

Համացանց
Համացանցից օգտվողների թիվն ամեն 100 բնակչի հաշվով և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն առանձին երկրների համար։

Տերմինաբանություն

    Տե՛ս նաև «Համացանցի» կապիտալիզացիա
Համացանց 
Բուկի Շվարցի համացանցային մեսինջերը, որը գտնվում է Իսրայելի Հոլոն քաղաքում։

Համացանց և համաշխարհային սարդոստայն տերմինները ամենօրյա խոսակցություններում հաճախ օգտագործվում են փոխարինաբար «համացանց մտնելու», դիտարկիչի միջոցով համացանցային էջերը դիտելու համար։ Այնուամենայնիվ, համաշխարհային սարդոստայնը կամ վեբը իրականում համացանցային մեծ թվով ծառայություններից միայն մեկն է։ Վեբը փոխկապակցված փաստաթղթերի (վեբ էջերի) և այլ վեբ ռեսուրսների հավաքածու է, որոնք կապված է հիպերհղումներով և URL-ներով։ Մեկ այլ տեսանկյունից, հիպերտեքստային փոխանցման արձանագրությունը կամ HTTP-ն՝ վեբում տեղեկատվության փոխանցման համար օգտագործվող լեզուն է, մեկն է այն բազմաթիվ լեզուներից կամ արձանագրություններից, որը կարող է օգտագործվել համացանցում հաղորդակցության համար։ Ինտերվեբ տերմինը համացանցի և համաշխարհային սարդոստայնի հավաքական անվանելու ձև է, որը սովորաբար օգտագործվում է հեգնաբար՝ տեխնիկապես ոչ հմուտ օգտվողին ծաղրելու համար։

Պատմական ակնարկ

Փաթեթների հաղորդակցման վերաբերյալ Պոլ Բարաննի և Դոնալդ Դևիսի հետազոտությունը սկիզբ է առել 1960-ականների սկզբին, և փաթեթների հաղորդակցման ցանցերը՝ NPL, ARPANET, Tymnet, Merit Network, Telenet և CYCLADES ստեղծվել են 1960-ականների վերջին և 1970-ականներին՝ օգտագործելով բազմազան արձանագրություններ։ ARPANET նախագիծը հանգեցրեց միջցանցային հաղորդակցության արձանագրությունների մշակմանը, որոնցով մի քանի առանձին ցանցեր կարող էին միավորվել մեկ ցանցում։ ARPANET-ի զարգացումը սկսվեց 1969 թվականի հոկտեմբերի 29-ից Կալիֆոռնիայում երկու ցանցային հանգույցներից, որոնցում փոխկապակցված էին Կալիֆոռնիայի համալսարանի Ցանցային չափումների կենտրոնը և Լոս Անջելեսի (UCLA) Հենրի Սամուելի անվան ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցը՝ Լեոնարդ Քլեյնրոկի գլխավորությամբ, և NLS համակարգը SRI-ում՝ Դուգլաս Էնգելբարտի և Մենլո Պարկի գլխավորությամբ։ Երրորդ կայքը Սանտա Բարբարայում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի Քուլլեր-Ֆրիդի ինտերակտիվ մաթեմատիկայի կենտրոնն էր, իսկ հետո՝ Յուտայի համալսարանի գրաֆիկայի բաժինը:1971 թվականի վերջերին տասնհինգ կայք միացավ նորաստեղծ ARPANET-ին, որը խոստումնալից զարգացման նշան էր։ Այս վաղ տարիները փաստագրվել են 1972 թվականի «Համակարգչային ցանցեր» ֆիլմում․ «Ռեսուրսների կիսման հերոսները»:Վաղ միջազգային համագործակցությունն ARPANET-ի հետ հազվադեպ էր։ Եվրոպական ինժեներ-ծրագրավորողները հետաքրքրված էին X.25 ցանցերի ստեղծմամբ։ Համագործակցության հատկանշական բացառություններ են եղել Նորվեգիայի սեյսմիկ զանգվածը (NORSAR) 1973 թվականի հունիսին, այնուհետև 1973 թվականին Շվեդիան արբանյակային կապերով Tanum Earth կայարանին միացումը և Փիթեր Տ․ Քեթրթնեթի հետազոտական խումբը Միացյալ Թագավորությունում, այնուհետև Լոնդոնի համալսարանի Ինֆորմատիկայի ինստիտուտը և հետագայում Լոնդոնի համալսարանական քոլեջը։ 1974-ի դեկտեմբերին RFC 675 (համացանցով ինֆորմացիայի փոխանցման ղեկավարման ծրագրի տեխնիկական բնութագիրը) Վինթոն Սերֆի, Յոգեն Դալալի և Քարլ Սանշայնի կողմից օգտագործեցին համացանց տերմինը, որպես փոխկապակցված ցանցի ստանդարտ, իսկ հետագայում RFC-ն կրկնեց այդ օգտագործումը։ Հասանելիությունը ARPANET-ին ընդլայնվեց 1981 թվականին, երբ Ազգային գիտական հիմնադրամը (NSF) ֆինանսավորեց Համակարգչային գիտությունների ցանցը (CSNET): 1982 թվականի (TCP/IP) համացանցային արձանագրությունը ստանդարտացվեց, որը հնարավորություն տվեց համակցված ցանցերի համաշխարհային տարածմանը։ TCP/IP ցանցային հասանելիությունը կրկին ընդլայնվեց 1986 թվականին, երբ Ազգային գիտական հիմնադրամի ցանցը (NSFNet) Միացյալ Նահանգներում հետազոտողների համար հասանելիություն տրամադրեց գերհամակարգչային կայքերին, սկզբում 56 Կբիթ/վրկ արագությամբ, ավելի ուշ՝ 1.5 Մբիթ/վրկ և 45 Մբիթ/վրկ։ Կոմերցիոն համացանցային ծառայություններ մատուցողներն (ISPs) ի հայտ եկան 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ ARPANET-ի շահագործումը դադարեցվեց 1990 թվականին։ 1995 թվականին համացային կապը լիովին առևտրայնացված էր ԱՄՆ-ում, երբ դադարեցնելով NSFNet-ի շահագործումը՝ վերացվեցին համացանցի օգտագործմամբ կոմերցիոն տրաֆիկի փոխանցման վերջին սահմանափակումները։ Եվրոպայում և Ավստրալիայում համացանցային կապն արագորեն տարածվեց 1980-ականների կեսերին, իսկ Ասիայում՝ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ NSFNET-ի և Եվրոպայի ցանցերի միջև տրանսատլանտական հաղորդակցությունը հիմնադրվեց ցածր արագությամբ արբանյակային ռելլերի միջոցով Պրինստոն համալսարանի և Ստոկհոլմի միջև 1988 թվականի դեկտեմբերին։ Թեև այլ ցանցային արձանագրություններ, ինչպիսին է UUCP-ն, համընդհանուր հասանելի են եղել ավելի շուտ, սա նախանշեց համացանցի սկիզբն որպես միջմայրցամաքային ցանց։

Համացանցի հանրային առևտրային օգտագործումը սկսվել է 1989 թվականի կեսերին, MCI Mail-ի էլեկտրոնային փոստի և Compuserve-ի համացանցի 500,000 օգտագործողների միացմամբ։ Մի քանի ամիս անց՝ 1990 թվականի հունվարի 1-ին, PSInet-ը գործարկեց կոմերցիոն օգտագործման այլընտրանքային համացանցային ցանց, որն հետագայում աճելու էր կոմերցիոն համացանցային կապի ոլորտում և որն էլ դառնալու էր այսօրվա համացանցը։ 1990 թվականի մարտին NSFNET-ի և Եվրոպայի միջև գործարկվեց առաջին արագընթաց T1 (1.5 Մբիթ/վրկ) կապը՝ միացնելով Կոռնելի համալսարանը և ՑԵՌՆ-ը, որն ավելի վստահելի հաղորդակցություն էր, քան արբանյակային կապը։ Վեց ամիս անց ՑԵՌՆ-ի կառավարման լոբբիստական գործունեությունից հետո երկու տարվա ընթացքում Տիմ Բերներս-Լին սկսելու էր գրել WorldWideWeb առաջին վեբ դիտարկիչը։ 1990 թվականի Սուրբ Ծննդյան տոներին Բերներս-Լին կառուցեց վեբի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գործիքները՝ հիպերտեքստային փոխանցման արձանագրությունը (HTTP) 0.9, հիպերտեքստային նշումների լեզուն (HTML), առաջին վեբ դիտարկիչը (որը նաև HTML խմբագիր էր և կարող էր հասանելիություն ունենալ Usenet քննարկումների համակարգին և FTP ֆայլերին), առաջին HTTP սերվերային ծրագրակազմը (հետագայում հայտնի որպես CERN httpd), առաջին վեբ սերվերը և առաջին վեբ էջերը, որոնք նկարագրում էին նախագիծը։ 1991 թվականին ստեղծվեց Կոմերցիոն համացանցային eXchange-ը, որը թույլ էր տալիս PSInet-ին հաղորդակցվել այլ կոմերցիոն ցանցերի CERFnet-ի և Alternet-ի հետ։ Սկսած 1995 թվականից համացանցը մեծապես ազդել է մշակույթի և առևտրի վրա՝ ներառելով գրեթե ակնթարթային հաղորդակցում էլեկտրոնային փոստով, ակնթարթային հաղորդագրություն, հեռախոսակապ (համացանցով ձայնի փոխանցման արձանագրություն կամ VoIP), երկկողմանի ինտերակտիվ տեսազանգեր և համաշխարհային սարդոստայնն իր քննարկման ֆորումներով, բլոգներով, սոցիալական ցանցով և առցանց խանութների կայքերով։ Տվյալների մեծացող քանակը փոխանցվում է 1 Գբիտ/վրկ, 10 Գբիտ/վրկ, կամ ավելի մեծ արագությամբ աշխատող օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով։



Աղբյուրը՝ Internet World Stats

Համացանցը շարունակում է աճել, որը պայմնավորված է առցանց տեղեկատվության և գիտելիքների, առևտրի, զվարճանքի և սոցիալական ցանցերի մեծ քանակությամբ։ 1990-ականներին հանրային համացանցային կապի թրաֆիկը տարեկան աճել էր 100 տոկոսով, իսկ համացանցից օգտվողների տարեկան աճը միջինում կազմում էր 20% -ից 50%։ Ցանցի օրգանական աճը հիմնականում պայմանավորված է կենտրոնական կառավարման բացակայությամբ, ինչպես նաև համացանցային արձանագրությունների ոչ հեղինակային բնույթով, որն ապահովում է վաճառողի փոխգործունակությունը և բացառում է որևէ մեկին շատ մեծ վերահսկողություն իրականացնել ցանցի նկատմամբ։ 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ համացանցային օգտատերերի ընդհանուր թիվը կազմել է 2.095 մլրդ մարդ (աշխարհի բնակչության 30.2%-ը)։ Գնահատվել է, որ 1993 թվականին երկկողմանի կապի միջոցով փոխանցված թվային տեղեկատվության միայն 1%-ն է փոխանցվել համացանցով, 2000 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 51%, իսկ 2007 թվականին թվային տեղեկատվության ավելի քան 97%-ը փոխանցվել է համացանցով։

Կառավարում

Համացանց 
ICANN-ի գլխավոր գրասենյակը Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելես քաղաքի Պլասա Վարտա թաղամասում։

Համացանցը համաշհարհային ցանց է, որն ներառում է կամավոր փոխկապակցված համակարգչային ավտոնոմ ցանցեր։ Այն գործում է առանց կենտրոնական կառավարման մարմնի։ Հիմնական արձանագրությունների և ստանդարտացման տեխնիկական սպասարկումն իրականացնում է Համացանցային ինժեներական խնդիրների խորհուրդ (IETF) ոչ առևտրային կազմակերպությունը՝ կազմված ազատ կապակցված միջազգային մասնակիցներից, որի հետ յուրաքանչյուրը կարող է համագործակցել տեխնիկական փորձաքննության միջոցով։ Համացանցում հիմնական անունների տարածությունների համատեղելիության սպասարկումը կառավարվում է Համացանցային անունների և հասցեների բաշխիչ կազմակերպության կողմից (ICANN)։ ICANN-ը ղեկավարվում է համացանցային տեխնիկական, գործարար, ակադեմիական և այլ ոչ առևտրային համայնքներից ներգրավված տնօրենների միջազգային խորհրդի կողմից։ ICANN-ը համակարգում է համացանցում օգտագործվող ունիկալ նույնացուցիչների նշանակումը, ներառյալ՝ դոմենային անվանումները, համացանցային արձանագրությունների (IP) հասցեները, տրանսպորտային արձանագրություններում կիրառվող ծրագրային պորտերի համարները և շատ այլ պարամետրեր։ Համընդհանուր միասնական անունների տարածությունները կարևոր են համացանցի համաշխարհային հասանելիության պահպանման համար։ ICANN-ի այս դերը տարբերակում է նրան, որպես, գուցե, միակ կենտրոնական համակարգող մարմին գլոբալ համացանցում։

Տարածաշրջանային համացանցային ռեգիստրները (RIRs) հատկացնում են IP հասցեներ․

  • Աֆրիկայի ցանցային տեղեկատվական կենտրոնը (AfriNIC) Աֆրիկայի համար,
  • Ամերիկյան համացանցայի համարների ռեգիստրը (ARIN) Հյուսիսային Ամերիկայի համար,
  • Ասիա-խաղաղօվկիանոսյան ցանցային տեղեկատվական կենտրոն (APNIC) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար,
  • Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համացանցային հասցեների ռեգիստրը (LACNIC) Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի համար
  • Réseaux IP Européens - Ցանցային համակարգման կենտրոնը (RIPE NCC) Եվրոպայի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի համար։

Միացյալ Նահանգների առևտրի բաժանմունքի Ազգային էլեկտրահաղորդակցության և տեղեկատվության կառավարման գործակալությունը ուներ DNS-ի արմատային գոտում փոփոխությունների վերջնական հավանություն տալու իրավունք, բայց 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կառավարումն անցավ IANA-ին։ Համացանցային հասարակությունը (ISOC) հիմնադրվել է 1992 թվականին, հետևյալ առաքելությամբ․ «Ապահովել համացանցի բաց ծրագրավորումը, զարգացումը և օգտագործումը համայն մարդկության օգտին»։ Այն ներառում է անհատներ (յուրաքանչյուրը կարող է միանալ), ինչպես նաև կորպորացիաներ, կազմակերպություններ, կառավարություններ և համալսարաններ։ Ի թիվս այլ գործունեությունների, ISOC-ն իրենից ներկայացնում է վարչական կետրոն՝ մի քանի նվազ պաշտոնական կազմակերպված խմբերի համար, որոնք ներգրավված են համացանցի զարգացման և կառավարման մեջ, ներառյալ՝ Համացանցային ինժեներական խնդիրների խորհուրդ (IETF), Համացանցային ճարտարապետական խորհուրդը (IAB), Համացանցային ինժեներության ղեկավարման խումբը (IESG ), Համացանցային հետազոտական խնդիրների խորհուրդը (IRTF) և Համացանցային հետազոտությունների ղեկավարող խումբը (IRSG): 2005 թվականի նոյեմբերի 16-ին, ՄԱԿ-ի հովանավորությամբ Թունիսում տեղի ունեցած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում հիմնադրվեց Համացանցային կառավարման ֆորումը՝ (IGF) համացանցի հետ կապված խնդիրները քննարկելու համար։

Ենթակառուցվածք

Տե՛ս նաև. Համացանցի օգտագործողների թվաքանակով երկրների ցանկը և համացանցային կապի արագությամբ երկրների ցանկը

Համացանց 
2007 թվականի քարտեզ, որը ցույց է տալիս ստորջրյա օպտիկամանրաթելային հեռահաղորդակցման մալուխներն ամբողջ աշխարհում:

Համացանցային հաղորդակցության ենթակառուցվածքը բաղկացած է սարքային բաղադրիչներից և ծրագրային շերտերի համակարգից, որը վերահսկում է ճարտարապետության տարբեր ճյուղերը։

Երթուղավորում և սպասարկման մակարդակներն

Համացանց 
Փաթեթի երթուղավորումը համացանցով, որը ներառում է համացանցային ծառայություններ մատուցողների մի քանի մակարդակներ:

Համացանցային ծառայություններ մատուցող (ISP) կազմակերպությունները տարբեր մակարդակներում համընդհանուր կապ են հաստատում առանձին ցանցերի միջև։ Վերջնական օգտագործողներն, որոնք մուտք են գործում համացանց գործողություն կատարելու կամ տեղեկատվություն ստանալու համար, գտնվում են երթուղավորման հիերարխիայի ստորին մակարդակում։ Երթուղավորման հիերարխիայի գագաթը հանդիսանում է առաջին մակարդակի ցանցերը, խոշոր հեռահաղորդակցման ընկերությունները, որոնք տրաֆիկը միմյանց հետ փոխանակում են անմիջականորեն՝ ըստ պիրինգային պայմանավորվածությունների։ Երկրորդ և ավելի ցածր մակարդակի ցանցերը ձեռք են բերում համացանցային տրանզիտը այլ պրովայդերներից, համացանցի որոշ մասերի հասանելիության համար, թեև նրանք կարող են զբաղվել նաև պիրինգով։ Համացանցային ծառայություններ մատուցողը կապի համար կարող է օգտագործել մեկ վերևի մակարդակի մատակարար, կամ իրականացնել բազմակի միացումներ պահուստային ռեսուրսի և ծանրաբեռնվածության հավասարակշռման համար։ Համացանցային կապի փոխանակման հանգույցները մեծ տրաֆիկի փոխանակիչներ են, որոնք ֆիզիկական կապերով կապված են բազմաթիվ համացանցային ծառայություններ մատուցողներին։ Խոշոր կազմակերպությունները, ինչպիսիք են ակադեմիական ինստիտուտները, խոշոր ձեռնարկությունները և կառավարությունները, կարող են իրականացնել այն նույն գործառույթը ինչ ISP-ները, իրենց ներքին ցանցերի անունից զբաղվելով պիրինգով և գնելով տրանզիտ։ Գիտահետազոտական ցանցերը հակված են կապվել խոշոր ենթակառուցվածքների հետ, ինչպիսիք են GEANT, GLORIAD, Internet2 և Մեծ Բրիտանիայի ազգային հետազոտական և կրթական ցանցը, JANET-ը։ Ե՛վ համացանցային IP- երի երթուղավորուման կառուցվածքը և՛ հիպերտեքային հղումները անմասշտաբ ցանցերի օրինակներ են։ Համակարգիչներն ու երթուղիչները իրենց օպերացիոն համակարգում օգտագործում են երթուղավորման աղյուսակներ IP-փաթեթները հաջորդիվ եկող երթուղիչին կամ վերջնակետին ուղղորդելու համար։ Երթուղավորման աղյուսակները սպասարկվում են երթուղավորման արձանագրություններով՝ մեխանիկական կարգավորմամբ կամ ավտոմատ։ Վերջնական հանգույցները օգտագործում են լռելյայն երթուղին, որը հղվում է տրանզիտը ապահովող ISP-ին, իսկ ISP երթուղղիչները օգտագործում են Սահմանային անցուղու արձանագրությունը գլոբալ համացանցի բարդ կապերով առավել արդյունավետ երթուղի ստեղծելու համար։

Հասանելիություն

Համացանցին օգտագործողների հասանելիության ընդհանուր միջոցները ներառում են dial-up կապը համակարգչային մոդեմների հետ հեռախոսային ցանցերով, լայնաշերտ կապ կոխական մալուխով, օպտիկամանրաթելային կամ պղնձյա լարերով, Wi-Fi -ով, արբանյակային և բջջային հեռախոսի տեխնոլոգիաներով (3G, 4G): Համացանցից հաճախ հնարավոր է օգտվել գրադարանների համակարգիչներից և համացանցային կապով սրճարաններից։ Համացանցային հասանելիության հանգույցներ կան շատ հասարակական վայրերում, ինչպիսիք են օդանավակայանների սրահները և համացանցային կապով սրճարանները։ Օգտագործվում են տարբեր տերմիններ, ինչպիսիք են հանրային համացանցային կապի կրպակ, հանրային հասանելիության տերմինալ և վճարովի վեբ հեռախոս։ Շատ հյուրանոցներ ունեն նաև հանրային տերմինալներ, սակայն դրանք սովորաբար վճարովի են։ Այս տերմինալները լայնորեն կիրառվում են տոմսի ամրագրման, բանկային ավանդավորման կամ առցանց վճարման նպատակներով։ Wi-Fi -ը անլար համացանցային կապ է ապահովում լոկալ համակարգչային ցանցերի միջոցով։ Այսպես կոչված տաք կետերը, որոնք ապահովում են նման հասանելիություն ներառում է Wi-Fi սրճարանները, որտեղ օգտվողները պետք է բերեն իրենց անլար սարքերը, օրինակ՝ դյուրակիր համակարգիչը կամ անձնական թվային օգնականը (PDA): Այս ծառայությունները համար կարող են լինել անվճար կամ վճարովի։ Մասայական ջանքերը հանգեցրեցին անլար համայնքային ցանցերի ստեղծմանը։ Կոմերցիոն Wi-Fi ծառայությունները ծածկում են քաղաքային լայն ծածկույթներ Նյու Յորքում, Լոնդոնում, Վիեննայում, Տորոնտոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում, Չիկագոյում և Փիթսբուրգում։ Այնուհետև համացանցը կարող է հասանելի լինել այգիների նստարաններից։ Wi-Fi -ից բացի, փորձարկումներ են իրականացվել բջջային հեռախոսների ցանցերի հետ, օրինակ՝ Ricochet-ը, որը տրամադրում է բազմակի և ֆիքսված արագացված ծառայություններ անլար բջջային հեռախոսների ցանցերի հիման վրա։ Բարձրակարգ բջջային հեռախոսները՝ սմարթֆոնները, ընդհանուր առմամբ համացանց են մտնում հեռախոսային ցանցի միջոցով։ Վեբ դիտարկիչներն, ինչպիսն օրինակ Օպերան է, հասանելի են այս առաջադեմ հեռախոսների վրա և կարող է աշխատեցնել այլ համացանցային ծրագրերի լայն տեսականի։ Ավելի շատ բջջային հեռախոսներ ունեն համացանցային հասանելիություն, քան համակարգիչներ, թեև դա լայնորեն չի օգտագործվում։ Համացանցային ծառայության մատակարարն ու արձանագրության մատրիցը տարբերակում են համացանց դուրս գալու մեթոդները։

Արձանագրություններ

Չնայած համացանցի ենթակառուցվածքի սարքային բաղադրիչները հաճախ օգտագործվում են այլ ծրագրային համակարգերի օժանդակման համար, բայց ծրագրավորումն ու ստանդարտացման գործընթացն է, որ բնութագրում է համացանցը և ապահովում դրա մասշտաբայնության և հաջողության հիմքը։ Համացանցային ծրագրային համակարգերի ճարտարապետական նախագծման համար պատասխանատվությունը ստանձնել է Համացանցային ինժեներական խնդիրների խորհուրդը (IETF): IETF-ն կազմակերպում է համացանցային ճարտարապետության տարբեր ասպեկտների վերաբերյալ ստանդարտացման աշխատանքային խմբեր, որոնք բաց են ցանկացած անհատի համար։ Արդյունքները և ստանդարտները հրապարակվում են որպես քննարկումների փաստաթղթեր (RFC) IETF-ի վեբ կայքում։ Համացանցի օգտագործման համար ցանցերի կառուցման հիմնական մեթոդները, պարունակվում են հատուկ նշանակված RFC-ներում, որոնք կազմում են համացանցային ստանդարտները։ Այլ պակաս կարևոր փաստաթղթեր պարզապես տեղեկատվական, փորձարարական կամ պատմական են, կամ ներկայացնում են համացանցային տեխնոլոգիաների կիրառման ժամանակ լավագույն ընթացիկ պրակտիկաները։ Համացանցի ստանդարտները նկարագրում են կառուցվածքը, որը հայտնի որպես համացանցային արձանագրության հավաքածու։ Սա մոդելային ճարտարապետություն է, որը մեթոդները կիսում է սկզբնապես RFC 1122 և RFC 1123 փաստաթղթերում ներկայացված արձանագրությունների շերտային համակարգերի։ Շերտերը համապատասխանում են այն միջավայրին կամ ոլորտին, որտեղ գործում են իրենց ծառայությունները։ Վերին շերտը կիրառական ծրագրերի մեթոդների շերտն է՝ նախատեսված կիրառական ծրագրերերի համար։ Օրինակ, վեբ զննարկիչը օգտագործում է օգտվող-սերվեր կիրառման մոդելը և սերվերների ու օգտվողների միջև փոխգործակցության որոշակի արձանագրություն, մինչդեռ բազմաթիվ ֆայլերի փոխանակման համակարգերն օգտագործում են պիրինգային նախատիպ։ Այս վերին շերտից ներքև տարսպորտային շերտն է, որը տրամաբանական ուղով, տվյալների փոխանակման համապատասխան մեթոդների միջոցով միավորում է տարբեր հոսթերի ծրագրեր։

Համացանց 
Քանի որ օգտագործողի տվյալները մշակվում են արձանագրության ստեկի միջոցով, յուրաքանչյուր աբստրակտ բաժանման շերտ ինկապսուլացիայի ինֆորմացիա է ավելացնում ուղարկող հոսթի մակարդակում: Տվյալները հոսթերի և երթուղավորիչների միջև փոխանցվում են հաղորդալարերի միջոցով կապակցման մակարդակում: Ինկապսուլացիան հեռացվում է ընդունող հոսթի կողմից: Միջանկյալ ռելեները յուրաքանչյուր անցման ժամանակ թարմացնում են կապուղիների ինկապսուլացիան և ստուգում՝ IP շերտը երթուղավորման նպատակներով:

Այս շերտերի հիմքում ցանցային տեխնոլոգիաներն են ընկած, որոնք փոխկապակցում են ցանցերը իրենց սահմաններում՝ դրանց միջոցով փոխանակելով թրաֆիկը։ Համացանցային շերտը հնարավորություն է տալիս համակարգիչներին բացահայտել և գտնել միմյանց համացանցային արձանագրության (IP) հասցեներով՝ երթուղավորել իրենց թրաֆիկը միջանկյալ (տրանզիտային) ցանցերի միջոցով։ Վերջապես, ճարտարապետության ներքևի մասում գտնվում է ուղղորդող շերտը, որն ապահովում է տրամաբանական կապը հոսթերի միջև նույն ցանցում, ինչպիսին է լոկալ ցանցը (LAN) կամ dial-up կապը։ Մոդելը, որը հայտնի է նաև որպես TCP/IP, ծրագրավորված է անկախ լինել ֆիզիկական կապի հիմքում ընկած սարքավորումներից։ Իսկ օրինակ OSI մոդելը, մշակված է լինել համապարփակ հաղորդակցման բոլոր բնագավառներում։ Չնայած մոդելների միջև գոյություն ունեն բազմաթիվ նմանություններ, դրանք համատեղելի չեն նկարագրության կամ ներդրման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, TCP/IP արձանագրությունները հաճախ ներառվում են OSI ցանցերի քննարկումներում։ Համացանցային մոդելի ամենատարածված բաղադրիչը համացանցային արձանագրությունն (IP) է, որն ապահովում է հասցեական համակարգեր, ներառյալ IP հասցեները ցանցի համակարգիչների համար։ IP-ն ապահովում է միջցանցային հաղորդակցույթունը և, ըստ էության, ստեղծում է համացանցը։ Համացանցային արձանագրության 4-րդ տարբերակը (IPv4) համացանցի առաջին սերնդում օգտագործվող նախնական տարբերակն է և դեռևս լայն կիրառում ունի։ Այն նախատեսված էր մինչև 4.3 մլրդ (109) հոսթեր հասցեավորելու համար։ Այնուամենայնիվ, համացանցի կայծակնային աճը հանգեցրեց IPv4 հասցեների սպառմանը, որի վերջնական փուլը 2011 թվականն էր, երբ համընդհանուր հասցեների բաշխման պահոցը սպառվեց։ 1990-ականների կեսերին մշակվել է IPv6 նոր արձանագրության տարբերակը, որն ապահովում է համացանցի հասցեավորման ավելի լայն հնարավորություն ու ավելի արդյունավետ երթուղավորում։ Ներկայումս IPv6-ի կիրառումն աճում է ամբողջ աշխարհում, քանի որ համացանցի հասցեների ռեգիստրները (RIRs) սկսել է կոչ անել ռեսուրսների բոլոր կառավարիչներին կազմակերպել նոր հացեների արագ ընդունումը և փոխակերպումը։

IPv6-ը կառուցվածքով ուղղակիորեն չի փոխգործակցում IPv4-ի հետ։ Ըստ էության, այն ստեղծում է համացանցի զուգահեռ տարբերակը, որն ուղղակիորեն հասանելի չէ IPv4 ծրագրային ապահոման միջոցով։ Այսպիսով, միջցանցային փոխգործակցության համար պետք է գոյություն ունենան փոխակերպման միջոցներ կամ հանգույցներ, որոնք պետք է կրկնօրինակեն ցանցային ծրագրերը երկու ցանցերի համար։ Հիմնականում բոլոր ժամանակակից համակարգչային օպերացիոն համակարգերն արձանագրության երկու տարբերակներն էլ սատարում են։ Սակայն ցանցային ենթակառուցվածքները հետ են մնում այս զարգացումներից։ Համացանցի ենթակառուցվածքը կազմող ֆիզիկական միացումների համալիր զանգվածից բացի, այն նպաստում է նաև երկկողմանի կամ բազմակողմանի առևտրային պայմանագրերի, օրինակ՝ պիրինգային համաձայնագրեր ինչպես նաև տեխնիկական բնութագրեր կամ արձանագրություններ, որոնք նկարագրում են տվյալների փոխանակումը ցանցում։ Իրոք, համացանցը սահմանվում է իր փոխկապակցված և երթուղավորման քաղաքականությամբ։

Ծառայություններ

Համացանցն իրականացնում է բազմաթիվ ցանցային ծառայություններ, ինչպիսիք են՝ սոցիալական մեդիայի ծրագրերը, Համաշխարհային սարդոստայնը, էլեկտրոնային փոստը, բազմաօգտվող առցանց խաղերը, համացանցային հեռախոսակապը, ֆայլերի փոխանակման ծառայությունները և մեծ տարածում գտած բջջային հավելվածները։

Համաշխարհային սարդոստայն

Համացանց 
Այս NeXT համակարգիչն օգտագործվել է Թիմ Բերներս Լիի կողմից CERN-ում և դարձել է աշխարհի առաջին վեբ սերվերը:

Համացանց և համաշխարհային սարդոստայն կամ պարզապես Վեբ տերմիններն ամենօրյա խոսակցություններում հաճախ օգտագործվում են փոխարինաբար, բայց այս երկու տերմինները հոմանիշներ չեն։ Համաշխարհային սարդոստայնը հիմնական կիրառական ծրագիրն է, որ միլիարդավոր մարդիկ օգտագործում են համացանցում, և այն անսահմանորեն փոխել է նրանց կյանքը։ Այնուամենայնիվ, համացանցն ապահովում է բազմաթիվ այլ ծառայություններ։ Վեբը փոխկապակցված փաստաթղթերի (վեբ էջերի) և այլ վեբ ռեսուրսների հավաքածու է, որոնք կապված է հիպերհղումներով և համապարփակ ռեսուրսային նույնականացնողներով (URIs): URI- ն սիմվոլիկորեն նույնացնում է ծառայություններ, սերվերներ և այլ տվյալների բազաներ, ինչպես նաև դրանց տրամադրած փաստաթղթերն ու ռեսուրսները։ Հիպերտեքստային փոխանցման արձանագրությունը (HTTP) Համաշխարհային սարդոստայնի հիմնական մուտքի արձանագրությունն է։ Վեբ ծառայությունները HTTP-ն օգտագործում են նաև ծրագրային համակարգերում հաղորդակցվելու համար, որպեսզի կիսվեն և փոխանակեն բիզնես տրամաբանությունը և տվյալները։ Համաշխարհային սարդոստայնի դիտակիչ ծրագրեր, ինչպիսիք են Microsoft-ի Internet Explorer/Edge, Mozilla Firefox, Opera, Apple's Safari, and Google Chrome օգտվողներին թույլ է տալիս նավարկել մեկ վեբ էջից մյուսը այդ էջերում ներառված հիպերհղումներով։ Այդ էջերը կարող են պարունակել նաև համակարգչային տվյալների ցանկացած համակցություն, ներառյալ գրաֆիկա, ձայներ, տեքստը, տեսանյութ, մուլտիմեդիա և ինտերակտիվ բովանդակություն, որը կատարվում է օգտվողը առնչվում է էջի հետ։ Հաճախորդի ծրագրային ապահովումը կարող է ներառել անիմացիաներ, խաղեր, գրասենյակային ծրագրեր և գիտական ցույցեր։ Որոնքային որոնման միջոցով, ինչպիսիք են Yahoo !, Bing- ը և Google- ը, ամբողջ աշխարհում օգտվողներն ունեն հեշտ, ակնթարթորեն օգտվել լայնածավալ և բազմաբնույթ առցանց տեղեկատվություն։ Համեմատած լինելով տպագիր լրատվամիջոցների, գրքերի, հանրագիտարանների և ավանդական գրադարանների հետ, Համաշխարհային Wide Web- ը հնարավորություն է ընձեռել լայնամասշտաբ տեղեկատվության ապակենտրոնացում։ Օգտվողի ծրագրային ապահովումը կարող է ներառել անիմացիաներ, խաղեր, գրասենյակային ծրագրեր և գիտական ցուցադրություններ։ Yahoo!, Bing և Google որոնողական համակարգերի միջոցով, օգտագործողներն ամբողջ աշխարհում կարող են դյուրին և ակնթարթային ձևով օգտվել լայնածավալ և բազմաբնույթ առցանց տեղեկատվությունից։ Ի տարբերություն տպագիր մամուլի, գրքերի, հանրագիտարանների և ավանդական գրադարանների, համաշխարհային սարդոստայնը հնարավորություն է տալիս ապակենտրոնացնել լայնամասշտաբ տեղեկատվությանը։ Վեբը նաև հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին իրենց գաղափարներն ու առաջարկները հասցնել պոտենցիալ ավելի մեծ լսարանի՝ էապես նվազեցնելով ժամանակային և ֆինանսկան ծախսերը։ Վեբ էջի, բլոգի կամ կայքի հրապարակումը քիչ սկզբնական ծախսերի հետ է կապված հաշվի առնելով, որ շատ անվճար ծառայություններ են հասանելի։ Այնուամենայնիվ, գրավիչ, բազմակողմանի և արդիական տեղեկատվություն ունեցող մեծ, պրոֆեսիոնալ վեբ կայքերի ստեղծումն ու սպասարկումը դեռևս բարդ և թանկ ծառայություն է։ Շատ անհատներ, որոշ ընկերություններ ու խմբեր օգտվում են համացանցային տեղեկամատյաններից կամ բլոգներից, որոնք հիմնականում օգտագործվում են որպես հեշտությամբ թարմացվող առցանց օրագիր։ Որոշ առևտրային կազմակերպություններ խրախուսում են աշխատակիցներին իրենց մասնագիտական ոլորտում հրապարակումներ անել, հույս ունենալով, որ այցելուները տպավորված կլինեն փորձագիտական ազատ տեղեկատվությունից և արդյունքում կհետաքրքրվեն կազմակերպությունով։

Գովազդը հանրաճանաչ վեբ էջերում կարող են շահութաբեր լինել, իսկ էլեկտրոնային առևտուրը, որն անմիջապես համացանցի միջոցով ապրանքների և ծառայությունների վաճառքն է, շարունակում է աճել։ Առցանց գովազդը մարկետինգի և գովազդի ձև է, որն օգտագործում է համացանցը, գովազդային մարկետինգային հաղորդագրություններն սպառողներին հասցնելու համար։ Այն ներառում է մարքեթինգ էլեկտրոնային փոստով, մարկետինգ որոնման համակարգերով (SEM), սոցիալական մեդիայի մարքեթինգի, գովազդի բազմաթիվ տեսակներ (այդ թվում վեբ բաններների գովազդ) և բջջային գովազդ։ 2011 թվականին համացանցային գովազդի եկամուտները Միացյալ Նահանգներում գերազանցել են կաբելային հեռուստատեսության եկամուտները և գրեթե գերազանցել են հեռարձակվող հեռուստաընկերությունների եկամուտները։ Շատ տարածված առցանց գովազդային պրակտիկան հակասական է և ավելի հաճախ է կառավարվում։ Երբ 1990-ականներին ստեղծվեց վեբը, տիպիկ վեբ էջը վեբ սերվերի վրա պահվում էր ամբողջական ձևով, HTML ձևաչափով՝ հարցման դեպքում վեբ զննարկիչին փոխանցելու համար։ Ժամանակի ընթացքում վեբ էջերի ստեղծման և սպասարկման գործընթացը դարձել է դինամիկ, ստեղծելով ճկուն դիզայն, դասավորություն և բովանդակություն։ Կայքերը հաճախ ստեղծվում են, օգտագործելով բովանդակության կառավարման ծրագրեր, նախապես շատ քիչ բովանդակությամբ։ Այս համակարգերի սատարողները, որոնք կարող են լինել աշխատակիցներ, կազմակերպության անդամներ կամ համայնքի անդամներ, որոնք բովանդակությունը լցնում են հիմնային տվյալների բազաներ, օգտագործելով այդ նպատակով նախատեսված խմբագրման էջերը, մինչդեռ այցելուները դիտում և կարդում են այս բովանդակությունը HTML ձևաչափով։

Տվյալների փոխանցում

Նիշքերի փոխանակումը համացանցի միջոցով մեծ քանակությամբ տվյալների փոխանցման օրինակ է։ նիշքը կարող է ուղարկվել հաճախորդներին, գործընկերներին և ընկերներին որպես կցված նիշք։ Այն կարելի է վերբեռնել կայք կամ նիշքերի փոխանցման արձանագրության սերվեր (FTP), որպեսզի օգտվողները կարողանան հեշտ ներբեռնել։ նիշքը կարելի է տեղադրել նաև «ընդհանուր տեղային ռեսուրսում» կամ նիշք սերվերի վրա գործընկերների կողմից ակնթարթորեն օգտագործելու համար։ Շատ օգտվողների կողմից բազմաթիվ ներբեռնումների ծանրաբեռնվածութունը կարող է նվազեցվել «հայելային» սերվերների կամ հավասարազոր ցանցերի օգտագործմամբ։ Այս բոլոր դեպքերում նիշքի հասանելիությունը կարող է վերահսկվել օգտվողի վավերացմամբ, իսկ նիշքի փոխանցումը իրականացվել գաղտնագրմամբ և այն հասանելի դարձնել վճարման դեպքում։ Գումարը կարող է վճարվել համացանցի միջոցով, օրինակ, բանկային քարտով, որի տվյալները նույնպես փոխանցվում են ամբողջությամբ գաղտնագրված։ Ստացված նիշքի ծագումն ու ամբողջականությունը կարող է ստուգվել թվային ստորագրություններով կամ MD5 գաղտնագրման միջոցով կամ այլ հաղորդագրությունների հավաքագրմամբ։ Համացանցի այս պարզ հնարավորությունները ամբողջ աշխարհում փոխում են արտադրանքի, վաճառքի և այն ամենի տարածումն, ինչը կարելի է վերածել փոխանցվող համակարգչային նիշքի։ Սա ներառում է տպագիր հրատարակությունների, ծրագրային արտադրանքի, նորությունների, երաժշտության, կինոյի, տեսանյութ, լուսանկարչություն, գրաֆիկա և այլ արվեստի բոլոր ձևերը։ Սա իր հերթին առաջացրել է մեծ տեղաշարժեր այն ոլորտներում, որոնք նախկինում վերահսկում էին այդ արտադրատեսակների արտադրությունն ու տարածումը։ Հոսքային լրատվամիջոցներն իրական ժամանակում թվային տեղեկատվության առաքումն է ուղղակիորեն վերջնական սպառողներին։ Շատ ռադիո և հեռուստատեսային հեռարձակողներ ապահովում են իրենց կենդանի աուդիո և վիդեո հոսքերը՝ իրական ժամանակում կամ հետագայում կրկին դիտելու հնարավորությամբ։ Այս մատակարարներին միացել են մի շարք համացանցային «հեռարձակողներ», որոնք երբեք չեն ունեցել եթերային լիցենզիաներ։ Սա նշանակում է, որ համացանցին միացված սարքավորումները, ինչպիսիք են՝ համակարգիչը կամ կոնկրետ ինչ-որ սարք, կարող են օգտագործվել առցանց լրատվամիջոցներին հասանելիության համար, ինչպես նախկինում դա հնարավոր էր անել միայն հեռուստատեսության կամ ռադիոընդունիչի միջոցով։ Բովանդակության մատչելի տեսակների շարքն ավելի լայն է, մասնագիտացված վեբ հոսքերից մինչև պահանջարկ ունեցող հայտնի մուլտիմեդիա ծառայություններ։ Podcasting-ը այս թեմայի ածանցյալն է, որտեղ սովորաբար աուդիո նյութը լսելու համար ներբեռնվում է համակարգիչ կամ շարժական մեդիա նվագարկիչ։ Այս մեթոդներն օգտագործելով յուրաքանչյուը կարող է պարզ սարքավորումների միջոցով ամբողջ աշխարհում աուդիո-վիզուալ նյութերի հեռարձակում իրականացնել, փոքր գրաքննության կամ լիցենզավորման վերահսկողությամբ։

Թվային մեդիահոսքը մեծացնում է պահանջը ցանցի թողունակության նկատմամբ։ Օրինակ, ստանդարտ պատկերի որակը պահանջում է 1 Մբիթ/վրկ արագություն SD 480p-ի համար, HD 720p-ի որակը պահանջում է 2.5 Մբիթ/վրկ և HDX- ի բարձր որակը պետք է ունենա 4.5 Մբիթ/վրկ 1080p-ի համար։

Վեբ տեսախցիկներն այս երևույթի էժան հավելումներ են։ Չնայած որոշ վեբ տեսախցիկներ կարող են տալ ամբողջական հաճախականության կադրերով տեսանյութ, նկարը սովորաբար փոքր է կամ դանդաղ է թարմացվում։ Համացանցից օգտվողները կարող են հետևել կենդանիներին Աֆրիկայում ջրհորի մոտ, նավերին Պանամայի ջրանցքում, երթևեկությանը մոտակա շրջապտույտում կամ վերահսկել իրենց սեփական տարածքները՝ ապրելով իրական ժամանակում։ Անձնական տեսազանգեր ու տեսակոնֆերանսներ կատարելու համար կարելի է գտնել բազմաթիվ ծրագրեր։ YouTube-ը հիմնադրվել է 2005 թվականի փետրվարի 15-ին և ներկայումս հանդիսանում է անվճար հոսքային տեսանյութերի առաջատար կայք, որը մեծ քանակությամբ օգտվողներ ունի։ Այն օգտագործում է ֆլեշ վեբ դիտարկիչ, հոսքերի փոխանցման և տեսանյութեր դիտելու համար։ Գրանցված օգտվողները կարող են վերբեռնել անսահմանափակ քանակությամբ տեսանյութեր և ստեղծել իրենց անձնական YouTube ալիքը։ Օրական YouTube-ը ունի հարյուր միլիոնավոր դիտումներ և հարյուր հազարավոր տեսանյութերի վերբեռնումներ։ Ներկայումս YouTube-ը ևս օգտագործում է HTML5 նվագարկիչ։

Սոցիալական ազդեցություն

Համացանցն ակտիվացրեց սոցիալական փոխգործակցության, գործունեության և սոցիալական միությունների նոր ձևեր։ Այս երևույթը նպաստեց համացանցի սոցիոլոգիայի գիտական ուսումնասիրությանը։

Օգտագործողներ

    Տե՛ս նաև համացանցի գլոբալ օգտագործումը և անգլերենը համացանցում
Համացանց 
Համացանցից օգտվողների թիվն ամեն 100 բնակչի հաշվով
Աղբյուրը՝ Հեռահաղորդակցության միջազգային միություն։
Համացանց 
Համացանցից օգտվողներն ըստ լեզուների
Համացանց 
Կայքերի բովադակության լեզուները

Համացանցի օգտագործումը մեծ աճ է գրանցել։ 2000 թվականից մինչև 2009 թվականն աշխարհում համացանցից օգտվողների թիվը 394 միլիոնից աճեց մինչև 1,858 միլիարդ։ 2010 թվականին աշխարհի բնակչության 22 տոկոսը համացանցին հասանելիություն ուներ, օրական կատարելով 1 միլիարդ որոնում Google-ում և 2 միլիարդ տեսանյութերի դիտում YouTube-ում, բլոգների ընթերցում 300 միլիոն օգտվողների կողմից։ 2014 թվականին համացանցից օգտվողների քանակը գերազանցեց 3 միլիարդը կամ աշխարհի բնակչության 43.6 տոկոսը, սակայն օգտվողների երկու երրորդն ամենահարուստ երկրներից էր, որոնցից Եվրոպական երկրների բնակչության 78.0 և Ամերիկայի բնակչության 57.4 տոկոսն օգտվում էր համացանցից։

Համացանցում հաղորդակցության տարածված լեզուն անգլերենն է։ Դա կարող է լինել համացանցի ծագման և անգլերեն լեզվի համաշխարհային տարածվածության արդյունքը։ Նախկինում համակարգչային համակարգերը սահմանափակված էին Տեղեկատվության փոխանակման ամերիկյան ստանդարտացման կոդով (ASCII), լատինական այբուբենի ենթաբազմության նիշերով։

Համաշխարհային սարդոստայնում անգլերենից հետո (27%) ամենից շատ պահանջվող լեզուներն են չինարենը (25%), իսպաներենը (8%), ճապոներենը (5%), պորտուգալերենն ու գերմաներենը (4%), արաբերենն, ֆրանսերենն ու ռուսերենը (3%) և կորեերենը (2%)։ Ըստ տարածաշրջանների աշխարհում համացանց օգտագործողների 42%-ն Ասիայում են, 24%-ը՝ Եվրոպայում, 14%-ը`Հյուսիսային Ամերիկայում, 10%-ը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, 6%-ն Աֆրիկայում, 3%-ը`Մերձավոր Արևելքում և 1%-ն Ավստրալիայում/Օվկիանայում։ Համացանցային տեխնոլոգիաներն՝ հատկապես Unicode-ի օգտագործմամբ, վերջին տարիներին բավականաչափ զարգացան, զարգացման լավ հնարավորություններ են առկա աշխարհում լայնորեն տարածված լեզուներով հաղորդակցվելու համար։ Այնուամենայնիվ որոշ թերություններ (լեզուների նիշերի սխալ ներկայացումներ) դեռ առկա են։

2005 թվականին անցկացված ամերիկյան ուսումնասիրության ժամանակ համացանցից օգտվող տղամարդկանց տոկոսը ավելի փոքր էր, քան կանանց տոկոսը, չնայած այդ տարբերությունը փոփոխվում էր մինչև 30 տարկենների մոտ։ Տղամարդիկ ավելի հաճախ են մուտք գործել կայքեր, ավելի շատ ժամանակ անցկացրելով առցանց և օգտվելով համացանցի լայնաշերտ ծառայություններից, մինչդեռ կանայք ավելի շատ օգտվել են շփվելու հնարավորություններից (օրինակ`էլ. փոստ)։ Տղամարդիկ ավելի հաճախ համացանցից օգտվում են վճարումներ կատարելու, աճուրդներին մասնակցելու և զվարճանալու համար, օրինակ՝ երաժշտություն և տեսանյութեր ներբեռնելու համար։ Տղամարդիկ և կանայք հավասարապես օգտվում են համացանցից առևտուր ու բանկային գործարքներ կատարելու համար։ Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2008 թվականին կանայք զգալիորեն գերազանցում էին տղամարդկանց սոցիալական ցանցերում, ինչպիսիք Ֆեյսբուքն ու Myspace-ն են, չնայած այդ փաստը տատանվում էր տարբեր տարիքային խմբերում։ Բացի դրանից, կանայք դիտում էին ավելի շատ հոսքային նյութեր, մինչդեռ տղամարդիկ ավելի շատ էին բեռնում։ Բլոգների առումով, տղամարդիկ ովքեր զբաղվում էին բլոգինգով, ավելի հավանական էր, որ ունենային մասնագիտական բլոգ, իսկ կանայք ամենայն հավանականությամբ անձնական բլոգ։

Կանխատեսվում է, որ 2020 թվականին աշխարհի բնակչության 44%-ը կդառնա համացանցից օգտվողներ։ Համացանց մուտ գործելու և համացանցի տարածվածության տեսանկյունից 2012 թվականի տվյալներով Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Դանիայի բնակչություն 93%-ից ավելին ունեն հասանելիություն համացանցին։

Մի քանի նորաբանություններ են առաջ եկել, որոնք վերաբերում են համացանցի օգտվողներին. Netizen-ը (ինչպես «ցանցի քաղաքացին») վերաբերում է առցանց համայնքների բարելավմանը և ընդհանրապես համացանցին և դրա հետ կապված քաղաքական հարցերին և իրավունքներին, ինչպիսիք են ազատ խոսքը, իսկ Internaut-ը վերաբերում է օպերատորներին կամ համացանցի տեխնիկապես բարձր հնարավորություններ ունեցող օգտվողներին, թվային քաղաքացին վերաբերում է անձին, որն օգտագործում է համացանցը հասարակական քաղաքական կյանքում մասնակցություն ունենալու համար։

Օգտագործում

Համացանցը մեծ ճկունություն է ապահովում աշխատելու ժամերի և գտնվելու վայրի հետ կապված, հատկապես անսահմանափակ բարձր արագությամբ միացումների տարածմից հետո։ Հասանելիությունը համացանցին կարելի է ստանալ գրեթե ցանկացած վայրում, բազմաթիվ միջոցներով, ներառյալ բջջային համացանցային սարքերի միջոցով։ Բջջային հեռախոսները, տվյալների քարտերն ու բջջային երթուղիչները թույլ են տալիս օգտվողներին միանալ համացանցին անլար ձևով։ Չնայած գրպանի սարքերի՝ փոքր էկրաններին այլ սահմանափակ հնարավորությունների համացանցային ծառայությունները կարող են հասանելի լինել, ներառյալ էլեկտրոնային փոստը և համաշխարհային սարդոստայնը։ Ծառայություններ մատուցողները կարող են սահմանափակել առաջարկվող ծառայությունները և համացանցի բջջային տվյալների գները կարող են զգալիորեն ավելի բարձր լինել, քան այլ համացանցային հասանելիության մեթոդները։

Նախադպրոցականից մինչև հետբուհական դոկտորական մակարդակի ուսումնական նյութերը հասանելի են կայքերում։ Օրինակներից են CBeebies-ը, վիրտուալ համալսարաններն ու Google Scholar-ը, որը գիտնական գրականության օգտվելու հնարավորություն է տալիս։ Հեռավար ուսուցման, տնային աշխատանքներ և այլ հանձնարարականներ կատարելու, ինքնաուսուցման կամ պարզապես հետաքրքիր փաստի մասին ավելին իմանալու համար, մարդիկ երբեք այսքան հեշտ չեն կարողացել կրթական տեղեկատվություն ստանալ ցանկացած մակարդակով, ցանկացած վայրից։ Ընդհանուր առմամբ համացանցը և համաշխարհային սարդոստայնը մասնավորապես հանդիսանում են ինչպես ֆորմալ այնպես էլ ոչ ֆորմալ կրթության կարևոր դերակատարներ։ Բացի այդ, համացանցը թույլ է տալիս բուհերին, մասնավորապես, սոցիալական և վարքային գիտությունների հետազոտողներին, վիրտուալ լաբորատորիաների միջոցով հեռակա հետազոտություններ անցկացնել` հիմնարար փոփոխություններ կատարելով արդյունքների ձեռքբերման և ընդհանրացնելու գործընթացում, ինչպես նաև գիտնականների հաղորդակցության և արդյունքների հրապարակման հարցում։

Գաղափարների, գիտելիքների և հմտություններ գրեթե ակնթարթային փոխանակումն ու փոխանակման ցածր գինը էապես հեշտացրեց համատեղ աշխատանքը միասնական աշխատելու ծրագրային ապահովման օգնությամբ։ Խումբ ոչ միայն կարող է շփվել և կիսվել գաղափարներով, այլ նաև համացանցի լայն հասանելիություն հնարավորություն է տալիս այդպիսի խմբերին ավելի հեշտ ձևավորել։ Դրա օրինակն է, ազատ ծրագրային ապահովման շարժումը, որն ի թիվս այլ բաների ստեղծել է Linux-ը, Mozilla Firefox-ն ու OpenOffice.org (ավելի ուշ վերանվանված LibreOffice): Համացանցիային զրուցարան, ակնթարթային հաղորդակցման համակարգ կամ սոցիալական ցանցի կայք է, թույլ է տալիս գործընկերներին օրվա ընթացքում մնալ կապի՝ աշխատելով իրենց համակարգիչներով։ Հաղորդագրությունները կարող են ավելի արագ և հարմար փոխանակվել, քան էլեկտրոնային փոստով։ Այս համակարգերը կարող են թույլ տալ փոխանակվել ֆայլերով, կիսվել նկարներով և պատկերներով, կամ թիմի անդամների միջև ձայնային և վիդեո հաղորդակցություն իրականացնել։

Բովանդակության կառավարման համակարգերը թույլ են տալիս համագործակցող թիմերին միաժամանակ աշխատել միասնական փաստաթղթերի փաթեթների վրա`առանց պատահաբար ոչնչացնելու միմյանց աշխատանքը։ Բիզնես և նախագծային թիմերը կարող են կիսվել իրենց օրացույցներով, ինչպես նաև փաստաթղթերով և այլ տեղեկություններով։ Նման համագործակցությունը տեղի է ունենում տարբեր ոլորտներում, այդ թվում գիտական հետազոտությունների, ծրագրային նախագծումումների, կոնֆերանսի պլանավորուման, քաղաքական ակտիվությունների և ստեղծագործական գործունեության։ Սոցիալ-քաղաքական համագործակցությունը նույնպես ավելի է տարածվում, համացանցի հասանելիության ու համակարգչային գրագիտության տարածմանը զուգահեռ։

Համացանցը թույլ է տալիս համակարգչից օգտվողներին ցանկացած մուտքի կետից հեռակա մուտք ունենալ այլ համակարգիչներին և տեղեկատվական շտեմարաններին։ Կախված պահանջներից մուտքը կարող է լինել նույնականացման և գաղտնագրման տեխնոլոգիաներով։ Սա խրախուսում է տնից աշխատելու և բազմաթիվ ոլորտներում համագործակցության և տեղեկատվության փոխանակման նոր ձևեր։ Տնից աշխատող հաշվապահը կարող է ստուգել մեկ այլ երկրում գտնվող ընկերության գրքույկները, որոնք տեղակայված են երրորդ երկրում գտնվող սերվերում, որը հեռակա կարգով սպասարկվում է չորրորդ երկրի ՏՏ մասնագետների կողմից։ Աշխատողը հեռու գրասենյակից՝ աշխարհի այլ կետում, գործուղման կամ արձակուրդի մեջ, կարող է հասանելիություն ունենալ էլեկտրոնային փոստին կամ ամպային ռեսուրսներին կամ բացել հեռակա մուտք գրասենյակային համակարգչին՝ օգտվելով անվտանգ վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) կապից։ Սա կարող է աշխատողին հասանելիություն տալ իր բոլոր ֆայլերին և տվյալներին, ներառյալ էլեկտրոնային փոստին և այլ ծրագրերի։ Սա հայտնի է, որպես ցանցային ադմինիստրատորների «վիրտուալ մասնավոր մղձավանջ», քանի որ այն տարածում է կորպորատիվ ցանցի անվտանգության պարամետրերը հեռավոր տեղերում և աշխատակիցների տներում։

Սոցիալական ցանցեր և ժամանց

Շատերը օգտվում են համաշխարհային սարդոստայնից նորություններց, եղանակից և սպորտից տեղեկանալու համար կամ իրենց արձակուրդը պլանավորելու, ամրագրելու և անձնական հետաքրքրություներին հետևելու համար։ Մարդիկ օգտագործում են զրույցարանները, հաղորդագրությունները և էլեկտրոնային փոստը, որպեսզի ամբողջ աշխարհով իրենց ընկերների հետ կապ պահպանեն։ Սոցիալական ցանցերը, ինչպիսիք են՝ Ֆեյսբուքը, Թվիթթեր-ն ու Myspace-ը, ստեղծեցին շփվելու և փոխազդելու նոր ձևեր։ Այս կայքերի օգտվողներն ի վիճակի են ավելացնել տեղեկատվություն ընդհանուր շահերի հետապնդման և այլ անձանց հետ կապելու համար։ Հնարավոր է նաև գտնել ծանոթներին, մարդկանց գոյություն ունեցող խմբերի միջև հաղորդակցվելու համար։ LinkedIn-ի նման կայքերը նպաստում են առևտրային և գործարար կապերին։ YouTube-ը և Flickr-ը նախատեսված են օգտագործողների տեսանյութերի և լուսանկարների համար։ Սկզբում սոցիալական ցանցերը նախատեսված էին միայն ֆիզիկական անձանց համար, այսօր դրանք լայնորեն կիրառվում են ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների կողմից, իրենց ապրաքանիշի առաջխաղացումը խթանելու համար։ «Սև գլխարկ» սոցիալական մեդիայի մեթոդները կիրառվում են որոշ կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են սպամային հաշիվները և astroturfing-ը։

Սոցիալական ցանցերում հրապարակված գրառումները (հատկապես հրապարակային) անհատների և կազմակերպությունների համար ռիսկը է այն առումով, որ հատկապես անհեթեթ կամ հակասական գրառումները հանգեցնում են անսպասելի և լայնածավալ բացասական արձագանքի զանգվածային լրատվամիջոցների և համացանցի այլ օգտագործողների կողմից։ Այս պահվածքը կարող է հանգեցնել հակասող փաստարկներ բերելուն և հրապարակային ծաղրանքի, վիրավորանքների և ատելության խոսքերի, ծայրահեղ դեպքերում, բռնության և մահվան սպառնալիքների։ Ֆեմինիստ կանանց զգալի մաս սոցիալական ցանցերում իրենց կատարված գրառումներին ի պատասխանի վիրավորանքներ են ստացել, և անցյալում Twitter-ը հատկապես քննադատվել է, որ բավարար ձևով չի պաշտպանել առցանց վիրավորանքներից տուժածներին։

Կազմակերպությունների համար բացասական արձագանքը կարող է հանգեցնել ընդհանուր ապրաքանիշի հեղինակազրկմանը, հատկապես եթե դա հաղորդվում է լրատվամիջոցների կողմից։ Այնուամենայնիվ, սա միշտ չէ որ այդպես է, քանի որ ցանկացած հեղինակազրկում կազմակերպության հանդեպ հակադիր կարծիքի ունեցող մարդկանց մոտ, երբեմն կարող է գերագնահատվել ապրաքանիշի ամրապնդմամբ, մյուսների աչքում։

Որոշ կայքեր, ինչպիսն Reddit-ն է, ունեն կանոններ, որոնք արգելում են անհատների անձնական տեղեկատվության հրապարակումը (որը հայտնի է որպես doxxing), քանի որ դա կարող է օգտագործվել համացանցի մեծաթիվ օգտվողների կողմից կոնկրետ անհատների նկատմամբ ոտնձգությունի և հետապնդումների համար։ Մասնավորապես, Reddit-ի կանոնը, որն արգելում է անձնական տեղեկատվության տեղադրումը, իրենից ենթադրում է, որ բոլոր այլ աղբյուրներից նույնականացված լուսանկարներն ու անունները պետք է գրաքննվեն Reddit-ում տեղադրվելուց առաջ։

Երեխաները առերեսվում են առցանց վտանգների, ինչպիսին կիբերհարձակումներն ու սեռական բնույթի վերաբերմունքն է կիբերհանցագործների կողմից, որոնք իրենց ներկայացնում են որպես երեխաներ։ Երեխաները կարող են նաև հանդիպել այնպիսի նյութեր, որոնք համապատասխան չեն իրենց տարիքին։ Միամիտ լինելու պատճառով նրանք կարող են նաև տեղադրել իրենց անձնական տեղեկություններ համացանցում, ինչը կարող է վտանգի ենթարկել նրանց կամ նրանց ընտանիքներին, եթե չլինի նախազգուշացվում դրա մասին։ Շատ ծնողներ նախընտրում են ֆիլտրել համացանցից ստացված տեղեկատվությունը կամ վերահսկել իրենց երեխաների առցանց գործունեությունը`փորձելով պաշտպանել իրենց երեխաներին անհամատեղելի նյութերից։ Սոցիալական ցանցերի ամենատարածված կայքեր՝ Ֆեյսբուքն ու Թվիթերը, արգելում են 13 տարեկանից փոքր օգտագործողների գրանցումը։ Սակայն այդ քաղաքականությունը սովորաբար շատ հեշտ է շրջանցել կեղծ ծննդյան ամսաթվի դնելով գրանցել 13 տարեկանից ցածր երեխաներին։ Կան երեխաների համար նախատեսված սոցիալական ցանցեր, որոնք պնդում են, որ ապահովում են ավելի բարձր մակարդակի պաշտպանություն երեխաների համար։

Օգտվելով համաշխարհային սարդոստայնից՝ առցանց պոռնոգրաֆիայի ու խաղամոլության ոլորտներն ապահովում են զգալի գովազդային եկամուտներ այլ կայքերի համար։ Չնայած նրան, որ շատ երկրների կառավարություններ փորձել են սահմանափակել այդ երկու ոլորտներն, ընդհանուր առմամբ, դրանց լայն տարածումը չի կանգնեցվել։

Համացանցում ժամանցի մեկ այլ բնագավառ է բազմախաղացող խաղերը։ Ժամանցի այս ձևը ստեղծում է համայնքներ, որտեղ բոլոր տարիքի և ծագման մարդիկ վայելում են բազմախաղացող խաղերի արագ զարգացող աշխարհը։ Չնայած առցանց խաղերը գոյույթուն ունեն 70-ական թվականներից, առցանց խաղերի ժամանակակից միջոցներից կարելի է օգտվել բաժանորդագրվելով այնպիսի ծառայություններին, ինչպիսիք են GameSpy և MPlayer: Ոչ բաժանորդները սահմանափակվում են խաղային որոշակի տեսակներով կամ որոշակի խաղերով։ Շատերը համացանցից օգտվում են երաժշտություն, կինոնկարներ և այլ աշխատանքներ ներբեռնելու համար։ Այս բոլոր գործառույթների համար գոյություն ունեն անվճար և վճարովի ծառայություններ՝ կենտրոնացված սերվերներ և հավասարազոր տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Այս աղբյուրներից որոշները ավեի շատ են հետևում հեղինակային իրավունքին քան մյուսները։

Համացանցի օգտագործումը փոխկապակցված է օգտվողների միայնակության հետ։ Միայնակ մարդիկ հակված են համացանցն օգտագործել իրենց զգացմունքներն ու պատմություններն ուրիշների հետ կիսել նպատակով, ինչպես օրինակ, «Ես միայնակ եմ ինչ-որ մեկը կխոսա ինձ հետ» կոնտեքստում։

Կիբերգաղտնիությունը նոր կազմակերպական ձև է, որը ներառում է. «Հմուտ պրակտիկների փոքրիկ խմբեր, որոնք ընդհանուր առմամբ կարող են անանուն մնալ և համեմատաբար գաղտնի գործել, չնայած ցանցով կապված են ավելի մեծ խմբի հետ, որը կիսվում է փորձով և տեղեկատվությամբ և ընդհանուր առմամբ նվիրված է որոշակի գաղափարի և առաջնորդի։ Արտասահմանյան կողմնակիցները տրամադրում են ֆինանսական աջակցություն, իսկ տեղական գործիչները կազմակերպում են դիմադրողական գործողություններ և ներքին իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն են տարածում։ Ընդհանուր առմամբ այսպիսի խմբերի անդամներն ու գործավարները կառուցում են կենսունակ հավատքի վիրտուալ համայնքներ՝ էլեկտրոնային փոստի, հրապարակումների և զրուցարանների միջոցով փոխանակվելով անձնական վկայությունները, դրանք կոլեկտիվ ուսումնասիրության առարկա դարձնելով»։ Մասնավորապես, բրիտանական կառավարությունը մտահոգություն է հայտնել համացանցում իսլամական ծայրահեղականության գաղափարների մեջ ներգրավված երիտասարդ բրիտանացի մուսուլմանների մասով, որոնց համոզում են միանալ պոտենցիալ ահաբեկչություն անող խմբերին Սիրիայում կամ Իրաքում «կռվելու» համար, ինչպիսին օրինակ, այսպես կոչված «Իսլամական պետությունն» է։

Cyberslacking-ը կարող է դառնալ կորպորատիվ ռեսուրսների արտահոսքի պատճառ։ Ըստ Peninsula Business Services-ի 2003 թվականի հետազոտության Մեծ Բրիտանիայում աշխատանքային օրվա ընթացքում աշխատակիցը միջինում 57 րոպե անցկացնում է համացանցում։ Համացանցային կախվածությունը և համակարգչի չափից ավելի օգտագործումը խանգարում է ամենօրյա կյանքին։ Նիկոլաս Գ. Կարրը կարծում է, որ համացանցի օգտագործումը այլ ազդեցություն ունի մարդկանց վրա, օրինակ` նպաստելով մակերեսային մտածողությանը, խոչընդոտում է խորը մտածողության զարգացմանը, որը կհանգեցներ իսկական ստեղծարարության։

Ամենաշատ օգտատեր ունեցող սոցիալական հարթակներ

Ստորև նշված աղյուսակում թվարկված են ամենաշատ օգտատեր ունեցող 17 հարթակները։

Աշխարհի ամենաշատ օգտատեր ունեցող սոցիալական հարթակները
հարթակ այցելությունների քանակ (մլն մարդ)
Facebook
2912
YouTube
2562
WhatsApp
2000
Instagram
1452
WeChat
1268
TikTok
1000
FB Messenger
1000
Douyin
613
Snapchat
589
Kuaishou
578
Sina Weibo
573
QQ
552
Telegram
550
Twitter
465
Pinterest
431
Reddit
430
Quora
300

Աղբյուրը՝ Datareportal.com

Ամենատարածված սոցմեդիա հարթակները՝ ըստ սեռի

Ամենանախընտրելի սոցմեդիա հարթակները՝ կին օգտատերերի շրջանում
սոցմեդիա
հարթակ
16-24տ 25-34տ 35-44տ 45-54տ 55-64տ
WHATSAPP 12,8 % 14,4% 15,6% 18,4% 20,9%
FACEBOOK 7,9% 13,5% 16,5% 17,0% 19,8%
INSTAGRAM 24,2% 18,0% 12,9% 10,3% 7,5%
WECHAT 9,2 % 13,6% 15,1% 12,1% 9,4%
DOUYIN 3,8% 5,7% 6,5% 4,8% 3,4%
TIKTOK 9,7% 5,7% 4,0% 3,4% 2,2%
TWITTER 4,7% 2,7% 2,0% 2,2% 1,8%
FB MESSENGER 2,3% 2,7% 2,9% 3,4% 3,7%
TELEGRAM 1,5% 1,4% 1,3% 1,3% 1,2%
LINE 1,0% 1,3% 2,5% 3,4% 4,4%
Ամենանախընտրելի սոցմեդիա հարթակները՝ տղամարդ օգտատերերի շրջանում
սոցմեդիա
հարթակ
16-24տ 25-34տ 35-44տ 45-54տ 55-64տ
WHATSAPP 15,6 % 17,1% 18,2% 20,4% 20,6%
FACEBOOK 11,4% 16,6% 17,8% 18,4% 19,0%
INSTAGRAM 22,7% 14,1% 8,9% 6,5% 4,9%
WECHAT 9,1% 10,3% 15,6% 13,0% 12,6%
DOUYIN 4,1% 5,7% 5,6% 4,6% 4,1%
TIKTOK 5,1% 3,7% 2,9% 2,7% 1,8%
TWITTER 3,6% 3,7% 3,2% 3,8% 3,1%
FB MESSENGER 2,3% 2,5% 2,8% 2,8% 3,1%
TELEGRAM 3,3% 2,6% 2,4% 2,0% 1,9%
LINE 0,9% 1,3% 2,1% 3,0% 4,0%

Աղբյուրը՝ Datareportal.com

Էլեկտրոնային բիզնես

Էլեկտրոնային բիզնես (e-business) ներառում բիզնես գործընթացների և գնագոյացման ողջ շղթան՝ գնումներ, մատակարարման շղթայի կառավարում, մարքեթինգ, վաճառք, հաճախորդների սպասարկում և գործարար հարաբերություններ։ Էլեկտրոնային առևտուրը (e-commerce) ձգտում է ավելացնել եկամուտները՝ օգտագործելով համացանցը հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններ ստեղծելու և բարելավելու համար։ Միջազգային տվյալների ընկերության համաձայն, աշխարհում էլեկտրոնային առևտրի ծավալը կազմում է գրեթե 16 տրիլիոն դոլար, երբ համակցում ենք համաշխարհային բիզնեսը-բիզնեսին և բիզնեսը-սպառողին գործարքները։ Oxford Economics-ի զեկույցի համաձայն թվային տնտեսության ընդհանուր չափը գնահատվում է 20.4 տրիլիոն դոլար, որը համարժեք է համաշխարհային վաճառքի մոտավորապես 13.8%-ին։

Չնայած համացանցի վրա հիմնված առևտրի տնտեսական առավելությունների մասին գրված շատ բան է գրված, կա նաև ապացույց, որ համացանցի որոշ ասպեկտներ, ինչպիսիք ծառայությունների գտնվելու վայրերն ու քարտեզներն են, կարող են նպաստել տնտեսական անհավասարության և «թվային բաժանման»։ Էլեկտրոնային առևտուրը կարող է պատասխանաու լինել ընկերությունների համախմբման և մասնատման համար, որը բերում է եկամուտների անհավասարության ավելացմանը։

Հեղինակ Էնդրյու Քինը, ով համացանցից ծնված սոցիալական փոփոխությունների քննադատ է վերջերս անդրադարձել է համացանցային բիզնեսի համախմբման տնտեսական հետևանքներին։ Քինը մեջբերելով է 2013 տեղական ինքնակառավարման ինստիտուտի զեկույցը, նշում է, որ ավանդական մանրածախ վաճառքներում յուրաքանչյուր 10 միլիոն դոլար վաճառքի համար պահանջվում է 47 մարդ, իսկ Ամազոնում՝ ընդամենը 14։ Վարձակալությունների ստարտափ Airbnb-ն, որն 2014 թվականին ուներ 700 աշխատակից գնահատվում էր 10 միլիարդ դոլար, որը կազմում էր Հիլթոն հյուրանոցների արժեքի գրեթե կեսը, որոնցում աշխատում է 152.000 մարդ։ Համացանցային տաքսի ծառայության ստարտափ Ուբերը ունի 1000 հիմնական աշխատող և գնահատվում է 18,2 միլիարդ դոլար, մոտավորապես նույնքան են գնահատվում Avis ու Hertz ընկերությունները միասի, որոնք ունեն գրեթե 60.000 աշխատող։

Հեռավար աշխատանք

Հեռավար աշխատանքն ավանդական աշխատողի և գործատուի միջև աշխատանքի կազմակերպման ձև է, երբ օգտագործվում են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են խմբային ծրագրերը, վիրտուալ մասնավոր ցանցերը, տեսազանգը, տեսակոնֆերանսը և IP հեռաձայնումը (VOIP), որպեսզի աշխատանքը կատարվի աշխատողի համար առավել հարմարավետ վայրից կամ տնից։ Դա ընկերությունների համար կարող է լինել արդյունավետ և օգտակար, քանի որ թույլ է տալիս աշխատողներին հաղորդակցվել անկախ հեռավորություններից, խնայելով՝ ուղևորությունների համար ծախսվող զգալի ժամանակ և ֆինանսներ։ Լայնաշերտ համացանցային հասանելիության տարածմանը զուգահեռ, ավելի շատ աշխատողներ տանը օգտագործելով այդ գործիքներն անհրաժեշտ համացանցային թողունակություն են ստանում, որպեսզի կապ հաստատեն իրենց կորպորատիվ ներքին ցանցերի հետ։

Միասնական հրատարակչություն

Վիքին նաև օգտագործվում է ակադեմիական համայնքում ինստիտուցիոնալ և միջազգային սահմաններում տեղեկատվության տարածման համար։ Հատկապես օգտակար է եղել միասնական դրամաշնորհ գրելու, ռազմավարական պլանավորման, վարչական փաստաթղթերի և կոմիտեի աշխատանքներում համագործակցության համար։ Միացյալ Նահանգների արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակը օգտագործում է վիքին, որպեսզի հասարակությունը համագործակցի արտոնագրման հայտերի քննությանը վերաբերող հարցերին։ Քուինս և Նյու Յորք քաղաքներում վիքին օգտագործվել է, որպեսզի թույլ տան քաղաքացիներին համագործակցել տեղական զբոսայգու նախագծման և պլանավորման աշխատանքներին։ Անգլերեն Վիքիպեդիան հմացանցային սարդոստայնում ունի ամենաշատ օգտագործվող բազան և գտնվում է բոլոր վեբ կայքերի վարկանիշային առաջին տասնյակում։

Քաղաքականություն և քաղաքական հեղափոխություններ

Համացանց 
Պաստառ Բանգկոկում 2014 թվականի թայլանդական պետական հեղաշրջման ժամանակ, տեղեկացնում է հասարակությանը, որ «հավանել» կամ «կիսվել» գործողությունները սոցիալական ցանցերում կարող են հանգեցնել ազատազրկման:

Համացանցը արդիականություն է ստացել նաև որպես քաղաքական գործիք։ 2004 թվականին ԱՄՆ-ում Հովարդ Դենի նախագահական քարոզարշավի հաջողությունը նկատելի էր համացանցի միջոցով սոցիալական աջակցությամբ։ Շատ քաղաքական խմբեր օգտվում են համացանցից նոր մեթոդներով իրենց առաքելությունը կազմակերպվելու և իրականացնելու համար, որը հանգեցնում է համացանցային ակտիվիզմին՝ առավելապես կիրառված արաբական գարնան ապստամբների կողմից։ Նյու Յորք թայմսը նշում է, որ սոցիալական կայքերը, ինչպիսիք Ֆեյսբուքն ու Թվիթերն են, օգնեցին մարդկանց Եգիպտոսում կազմակերպել քաղաքական հեղափոխություններ՝ ակցիաների և բողոքների մասին տեղեկատվություն տարածելու միջոցով։

Այնուամենայնիվ, քաղաքական դրդապատճառներով համացանցային գրաքննության դեպքեր արձանագրվում են շատ երկրներում, ներառյալ արևմտյան ժողովրդավարական երկրներում։

Բարեգործություն

Զարգացող երկրներում համացանցային էժան ծառայության տարածումը նոր հնարավորություններ է ստեղծել բարեգործությունների համար, որը թույլ տալիս անհատներին աջակցել այլ անձանց բարեգործական ծրագրերին։ DonorsChoose և GlobalGiving կայքերը թույլ են տալիս փոքր դրամաշնորհներին միջոցներ ուղղել իրենց ընտրած բարեգործական նախագծերի համար։ Համացանցի հասանելիությունը զարգացող երկրներում մարդուց-մարդուն ձևաչափով միջազգային մարդասիրական բարեգործությունը դարձրեց ավելի իրական։ 2009 թվականին ԱՄՆ-ում շահույթ չհետապնդող Zidisha կազմակերպությունն առաջարկեց առաջին մարդուց-մարդուն միկրոֆինանսական հարթակը՝ առանց միջնորդների միջազգային վարկատուների և վարկառուների միջև կապ հաստատելու համար։ Անդամները կարող են վարկեր տրամադրել մեկ դոլարից սկսած, որը վարկառուները կօգտագործեն իրենց ընտանիքների եկամուտների բարելավման բիզնես նախագծեր իրականացնելու համար, որպեսզի մարեն շահագրգիռ անդամներին վարկերը։ Իրենց վարկերը մարելուց հետո վարկառուները շարունակում են կիսել տեղեկատվություն իրենց վարկատուների հետ։ Այս ուղղակի ցանցային կապը թույլ է տալիս անդամներին ինքնուրույն կատարել ավանդաբար տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող բազմաթիվ գրանցման ծառայություններ, շրջանցելով աշխարհագրական խոչընդոտներն ու կտրուկ նվազեցնելով միկրոֆինանսական ծառայությունների արժեքը ձեռնարկատերերի համար։

Անվտանգություն

Համացանցային ռեսուրսները, սարքային և ծրագրային բաղադրիչները թիրախ են համարվում կիբեռհանցագործների համար, ովքեր ստանալով չլիազորված վերահսկողություն՝ ստեղծում են վթարային իրավիճակներ, զբաղվում են խարդախությամբ և շանտաժով կամ ստանում են հասանելիություն գաղտնի տեղեկատվությանը։

Վնասակար ծրագիր

Համացանցում օգտագործվող և տարածվող վնասակար ծրագիրը ներառում է համակարգչային վիրուսներ, որոնք բազմանում են մարդկանց օգնությամբ, «համակարգչային որդեր», որոնք բազմանում է ավտոմատ կերպով, ծրագիր` ժխտման ծառայողական հարձակումների համար, դրամաշորթ վիրուսներ, բոտնետեր և լրտեսածրագրեր, որոնք հաղորդում են օգտվողների գործունեության և մուտքագրումների մասին։ Սովորաբար այդ գործողությունները համարվում են կիբեռհանցագործություն։ Պաշտպանության տեսաբանները նաև խոսում են այս մեթոդների լայնամասշտաբ օգտագործմամբ կիբեռպատերազմների մասին[փա՞ստ]:

Վերահսկողություն

Համակարգչային վերահսկողության գերակշիռ մասը ներառում է համացանցում տվյալների և թրաֆիկի մոնիտորինգը։ Օրինակ ԱՄՆ-ում, կապի աջակցության իրավունքի կիրառման մասին օրենքի համաձայն, բոլոր հեռախոսազանգերը և լայնաշեր համացանցային թրաֆիկը (նամակները, վեբ-թրաֆիկը, ակնթարթային հաղորդագրությունները և այլն) պետք է հասանելի լինեն դաշնային իրավապահ մարմիններին՝ անընդմեջ, իրական ժամանակում մոնիտորինգի համար։ Համացանցային փաթեթների հավաքագրումը համակարգչային ցանցում տվյալների թրաֆիկի մոնիտորինգ է։ Համակարգիչները հաղորդակցվում են համացանցի միջոցով (նամակներ, պատկերներ, վիդեոներ, վեբ-էջեր, նիշքեր և այլն) «փաթեթներ» կոչվող փոքր տեղեկույթների միջոցով, որոնք երթուղավորվում են համակարգչային ցանցով մինչև կհասնեն իրենց հասցեատիրոջը՝ կրկին կազմավորվելով ամբողջական տեղեկատվության։ Փաթեթներ հավաքագրող գործիքը որսում է այդ փաթեթները, քանի դեռ դրանք երթևեկում են ցանցի միջոցով, որպեսզի տարբեր ծրագրերի օգտագործմամբ ուսումնասիրվեն դրանց բովանդակությունը։ Փաթեթների հավաքագրումը տեղեկատվության հավաքման գործիք է, այլ ոչ թե վերլուծության գործիք, այսինքն՝ այն հավաքում է «հաղորդագրություններ», բայց դրանք չի վերլուծում և հասկանում դրանց նշանակությունը։ Թրաֆիկի վերլուծության իրականացման և հավաքված տվյալներում կարևոր ու օգտակար տեղեկությունների փնտրման համար այլ ծրագրեր են անհրաժեշտ։ Միացյալ Նահագներում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություններից պահանջվում է տեղադրել փաթեթների լսման տեխնոլոգիա, որպեսզի թույլ տան դաշնային իրավապահ մարմիններին և հետախուզական գործակալություններին վերահսկել իրենց բաժանորդների համացանցային ծառայության այդ թվում ձայնային արձանագրության (VoIP) միջոցով փոխանցվող թրաֆիկը։

Վերահսկողության ժամանակ հավաքվող մեծ քանակությամբ տվյալները մոնիտորիգի համար պահանջում են ծրագրային համակարգ, որը զտում է համապատասխան տեղեկատվությունը, օրինակ՝ որոշակի բառերի կամ արտահայտությունների գործածումը, մուտքը որոշ համացանցային կայքեր կամ էլեկտրոնային փոստով որոշակի կազմակերպական կապերի հաստատումը։ Տեղեկատվության իրազեկման գրասենյակի, NSA-ի, GCHQ-ի և FBI-ի գործակալությունները տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում տվյալների հավաքագրման և վերլուծության համար աշխատող համակարգեր մշակելու, գնելու, ներդնելու և գործարկելու համար։ Նմանատիպ համակարգեր գործարկվում են Իրանի գաղտնի ոստիկանության կողմից՝ այլախոհներին բացահայտելու և ճնշելու նպատակով։ Ենթադրվում է, որ պահանջվող սարքավորումներն ու ծրագրային ապահովումը տեղադրվել է գերմանական Siemens AG և ֆիննական Nokia ընկերությունների կողմից։

Գրաքննություն

Համացանց 
Գրաքննությունը համացանցում և վերահսկողությունը ըստ պետությունների (2017)

     Համատարած հսկողություն      Շոշափելի հսկողություն      Մասնակի հսկողություն      Սակավ կամ հսկողություն չկա      Տեղեկատվություն չկա

Որոշ կառավարություններ, օրինակ՝ Բիրման, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները իրենց տարածքներում դոմեյնի և բանալի բառերի զտիչների օգտագործմամբ սահմանափակվում են համացանցի որոշակի՝ հատկապես քաղաքական և կրոնական բնույթի, բովանդակության հասանելիությունը։

Նորվեգիայում, Դանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, խոշոր համացանցային ծառայություններ մատուցողները պետք է կամավոր համաձայնել են սահմանափակել իշխանությունների կողմից թվարկված կայքերը։ Թեև արգելված կայքերի ցուցակը ենթադրվում է, որ պարունակում է միայն մանկական պոռնոգրաֆիայի կայքեր, սակայն ցանկի բովանդակությունը գաղտնի է։ Շատ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, օրենքներ են ընդունել համացանցի միջոցով որոշակի նյութերի տիրապետման կամ տարածման դեմ, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիան, բայց չեն լիազորում զտող ծրագրերով։ Շատ ազատ կամ առևտրային հասանելի ծրագրեր, որոնք կոչվում են բովանդակության կառավարման ծրագրեր, հասանելի են օգտագործողներին առանձին համակարգիչներում կամ ցանցերում վիրավորական կայքերի կանխարգելման համար, որպեսզի սահմանափակեն երեխաների հասանելիությունը պոռնոգրաֆիկ նյութերին կամ բռնության նկարագրություններին։

Գործարկում

Քանի որ համացանցը բազմատարր ցանց է, դրա ֆիզիկական բնութագրերը՝ ներառյալ կապի տվյալների փոխանցման արագությունները զգալիորեն տարբերվում են։ Այն արտացոլում է արտակարգ երևույթներ, որոնք կախված են դրա մեծամասշտաբ կազմակերպվածությունից[փա՞ստ]:

Ընդհատումներ

Համացանցային անջատման կամ ընդհատման պատճառ կարող են լինել տեղային ազդանշանային ընդհատումները։ Կապի ստորջրյա մալուխների վնասված լինելը լայտ տարածքներում կարող են հանգեցնել համացանցային կապի անսարքությունների կամ դանդաղեցումների, ինչպես 2008 թվականին ստորջրյա մալուխների վնասվելուց։ Քիչ զարգացած երկրները ավելի խոցելի են, բարձր արագությամբ կապերի քիչ քանակության պատճառով։ Ստորգետնյա մալուխները նույնպես խոցելի են, ինչպես 2011 թվականին Վրաստանում մետաղ որոնող կինը կտրել էր Հայաստանի հիմնական կապի միջոցը։ Համացանցային անջատումներն իշխանությունների կողմից կարող են կիրառվել որպես համացանցում գրաքննության ձև, ինչպես 2011 թվականին համացանցի արգելափակումը Եգիպտոսում, որով փորձում էին կասեցնել համախմբումն ու հակակառավարական ցույցերը և ցանցերի մոտ 93%-ը զրկվել էին համացանցային հասանելիությունից։

Էլեկտրաէներգիայի օգտագործում

2011 թվականին հետազոտողները գնահատել են, որ համացանցի սպառած էներգիան կազմում է 170-ից 307 ԳՎ, որը փոքր էր մարդկության կողմից սպառվող էներգիայի երկու տոկոսից։ Այս գնահատականը ներառում էր ամբողջ աշխարհում 750 միլիոն դյուրակիր համակարգիրչների արտադրման գործարկման և պարբերաբար փոխարինման, մեկ միլիարդ խելացի հեռախոսների և 100 միլիոն սերվերների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան, ինչպես նաև այն էներգիան, որն օգտագործում են երթուղիչները, բջջային կապի աշտարակները, օպտիկական բաժանարաները, Wi-Fi հաղորդիչները և ամպային պահեստի սարքերը, երբ փոխանցում են համացանցի թրաֆիկը։

Ծանոթագրություններ

Համացանց Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համացանց» հոդվածին։

Tags:

Համացանց ՏերմինաբանությունՀամացանց Պատմական ակնարկՀամացանց ԿառավարումՀամացանց ԵնթակառուցվածքՀամացանց ԱրձանագրություններՀամացանց ԾառայություններՀամացանց Սոցիալական ազդեցությունՀամացանց ԱնվտանգությունՀամացանց ԳործարկումՀամացանց ԾանոթագրություններՀամացանցԷլեկտրոնային փոստՀամակարգչային ցանցՀամաշխարհային սարդոստայն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական դրամՀրազդան (քաղաք)ԹալինԱստվածաշունչՀունաստանԼոպերամիդՔառանկյունՍմբատաբերդՀամաչափությունԵզդիներՄատենադարանՎայոց ձորի մարզԱմբերդ (ամրոց)Սահմանական եղանակԱնկլավ և էքսկլավԿարիճներՄանրանկարչությունՀապավումՄարս (մոլորակ)Արշակ ԲԱստվածՄեսրոպ ՄաշտոցՈրոշիչՆապոլեոն ԲոնապարտՔրիստափոր ԿոլումբոսԻտալիաՀայկ նահապետԱրյան ճնշումԱկրոստիքոսՊրոլակտինՍահմանների դեմարկացիա և դելիմիտացիաՎահանավանքՎարդան ՄամիկոնյանԱվստրիաԵղինջԶատիկՕրալ սեքսՎաղարշապատԹլպատումԲագարանՀրանտ Վարդանյան (գործարար)Անդրանիկ ՍողոյանՆյուտոնի օրենքներԿիպրոսՄայրցամաքՄարքեթինգՆԱՏՕՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՎանաձորՄոսկվաԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԵլակՀեշտոցԲեզոարյան այծՍեռական հարաբերությունԹվաբանական պրոգրեսիաՄարդու առնանդամԽոնարհումԿարմրուկՎահանագեղձՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԿռունկներԱղբյուր ՍերոբԱրշակունիներԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԵրկրորդ համաշխարհային պատերազմԾաղկած փշալարերԵռանկյան մակերեսԱլեքսանդր ՇիրվանզադեՎաղ հղիության արյունահոսությունՀայերեն հայհոյախոսությունԻրանԵրաժշտական գործիքներԱրցախի վարչական բաժանումԱլմա-Աթայի հռչակագիր🡆 More