Յույ Մին Փեյ (չինարեն՝ 貝聿銘, ապրիլի 26, 1917(1917-04-26), Գուանչժոու, Չինաստանի Հանրապետություն - մայիսի 16, 2019(2019-05-16), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ազգությամբ չինացի ամերիկացի ճարտարապետ։ Ծագումով Գուանչժոուից է։ Սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ապա` Հարվարդի համալսարանում` Վալտեր Գրոպիուսի մոտ։ Միս վան դեր Ռոեի` «ինտերնացիոնալ ոճի» ճարտարապետության ավանդույթների հետևորդն է։ Ստացել է բազում մրցանակներ, Պրիցկերի ճարտարապետական մրցանակի առաջին հինգ մրցանակակիրներից է։
Յույ Մին Փեյ անգլ.՝ I. M. Pei և չինարեն՝ 貝聿銘 | |
---|---|
Ի ծնե | չինարեն՝ 貝聿銘 |
Ծնվել է | ապրիլի 26, 1917[…] |
Ծննդավայր | Գուանչժոու, Չինաստանի Հանրապետություն |
Մահացել է | մայիսի 16, 2019[…] (102 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Ոճ(եր) | ինտերնացիոնալ ոճ |
Կրթություն | Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց, MIT School of Architecture and Planning? և Փենսիլվանիայի համալսարան |
Աշխատավայր | Webb and Knapp? |
Ուշագրավ աշխատանքներ | Լուվրի բուրգ, Ռոքնռոլի փառքի սրահ, Չինական բանկի աշտարակ, Mastercard International Global Headquarters?, Luce Memorial Chapel?, Bali Refuse Incineration Plant? և The Garden Hotel, Guangzhou? |
Պարգևներ | |
I. M. Pei Վիքիպահեստում |
Յույ Մին Փեյը ծագում է Մին դինաստիայից։ Ընտանիքը զբաղվել է դեղաբույսերի առևտրով։ Փեյի ծննդից մեկ տարի անց` 1918 թվականին, նրա ընտանիքը տեղափոխվել է Հոնկոնգ։ Ընտանիքի հինգ զավակներից Յույ Մինն ավելի շատ կապված էր մոր հետ։ 10 տարեկան հասակում Փեյը ընտանիքով տեղափոխվում է Շանհայ` կապված հոր պաշտոնի բարձրացման հետ։ Փեյը հաճախում է բողոքական միսիոներների դպրոց, որտեղ խիստ կարգ ու կանոն էր տիրում։ Ապագա ճարտարապետը սիրում էր խաղալ բիլիարդ և դիտել հոլիվուդյան ֆիլմեր։ Փեյի հիշողության մեջ դրոշմվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը, ինչպես նաև 14-րդ դարի բուդդայական տաճարը։
13 տարեկան հասակում Փեյը կորցնում է մորը, որ տառապում էր քաղցկեղով։ Հայրը շուտով դասավորում է իր սեփական կյանքը` կրկին ամուսնանալով։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Յույ Մին Փեյը շարունակում է իր ուսումը Փենսիլվանիայի համալսարանում, չնայած ընդունվել էր մի շարք դպրոցներ։ Ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս Շանհայում ուսանելու տարիներին Փեյը ուսումնասիրել էր Փենսիլվանիայի համալսարանի ճարտարապետության ծրագիրը, ինչը դուր էր եկել նրան։ Համալսարանի ընտրության մի կարևոր գործոն էլ Հոլիվուդն էր. Փեյին դուր էր գալիս ամերիկյան ֆիլմերում ուսանողական կյանքի ազատությունը։ 1935 թվականին նա նավով ուղևորվում է Սան Ֆրանցիսկո, ապա գնացքով Ֆիլադելֆիա։ Փենսիլվանիայի համալսարանում շեշտը դրված էր դասական ճարտարապետության վրա, մինչդեռ Փեյը հետաքրքրված էր ժամանակակից ճարտարապետությամբ։ Այս հանգամանքը ինչպես և այն, որ Փեյը փոքր-ինչ շփոթված էր շատ լավ պատրաստված մյուս ուսանողներից, ստիպում են նրան հրաժարվել ճարտարապետ դառնալու գաղափարից և տեղափոխվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան` ինժեներություն ուսանելու։ Սակայն ճարտարապետության դպրոցի դեկանը համոզում է Փեյին վերադառնալ իր նախընտրած մասնագիտությանը` ճարտարապետությանը։ Համալսարանի գրադարանում նա կարդում է Լե Կորբյուզիեի գրքերը և ոգեշնչվում ինտերնացիոնալ ոճի ճարտարապետությամբ, որին բնորոշ էին պարզ ձևերը, ապակե և մետաղյա լուծումները։ 1935 թվականի նոյեմբերին Լե Կորբյուզիեն երկու օրով այցելում է համալսարան, ինչը Յույ Մին Փեյը համարում է իր «ճարտարապետական կրթության կարևորագույն երկու օրերը»։
Փեյը հետագայում նշել է, որ չի ափսոսում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար, քանի որ «այնտեղ է սովորել շինարարության գիտությունն ու տեխնիկան, որ կարևոր նշանակություն ունի ճարտարապետության համար»։ 1940 թվականին, ստանալով ճարտարապետի որակավորում, Փեյը ցանկանում է վերադառնալ Չինաստան, սակայն չին-ճապոնական երկրորդ պատերազմը ստիպում է նրան փոխել ծրագրերը և մնալ ԱՄՆ-ում։ Երկու տարի նա աշխատում է Բոստոնի Stone & Webster ինժեներական ընկերությունում։ 1940-ական թվականներին Փեյը տեղափոխվում է Նյու Յորք, ապա սովորում Հարվարդի համալսարանում` 1945 թվականին ստանալով դիզայնի դոցենտի կոչում։
1948 թվականին Նյու Յորքում ընդունվել է աշխատանքի անշարժ գույքի խոշոր գործարար Ուիլյամ Ցեկենդորֆի մոտ։ Այնտեղ նա անցկացրել է 7 տարի, որից հետո 1955 թվականին ստեղծել է իր սեփական դիզայներական ընկերությունը` I. M. Pei & Associates, որը 1966 թվականին վերանվանվել է I. M. Pei & Partners, իսկ 1989 թվականին՝ Pei Cobb Freed & Partners: Փեյին մեծ ճանաչում է բերել Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնը Կոլորադոյում։ Մեծ հաջողություն է ունեցել նաև Մասաչուսեթսում Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքի նախագիծը։
Առաջին անգամ Չինաստան է վերադարձել 1975 թվականին, որպեսզի մշակի «Սյանշան» հյուրանոցի, Չինական բանկի աշտարակի և Հոնկոնգում կառուցվելիք երկնաքերի նախագծերը։ Փեյի նախագծով են կառուցվել արվեստի բնագավառի շատ շինություններ` թանգարաններ, արվեստի կենտրոններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յույ Մին Փեյ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Յույ Մին Փեյ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.