Համո (Համբարձում) Իվանի Բեկնազարյան (Բեկնազարով) (մայիսի 31, 1892(1892-05-31), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1965(1965-04-27), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914 թվականից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։
Համո Բեկնազարյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 31, 1892 |
Ծննդավայր՝ | Երևան, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 27, 1965 (72 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն՝ | հայ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ և գրող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0067384 |
Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։
Համո Բեկնազարյանը ծնվել է 1892 թվականի մայիսի 19 ին։ Սովորել է Երևանի, ապա՝ Նեբուռավանի գիմնազիաներում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։
1915 թվականից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թվականից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Կորսված գանձեր» (1924), «Նաթելլա» (1925) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։
1925 թվականին հրավիրվել է Երևան Դանիել Դզնունու կողմից և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թվականին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։ Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։
Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն։ «Երկրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։ Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թվական, Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք», 1954 թվական, Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թվական, կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ)։
Համո Բեկնազարյանը մահացել է 1965 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։
Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։
Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ կինոգետներ։
Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թվական՝ ռուսերեն, 1968 թվական՝ հայերեն) գրքի։
Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան։
2017 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Բեկնազարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Բեկնազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 380)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Համո Բեկնազարյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.