Կանտոնների խորհուրդ (գերմ.՝ Ständerat, ֆր.՝ Conseil des États, իտալ.՝ Consiglio degli Stati, ռոմանշ.՝ Cussegl dals Stadis), համարվում է Շվեյցարիայի Դաշնային ժողովի (Խորհրդարանի) փոքր պալատ։ Այն կազմավորվել է Դաշնային Սահմանադրությամբ 1848 թվականին։
Կանտոնների խորհուրդ գերմ.՝ Ständerat, ֆր.՝ Conseil des Etats, իտալ.՝ Consiglio degli Stati և ռոմանշ.՝ Cussegl dals Stadis | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | խորհրդարանի վերին պալատ |
Պատմություն | |
Հիմնադրված | նոյեմբերի 16, 1848 |
Ալեքս Կուպրեխտ | |
Նստատեղեր | 46 |
parlament.ch(գերմ.)(ֆր.)(իտալ.)(անգլ.) |
Դաշնային ժողովի փոքր պալատը բաղկացած է 46 անդամից՝ երկուական անդամ քսան կանտոններից յուրաքանչյուրից և մեկական՝ կիսականտոններից, անկախ նրանց բնակչության թվից։ Խորհրդում հավասարապես են ներկայացված Ցյուրիխի՝ 1,2 մլն բնակչությամբ և Ուրիի՝ 35000 բնակչությամբ կանտոնները։
Շվեյցարիայի դաշնային սահմանադրության համաձայն՝ պետության խորհրդի ընտրության եղանակը թողնված է կանտոններին, պայմանով, որ այն պետք է լինի ժողովրդավարական մեթոդով։ Այժմ բոլոր կանտոնները նախատեսում են, որ խորհրդականներն ընտրվեն համաժողովրդական ընտրություններով, թեև պատմականորեն կանտոնների օրենսդիր մարմիններն էին, որ ընտրում էին Բեռնի ներկայացուցիչներին։
Չնայած այս ազատությանը, որը Սահմանադրությունը տրամադրում է կանտոններին, բացառությամբ Նյոշատել և Յուրա կանտոնների (որոնք օգտագործում են համամասնական ընտրակարգով իրենց խորհրդին ընտրելու համար), խորհրդի անդամներն ընտրվում են մինչև երկու փուլով քվեարկության համակարգով։ Քվեարկության առաջին փուլում թեկնածուները պետք է հավաքեն ձայների բացարձակ մեծամասնությունը՝ ընտրվելու համար։ Եթե քվեարկության առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստանում բացարձակ մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ ընտրվելու համար բավական է պարզ բազմակարծությունը։ Ընտրվում են երկրորդ փուլի առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։
Այնուամենայնիվ, քվեարկելու իրավունքը տարբերվում է ըստ կանտոնային գործող օրենքի։ Հատկանշական տարբերակն այն է, որ որակավորված օտարերկրացիները կարող են քվեարկել Նյոշատելում և Յուրայում, իսկ քվեարկության նվազագույն տարիքը Գլարուսում 16 տարեկանն է։
Խորհրդի անդամները ընտրվում են չորս տարի ժամկետով և քվեարկության ընթացքում պարտավորված չեն կանտոնային իշխանությունների ցուցումներով։ Շվեյցարիայի դաշնային սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր կանտոն ինքն է սահմանում իր ներկայացուցչի ընտրության ընթացակարգը։ Միակ պայմանն այն է, որ դրանք պետք է լինեն ժողովրդավարական։ Բոլոր կանտոններում, բացառությամբ Ցուգի և Ապենցել Իներռոդենի, կանտոնների խորհրդի անդամներն ընտրվում են Ազգային խորհրդի անդամների հետ միաժամանակ։ Ապենցել Իներռոդեն կիսականտոնում ներկայացուցիչն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդական ժողովի (Landsgemeinde) կողմից։ Յուրա կանտոնում կիրառվում է համամասնական ընտրակարգը, մյուս կանտոններում պատգամավորներն ընտրվում են ձայների մեծամասնությամբ։ Խորհրդի անդամի վաղաժամկետ հետկանչ չի նախատեսված։ Միայն հրաժարականի կամ մահվան դեպքում են անցկացվում նոր ընտրություններ՝ ժամկետի մնացած մասով նրան փոխարինելու համար։
Բանավեճերի ժամանակ խորհրդականները կարող են ընտրել դաշնային լեզուներից որևէ մեկը, սովորաբար այն, որին առավել տիրապետում են՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն կամ ռոմանշերեն։ Խորհրդում քննարկումների ընթացքում օգտագործում են գերմաներեն (հիմնականում) և ֆրանսերեն լեզուները։ Իտալերենն ու ռոմանշերենը քննարկումների ընթացքում չեն օգտագործվում։ Քննարկումների ընթացքում համաժամանակյա թարգմանություն չի կատարվում։ Դա ենթադրում է, որ բոլոր պատգամավորները պետք է տիրապետեն գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին։
Կանտոնների խորհուրդը և Ազգային խորհուրդը քաղաքականապես հավասարազոր են։ Օրենքն ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե այն ընդունվել է երկու պալատների կողմից։ Բոլոր օրինագծերն անցնում են հաջորդաբար երկու խորհուրդներով։ Խորհուրդների նախագահները պետք է համատեղ որոշեն, թե պալատներից որը պետք է քննարկի առաջինը (Erstrat):
Եթե առաջին դիմումից հետո Ազգային խորհուրդը և Կանտոնների խորհուրդը չեն կարողանում համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ, ապա հաշտեցման խորհրդաժողով է հրավիրվում։ Պալատներից մեկի հաշտեցման խորհրդաժողովի անդամների կողմից մերժված առաջարկը չի ընդունվում։
Երկու պալատները միասին ձևավորում են Դաշնային ժողով, որն ընտրում է Դաշնային խորհրդի անդամներին, նախագահին և փոխնախագահին, դաշնային դատավորներին, կանցլերին և բանակի հրամանատարին (ճգնաժամի կամ պատերազմի դեպքում)։
2015 թվականի ընտրություններից հետո Կանտոնների խորհուրդն ունի հետևյալ կուսակցական կազմը․
Կուսակցություններ | 2007 | 2011 | 2015 | |
---|---|---|---|---|
Շվեյցարիայի Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն | 15 | 13 | 13 | |
Ազատ դեմոկրատական կուսակցություն։ Լիբերալներ | 12 | 11 | 13 | |
Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | 9 | 11 | 12 | |
Շվեյցարական ազգային կուսակցություն | 7 | 5 | 5 | |
Շվեյցարիայի կանաչ լիբերալ կուսակցություն | 2 | 2 | 1 | |
Շվեյցարիայի կանաչների կուսակցություն | 1 | 2 | 0 | |
Պահպանողական դեմոկրատական կուսակցություն | 0 | 0 | 1 | |
Անկախներ | 0 | 1 | 1 | |
Ընդհանուր | 46 | 46 | 46 | |
Աղբյուր՝ Շվեյցարիայի կանտոնների խորհուրդ |
Կանտոնների խորհուրդը ներկայացնում է Շվեյցարիայի դաշնային բնույթը. տեղերը բաշխվում են ըստ կանտոնի, այլ ոչ թե բնակչության։ Կանտոնների մեծ մասն ուղարկում է 2 ներկայացուցիչ, իսկ պատմական կիսականտոնները՝ Ապենցել Աուսերռոդեն, Ապենցել Իններհոդեն, Օբվալդեն, Նիդվալդեն, Բազել-Շտադ և Բազել-Լանդ, յուրաքանչյուրն ուղարկում է մեկական ներկայացուցիչ։ Հետևաբար, դաշնային խորհրդում մեկ տեղով ներկայացված մարդկանց թիվը տատանվում է 45,8 գործակցով՝ 16000-ից Ապենցել Իններհոդեն կիսականտոնի համար մինչև 733050՝ Ցյուրիխի կանտոնի երկու տեղերից յուրաքանչյուրի համար։
Հապավումներ՝ ըստ կանտոնների | Կանտոններ | Տեղեր | Բնակչություն ¹ | մեկ տեղի համար | ² |
---|---|---|---|---|---|
ZH | Ցյուրիխ | 2 | 1,466,100 | 733,050 | 1.0 |
BE | Բեռն | 2 | 1,017,200 | 508,600 | 1.4 |
VD | Վո | 2 | 773,200 | 386,600 | 1.9 |
AG | Արգաու | 2 | 653,500 | 326,750 | 2.2 |
BL | Բազել-Լանդ | 1 | 283,200 | 283,200 | 2.6 |
SG | Սանկտ Գալլեն | 2 | 499,000 | 249,500 | 2.9 |
GE | Ժնև | 2 | 484,400 | 242,200 | 3.0 |
LU | Լյուցեռն | 2 | 398,700 | 199,350 | 3.7 |
BS | Բազել-Շտադ | 1 | 191,800 | 191,800 | 3.8 |
TI | Տիչինո | 2 | 351,900 | 175,950 | 4.2 |
VS | Վալե | 2 | 335,600 | 167,800 | 4.4 |
FR | Ֆրիբուրգ | 2 | 307,400 | 153,700 | 4.8 |
TG | Թուրգաու | 2 | 267,400 | 133,700 | 5.5 |
SO | Զոլոթուռն | 2 | 266,400 | 133,200 | 5.5 |
GR | Գրաուբյունդեն | 2 | 196,600 | 98,300 | 7.5 |
NE | Նյոշատել | 2 | 178,100 | 89,050 | 8.2 |
SZ | Շվից | 2 | 154,100 | 77,050 | 9.5 |
ZG | Ցուգ | 2 | 122,100 | 61,050 | 12.0 |
AR | Ապենցել Աուսերռոդեն | 1 | 54,500 | 54,500 | 13.5 |
NW | Նիդվալդեն | 1 | 42,400 | 42,400 | 17.3 |
SH | Շաֆֆհաուզեն | 2 | 79,800 | 39,900 | 18.4 |
OW | Օբվալդեն | 1 | 37,100 | 37,100 | 19.8 |
JU | Jura | 2 | 72,800 | 36,400 | 20.1 |
GL | Գլարուս | 2 | 40,000 | 20,000 | 36.7 |
UR | Ուրի | 2 | 36,000 | 18,000 | 40.7 |
AI | Ապենցել Իներռոդեն | 1 | 16,000 | 16,000 | 45.8 |
Ընդհանուր | 46 | 8,325,200 | 180,983 | 4.1 |
Ծանոթագրություններ ¹ Բնակչության տվյալները 2015 թվականի են () ² Հարաբերական ներկայացուցչություն Ցյուրիխի համեմատ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանտոնների խորհուրդ (Շվեյցարիա)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կանտոնների խորհուրդ (Շվեյցարիա), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.