Բանտ, զնդան, կալանատուն, գաղութ, բերդ (խոսակցական) կամ «ուղղիչ տներ», շինություն, ուր արգելափակվում են դատարանի կողմից նշված ժամկետով բանտարկության դատապարտված անձինք, ազատազրկման ենթակա հանցագործները, ինչպես և դատական քննության տակ գտնվող անձանց պահելու տեղ։ Բանտերը, որպես կանոն, քրեական արդարադատության համակարգի մասն են կազմում, իսկ հանցագործության համար բանտարկելու միջոցով ազատազրկումը պետության կողմից սահմանված իրավական պատիժ է։ Խոսակցականում բոլոր տեսակի ուղղիչ-աշխատանքային հիմնարկներն անվանում են բանտ։
Բանտ բառը փոխառություն է իրանական լեզուներից՝ band, ավեստերեն banda - «կապանք, շղթա», պարսկերեն band - «կապ, շղթա», սողդերեն βand - «բանտ»։
Որպես ազատազրկման վայր՝ բանտը գոյություն է ունեցել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այն ծառայել է որպես գերիներին, պետական և ոչ պետական հանցագործներին, պարտապաններին ազատազրկելու, ինչպես նաև տարբեր պատիժների և մահապատիժների իկատարածման վայր։
Հին Հռոմում Սերվիոս Տուլլիոսի (մ.թ.ա. մոտ 578-534/533 թվականներ) ժամանակներում գոյություն ուներ Տուլիանում ստորգետնյա բանտ (միջին դարերում վերանվանվել է Մամերտինյան բանտ), որտեղ վարակիչ հիվանդություններից մահացել են շատ քրիստոնյաներ։
Միջին դարերում լայնորեն տարածված էր գերիների, պարտապանների, հանցագործների և քաղաքական վտանգ ներկայացնող անձանց փակելը վանքի խցերում, ամրոցների աշտարակներում և ասպետական դղյակներում, նաև քաղաքապետարաններում։ Տխուր համբավ ունեն Լոնդոնյան Թաուերը, Վենեցիայի Դոժերի պալատի զնդանը, Նյուրնբերգի քաղաքապետարանի ստորգետնյա բանտը։
Խաչակրաց արշավանքներից հետո համատարած մուրացկանությունը պատճառ է հանդիսացել Եվրոպայում առաջին զսպիչ տներն (գերմ.՝ Zuchthaus) ստեղծելու համար։ Այս տները սկզբում կառուցվեցին Լոնդոնում (անգլ.՝ House of correction 1550), հետո Ամստերդամում և աղքատ երեխաների համար Նյուրնբերգում (1588), Լյուբեկում (1613), Համբուրգում (1615), Մյունխենում (1682)։ Այդտեղ տեղավորում էին ոչ միայն մուրացկաններին, թափառականներին, տարբեր տիպի հանցագործներին, այլև աշխատողներին և սպասավորներին ծուլության և անհարգալից վերաբերմունքի համար։ Արդյունքում զսպիչ տները շուտով լցվեցին մարդկանցով և վերածվեցին անբարոյականության և վարակիչ հիվանդությունների (բանտային տիֆ) օջախների։
ff8 Նման սարսափելի պայմաններում էին գրեթե բոլոր բանտերը 18-րդ ընթացքում։ Բանտերը նեղ էին, ցածր առաստաղներով, բացակայում էր բավարար օդը և լույսը։ Երեխաներն, այրերն ու կանայք մի տեղում էին պահվում։ Սնունդը անբավարար էր. որպես կանոն՝ հաց ու ջուր։ Որպես անկողին ծառայում էին գրունտային ջրերով ներծծված հողե հատակի վրա փռած ծղոտյա փտած խրձերը։ Այսպիսին էին Անգլիայի բանտերը ըստ մարդասեր, անգլիացի իրավաբան Ջոն Հովարդի (անգլ.՝ John Howard 1726-1790) նկարագրության։ Սակայն նույնն էր նաև այլ երկրների բանտերի վիճակը, ինչպես օրինակ Փարիզի Բաստիլը։
Նիդերլանդները պատժի նկատմամբ առավել հումանիստական հայացքների շնորհիվ բացառություն էին. բանտերը տարբերվում էին կարգապահությամբ, հսկողությամբ և աշխատանքի կազմակերպմամբ։ 1775 թվականին Գենտում կառուցվել էր հատուկ բանտ (ֆրանսերեն Maison de force), որում բոլոր բանտարկյալները խիստ հսկողության ներքո աշխատում էին ցերեկը, իսկ գիշերը նրանց տեղավորում էին առանձին բանտախցերում՝ բանտարկյալների բարոյական նկարագիրը պահպանելու նպատակով։ Առանձին խցերում բանտարկյալներին մեկուսացնելու գաղափարի հիմքում այն էր, որ եթե բանտարկյալը մենակ չի մնում ինքն իր հետ, հետևաբար չի կարող իր մեղքը գիտակցել, զղջալ և նոր բարոյական արժեքների մասին մտածել։ Հետևաբար բանտը պետք է այնպես կառուցված լինի, որ բանտարկյալները հնարավորինս աշխարհից կտրված լինեն ողջ բանտարկության ընթացքում։ Բացի այդ Գենտի բանտում առաջին անգամ որպես ուղղիչ միջոց բանտարկյալներին բաժանել են առանձին խմբերի` հաշվի առնելով նրանց բարոյական հատկանիշները։ Այդպիսով գենտյան բանտն առաջինն էր, որ հանցագործներին ճիշտ ուղղու վրա դնելու նպատակ է հետապնդել։
Հետագայում հանցագործներին ուղղելը դարձավ բանտարկության հիմնական նպատակ նաև այլ երկրներում։ Ընդ որում ի սկզբանե բողոքական երկրներում այդ նպատակով առանձնահատուկ խստության բանտերի համակարգ մտցնելու փորձ կատարվեց։
Մեկուսացման մենախցային բանտարկության ձևն ինքնուրույն բնույթ ստացավ բանտերի փենսիլվանյան կազմակերպության և այդ կազմակերպության հիմնադիր քվակերների կրոնական աշխարհայացքի համընկման շնորհիվ.
Ամերիկայն քվակերները մտածեցին բանտը ապաշխարության վայր (penitentiary) դարձնել։ Այդ նպատակով Վալնուս սթրիթի հին բանտին կցակառուցեցին նոր 30 մենախուց ունեցող բանտ (1790)։ Դրանով սկզբնավորվեց մենախցում բանտարկելու հատուկ տեսակ։ Սակայն այս փորձը երկարատև չեղավ, քանի որ բանտերը լցվեցին, և մենախցերը ծառայեցին միայն որպես գիշերային տարածք։
Նյու Յորքի Քայուգա շրջանի այսպես կոչված Օբերնի (անգլ.՝ Auburn) համակարգում բանտարկյալների լռությունը պարտադիր էր։ Բանտարկյալներին արգելում էին նույնիսկ շուրջը նայել, իրար հետ շփվել անգամ նշաններով։ Օբուռնի բանտը նախատեսված էր 550 հոգու համար և վերջնականապես կառուցվել է 1820 թվականին։ Բանտարկյալները առավոտյան դուրս էին գալիս խցերից և ընդհանուր արհեստանոցներ էին տեղափոխվում։ Նրանք աշխատում էին խիստ հսկողության տակ լիովին լռության մեջ։ Ճաշում էին կողք կողքի, սեղանի մի ուղղությամբ նստած։ Ճնշող լռության մեջ անցնում էր ողջ օրը։ Կարգազանցները պատժվում էին մտրակելով։ Մտրակը մշտապես բանտապանների ձեռքում էր և հարվածներ կարող էին լինել ոչ միայն ասված խոսքի, այլև աշխատանքի ժամանակ որևէ ցրվածության համար։ Երեկոյան բանտախցեր գնալուց հետո կանգնած լսում էին միջանցքում կանգնած քահանայի երեկոյան աղոթքը։
ԱՄՆ-ում կարճ ժամանակի ընթացքում կառուցվել է 13 նման բանտ, այդ շարքից է Նյու Յորքի մոտ կառուցված 1000 բանտախուց ունեցող Սինգսինգ բանտը (անգլ.՝ Sing Sing Correctional Facility) (1825 թվական)։ Օբորնի համակարգը ավելի մեղմ ձևով լայն տարածում գտավ Եվրոպայում։
1818 թվականին Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ (անգլ.՝ Pittsburgh) քաղաքում որոշում կայացվեց կառուցել բանտ, որն ավարտվեց 1826 թվականին։ Առանձին բանտարկության համակարգը կոչվեց Փենսիլվանյան համակարգ։ Առաջին իսկ տարիներից նկատվեցին միայնակ մեկուսացման առավելությունները. պակասեցին փախուստները, անհնար դարձան դավադրությունները և համատեղ բողոքի ակցիաներըը, ինչպես նաև բանտարկյալների այլասերումը։ Սակայն հասարակությունից լիովին մեկուսացումը, հարազատների հետ նույնիսկ նամակագրության արգելումը շատերին խելագարության էր հասցնում, բանտարկյալները մշտապես ճնշված էին, նրամց մոտ ամեն ինչի նկատմամբ անմասնակից վերաբերմունք, ապատիա էր զարգանում։
Առաջադեմ կամ իռլանդական համակարգը հաստատվել է Իռլանդիայում 1854 թվականի օգոստոսի 7-ի օրենքով (Irish prisons act)։ Ուղղված էր հանցագործների սոցիալականացմանը ինքնագործունեության և մերժվածներից աստիճանաբար լիարժեք քաղաքացի դառնալուն։ Այդ նպատակով երկարատև պատիժը բաժանվում էր խստությունն աստիճանաբար մեղմացվող 4 մակարդակների։
Այս համակարգը Եվրոպայում էականորեն ազդեց բանտային ազատազրկման մարդասիրացմանը։
Փորձը ցույց տալիս, որ բանտը դիմազրկում է բանտարկյալին, դարձնում նրան ճշտորեն կատարող և ոչ թե գործունյա մարդ, նրա կյանքը չափված և ձևված է, նրա կամքը լիովին հանձնված է բանտային ղեկավարությանը, ազատումը լիովին պայմանավորված է բանտային ռեժիմին ամբողջությամբ ենթարկվելուց։ Այդ իսկ պատճառով հաճախ բանտից դուրս գալով մարդիկ ենթարկվում են առաջին գայթակղությանը, չեն կարողանում դիմակայել ուրիշների ազդեցությանը։ Այդ բացը լրացնելու նպատակին պետք է ծառայեին անցումային բանտերը, որտեղ ազատ մարդուն վայել, նորմալ աշխատանքային պայմաններ էին ապահովվում, բանտից դուրս գալու գնումներ կատարելու հնարավորություն կար, համազգեստը բացակայում էր և այլն։ Որոշակի ժամանակ անց նրանք ազատագրվում էին բանտից կամ լիովին ներում էր շնորհվում նրանց։ Որպես կարգապահական պատասխանատվություն կիրառվում էր ընդհանուր ռեժիմի բանտ վերադարձնելը։ Այժմ նման անցումային բանտեր կան միայն Իռլանդիայի Լասկում (Lusk) և կանանց գաղութ Դուբլինում
Հին Ռուսիայից հայտնի է Ռուսկայա Պրավդա (1019-1054) իրավական նորմերի ժողովածուն, որի հիման վրա կազմվել և կատարելագործվել են.
Առաջին անգամ բանտերի մասին՝ որպես պատիժը կրելու հիմնական և լրացուցիչ զնդան, հիշատակվում է 1550 թվականի Իվան IV Ահեղ Դատաստանագրքում։ Բանտ նետվում էին ծանր հանցագործները, մեղքը չխոստովանածները։ Բանտարկությունը նաև մահվան դատապարտելուն հավասարազոր պատժամիջոց էր։
1649 թվականից հիշատակվում է պատժաչափը և բանտարկյալներին պահելու կանոնները։ 1845 թվականից Ռուսական կայսրությունում քաղաքական հանցագործների թվի աճի հետ միաժամանակ բանտարկյալներին սկսեցին օգտագործել որպես էժան աշխատուժ։ 1933 թվականին բանտերը վերանվանվել են կալանման տուն (домзак), 1963 թվականին՝ հետաքննության մեկուսարաններ, որտեղ մնում էին հետաքննության տակ գտնվողները, որոնց համար կալանք էր սահմանված։ Ռուսաստանում բանտերի կազմակերպումը կարգավորող հիմնական փաստաթուղթը 1970 թվականի ՌԽՍՖՀ Ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքն է եղել (ИТК նախատեսում էր Ուղղիչ Աշխատանքներ կամ Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում ազատազրկում), որին փոխարինել է 1997 թվականի հունվարի 8-ի Ռուսաստանի Դաշնության Քրեակատարողական օրենսգիրքը, որը քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթն է
1955 թվականին ՄԱԿ-ի առաջին կոնգրեսը հանցագործությունը կանխելու և օրինազանցների հետ վարվելակերպի վերաբերյալ ընդունել է «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտացված կանոններ»։ Այս փաստաթուղթը կրում է հանձնարարական բնույթ, համաձայն որի՝ բանտային կարգը պետք է նվազագույնս տարբերվի ազատության մեջ եղած կյանքի կարգից, որպեսզի «բանտարկյալների մեջ չմարի պատասխանատվության զգացումը և մարդկային արժանապատվության գիտակցությունը»։ Բանտերում պետք է արգելվի խտրականությունը։ Տղամարդիկ և կանայք, մեղադրյալները և դատապարտվածները, անչափահաս և չափահաս բանտարկյալները, առաջին անգամ դատապարտվածները և ռեցիդիվիստները պետք է առանձնացվեն իրարից։ Յուրաքանչյուր դատապարտվածի համար նախատեսված է առանձին «խուց կամ սենյակ», իսկ ընդհանուր բանտախցում լինելու դեպքում՝ առանձին մահճակալ։ Բանտախցերի լուսավորությունը պետք է «տեսողության համար անվնաս» լինի՝ ընթերցանության և աշխատելու համար, իսկ օդափոխությունը պետք է համապատասխանի սանիտարական նորմերին։ Զուգարանները պետք է մաքուր պահվեն և բանտարկյալները անարգել պետք է օգտվեն դրանցից։ Բանտարկյալներին պետք է թույլատրվի լողանալ նվազագույնը շաբաթը մեկ անգամ, տղամարդիկ՝ պարբերաբար սափրվեն։ Սնունդը պետք է լինի պարբերական և «բավարար առողջությունը և ուժերը պահպանելու համար», իսկ ջուրը՝ միշտ հասանելի։ Բանտարկյալները պետք է պարբերաբար անձնական շփման հնարավորություն ունենան հարազատների և մտերիմների հետ։ Նրանք պետք է նորություններին տեղեկանալու հնարավորություն ունենան կամ ԶԼՄ-ներից, կամ «ղեկավարության հսկողությամբ այլ միջոցներից»։ Յուրաքանչյուր բանտ պետք է գրադարան ունենա։ Բանտարկյալները պարտավոր են աշխատել, բայց աշխատանքը չպետք է նրանց տառապանք պատճառի և պետք է «արդարացի վարձատրվի»։ Կարգապահական պատիժներ կիրառելիս անհրաժեշտ է զերծ մնալ դաժանությունից, մարդկային արժանապատությունը նվաստացնելուց, անհրաժեշտ է լիովին բացառել մարմնական պատիժները, «մութ խցերում» տեղավորելը, շղթաներ և կանդալներ օգտագործելը։ Բոլոր բանտերի անձնակազմում պետք է լինի բժիշկ-թերապևտ և բանտարկյալները պետք ստանան մասնագիտական ատամնաբուժական օգնություն։
Եվրոպական Միության անդամ երկրներին այս փաստաթղթին զուգահեռ ցուցված է կիրառել նաև «Եվրոպական քրեակատարողական կանոնները», որոնք բացի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտացված կանոններից» պարունակում են լրացուցիչ պահանջներ։ Օրինակ, լոգանքի և ցնցուղի սենյակները պետք է բավարար լինեն, որ յուրաքանչյուր բանտարկյալ կարողանա օգտվել ըստ հնարավորության ամեն օր կամ գոնե շաբաթը երկու անգամ։ Բանտային սննունդը պետք է նկատի առնի յուրաքանչյուր բանտարկյալի կրոնական և կուլտուրական ավանդույթները։ Բանտարկայլների համար նախատեսված է արձակուրդ, որը ենթադրում է բանտից դուրս գալ։
Պատժիչ և ուղղիչ նպատակների համար բանտերում կիրառում են բազմատեսակ միջոցներ։
Բանտարկյալներին պահելու տեսակները ինչպես այժմ, այնպես էլ պատմության մեջ կարելի է բաժանել երեք մասի.
Մենախցային բանտարկության հիմքում Փենսիլվանյան համակարգն է ընկած։ Այն իր հերթին լինում է.
Բոլոր առավելություններով հանդերձ այս մեթոդը չի կարող լինել արդյունավետ, քանի որ համեմատվելու և հակադրվելու հնարավորություն չկա, որը աշխատանքում հաջողության հասնելու գրավականն է։ Փենսիլվանյան այս համակարգն առ այսօր գործում է Հյուսիսային Ամերիկայի, Անգլիայի, Բելգիայի, Հոլանդիայի բանտերում։ Գերմանիայում այդ համակարգի ամենահայտնի բանտեր համարվում են Բեռլինի Moabit Zuchthaus-ը և Բադենի մեծ հերցոգության Bruchsall Zuchthaus:
Այս բանտարկության հիմքում Օբերնյան համակարգ (Օբերն քաղաքի անվամբ) կամ Լռության համակարգն է ընկած. «Մարդիկ հանցագործներ են դառնում ծուլությունից և բանտը պետք է լինի աշխատանքային տուն»։ Մեր ժամանակներում այս համակարգը արգելում է աղմուկը, երկարատև զրույցները։ Գործում է նաև բանտարկյալներին ըստ դասերի բաժանելու մեթոդը, հատկապես հուսադրող բանտարկյալների նկատմամբ ուղղման միջոցները անհատականացնելու նպատակով, քանի որ անհնար է բացառել բանտարկյալների մեկմեկու վրա ազդեցությունը։ Այդ տիպի բանտեր կան Ֆրանսիայում, Շվեյցարիայում (Ժնև, Լոզան, Սանկտ Գալեն), Գերմանիայում (Օլդենբուրգի հերցոգություն, Մյունխեն), Ռուսաստանում և այլն։
Ազատազրկման այս տեսակը միավորում է վերը նշված երկու տեսակները։ Բանտարկյալն այս դեպքում հաջորդաբար ենթարկվում է երկու ռեժիմներին ըստ փուլերի։ Նման սկզբունքը մասամբ ժնևյան բանտերից է փոխառվել, սակայն առավել ցայտուն արտահայտվել է անգլաիռլանդական բանտերից (1878), և կոչվում է անգլաիռլանդական համակարգ կամ առաջադեմ համակարգ։ Բանտարկյալներին աշխատացնում էին ըստ դասարանների աստիճանաբար թեթևացնելով նրանց աշխատանքի ծանրությունը, բանտարկության պայմանները։ Անգլիայում այս համակարգը մտցվել է 1838 թվականին։ 1857 թվականից կիրառվել է տաժանակիր աշխատանքի (penal cervitude կամ Penal labour) դատապարտված առավել ծանր հանցագործների նկատմամբ հետագայում աքսորավայրին նախապատրաստելու նպատակով (անգլ.՝ probation-system փորձնական համակարգ), իսկ Ավստրալիա աքսորումը վերացնելուց հետո այս համակարգը գործում է ինքնուրույն. այժմ Անգլիայում գործում է ազատազրկման երկու տեսակ.
Խառը տիպի բանտում մնալու ժամանակը բաժանվում է երեք մասի.
Իռլանդիայում բանտարկյալներին տեղափոխում էին երրորդ տեսակի բանտեր, այսպես կոչված անցումային բանտեր (intermediate prisons), որը իռլանդական համակարգի գլխավոր առանձնահատկությունն էր՝ նախատեսված բնատարկյալի կամքի ամրացման համար։
Ձերբակալվածների բանտային կյանքի բոլոր պահերը՝ քուն, աշխատանք, սնվել, հարազատների հետ տեսակցություն, պետք է կատարվի բանտի ղեկավարության կամ պահակների հսկողության տակ։ Հսկողության հատուկ անընդհատություն է նախատեսված բանտարկության այնպիսի վայրերում, որտեղ մտցված են համատեղ, ընդհանուր աշխատանքներ կամ պարտադիր լռության համակարգ։ Չնայած մեկուսարանային բանտերում բանտարկյալների հսկողությունն առավել թեթև է թվում, այնուամենայնիվ ծառայողական անձնակազմից պահանջվում է բանտարկյալներից յուրաքանչյուրի բոլոր գործողությունների և վարքի մշտական և գիտակցված հսկողություն։ Այդ աշխատանքն իրականացնող անձնակազմ պատրաստելու համար հատուկ դպրոցներ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ։ Նման դպրոցներ արդեն գործում են Բելգիայի Լյովենյան բանտին կից և Լյունեբուրգում (գերմաներեն Lüneburg, Պրուսիա)։
Կարգապահական պատիժ իրականացնելու համար մարդուն զրկում են կյանքի բնականոն պայմաններից։ Սակայն բացի այդ, որոշ պետություններում առ այսօր կիրառվում են նաև մարմնական պատիժներ։ Անգլիական բանտերում (convict-prisons) բանտարկյալները 30 հարված են ստանում հատուկ տեսակի կաշվե մտրակով («կատու»)։ 19-րդ դարի 80-ականներին որոշ գերմանական պետություններում դեռևս կիրառվում էր անմշակ կաշվե մտրակով (Ochsenziemer) և փայտե ճիպոտներով ձաղկումը։ Բացի այդ մինչև 20-րդ դարը այսպես կոչված մեկուսարաններում (Lattenkammer) բանտարկյալների համար կիրառվում էր մարմնական պատժի հատուկ միջոց. մեկուսարանի հատակը (Սաքսոնիայում նաև պատերը) ծածկված էին իրարից փոքր հեռավորությունների վրա տեղադրված սուրսայր ճաղերերով։ Ֆրանսիայում առավել կատարելագործված էր մարմնական պատիժը. իրավախախտ գերիներին «լարի վրա հետապնդում»։ Մարմնական պատիժների դեմ եռանդուն պայքարել է Ստոկհոլմի 1878 թվականի քրեակատարողական կանոնների միջազգային կոնգրեսը։ մեկուսարան
Բոլոր առաջադեմ բանտերում գործում են դպրոցներ բանտարկյալների համար։ Հիմնականում ուսուցանվում են գրագիտություն, թվաբանություն և հոգևոր պատմություն։ Տարբեր երկրներում ուսուցանման սահմանային տարիքը տարբեր է (մինչև 30 տարեկանից - 60 տարեկան)։
Ժամանակակից բանտում բարոյականության մակարդակի բարձրացման գլխավոր գործոնը համարվում է բանտային աշխատանքի նպատակասլաց կազմակերպումը։ Բանտային աշխատանքը հնում շահույթ էր հետապնդում (տաժանակիր թիավարման աշխատանք թիանավերի վրա) կամ պատժի ռեպրեսիվ միջոց էր (ոչինչ չաղացող «հավանգային ալրաղացների» կիրառումը Անգլիայում)։ Ներկայումս բանտարկյալի աշխատանքը գլխավորապես հետապնդում է ուղղիչ նպատակ՝ հանցագործին ստիպողաբար սովորեցնելով պարբերական և արտադրողական աշխատանքին։ Այդպիսի աշխատանքների թիվը հասնում է 100-ի, որոնք ոչ միայն մարզում են բանտարկյալին, այլև սովորեցնում են ինքնուրույն և նախաձեռնողական աշխատանքի։ ԱՄՆ-ում բանտարկյալները չեն վարձատրվում, Պրուսիայում և Անգլիայում՝ պարգևներ են ստանում, իսկ ազատագրվելուց հետո՝ նպաստ, Ֆրանսիայում՝ վարձատրության չափը կախված է ազատազրկման չափից և աճում է ազատագրման ժամկետին զուգընթաց։ Ազատազրկվածների սոցիալականացման նպատակով մտցվում են վաղաժամ ազատագրում, պայմանական դատապարտում, գործատուների ներգրավում։
Բանտերի ենթակայությունը տարբեր երկրներում տարբեր է։
Ըստ 2006 թվականի պաշտոնական տվյալների ամբողջ աշխարհում բանտարկյալներ թիվը կազմում է 9,25 միլիոն մարդ։ Այդ առումով ԱՄՆ առաջին տեղում է՝ 2,19 միլիոն մարդ կամ ամեն հարյուր չափահասներից մեկից ավելին։ Չնայած ԱՄՆ բնակչությունը աշխարհի բնակչության 5 % -ից քիչն է կազմում, սակայն բանտարկյալների մոտ 20 % -ը բաժին է ընկնում հենց ԱՄՆ-ին։
Ռուսաստանի Քրեակատարողական դաշնային ծառայության 2014 թվականի փետրվարի 1-ի տվյալներով Քրեակատարողական հիմնարկներում գտնվել են 674,1 հազար մարդ, որոնցից 1859 ցմահ բանտարկյալներ։
Ընթերցե՛ք «բանտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանտ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 290)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բանտ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.