Արտակադրային երգի կատարող, երգիչ կամ երգչուհի, ում նախապես ձայնագրված երգեցողությունը օգտագործվում է կինոյում։ Արտակադրային երգիչները երգերը ձայնագրում են սաունդթրեքի համար, իսկ դերասաններն ու դերասանուհիները, կինոխցիկի առջև պատկերում են երգեցողությունը այն դեպքում, երբ փաստացի երգի կատարողը չի հայտնվում էկրանին` մնալով կադրից դուրս։ Արտակադրային երգի կատարումը լայնորեն կիրառվում է խաղարկային երաժշտական ֆիլմերում, մյուզիքլներում, մուլտիպլիկացիայում և այլն։
Արտակադրային երգարվեստը առավելապես տարածված է Հարավային Ասիայի, հատկապես հնդկական կինեմատոգրաֆում։ Հնդկական ֆիլմերի մեծամասնությունը, որպես կանոն ընդգրկում է 5-7 երաժշտական համար։ Սկզբնական շրջանում, երբ հնդկական կինեմատոգրաֆում ի հայտ եկավ ձայնը, երգերը կատարում էին դերասանները, սակայն կրկնօրինակման տեխնոլոգիաները յուրացնելուց հետո, երգերի կատարումը վստահեցին մասնագետ կատարողներին։ Ներկայումս Հնդկաստանի հանրաճանաչ արտակադրային երգիչները ունեն այնպիսի կարգավիճակ, ինչպիսին կարող են ունենալ հանրահայտ դերասաններն ու կինոաստղերը։
Հնդկական կինեմատոգրաֆում երգերը` բանաստեղծների, երգահանների, կոմպոզիտորների և երգիչների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունք են, որոնք հաճախ հանդիսանում են առանձին վերցրած կինոնկարների հաջողության գրավականը։ Որպես կանոն, երգերը թողարկվում են ավելի շուտ, քան ֆիլմերը։
Արտակադրային երգիչները հնդկական կինոարդյունաբերության մեջ ունեն իրենց կարևոր դերակատարումը։ Նրանցից շատերը ի սկզբանե սովորել են հնդկական դասական երաժշտության ավանդույթներն ու կատարումը, իսկ հետագայում ընդարձակել են իրենց երգացանկը։ Առավել ազդեցիկ արտակադրային երգիչներից են Մոհամեդ Ռաֆին, Լատա Մանգեշկարը, Աշա Բհոսլեն, Մուկեշը, Մաննա Դեյը և Կիշոր Կումարը։ Լատա Մանգեշկար և Աշա Բհոսլե քույրերը, ովքեր հիմնականում աշխատում են հինդի լեզվով նկարահանվող ֆիլմերում, համարվում են հնդկական կինոյի ամենահայտնի և արգասաբեր արտակադրային երգչուհիները։ 1974 թվականին Լատա Մանգեշկարը ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ երգեր կատարած երգչուհի։ Նրա կատարումների քանակը հաշվվում էր 25 հազար երգով։ 1977 թվականին Մոհամեդ Ռաֆին կասկածի տակ դրեց Լատա Մանգեշկարի երգերի քանակը, հայտարարելով, որ ինքն ավելի շատ երգեր է կատարել։ 1991 թվականին, հաշվառման արդյունքում պարզ դարձավ` մինչև 1980 թվականը ձայնագրված երկու երգիչների երգերի փաստացի քանակը (Մոհամեդ Ռաֆին մահացել է 1980 թվականին)։ Ըստ այդ հաշվառման, Լատա Մանգեշկարը կատարել էր 4500 երգ, իսկ Մոհամեդ Ռաֆին` 4525 երգ։ Այնուամենայնիվ, ամենաարգասաբեր երգչուհու համբավը փոխանցվեց Աշա Բհոսլեին, ով մասնակցել է ավելի քան 11 հազար երգերի ձայնագրության, այդ թվում մեներգեր, զուգերգեր, խմբերգեր և այլն, որոնք նա կատարել է Հնդկաստանի 20 լեզուներով։ Մոտ 50 հազար երգերի կատարում են վերագրում նաև արտակադրային երգիչ Կատտասերի Ջոզեֆ Եսուդասին։ Արտակադրային երգի այլ հայտնի կատարողներից են Գիտա Դատը, Մահենդրա Կապուրը, Ալկա Յագնիկը, Կավիտա Կրիշնամուրթհին, Ուդիտ Նարայանը, Կումար Սանուն, Սունիդհի Չաուհանը և այլք։
Արտակադրային երգիչներից շատերը սիրված են ունկնդիրների կողմից և համերգային ելույթներ են ունենում աշխարհի շատ երկրներում։ Վերջին շրջանում շատ դերասաններ ու դերասանուհիներ, գերադասում են ֆիլմերում երգել ինքնուրույն և կարելի է ասել` բավականին հաջող։
Հնդկաստանում արտակադրային երգի համար սահմանված են մի շարք հեղինակավոր մրցանակներ։ Դրանցից են.
Արտակադրային երգը լայնորեն կիրառվում է նաև Պակիստանի կինեմատոգրաֆում։ Այս երկրում առավելապես հայտնի էին արտակադրային երգի կատարողներ Ահմեդ Ռուշդին, Նուր Ջեհանը, Մեհդի Հասանը, Նազիա Հասանը, Մասուդ Ռանան և այլք։
Արտակադրային երգը կիրառվել է նաև Հոնկոնգի կինեմատոգրաֆում։ 1950-1960-ական թվականներին այստեղ հայտնի երգչուհի էր Ցզին Տինը։
Ժամանակակից Հոլիվուդում արտակադրային երգը լայն տարածում չունի, քանի որ երաժշտական ֆիլմեր հազվադեպ են նկարահանվում։ Սակայն անցյալում այն լայնորեն կիրառվել է։ Առավել հայտնի օրինակներից կարելի է նշել Մառնի Նիքսոնի երգերը Նատալի Վուդի փոխարեն` «Վեսթսայդյան պատմություն» (1957թ.) կինոնկարում, Բիլ Լիի կատարումները Քրիստոֆեր Պլամմերի փոխարեն` «Երաժշտության ձայները» (1965թ.) կինոնկարում, Բեթի Նոյզի կատարումը Դեբբի Ռեյնոլդսի փոխարեն` «Անձրևի տակ երգողները» (1952թ.) ֆիլմում և այլն։
Արտակադրային երգը կիրառվում էր նաև խորհրդային երաժշտական ֆիլմերում, հատկապես այն օգտագործվում էր դեռահաս դերասանների փոխարեն։ Այդպիսի ֆիլմերից էին «Կարմիր գլխարկի մասին» (1977թ.), «Մի հիանալի մանկություն» (1979թ.), «Վաճառված ծիծաղը» (1981թ.), «Կախարդները» (1982թ.), «Պետրովի և Վասեչկինի արկածները» (1983թ.) կինոնկարները, որտեղ կերպարներից շատերի փոխարեն երգերը կատարում էր երիտասարդ երգչուհի Օլգա Ռոժդեստվենսկայան։ Իսկ «Էլեկտրոնիկի արկածները» (1979թ.) կինոնկարում, երգերի մեծամասնությունը կատարում էր Ելենա Կամբուրովան։
Հայտնի էին նաև մեծահասակ դերասանների փոխարեն երգեր կատարող երգիչները։ Այդպիսի ֆիլմերից էին «Տրուֆալդինոն Բերգամոյից» (1976թ.) կինոնկարը, որտեղ Կոնստանտին Ռայկինի փոխարեն երգում է Միխայիլ Բոյարսկին, «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975թ.) կինոնկարը, որտեղ Անդրեյ Մյագկովի և Բարբարա Բրիլսկայի փոխարեն երգերը կատարում էին Սերգեյ Նիկիտինը և Ալլա Պուգաչովան։
Այնուամենայնիվ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆում առաջնահերթությունը տալիս էին երգող դերասաններին` Լյուբով Օռլովա, Անդրեյ Միրոնով, Լյուդմիլա Գուրչենկո, Յուրի Նիկուլին, Վլադիմիր Վիսոցկի, Ալիսա Ֆրեյնդլիխ, Միխայիլ Բոյարսկի, Օլեգ Անոֆրիև, Դմիտրի Խառատյան և ուրիշներ։
Հայկական կինեմատոգրաֆում արտակադրային երգը հնչում է «Կարինե» (1967թ.) ֆիլմում, որտեղ երգերը կատարում են Գոհար Գասպարյանը, Դավիթ Պողոսյանը և Տիգրան Լևոնյանը, «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.) կինոնկարում, որտեղ երգում են Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, Արա Բաբաջանյանը, Գեորգի Մինասյանը, «Անուշ» (1983թ.) ֆիլմում, որտեղ երգերը կատարում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երգչախմբի երգիչները (մենակատարներ` Գոհար Գասպարյան, Տիգրան Լևոնյան և ուրիշներ)։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Արտակադրային երգի կատարող, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.