Կառուցվածքային լեզվաբանություն կամ ստրուկտուրալ լեզվաբանություն, 20-րդ դարի լեզվաբանական ուղղություններից մեկը, զարգացել է 1930-40-ական թվականներին ի հակադրություն պատմա-համեմատական լեզվաբանության՝ առավելապես շվեյցարացի լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրի աշխատանքներից, ինչպես նաև Էդմունդ Հուսերլի ֆենոմենոլոգիական փիլիսոփայության, մաթեմատիկական տրամաբանության և սեմանտիկների՝ Ռուդոլֆ Կառնապի, Բերտրան Ռասելի որոշ դրույթներից։ Կառուցվածքային լեզվաբանության մի շարք գաղափարներ կապված են Պրահայի դպրոցի ներկայացուցիչների հնչյունաբանական աշխատանքների հետ։
Կառուցվածքային մեթոդի կողմնակիցները առաջ են քաշում լեզվի կառուցվածքի ներքին միասնության սկզբունքը և լեզուն դիտում որպես փոխադարձաբար միմյանց հետ կապված և միմյանց պայմանավորող հնչյունական և քերականական միավորների և նրանց հարաբերությունների համակարգը։
Տարբեր երկրնորում կառուցվածքային լեզվաբանությունը տարբեր ձևավորում է ստացել։ Հայտնի է կոպենհագենյան ուղղությունը կամ դանիական ստրուկտուրալիզմը (գլոսսեմատիկա)՝ Ալֆրեդ Բրյոնդալի ու Լուի Ելսմսլևի գլխավորությամբ։ Ամերիկայում այս ուղղությանը հարեցին նկարագրական (դեսկրիպտիվ) լեզվաբանության ներկայացուցիչները և ստեղծեցին ամերիկյան կառուցվածքային դպրոցը, ներկայացուցիչներն են՝ Բլումֆիլդը, Նայդան, Հարրիսը և այլք։ Կազմավորվել է 20-30-ական թվականներին, երեք հիմնական կենտրոններով՝ ամերիկյան, դանիական (Կոպենհագենի), Պրահայի (երբեմն առանձնացնում են չորրորդը՝ անգլիական ստրուկտուրալիզմ)։
Ամերիկյան ստրուկտուրալիզմը կազմավորվել է 20-րդ դարի 20-30-ական թվականներին ԱՄՆ-ում։ Ամերիկյան ստրուկտուրալիզմը նախապես հայտնի էր դեսկրիպտիվ (նկարագրական) լեզվաբանություն անունով։ Իր կազմավորման ակունքներում այն կապված է Լեոնարդ Բլումֆիլդի և Էդուարդ Սեպիրի անունների հետ․ հայտնի ներկայացուցիչներից են Ջ․ Թրեյջերը, Մարկ Բլոկը, Զ․ Հարիսսը, Չ․ Ֆրիզը, Ցու․ Նայդան և ուրիշներ։ Նախապես հիմնական հարցադրումները առնչվել են հյուսիսամերիկյան հնդկացիական լեզուների նկարագրության (իսկ դրանք մեծ մասամբ գրավոր պատմություն չունեին) և լեզվի ուսուցման գործնական մեթոդների մշակման հետ։ Այս հանգամանքն էլ նկատելի դեր խաղաց, որ ուսումնասիրությունները համաժամանակյա բնույթ ստանան։ Լայն ճանաչում են գտել բաշխական (դիստրիբուտիվ) վերլուծության սկզբունքները, մշակվել են լեզվական տարրերի բացահայտման ու դրանց զուգորդումների կաղապարման կանոնները։ Շարահյուսական մակարդակում առաջադրվել է անմիջական բաղադրիչներով վերլուծության մեթոդիկան և այլն։
1950-ական թվականներիցից դեսկրիպտիվ լեզվաբանության ընդերքում զարգացել է այսպես կոչված փոխակերպական (տրանսֆորմացիոն) քերականության ուղղությունը, որի հիմնադիրն է Նոամ Չոմսկին։
Դանիական ստրուկտուրալիզմը (կոչվում է նաև կոպենհագենյան ստրուկտուրալիզմ, կոպենհագենյան դպրոց) հիմնաղրել են Վ․ Բրյոնդալը, Հ. Յ. Ուլդալը և Լ․ Ելմսլևը։ Վերջինս իր ուսմունքը կոչեց գլոսսեմատիկա՝ հակադրվելով ավանդական լեզվաբանությանը ոչ միայն ըստ էության, այլև անունով (գլոսսեմատիկա, հունարեն՝ γλώσσημα «լեզու», լինգվիստիկա, լատիներեն՝ lingua «լեզու»)։ Լեզուն դիտարկվեց ինքնին, մեկուսացված ու վերացարկված հարակից երևույթներից, իսկ լեզվական կառուցվածքը ճանաչվեց իբրև միավորների կախյալ հարաբերությունների մի ցանց ինչպես արտահայտության, այնպես էլ բովանդակության պլաններում։ Այն նշանային համակարգերից մեկն է, սակայն ավելի ընդհանրական ու համակցության հնարավորություններով ավելի հարուստ։ Իսկ լեզվաբանությունը նշանագիտության (սեմիոտիկա) բնագավառի գիտակարգ է։ Հենվելով մաթեմատիկական մեթոդների ու համապատասխան արարույթների (պրոցեդուրաների) վրա՝ այս ուղղության ներկայացուցիչները Փաստորեն ստեղծեցին լեզվաբանական հանրահաշիվ, և նրանց առաջարկած կաղապարները ստացվեցին չափազանց վերացական։
Պրահայի լեզվաբանական խմբակի հիմնադիրն ու գլխավոր կազմակերպիչը եղել է Վ․ Մատեզիուսը․ հայտնի ներկայացուցիչներից են․ Բ․ Հավրանեկը, Բ․ Տրնկան, Վ․ Սկալիչկան, Նիկոլայ Տրուբեցկոյը, Ռ․ Յակոբսոնը, Ս․ Կարցևսկին և ուրիշներ։ Նրանք առաջին պլան մղեցին լեզվի կառուցվածքի ֆունկցիոնալ դիտարկումները (այդ պատճառով այս ուղղությունը կոչվում է նաև ֆունկցիոնալ լեզվաբանություն) և նախադասության ակտուալ անդամատման գաղափարը։ Ն․ Տրուբեցկոյի ջանքերով հիմնադրվեց հնչույթաբանություն գիտակարգը։
Ստրուկտուրալիզմի մեջ կարևոր ներդրում կա ռուս և խորհրդային ականավոր լեզվաբանների ըմբռնումներից։ Այս տեսանկյունից ակնհայտ է Բոդուեն դե Կուրտենեի, Ֆ․ Ֆորտունովի, Լ․ Շչերբայի, Ե․ Պոլիվանովի, Դ․ Վինոկուրի ազդեցությունը ստրուկտուրալիստական որոշ ըմբռնումների ձևավորման վրա։ Ստրուկտուրալիզմի դավանած համակարգային վերլուծության գաղափարը նոր ժամանակներում առաջ մղեցին նաև Է․ Բենվենիսաը, Ա․ Մարաինեն, Ե․ Կուրիչովիչը և ուրիշներ։
Ստրուկտուրալիստական մեթոդի որոշ սկզբունքներ թափանցել են նաև հարակից գիտությունների, գիտակարգերի (օրինակ, հոգելեզվաբանության, հանրալեզվաբանության, գրականագիտության և այլն) մեջ։ 1970-ական թթ-ից ստրուկտուրալիզմն աստիճանաբար կորցնում է ինքնուրույն, մեկուսացած առաջընթացը, իսկ Պրահայի լեզվաբանական խմբակը դեռևս 50-ական թվականներին դադարել է կազմակերպորեն գոյություն ունենալուց։ Այնուամենայնիվ նրա մեթոդն ու առանցքային գաղափարները կարևոր տեղ ունեն լեզվաբանական մտքի առաջընթացի մեջ։ Դրանք թափանցել են նաև հայերենագիտության բնագավառը։
Չնայած նկարագրության սկզբունքների ակնհայտ տարբերություններին՝ ստրուկտուրալիստական ուղղությունների մշակած մեթոդներն ունեն էական ընդհանրություններ,
Այսուհանդերձ ստրուկտուրալիստների զգալի մասը ուսումնասիրության համաժամանակյա (սինխրոնիկ) և տարաժամանակյա (դիախրոնիկ, պատմական) հայեցակետերի ընտրության մեջ գերապատվությունը տալիս է առաջինին, լեզվական տարրերի, կառույցների գնահատման մեջ չի ելնում արտահայտության ու բովանդակության պլանների միասնության գաղափարից, լեզուն դիտում է որպես ինքնակա (իմանենտ) համակարգ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ստրուկտուրալիզմ» հոդվածից (հ․ 11, էջ 160 )։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կառուցվածքային լեզվաբանություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.